Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները

13.05.2021 14:25
780

Արցախի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Sputnik-ի խնդրանքով հիշել է 27 տարվա վաղեմության իրադարձությունները: 1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Բայց պատերազմը կրկնվեց...

Ժամանակն է վերլուծել, թե ինչ է եղել 44-օրյա պատերազմից (2020թ․ սեպտեմբերի 27 – նոյեմբերի 10) առաջ և հետո։ Բազմաթիվ ռուսաստանցիներ արդարացիորեն դատապարտեցին այն սկսողների, առաջին հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուխտադրժությունը։ Դրան կտրուկ պատասխանեցին ադրբեջանական մամուլում։ 

Զինադադարի խախտումն ինչ-որ դատարկ բան չէ։ Ըստ էության, դա հանցագործություն է, ակնհայտորեն սկանդալային գործ։ Ոչ բոլորն են շտապում կարծիք հայտնել, բայց այդ ուխտադրժության էությունը լայնորեն ճանաչվում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս։ Ցանկացած պետության ղեկավարի սխալները, առավել ևս՝ հանցագործությունները, չեն ողջունվում։ Իսկ չէ որ մինչ այդ` 26 տարի (1994.-ի մայիսի 12-ից) Ռուսաստանի ձեռք բերած զինադադարը պահպանվում էր։ Հակամարտության կողմերը կարող էին լուծել այն բանակցությունների միջոցով։ Բայց հիմա Բաքվում այդ մասին ոչ մի բառ չի ասվում։

Ցավոք, Բաքվի ԶԼՄ-ներին դժվար է վստահել․նրանք կարող են աղավաղել անգամ չակերտների մեջ գրված բառերը։ Վաղուց արդեն այնտեղ ամենակարևորը ռուսաստանցի հեղինակներին հայհոյելն ու վիրավորելն է, իսկ հակամարտության խնդիրների էությունը երկրորդական է։ Դա ցույց տվեց նաև Զուլֆագար Իբրահիմովը (Day.az): Նա ղարաբաղյան պատերազմների պատմության մեջ խճճված միակ մարդը չէ։ Չիջնելով փոխադարձ հայհոյանքների մակարդակին` անդրադառնամ միայն Բաքվի շեղումներին, որոնք վաղուց արդեն համակարգային են դարձել այս հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական ուղենիշները ներկայացնելիս։

Ռուսաստանն առաջինն էր, որ սկսեց այնտեղ միջնորդություն իրականացնել 1991թ․-ի սեպտեմբերից։ Առաջին պատերազմում միջնորդները հատկապես ակտիվ էին 1993թ․-ին (ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 4 բանաձև ընդունեց, Ռուսաստանը մի շարք արդյունքների հասավ, աշխատում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը), ինչպես նաև պատերազմի վերջին տարում՝ 1994թ․-ին, երբ Մոսկվան մայիսին զինադադարի հասավ, կանգնեցրեց 2,5 տարի ձգված պատերազմը։ Բաքվի մամուլն ակնհայտորեն չի հասկանում հակամարտությանը խաղաղ լուծում փնտրողների տրամաբանությունն ու գործողությունների հաջորդականությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի կառույց է, որի նշանակությունը պետությունների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելն է։ Ժամանակին ես ստիպված եմ եղել ցույց տալ Ադրբեջանի Հանրապետության վրիպումները Ղարաբաղի հարցով ԱԽ բանաձևերի նկատմամբ։ Հայերի կողմից Քելբաջարի ազատագրման պատճառով ԱԽ-ն, Բաքվի նախաձեռնությամբ, 1993թ․-ի ապրիլի 30-ին ընդունեց 822 բանաձևը։

Բայց նախագահ Էլչիբեյը չէր ցանկանում կատարել այն՝  ռազմական և թշնամական բոլոր գործողություններն անհապաղ դադարեցնելու պահանջի պատճառով (չնայած որ ԱԽ-ն պահանջում էր նաև հայերի օկուպացիոն ուժերը դուրս բերել Ադրբեջանի Հանրապետության շրջաններից)։ Այն ժամանակ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իտալիան և անգամ Թուրքիան կողմերին կոչ էին անում հետևել բանաձևին։ Հայերը համաձայնեցին, իսկ Ադրբեջանը նույնիսկ չպատասխանեց։

Այն ժամանակ ընդամենը ադրբեջանական երկու շրջան էր  հայերի վերահսկողության տակ՝ Լաչինն ու Քելբաջարը (երկուսն էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև են)։ Բայց Բաքուն կարծում էր, որ ուժով կկոտրի հայերին և շարունակում էր պատերազմը՝ նորանոր շրջաններ կորցնելով։ Չէին կատարվում նաև ԱԽ մյուս բանաձևերը, թեև դրանք չկատարողներին խնայում էին։ Սակայն 884 բանաձևում (1993թ․ նոյեմբերի 12) արդեն պարզ երևում է, որ հրադադարը խախտողն Ադրբեջանի Հանրապետությունն էր (թեև հավասարակշռությունը պահելու համար ԱԽ-ն այնտեղ նաև հայերին է կշտամբում)։ Այսինքն` կես տարի անց հայերն արդեն Ադրբեջանի 7 շրջան էին գրավել (5+2): Չորս բանաձևերի ձախողումը վնաս էր հասցնում ԱԽ-ի հեղինակությանը․Ղարաբաղի հարցով այն այլևս բանաձևեր չընդունեց։

Բացի այդ, ադրբեջանցիներն ավելի հաճախ էին խախտում Ռուսաստանի շնորհիվ ձեռք բերված կարճ հրադադարները, քան հայերը։ Հայերի առաջխաղացումը 1993թ.-ի աշնանը և ձմեռային հակահարձակման ձախողումն ադրբեջանական իշխանություններին ավելի իրատես դարձրին՝ նրանց ռազմական գործողությունները սպասված արդյունքին չէին հանգեցնում։ Ի հեճուկս ԱԽ-ի անհաջողությունների՝ Ռուսաստանն ավելացրեց իր միջնորդական ջանքերը։

1994թ․-ի ապրիլի 15-ին ՌԴ նախաձեռնությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը (Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ) հայտարարություն ընդունեց, որով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և ամրապնդել հրադադարը։ «Առանց դրա հնարավոր չէ անցնել ողբերգական հակամարտության հետևանքների վերացմանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Բայց արդյոք զինադադարը 26 տարվա ընթացքում ամրապնդվե՞ց։ Ո՞վ էր ամեն կերպ խուսափում դրանից։ Իհարկե Բաքուն։ Իսկ առանց զինադադարի հուսալի ամրապնդման ինչպե՞ս է հնարավոր վերացնել հակամարտության հետևանքները։

Այնուհետև դեպի հրադադար էր տանում Բիշքեքում կայացած խորհրդակցությունը (1994թ․-ի մայիսի 4-5)։ Բաքվի ԶԼՄ-ներն այստեղ շփոթվել էին։ Խորհրդակցում էին ոչ թե Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանության գործիչները, այլ խորհրդարանների խոսնակները։ Նրանց համար կարևոր էր աջակցել ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությանը, կողմերին պատերազմը դադարեցնելու կոչ անել։ Եվ որքան ուրախ է Իբրահիմովը, որ Բիշքեքի արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա անժամկետ հրադադարի մասին։ Բայց այնտեղ հրադադարի մասին դեռ ոչ մի խոսք լինել չէր կարող․Բիշքեքն ընդամենը հրադադարի կոչ էր անում։ Իսկ մի՞թե նա չգիտեր, որ երբեմն անժամկետությունը պայմանագրին տրվում է ոչ թե տեքստով, այլ ինքնըստինքյան։ Իբրահիմովը կարող էր հայտնաբերել դա նաև Ադրբեջանի Հանրապետության պայմանագրերում ու համաձայնագրերում, բայց ուշադիր չէր նայել։

Վերջապես, 1994թ․-ի մայիսի 9-11-ը հակամարտության երեք կողմերը Մոսկվա ուղարկված բացարձակապես նույնական նամակներով (առանձին-առանձին, ինչպես ուզում էր Հ․Ալիևը) պարտավորվեցին դադարեցնել մարտերը և անցնել բանակցությունների։ Այնտեղ նույնպես հրադադարի անժամկետության մասին խոսք չկար։ Ընդ որում, նախորդ հրադադարների ժամանակ միշտ ժամկետ նշվել է (մեկ շաբաթով, երեք օր կամ ավելին)։ Իսկ այստեղ հանկարծ ժամկետ չկա։ Մոռացե՞լ են։ Ոչ։ Փորձառու Հեյդար Ալիևը չէր կարող չիմանալ, թե ինչ է դա նշանակում։

Նա իմ ներկայությամբ պաշտպանության նախարար Մամեդովին հանձնարարեց ստորագրել այդ նամակը։ Նամակի առաջին տարբերակում Ադրբեջանին դիմակայում է միայն Լեռնային Ղարաբաղը (ՀՀ-ն ավելի ուշ մտավ համաձայնագրի մեջ, բայց կարող էր և չմտնել)։ Պետք է խոստովանեմ, որ Հեյդար Ալիևի օրոք Բաքվի կողմից միջադեպեր և աղմկահարույց հայտարարություններ եղել են, բայց հրադադարն այնուամենայնիվ պահպանվում էր։

2020թ․-ի սեպտեմբերի 27-ին հրադադարի լայնածավալ խախտումն այդ գործողությունների պսակն է, որն ավելացնում է կասկածները, թե ադրբեջանական կողմն ունա՞կ է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին։ Բաքուն վաղուց էր գայթակղվում այդ մեղքով։ Զինադադարից բացի, նա կոպտորեն խախտել մի շարք միջազգային փաստաթղթեր։ Դրանց թվում է ՄԱԿ-ի կանոնադրությունը (2-րդ հոդվածի 4-րդ կետ), չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշում չի եղել։

