Գրական Սյունիքի ամենանշանակալի տոնը. Գորիսում նշվեց Ակսել Բակունցի ծննդյան օրը

14.06.2023 11:18
1539

«Ծնվել եմ 1899 թվականին, Գորիս»,- այսպես է սկսում հայ արձակի մեծագույն վարպետ Ակսել Բակունցն իր ինքնակենսագրությունը: Ծննդյան ամիսն ու օրը, ըստ պահպանված «Չափաբերական մատյան»-ի, նոր տոմարով՝ հունիսի 13-ն է: Հենց այսօր՝ 124 տարի առաջ, լույս աշխարհ եկավ ամենալուսավոր, ամենապայծառ գրողը, արձակի նուրբ քնարերգուն, ամենադրամատիկ կերպարն ամբողջ 1930-ական թվականների գրական-հանրային կյանքի անցուդարձի մեջ: Ակսել Բակունցն ապրեց շուրջ քառորդ դար տևած գրական մի կյանք. գրիչը ձեռքն առավ 1913-ին և վայր դրեց գնդակահարությունից 5 օր առաջ, երբ փրկության հույսով շարադրում էր իր վերջին նամակի՝ արյունով գրված տողերը… Կյանքի այդ կարճատև ակնթարթի մեջ նա ձևավորվեց որպես գրող ու քաղաքացի, որպես հայ մարդ ու հայ մտավորական և ստեղծեց ու ժողովրդի հոգևոր պատմության մեջ ընթեռնելի տառերով դաջեց իր անունը՝ Ակսել Բակունց՝ որդի Ստեփանա և ամենայն հայոց… Նա՛, ով պիտի գար և հայ գրականության հնամյա գրքում գրանցեր Մթնաձորն ու Կյորեսը՝ որպես գեղարվեստորեն նվաճված հայրենիքի մի չքնաղ եզերք: Ապրեց ընդամենը 38 տարի և հիմա 38-ամյա տարիքով նայում է իր հավերժացող կյանքի շարունակությանը: Այդ կյանքին շարունակական հիացմունքով նայում ենք մենք, նայում է մի ամբողջ ժողովուրդ, վկայակոչում և արժևորում նրա կյանքի ու գործի կարևոր էջերը…

Բակունցյան տոնի առթիվ Գորիսի համայնքապետարանը և Բակունցի տուն-թանգարանը համատեղ կազմակերպել էին միջոցառումներ՝ քաղաքի մշակութային-ստեղծագործական ուժերի մասնակցությամբ: Միջոցառումները մեկնարկեցին Բակունցի հուշարձանի մոտ ծաղկեդրման արարողությամբ, այնուհետև շարունակվեցին թանգարանում: Բացման խոսքով ներկաներին ողջունեց տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը: «Այդ պայծառ մարդը, արձակի նուրբ քնարերգուն ինչպես իր ստեղծագործությամբ, այնպես էլ քաղաքացիական նկարագրով, մարդկային խառնվածքով, մանավանդ իրականության և իրադարձությունների նույն ու հիմնարար ընկալումներով, լուրջ ու հավասարակշռված վարքաբանությամբ, մտահոգութուններով էլ առանձնանում է իբրև խոշոր ու խորապես ինքնատիպ անհատականություն՝ ափեափ լցված անշեղ հայեցիությամբ»,- նշեց Վ. Սարգսյանը:

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչ, բ.գ.թ., գրականագետ Արմեն Ավանեսյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող Միհրան Հովհաննիսյանը, ինչպես նաև գորիսեցի ճանաչված մտավորական, հասարակական-մշակութային գործիչ Գագիկ Հայրումյանը: Նրանք ևս մեկ անգամ շեշտեցին Բակունցի գրական ժառանգության բացառիկ արժեքը: «Ընթերցողն ամեն անգամ Բակունցի էջերից դուրս է գալիս հարստացած, մաքրագործված ու նորացված, զգում, վերապրում գրողի տագնապներն ու մտահոգությունները. «… Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը»: Ինքը գիտեր իր մեծությունը, հավատում էր քարափի ու ժողովրդի հավերժությանը»,-նշեց Ա. Ավանեսյանը:

Գրական ու երաժշտական կատարումներով հանդես եկան «Միրհավ» գրական ակումբի սաները, Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, մեներգիչներն ու ասմունքողները, «Վահե Մելքումյան» պարային համույթը, Գորիսի Շ. Ազնավուրի և Ա.Սաթյանի անվան երաժշատական դպրոցների սաները: Թանգարանի այգում ինտերակտիվ ցուցահանդեսով ներկայացան Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի սաները: 

Մեծ անտառից զատված հանդամիջյան ճամփեզրին վեհորեն կանգնած միայնակ կաղնին, հաղթահարելով հողի կարծրությունը, խորացնում է արմատները՝ սաղարթների ստվերում հանդի մշակներին հանգիստ պարգևելու համար: Բակունցը մեր արձակի այդ միայնակ կաղնին է, սև ցելերի անօրինակ ու քաջարի սերմնացանը, որ իր գրական հերկերում ցանում է սիրո ու բարության, առաքինության ու նվիրումի, հույզերի ու զգացումների, թրթռացող ապրումների գունախաղերով, լույսով ու ջերմությամբ շաղախված սերմեր: Նա այն սերմնացանն էր, որ «…արյունաքամ սողացել էր թաց հողի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը: Հետո երեսնիվայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ»:

Գորիս-Կյորեսը, որ Բակունցի դեմքն է կրում, թող հավերժորեն սերունդներին տանի իր լուսավոր մտքի ճանապարհով: 

 

Թեհմինա Մարության

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08