Գյուղը, գյուղացին եւ պետությունը

20.03.2013 15:59
3034

Հարցազրույց Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հետ

Սամվել Թանգյանի հետ հարցազրույցն այսօրվա հոգսաշատ գյուղի, գյուղացու, մարզի գյուղատնտեսական վիճակի, նրա` լուծման կարոտ բազմաթիվ խնդիրների, անելիքների եւ ծրագրերի մասին է: Այն չէր կարող չներառել նաեւ վերջին ամիսներին հանրության մեջ այնքան քննարկված արոտավայրերի խնդիրը:

– Պարոն Թանգյան, մեր հարցազրույցը հիմնականում գարնան գյուղատնտեսական աշխատանքների շուրջ է լինելու: Բայց քանի որ մենք էլ չենք կարող անտարբեր անցնել «գայթակղիչ» թեմայի կողքով, ուստի առաջին հարցը թող վերաբերվի 2013թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզպետարանի եւ Արեւելյան Ատրպատականի միջեւ ստորագրված համաձայնագրերին: Ինչո՞ւ հենց Դուք ստորագրեցիք այդ համաձայնագիրը, չէ՞ որ ի պաշտոնե նման լիազորություն չունեք: Երբ արդեն հայտնի է հայ հանրության մերժողական վերաբերմունքն այդ նախաձեռնության հանդեպ, Դուք անձամբ եւ Սյունիքի մարզպետարանն առհասարակ, ձեր մտադրություններում փոփոխություններ մտցրե՞լ եք, թե՞ ոչ:

– 2013թ. հունվարին 11 հոգանոց պատվիրակությամբ մեկնել ենք Իրանի Իսլամական Հանրապետություն: Մինչ այդ` 2012թ. հոկտեմբերի 23-25-ը, Երեւանում տեղի է ունեցել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը` էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանի եւ Մաջիդ Նամջունի գլխավորությամբ: Իրանական կողմը պատրաստակամություն էր հայտնել մեր հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես եւ սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել էր աջակցել այդ աշխատանքներին: Հունվարի 15-ին մեր կողմից ստորագրված փաստաթղթերը վերոնշյալ պայմանավորվածությունների շարունակությունն էին, որոնք, բնականաբար, իրավական հիմք չէին կարող հանդիսանալ եւ վերջնական չէին կարող լինել, քանի որ հայկական կողմը դեռ պետք է ուսումնասիրեր առաջարկը, քննարկեր այն հայ հանրության հետ: Ահա այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Ասեմ միաժամանակ, որ ոչ բոլոր դեպքերում է, որ այդ նախաձեռնության հանդեպ մերժողական դիրքորոշում են ցուցաբերել մարզի համայնքային իշխանությունները: Եղել են համայնքի ղեկավարներ (նրանք Իրան այցելած պատվիրակության կազմում էին նաեւ), ովքեր պատրաստակամություն են հայտնել արոտավայրը վարձակալությամբ Իրանին տրամադրելու հարցում: Բայց, քանի որ, ընդհանուր առմամբ, հայ հանրությունը մերժողական վերաբերմունք ցուցաբերեց, ուստիեւ, բնականաբար, մենք չենք վերադառնա այդ առաջարկին: Պետք չէ, այնուամենայնիվ, քաղաքական շահարկումներ անել այդ հարցի շուրջ, որովհետեւ ո՛չ Սյունիքի մարզպետը, ո՛չ էլ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը, թեկուզ վարձակալությամբ, որեւէ մեկին հող տալու իրավունք չունեն, քանզի հողը համայնքային սեփականություն է: Մյուս կողմից` դա այն հարցն է, որ կարող է իրավական տեսքով լուծում ստանալ երկու պետության լիազոր մարմինների որոշմամբ:

– Պարոն Թանգյան, ինչպիսի՞ն է մարզի արոտավայրերի իրական պատկերը. քանի՞ հա արոտավայր ունի մարզը եւ դրա հիմնական մասը ո՞ր տարածքներում է գտնվում: 2012թ. տվյալներով` արոտավայրերի որքա՞ն մասն է օգտագործվում, եւ որքա՞ն մանր եղջերավոր ունի մարզը: Կա՞ն արոտավայրերի օգտագործման այլընտրանքային ուղիներ:

– Այսօր մարզի արոտավայրերը կազմում են 147 հազար հա , որից օգտագործվում է 60-65 հազար հա: Չօգտագործվող արոտավայրերը հիմնականում գտնվում են համայնքների վարչական տարածքից դուրս: Դրանք Սեւ լճի, Գոռհայքի մերձակայքն են, Իշխանասարի, Աղոթարան սարի, Գյազբելի, Արամազդ լեռան ստորոտը, Մեղրի-Կապան միջտարածքները: Ինչ վերաբերում է արոտավայրերի օգտագործման այլընտրանքային ուղիներին, ապա դա կարեւոր հարց է, եւ պետք է ելքեր որոնվեն: Արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին տրամադրելու գաղափարի քննարկումը նույնպես այլընտրանքային ուղիների որոնման համատեքստում պետք է տեսնել: Այսօր այլընտրանքային միակ ուղին մեզանում մանր եղջերավորի գլխաքանակի ավելացումն է, ինչը, բնականաբար, ենթադրում է բրդի, կաշվի, մսամթերքի վերամշակման եւ իրացման խնդրի լուծում: Մարզն ունի 101 հազար գլուխ մանր եւ 56 200 գլուխ խոշոր եղջերավոր: 2012թ. համեմատ մանր եղջերավորն ավելացել է 18500, իսկ խոշորը` 4700 գլխով: Անասնագլխաքանակի ավելացումը հույս է ներշնչում: Բայց, միեւնույն է, այն դեռեւս հեռու է բավարար լինելուց եւ արոտավայրերի օգտագործման լիարժեք երաշխիք հանդիսանալուց:

– Այժմ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների մասին, ի՞նչ ծավալի աշխատանքներ են սպասվում ընթացիկ գարնանը: Ինչպիսի՞ խնդիրներ ունի գյուղացին` գարնանացանի հետ կապված, եւ ինչո՞վ է պետությունը սատարում նրան:

– Գյուղացու խնդիրները, հոգսերը միշտ էլ շատ են եղել, բազմազան, եւ դրանց բնույթը հիմնականում չի փոխվել: Ասել, որ գյուղի հոգսերն այսօր քչացել են, կամ պետական աջակցությունը լիովին բավարարում է գյուղացուն, ճիշտ չի լինի: Բայց այն, որ անցած տարիների համեմատ գյուղատնտեսական աշխատանքների աջակցման ուղղությամբ էական քայլեր են արվել եւ արվում, փաստ է: 2013թ. գարնանացանին ընդառաջ` մարզում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել: Այս գարնանը 10 800 հա ցանք ենք կատարելու, որից 7000 հա` գարի, գարնան ցորեն, մնացածը` բանջարաբոստանային մշակաբույսեր: Այդ ցուցանիշը 500 հա-ով ավելի է` նախորդ տարվա համեմատ: Շուկայականից ցածր գներով գյուղացուն ենք տրամադրելու 1500տ դիզվառելիք (1լ դիզվառելիքը` 350 դրամ), 2000տ ազոտական պարարտանյութ (1 պարկը` 6000 դրամ): Այդ գներով դիզվառելիքն ու պարարտանյութը հասցվելու են գյուղ: Սա նշանակում է, որ գյուղացին դիզվառելիքով եւ պարարտանյութով 100% ապահովված է լինելու, եւ որեւէ խնդիր չի կարող ծագել` դրանց ձեռքբերման կամ անբավարարության շուրջ:

Անդրադառնամ սերմացուի խնդրին: Մարզը, բացի այն, որ ունի 400-500տ գարու սեմնացուի ներքին ռեսուրս, կներկրի եւս 400տ գարու, 20տ կորնգանի, 3տ առվույտի սերմացու, որը դարձյալ շուկայականից ցածր գներով կտրամադրենք գյուղացուն: Ինչ վերաբերվում է գարնան ցորենին, այն քիչ է, քանի որ գյուղացին դրա պահանջարկն առանձնապես չունի: 2012թ. ունեցել ենք հաճարի շատ լավ բերք, նույնիսկ իրացման խնդիր էր առաջացել: Այնպես որ ապահովված ենք նաեւ հաճարի սերմացուով:

– Այս տարի պետության կողմից նախատեսվե՞լ է գյուղացուն արտոնյալ վարկ տրամադրել, եւ արդյո՞ք կարողանում եք լուծել այդ հարցում առկա առեղծվածները, հաղթահարել խոչընդոտները:

– Անցած տարի գյուղացուն տրամադրվել է արտոնյալ վարկ` 14%-անոց, որից 4%-ը պետությունը վերցրել է իր վրա: Գյուղացուն մնում է 10%-ը, որը, դարձյալ, ոչ բոլոր դեպքերում է իրեն արդարացնում: Արտոնյալ վարկի տրամադրման ոլորտը հստակեցվելու կարիք ունի: Շարքային գյուղացին շատ դեպքերում չի կարողանում օգտվել դրանից: Այստեղից էլ առաջանում են անհամաչափություն, սոցիալական անարդարություն: Արտոնյալ վարկը գյուղացին հաճախ չի կարողանում վերցնել այն պատճառով, որ գրավ դնելու հնար չունի: Այդքանով հանդերձ` արտոնյալ վարկերի տրամադրումը նույնպես մեկ կարեւոր քայլ է` գյուղացու հոգսերը թեթեւացնելու, մարզում գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, եթե, իհարկե, այն արդարացիորեն բաշխվի եւ առանց ավելորդ քաշքշուկի: Հանուն ճշմարտության ասեմ, որ վարկերի բաշխման խնդիրը մարզպետարանի գործառույթներից դուրս է, դա բանկերի գործն է: Բանկերն էլ, զարմանալիորեն, այդ հարցում կողմնակից չեն թափանցիկ, հրապարակային գործելակերպի, ինչի համար եւ դժգոհությունները չեն պակասում: Իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե անցած անգամ որքա՞ն վարկ են տվել մարզի գյուղացիական տնտեսություններին, ո՞վքեր են շահառուները, ի՞նչ սկզբունքով են շահառուները որոշվել:

– Որքանո՞վ է ոռոգման համակարգը պատրաստ նոր սեզոնին:

– Ոռոգման համակարգի արմատական բարեփոխումը մարզի գյուղատնտեսության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Իհարկե, սեզոնը կսկսենք ճիշտ ժամանակին` Մեղրիում` ապրիլի 1-ից, Գորիսում, Կապանում, Սիսիանում` մայիսից (եղանակից կախված): Հիմնախնդիրը կարող ենք պայմանականորեն բաժանել երկու մասի: Նախ` գործող համակարգը եւ հատկապես ներքին ցանցն ու գլխավոր առուները հիմնանորոգման կարիք ունեն, ինչի համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ: Եվ երկրորդ` գյուղացիական տնտեսությունները հնարավորինս խույս են տալիս ոռոգման ջրից (դա խոսակցության առանձին թեմա է): Հետեւանքն այն է, որ Գորիսի շրջանում, օրինակ, ոռոգման տակ դրված 2750հա-ից ոռոգում ենք 800հա: Սիսիանում ժամանակին ջրարբիացված էր 13 հազար հա տարածք, այսօր ոռոգվում է 500հա: Մեղրու ոռոգման համակարգի խնդիրը մեխանիկականից ինքնահոս համակարգին անցնելն է կամ նույն մեխանիկական համակարգի արդիականացումը: Կապանի շրջանում Ծավ-Շիկահող առուն պատերազմից հետո չի գործում, իսկ Գեղի-Եղվարդ ջրատարը հիմնանորոգման կարիք ունի:

Մարզում ունենք չորս ՋՕԸ ` ջուր օգտագործողների ընկերություն` Գորիսում, Սիսիանում, Կապանում եւ Մեղրիում: Կան, իհարկե, համայնքներ, որոնք այդ կառույցի մեջ չեն մտնում, օգտագործում են սեփական առուների, գետերի ջրերը:

Գյուղացին իր հերթին պետք է ժամանակին վճարի օգտագործված ջրի դիմաց, չթերանա, որպեսզի համակարգը կարողանա անխափան աշխատել, վերազինվել:

– Վերջին մեկ տարում որքանո՞վ է նորացվել մարզի գյուղտեխնիկան: Ի՞նչ կարող եք ասել գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական աշխատանքների սակագների մասին: Կուզեի անդրադառնայիք նաեւ մարզում թունաքիմիկատների վաճառքի կազմակերպմանը: Կա՞, արդյոք, մարզում թունաքիմիկատների լիցենզավորված գոնե մեկ խանութ, եւ ո՞րն է երաշխիքը, որ շուկայում առաջարկվող դեղամիջոցները կեղծ չեն կամ չեն կորցրել իրենց պիտանիության ժամկետը:

– Գաղտնիք չէ, որ այսօր գյուղտեխնիկան մարզում հիմնականում հին է, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված: Եղածը, հիմնականում, խորհրդային տարիների արտադրանք է: Վերջին տարիներին մենք ձգտել ենք հնարավորինս այն նորացնել, որը դարձյալ հաջողությամբ չի պսակվել: Այս ոլորտը, կարելի է ասել, գյուղատնտեսության ամենացավոտ տեղն է, կարոտ` հիմնավոր լուծումների: Վերջին մեկ տարում մարզ ենք բերել երեք հատ «Բելառուս» տրակտոր, յուրաքանչյուրը` ութ միլիոն դրամ արժողությամբ: Մենք այն համայնքներին ենք տրամադրել չորս միլիոն դրամով (մնացած մասը կառավարությունը վերցրել է իր վրա): Տրամադրել ենք Գորիսի Ակներ, Սիսիանի Բռնակոթ գյուղերին եւ Սիսիանի սերմնաբուծական տնտեսությանը: Անսահման մեծ է կարիքը եւ կոմբայնների, եւ տրակտորների, եւ շատ ու շատ գյուղսարքավորումների: Բայց գյուղացիական տնտեսությունը չի կարող ինքնուրույն ձեռք բերել տեխնիկա, քանզի դրանք բավական բարձր գներ ունեն: Ի՞նչ է ստացվում. գյուղացին գյուղեգյուղ է ընկնում հացահատիկահավաք կոմբայն վարձակալելու, իսկ կոմբայնավարը նրան իր սակագներն է թելադրում: Այստեղից էլ` գյուղացու հիասթափություն, ցածր բերքատվություն եւ աղքատ տնտեսություն, գնաճ: Այս առումով վաղուց անհրաժեշտություն կա ձեւավորել մեքենատրակտորային կայաններ, գյուղացիական կոոպերատիվ տնտեսություններ: Ոչ միայն մարզում, այլ ողջ հանրապետությունում գյուղատնտեսության մեքենատրակտորային բազայի զարգացման միակ ճանապարհը դա է: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքների սակագներին, ասեմ, որ դրանց բարձրացման միտում առայժմ չեմ տեսնում, թեեւ նախորդ տարիներին այդ ոլորտում գների լուրջ աճ գրանցվեց: Այն, ինչ կա` կմնա նույնը: Բայց սակագներն էլ, որպես գյուղտեխնիկայի սակավությունից բխող երեւույթ, նույնպես խնդիր են գյուղացու համար: Երբեմն բարձր սակագնով նույնիսկ գյուղացին օրերով չի կարողանում ցանքսը կատարել, բերքը հավաքել…

Դուք ճիշտ նկատեցիք` մարզում չկան թունաքիմիկատների լիցենզավորված խանութներ, բայց, կարող եմ վստահեցնել, որ եւ պետության տրամադրած, եւ շուկայի առաջարկած դեղամիջոցները կեղծ չեն կարող լինել: Որոշ միջոցառումներ այդ ոլորտում պետությունն իր վրա է վերցրել:

– Կա՞ն մարզում ընտանիքներ, ովքեր վերջին մեկ տարում չեն մշակել իրենց հողատարածքը, եւ արդյո՞ք դա կապված չէ նաեւ գյուղապետերի կողմից դիզվառելիքի, պարարտանյութի անհամաչափ բաշխման, կողմնապահության, սոցիալական անարդարության հետ:

– Այդպիսի ընտանիք, իմ իմացությամբ, չկա. բոլորը մշակում են իրենց հողատարածքը: Իսկ այն քիչ թվով ընտանիքները, որոնք չեն մշակում սեփական հողատարածքը, ապա վարձակալությամբ են տալիս կամ խոտհարք են դարձնում: Իհարկե, չեն բացառվում աղքատության, ինչպես եւ այս կամ այն գյուղապետից` գյուղացու հիասթափության, գյուղապետի անարդար վերաբերմունքի հանդեպ դժգոհության գործոնները: Մենք, ցավոք, չենք կարող ամեն ինչ ամբողջությամբ վերահսկել, բայց, ասեմ, որ նմանատիպ հարցերը նույնպես մեզ հուզում եւ գտնվում են մեր ուշադրության ներքո: Միանշանակ, պետք է պատժվեն նմանօրինակ գյուղապետերը, ովքեր, մեղմ ասած, զզվեցնում եւ հիասթափեցնում են գյուղացուն, սպանում նրա մեջ գյուղի, հողի հանդեպ հավատը եւ, առհասարակ, բարիք ստեղծելու ցանկությունը, ովքեր գյուղին հատկացվող միջոցները հիմնականում եւ անընդհատ տրամադրում են իրենց եւ իրենց մերձավորներին, իրենց հավատարիմ ընտրողներին:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ


Հ.Գ. Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի հետ մեր զրույցը դեռ երկար շարունակվեց: Զրուցեցինք մարզի գյուղատնտեսության ոլորտին առնչվող շատ այլ հարցերի, հոգսերի մասին եւս. գյուղացուն` պետության անբավարար օգնության, մեր հողատարածքում արտասահմանյան (հնդկական, չինական…) հացահատիկահավաք կոմբայնների անարդյունավետության, հողատարածքների կոոպերացման, մարզում անասնապահական մթերքների օրավուր թանկացման, դիզվառելիքի, պարարտանյութի, ոռոգման ջրի (անգամ զեղչի դեպքում) թանկության, անհավասար բախշման, սպասարկող կազմակերպությունների` գյուղացու հոգսին անհաղորդության, գյուղացիական տնտեսությունների միավորման, ՄՏ կայանների ստեղծման, համայնքներում անասնաբույժի, ագրոնոմի, իրավաբանի անհրաժեշտության, գյուղաշխատանքների սակագների աճը զսպելու, ֆերմերներին` գործնական օգնություն ցույց տալու, էլիտար կոչվող ու չփորձաքննված սերմերի` պետության կողմից պայմանագրային տրամադրման եւ բերք չստացած գյուղացուց փոխհատուցումը գանձելու, անասնակերի որակի անկման, դաշտային պարազիտների դեմ ոչ նորմալ պայքարի ծավալման, ագրոտեխնիկական մի շարք միջոցառումների բացակայության, վարուցանքի ոչ ճիշտ կազմակերպման, գյուղացուն չտրվող անհրաժեշտ տեղեկատվության… Եվ` այն մասին, թե ինչպես որոշ գյուղմասնագետներ, խորհրդականներ պարապությունից ու ծուլությունից ձանձրանում ու «նարդի են գցում» իրենց կաբինետներում` հինգ տողանոց խիստ ներկայանալի պաշտոն ճակատներին դաջած` դռների հետեւում թաքնվելով:

Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 օկուպացված գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ

19.04.2024 21:42

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով

19.04.2024 20:05

«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

19.04.2024 19:51

Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

19.04.2024 19:47

Տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստը. նախնական համաձայնեցվել են սահմանագծի 4 հատվածները

19.04.2024 19:04

Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում

19.04.2024 16:52

Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

19.04.2024 16:31

Լև Օզերովի նամակը Համո Սահյանին

19.04.2024 16:06

Մտորումներ Բակունցի «Կարմրաքար» վեպի շուրջ

19.04.2024 15:55

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին

19.04.2024 15:46

Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել

19.04.2024 14:27

Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը

19.04.2024 14:01