«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի ևս ինքնատիպ տոն կպարգևի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:
«Մենք ունենք սկզբունք՝ ամեն տարի փառատոնի յուրաքանչյուր մասնակից խումբ ներկայացնում է ամբողջական Հայաստանի որևէ տարածքի ֆոլկլորը: Այդպիսով մենք նաև հարստացնում ենք տվյալ խմբերի ծրագիրը: Այս տարի ևս երգի-պարի խմբերը ներկայացնելու են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Ընդ որում՝ բոլոր երգերն ու պարերը ներկայացվում են պարտադիր կենդանի նվագակցությամբ, բացառապես կատարվում են մեր ազգային նվագարաններով:
Արդեն 5-րդ տարին անցկացվող փառատոնը հայտնաբերում է նոր խմբերի, որոնք ևս, ինչպես ավանդաբար մասնակցողներն ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերին հայտնաբերելուց, փառատոնն իր առջև նպատակ է դրել երևան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք և հրամցնել ունկնդրին: Չէ՞ որ այս փառատոնը կրում է հայ ավանդական երաժշտարվեստի, երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունը: Եվ, ըստ կազմակերպիչների, այսօր առավել քան արդիական խնդիր է մեր ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին:
Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա մեկ ամիս շուտ.կազմակերպիչները հաշվի են առել երկու կարևոր հանգամանք՝ սեպտեմբերի անկանխատեսելի եղանակային պայմանները և զբոսաշրջիկների ներկայիս մեծ ներհոսքը մեր երկիր: Բացի նրանից, որ հայ մշակույթը ներկայացվում է տեղաբնակներին, այն նաև ճանաչելի է դառնում օտարերկրացիներին:
Տեղեկացնենք, որ փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ: