Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի հետ

19.06.2023 11:43
1746

Մեզանում վաղուց է անհրաժեշտություն առաջացել՝ անդրադառնալու մարզի գրադարանների վիճակին և ընդհանրապես գրքի հանդեպ ունեցած վերաբերմունքին:

Սակայն մարզի գրադարաններին անդրադառնալուց առաջ կամեցանք համառոտ պատկերացում կազմել գրադարանային ոլորտում հանրապետությունում իրականացվող պետական քաղաքականության, ինչպես և գրադարաններին առնչվող մի քանի հարցի մասին:

Այդ նպատակով էլ զրուցեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրադարանային ոլորտի գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանի հետ:

- Հարգելի տիկին Հովասափյան, նախ ներկայացրեք, խնդրեմ, Հայաստանի Հանրապետության գրադարանների ընդհանուր պատկերը՝ ըստ տեսակների և, եթե կարելի է, ըստ թվաքանակի:

Պետական վիճակագրությունը, կարծեք, ոչ բոլոր գրադարաններն է ներառում:

- 1991 թ. Հայաստանի Հանրապետությունում գործել է գրադարանների 42 կենտրոնացված համակարգ, հանրային բնույթի գրադարանների թիվը կազմել է 1318: Երևան քաղաքում՝ 45, որից 1-ը՝ Կենտրոնական քաղաքային, 44-ը՝ քաղաքային: Մնացած շրջաններում գործել է 1273 գրադարան:

1997 թվականին՝ գրադարանների ապակենտրոնացումից հետո, հանրապետության գրադարանային ցանցն անցել է փոփոխությունների ճանապարհ, գրադարանների աշխատանքը հարմարեցվել է նոր վարչատարածքային բաժանումից բխող պահանջներին։

Համայնքային գրադարանների քանակը տարեցտարի նվազում է՝ 2022 թ. առկա էր 370 գործող համայնքային գրադարան:

Ըստ սեփականության ձևի` գրադարանները լինում են` պետական` հիմնադրված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, համայնքային՝ հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ոչ պետական գրադարաններ` հիմնադրված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաև քաղաքական, կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից:

- ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է պետական քաղաքականություն գրադարանային ոլորտում: Այդ քաղաքականության մասին՝ հիմնական գծերով...

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որպես գրադարանային ոլորտի լիազոր մարմին, Հայաստանի տարածքում գործող գրադարանների պահպանումը և դրանց բնականոն գործունեության ապահովումն ու բարելավումը համարում է առաջնային։ Նախարարության ենթակայությամբ գործում է 2 ազգային և 10 մարզային գրադարան:

Գրադարանների ոլորտում իրականացվող պետական քաղաքականության ուղղություններն են` գրա­դարանային հավաքածուների պահպանությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ  մշակութային ժառանգության թվայնացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, համալրման անընդհատության ու գրադարանային հավաքածուների օգտագործման մատչելիության ապահովումը, մատենագիտության, կենսամատենագիտության, վիճակագրական տվյալների, տեղեկատվական այլ ցանկերի կազմումն ու հրապարակումը, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

- Գրադարանների և գրադարանային գործի մասին ՀՀ օրենքը... Այն, որքան հիշում ենք, ընդունվել է 2012-ին, մասնակի փոփոխության ենթարկվել հետագայում:

Արդյո՞ք գործող օրենքը հիմնավորապես փոփոխելու և գրադարանային ոլորտում նոր քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտություն չկա:

- Մշակութային դաշտում այսօր գրադարանների ոլորտն այն եզակի ոլորտներից է, որն ունի հստակ օրենսդրություն: Կցանկանայի համառոտ ներկայացնել գրադարանային օրենսդրությունը, որովհետև որքան էլ աշխատեցինք այն հանրահռչակել, միևնույնն է, շատերի համար մնաց անհասանելի: «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2012 թվականին: Օրենքը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության եւ հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները: Եվ որ ամենակարևորն է՝ օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրադարանների վրա` անկախ դրանց ստեղծման կարգից, ֆինանսավորման աղբյուրից, գործունեության բնույթից և իրավական կարգավիճակից: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 2013-2018 թվականներին ընդունվել է 21 իրավական ակտ, որից 10-ը՝ ՀՀ կառավարության որոշում, 11-ը՝ ՀՀ մշակույթի նախարարի հրաման: Օրենսդրության համաձայն՝ այսօր գործում են բոլոր պետական և փոքրաթիվ համայնքային ենթակայության գրադարաններ:

- Չե՞ք կարծում, որ այդ օրենքի գործողության հետևանքով էր, որ մեր համայնքային գրադարանների զգալի մասը վերացավ կամ դարձավ ոչ պիտանի:

- Ոչ, չեմ կարծում, եթե նկատի ունենանք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2002 թվականին, իսկ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը՝ 2012 թվականին: ՏԻՄ օրենքի 46-րդ հոդվածով համայնքներում գործող գրադարանների կազմակերպումը և կառավարումը հանձնվել է ՏԻՄ մարմիններին, որի արդյունքն այսօր տեսանելի է, որի հետևանքով մարզերում կրթամշակութային կյանքի հիմքն ապահովող շատ կարևոր մի ենթակառուցվածք, ինչպիսին հանրային գրադարանն է, կորսված է, որոշ համայնքներում՝ մասամբ, որոշներում՝ ամբողջությամբ:

- Հանրապետության համայնքային գրադարանները...

- Ապակենտրոնացումից (1997թ.) հետո համայնքային բազմաթիվ գրադարաններ զրկվեցին նախկին կառավարման հստակ մեխանիզմից, որի հետևանքով անբավարար հետևողականության և հաշվետվողականության բացակայությունը, տրամադրվող անբավարար միջոցները, նոր գրականության համալրման և հարմարավետ միջավայրի բացակայությունը բերեցին նրան, որ բազմաթիվ համայնքային գրադարաններ մատնվեցին անգործության և, ի վերջո, փակվեցին:

- Հանրապետությունում կա՞ մի գերատեսչություն, որն ամբողջական տեղեկություններ ունի համայնքային գրադարանների, նրանց աշխատակիցների, ֆինանսավորման, գրքերի հավաքածուների մասին:

- Համայնքային գրադարանները գործում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ:

- Սյունիքի մարզի գրադարանային համակարգին կուզենայինք ծանոթանալ՝ ըստ տեսակների, թվաքանակի և ենթակայության:

- Այո, մարզերի համայնքային գրադարանները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Իհարկե, մարզային գրադարանների աշխատակիցների ջանքերով հաճախակի մոնիթորինգ ենք իրականացնում, հաշվառում գործող և չգործող գրադարանները, հետևում փակվող գրադարանների հավաքածուների ճակատագրին, հնարավորության սահմաններում բարձրաձայնում այս կամ այն խնդիրը, հասցեական գրություններով փորձում լուծել որոշակի խնդիրներ:

Սակայն պետք է փաստել, որ համանքային գրադարանների խնդիրը խորքային է: Այն պահանջում է իրավական լուծում:

Սյունիքի մարզում գործող գրադարանների մասին կարող եմ ասել. երիցս կեցցեն Սյունիքի մեր գործընկերները, հանրապետությունում պահպանված գրադարանների թվով Սյունիքի մարզն ամենամեծն է: Գործում է 71 համայնքային գրադարան: Գրադարանների թիվն ըստ խոշորացված համայնքների բաշխված է այսպես. Կապան՝ 25, Սիսիան՝ 23, Գորիս՝ 7, Տեղ՝ 7, Տաթև՝ 2, Քաջարան՝ 4, Մեղրի՝ 3:

Կապանում գործում է նաև «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ը: Այն հանրապետության լավագույն գրադարաններից է: Մասնագիտական մեծ ներուժ ունեցող գրադարան է: Կարծում եմ՝ կապանցիները սիրում են և լավ ծանոթ են նրա գործունեությանը:

- Ի՞նչ ասել է Հայկական գրադարանային ասոցիացիա:

- Այն հիմնադրվել է 1994թ. հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային, ՀՀ ԳԱԱ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, գիտաբժշկական, գիտատեխնիկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանների, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ (մինչև 2004 թ. անվանվել է Հայկական գրադարանային միություն):

ՀԳԱ-ն ունեցել է 3 նախագահ` Ներսես Հայրապետյան (1994-2004), Դավիթ Սարգսյան (2004-2012), Ռուզան Տոնոյան (2012 թ. ապրիլից):

