Հանրային քննարկում՝ առկա իրավիճակի եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ հակասական ու ոչ արժանահավատ թվերով

24.09.2015 14:27
2280

Սեպտեմբերի 23-ին Կապանի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հանրային քննարկում:

Հիշեցնենք, որ նախապես հանրային քննարկման վայր էր ընտրվել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի տեղեկատվական կենտրոնը: «Սյունյաց երկրի» առաջարկությամբ, սակայն, քննարկման վայրը փոխվել էր՝ հաշվի առնելով, որ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի մերօրյա գործունեության հետ ամեն ինչ վերապահումով է ընկալվում:

Հանրային քննարկումը վարում էր Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով չփորձեց դուրս գալ վարողի անմեղ դերից եւ դիրքորոշում հայտնել Կապան քաղաքի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ:

Քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանն էլ տեղեկացրեց, որ խնդրո առարկայի շուրջ, իրոք, հանրային քննարկման առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 19-ին, այն էլ՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի տեղեկատվական կենտրոնում: Ավելի ուշ պարզ դարձավ նաեւ, որ հանրային քննարկում կոչված այդ միջոցառմանը մասնակցել է 11 հոգի, որից՝ 6-ը՝ կոմբինատի ներկայացուցիչ, 3-ը՝ Կապանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, 2-ը՝ էկոլոգիական փորձաքննություն իրականացնող «Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ:

Արդյունքում՝ մասնակիցները հավանություն են տվել իրենց իսկ ներկայացրած հայտին:

Եվ ահա «հավանության արժանացած» հայտի մասին սեպտեմբերի 23-ին եղավ երկու զեկուցում, որոնք առավել քան մակերեսային էին, իսկ ավելի ճիշտ՝ փաստարկման ու հիմնավորման առումով՝ ոչինչ չասող: Երկրորդ զեկուցողի խոսքը, բուռն ցանկության դեպքում անգամ, լուրջ խոսք համարել հնարավոր չէ:

Այդ բոլորով հանդերձ՝ հանրային քննարկումը նախապես գծված սխեմայով տեղի չունեցավ: Պարզվեց, որ Գեղանուշի պոչամբարի առկա իրավիճակի եւ ծրագրերի իրականացման շնորհիվ ակնկալվող արդյունքների վերաբերյալ գրեթե բոլոր թվերը (միեւնույն հարցի վերաբերյալ ներկայացված) իրար չեն համապատասխանում կամ արժանահավատ չեն: Եվ նման իրարամերժ, հակասական թվերի առկայության դեպքում հանրային քննարկումը չկասեցվեց. դա՝ ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանի առաջարկությամբ:

Արդյունքում՝ պատասխան չտրվեց գլխավոր հարցերին՝

ա) ի՞նչ խնդիրներից ելնելով է բարձրացվում եւ ամրացվում Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշը,

բ) առաջարկվող ծրագրի արդյունքում պոչամբարի տարողունակությունը չի՞ մեծանա արդյոք. չէ՞ որ 32 հա տարածք ընդգրկող պոչամբարի հյուսիսային պատնեշը կբարձրանա 40 մետրով,

գ) ի՞նչ ազդեցություն է ունենում եւ ունենալու Գեղանուշի պոչամբարը Կապանի եւ ազդակիր մյուս համայնքների բնակչության կյանքի եւ առողջության վրա,

դ) որքանո՞վ է լցված Գեղանուշի պոչամբարը եւ ինչքա՞ն դատարկ տեղ ունի պոչամբարը դեռեւս,

ե) ինչո՞ւ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն չի իրականացրել պոչամբարի ռեկուլտիվացիայի պահանջը՝ դեռեւս 2006-ին առաջադրված:

Հանրային քննարկման առաջին իսկ փուլից սկսած անտեսվել է՝ այս դեպքում ամենաազդակիր համայնքը՝ Գեղանուշը, որի վարչական տարածքի մեջ է մտնում պոչամբարի մի մասը: Հանրային քննարկման ո՛չ առաջին փուլում, ո՛չ երկրորդ փուլում այդ համայնքը ներկայացուցիչ չի ունեցել. բացթողման պատճառը նույնպես չպարզաբանվեց:

Ելույթ ունեցողներից մեկի նկատառումը, թե Գեղանուշում բնակվող բժիշկ Սարիկ Աթաջանյանը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է կատարել եւ արձանագրել պոչամբարի՝ գյուղի վրա ունեցած ծայրահեղ վտանգավոր ազդեցությունը, արժանացավ մեկ-երկուսի մամռոտ արձագանքին. «Սարիկ Աթաջանյանը ջարդվածքաբան է… »: Ռեպլիկի հեղինակներն այդպես էլ չկամեցան հիշել, թե ինչպիսի ահազանգող հրապարկումներ են եղել ու կան մամուլում Գեղանուշ գյուղի վրա պոչամբարի կործանարար ազդեցության մասին:

Լուրջ, հիմնավոր ու փաստարկված պատասխանի չարժանացավ Գեղանուշի ճակատագրով մտահոգվածի մյուս հարցը՝ արդյո՞ք Կապանի կոմբինատը չի մտածում Գեղանուշ գյուղի տեղափոխման մասին:

Ի դեպ, հանրային քննարկմանը մասնակցելու եկած գրեթե բոլոր անձինք, որքանով հասկացանք, ազնիվ եւ անկեղծ մտադրություն ունեին: Սակայն կոմբինատի վարիչ Հրաչ Ջաբրայանը՝ հավատարիմ իր տեսակին, անհարկի զգուշացում արեց՝ այս դահլիճում կան մարդիկ, ովքեր կարող են եւ հուզական մթնոլորտ ստեղծել ու չհարգել քննարկման ընթացակարգը, այդ դեպքում մենք կդադարեցնենք հանրային քննարկումը: Հետո (ընթացքում) անտեղի փորձ արեց ընդհատել միանգամայն ողջամիտ հարցեր հնչեցնող Արթուր Ղազարյանին, ով էլ կոչ արեց տնօրենին՝ չիջնել փողոցի մակարդակին եւ չխոչընդոտել քննարկման իրավական ընթացքը:

Ամենատարօրինակը, այդ բոլորով հանդերձ, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ տիկին Ազգուշի դիրքորոշումն էր: Գրեթե բոլոր դեպքերում համամիտ էր հնչող տեսակետներին (ե՛ւ դրական, ե՛ւ բացասական), բայց եւ կոչ արեց քննարկումը շարունակել, թեեւ ներկայացված թվերից ոչ մեկը (ինչպես նշեցինք) մյուսին չէր բռնում, թեեւ հայտատուն բարձրացված հարցերից եւ ոչ մեկին փաստարկված ու ողջամիտ պատասխան չէր տալիս: Ավելի ուշ էլ կոչ արեց հայտը չվերադարձնել լրամշակման, թեեւ դրա կարիքն իսկապես կար:

Եվ քանի որ հանրային քննարկմանը մասնակցում էր ընդամենը մեկ մասնագետ՝ Արթուր Գրիգորյանը, ապա կարելի է ասել, ներկայացված հայտը խորը եւ պատշաճ մասնագիտական վերլուծության չենթարկվեց:

Ինչեւէ, Գեղանուշի պոչամբարի շուրջ հանրային քննարկման երկրորդ փուլը եւս ավարտվեց: ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը հավաստեց, որ բարձրացված բոլոր հարցերին ժամանակի ընթացքում կտրվեն անսուտ պատասխաններ՝ մասնագետների ու փորձագետների կարծիքով համեմված: Մինչ այդ, հույս ունենք, Կապանի քաղաքապետարանն ու Գեղանուշի գյուղապետարանը եւս կարտահայտեն իրենց պաշտոնական դիրքորոշումը Գեղանուշի պոչամբարի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Հանրային քննարկումից հետո «Սյունյաց երկրի» լրագրող Արմինե Հարությունյանը զրույց ունեցավ էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանի հետ: Հարցազրույցը՝ ստորեւ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ


Արթուր Գրիգորյան. «Թվերի հստակեցումից հետո միայն հնարավոր է համապատասխան եզրակացություններ անել»

Սեպտեմբերի 23-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման աշխատանքային նախագծի վերաբերյալ: Քննարկումը վարեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի վարչական ղեկավար Վահե Վարդանյանը ներկայացրեց ծրագրի տեխնիկական մասը, իսկ «Էյ թի էմ էս Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Տեր-Թորոսյանը՝ նախագծի բնապահպանական մասը: Ելույթները լսելուց հետո քննարկման մասնակիցները, ովքեր, մեր կարծիքով, պիտի ավելի շատ լինեին, բարձրացրին հուզող հարցեր, որոնց փորձեցին պատասխանել ընկերության եւ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները: Հնչեցրած հարցերը, որոնք բավականին հիմնավոր էին, վերաբերում էին հանրային քննարկման անցկացման ընթացակարգին, պոչամբարի ծավալներին, կառուցվելիք պատնեշի չափերին, արտահանվող հանքաքարի ծավալներին, ազդակիր համայնքներին, բնապահպանական խնդիրներին, ինչպես նաեւ առաջին փուլում անցկացված հանրային քննարկման արդյունքներին:

Մասնակիցների հնչեցրած հարցերը բավականին մտահոգիչ էին եւ հիմք են տալիս մտածելու, որ հեռանկարային զարգացումները բոլորովին այլ ուղղությամբ են տանելու այս քննարկումները:

Հանրային քննարկումն ավարտելուց հետո հարցազրույց վարեցինք էկոլոգիական իրավունքի մասնագետ Արթուր Գրիգորյանի հետ, ով գնահատեց քննարկման ընթացքը, նշեց այն բացթողումներն ու թերությունները, որոնք կան ներկայացված փաստաթղթում:

- Ինչպե՞ս եք գնահատում հանրային քննարկման երկրորդ փուլը:

- Իմ կարծիքով շատ արդյունավետ անցավ հանրային քննարկման այս փուլը, որովհետեւ մենք քննարկեցինք այն բացերը, որոնք կան հայտում, ֆիքսեցինք նաեւ օրենսդրական ընթացակարգային որոշ թերություններ, որոնք թույլ չեն տալիս այս փուլում ստանալու հարցերի համոզիչ պատասխաններ: Մենք ստիպված պետք է սպասենք մինչեւ հիմնական փուլ, որը ճիշտ չէ, արդյունավետ չէ, եւ մենք իրավական ընթացակարգ ենք տալու այս հարցին, այսինքն՝ այն հանգամանքը, որ փորձագետների տված նախնական եզրակացությանը, որը չի հրապարակվում, մենք մինչ քննարկման գալը չենք ծանոթանում, իրավական խնդիր է, որը միգուցեեւ փորձենք լուծել դատական ճանապարհով՝ հասնելով ընդհուպ մինչեւ կառավարության որոշման փոփոխություն: Միգուցե այլ տարբերակի էլ դիմենք՝ թեկուզ դիմելով կառավարությանը, որպեսզի այս հարցում փոփոխություն մտցնի:

- Հատկապես ի՞նչ  բնույթի սխալ հաշվարկների, թերությունների կամ հակասությունների մասին դուք բարձրաձայնեցիք քննարկման ընթացքում:

- Հիմնական խնդիրն այն է, որ մենք չունենք որեւէ հստակ թիվ պոչամբարի ծավալների, պատվարի բարձրության, լցվածության վերաբերյալ: Թվերը, որոնք իրենք են ներկայացրել, շատ խառն են եւ անարժանահավատ: Սրանք են հիմնական թերությունները, որոնց վերաբերյալ ես բարձրաձայնեցի՝ ներկայացնելով նաեւ իմ առաջարկները:

- Արժանահավատ թվեր չլինելու պարագայում կարո՞ղ ենք կանխատեսումներ անել դեպքերի զարգացման հետագա ընթացքի հետ կապված: Ճի՞շտ է արդյոք այդ բացի վրա կառուցել քննարկումը:

- Այսպես թե այնպես այդ թվերը հակասական են, եւ այսպես թե այնպես քննարկումը պետք է տեղի ունենար, այսինքն՝ ոչ թե բացի վրա է կառուցվել քննարկումը, այլ այն տեղի է ունեցել թվերի տարբերությունը հասկանալու, դրանք հստակեցնելու համար: Եթե այնտեղ կան ինչ-որ դիտավորություններ, այսինքն՝ դիտավորյալ են խեղաթյուրել դրանք՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, դա երկար չի կարող տեւել: Այդ թվերը պիտի որոշակիացնեն, որոնցից արդեն բխեցվելու են համապատասխան եզրակացություններ թե՛ պոչամբարի՝ որպես տեխնիկական կառույցի կայունության, թե՛ դրա լցվածության, թե՛ հանքաքարի շահագործման ծավալների վերաբերյալ, որովհետեւ թիվը որ ներկայացված է, թե իբր 2006 թվականից հետո 2.1մլն խոր.մ պոչեր է լցվել, եւ իրենց ներկայացրած մյուս թվերը պոչամբարի ծավալների վերաբերյալ, խիստ անհամարժեք են իրար, այսինքն՝ կա՛մ ավելի է լցվել, կա՛մ պոչամբարի ծավալն այլ է եղել: Կրկնում եմ՝ թվերի հստակեցումից հետո միայն հնարավոր է համապատասխան եզրակացություններ անել:

- Որքանով հասկացանք, ըստ ընկերության ներկայացրած թվերի, նախատեսվում է մինչեւ 40-42 մետրով պատնեշի բարձրացում, իսկ պոչային տնտեսության համար՝ 32 հա տարածք: Դուք ճիշտ նկատեցիք, որ այս բարձրության եւ այս ծավալի դեպքում, բնականաբար, տարողունակությունն էլ է բարձրանալու:

- Ես դրա մասնագետը չեմ, բայց առաջին իսկ հայացքից պարզ է, որ կանդրադառնա:

- Փաստորեն այդ մասին քննարկման ընթացքում ոչինչ չասվեց, բայց ստացվում է, որ մենք գործ ունենք պոչամբարի տարողունակության բարձրացման հեռանկարի հետ:

- Քանի որ դա ներկայացվեց որպես դեռեւս 2006թ. հաստատված նախագծի թվաբանություն, մենք չենք կարող պնդել, որ այս նախագիծը նպատակ է հետապնդում ծավալի մեծացման: Բայց այստեղ այլ հարց է առաջանում. պետք է խորապես ուսումնասիրել դեռեւս 2006թ. նախագիծը՝ հասկանալու համար, թե այդ նախագծում ներկայացված թվերը որքանով են համապատասխանում իրականությանը, ռացիոնա՞լ են արդյոք դրանք: Եթե իրենց նիշից եւս 42մ բարձրանա, չի ստացվում, որ 11.3 մլն խոր. մետր պոչեր է լցվելու: Ըստ իս, այստեղ խնդիր կա նախեւառաջ հասկանալու պոչամբարի նախագիծը՝ որպես այդպիսին, դեռեւս 2006թ. տվյալներով: Պոչամբարի՝ որպես կառույցի, որ այս պահին գոյություն ունի, ոչ միայն կայունության, այլեւ դրա ծավալների, էության հանգամանքը պետք է պարզել, որովհետեւ այս պահին եղած թվերով մենք չգիտենք նրա ծավալը, ինչքան կարող է լցվել, որքան կարող են լցնել: Օրինակ՝ եթե ընկերությունը հանկարծ որոշի նախատեսվածից ավելին լցնել, մենք հստակ թվերի բացակայության պատճառով չենք կարող ասել, որ դուք անօրինական եք գործում:

- Քննարկման ընթացքում շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա  ազդեցությունների մասին գրեթե ոչինչ չասվեց: Կարելի՞ է արդյոք երկրորդ փուլում նման բացթողում անել:

- Իհարկե ո՛չ: ՇՄԱԳ-ի գործընթացը երկու փուլով է իրականացվում: Սկզբնական փուլում ուղղակիորեն ուրվագծվում են ազդեցության շրջանակները, որտեղ հաշվի են առնվում նաեւ համայնքի բնակիչների կարծիքները: Երկրորդ փուլում փորձագիտական, մասնագիտական կարծիքներով հիմնավորելով՝ ներկայացնում են եղած կարծիքների հիմնավոր կամ անհիմն լինելը: Ըստ էության առաջին փուլում չներկայացվեցին կարծիքներ կամ մոտեցումներ ընկերության անցկացրած հետազոտության վերաբերյալ, այն է՝ թե որքանով է դա ազդելու մարդու առողջության եւ ընդհանրապես շրջակա միջավայրի վրա:

- Երկրորդ փուլի ավարտից հետո փաստաթուղթ կազմվո՞ւմ է:

- Փորձագետները ընկերությանը տեխնիկական առաջադրանք տրամադրելիս պետք է պահանջ ներկայացնեն, որպեսզի ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն կատարի եւ հաշվետվություն կազմի՝ հիմք ընդունելով այսօր հնչեցրած առաջարկությունները, դիտողությունները, կարծիքներն ու եզրակացությունները:

- Այսինքն՝ այսօրվա քննարկման արդյունքները, ակնկալում ենք, որ քննարկման երրորդ փուլում ակնհայտ կլինե՞ն:

- Այո՛, երրորդ փուլում, երբ ընկերությունը կազմի այդ հաշվետվությունը եւ ներկայացնի հանրությանը: Օրենքով քննարկման հաջորդ փուլի ժամկետը հստակեցված չէ, ընկերությունն ինքն է որոշում, թե որտեղ, երբ, ինչ մասնագետների դիմի: Մասնագետների հաշվարկներից եւ հետազոտություններից հետո միայն, երբ պատրաստ կլինի համապատասխան փաստաթուղթը,  ընկերությունը կսկսի երրորդ փուլը: Համայնքը մշտապես գործընթացի մեջ է, որովհետեւ այնտեղ է իրականացվում քննարկումը. համայնքի պատվիրակված լիազորությունների մեջ է մտնում հիմնական փուլերի քննարկման կազմակերպումը, բայց երրորդ փուլի հիմնական պատասխանատուն ընկերությունն է, քանի որ փաստաթուղթն ինքն է ներկայացնում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25