«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է, ԱՎԵԼԻՆ, ՆԱ ԱՐԴԵՆ ՀԱՂԹԵԼ Է»

04.12.2018 12:02
1169

ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀՀԿ կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, անկուսակցական է:

Ծնվել է 1983թ. ապրիլի 13-ին Գորիսում:

1989-2000թթ. սովորել է Գորիսի Ակ. Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

2001-2005թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի  քաղաքագիտություն բաժնում, ավարտել գերազանց:

2005-2007թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:

2007-2012թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում` պայմանագրային հիմունքներով, ունի կապիտանի զինվորական կոչում:

2012-2018թթ., մինչեւ այս պահը,   աշխատել է ՀԱՊՀ` Երեւանի ավագ դպրոցում:

Ամուսնացած է:

Զրույցում` առաջինն ինձ հետաքրքրեց, ողջ կյանքում անկուսակցական Գարեգին Պետրոսյանն ինչո՞ւ, ինչպե՞ս է որոշել առաջադրվել ՀՀԿ –ի կողմից, եւ` ոչ մեկ այլ կուսակցության կամ դաշինքի կողմից:

Արդյո՞ք ինքը չգիտեր, թե ինչպիսի դառն ու փշոտ ճանապարհ է անցնելու` մինչեւ ԱԺ պատգամավոր եւ դրանից հետո էլ:

Հրապարակումներից մեկում կարդում եմ նրա համապարփակ խոսքն` ուղղված իր հայրենակիցներին, ընտրողներին.

«Մեր երկիրն ապրում է նորագույն պատմության ամենափոթորկալից եւ լարված ժամանակահատվածներից մեկը:

Իշխանափոխությունից հետո  նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում  ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում  Հայաստանի տնտեսության  զարգացումը, մեր հայրենակիցների  բարեկեցության մակարդակի բարձրացումը, ոչ միայն չի ամրապնդում Հայաստանի եւ Արցախի  անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլեւ իր ապաշնորհ գործունեությամբ  բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում եւ սրում իրավիճակը Հայաստանի ներսում եւ Հայաստանի շուրջ»:

ՀՀԿ կողմից առաջադրված անկուսակցական թեկնածուն անկողմնակալ եւ մտահոգ ավելացնում է.«Ստեղծված իրավիճակում  մենք մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրացնել մեր մտահոգությունները, ուղիղ եւ շիտակ խոսել  նոր կառավարության սխալների  եւ բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության  եւ Արցախի ապագայի համար:

Նոր իշխանությունները ոչ միայն չեն լուծում մեր երկրի եւ ժողովրդի խնդիրները, այլեւ իրենք են խնդիր դարձել:

Անլրջություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերին վնասող եւ երկրի անվտանգությունը խաթարող արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ եւ միահեծան  ներքին քաղաքականություն. սրանք առկա խնդիրների մի մասն են, որոնց լուծումը պահանջում է, որ դեկտեմբերի 9-ին դուք կատարեք կշռադատված եւ սթափ ընտրություն»:

Թվում է, սրանով ամեն ինչ ասված է, այլեւս կարիք չկա Գարեգին Պետրոսյանի հետ զրույցի նստել, բայց` ոչ, թեկնածուն դեռ շատ բաներ ուներ ասելու եւ` բոլոր բնագավառներից, ամենն էլ բխեցնելով կյանքի ու քաղաքականության, աշխարհաքաղաքականության ակունքներից` փիլիսոփայական խորը, կշռադատված հիմնավորումներով:

Խոստովանեմ,  քաղաքական դաշտ մտնող ադպիսի թեկնածուի մինչ այդ չէի հանդիպել, ով յուրաքանչյուր հարց ու խնդիր, նույնիսկ ամենափոքր խնդիրը,  կսահմաներ Պլատոնի ու Սոկրատի, անտիկ ու նոր փիլիսոփաների, բանաստեղծների իմաստուն խոսքերով ու ստեղծագործությունների անգիր հիշատակմամբ, հունական դիցաբանության օրինակներով, այն մեր կյանքի ու իրականության հետ կապող` չափազանց մատչելի ու գիտական հիմնավորումներով:

Եվ այս ամենը, ի վերջո, բերելով ու հմտորեն  հանգեցնելով հայ մարդուն այսօր հուզող` երկրի անվտանգության, հայ ավանդական ընտանիքի արմատների, գենդերային կոչվող հավասարության ներմուծման, ինչի բացակայության  կարիքը, ըստ նրա,  հայ կինը, մայրը, չեն ունեցել, բանակի մարտունակության, ավանդական արժեքների պահպանման, արտաքին քաղաքականության,  այլեւայլ մտահոգություններին:

Գարեգին Պետրոսյանի հետ տեւած երեքժամյա զրույցը շատ ու շատ հարցերի պարզաբանում էր, բոժոժի մետաքսաթելի պես ձգվող ժամերը մեկ ակնթարթի պես անցան, որովհետեւ ՀՀԿ պատգամավորի թեկնածուն տեղով մեկ` անակնկալ աշխարհ էր, եւ, կարծում եմ, այդ տեսակն էլ չափազանց անհրաժեշտ կլինի  խորհրդարանում. մարդ, ով հստակ ասելիք ունի եւ կարող է այն ներկայացնել միանգամայն հիմնավոր փաստարկներով, սկզբունքորեն հասնել լուծման: Մեկ պոետ է թվում, մեկ` փիլիսոփա, մեկ` հիանալի  քաղաքագետ, մեկ` պատմաբան ու կրոնագետ... Դե ինչ, բազմազան եւ հետաքրքիր խորհրդարան կունենանք, եթե այն լրացնի նաեւ Գարեգին Պետրոսյան անկուսակցականը, ով հանկարծ, վերջին մեկ-երկու օրում որոշել եւ դասախոսական  գործունեությունից քաղաքական դաշտ է տեղափոխվել` շարժառիթ ունենալով իշխանափոխության վերջին իրադարձություններից մեր աշխարհաքաղաքական վտանգված դիրքը, խաթարման միտված ազգային  արժեքները, հազարամյակներով մեզ հասած հայի տեսակը, միտքը, նրա վաղվա օրը:

