Համլետ Մկրտչյան. «Եթե մեր ազգային միասնությունը խախտվի, ապա տանուլ ենք տալու …»

09.02.2020 17:11
1745

    Սյունիքում եւ հատկապես Գորիսի տարածաշրջանում հայտնի գործիչ է Համլետ Մկրտչյանը:

    Երկու անգամ (1991-92 թթ. եւ 1999-2000 թթ.) գլխավորել է Գորիսի քաղաքային իշխանությունը: Արցախյան հերոսամարտի սկզբնական փուլում առաջնորդում էր Սյունիքի ինքնապաշտպանական խորհուրդը:

    Հանրապետությունում տեղի ունեցող բուռն եւ իրարամերժ իրադարձությունների շուրջ նա մտահոգություններ ունի:

    Եվ դրանք արտահայտելու համար  ցանկացավ զրուցել «Սյունյաց երկրի» հարթակում:

    Համլետ Մկրտչյանի մտահոգությունների առանցքային հարցերից մեկը մեր ազգային միասնության ճաք տված վիճակն է:

    -Եթե մեր ազգային միասնությունը խախտվի, ապա տանուլ ենք տալու, - ասաց նա եւ հավելեց, - տանուլ ենք տալու բոլոր ճակատներում՝ ազգային անվտանգություն, Արցախի անվտանգություն, տնտեսություն, հոգեւոր-մշակութային հարցեր…

    Միասնությունը, հատկապես փոքր ազգերի համար, ինչպիսին մենք ենք, արժանապատիվ գոյության, լինելիության բացառիկ երաշխիք է:

    Ուրեմն՝ մտածենք ու գործենք ոչ թե իմ, քո մասին, այլ ընդհանուրի մասին, քանզի բոլորս մենք ենք…

    Մինչդեռ այսօր հակառակ ճանապարհով ենք ընթանում:

    Հպարտ եմ, որ մասնակցություն եմ ունեցել Արցախյան գոյակռվին: Բայց այդ հաղթանակը չէր լինի, մեր կորսված անկախությունը չէր  վերականգնվի, եթե միասնական չլինեինք այդ օրերին:

    Խորհրդային Միության խստագույն օրենքների, պատժիչ մեքենայի գործողությունների, հետապնդումների պայմաններում ինքնապաշտպանական ջոկատներ ենք ստեղծել, զենք ձեռք բերել, մեր ժողովրդի արժանապատվությունը պաշտպանել թուրք-ազերիների ոտնձգություններից: Որքան էլ տարիների հեռվից այդ ամենն անիրական թվա կամ ըստ պատշաճի չգնահատվի, միեւնույն է՝ դա մեր պատմության հերոսական էջն է: Եվ այդ ամենին չէինք հասնի, եթե մի բռունցք չլինեինք:

    Այսօր էլ պետք է ազգովի մի բռունցք դառնանք, մոռանանք կուսակցական, խմբակային, թայֆայական շահերը, ուրիշ ճանապարհ չունենք:

    -Համլետ Արշավիրի, երկիրը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների, իսկ առաջիկայում հանրաքվե է սպասվում մեզ՝ Սահմանադրական դատարանին առնչվող հարցով:

    Ունե՞ք նկատառումներ այդ ամենի վերաբերյալ:

    -Սահմանադրական ենթադրվող փոփոխությունները կարեւոր, պատասխանատու եւ նուրբ պետական միջոցառում են: Դա պետք է լինի բացառապես մասնագետների գործը, թե չէ տեղից վեր կացողը դատողություններ է անում հիմնական օրենքի շուրջ եւ ուզում է, որ ազգովի մտնենք սիրողական մակարդակի քննարկումների ոլորտ:

    Այնուհետեւ՝ թող փոփոխություններ արվեն, սակայն որեւէ փոփոխություն իրավական տեսակետից խոցելի չպետք է լինի:

    Մի հանգամանք եւս՝ սահմանադրական փոփոխություններն իրենց ջրապտույտի մեջ պետք է առնեն ոչ միայն Սահմանադրական դատարանը, այլեւ դատական ամբողջ համակարգը, դատախազությունը, ոստիկանությունը, քննչական կառույցները:

    Քննիչն ու դատախազը մեղադրական եզրակացություն են պատրաստում եւ ուղարկում դատարան, բազմաթիվ դեպքերում այդ մեղադրանքը փուլ է գալիս, իսկ մեղադրական եզրակացության հեղինակները՝ ոստիկանը, քննիչը, դատախազը պատասխան չեն տալիս:

    Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվում է Վերաքննիչում կամ Վճռաբեկում, իսկ առաջին ատյանի դատարանի տվյալ դատավորը պատասխան չի տալիս:

    Եվ ամենակարեւորը՝ ոստիկանը, քննիչը, դատավորը, դատախազը պետք է կախված լինեն միայն օրենքից: Նրանք պետք է քաղաքականությունից դուրս լինեն, օրվա իշխանությունների ազդեցությունից դուրս, այլապես կայացած իրավական համակարգի մասին խոսելն ավելորդ է:

    -Երկու անգամ գլխավորել եք Գորիսի քաղաքային իշխանությունը, տեղյակ եք տեղական ինքնակառավարման նրբություններին:

    Ի՞նչ կարող եք ասել համայնքների խոշորացման մասին:

    -Համայնքների խոշորացման այս կերպը միանշանակ սխալ է:

    Անցել է երկու-երեք տարի համայնքների խոշորացման մեկնարկից, ո՞ր գյուղում հաջողություն ունենք:

    Հաջողություններ շատ թե քիչ կան այն բնակավայրերում, որոնք խոշորացված համայնքի կենտրոն են դարձել:

    Իսկ ի՞նչ է կատարվել մեր հնամենի քաղաքների հետ:

    150 տարի առաջ քաղաքի կարգավիճակ ստացած Գորիսը, օրինակ, ներկայումս քաղա՞ք է, թե՞ բնակավայր, համայնք:

    Խոշորացումը, քանի դեռ ուշ չէ, պետք է շրջել եւ տանել ողջամիտ ուղղությամբ:

    Երբեմնի շրջկենտրոն-քաղաքներին կարելի է միացնել անմիջապես մոտ գտնվող բնակավայրերը: Օրինակ, Գորիս քաղաքին խելամիտ կլիներ միացնել  Քարահունջը, Վերիշենը, Ակները: Տաթեւի ենթաշրջանում կարելի էր մեկ այլ համայնք ստեղծել՝ Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Մալդաշ գյուղերով:

    Եվ այդպես շարունակ…

    Ի վերջո չպետք է մոռանալ, որ ամեն մի գյուղ իր ավանդություններն ունի, իր առանձնահատկությունները:

    -Իսկ եթե փորձենք տեղական ինքնակառավարմանը նայել ոչ միայն խոշորացման տեսակետից…

    -Տեղական ինքնակառավարումը, ցավոք, միայն  խոսքով գոյություն ունի:

    Ի՞նչ լիազորություն ենք տվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աղբահանություն, նախակրթարաններ, մշակութային որոշ հիմնարկներ:

    Մեր կյանքի ամենակարեւոր ոլորտները տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթից դուրս են՝ կրթություն, առողջապահություն, այսպես կոչված ֆեդերալ կառույցներ:

    Կամ պետք է ունենալ ընդլայնված լիազորություններով եւ իրական տեղական ինքնակառավարման մարմիններ կամ հրաժարվել դրանցից եւ ուղղակի պետական  կառավարում մտցնել գյուղերում ու քաղաքներում:

    ՏԻՄ-երի լիազորությունները պետք է ընդլայնել հատկապես մարզպետարանի լիազորությունները կրճատելու կամ դրանք ընդհանրապես վերացնելու հաշվին: Օրինակ, ո՞վ կարող է պարզաբանել, բացատրել, թե, ասենք, կրթության կամ առողջապահության ոլորտներում ինչ է անում մարզպետարանը, երբ դպրոցները ՊՈԱԿ-են, իսկ հիվանդանոցները՝ ՓԲ ընկերություններ:

    -Դուք, որքանով տեղյակ ենք, երկրի իշխող քաղաքական ուժի ղեկավարներին դիմում-առաջարկություններ եք ներկայացրել Ազգային ժողովին առնչվող հարցերով  եւս:

    Ո՞րն է Ձեր ասելիքը:

    -Նախ՝ Ազգային ժողովի կազմը չի կարող այսքան մեծաքանակ լինել:

    Ազգային ժողովի պատգամավորը պետք է որեւէ ոլորտի լավագույն մասնագետներից լինի, փորձառու լինի, այլապես նա չի կարող առարկայական մասնակցություն ունենալ խորհրդարանի օրենսդրական գործունեությանը:

    Մեծամասնական ընտրակարգից ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել: Դա ընտրողների հետ կապի լավագույն միջոցն է, եթե, իհարկե, պատգամավորն ընտրվելուց հետո չի մոռանում իր ընտրողներին:

    Ամբողջովին գնալ համամասնական ընտրակարգի՝ նշանակում է բնակչության քաղաքական ակտիվ մասին հարկադրաբար մտցնել այս կամ այն կուսակցության մեջ, ինչը լուրջ չէ, ինչն իր հերթին կձեւախեղի կուսակցությունների՝ առանց այդ էլ ձեւախեղված վիճակը:

    Պարտադիր կարգով պետք է մասնակիցների նվազագույն շեմ սահմանել ե՛ւ ընտրությունների, ե՛ւ հանրաքվեների համար: Չի կարող լեգիտիմ համարվել որեւէ ընտրություն կամ հանրաքվե, որին չի մասնակցել ընտրողների առնվազն 50 տոկոսը:

    -Ի՞նչ կարող եք ասել ներկայիս քաղաքական ընդդիմության մասին:

    -Նրանց գնահատական տալն իմ խնդիրը չէ: Ուրիշ բան կարող եմ ասել՝ ընդդիմությունն իշխանության մեջ ծանրակշիռ տեղ պիտի ունենա՝ ներքեւից վերեւ:

    Դրանով իշխանությունն ավելի ուժեղ կլինի, դա նաեւ զսպող գործոն կլինի…

    Նիկոլ Փաշինյանը մաքրման գործընթացը ներքեւից պետք է սկսեր: Վերեւում գլուխներ են կտրվում, մինչդեռ ներքեւներում ոչինչ չի փոխվում, եւ պետական օրգանիզմն աշխատում է նախկին ձեւով: Սպասված արդյունքներին այդպես չենք հասնելու:

    -Ձեր խոսքից տպավորություն ենք ստանում, որ կադրային քաղաքականության ոլորտում նույնպես նոր սկզբունքների ներդրման  կողմնակից եք:

    -Անշուշտ, նոր մոտեցման կարիք կա կադրերի ընտրության հարցում՝ սկսած ամենաներքին օղակներից:

    Սկզբունքների ամբողջության մեջ լրջագույն նշանակություն պետք է  տալ տեղացի պրոֆեսիոնալներին, երբ խոսք է գնում համայնքների, մարզերի կադրային լուծումների մասին:

    Ցանկալի է, որ համայնքի, մարզի պատասխանատու պաշտոնները զբաղեցնեն նախեւառաջ տեղացի պրոֆեսիոնալները:

    Իհարկե, դրսեկ կադրերի մեջ նույնպես կան նվիրյալներ, բայց քիչ չեն եւ նրանք, ովքեր մարզ են գալիս «խոպանչու» հոգեբանությամբ:

    Մյուս կողմից՝ մինչեւ ծանոթանում են տարածքին, մինչեւ ծանոթանում են տեղացիների հոգեկերտվածքին, արժեհամակարգին, տարիներ են անցնում, իսկ գործը տուժում է:

    Հատկապես Սյունիքի պարագայում արհեստավարժ, բանիմաց կադրերի պակաս երբեք չի եղել:

    Դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանի կադրային բազայում սյունեցիները մեծ տեղ են ունեցել ամբողջ հանրապետության մասշտաբով, իսկ հիմա սյունեցի պրոֆեսիոնալները պատշաճ տեղ չունեն անգամ Սյունիքում:

     

    Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

    Պուտինի հետ իմ հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր․ Թրամփ

    18.03.2025 23:43

    Պուտինն ու Թրամփն ավարտել են հեռախոսազրույցը

    18.03.2025 21:18

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

    18.03.2025 21:14

    Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

    18.03.2025 18:51

     Շախմատային պայքար Կապանում և Քաջարանում. չեմպիոնները որոշված են

    18.03.2025 16:06

    Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

    18.03.2025 15:58

    Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

    18.03.2025 15:38

    Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը. Պեսկով

    18.03.2025 14:31

    Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

    18.03.2025 14:16

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52