ՀԳԱ-ն ավանդաբար կազմակերպում և իրականացնում է՝

- Ազգային գրադարանային շաբաթը (ամենամյա),

- «Աջակցություն գրադարաններին» ծրագիրը, որի շրջանակներում` Գիրք նվիրելու օրվա (փետրվարի 19) կապակցությամբ ՀՀ գրադարաններին նվիրատվության կարգով հանձնվում են գրքեր՝ գրադարանների ֆոնդերի համալրմանն աջակցելու նպատակով (ամենամյա),

- Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցությամբ (ամենամյա),

- Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներ (ամենամյա),

- Վերապատրաստման դասընթացներ մարզերի գրադարանավարների համար (ամենամյա),

- Համատեղ մշակութային ծրագրեր ՀՀ մարզային, համայնքային գրադարանների հետ (ամենամյա):

2012-2022 թթ. ՀԳԱ-ն իրականացրել է այցեր ՀՀ մարզային, քաղաքային, համայնքային մի շարք գրադարաններ՝ գրադարանների վիճակին ծանոթանալու և կարիքների գնահատման, ինչպես նաև մասնագիտական աջակցության և փորձի փոխանակման նպատակով:

Մասնակցել է միջազգային սեմինարների, կոնֆերանսների, վերապատրաստման դասընթացների՝ համագործակցելով IFLA-ի, IAML-ի, IBBY-ի և այլ միջազգային գրադարանային կազմակերպությունների հետ:

Գրադարանային ոլորտի զարգացմանը միտված բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել ՀՀ գրադարանների գրադարանավարների համար՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ և միջազգային փորձի փոխանակմամբ:

Գրքի և ընթերցանության խթանման նպատակով IBBY-ի հետ համագործակցությամբ ընթերցանության անկյուններ է ստեղծել ՀՀ մարզերի գրադարաններում, որտեղ իրականացրել է նաև տեղի գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:

Եվ վերջապես գրադարանային ոլորտի զարգացման, բարեփոխման և նորարար գաղափարների ներդրման նպատակով 2021թ.-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀԳԱ-ն կազմակերպում և իրականացնում է «Լավագույն գրադարան» մրցույթը: 

- Հանրապետությունում ավանդույթի ուժ են ստացել Գրադարանավարի օրը, Գիրք նվիրելու օրը, Ազգային գրադարանային շաբաթը... Համառոտ՝ այդ մասին:

- Նախարարության ենթակայության գրադարաններում տարեկան 200-ից ավելի միջոցառումներ են կազմակերպվում, այդ թվում՝ Գրադարանավարի օրվան, Գիրք նվիրելու օրվան, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում... Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներին միանում են գործող գրեթե բոլոր գրադարանները:

- Մեթոդական աշխատանքներին անդրադառնանք...

Հավանաբար նաև հանրապետության մասշտաբով սեմինարներ, խորհրդակցություններ, վեհաժողովներ, փորձի փոխանակումներ եք կազմակերպում:

- Այո, տասը մարզային գրադարանում տարեկան 2-3 անգամ գիտագործնական սեմինարներ են կազմակերպվում համայնքային գրադարանավարների համար:

Գրադարանային համաժողովների մասին. «Հայ գրատպության 500-ամյակ»-ի և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում է կայացել «Անցյալի պահպանություն հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը։ Առաջինը կայացել էր դեռևս 2009 թվականին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Գրիգոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի հոգածությամբ:

Յուրաքանչյուր ժողովրդի մշակութային ժառանգությունն ուղերձ է անցյալ և գալիք սերնդի հոգեկերտվածքին, և շատ կարևոր է, որպեսզի այդ ժառանգությունը ոչ միայն գոյատևի, այլ դառնա շարժիչ ուժ` ազգային դաստիարակության և առաջընթացի ճանապարհին:

Ակնհայտ է` գիրքը հզոր զենք է, հզոր զենք` քաղաքակրթության զարգացման, մարդկային հաղորդակցության խիստ անհրաժեշտ տեղեկույթը պահպանելու և գալիք սերունդներին թողնելու համար: Լինելով իր տեսակի մեջ եզակի՝ համաժողովը ծառայում է նպատակին, այն է` ստեղծել մեկ ընդհանուր հարթակ, որտեղ գրադարանների և հայագիտական կենտրոնների ներկայացուցիչները հնարավորություն են ստանում քննարկել հայ տպագիր արտադրանքի երկարաժամկետ պահպանության, գրքափոխանակության, թվային գրադարանների ստեղծման աշխատանքներին մասնակցության և բազմաթիվ այլ հարցեր:

«Հայ գրատպության 500-ամյակի» և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակներում է կայացել է «Անցյալի պահպանություն հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային երկրորդ համաժողովը։

«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» համաժողովներն անցկացվել են 2009, 2012, 2014, 2016, 2018 և վերջինը՝ 2022թ. սեպտեմբերի 29-30-ին, որը նվիրված էր հայ գրատպության 510-ամյակին։

Գիտաժողովին մասնակցեցին շուրջ 16 երկրի ավելի քան 160 ներկայացուցիչ։ Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան գրադարանների ավտոմատացման և կառավարման համակարգերի, թվայնացման, նորարար տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման և միջազգային առաջավոր փորձի փոխանակման հարցերին։ Մոտ երեք տասնյակ հայկական գրադարան և կազմակերպություն, տասնյակ ազգային և համալսարանական գրադարաններ աշխարհի տարբեր երկրներից մասնակցեցին գիտաժողովին:

- Ո՞վ է գրադարանավարը, Ժամանակները փոխվում են, և ժամանակին զուգահեռ փոխվում են նաև մշակույթի ոլորտի առջև ծառացած շատ-շատ խնդիրներ:

Կուզենայինք համառոտ պատկերացում կազմել՝ ի՞նչ գործառույթներ ունեն մերօրյա գրադարանները, կամ՝ գրադարանների հիմնական պարտականությունները:

- Այսօրվա գրադարանավարը պետք է լինի բարձր մտավոր ունակություններով օժտված մասնագետ, ընթերցողի գործընկեր, խորհրդատու, ինֆորմացիոն հեղեղի մեջ արագ կողմնորոշվող, հոգեբան: Լավագույն գրադարանավարը ստեղծարար և հարուստ գիտելիքներով օժտված գրադարանավարն է: Յուրաքանչյուր այցելու պետք է գրադարանում հարմարավետ զգա իրեն:

Այո, Ժամանակին զուգահեռ փոխվում են նաև մշակույթի ոլորտի առջև ծառացած շատ-շատ խնդիրներ, բայց նպատակը չի փոխվում: Այդ նպատակի առանցքը մեկն է՝ ընթերցողի կողմից ձևակերպված պահանջի արագ և հավաստի տեղեկատվության փոխանցումը թե՛ ավանդական՝ գրքերի, թե՛ ոչ ավանդական՝ էլեկտրոնային կրիչների, թվային շտեմարանների, համացանցային տարատեսակ աղբյուրների միջոցով: Այն, որ այսօր արհեստական բանականությունը սարերի հետևում չէ, հզոր քայլերով ներխուժում է մեր առօրյա կյանք, գրադարանավարները ևս խնդիր ունեն վերարժևորելու, շարունակական կրթության միջոցով հաստատելու իրենց կայուն տեղը և դերը նոր, հարափոփոխ աշխարհում:  

Ինչ վերաբերում է գրադարանների իրավունքներին և պարտականություններին, ապա նորից պետք է անդրադառնամ օրենսդրությանը՝ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի 16 և 17 հոդվածներով հստակ ձևակերպված են գրադարանների իրավունքներն ու պարտականությունները: Ներկայացնում եմ այդ հոդվածները: Կարծում եմ Ձեր ընթերցողներին դա կարող է հետաքրքրել:

Հոդված 16. Գրադարանների իրավունքները

1. Գրադարաններն իրավունք ունեն`

1) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ պայմանագիր կնքելիս սահմանելու գրադարանային հավաքածուի օգտագործման պայմանները.

2) ինքնուրույն որոշելու իրենց գործունեության բովանդակությունը, ուղղություններն ու ձեւերը` գրադարանի կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ խնդիրներին համապատասխան.

3) հիմնադրի հետ համաձայնեցնելով՝ հաստատելու գրադարանից օգտվելու կանոնները.

4) պահանջելու գրադարաններին պատճառած վնասի փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով.

