Գրքերի շնորհանդես Երեւանում

20.03.2013 15:23
4067

Այս անգամ հրավիրատոմսը «Սյունյաց երկրին» Երեւան էր հրավիրում` ՀՀ սփյուռքի նախարարություն: Կտրված լինելով մայրաքաղաքի մշակութային կյանքից` սիրով ընդունեցինք հրավերը: Փետրվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, մեր հայրենակից Գեւորգ Ստեփանյանի անգլերենով հրատարակված «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն) եւ հայերենով լույս տեսած «Բաքու քաղաքի հայության պատմությունը» (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն) աշխատությունների շնորհանդեսը:

Առաջին աշխատության մեջ հեղինակը ոչ միայն հայկական, այլեւ ռուսական եւ եվրոպական աղբյուրների հիման վրա ներկայացնում է Կուրի ձախափնյակից մինչեւ Ապշերոն թերակղզի ընկած տարածքում բնակվող հայերի պատմությունը, ժողովրդագրական պատկերը: Քանի որ աշխատությունը (ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով եւ հովանավորությամբ հրատարակված) անգլերենով է, տեղեկատվական պատերազմում լուրջ հարված է հասցված ադրբեջանցի կեղծարարներին, եւ փաստերի համադրմամբ հեղինակն ապացուցել է, որ հայերն այդ տարածքում տեղաբնակ են եղել:

«Բաքու քաղաքի հայության պատմությունը» նույնպես ժողովրդագրական ուսումնասիրություն է, որում նկարագրված է հայերի պատմության վաղնջական ժամանակներից մինչեւ 1990-ականները հայ հասարակական-քաղաքական, մշակութային կյանքը, բարեգործական ընկերությունների գործունեությունը, հայության խոշոր ներդրումը քաղաքի եւ ողջ նահանգի զարգացման գործում: Իսկ վերջին գլխում պատմվում է, թե ինչպես ադրբեջանական իշխանությունները խորհրդային տարիներին էթնիկ զտման քաղաքականություն էին վարում` փորձելով տեղաբնակ ժողովուրդներին` թաթերին, լեզգիներին, ուդիներին, թալիշներին, հատկապես հայերին, դուրս մղել Բաքվից եւ տիրել վերջինիս ստեղծած ահռելի հարստությանը, մասնավորապես նավթարդյունաբերության ոլորտում:

Երախտագիտություն հայտնելով աշխատությունների հեղինակին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, այն միտքը հայտնեց, որ շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված: «25 տարի առաջ` այս օրերին, Սումգայիթում բնաջնջվում էր մի ողջ ժողովուրդ: Քառորդ դար է անցել, սակայն Սումգայիթի վերքը չի սպիացել: Փաստորեն Սումգայիթը դարձավ մի խարան այդ երկրի ճակատին, որն իր քաղաքացիներին սպանում, ոչնչացնում, այրում էր խարույկի վրա միայն այն բանի համար, որ նրանք հայ են: Համաշխարհային հանրությունը քաղաքական գնահատական չտվեց սումգայիթյան սպանդին, որը հետագայում այլ դրսեւորումներ ստացավ Բաքվում, Կիրովաբադում, այլուր: Ուստի պարտավոր ենք խորին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զբաղված են հնագիտության, պատմագիտության, քաղաքագիտության կարեւորագույն հիմնահարցերը վեր հանելով` փորձելով հաստատել պատմական ճշմարտությունը, նաեւ հարստացնելով հայագիտությունը` այդպիսով ուղեփակոց դնելով հայ պատմությունը կեղծողների առջեւ: Այն ամենը, ինչ Գեւորգ Ստեփանյանը թղթին է հանձնել, մտավորականի հոգու ճիչ է, ճշմարտության ճիչ», – այսպես ավարտեց իր խոսքը նախարարը եւ շնորհակալություն հայտնեց պատմաբանին ծավալուն աշխատանք կատարելու համար:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո բավարարված էինք մեր ռազմական հաղթանակներով եւ մոռացության էինք տվել գաղափարախոսական ճակատը, որից օգտվելով` ադրբեջանական կողմը որոշակի հաջողության հասավ: Բայց վերջին շրջանում օտար լեզուներով հրատարակելով աշխատություններ, ֆիլմեր նկարահանելով, համացանցում նյութեր տեղադրելով` տեղեկատվական դաշտում հավասարակշռությունը վերականգնվեց, եւ տեղեկատվական պատերազմում այսօր ադրբեջանցիները ծանր վիճակում են հայտնվել: Ըստ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի` եթե ճշմարտությունը չես քարոզում, հետամուտ չես լինում դրա տարածմանը, ապա սուտը կարող է գրավել ճշմարտության տեղը: Եվ ինչքան շատ են տարփողում սուտն ու կեղծիքը, այնքան շատ մարդիկ են դառնում դրանց գերին: Մեր հարեւան պետությունը պետական մակարդակով է տարածում մի կողմից ատելությունը մեր ազգի հանդեպ, այն է` հայատյացությունը, մյուս կողմից` կեղծիքը: Շ.Քոչարյանը մի արտառոց փաստ վկայակոչեց. Միավորված ազգերի կազմակերպությունում մի դիվանագետ փորձում էր պնդել, թե Ադրբեջանը քրիստոնեությունն ընդունել է 301 թվականին: Եվ սա դեռ ամենը չէ, իրենց նախագահի բերանով փորձում են ապացուցել, որ ադրբեջանցիները սերում են շումերներից: Ստի եւ կեղծիքի վրա ստեղծված պետությունն ապագա չունի, եզրակացրեց բանախոսը եւ հավելեց, որ լույս տեսած աշխատությունները չափազանց կարեւոր նշանակություն ունեն պատմական ճշմարտությունը հաստատելու առումով:

ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ասաց, որ հայ պատմագրությունը նշանակալից գործեր է արել, բայց կան նաեւ բացթողումներ: Որո՞նք են դրանք: Մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը, երբ վարչական հստակ բաժանումներ չկային, ամբողջ Կովկասում իշխում էին հայ առեւտրականները: Մեր ժողովրդի պատմությունն ուսումնասիրված է, բայց ներկայիս Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքում բնակված հայության պատմությունը բաց է մնացել: Մինչդեռ հայ մշակույթը նաեւ այդտեղ է ծաղկում ապրել: «Գեւորգ Ստեփանյանը, շարունակեց պատմաբանը, այդ աշխատանքը նվիրումով է կատարել, մանրամասն ներկայացրել է Բաքվի նահանգի պատմությունը, նրա ժողովրդագրական պատկերը: Նա ոչ թե հրապարակախոսական մտքեր է արտահայտել, այլ խոսել է փաստերով, ինչի շնորհիվ կարողանում ենք հասու լինել իր ներկայացրած ժամանակաշրջանի իրական պատմությանը: Այստեղ խոսվեց, որ մենք պատասխանում ենք ադրբեջանցի կեղծարարների հերյուրանքներին: Բայց ծանրակշիռ պատասխանն այն է, որ տվյալ ժամանակաշրջանի պատմությունն օբյեկտիվորեն օտար լեզվով հրատարակենք, օտարազգի ընթերցողը կարդա եւ ինքը հետեւություններ անի: Նույն կերպ կարելի է զբաղվել եւ վավերացնել Վրաստանի 19-րդ դարի պատմությունը: Կամ ինչո՞ւ չանդրադառնալ 19-րդ դարի հայ առեւտրաարդյունաբերողների գործունեությանը: Այդ շրջանում ողջ տնտեսությունը հայերի ձեռքին էր: Մենք պարտավոր ենք մեր նախնիների պատմությունը հավուր պատշաճի ներկայացնել»:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Գեւորգ Ստեփանյանն օգտագործել է արխիվային նյութեր, որոնք մինչ այդ ոչ ոք չի օգտագործել: Եվ իր աշխատությունը հարստացրել է` օգտագործելով, ե՛ւ մամուլի հրապարակումներ, ե՛ւ պատմագիտական աշխատություններ, եւ ամենակարեւորը` արխիվային հազվագյուտ նյութեր: Ինչպես արդարացիորեն նշվեց, ստեղծել է իրոք հայոց պատմությանը նվիրված մի ամբողջական աշխատություն: Շարունակելով իր նախորդների միտքը` Ա.Վիրաբյանն ասաց. «Մոսկովյան գրախանութներն ադրբեջանցի հեղինակների գրքերով են հեղեղված: Մինչդեռ այդտեղ հայ հեղինակի ոչ մի աշխատություն չես գտնի: Մենք նոր ենք սկսել օտարալեզու աշխատություններ հրատարակել եւ պետք է այս ուղղությամբ ծրագրավորված եւ համառ աշխատանքներ կատարենք: Ճշմարտությունը պիտի մեր կողմը լինի: Մենք ոչինչ չունենք վախենալու: Ինչքան էլ ասեն` Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան է, գիտական միտքը չի կարող տրվել նավթադոլարների ազդեցությանը, գիտական միտքը մնայուն է»:

Բանախոսը շնորհակալություն հայտնելով սփյուռքի նախարարությանն աշխատությունն անգլերեն հրատարակելու նախաձեռնության համար, նպատակահարմար գտավ հիշեցնել, որ այն կարելի է հրատարակել ռուսերեն, ինչին սփյուռքի նախարարը հակադարձեց, թե այլ գերատեսչություն է զբաղվում գրքերի տպագրությամբ, բայց, այնուամենայնիվ, նախարարությունը կձգտի հովանավորել այդ գրքի ռուսերեն հրատարակությունը:

Գնահատանքի խոսքեր հնչեցրին ՀՀ նախագահի աշխատակազմի գլխավոր ռազմական տեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Դանիելյանը, Երեւանի պետական համալսարանի տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ ԳԱԱ գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Էմմա Կոստանդյանը:
Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ աշխատությունների հեղինակ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանը: Նշեց, որ ինքն էլ Բաքվի հայերի 1918թ. ցեղասպանությունը վերապրած, թուրք-մուսավաթիստական յաթաղանից մազապուրծ ընտանիքի շառավիղներից է, ինչը լրացուցիչ ազդակ է եղել Բաքվի հայությանը նվիրված աշխատությունների վրա էլ ավելի եռանդով աշխատելու: Իր խոսքում երախտագիտություն հայտնեց սփյուռքի նախարարության աշխատակազմին, նախարար Հրանուշ Հակոբյանին, ում ոգեւորությունն ու ջանադիր աշխատանքը, բանախոսի վկայությամբ, մանավանդ քաղաքական նշանակություն ունեցող նման գրքերի հրատարակման դեպքում, իրեն ուժ ու եռանդ են ներարկել ու մղել ավելի նպատակասլաց աշխատանքի: Գ.Ստեփանյանը նաեւ շնորհակալության խոսքեր հղեց «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատության անգլերեն եւ հայերեն տարբերակների խմբագիրներ Էդուարդ Դանիելյանին եւ Էմմա Կոստանդյանին, բոլոր նրանց, ովքեր նպաստել են երկու աշխատության լույս ընծայմանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51