Հարցազրույց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ

22.05.2026 15:35
183

Պարո՛ն նախարար, որո՞նք են կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանի օրենսդրական հիմնական հենասյուները։

Կենսաբազմազանության պահպանության ոլորտում Հայաստանի օրենսդրական և կառավարման համակարգը կարելի է դիտարկել չորս փոխկապակցված մակարդակներով՝ նորմատիվային, տարածքային, տեսակային և վերարտադրողական։ Այս մոտեցումը կարևոր է, քանի որ կենսաբազմազանության պահպանությունը չի սահմանափակվում միայն առանձին տեսակների պաշտպանությամբ, այն ներառում է նաև դրանց աճելավայրերի և ապրելավայրերի պահպանումը, էկոհամակարգերի կայունության ապահովումը, բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը, ինչպես նաև բացասական մարդածին ազդեցությունների կանխարգելումը կամ նվազեցումը։

Օրենսդրական մակարդակում ոլորտի հիմնական հենասյուներն են Հողային, Անտառային և Ջրային օրենսգրքերը, «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքները, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարմանն առնչվող այլ իրավական ակտեր։ Այս իրավական դաշտը սահմանում է կենսաբազմազանության պահպանության, վերարտադրության, կայուն օգտագործման, մոնիթորինգի, կառավարման և վերահսկողության հիմնական մեխանիզմները։

Տարածքային մակարդակում առանցքային դեր ունի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը՝ պետական արգելոցները, արգելավայրերը, ազգային պարկերը և բնության հուշարձանները։ Դրանք Հայաստանի կենսաբազմազանության պահպանության հիմնական տարածական հիմքն են, քանի որ ապահովում են բնական էկոհամակարգերի, տեսակների բնակության միջավայրերի և արժեքավոր լանդշաֆտների պահպանությունը։

Տեսակային մակարդակում կարևոր գործիքներ են Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերը, որոնց միջոցով առանձնացվում են հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող կամ հատուկ պահպանության կարիք ունեցող տեսակները։ Սա հնարավորություն է տալիս պահպանության միջոցառումները դարձնել առավել հասցեական՝ կենտրոնանալով ոչ միայն տարածքների, այլև կոնկրետ տեսակների, դրանց պոպուլյացիաների և կենսամիջավայրերի վրա։

Վերարտադրողական մակարդակում պետության քաղաքականությունը միտված է ոչ միայն առկա կենսաբազմազանության պահպանմանը, այլև խոցելի կամ անհետացման եզրին գտնվող տեսակների պոպուլյացիաների վերականգնմանը և դրանց բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։ Դրա վառ օրինակներ են Սևանի իշխանի և ազնվացեղ եղջերուի պոպուլյացիաների վերականգնման ծրագրերը։ Ժամանակակից բնապահպանական քաղաքականությունը պետք է ոչ միայն կանխի կորուստները, այլև նպաստի վնասված էկոհամակարգերի վերականգնմանը և բնական պաշարների կենսունակության ամրապնդմանը։ Այս ամբողջ համակարգը լրացվում է մեր երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով։

Ի՞նչ միջազգային պարտավորություններով և համաձայնագրերով է առաջնորդվում Հայաստանի Հանրապետությունը կենսաբազմազանության ոլորտում։

Հայաստանի Հանրապետությունը կենսաբազմազանության ոլորտում առաջնորդվում է միջազգային բնապահպանական պարտավորությունների լայն համակարգով, որի առանցքում ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիան է և դրա Կունմինգ–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը։ Կարևոր է նաև «Ռիոյի» երեք կոնվենցիաների փոխկապակցվածությունը։ Հայաստանի բնապահպանական քաղաքականությունն առնչվում է նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիային, քանի որ կլիմայի փոփոխությունը, հողերի դեգրադացիան և բնական միջավայրերի կորուստն անմիջական ազդեցություն ունեն կենսաբազմազանության վիճակի վրա։

Բացի այդ, Հայաստանը կողմ երկիր է հանդիսանում մի շարք մասնագիտացված համաձայնագրերի՝ Բեռնի կոնվենցիային՝ վայրի բնության և բնական միջավայրերի պահպանության, Ռամսարի կոնվենցիային՝ խոնավ տարածքների պահպանության, CITES կոնվենցիային՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների միջազգային առևտրի կարգավորման, Բոննի կոնվենցիային՝ միգրացվող տեսակների պահպանության, ինչպես նաև Կարթագենյան արձանագրությանը՝ կենսանվտանգության ոլորտում։ Այս փաստաթղթերը ձևավորում են այն միջազգային իրավական հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի օրենսդրական, ծրագրային և կառավարման գործիքները։