5) առաջարկելու գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկի ընդլայնում  լիազորված պետական մարմնի հաստատած գրադարանային ծառայությունների ցանկում.

6) ստեղծելու գրադարանային միավորումներ` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) մասնակցելու դրամաշնորհային կամ այլ մրցութային ծրագրերին՝ գրադարանային գործի զարգացման նպատակով.

8) համագործակցելու օտարերկրյա պետությունների գրադարանների եւ այլ կազմակերպությունների հետ, անդամակցելու միջազգային կազմակերպություններին, մասնակցելու միջազգային գրադարանային ծրագրերի իրականացմանը.

9) ինքնուրույն որոշելու հավաքածուների համալրման աղբյուրները.

10) գրադարանային հավաքածուներից դուրս գրելու եւ օտարելու նյութական կրիչներ, բացառությամբ ազգային գրադարանային հավաքածուի կազմում  ընդգրկվածների, համաձայնեցնելով հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի հետ՝  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 17. Գրադարանների պարտականությունները

1.Գրադարանները պարտավոր են`

1) իրենց գործունեությունն  իրականացնել  գործող օրենսդրությանը, սույն օրենքին, գրադարանի կանոնադրությանը, գրադարանից օգտվելու կանոններին  համապատասխան.

2) իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել հիմնադրին կամ լիազորված պետական մարմին եւ ազգային վիճակագրական ծառայությանը` գործող օրենսդրությանը համապատասխան.

3) գրադարանից օգտվողների պահանջին համապատասխան՝ տրամադրել տեղեկույթ իրենց գործունեության, հավաքածուների օգտագործման եւ համալրման վերաբերյալ.

4) իրականացնել գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով.

5) պահպանել գրադարանից օգտվողի հարցումների եւ օգտագործած տեղեկույթի գաղտնիությունը` որպես նրա անձնական տեղեկույթ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

6) իրականացնել ազգային գրադարանային հավաքածուի հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը եւ օգտագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

7) իրազեկել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնների մասին:

- Կարո՞ղ ենք փաստել, որ համացանցը մրցակցության մեջ է նաև գրադարանների հետ, գրքի հետ: Եվ, ըստ Ձեր դիտարկումների, ի՞նչ ընթացքի մեջ է այդ մրցակցությունը:

- Ես կասեի համացանցն օգնության հասավ տեղեկատվության ոլորտի աշխատակիցներին, այլապես պահանջների հսկայածավալ հոսքին միայն գրադարանային տեղեկատվական տարածքներով բավարարումը, կարծում եմ, անհնարին կլիներ: Նորահայտ ճանապարհը տանում է դեպի հիբրիդ գրադարան, այսինքն՝ գրադարան, որտեղ թղթային կրիչներին զուգահեռ գործածվում են նաև տեղեկատվության վիրտուալ հնարավորությունները՝ էլեկտրոնային տարատեսակ կրիչներով:

- Մենք  ականատես ենք էլեկտրոնային գրադարանների գործունեությանը...

- Թվայնացման գործընթացները Հայաստանում սկսվել են 2012 թվականին՝ ՀՀ կառավարության որոշումով սահմանված կարգով՝ Հայաստանի ազգային գրադարանում՝ Տիգրան Զարգարյանի անմիջական ղեկավարությամբ մեկնարկած՝ Թվայնացման կենտրոնի և հանրային էլեկտրոնային ընթերցասրահի ստեղծմամբ: Հայաստանի ազգային գրադարանի, գործընկեր գրադարանների՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաև 10-ը մարզային գրադարանների գործուն աջակցությամբ տարեկան թվայնացվում և «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում տեղադրվում է գրքի և պարբերականի 1 միլիոն 669 հազարից ավելի էջ, շտեմարաններում թվայնացված էջերի ընդհանուր քանակը ներկայումս 12 միլիոնից ավելի է: Տիտանական աշխատանք է կատարվել և կատարվում «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարանների գործարկման, դրանց մուտքագրումների անընդհատությունը և հասանելիությունն ապահովելու համար:

Հայաստանի ազգային գրադարանը համակարգում է նաև Հայաստանի գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակը, որի մեջ ընդգրկված են հայաստանյան 25 խոշոր գրադարանները: Համայնքային գրադարանների հավաքածուների գույքագրումից հետո սահմանված կարգով համահավաք էլեկտրոնային գրացուցակ կմուտքագրվեն նաև համայնքային գրադարանների հավաքածունների ցանկերը: Արդյունքում կստեղծվի միասնական հայաստանյան համահավաք էլեկտրոնային գրացուցակ:

Միասնական էլեկտրոնային համահավաք գրացուցակի մուտքը՝ https://armunicat.nla.am/, «Հայ գիրք» https://haygirk.nla.am/, «Հայ մամուլ» https://tert.nla.am/

- Համառոտ՝ մարզային գրադարանների գործառույթների մասին:

- Նախարարության ենթակայության մարզային 10-ը գրադարանը հիմնադրվել են 2003 թվականին: Գտնվելով մայրաքաղաքային կյանքից հեռու՝ կարևոր դերակատարում ունեն մարզերում մշակութային կյանքի ձևավորման, պահպանման գործում, հաճախ ոչ բարենպաստ միջավայրում, անբավարար միջոցներով հենարան են դարձել համայնքային փակվող, լուծարվող գրադարանների համար, օգնել-աջակցել են գրադարանավարներին՝  մասնագիտական խորհուրդներով, այցելություններով, անհրաժեշտ գրականությամբ: Ես կասեի վերջին երկու տասնամյակում մշակութային կյանքի պահպանման ողնաշարն են դարձել: Մարզային գրադարանները  մշտապես ապահովել են համայնքային գրադարանների համար մեթոդական-խորհրդատվական աջակցություն:

- Հայաստանյան գրադարանների  մի քանի ցուցանիշի և դրանց մեջ պետական գրադարանների մասնաբաժնի  հարաբերակցության մասին:

- ՀՀ-ում գրադարանային հավաքածուների թիվը 2021 թվականի տվյալներով՝ 10. 244. 052 միլիոն է, որից շուրջ 9,5 միլիոնը պետական գրադարաններինն է: Ընթերցողների թիվը՝ 354.316 է, որից 111.687-ը պետական գրադարանների ընթերցողների թիվն է:  Սպասարկված գրքերի քանակի՝ 5.000.000-ից 3.000.000-ը բաժին է ընկնում պետական գրադարաններին: Թվերը խոսուն են…

- «Լավագույն գրադարան» մրցույթի մասին...

- 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպեց Հայաստանում 1-ին «Լավագույն գրադարան» մրցույթը՝ հինգ անվանակարգով: Մրցույթի նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, օրեցօր զարգացող աշխարհում գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը: Լավագույն գրադարաններ ճանաչվեցին ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական, Լոռու մարզի Սպիտակի քաղաքային, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան համայնքային և Շիրակի մարզային գրադարանները: 

2022 թվականին՝ Լոռու մարզային գրադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը, Հայ-ռուսական համալսարանի գրադարանը, Շիրակի մարզային գրադարանը, «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը: Ինչպես նկատեցիք, լավագույնների շարքում ունենք և մարզային, և դպրոցական, և մասնագիտական գրադարաններ։

- Հանրապետությունում ավանդույթի ուժ են ստացել Գրադարանավարի օրը, Գիրք նվիրելու օրը, Ազգային գրադարանային շաբաթը... Համառոտ՝ այդ մասին:

- Նախարարության ենթակայության գրադարաններում տարեկան 200-ից ավելի միջոցառում է կազմակերպվում, այդ թվում նաև Գրադարանավարի օրվան, Գիրք նվիրելու օրվան, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում... Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներին միանում են գործող գրեթե բոլոր գրադարանները:

- Ի՞նչ ասել է գրադարանային միջոցառում. հաճախ գրադարաններում գրքի հետ առնչություն չունեցող միջոցառումների ենք ականատես լինում, արդյո՞ք դրանք ինքնանպատակ չեն:

- Ժամանակին հստակ տարանջատված էին մշակույթի տների և գրադարանների գործունեությունը: Մշակույթի տների և գրադարանների աշխատանքային բովանդակությունը նույնը չէր, «գրադարանային միջոցառում» տերմինն ինչ որ չափով այդ տարանջատման արդյունք էր, «գրադարանային միջոցառում»-ը որպես կանոն գրքի հետ առնչվող, գրքի հանրահռչակմանը, ընթերցանության խթանմանը միտված իրադարձություն էր: Մշակույթի տների գործողությունները հիմնականում նրանցում գործող խմբերի և խմբակների գործունեությամբ պայմանավորված միջոցառումներ էին: Հանրային գրադարանն այսօր կարող է ապահովել ինտելեկտուալ միջավայր, որտեղ կարելի է ապահովել նաև ազատ ժամանցը, այն կարող է դառնալ մտավոր զարգացման և գիտելիքների գեներացման կենտրոն։ Հատկապես ցանկանում եմ ընդգծել՝ այո, գրադարանները կարող են կազմակերպել մեկ ամբողջական մշակութային ստեղծարար միջավայր:

- Որքանո՞վ են գրադարանները մասնակցում պետական աջակցությամբ իրականացվող գրքերի տպագրության պատվերի ձևավորմանը, չէ՞ որ գրադարաններում նախևառաջ գիտեն, թե ո՞ր գրքերն են հատկապես պահանջված:

- Պետական պատվերի ծրագիրը  2017 թվականից չի գործում: Հայաստանում հրատարակչական դաշտը մասնավորեցված է, հրատարակիչները համագործակցում են գրադարանների հետ, այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող գրադարանների հետ: Գրադարաններում ստեղծված են մերժումների քարտարաններ, որոնց հիման վրա ձևավորվում է անհրաժեշտ գրականության պահանջարկը: Հայաստանում տարեկան տպագրվում է 2300-2400 անուն գիրք:

- Գրադարանային կադրերի պատրաստմանն առնչվող հարցը: Հետաքրքիր է՝ ի՞նչ պատկեր ունեն գրադարանային աշխատողները՝ կրթական-մասնագիտական տեսակետից:

- ՀՀ-ում սահմանված է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ: Գրադարանային ոլորտը ևս ապահովված է երկաստիճան որակավորմամբ բարձրագույն կրթական համակարգով: 

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սահմանված և հաստատված են նաև «Գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները»: 

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացները, որ իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ, սկիզբ է առել 2012 թվականից: 2012-2022 թվականներին ծրագրի շրջանակում վերապատրաստվել են հանրապետության շուրջ 500 գրադարանավար:

Դասընթացների թեմաներն ընդգրկել են գրադարանային գործի գրեթե բոլոր ոլորտները` գրադարանային մարքեթինգ և կառավարում, գրադարաններում ֆինանսական միջոցների ներգրավում և արտաբյուջեի ձևավորում, թվային գրադարանների առանձնահատկությունները և դրանց ստեղծման նախադրյալները, ինչպես և ժամանակակից գիտական տեղեկատվական շտեմարաններ, գրադարանային տեղեկատու-որոնողական ապարատի կազմակերպումը և սպասարկումը, Էլեկտրոնային շտեմարաններ: Հայկական գիտահետազոտական պահոցի,  ՀՀ գրադարանային օրենսդրության, ենթաօրենսդրական ակտերի ներկայացում, գրադարանային փաստաթղթերի վերականգնում և ամրակայում, հայ գրքի մատենագիտության կազմման սկզբունքները, գրադարանային փաստաթղթերի պահպանություն և սպասարկում, գրադարաններում միջոցառումների կազմակերպում, գրադարանային հավաքածուի համալրման աղբյուրները, գրքափոխանակության խնդիրները, Amazon, eBay գրավաճառ ցանցեր, գրականության դասակարգման տեսակները, հեղինակավոր գրառումներ, առարկայական խորագրեր, ընթերցանության կազմակերպումը պատանիների և երիտասարդների շրջանում: Այս ծրագիրը բավականին նպաստում է գրադարանավարների մասնագիտական մակարդակի բարձրացմանը:

- Շնորհակալություն զրույցի համար, Ձեզ՝ հաջողություն:

- Պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ գրադարանային ոլորտի վերաբերյալ Ձեր համակողմանի հարցախույզի, ոլորտի խնդիրներին, նաև ձեռքբերումներին անդրադառնալու հնարավորություն ընձեռելու համար:

Սյունյաց աշխարհի բոլոր ընթերցողներին մաղթում եմ ամուր կամք, հայրենի հողին և մշակույթին ոգեղենություն հաղորդելու հետագա վճռականություն: Դե իսկ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսին՝ երկար-երկար ճանապարհ:

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06