Խախտվել է Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը սկզբունքորեն մերժում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը։ Բայց Բաքվի ներկայիս իշխանությունը սովոր է սպառնալիքներին, ուժի կիրառմանը, ինչով անգամ պարծենում է։ Մի՞թե սա հանդուգն մարտահրավեր չէ միջազգային հանրությանը։ Նրա մի շարք հայտարարություններն ու գործողություններն ակնհայտորեն վայել չեն պետության ղեկավարին։ Բայց Ադրբեջանի ԶԼՄ-ներում այդ ամենի մասին երբեք գրվում։

Փոխարենը մեկ այլ կեղծիք է աչքի զարնում․հայերի կողմից ադրբեջանական 7 շրջանների երկարատև օկուպացիան որպես casus belli՝ պատերազմի դրդապատճառ ներկայացնելու փորձերը։ Բաքուն կարծում է, թե բոլորը մոռացել են իրենց հողերի օկուպացիան ընդլայնելու պատմությունը։ Օկուպացիան ռազմական գործողությունների պտուղն է, դրանց արդյունքը։ Իսկ ո՞վ չէր դադարեցնում մարտերը, չնայած ՄԱԿ-ի ԱԽ որոշումներին և միջնորդների առաջարկներին։ Բաքուն ինքն է օգնել այդ հողերի գրավմանը։ Հակառակ դեպքում հայերն այդ շրջաններ չէին ազատագրի։ Նման «համահեղինակությունը» որպես casus belli ներկայացնելն անհեթեթություն է։

1994թ․-ին մարտական գործողությունները դադարեցնելուց հետո կողմերը բանակցություններ էին վարում, բայց դրանք ծուլորեն էին ընթանում, արդյունք չէին տալիս հենց հակամարտության կողմերի, այլ ոչ թե միջնորդների մեղքով, ինչպես Բաքուն է ներկայացնում։ Անվտանգության խորհրդի բանաձևերը չեն կատարվել, բայց չեն էլ չեղարկվել։ Օգտվելով նրանից, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարում դրանք, հայերը գրաված տարածքներից չէին հեռանում։

Քանի պատերազմը չի ավարտվել, գրաված հողերից հեռանալն այնքան էլ հեշտ չէ։ Հայերը դրանք Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի էին անվանում։ Իսկ 1994թ․-ի մայիսին հաստատված հրադադարն ամենևին էլ ԱԽ բանաձևերի կատարումը չէր (դրանք պահանջում էին «անհապաղ դադարեցում», իսկ պատերազմը դրանից հետո ընթացավ ևս ավելի քանի մեկ տարի)։ Հայերը հույս ունեին, բայց չկարողացան իրենց հեռանալը «փոխանակել» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեի հետ։

Ղարաբաղի երկրորդ պատերազմում նույնպես անճշտություններ կան։ Ո՞վ էր Ադրբեջանի Հանրապետության հակառակորդը։ Բաքուն իբր պատերազմում էր Լեռնային Ղարաբաղի, ոչ թե Հայաստանի Հանրապետության դեմ (որպեսզի ՀԱՊԿ-ը չմիջամտի)։ Ադրբեջանի և Հայաստանի դիմակայությունը հայտնի փաստ է, բայց ուղղակի բախումները միայն էպիզոդիկ էին։

Իսկ հրադադարի կնքմանը Լեռնային Ղարաբաղը չմասնակցեց, միայն Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները՝ ՌԴ-ի ակտիվ մասնակցությամբ։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին համաձայնեցված հայտարարությունը կատարվի։ Բայց չի կարելի մոռանալ 1994թ-ին ՌԴ–ի ձեռք բերած զինադադարից հրաժարվելը։ Այդ խախտումը լռության մատնելը, ագրեսորին հավանություն տալով, պարզապես անընդունելի քայլ է։

Ծայրահեղ վատ է Թուրքիայի միջամտությունն Անդրկովկասի գործերին՝ նրա կողմից Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884 բանաձևերի կոչերը տարածաշրջանի բոլոր պետություններին՝ ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չխաթարելու համար, Թուրքիան անտեսում էր: Այդ կոչերը, առավել ևս 27 տարի անց, ոչինչ չեն նշանակում նրա համար։ Թուրքիայի օսմանական ախորժակը միանշանակ պետք է դատապարտվի Ռուսաստանի, Եվրոպայի և ՄԱԿ-ի կողմից։ Ինչպե՞ս կարելի է հիմա արդարացնել Թուրքիայի անդամակցությունը հակամարտության խաղաղ լուծում փնտրող ԵԱՀԿ Մինսկի խմբում։

Դիտմամբ չեմ անդրադառնում Հայաստանի ղեկավարության սխալներին (իսկ դրանք քիչ չեն), որպեսզի չխախտեմ ակնարկիս հիմնական առանցքը, դրա գլխավոր թեման։  

Կազիմիրով Վլադիմիր Նիկոլայի, պաշտոնաթող դեսպան, 1992-96 թթ.-ին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Ղարաբաղյան հակամարտության գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակից։



armeniasputnik.am

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33