Հարցազրույց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանի հետ

22.03.2024 10:43
782

– Պարոն Պետրոսյան, լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին: Կուզենայինք համառոտ իմանալ այն ամենի մասին, ինչ հաջողվեց կատարել այդ ընթացքում, կամ՝ փորձենք միասին ամփոփել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի անցած մեկ տարվա գործունեությունը:

– 2022 թ. դեկտեմբերի 13-ին նշանակվեցի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար: Եվ անմիջապես ձեռնամուխ եղանք աշխատանքների այնպիսի պլանավորմանը, որ մեր գործունեությունն ընթանա մի քանի հստակ ուղղությամբ՝ ուսումնական գործընթացի կազմակերպում, ուսումնական պայմանների բարելավում, լսարանների և գույքի նորացում, ամենակարևորը՝ գիտահետազոտական, գիտամեթոդական աշխատանքի ակտիվացում:

Մենք շարժվում ենք նշված ուղղություններով: Արդեն որոշակի արդյունքներ ունենք թե՛ ատենախոսություն պաշտպանած դասախոսների թվաքանակով, թե՛ գիտական հոդվածների հրապարակման քանակով, թե՛ գիտաժողովների մասնակցության քանակով:

Հիմա նպատակ է դրված՝ գիտական բնույթի հոդվածների տպագրությամբ դուրս գալ միջազգային հարթակ: Իսկ միջազգային վարկանիշային ամսագրերում տպագրությունը ոչ միայն տվյալ անձին է հեղինակություն բերում, այլև համալսարանին, մեր մասնաճյուղին:

Աշխատանքներ են տարվում մասնաճյուղի շենքային, գույքային պայմանների բարելավման համար: Կա վերանորոգված առաջին լսարանը՝ գույքով համալրված, երկրորդն ենք պլանավորում, ունենք նախագծեր նաև երկրորդ մասնաշենքը վերանորոգելու համար:

Բավականին ուշադրություն ենք դարձնում կրթության որակի բարձրացմանը, պահանջների հստակեցմանը... Ու պատահական չէ, որ մեկ տարվա ընթացքում նաև ուսանողների մաղումներ են արձանագրվել, չնայած ֆինանսական մեր խնդիրներին:

– Այսինքն առաջնայնությունը տալիս եք գիտելիքին և ոչ թե չսովորող ուսանողի հաշվին ֆինանսական մուտքեր ապահովելո՞ւն:

– Այո, այդ պատճառով ֆինանսական մուտքերը կարող են ժամանակավորապես մի քիչ պակասել, բայց դրանով կբարձրանա պատասխանատվությունն ուսման հանդեպ, ինչը, վերջին հաշվով, դրականորեն կանդրադառնա մասնաճյուղի ֆինանսական վիճակին:

Մասնաճյուղում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ: Արդյունքում՝ ֆակուլտետային կառավարման ձևը փոխարինվել է ինստիտուտային կառավարմամբ: Ներկայումս ունենք կրթության կազմակերպման բաժին, որը հիմնական գործառույթներն է իրականացնում ուսումնական պրոցեսի կազմակերպման գործում՝ այդ թվում՝ դեկանատների երբեմնի գործառույթների իրականացմամբ: Այնպես որ՝ փորձել ենք ավելի արդյունավետ աշխատել:

Իհարկե, որոշակի կրճատումներ կան այդ ամենի արդյունքում, դեկանների պաշտոնները զբաղեցնող անձինք անցել են դասախոսական աշխատանքի...

– Դա ամբողջ ՀԱՊՀ-ի մասշտաբո՞վ իրականացվող բարեփոխում է, թե՞ մասնաճյուղի մասշտաբով:

– Ամբողջ պոլիտեխնիկը տարիներ առաջ ուղղություն է վերցրել՝ ֆակուլտետային կառույցները վերացնել և աշխատանքները կազմակերպել ինստիտուտային կառուցվածքով: Այսինքն՝ եթե համալսարանում առաջ կար 13 ֆակուլտետ, հիմա՝ հարակից ֆակուլտետների միավորումով, ստեղծվել է մի քանի ինստիտուտ: Գյումրիի և Վանաձորի մասնաճյուղերն էլ անցել են ինստիտուտային կառավարման համակարգին: Նույնը, ինչպես ասացի, նաև մեզ մոտ:

– Արդյո՞ք կառուցվածքային այդ փոփոխությունը դրականորեն է անդրադառնում կրթության որակին, թե՞ դա բարեփոխում է հանուն բարեփոխման:

– Այդ գործում ձևականությունը բացառվում է:

Բարեփոխումը երկու փուլով ենք արել. առաջին փուլում ֆակուլտետները չեն վերացել, բայց հունվարից՝ երկրորդ կիսամյակը սկսել ենք նոր կառուցվածքով:

Եթե որևէ գործընթաց, օրինակ, կարող ենք վեց հոգով իրականացնել, ապա ինչո՞ւ տասը մարդ ընդգրկել:

Այդ բարեփոխմանը մարդիկ ըմբռնումով մոտեցան, նախապես քննարկել էինք...

– Մեր ժամանակներում որևէ բուհի աշխատանքների գնահատման չափանիշներից մեկը, անշուշտ, ընդունելության արդյունքներն են: Անդրադարձեք, խնդրեմ, ընդունելության արդյունքներին, վերադառնանք 2023 թ. սեպտեմբեր:

– 2023 թ. գրեթե ունեցանք այնքան դիմորդ՝ առկա ուսուցման համակարգում, որքան նախորդ տարում՝ 69, ընդամենը մեկով էր տարբերվում:

Ընդունելությունն էապես փոխվեց հեռակա համակարգում. տարիների ընթացքում հեռակայի ընդունելությունը կազմակերպվում էր բուհի կողմից, վերջին երկու տարում կատարվեց միասնական քննությամբ, ինչպես ստացիոնարում: 2022 թվականին՝ մինչև իմ վերանշանակվելը, ընդունելությունը մասնաճյուղում կազմակերպվել էր վեց մասնագիտությունով՝ հեռակա ուսուցման համակարգում: Ընդունվել էին 18 ուսանող, իսկ ընդունելության պատվիրված տեղերի 20 տոկոսի չափով թույլատրվել է ընդունելություն կազմակերպել հարցազրույցի կարգով: Այսինքն՝ 13 տեղ լրացվեց հարցազրույցով: Վեց մասնագիտություն, պատկերացնում եք, յուրաքանչյուր մասնագիտությունում սովորում էր երեք ուսանող: Երեք ուսանողի վճարը նույնիսկ չէր կարող բավարարել դասավանդող դասախոսի աշխատավարձի վճարմանը: Ուստի և 2023 թվականին ոչ թե հայտարարեցինք ընդունելություն վեց մասնագիտությամբ, այլ՝ երկու մասնագիտությամբ: Եվ երկու մասնագիտությամբ ընդունելություն հայտարարելուց հետո եկան նախորդ տարվա դիմորդների գրեթե կեսը՝ 53 դիմորդ:

Հեռակա համակարգում, ի դեպ, իրավունք ունեն երկրորդ կուրսից՝ առանց քննության, մեզ մոտ ուսումնառությունը շարունակել տարածաշրջանի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները բարձր ցուցանիշներով ավարտած ուսանողները: Այդկերպ՝ երկրորդ կուրսում 12 ուսանող ընդունեցինք: Բանակում ծառայած, վերադարձած ուսանողների մի մասը նույնպես ցանկանում է սովորել հեռակա, որովհետև աշխատում են: Այդ ամենի հետևանքով հեռակա ուսուցմամբ ուսանողների թիվը երկրորդ կուրսում ավելացավ ու դարձավ 44:

– Եվ 69 դիմորդից առկա ուսուցման բաժնում քանի՞սն ընդունվեց:

– Եթե չեմ սխալվում՝ 45-ը, հեռական 18 էր, հետո քոլեջներից լրացվեց և դարձավ 29 հոգի, նաև բանակից վերադարձածներից՝ 14 հոգի, հիմա 44 ուսանող ունենք հեռակայի 2-րդ կուրսում:

– Դա լա՞վ ցուցանիշ է, թե՞…

– Նորմալ ցուցանիշ է, բայց... Տեսեք՝ անցած տարի՝ 2023 թվականին, մեր հեռակա բաժինն ավարտել է 46 ուսանող, 2024 թվականին կավարտի 58 ուսանող: Իսկ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս նվազելու միտում: Երբ վերանշանակվեցի՝ մասնաճյուղն ուներ 327 ուսանող, բայց այդքան փոփոխություններից հետո այսօր ունենք 332 ուսանող: Ընդ որում՝ մեկ տարվա մեջ 35 հոգի դուրս է մնացել ակադեմիական ցածր առաջադիմության պատճառով:

Այս համակազմի պահպանումն առաջնահերթություն է, որի համար, իհարկե, ծրագրեր ունենք: Բայց դա, կրկնում եմ, չի կարող ազդել ուսուցման որակի հանդեպ մեր պահանջներին:

– Դուք արդեն նշեցիք որոշ ցուցանիշներ և՛ ուսանողների թվակազմի, և՛ այլ հարցերի վերաբերյալ: Շարունակեք բնութագրել մասնաճյուղի ներկա վիճակը:

– Վերջին մեկ տարում մեր ուսանողների ակտիվությունն է բավականին բարձրացել: Նրանք ակտիվ համագործակցում են մայր բուհի ուսանողական խորհրդի հետ, նույնիսկ միջոցառումներ են համատեղ կազմակերպում:

Երբ ֆակուլտետային կրթությունը փոխվեց մասնաճյուղային կառավարման, մեր մասնագիտությունների քանակը չփոխվեց, մեր ամբիոնները ձեռք բերեցին համամասնաճյուղային կարգավիճակ: Նախկինում ամբիոնները ֆակուլտետների կառույցի մեջ էին: Համամասնաճյուղային կառուցվածքը ենթադրում է ինքնուրույնության և պատասխանատվության նոր՝ ավելի բարձր աստիճան:

– Եվ քանի՞ ամբիոն ունի մասնաճյուղը:

– Վեց ամբիոն: Մեզ մոտ այժմ ուսուցումը տարվում է վեց մասնագիտությամբ: Մասնագիտություններից երեքը հանքարդյունաբերության ոլորտին է առնչվում՝ լեռնային գործ, օգտակար հանածոների արդյունահանում, օգտակար հանածոների հարստացում, մյուսը՝ մետալուրգիա, հաջորդը տնտեսագիտություն և կառավարում: Ունենք ՏՏ ոլորտի երկու մասնագիտություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ ու տեղեկատվական համակարգեր: Բայց հանքարդյունաբերությանն առնչվող առկա ուսուցման համակարգում կան մասնագիտություններ, որոնց անվճար տեղերը նույնիսկ չի լրացվում ընդունելության արդյունքում: Եվ այդ խնդիրը ֆինանսական տեսակետից բավականին բեռ է առաջացնում: Հաջորդ ուսումնական տարվա համար ռոտացիոն սկզբունքով ենք ներդրել. այսինքն՝ եթե 2024 թ. տվել ենք տեղեկատվական համակարգեր, լեռնային գործ, օգտակար հանածոներ, արդյունահանում, 2025 թ. տալու ենք տեղեկատվական տեխնոլոգիաներ, օգտակար հանածոների հարստացում:

– Որևէ հարցախույզի միջոցով կամ որևէ ձևով իմանո՞ւմ եք, թե Կապանի աշխատաշուկայում մասնագետների ինչ պահանջարկ կա:

– Տարիներ շարունակ մեր ուսանողների, երիտասարդների այն մասը, որ գնում էր մասնագիտական կրթություն ստանալու մայրաքաղաքում կամ այլ տեղեր, 90 տոկոսից ավելին հետ չէր վերադառնում հարազատ տարածաշրջան: Աշխատանք գտնում են մասնագիտությամբ կամ ոչ մասնագիտությամբ, միայն թե մնան այնտեղ: Իսկ մեր մասնաճյուղի շրջանավարտների մեծամասնությունը աշխատանք է գտնում այստեղ, նույնիսկ ուսանողների մի զգալի մասն արդեն աշխատում են: Մեր շրջանավարտներն աշխատում են ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում, այլ նաև տարբեր կազմակերպություններում: Մեր տարածաշրջանում կան բանկային հաստատություններ. որտեղ մտնում ենք՝ մեր շրջանավարտներն են, կան կառավարման համակարգում աշխատողներ, վերջերս էլ, քանի որ դպրոցներում մանկավարժների կարիք կա, ուսանողներից մեկը, օրինակ, հանրակրթական դպրոցում ինֆորմատիկա և ֆիզիկա է դասավանդում:

– Անդրադառնանք դասախոսական անձնակազմին:

– Մինչև Ձեր հարցին պատասխանելը՝ մեկ-երկու լրացում նախորդ հարցի պատասխանին: Շատ կարևոր է մասնաճյուղային ուսուցումը հանրապետության տարածաշրջաններում, հատկապես Սյունիքում. գլխավոր նպատակներից մեկն է՝ կանխել տարածաշրջանից երիտասարդության արտահոսքը... Երիտասարդները, եթե այստեղ աշխատանք են գտնում, այստեղ էլ մնում են ապրում, ընտանիք կազմում: Դա շատ կարևոր խնդիր եմ համարում: Եվ ժամանակին, երբ մասնաճյուղեր էին բացվում հանրապետությունում, այդպիսի նպատակ էին հետապնդում:

Հիմա՝ դասախոսական համակազմի մասին. հիմնական կազմում ունենք 31 դասախոս, ընդհանուր համատեղությունով և արտաքին ժամավճարով աշխատող դասախոսների քանակը 48 է: Մասնաճյուղում երկու դոկտոր-պրոֆեսոր է աշխատում: Աշխատում են գիտությունների 14 թեկնածու: Առաջին անգամ հասել ենք նրան, որ դասախոսական հիմնական կազմի 50 տոկոսն ունի գիտական աստիճան: Վերջին 2,5 տարում մասնաճյուղում պաշտպանվել է չորս թեկնածուական ատենախոսություն: Դա շատ կարևոր հանգամանք է, նշանակում է՝ մասնաճյուղում զբաղվում են գիտական հետազոտություններով...

– Արդյո՞ք գիտահետազոտական աշխատանքների արդյունքում կան նորություններ, որոնք ուշագրավ են հանրապետության մասշտաբով:

– Դժվար է ասել, դա նույնիսկ մեծ բուհերում հատուկենտ երևույթ կարող է լինել: Բայց ուզում եմ ասել՝ մեզանում խնդիրներ կան այդ հարցի շուրջ: Օրինակ, հայտարարվում են դրամաշնորհային գիտական մրցույթներ, մինչդեռ մասնաճյուղերի համար դժվար է դրանց մասնակցել, մեր մասնաճյուղի համար՝ առավել ևս: Կան չափանիշներ, որոնք դեռևա հնարավոր չէ ապահովել: Ասենք, դասախոս ունենք, որ ցանկանում է մասնակցել որևէ կոնկրետ մրցույթի, բայց տարիքի պատճառով թույլ չի տրվում: Այդ մրցույթների թեմաները բավականին լուրջ հարցերի շուրջ են, ուստի և համապատասխան բազա է պետք դրա համար: Երեք շաբաթ առաջ մեր ռեկտորատում լսվել է գիտահետազոտական գործունեության վիճակը, և քննարկման արդյունքում առաջարկություններ են ուղարկվել այդ ուղղությամբ: Առաջարկություն ենք արել մեր մասնաճյուղում զուտ գիտական լաբորատորիա ստեղծելու մասին. եթե ստեղծենք, ապա այդ հետազոտություններն ավելի կակտիվանան, հատկապես կիրառական, տեխնիկական գիտությունների գծով:

– Իսկ հայագիտության ուղղությամբ ի՞նչ առարկաներ են դասավանդվում մասնաճյուղում:

– Հումանիտար ամբիոն ունենք, լեզուներ ենք դասավանդում՝ հայոց լեզու, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև հայոց պատմություն, հասարակագիտություն, փիլիսոփայություն: Առաջին և երկրորդ կուրսում այդպիսի դասընթացներ կան ...

– Փոխվե՞լ են այդ առարկաների ծրագրերը, չափորոշիչները վերջին մի քանի տարում:

– Տարբեր առարկաների գծով որոշ փոփոխություններ կան, որոնք ներդրվել են նաև մեր մասնաճյուղում:

Հետաքրքիր է իմանալ մասնաճյուղի միջազգային կապերի մասին:

– Կապեր ենք ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության երկու համալսարանի հետ՝ Սպահան քաղաքում: Տեխնոլոգիական համալսարանը հանքարդյունաբերության ոլորտի գծով աշխարհում 51-րդ հորիզոնականում է, դա շատ բարձր վարկանիշ է: 2023 թ. ապրիլ ամսին երկու համալսարանի համատեղ պատվիրակությունն այցելեց Կապան և հանդիպեց մեզ հետ, ներկայացրին իրենց հաստատությունները, մենք էլ՝ մերը: Հրավեր ստացանք. պետք է աշնանը գնայինք, բայց ինչ-ինչ հանգամանքներով չկարողացանք, ապրիլ ամսի երրորդ տասնամյակում հավանաբար կգնանք: Այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, և արդեն հյուպատոսությունից մեզ հետ կապի մեջ են: Նրանք առաջարկում են, մենք էլ կողմ ենք՝ փոխհամագործակցության հուշագիր ստորագրելու: Այդ համալսարանները փոքր չեն, տեխնոլոգիական համալսարանում, օրինակ, սովորում է մոտ 12 հազար ուսանող: Մենք ինչ ենք մտածում, այդտեղի հայ համայնքից շատ հնարավոր է ցանկացողներ լինեն, որ հենց հայերեն լեզվով ուսումը շարունակել մեզ մոտ: Մեզ որոշակիորեն խանգարում է անգլերեն լեզվի ոչ բավարար իմացությունը և պարսկերենի չիմացությունը, որպեսզի կարողանանք փոխանակման ծրագրեր իրականացնել: Չգիտեմ՝ իրադարձություններն ինչպես կզարգանան, բայց մտածում ենք՝ այլ երկրների բուհերի հետ համագործակցել, մեզ առաջարկ եկավ Հնդկաստանի մի խոշոր բուհից ևս: Ցավոք, պահանջվող չափանիշներից որոշները չենք կարողանում բավարարել, մասնավորապես պետք է անգլերենին շատ լավ տիրապետել:

– Անդրադառնանք հիմնախնդիրներից մի քանիսին և առավել կարևոր ծրագրերին:

– Գլխավոր խնդիրն արդեն երեսնամյա պատմություն ունեցող մասնաճյուղի պահպանումն է: Ժամանակին ստեղծվել են Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Կապանի և Գորիսի կրթահամալիրներ, հետագայում Գորիսը դարձավ առանձին համալսարան, Կապանը մնաց մասնաճյուղի կարգավիճակով: Այդ կարգավիճակը բավականին օգտակար է մեզ համար, որովհետև նախ՝ այս տարածաշրջանում արդյունաբերական ընկերությունները շատ են, և տեխնոլոգիական, ճարտարագիտական մեծ բուհի կազմում լինելն առավելություններ է տալիս: Ժամանակի ընթացքում ընդգրկվել ենք մի քանի ծրագրում: Այդ ամենի շնորհիվ այստեղ լաբորատորիաներ են ստեղծվել, մի մասը՝ մեր և հովանավորների միջոցով, մի մասն էլ, օրինակ, ճարտարագիտական լաբորատորիան՝ ՀԱՊՀ-ի հետ համատեղ ծրագրի շրջանակում, որտեղ նաև ցուցադրվում են մոդելներ, կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ: Նաև հիբրիդային լաբորատորիա մեզ մոտ հիմնադրվեց, այդ ծրագիրը արտասահմանյան համալսարանների հետ էր... Շատերն ուզում են ինքնուրույն լինել, բայց եթե դու կարողանում ես օգտվել մայր բուհի հնարավորությունից, ապա դա նախընտրելի է: Առաջիկա մեկ տարվա մեջ կկազմակերպենք գիտաժողով, որտեղ բավականին լուրջ հարցադրումներ կլինեն... 2013 թ. այդպիսի մի գիտաժողով կազմակերպել ենք, որին ներկա էին երեք ակադեմիկոս, 15 դոկտոր-պրոֆեսոր, այդ թվում՝ մեր համալսարանից ու տարածաշրջանային բուհերից, նույնիսկ Արցախի համալսարանից:

– Հնարավոր չէ, բնականաբար, հասնել նրան, որ դասխոսական անձնակազմում բոլորը լինեն գիտական կոչումներով, աստիճաններով: Դրա համար աշխարհում ընդունված է հեռավար դասավանդումը: Կարողանո՞ւմ եք օգտվել այդ գործելակերպից:

– Այդ ուղղությամբ պետք է աշխատենք... Եթե համաշխարհային մակարդակի գիտնականների մասով ենք ուզում խոսել, ապա լեզվի խնդիր է առաջ գալիս: Բայց նաև մեր մայր բուհում կան փորձառու դասախոսներ, ովքեր հեռավար ձևով դասընթացներ են վարում: Մենք խնդիր ունենք, օրինակ, ՏՏ ոլորտում... Ժամեր կան, բայց այդքան մասնագետներ չկան: Երևի ամռանը պետք է փորձեմ՝ ուսման պրոցեսում ընդգրկել Երևանում բնակվող՝ կապանյան ծագումով երիտասարդների, ովքեր ՏՏ ոլորտում ճանաչում ունեցող մասնագետներ են: Կփորձեմ նրանց ներառել այդ բնագավառի դասընթացներին, և ոչ միայն հեռավար: Նախկինում այսպիսի ավանդույթ կար՝ խտացված կարգով գալիս էին մասնագետներ և դասախոսություններ իրականացնում: Գուցե և այդ փորձը վերականգնենք...

– Հիմնախնդիրների մասին ենք խոսում, բայց թիվ մեկ հիմնախնդիրը ոչ միայն ձեր բուհում, այլև ամբողջ Հայաստանում կոնտիգենտի հարցն է: Վիճակագրական տխուր փաստեր ունենք՝ անգամ պետական պատվերով սահմանված տեղերը չեն համալրվում: Պատճառները, իհարկե, խորն են՝ ժողովրդագրություն, սոցիալական… Որքան տեղյակ ենք՝ Դուք այդ խնդիրը լուծելու համար ուզում եք ավագ դպրոց հիմնել մասնաճյուղին կից, արդյո՞ք դա կբերի նշված խնդրի գոնե մասնակի լուծմանը: Ի՞նչ չի կարողանում լուծել այսօրվա հանրակրթական դպրոցը, որ Դուք կցանկանայիք ձեր ավագ դպրոցում լուծել:

– Շատ կարևոր հարց եք տալիս. վերջին տասնամյակում բավականին լուրջ խնդիր է դարձել դպրոցները, հատկապես բնագիտական թևը որակյալ մանկավարժական կադրերով ապահովելը: Պաշտոնական տվյալ եմ ասում՝ Սյունիքի և Շիրակի մարզերի դպրոցներում դասավանդող ֆիզիկայի ուսուցիչների 54-55 տոկոսը թոշակի անցած մասնագետներ են: Ծանր վիճակ է նաև այլ առարկաների գծով: Այսօր, օրինակ, մեր դասախսներից ոմանք նաև դպրոցում են դասավանդում՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, այսինքն այդ մասնագետների կարիքը շատ է զգացվում:

Ինչո՞ւ չեն դիմում տեխնիկական բուհ կամ ճարտարագիտական բուհ: Խնդիրը հետևյալն է՝ երեխաները պետք է տան համապատասախան առարկաների քննություն, պետք է հանձնեն մաթեմատիկա, շատ դեպքերում՝ ֆիզիկա, առանձին դեպքերում կամ-կամի տարբերակն է: Եվ ուրեմն՝ այդ առարկաներին պետք է տիրապետել:

Հիմա դպրոցում շատերը քննություն են տալիս, ընդունվում են... Կներեք, բայց միշտ դեմ եմ եղել թեստային քննությանը, որովհետև պատահականություններն էլ են շատ... Այդ քննական ձևը, որ մտցրել են, համարում եմ ոչ այնքան ճիշտ, որովհետև թեստային գնահատումը գնահատման ձևերից մեկն է ընդամենը, բայց պետք չէ բոլոր գնահատումները փոխել և դարձնել թեստ: Հիմնարար կրթություն ստանալը լրիվ այլ բան է, մինչդեռ մեր դպրոցների վիճակը տխուր է: 2012 թ., երբ եկա այստեղ տնօրենի պաշտոնակար, այն դպրոցից, որ եկա, 26-27 դիմորդ եկավ, Քաջարանից եղան բավականին դիմորդներ, ուսանողներն այնքան շատ էին, որ Քաջարանի ղեկավարությունը տրամադրում էր ավտոբուս՝ ուսանողներին տեղափոխելու համար: Այսօր Քաջարանից հեռակա համակարգում սովորում են մոտ երկու տասնյակ ուսանող, առկա համակարգում՝ արդեն վերջին երկու տարում՝ մեկ-երկու հոգի:

Առաջներում կային հենակետային վարժարաններ տվյալ բուհին կամ մասնաճյուղին կից, այս մասնաճյուղն էլ ուներ հենակետային վարժարան և այդ վարժարանից ընդունվում էին բավականին պատրաստված երեխաներ, դիմորդներ, ովքեր հետագայում շատ լավ էլ սովորում էին: 2011 թ. որոշում կայացվեց, որ հենակետային վարժարաններն առանձին ՊՈԱԿ-ի կարգավիճակով չեն գործելու... Մեզ մոտ էլ 2011 թ. վարժարանի տնօրենը նախաձեռնություն չցուցաբերեց, և փակվեց: Հիմա ունենք մեր իսկ համալսարանի ավագ դպրոցի փորձը. սովորում է մոտ 1000 երեխա, այնտեղ համարյա կտրվող չկա, բոլորն էլ լավ պատրաստված են, մեծ մրցույթ է լինում, 300 տեղի համար դիմում են 800-ից ավել դիմորդ, այդկերպ ոչ միայն լավ կոնտիգենտ է հավաքվում, այլ նաև միջազգային օլիմպիադաների են մասնակցում: Մեր համալսարանը, մեր ռեկտորը շատ ճիշտ քաղաքականություն է վարում. այդ վարժարանը հետո դարձավ ավագ դպրոց, ստեղծվել է միջին դպրոց: Այսինքն՝ կրթության շարունակականություն... Ճիշտ է, միջին դպրոցն առայժմ մասնավոր հիմունքներով է՝ բավականին լուրջ վճարներով, բայց մեծաքանակ դիմորդներ են արդեն հավաքվել: Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերն էլ ունեն ավագ դպրոց և իրենց դիմորդների որոշակի քանակն այդ բազայից է համալրվում: Ի՞նչ խնդիր է լուծում ավագ դպրոցը: Մենք ասում ենք՝ ի վիճակի ենք հիմնարար առարկաների ուսուցումը կազմակերպել շատ ավելի բարձր մակարդակով, դրան գումարվում է մոտիվացիան՝ շարժառիթը, որովհետև դպրոցականը, ով պետք է գա այս ավագ դպրոց, միանգամից կծանոթանա համալսարանին, մասնագիտություններին, լաբորատորիաներին, վերջապես ուսուցման որակին... Այդկերպ նաև մեկ այլ կարևոր հարց է լուծվում. մեր տարածաշրջանում՝ մեր մասնաճյուղին հարակից տարածքում, կա երկու մեծ հիմնական դպրոց, այդ դպրոցները 2.5 կմ քաղաքից հեռու են, այսինքն ծնողն ամեն օր պետք է հնարավորություն ստեղծի, որպեսզի երեխան գնա քաղաքի ավագ դպրոցներ: Անցած տարի ուսումնասիրություններ արել ենք, լավ տրամադրվածություն և ցանկություն կա: Քաջարանից էլ երեխաներ կգան, որովհետև ավագ դպրոցներում կրթության վիճակը մտահոգիչ է:

– Այսինքն՝ մասնաճյուղին կից ավագ դպրոց ստեղծելը նաև պահանջվա՞ծ է:

– Պահանջված է, որովհետև բոլորը ցանկանում են, որ իրենց երեխաները նորմալ, լավ կրթություն ստանան: Տեսեք, ասում եք անվճար տեղը թափուր է մնում: Այսօր, օրինակ, ԶՊՄԿ ընկերությունը հարստացնող է պահանջում, մինչդեռ հարստացման մասնագիտությամբ տեղերը չեն լրացվում: Եվ նման շատ օրինակներ...

– Մեր ունեցած տեղեկություններով՝ մարտի 28-ին և 29-ին՝ առաջին անգամ, էքսպո ցուցահանդես եք նախատեսում: Ի՞նչ ասել է էքսպո ցուցահանդես և ի՞նչ նպատակ ունեք ցուցահանդեսը կազմակերպելով:

– Այդպիսի միջոցառում ծրագրել ենք... Ունենք տեխնոլոգիական կենտրոն՝ քոլեջի հարակից տարածքում, որտեղ լավ համալրված են դասասենյակները, սրահը: Անց են կացվում դասընթացներ ՏՏ ոլորտի, նաև էլեկտրատեխնիկայի լաբորատորիան է այդտեղ գտնվում, կա հարմար տարածք և այդ տարածքում ուզում ենք էքսպո ցուցահանդես կազմակերպել: Ուզում ենք տաղավարների ձևով ցույց տալ ամբիոների գործունեությունը, մասնագիտությունները, հնարավորությունները, կրթության ամբողջ աստիճանական փուլի ընթացքը, ծանոթացնել նաև ամբիոնների համակազմին: Տաղավարներ կլինեն նաև մեր որոշ ձեռնարկությունների հետ համագործակցված, նրանք էլ մասնակցելու ցանկություն են հայտնել: Հիմնական նպատակներից մեկը՝ բարձր դասարանցիները, ապագա շրջանավարտները կտեսնեն՝ ինչ կրթություն կարող են ստանալ և հետագայում ինչ ճակատագիր կարող են ունենալ աշխատաշուկայում:

– Դա, որքան հասկացանք, նաև հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների մասնագիտական կողմնորոշմանը միտված քայլ է:

– Հրավերներ կուղարկենք ոչ միայն ձեռնարկություններին, այլ տարածաշրջանի քոլեջներին, հանրակրթական դպրոցներին, ոչ միայն մանկավարժներին, այլև աշակերտներին... Մի փոքր էլ անակնկալ կա՝ դպրոցականներին նվերներ կհանձնենք: Ամբողջ ցուցահանդեսը կտևի երկու օր, մի օր կլինի ցուցադրությունը՝ թռչող ԱԹՍ-ների մոդելներ կցուցադրվեն, կծանոթանան լաբորատորիաներին, մասնագիտական ներածության դասընթացներ կանցկացվեն, եթե անհրաժեշտ լինի՝ նաև վարպետաց դասեր: Երկրորդ օրը կկազմակերպվի աշխատաժողով՝ համապատասխան մարդկանց մասնակցությամբ, ոչ միայն մեր մասնաճյուղից, այլև շահագրգիռ ձեռնարկությունների և կառույցների, ինչպես նաև դպրոցների, քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վեր կհանվեն խնդիրները, որոնք առնչվում են մեր տարածաշրջանում բուհական որակյալ կրթություն կազմակերպելուն:

– Մեր հարցազրույցը տեղի է ունենում այնպիսի օրերում, որ առնվազն մեկ հարց ես չեմ կարող շրջանցել: Վերջին օրերին ամբողջ հանրապետությունում բավականին թեժ քննարկումների առարկա է դարձել բուհական ոլորտի օպտիմալացումը: Որքանո՞վ է դա առնչվում Սյունիքի մարզի բուհերին:

– Անվանական կարգով առայժմ Սյունիքի բուհերն այդ ցուցակում չկան, բայց հետագա ընթացքի մասին տեղեկություններ չունեմ: Նախագիծը դեռ քննարկման փուլում է... Ամեն դեպքում՝ թե՛ հանրակրթության, թե՛ բուհական կրթության բնագավառում ցանկացած ռեֆորմ կատարելու համար պետք է լավ հաշվարկել՝ կանխատեսելի արդյունքներ ունենալու համար:

 

 

 

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

Որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա. դեսպան

08.11.2024 22:38

Կապանում գործող ՍՊԸ-ի տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի երկու բնակիչ. ՔԿ

08.11.2024 20:14

COP29-ին ընդառաջ․ Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել Բաքվում գտնվող հայերին ազատ արձակելnւ վերաբերյալ

08.11.2024 19:36

Ֆրանսիայում շուրջ 3 տասնյակ քաղաքական գործիչներ երկրի կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը

08.11.2024 18:59

Հայաստանի զինվելը՝ «ոսկոր» Ալիևի կոկորդում. Բաքվի բռնապետը սպառնալիքներով «զգուշացնում» է

08.11.2024 15:08

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

08.11.2024 11:48

Պուտինը շնորհավորեց Թրամփին

08.11.2024 10:41

COP-29 գագաթնաժողովին Բաքու կմեկնի ՌԴ վարչապետ Միշուստինը

07.11.2024 22:55

Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

07.11.2024 22:53

Վստահ ենք՝ առաջնորդողի դեր կունենաք արդարությամբ խաղաղության հաստատման մեջ․ Արամ Ա-ն՝ Թրամփին

07.11.2024 22:47

«Սյունիք» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

07.11.2024 22:35

Ֆրանսիական էկրանին Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմը` «Նռան գույնը»

07.11.2024 21:58