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված նոր կարևոր միջազգային պարտավորություններից են Նագոյայի արձանագրությունը, որը վերաբերում է գենետիկական պաշարների հասանելիությանը և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխմանը, Խոշոր կատուների միջազգային դաշինքի շրջանակային համաձայնագիրը, որը կարևոր է Կովկասյան ընձառյուծի և մեր երկրում հանդիպող այլ վայրի կատվազգիների պահպանության տեսանկյունից, ինչպես նաև ազգային իրավազորությունից դուրս գտնվող տարածքների ծովային կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման վերաբերյալ համաձայնագիրը։

Այդ համաձայնագրերը Հայաստանի համար ոչ միայն իրավական հանձնառություններ են, այլ նաև բնապահպանական կառավարման որակը բարձրացնելու գործիք։ Դրանք պետք է վերածվեն գործնական ազգային քաղաքականության՝ օրենսդրության կատարելագործման, բնության հատուկ պահպանվող տարածքների և պետական անտառների արդյունավետ կառավարման, էկոհամակարգերի վերականգնման, Կարմիր գրքում ընդգրկված տեսակների պահպանության և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների պատշաճ գնահատման միջոցով։

Ո՞րն է Հայաստանի պետական քաղաքականության նպատակը կենսաբազմազանության ոլորտում։

Հայաստանի   պետական քաղաքականության հիմնական նպատակը կենսաբազմազանության ոլորտում բնական էկոհամակարգերի ամբողջականության պահպանումն է, կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործումը և վնասված կամ խոցելի էկոհամակարգերի աստիճանական վերականգնումը։ Այս մոտեցման հիմքում ընկած է հիմնական սկզբունք, համաձայն որի՝ կենսաբազմազանությունը միայն բնապահպանական արժեք չէ, այն մեր երկրի էկոլոգիական անվտանգության, կլիմայական դիմակայունության, հանրային առողջության և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հիմքերից է։

Գործնական առումով պետական քաղաքականությունը միտված է մի քանի հիմնական ուղղությունների ամրապնդմանը՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտի կատարելագործում, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում, հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանում, ինչպես նաև առանձին տեսակների և էկոհամակարգերի վերականգնման ծրագրերի իրականացում։ Այս տրամաբանությունը համահունչ է կենսաբազմազանության պահպանության նորմատիվային, տարածքային, տեսակային և վերարտադրողական մակարդակների մոտեցմանը։

Երկարաժամկետ տեսլականում մենք  ձգտում ենք ունենալ կենսաբազմազանությամբ հարուստ, էկոլոգիապես կայուն և կլիմայական փոփոխություններին     դիմակայող երկիր, որտեղ բնության պահպանությունը և տնտեսական զարգացումը դիտարկվում են ոչ թե որպես հակադիր, այլ իրար փոխլրացնող գործընթացներ։ Հաշվի առնելով նշված համգամանքը կարևոր է, որ կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման հետ կապված հարցերը ներառվեն ոչ միայն բնապահպանական, այլև հողօգտագործման, անտառային տնտեսության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, քաղաքաշինության և տարածքային զարգացման ոլորտների քաղաքականություններում։ Պետության նպատակն է ոչ միայն կենսաբազմազանության կորստի կանխումը, այլ նաև բնական էկոհամակարգերի կենսունակության վերականգնումը, պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման ապահովումը և այնպիսի իրավական ու կառավարման միջավայրի ձևավորումը, որտեղ բնական պաշարների օգտագործումը կլինի պատասխանատու, գիտահեն և համահունչ ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների շահերին։

Որո՞նք են այսօր կենսաբազմազանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Այսօր կենսաբազմազանության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը կենտրոնացած է մի քանի փոխկապակցված ուղղությունների վրա։ Այս հիմքով մշակվել և հաստատվել է ՀՀ կենսաբանական բազմազանության պահպանության 2026-2030 թվականների նպատակները և գործողությունների ծրագիրը։

Ներկայացված ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով կենսաբազմազանության պահպանության գլոբալ շրջանակի նպատակներն ու թիրախները: Փաստաթղթով սահմանվում է 5 ազգային նպատակ և 30 ազգային թիրախ մինչև 2030 թվական իրագործելու համար: Ծրագրով նախատեսված է 125 միջոցառում։

Միջոցառումները բաժանված են ըստ 6 թեմատիկ բլոկի՝ ներառելով համապատասխան ազգային թիրախներ

