Գրողը եւ իր ժամանակը

11.12.2015 15:50
2417

Լրացավ հայ գեղարվեստական արձակի արժանավորագույն դեմքերից մեկի՝ Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակը, գրող, որ բարձրադիր ու մնայուն տեղ նվաճեց հայ գրականության մեջ՝ գրողի, մտավորականի ու ազգային գործչի ամբողջական վաստակով:

Դեկտեմբերի 1-ին «Միրհավ» գրական ակումբի նախաձեռնությամբ Գորիսի քաղաքային պատկերասրահում կազմակերպվեց մեծանուն գրողի հոբելյանին նվիրված «Խանզադյանական ընթերցումներ. գրողը եւ իր ժամանակը» թեմատիկ ընդգրկումով գիտական նստաշրջան, որին ներկա էին Գորիսի մշակութային ու կրթական կառույցների ներկայացուցիչներ, գրողներ, գրասերներ, աշակերտներ, ուսանողներ, քաղաքապետարանի աշխատակիցներ՝ քաղաքապետ Վաչագան Ադունցի գլխավորությամբ:

Գրական հանդիպումն ուղեկցվեց Սերո Խանզադյանի գրքերի, լուսանկարների, ձեռագրերի, արխիվային նյութերի բացառիկ ցուցադրությամբ (78 ցուցանմուշ): Հնչեց նաեւ գրողի կենդանի խոսքը (ձայնասկավառակն իր արխիվից «Միրհավ» գրական ակումբին էր տրամադրել Քաջիկ Միքայելյանը: Խանզադյանի ողջույնի խոսքը Բակունցի տուն-թանգարանի երկարամյա տնօրենը ձայնագրել էր Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքային նոր համալիրի բացման հանդիսության ժամանակ):

Ս.Խանզադյանը ոչ միայն հայ ժողովրդի հոգեմտավոր արժեքների ու ավանդների պահապան գրողը եղավ, այլեւ հայ հանրային միտքը ժամանակի կշռույթին զուգահեռ վերանորոգելու շարժումին հավատարմագրված խոհուն մտավորականն ու հրապարակագիրը, ժամանակին համահունչ առաջ ընթանալու հայ ազգային ուժականության գաղափարախոսը:

Ուշագրավ են Խանզադյանի գաղափարական զարգացման ուղին, ժամանակի հրատապ խնդիրներին արձագանքելու, ուղիներ մատնանշելու նրա գրողական սրատեսությունն ու խիզախությունը, գրական ու հասարակական մտահոգությունները, որոնք արտահայտվել են մամուլի տարբեր հրապարակումներում, բաց նամակներում ու հարցազրույցներում:

Հատկապես Արցախյան շարժման բռնկման հետ ասպարեզ եկած հայ մտավորականների փաղանգի մեջ Սերո Խանզադյանը ջերմեռանդ ու գլխավոր դրոշակակիրներից մեկն էր: Պատահական չէ, որ շարժման առաջին իսկ օրերից Խանզադյանն իր գրական ու հրապարախոսական հարուստ պաշարն ի սպաս դրեց պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին:

Խանզադյանը շատ բան է տվել երկրին, ժողովրդին ոչ միայն իբրեւ գրող, այլեւ քաղաքացի՝ օժտված քաղաքացիական բարձր գիտակցությամբ ու պայքարի ջիղով: Հատկանիշներ, որոնք խարսխված են մարդկայնության, բարոյականության անխախտելի հիմքի վրա:

Երկու նիստերից բաղկացած նստաշրջանին ներկայացվեց ութ զեկուց, որոնց հեղինակներն արխիվային բացառիկ նյութերի, գրողի կենսագրության քիչ հայտնի մանրամասների ուսումնասիրման արդյունքում փորձեցին արժեւորել Խանզադյանի տեղն ու դերն իր ու իր ժամանակի բազմածալ հարաբերության հոլովույթում:

Առաջին զեկուցումը՝ «Ստալինյան հալածանքներն ու Սերո Խանզադյանը. «Կոստի քեռին» պատմվածքի գրության կենսահիմքն ու շարժառիթները» թեմայով, ներկայացրեց Լիլիթ Թունյանը (բ.գ.թ.): Պատմվածքին Խանզադյանը կցել է մի ծանուցագիր՝ «Այս պատմությունը, որ իրական հիմք ունի, գրել եմ 1937 թվականի նոյեմբերին Աշխաբադ քաղաքում, ուր փախել էի Չեկայի ձեռքից»: Գրվածքն առաջին անգամ տպագրվել 1991թվականին «Սյունիք» մարզային թերթում եւ իրական կենսահիմքով ներկայացնում է գրողի կյանքի այն դժոխային շրջանը, երբ ստալինյան ռեժիմի կողմից հորն աքսորելուց ու գնդակահարելուց հետո իրեն էլ հեռացրին կոմերիտմիության շարքերից, զրկեցին ուսուցչի աշխատանքից, նույնիսկ հացի կտրոնից եւ որպես «Ժողովրդի թշնամու» զավակի՝ սկսեցին հետապնդել ու հալածել, որի պատճառով էլ նա ստիպված եղավ փախչել Միջին Ասիա: Դահճի մտրակը դիպավ նաեւ նրա ընտանիքին՝ գրողի հոգում բազմախոց ու անամոք վերք բացելով: Թեեւ 1961 թվականին գրած ինքնակենսագրականում Խանզադյանը շրջանցում է իր կրած սոսկալի տառապանքները պատանության օրերին, նաեւ պատերազմից վերադառնալուց հետո, չի նշում հոր աքսորի ու գնդակահարության մասին 1937-ի «սեւ տարում», այնուհանդերձ հետագայում «Հորս հետ եւ առանց հորս» ինքնակենսագրական վիպակում մանրամասն նկարագրում է հոր կերպարն ու Խնձատին տոհմի մյուս ներկայացուցիչների հետապնդումներով, տագնապներով ու զրկանքներով լի ճանապարհը:

Անուշ էլյազյանի զեկուցումը՝ «Այո, դա չպետք է կրկնվի». Խանզադյանի բացառիկ լուսաբանումները «Գրական թերթ»-ում տպագրված հարցազրույցում խորագրով, շարունակում է «ստալինյան թեման», ներկայացնում գրողի կյանքի այսպես ասած «ստալինյան հալածանքների» շրջանը:

«Գրական թերթ»-ի 1988 թվականի դեկտեմբերի 2-ի համարում տպագրվում է Սերո Խանզադյանի բացառիկ հարցազրույցներից մեկը՝ «Այո, դա չպետք է կրկնվի» խորագրով: Հարցազրույցի շարժառիթը, ինչպես վկայում է արձակագիր, հրապարակախոս Էդուարդ Զոհրաբյանը, ով եւ թերթի խմբագրի խնդրանքով վարել է երկխոսությունը, նույն թվականին «Խորհրդային գրականություն» ամսագրի թիվ 5-6-ում տպագրված Սուրեն Ղազարյանի հեղինակած հուշագրությունն էր՝ «Դա չպետք է կրկնվի» խորագրով: Սերո Խանզադյանը, անդրադառնալով Ս.Ղազարյանի վերոնշյալ հուշապատումին եւ այն համարելով «հայ կյանքի 30-40-ական թթ. ստալինյան ոճրագործության համաժողովրդական դժբախտության հանրագիտարան», ուշագրավ բացահայտումներ է անում այդ դժոխային ժամանակների մասին, պատմում հայրենի Գորիսում կատարված զարհուրելի դեպքերի, նաեւ իր ազգատոհմին պատուհասած ստալինյան արհավիրքի, հոր ձերբակալության ու գնդակահարության, իր ու ընտանիքի մյուս անդամների կրած զրկանքների, վարկաբեկումների, հայրենի քաղաքից փախուստի, մոր անօրինակ տառապանքների եւ ժամանակի այլ ցավոտ խնդիրների մասին: Հարցազրույցը լավագույնս բացապարզում է Խանզադյան մտավորականի կեցվածքը 1930-ական թվականների բռնապետական իրականության ներքին ու արտաքին երեսների, շրջանային-միջազգային իրադրությունների, զարտուղի «լուծում» ստացած Նախիջեւանա-Ղարաբաղյան հիմնահարցի հանդեպ: Խոսելով ժամանակի գրական հոգսերի մասին՝ Խանզադյանը կարեւոր տեղեկություններ է հաղորդում նաեւ այն մասին, որ իր հուշերի գիրքը՝ «Ինչպես հիշում եմ» խորագրով, ամբողջական չէ, որ այն «անգթորեն խեղված է, խուզված, եւ այդ խեղումը կատարեցին առանց ինձ տեղյակ պահելու՝ մեր նախկին գաղափարական ղեկավարների ցուցումով»: Խանզադյանը հաջորդող տողերում ներկայացնում է այն հատվածները, որոնք կրճատվել են գրքից՝ հատկապես Բակունցի ու Մահարու մասին հուշազրույցներից, նույն գրչով նաեւ ջնջվել են, ինչպես ինքն է բնորոշում, «խոշոր եղջերավոր» մարդակերների բազմաթիվ անուններ…

«Սերո Խանզադյանը եւ Ղարաբաղյան շարժումը» զեկուցումով հանդես եկավ Շողեր Արզանյանը: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Խանզադյանը կանգնած էր շարժման ակունքներում եւ կազմում է նրա անքակտելի մասը: Զեկուցաբերը հանգամանալից ներկայացրեց Սերո Խանզադյանի պատմական մեծ դերակատարությունը՝ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման խորդուբորդ ուղիներում, խոսեց գրողի քաղաքացիական խիզախության ու ակտիվության մասին, որի աննախադեպ օրինակը ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին գրված նամակն էր. Խանզադյանը կենտկոմի ղեկավարությանը մեղադրում էր հայահալած քաղաքականություն վարելու, Լեռնային Ղարաբաղի հայությանն Ադրբեջանի ճիրաններում խեղդելու համար: Արզանյանը մանրամասն խոսեց նամակի գրության շարժառիթների, կենսահանգամանքների, ունեցած մեծածավալ արձագանքների մասին: Արցախյան ազատագրական պայքարին նվիրված իր գործունեությամբ Խանզադյանն ինքնավստահություն, խիզախություն, քաջություն ու հանդգնություն պատգամեց սերունդներին: Այդ գործունեությունն ունեցավ նաեւ գրական թռիչք. Ս.Խանզադյանը դեպի Արցախի արմատները գնաց գեղարվեստական խոսքով՝ ճիշտ ժամանակին գրելով ու հրատարակելով «Շուշի» վեպը (1991-ին), որն արտացոլում է 18-րդ դարի վերջին քառորդի արցախյան իրադարձությունները: Ժամանակագրական առումով վեպը «Մխիթար Սպարապետի» շարունակությունն է: Վեպում Ս.Խանզադյանը բացահայտում է Արցախի ազատագրական պայքարի արմատները, ցույց տալիս ժողովրդի անկոտրում կամքը: 18-րդ դարի վերջին քառորդի իրադարձությունները, ժողովրդի մղած հերոսական պայքարը քոչվոր ցեղերի ու թուրք բարբարոսների դեմ Ս.Խանզադյանը ներկայացնում է «մեր օրերի հետ նրա ունեցած մերձավորության տեսանկյունից»:

Արուս Հայրապետյանի զեկուցումը դարձյալ արխիվային նյութի լուսաբանման փորձ էր, քննության էր առնվել Ս.Խանզադյանի բաց նամակը Նաիրի Զարյանին: Գրողը նամակին կցել է մի խոսուն ծանուցագիր՝ «Գրել եմ 1967 թվականին, սակայն չի տպագրվել»: Ազդակը 1967թ. «Սովետական գրականություն» ամսագրի թիվ 4-ում Ն.Զարյանի հրապարակած հերթական տխրահռչակ հոդվածն էր՝ «Մթնոլորտային մտորումներ» խորագրով, որը հեղինակը որպես ճառ ներկայացրել էր նաեւ գրողների համագումարում: Ցավոք, ժամանակի գրաքննությունը մերժեց հրապարակել Սերո Խանզադյանի չափազանց դիպուկ գրված անդրադարձ-նամակը, որն արժանի հակահարված կլիներ Զարյանին ու նրա հերթական զազրախոսությանը: Նամակն առաջին անգամ հրապարակվեց «Սյունիք»-ում՝ 1993-ին եւ դարձավ անկախության շրջանում Ն.Զարյանի պսակազերծման առաջին փայլուն դրսեւորումներից մեկը:

Հիրավի, Սերո Խանզադյանը գիտակցում էր մեր հոգեւոր կյանքի պատմության ամբողջացման համար առավել կարեւոր խնդիրները, որոնց թվում առաջնահերթը մեր պատմության մութ ու անճանաչ էջերի բացահայտումն է, գեղարվեստական արժեքների եւ գրապատմական փաստերի անաչառ վերանայումը` առանց քողարկելու, գունազարդելու, կեղծելու եւ հարմարեցնելու…

Նստաշրջանի երկրորդ մասը նվիրված էր հետեւյալ զեկուցումներին՝ «Սերո Խանզադյան-Գուսան Աշոտ» (Զեկ.՝ Անի Մկրտչյան), «Սերո Խանզադյանն ու Մեղրին» (Զեկ.՝ Քրիստինե Թունյան), «Քաղվածք մամուլից. Սերո Խանզադյանի խոսք-պատգամը Եղեռնի 75-ամյակի կապակցությամբ» (Զեկ.՝ Մարգարիտա Իվանյան), «Խանզադյանագիտության երեկն ու այսօրը» (Զեկ.՝ Թեհմինա Մարության, բ.գ.թ., դոցենտ):

Երկու մեծերի՝ Սերո Խանզադյանի ու Գուսան Աշոտի մեծ բարեկամությունը բոլորին է հայտնի: Ս.Խանզադյանը բարձր էր գնահատում գուսանի տաղանդը եւ բազմիցս գրել-արտահայտվել է այդ մասին՝ համոզված, որ «գուսանը հավերժ կապրի իր գեղեցիկ երկրի ու ծնող մեծ ժողովրդի հետ»: Խանզադյանը գուսանի մասին իր հուշերը կյանքի վերջին տարիներին ամփոփել է առանձին հուշագրության մեջ՝ «Աշուղ Աշոտ» խորագրով, որը թեեւ չի ընդգրկվել հեղինակի «Ինչպես հիշում եմ» մեմուարային գրքում, բայց լրացնում-ամբողջացնում է հարազատ դիմանկարների շարքը: Խանզադյանը կյանքի վերջին տարիներին գուսանի մասին անտիպ, մեքենագիր հուշագրությունը Երեւանում փոխանցել է Էդուարդ Զոհրաբյանին, ով եւ հրապարակել է գրության առանձին հատվածները…

Հուշագրության տպավորիչ էջերին անդրադառնալուց հետո Անի Մկրտչյանն իր խոսքը համեմեց երգային գեղեցիկ կատարումով Գուսան Աշոտի երգացանկից:

«Սյունիք» թերթի 1991 թվականի հունիսի 7-ի համարում տպագրվում է մի ակնարկ՝ «Սերո Խանզադյանն ու Մեղրին» խորագրով, որի հեղինակը Գորիսի Խոտ գյուղացի մանկավարժ ու լրագրող Արամայիս Սարգսյանն էր: Ակնարկը հնարավորություն է տալիս ծանոթանալու Սերո Խանզադյանի կյանքի այն էջերին, որոնք առնչվում են Մեղրի կատարած նրա այցելություններին, նպատակադիր հանդիպումներին, մտահոգություններին, շրջանում առկա տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված նրա հայրենանվեր քայլերին: Մեղրու մասին Սերո Խանզադյանը խոսել է նաեւ «Հայրենապատում»-ի առանձին գլուխներում, որոնց անդրադարձավ Քրիստինե Թունյանը՝ զեկույցն ամփոփելով ակնարկային ընթերցումներով:

Սերո Խանզադյանի կյանքն ու ստեղծագործությունն անբաժան են հայ ժողովրդին վիճակված բոլոր փորձություններից, հայրենիքի ճակատագրից: Նրա ստեղծագործություններում տրոփում է հայրենքի ճակատագրի սրված զգացողությունը, սրտի մորմոքը հայության ապրած մեծ ցավի նկատմամբ, նաեւ հավատը՝ ամեն գնով պատմության հարվածներին դիմանալու, գոյատեւելու, արարման ուժով զորանալու…

Խանզադյանի ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում եղեռնի թեմայով գրված ստեղծագործությունները: Գեղարվեստական գործերում արտահայտած գաղափարները Խանզադյանը տարբեր առիթներով արծարծել է նաեւ հրապարակախոսական էջերում, հարցազրույցներում՝ թարմ լիցքեր հաղորդելով պատմության վերաարժեւորման, հայ դատի հանրայնացման գործընթացին, որ 1960-ական թվականների կեսերից հայ հասարակական մտքի հիմնական հարցերից մեկն էր դարձել եւ բազմակողմանիորեն  արծարծվում էր նաեւ գրականության ու հրապարակախոսության մեջ:

Մարգարիտա Իվանյանն անդրադարձ կատարեց արխիվային մի ուշագրավ նյութի՝ 1990 թվականին «Գրական թերթ»-ի ապրիլի 20-ի համարում տպագրված Խանզադյանի «Դեպի արարում» խորագրով հրապարակախոսությանը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 75-ամյա տարելիցին: Հոդվածը, կարելի է ասել, հորդոր ու պատգամ է սերունդներին, որում Խանզադյանը շեշտում է գոյապահպանության պայքարում հոգեւոր մաքառումների անգնահատելի նշանակությունը, արարման ուժի խորհուրդը: Յուրահատուկ փաստարկումներով են ներկայացվում ժամանակաշրջանին բնորոշ իրողությունները, որոնք բեկվում են անցյալ-ներկա-ապագա փոխմիասնության մեջ եւ առավել ուշագրավ դարձնում պատմության դասերի խանզադյանական արծարծումները:

Հոդվածն արդիաշունչ է նաեւ մեր օրերի համար եւ կարող է կամրջվել Եղեռնի 100-ամյակի խորհրդի հետ, դիտվել որպես մեծ գրողի խոսք-պատգամը ներկա սերունդներին:

Գիտաժողովն ամփոփվեց «Խանզադյանագիտության երեկն ու այսօրը» զեկուցումով (Թ.Մարության):

Ելույթ ունեցան նաեւ հանդիսականները: Նրանք բարձր գնահատեցին ձեռնարկը, երիտասարդ բանասերների մասնագիտական պրպտումները, որոնք, անշուշտ, հետաքրքրության նոր ալիք առաջ կբերեն Խանզադյանի կյանքի ու գործի նկատմամբ:

Գրողի մասին գեղեցիկ հուշեր պատմեց ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ, արձակագիր Արկադի Ծատուրյանը:

Գրական հոբելյանի նշանակալիության եւ նմանօրինակ ձեռնարկների կարեւորության մասին տպավորիչ խոսք ասաց քաղաքապետ Վաչագան Ադունցը եւ շնորհավորեց բոլորին նշանավոր դարադարձի առթիվ:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈւԹՅԱՆ

Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

18.04.2024 22:33

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

18.04.2024 20:57

Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ

18.04.2024 20:51

Ի բնե ամուր և արվեստաշեն Կապանը

18.04.2024 14:57

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից

18.04.2024 14:35

Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

18.04.2024 14:33

ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

18.04.2024 14:27

ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին

18.04.2024 14:18

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

18.04.2024 12:54

Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու

18.04.2024 11:26

Գանձասարն էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը

18.04.2024 11:02

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին․ Ռայիսի

17.04.2024 20:33