Ինչի՞ց, ո՞ր պահից  հասկացավ Գարեգին Պետրոսյանը, որ ազգի լինել-չլինելու  տագնապի զանգը հնչեցված է, մանավանդ, որ ինքը նախկինում հանրապետական կուսակցության համակիրը չէր, ավելին,  ինչպես ինքն է ասում, շատ հարցերում դեմ էր նրա վարած քաղաքականությանն ու գործելաոճին, պայքարել է դրանց դեմ:

Բայց, ահա, փոփոխված իրավիճակը մտահոգությունների տեղիք տվեց, նա ոչ միայն հասկացավ, այլեւ, իր միջով հոսող պապերի արյունն ուղղակի ընդվզեց այն ամենի դեմ, ինչը նորերի կողմից արվում էր հանցավոր անփութությամբ, սիրողական հարթակում, ինչն, ուղղակի նման էր ազգադավության, ազգային արժեքների, դարերով ամրագրված հասկացությունների, հավատքի եւ ինքնության, մի խոսքով, հայի բացառիկ մաքուր գենի դեմ:

Ի՞նչն էր, առավելապես, Գարեգին Պետրոսյանին վրդովել նորերի վարած կուրսի մեջ: Նա կանգ առավ ընտանեկան սրբությունների, հավատքի ուրացության փաստերի վրա` պակաս չկարեւորելով նաեւ մյուս հարցերը:

- Տեսեք, հայ ընտանիքում միշտ էլ մեծ նանն ունեցել է իր տեղն ու դերը, դարեր շարունակ գերդաստանը սրբացրել է մեծ մորը, ենթարկվել նրա հաստատած կարգ ու կանոնին:

Նա օրինակ բերեց Թանգյանների իր մեծ տատին, ով դեռեւս անցած դարասկզբին ոչ միայն իր ընտանիքի, նաեւ ողջ թաղի սրբությունն էր, նրա խոսքին էին հետեւում ամենքը` ոչ միայն ընտանիքի պահպանման, վարման  հարցերում, նաեւ` հայրենասիրության, ռազմական իրավիճակում` տղամարդկանց ոգեւորելու, հաճախ էլ` իմաստուն խորհուրդներ տալու գործում:

Վերցնենք  Փառանձեմ թագուհուն, Սահյանի մեծ նանին նվիրած ստեղծագործությունները, շատ ու շատ հեռուն էլ կարող է նա գնալ: Հայ իրականության մեջ ի՞նչ գենդերային հավասարության խնդրի մասին է հարց բարձրացվում, արհեստական սրացումներ կատարվում, երբ ողջ ճշմարտությունն արդեն կա, երբ մեծ նանը իր շերեփի տերը լինելով` մի ողջ ընտանիքի պաշտանմունքն է դառնում:

Գարեգին Պետրոսյանն այդպիսով` ամենեւին չի նսեմացնում հայ կնոջ առաքելությունը, չի բարբառում, ավելին, կողմնակից է այօրվա հայ կնոջ բազում հավասարություններին, բայց փաստը մնում է այն, որ հայ կինն այսօր եւ երբեք էլ ստորադասված չի եղել ընտանիքում, նա ծնվել է այնպիսին, ինչիպիսին կա այսօր, նրա հիմնական առաքելությունը եղել եւ մնում է նույնը, չպետք է թույլ տալ, որպեսզի վայ քաղաքակրթությունն այնքան խաթարի այն, որ մենք կորցնենք ընտանիքի պատկերի մեր ըմբռնումը:   Մինչդեռ, ի՞նչ է պարզվում.  Նա, իբր, այսօր շատ է տանջված, պետք է գենդերային հավասարության ենթարկվի, ավելին, զավակներ չծնի, որովհետեւ երեխան սոցիալական բեռ է:

- Ծիծաղելի է, մենք դուրս ենք եկել բնության դեմ, մենք ավերածություններ ենք առաջ բերում ընտանիքում, ինչը պետություն քանդելու միակ հավաստի ուղին է:

Այն դեպքում, երբ հազարամյակների մեր գոյությունը խարսխված է եղել չորս հիմնական հենասյուների վրա, որոնցից մեկը ընտանիքի հայկական ընկալումն է:

Ես եղել եմ աշխարհի շատ երկրներում. ոչ մի տեղ չեմ տեսել ընտանիքի մեր ընկալումը` ջերմության, սիրո եւ հոգատարության, խղճի ու պարտքի զգացումները: Այ, հենց սրանք են փորձում խարխլել, օտարածին այլասերված բարքեր մտցնել` այդպիսով քանդելով ողջ պետությունը:

Առաջնահերթերից մեկն էլ սա է, որն ինձ դրդել է քաղաքականություն մտնել, բարձր ամբիոններից, հնարավորությանս սահմաններում, բարձրաձայնել, բացատրել, թույլ չտալ, որ մեր գոյության աղբյուրը ցամաքեցնեն, խաթարեն նրա բյուրեղյա մաքրությունը:

Սա ազգադավություն է, ուրիշ ոչինչ: Ի՞նչ է ասում «Թմբկաբերդի տիրուհին» պոեմում` Թումանյանը.