1. տարածական պլանավորում, պահպանում և վերականգնում,

2. տեսակների օգտագործում, ինվազիվ տեսակներ, կենսաանվտանգություն,

3. աղտոտում, կլիմա և բնության վրա հիմնված լուծումներ,

4. ոլորտային քաղաքականությունների «կանաչեցում», կայուն արտադրություն և սպառում,

5. արդարություն, ռեսուրսների կառավարում, վնասակար խթանների նվազեցում,

6. ֆինանսավորում, կարողություններ, տվյալներ, մասնակցություն և գենդեր:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրականացման, մոնիթորինգի և հաշվետվության հստակ մեխանիզմների սահմանմանը, ինչը կապահովի ծրագրի թափանցիկությունը և արդյունքակենտրոն իրականացումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Այս գործողություների արդյունքում ակնկալվում է բարձրացնել ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանության արդյունավետությունը։

Ո՞ր կառույցներն են ներգրավված Հայաստանում կենսաբազմազանության պահպանության գործում։

Հայաստանում կենսաբազմազանության պահպանության քաղաքականության ձևավորման և համակարգման հիմնական պատասխանատուն շրջակա միջավայրի նախարարությունն է։ Նախարարությունը մշակում է ոլորտային քաղաքականությունը, համակարգում է օրենսդրական և ծրագրային բարեփոխումները, ապահովում է միջազգային պարտավորությունների կատարումը և ուղղորդում կենսաբազմազանության, անտառների, ջրային ռեսուրսների, պահպանվող տարածքների և շրջակա միջավայրի մոնիթորինգի հետ կապված հիմնական գործընթացները։

Գործնական մակարդակում կարևոր դեր ունեն նախարարությանը ենթակա կազմակերպությունները՝ Էկոպարեկային ծառայությունը, բնության հատուկ պահպանվող  տարածքները  կառավարող  ՊՈԱԿ-ները՝ «Սևան»  ազգային պարկ»,

«Դիլիջան» ազգային պարկ», «Արփի լիճ» ազգային պարկ», «Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Արգելոցապարկային համալիր» և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Հայանտառ» և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ները։

Միևնույն ժամանակ կենսաբազմազանության պահպանությունը չի կարող դիտարկվել միայն մեկ գերատեսչության գործառույթի շրջանակում։ Այս գործընթացում ներգրավված են նաև բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, գիտական և կրթական հաստատությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և միջազգային գործընկերները։ Միայն նման բազմակողմ համագործակցությունն է հնարավորություն տալիս, որ ազգային քաղաքականությունը հիմնված լինի ոչ միայն իրավական կարգավորումների, այլ նաև գիտական տվյալների, համայնքային մասնակցության, վերահսկողության և միջազգային փորձի վրա։

Ի՞նչ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզը Հայաստանի կենսաբազմազանության ընդհանուր համակարգում։

Սյունիքը Հայաստանի կենսաբազմազանության համակարգում ունի առանձնահատուկ՝ կարելի է ասել ռազմավարական նշանակություն։ Մարզը միավորում է անտառային, լեռնային, մերձալպյան, գետահովտային և չոր լանդշաֆտներ, ինչի շնորհիվ Սյունիքում ձևավորվել է տեսակների և բնական միջավայրերի բացառիկ բազմազանություն։ Պատահական չէ, որ հենց Սյունիքում են գտնվում Հայաստանի ամենաարժեքավոր 8 պահպանվող տարածք և 3 անտառտնտեսություն։ Առանձնահատուկ բազմազանությամբ առանձնանում են «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր» և «Բողաքար» պետական արգելավայրերը։

Սյունիքի կարևորությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մարզը Կովկասի կենսաբազմազանության կարևոր հատվածներից է և ունի տարածաշրջանային բնապահպանական նշանակություն։ Այստեղ պահպանվում են հազվագյուտ և վտանգված տեսակների կենսամիջավայրեր, այդ թվում՝ լայնատերև անտառներ, սոսու եզակի ծառուտներ, բարձրադիր բնական էկոհամակարգեր և խոշոր գիշատիչների համար կարևոր տարածքներ։ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կառավարմանը հանձնված բնության հատուկ պահպանվող տարածքներն այդ արժեքների պահպանության կարևոր ինստիտուցիոնալ հիմքն են։

Առանձնահատուկ պետք է ընդգծել նաև Սյունիքի անտառտնտեսությունների դերը։ Մարզում գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի, Սիսիանի և Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղերը կարևոր նշանակություն ունեն ոչ միայն անտառների պահպանության և վերականգնման, այլ նաև կենսաբազմազանության կայուն օգտագործման տեսանկյունից։ Սյունիքի անտառները բազմաթիվ կենդանական և բուսական տեսակների կենսամիջավայր են, միաժամանակ ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ և կլիմայական դիմակայունության կարևոր նշանակություն։