«Թե տիրես, մեծ Շահ, դու նրա սրտին, Թաթուլն էլ անզոր կընկնի ոտքի տակ»:

Դեռեւս այն ժամանակ են հասկացել, որ հայ ընտանիքի ավանդներին, սրբությանը տիրելով` թագավորությունն ու երկիրն է կործանվելու: Արիստոտելը երբ ասում էր` «Ես շնորհակալ եմ, Աստված, որ դու չես ստեղծել ինձ` որպես կին», նշանակում է կինն արժեք չի եղել եվրոպական քաղաքակրթության մեջ: Նույնիսկ Ֆրանսիայում մինչեւ անցյալ դարի 40-ականները, կինը սեղան չի նստել տղամարդու հետ:

Հասկացանք, նրանք չեն ունեցել այդ բարձր գիտակցումը, բայց մեր պարագայում այդ խնդիրը չենք ունեցել: Երբ Արշակ թագավորին տանում էին, Փառանձեմ թագուհին պատվով պաշտպանել է Արտեմիս ամրոցը:

Մեծ մայրը մեզ համար միշտ էլ ընտանիքի սրբություն է եղել, իսկ սա նշանակում է, որ  մենք կարիք չունենք իրավահավասարություն ձեւավորելու: Դրանից առավելն, ինչն ունենք արդեն` ընտանիքի, պետության հիմքերի քանդումն է, հայ առնական տղամարդուն` բնությամբ ուժեղին, կնոջ ու երեխայի  պաշտպանին, ընտանիք կերակրողին` փալաս դարձնելը:

Սա է, մեծ իմաստով, ֆեմինիստների շարժման նպատակը, իսկ ավելի մեծ իմաստով` սորոսյան փողերով ընտանիքի, պետության գլուխը կտրելը: Առանց այն էլ, այս ներդաշնակությունը բավականին խաթարվել էր վերջին տարիներին` սոցիալական բազում խնդիրների պատճառով:

Վոլտերը մի այսպիսի խոսք ունի. «Ես չեմ սիրում այն իրավահավասարությունը, երբ հավասարվում են հավասարն ու անհավասարը»:

Կարծում եմ՝ ենթատեքստը պարզ է, մենք չենք կարող ձեռքի` բոլորն էլ կարեւոր, մատները դարձնել հավասար, իրականում դրանք այդպես են արարվել, ամենքն իրենց գործին ու պարտքին:

Դեմ չեմ կնոջ աշխատանքի իրավունքին, նրա բազմազան տաղանդների դրսեւորմանը, բայց ես համարում եմ, որ հայ կնոջ սրբազան խորանը ընտանիքն է` փոխադարձ ջերմության եւ հոգատարության առկայությամբ:

Հետաքրքիր է, ըստ Գարեգին Պետրոսյանի, նշված խնդիրները մի՞շտ էին պատկերացնում հանրապետականները:

- Ոչ, նրանք էլ միշտ չեն պատկերացրել վտանգները, բայց երբեք այսպիսի ագրեսիվությամբ նախահարձակ չեն եղել ժողովրդի արժեքների դեմ, նրանց դեմ էլ պայքարել եմ այս եւ այլ հարցերով:

Իմ լուսահոգի դասախոսներից մեկը մի անգամ ասաց` քաղաքագիտական գիտելիքները, քաղաքական գործիչ լինելը ոչինչ են, եթե դու մարդ չես, եթե դու չունես խիղճ:

Ո՞րն էր հանրապետականների հիմնական թերությունը.  ինչ-որ պահից սկսած` նրանք  կորցրեցին իրենց խիղճը, ինքնավստահ մեկուսացան, տեսան միայն իրենք իրենց, իրենց շրջապատը, որը իրավամբ բերեց հասարակական դժգոհության, ինչն անխուսափելի էր:

Այս պայթյունը չլիներ ապրիլին, լինելու էր հուլիսին, կամ` մեկ այլ օր, բայց` լինելու էր: Եվ փառք Աստծո, որ եղավ: Երբ կա խնդիր, այն շրջանցելով չի լուծվում:

Պետք է կարողանաս համարձակ նայել խնդրին, հին հունական փիլիսոփաներն ասում էին` նայել մահվան աչքերին, հակառակ պարագայում, դու չես կարողանա լուծել խնդիրը, ոչ էլ կիմանաս նրա լուծման տարբերակը:

Չլուծվեցին բեւեռացված խնդիրները, բնականաբար, եղավ այն, ինչ պետք է լիներ. հասարակական պայթյուն: Ժողովուրդը հավատ չուներ իր վաղվա օրվա նկատմամբ:  Նորերը եկան ու ասացին, որ բերել են վաղվա օրվա հանդեպ կորած հավատը, որ այսուհետ  հայ ազգը հպարտ է եւ երջանիկ, որովհետեւ ազատվեց հներից, հին համակարգից:

Եվ նախաձեռնեցին ամեն ինչ ջարդուփշուր անել` սկսելով հայ ընտանիքից,  մինչեւ նրա հազարամյակների հավատքը, ազգային արժեքներից` մինչեւ ստեղծված, արդեն կատարված գործերը,  մինչեւ` կադրային, եթե չասեմ` ծիծաղելի, ապա` սխալ նշանակումներ, վերից-վար, պրոֆեսիոնալ, արդեն կայացած եւ լավագույն կադրերի ազատումներ:

Այստեղ էլ սայթաքեցին եւ լուրջ սխալներ թույլատրեցին: Բոլոր ոլորտներում, առավելապես` հոգեւոր, երկրի արտաքին ու ներքին անվտանգության, նրանց վարած քաղաքականությունը դեմ առավ ժողովրդի թաքուն, ապա` բացահայտ ընդվզումներին, առողջ մտածող մարդկանց քննադատումներին:

Այստեղ էլ սկսվեց օրհասը, ժողովուրդը գիտակցեց, որ այս ամենը տանում է թեթեւ ձեռքով` ազգի կործանման, գուցե հետագայում էլ` մեր այնքան երազած` պետականության վերացման:

Ահա, այս շարժառիթներով` ես էլ կտրուկ որոշեցի մտնել քաղաքական դաշտ, կանգնել ժողովրդի կողքին` ցանկանա նա, թե` ոչ, եւ պաշտպանել վաղվա` նրա լինելության իրավունքը:

Նույնիսկ Սովետական Միությունում, երբ հավատքն ընդունելի չէր, երբ այդքան բուռն պայքար էր մղվել նրա դեմ, առհասարակ` ազգայնականության դեմ, դարձյալ կարճ ժամանակում գիտակցվել եւ հավատքին փոխարինելու է եկել ժողովրդի հավատը` վաղվա օրվա հանդեպ: Վաղվա օրվա հանդեպ հավատը շատ կարեւոր է, սպանեցիր այն` սպանում ես ժողովրդին:

Նոր իշխանությունների խոստացած այս հավատն այսօր հասել է զրոյական մակարդակի եւ օր-օրի` սանդղակն ավելի է իջնում: Հասկացանք, փոփոխությունների ալիք է եկել, կեցցեն իրենց, որ կարողացան փայլուն կերպով օգտագործել ժողովրդի կուտակված սոցիալական դժգոհությունը հներից եւ պայթյուն առաջ բերել համակարգի մեջ:

Բայց, հարց է առաջանում. ի՞նչ էր նրանց ուզածը, արդյո՞ք` լուրջ բարեփոխումների հասնելը, թե՞` իշխանություն, ավեր ու քաոս բոլոր ոլորտներում, սրանք տարբեր բաներ են:

Պարզվեց` վերջինը, եւ` ամենախայտառակ մտադրություններով, ամենասիրողական հարթակներից: Եղավ այն, ինչ եղավ, կատարվեց հեղաշրջումը, սպասելիքն, ավաղ`  «ինչպես միշտ» ավարտով: Ավելին, փառք ու պատիվ տվեցինք նախորդներին:

Այն պայմանական լավը, ինչ հիմա կատարվում է նորերի կողմից` հների վատ նմանակումներն են, բոլոր մյուս ենթատեքստերը տանում են ազգային ինքնության կործանման, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության, նրա անվտանգության փորձության եւ ձախողման:

Էլի եմ ասում, ես հանրապետական չեմ, բայց դա չի խանգարում կանգնել նրանց կողքին, անկախ նրանից` ժողովուրդն ուզու՞մ է ապրել, պահպանվել, թե` ոչ, փրկել նրան կործանումից:

Դա հայ մտավորականի իմ պարտքն ու պատասխանատվությունն եմ համարում` ազգի համար ստեղծված այս դժվարին, եթե չասեմ` եզրային  եւ օրհասական օրերում:

Ի՞նչ է ասել Չարենցը` խորհրդային անհավատության տարիներին, ինչը նույնպես հարաբերական եմ համարում. ամենամեծ հավատը, նախ եւ առաջ, մարդու խիղճն ու արած գործերն են:

Չարենցն ասել է. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի պայծառ ապագան»:

Ահա, այս հավատը` թե սեփական ուժերի նկատմամբ, թե` առ հայրենիքի ապագա, պետք է պահպանել, սա պետք է վերականգնել` բոլոր մյուս խաթարված արժեքների հետ:

Մեկ օրինակ էլ, եւ` թեման փակենք, ցեղասպանության ժամանակ մարդիկ գիտեին, որ գնում են անվերդարձ եւ` անհայտություն,  բայց իրենց տան բանալին դնում էին մուտքի շորի տակ` հավատալով, որ մի օր կվերադառնան:

Իսկ ի՞նչ է մտածում Գարեգին Պետրոսյանը  նույն Չարենցի արտահայտած` ժողովրդի հավաքական ուժի մասին: Չէ՞ որ այս տարվա մայիսին, կարծես թե, մենք տեսանք այդ հավաքական ուժը:

- Տեսանք, դա իրոք հավաքական ուժ էր, արդեն ասացի` հմտորեն ուղղորդված, եւ, ցավոք,  դեռ լիովին  հայտնի չէ` ո՞ր երկրի արտաքին ուժերի կողմից էր այն տարվում:

Բոլոր դեպքերում` խնայենք մեր նյարդերը եւ  մտածենք, որ դա, իրոք, այն ժողովրդական պայթյունն էր, որը սպասելի եւ անխուսափելի էր եւ որը պետք է նույն համախմբվածությամբ եւ  հանգամանորեն օգտագործենք` ի շահ ազգի, նրա բացթողումների վերացման` կոռուպցիա, սոցիալական աղետ, թայֆաթիմաբազություն:

Նորից ասեմ` նախկինները մի պահից սկսած`  ժողովրդից  մեկուսացան,  գնացին բեւեռացման, ինչը չարիք դարձավ ժողովրդի համար:

Նրանց թվաց, թե իրենք օժտված են գերունակություններով եւ կարող են միայնակ կառավարել երկիրը` առանց ժողովրդի, նրա մարդկանց կարծիքի հետ հաշվի նստելու:

Մեկ օրինակ` մտնում ես Եվրոպա, տեսնում ես, ասես, մեկ զանգված, որն անկապ` մեկուսի շարժում է հիշեցնում: Մի պահ վերադառնում ես հունական փիլիսոփայության  տեսություններից մեկին, ըստ որի` մեկուսացման մեջ ոչ մի բան ներդաշնակ ու կարգավորված չէ, քաոս է: Մինչդեռ,  մարդը, որը սոցիալական էակ է,  միայնակ չի կարող քաոսը  ներդաշնակության բերել, նա պետք է շփվի, հաղորդակցվի այլ մարդկանց հետ, նա դրա կարիքը ունի: Նա տարբերվում է ոչ միայն հոգեւոր, գիտակցական, բանական առանձնահատկությամբ, նաեւ` սոցիալական իրավունքով: Մաուգլին դասական օրինակ է. թողեցիր կենդանիների մեջ, ինքն էլ է դառնում այդպիսին, նմանվում կողքի` տվյալ կենդանուն:

Պատահական չէ, որ քրեորեն ամենածանր պատիժը դատապարտյալին մեկուսարան տանելն է համարվում: Այդպես էլ` երկրները, այդպես էլ` երկրի ներսում: Իշանությունները եթե մեկուսացվեցին` նրանք հեռանալու են ժողովրդից, դառնալու հրեշավոր մի բան:

Դառնանք մեր խնդրին. նոր իշխանությունները ոչ միայն կարծիքներ չեն ուզում լսել, այլեւ` ոչ մի հարցի գնահատական տալու ճշգրիտ չափանիշ էլ չունեն: Հրապարակներում ժողովուրդ հավաքելով, նրա մեջ աղաղակելով, էմոցիոնալ անառողջ բնազդներ արթնացնելով` դեռեւս չի նշանակում, թե դու ժողովրդի պահանջներն ու հոգսերը գիտակցեցիր, դարձար նրա մի մասնիկը: Ժողովուրդ ղեկավարելը, նրա համար գործ անելն այլ բաներ են,  մեծ եւ բազմակողմանի ունակություն է պահանջում: Նորերի առաջարկածը միայն առերեւույթ ուրախացնող է, դրանից այն կողմ` լիքը խնդիրներ կան, որոնց վրա նրանք բացարձակ աճպարարություն են անում, խաղում, վերածում մեծ թատրոնի ներկայացման:

Իսկ սա` էլ ավելի վատթար եղանակով, մարդկանց տանում է  ինքնամեկուսացման, վաղվա օրվա հավատիջախջախման, ինչը ոչնչացում է նշանակում, սպանում է մարդու մեջ` մարդուն:

Գարեգին Պետրոսյանը մտավախություն չունե՞ր, երբ առաջադրվելով ՀՀԿ կուսակցության կողմից, ինքը եւս կդառնա այն «մենակներից» մեկը, ովքեր դուրս են գալիս շատ-շատերի դեմ` նրանց վերափոխելու, ազգի համար ճշմարիտ ճանապարհը ցույց տալու, խոսք ասելու առաքելությամբ: Չէ՞ որ նրա գաղափարախոսությունը, որը բխում է հանրապետականի մտահոգություններից, կարծես ոչ-ոք չի ուզում լսել:

Ինչպիսի՞ն է տեսնում իր ընտրվելու հնարավորությունը ռեյտինգային ընտրացուցակով եւ` հանրապետականի համասնական հնարավորությունները: 

- Շատ ճիշտ եք, շնորհակալություն: Տեսեք, ես նախապես պատկերացնում էի, բայց այստեղ մեկ ուրիշ` ժամանակի ընթացքում ձեւավորված, սկզբունքային համոզմունք կար իմ մեջ: Ես միշտ մտածել եմ. եթե ես հստակ գիտեմ, թե  ինչ եմ ուզում, ուրեմն, կարող եմ,  ճիշտ ճանապարհի վրա եմ: Իսկ ես քիչ բան եմ ուզում, ընդամենը` մարդիկ գիտակցեն, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ եւ բախտորոշ  խնդիրների ու մարտահրավերների առջեւ, ինչի հետ պետք է  հաշվի նստել, դրանք լուծելու ճանապարհներ որոնել, ոչ թե` աչք փակելով, շղարշներ նետելով եւ ինքնախաբեությամբ զբաղվելով,  այսօրվա իշխանության, նախարարների թեւերի տակ փափուկ բարձեր շարելով:

Այսօրվա երիտասարդ նախարարներից  շատերին ճանաչում եմ, նրանք  սոսկ կարիերիստական բնազդներով, ինտրիգների մեջ թրծված, իրենց թերարժեքությունը ցինիզմի վերածած մարդիկ են, ովքեր, ողբամ, այսօր կրթության, մշակույթի եւ այլ կարեւոր ոլորտների նախարարներ են եւ յուրաքանչյուր պետական հարց  քննարկում են ուսխորհրդի  մակարդակով:

Որպեսզի կարծիք չստեղծվի, թե ես սուբյեկտիվ գնահատական եմ տալիս, միայն  կասեմ. այսօր եթե ես ընդունել եմ հանրապետականին, նրա գաղափարախոսությունը, ապա ես պատրաստ եմ ընդունել յուրաքանչյուրին, ով կփորձի լավն ու օգտակարն անել մեր ազգի համար:

ՀՀԿ կողմից առաջադրված Գարեգին Պետրոսյանն, այնուամենայնիվ, ինչպիսի՞ առաջնահերթություններով է մտնում խորհրդարան, ինչպե՞ս է տեսնում «պայթյունից»  առաջացած տիղմի մեջ հանրապետականների արդյունավետ նավարկելը:

Ինչպե՞ս է, առհասարակ, գնահատում անձամբ իր եւ հանրապետականների ուժերը: Պատրա՞ստ է իր ասելիքը հավուր պատշաճի հնչեցնել, հասցնել ժողովրդին, հասնել բարոյական, սոցիալական  խնդիրների լուծման:

Թեկնածուն սկսում է իրենից.- Նախ, աչալուրջ հետեւելու եմ, որպեսզի «իմ քայլականները»  տառ-տառ կատարեն ընտրարշավի ժամանակ ժողովրդին տված խոստումները: Սա` ընթացիկ, սկզբից մինչեւ վերջ, որքան ժամանակ գտնվեմ օրենսդիրում: Ասեմ, որ մինչ այս պահը, նաեւ` իրենց ներկայացրած ծրագրերից` անգիր գիտեմ բոլոր խոստումների, չկատարածների մասին:

Այնուհետ, փորձելու եմ ջնջել այն ջրբաժանը` սեւերի ու սպիտակների միջեւ գծված, որը նորերի որդեգրած կուրսն է: Հայ ազգի մեջ ջրբաժաններ չպետք է լինեն, մենք իրավունք չունենք ոչ աշխարհաքաղաքական, ոչ` բարոյական, ոչ սոցիալական, ոչ մի առումով` գտնվելով կործանման եզրագծում,  ջրբաժաններ գծելու:

Քաղաքականության, քաղաքական համակարգի մեջ էլ կենսաբանական, բնության օրինաչափություններ կան. առողջացնել, բուժել, ոչ թե փորփրելով` տարածել գոյացությունը ողջ մարմնով: Այսպես` ժողովրդի իմունիտետն է թուլանում եւ ավելի հեշտ է, իշխանությունը սկսում է օգտագործել նրա հիվանդագին վիճակը եւ առաջ տանել իր խելահեղ մտադրությունները:

Այն, ինչ տեղի է ունեցել, ես դա ընդունում եմ որպես անշրջելի կետ, որի վրա պետք է կառուցվեն հետագա մեր անելիքները:

Ես չեմ ասում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ արել է` սխալ է արել, բայց արդեն կատարվածը, որը պայմանական համարենք ինքնամաքրման հրավեր, պետք է արդյունավետ շարունակել: Այս «պայթյունը» ես համարում եմ նաեւ իմը: Ես էլ իր պես պայքարել եմ հանրապետականների սխալների դեմ, ես ինքս էլ հետեւել եմ շարժմանը` սկզբից  մինչեւ վերջ, գնահատել նրա դրականը:

Բայց այն պահից սկսած, երբ նա սկսել է ազգի համար վճռորոշ օրերին  անթույլատրելի սխալներ գործել, նրան տանել բարոյական, տնտեսական, ով գիտե, վաղն էլ` ֆիզիկական կործանման, պետք է կանգնեցնել նրան, շնորհակալություն հայտնել եւ ասել` իսկ հիմա հեռացիր,  այլեւս անելիք չունես:  Նա կատարել է այն, ինչը կարող էր կատարել: Մնացածը ոչ միայն վեր է իր ուժերից, այլեւ` հարբած վարորդի պես ղեկն աջ ու ձախ է պտտում: Մինչդեռ, նա դուրս է գալիս վարչապետի իրեն տրված սահմաններից եւ ավերածություններ գործում նաեւ մյուս ոլորտներում, հաճախ էլ` իրեն չպահելով պատշաճ բարձրության վրա, էժանագին սպառնալիքներ տեղում: Այլ բան է կատարման եղանակ առաջարկելը, այլ բան` կատարելը: Նա, թող ինձ ների, ոչ կատարման եղանակ առաջարկել գիտե, ոչ էլ առավելապես` կատարել այն:

Հիմա, քանի որ շեղվեցի զրույցից, նորից դառնամ հարցին: Չեմ հոգնի կրկնել. իմ առաջնահերթություններից կարեւոր եմ համարում հայ ընտանիքի ավանդական արժեքների պահպանման, նրանց առաջքաշման եւ պահպանման խնդիրը:

Անխոնջ պայքար եմ մղելու,  երբ հարցը վերաբերի երկրի անվտանգությանն ու Արցախի ապագային, բանակի մարտունակությանը: Միայն սոցիալական խնդիրներ, էմոցիաներ շահարկելով եւ իշխանություն ձեռք բերելով չէ: Փաշինյանը պետք է պատկերացներ` վարչապետ դառնալուց առաջ, որ իրեն սպասում են շատ ավելի մեծ, ազգի հոգեւոր եւ ֆիզիկական գոյության համար հրատապ խնդիրներ, որոնց լուծման բանալին ժողովրդի ոգեւորելն ու ճանապարհներ փակելը չէ:

Երկրի անվտանգության հարցում պատրաստ եմ միանշանակ կանգնել նաեւ նորերի կողքին, պատրաստ եմ բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ, միասնաբար,  եղբայրաբար  հարց լուծել:

Բոլոր մյուս դեպքերում, ասացի, անդուլ պայքարելու եմ` վերականգնելու հայ ընտանիքի պատիվը, չթույլատրելու այլասերված բարքերի ներմուծումը, սորոսայնացման դեմ, որն այսօր մերժված է շատ ու շատ երկրների կողմից, նույնիսկ` Թուրքիայի:

Սրանք խնդիրների դեռ մի  մասն են, մենք ունենք նաեւ վերջին ամիսներին հետեւեւողական կործանվող տնտեսություն, որի վերջնական փլուզումը ոչ պակաս ճակատագրական կլինի ժողովրդի համար: Ահա, թե ինչո՞ւ են մտահոգված հանրապետականները, ովքեր իրենց փորձից, թույլ տված բացթողումներից բավականին օգտակար  եւ անհրաժեշտ դասեր ունեն քաղած եւ պարզ տեսնում են, որ միտումնավոր, թե նաեւ` ոչ պրոֆեսիոնալ, տղայական  եղանակներով ու  միջոցներով` տնտեսությունը տարվում է կաթվածահարման եւ ոչնչացման, անհարկի գնաճի, աշխատատեղերի կրճատման, աշխատանքից` պրոֆեսիոնալ կադրերի ազատումների եւ սիրողական մակարդակում գտնվող` նորելուկների ներգրավման:

Քավ լիցի, ես դեմ չեմ երկրի երիտասարդացման, բայց` ոչ ղեկավար, երկրի համար կարեւոր պոստերում, եւ բարի լինեն դա անել` ոչ պրոֆեսիոնալ, երկրի համար ոսկե ռեզերվ հանդիսացող կադրերի հաշվին, ովքեր ճանապարհ են անցել, փորձ ու գիտելիք ունեն,  պատասխանատու եւ գիտակ են:

Մեծ է լինելու հանրապետականների դերը խորհրդարանում` երկրի զարգացման, երկիրը` բոլոր առումներով,  ճգնաժամից դուրս հանելու գործընթացում, եւ ես համոզված եմ, նրանց եւ նրանց կողմից առաջադրվածիս  առաքելությունը ծանր է լինելու, փշոտ,  բայց` փրկարար: Պտուղները չեն ուշանա, ժողովուրդը կտեսնի, որ ՀՀԿ-ն  ամենավստահելի, որոշիչ ընդդիմություն է լինելու, պայքարելու է նրա իրավունքների, ազգային արժեքների պահպանման, ժողովրդի բարեկեցության  եւ անվտանգության համար:

Ժամանակը ցույց կտա: Ի վերջո, նոր իշխանություններն անցյալը քննադատելով ձեւավորեցին որոշակի վարկանիշ, օգտագործելով սոցիալական գարշապարը` եկան իշխանության:Մի պահ պատկերացնենք. չկա անցյալ, չկա հանրապետական կուսակցություն, ասենք, նա  ինքնաբացարկ է հայտարարել, չի մասնակցում ընտրություններին: Համոզված եմ,  Նիկոլ Փաշինյանը բացարձակ հեղինակություն չէր ունենա: Նրա հեղինակությունը նախորդ համակարգից  է սնվում:

Եթե դու չես առաջարկում ավելի լավը դառնալու, ավելի լավ ապրելու, ավելի ճիշտ գործելու կոնկրետ ծրագիր , ուրեմն, հավատ չես ներշնչում,  պետք է հեռանաս: Հների ոչնչացման հաշվին սնվելով` նորը չի կարող երկար գոյատեւել, եթե, մանավանդ, այդ  նորը, դիցուք,  պատառոտված ջինսե անդրավարտիքն է, հինն էլ` չպատառոտվածը:Թվում է` հասարակ օրինակ բերեցի, բայց` այդպես չէ: Այդ մի զարկով պատառոտվածը, որ նոր է համարվում, որքան ժամանակ պետք է կրվեր, որ դառնար այդպիսին:

Այն դեպքում, երբ նորը պետք է նոր հավատ առաջացներ, ոչ թե հինը վայրագաբար պատառոտեր եւ ասեր` սա մեր նորն է, երկրպագեք, ասել է թե` իմիտացիա, պատրանք` նորի: Սա արհեստական գործելաոճ է, ինչից օգտվել են աշխարհի անարխիստ երկրները, նրանց բռնակալ տերերը` սկսած Հիտլերից:

Նորը ինձ համար ուրիշ հասկացություն է` իրական, փաստացի արդյունքով, ոչ` խոսելով, կամ` պատառոտելով: Ահա, մեկ օրինակ, նորը եկել եւ, ասենք, մեր 29 հազար քառակուսի կիլոմետրը խոստացել է դարձնել, ենթադրենք, 60 հազար ք/կմ: Սա ինձ համար կլինի նոր: Նույնը` բոլոր մյուս հարցերում: Մարդիկ չեն հասկանա` ի՞նչ է նորը, եթե կոնկրետ չտեսնեն այն, չհամեմատեն հնի հետ:  Իսկ մարդիկ տեսնում են. ահա սա են ուզում ջնջել նորերը: Չպետք է սպանել` նորից վերածնելու համար, սա ծիծաղելի է, խնդիրները լուծում են` թերացումները շտկելով:

Ինչ վերաբերում է իմ մտավախությանը, որ մենակներից մեկն եմ դարձել, կամ` դառնալու, օրենսդիրում խոսք ասելու եւ լուծման տանելու  ունակությանս, իմ ընտրվելու  եւ, առհասարակ, հանրապետականների ունեցած հնարավորություններին, կփորձեմ կարճ պատասխանել. մենակների  շարքերը լրացնելում` կանխատեսել, բայց  մտավախություն չեմ ունեցել, քանի որ լիարժեք համոզված եմ, թե ինչ եմ ուզում` քաղաքական դաշտ մտնելով եւ, գիտեմ, հանրապետականներն էլ ինձ պես վստահ են իրենց ասելիքում:

Մենք հաստատապես ասելիք ունենք խորհրդարանում, որովհետեւ պարզ գիտակցում ենք, որ երկիրը տանում են «ոչ մի տեղ» ճանապարհով եւ տագնապի SOS բարձրացնելը հայի մեր պարտքն է: Կրկնեմ վերը ասվածս. անկախ նրանից, թե ժողովուրդը լիարժեք գիտակցում է այդ օրհասը, թե` ոչ, շնորհակալություն կհայտնի, թե` ոչ, մենք նրան օգնելու ենք, փորձելու փրկել` բազում աղետներից:

Լիովին պատկերացնում եմ բոլոր  դժվարությունները, քաղաքական փորձառու գործիչների հետ կռիվ տալը հեշտ չի լինելու, բայց  վստահ եմ  դրանց հակադարձելու, ճշմարտությունը վեր հանելու ուժերիս եւ  ունակություններիս` հոգեւոր, թե` գաղափարական, եւ թե` մյուս ոլորտներում:

Վստահ եմ, որ այս ընտրություններում հանրապետականը հաղթելու է, ավելին, նա արդեն հաղթել է»:

Պարզ է, առայժմ սա` ոչ ուղղակի իմաստով, բայց բոլոր հիմքերն արդեն կան, որ նա կլինի  լուրջ խորհրդարանական ուժ եւ իր վճռական պայքարում  կնվաճի ժողովրդի վստահությունը` այս ու հետագա ընտրություններում:

Ասել է թե` Գարեգին Պետրոսյանը նկատի ունի հանրապետականի, բացի իշխանականից` մյուս բոլոր կուսակցությունների համար սահմանված 5 տոկո՞սը:

- Ոչ բնավ, 5%-ի խնդիրը չկա այստեղ: Մեր սահմանադրության մեջ տոկոսային այս դրվածքը  ես լուրջ բացթողում եմ համարում,  30% ասվածն անբնական սահմանազատում, կամքի արտահայտման ազատության սահմանափակում է նշանակում: Գարեգին Պետրոսյան թեկնածուն իր նման չէր լինի, եթե վերջում էլ խոսքը չհամեմեր հին Հունաստանի Պելեպոնեսյան` հույն-պարսկական  պատերազմի դրվագներով,  «անգիտակից մասսայի»  կողմից բռնության եւ ծեծի  ենթարկված  փիլիսոփա Կերկեգորի  խոսքով` տեսա՞ք, որ ես ճիշտ էի:

Ի՞նչ է ստացվում, Գարեգին Պետրոսյանը պատրաստ է նույնիսկ «ծեծվելո՞ւ»`  գերակայություն ստացած իշխանական թեւի կողմից եւ, այնուամենայնիվ, կանգնելու եւ ասելու` տեսա՞ք, որ ես ճիշտ էի:

- Միանշանակ, ոչ միայն պատրաստ եմ  «ծեծվելու»,  նաեւ` մեռնելիս էլ` համոզված իմ ճշմարտացիության մեջ, ասելու եմ, որ ես ճիշտ էի:

Իսկ ինչպե՞ս կամփոփեր խոսքը Գարեգին Պետրոսյան թեկնածուն: Պարզվեց` այն ավարտ չունի, դրանից հետո մենք զրուցեցինք եւս երկու ժամ, լսեցի մեկը մյուսից հետաքրքիր` գիտական, փիլիսոփայական, բանաստեղծական եւ դիցաբանական  մտքեր` մեր ցավոտ իրականությանը, քաղաքականությանն ու խնդիրներին հանգող, դրանք հիմնավորող, եւ որոնք, կարծում եմ, ծավալով թերթի ձեւաչափին հարմար չեն: Այնուամենայնիվ, նախընտրեցի այս մտքերն` իբրեւ ավարտ. 

- Ավարտեմ այսպես. այսօրվա իշխանությունների կամայականությունների դեմ միակ հակակշիռ ուժը հանրապետական կուսակցությունն է, եւ  դա իշխանություն զավթածներն էլ  էլ զգում են` ամեն քայլափոխի եւ ամեն ինչում վարկաբեկելով նրան:

Բայց, ինչպես ասում են, մախաթը պարկում երկար չես թաքցնի, իրականությունից էլ չես փախչի. այսօր արդեն ժողովրդի մի մեծ, գիտակից զանգված  հիասթափվել է, գիտակցում է իր գլխին կախված փաշինյանական աղետն ու նրա կործանարար խաբկանքը, հիմնազուրկ, ավելին, գոյություն չունեցող  «գաղափարախոսության» ողջ պերճանքն ու թշվառությունը: 

….Դե ինչ, շնորհակալություն հայտնենք ՀՀԿ կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` անկեղծ զրույցի համար եւ ընտրապայքարում մաղթենք հաջողություն:

                     

Զրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




 

 

 

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33