Այս առումով Սյունիքը պետք է դիտարկել ոչ միայն որպես հարուստ բնական ժառանգություն ունեցող մարզ, այլև որպես Հայաստանի կենսաբազմազանության թեժ կետ։ Այստեղ պետության խնդիրը պահպանվող տարածքների, անտառտնտեսությունների, համայնքների և գիտական կառույցների համագործակցությունն ուժեղացնելն է, որպեսզի բնական պաշարների օգտագործումը լինի հավասարակշռված, իսկ կենսաբազմազանության պահպանումը՝ երկարաժամկետ և արդյունավետ։

Ո՞ր կառույցներով է կարևորվում կենսաբազմազանության պահպանությունը Սյունիքի մարզում։

Սյունիքի մարզում կենսաբազմազանության պահպանության առանցքային կառույցներից է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որի միջոցով իրականացվում է մարզի կարևորագույն պահպանվող տարածքների՝ այդ թվում

«Շիկահող» պետական արգելոցի, «Արևիք» ազգային պարկի և մի շարք պետական արգելավայրերի կառավարումը։ Այս կառույցի դերը կարևոր է, քանի որ այն ապահովում է ոչ միայն առանձին տարածքների պահպանությունը, այլ նաև Սյունիքի արժեքավոր էկոհամակարգերի նկատմամբ ամբողջական և համակարգված մոտեցումը։

Պահպանության գործնական բաղադրիչում կարևոր դեր ունի Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը, որի Սյունիքի մարզային վարչության գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2025 թվականին։ Ծառայության գործառույթները կարևոր են կանխարգելիչ պահպանության, ապօրինի գործունեության ռիսկերի նվազեցման, անտառների, վայրի բնության և պահպանվող տարածքների նկատմամբ ամենօրյա հսկողության ապահովման տեսանկյունից։

Վերահսկողական բաղադրիչն ապահովում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ իր Սյունիքի տարածքային բաժնի միջոցով։ Եթե պահպանվող տարածքների կառավարման մարմինները և Էկոպարեկային ծառայությունը հիմնականում ապահովում են կառավարման, պահպանության և կանխարգելման գործառույթները, ապա տեսչական մարմինը կարևոր է բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանման, խախտումների արձանագրման և պատասխանատվության մեխանիզմների կիրառման առումով։

Այս համակարգը գործում է նախարարության ընդհանուր համակարգմամբ և չի սահմանափակվում միայն պետական կառույցներով։ Սյունիքում կենսաբազմազանության արդյունավետ պահպանության համար էական է նաև համայնքների, գիտական հաստատությունների, անտառտնտեսությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների մասնակցությունը։

Ի՞նչ կոնկրետ ծրագրեր են այսօր իրականացվում կենսաբազմազանության պահպանության գործում առկա մարտահրավերներին դիմակայելու համար։

Այսօր կենսաբազմազանության պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը միտված են ոչ միայն առանձին տեսակների պահպանությանը, այլ նաև ամբողջական էկոհամակարգերի կառավարման բարելավմանը, մոնիթորինգի կարողությունների զարգացմանը և պահպանվող տարածքներին հարակից համայնքների կայուն զարգացմանը։ Այս մոտեցման հիմքում բնության պահպանությունը տեղական բնակչության սոցիալ-տնտեսական շահերի հետ համադրելու սկզբունքն է։

Այս ուղղությամբ մշակված կարևոր ծրագրերից է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագիրը։ Այն նպատակ ունի ամրապնդել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, բարելավել ենթակառուցվածքները, աջակցել Էկոպարեկային ծառայության և վերահսկող մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև խթանել հարակից համայնքների կայուն զարգացումը։ Ծրագրի շահառուների թվում են նաև Սյունիքում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները։

Կարևոր նշանակություն ունի նաև «Պահպանվող տարածաքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը, որը երկար տարիներ աջակցել է պահպանվող տարածքների համակարգի կարողությունների բարձրացմանը, կառավարման գործիքների բարելավմանը, տեխնիկական վերազինմանը և համայնքային բաղադրիչների զարգացմանը։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ուղղությամբ առանձնանում են «ԵՄ-ն Սևանի համար» և դրա շարունակական փուլ հանդիսացող «ԵՄ-ն Սևանի համար պլյուս» ծրագրերը, որոնք ուղղված են Սևանա լճի ավազանում բնական էկոհամակարգերի պահպանությանը և վերականգնմանը, կենսաբանական և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, ջրի որակի բարելավմանը, կեղտաջրերի կառավարմանը և էկոհամակարգային մոտեցումների ամրապնդմանը։

Բացի այդ, կարևոր դեր ունեն Կովկասի բնության հիմնադրամի աջակցությունը,

«Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնություն» ծրագիրը, ինչպես նաև առանձին տեսակների վերականգնման նախաձեռնությունները, այդ թվում՝ ազնվացեղ եղջերուի և Սևանի իշխանի պոպուլյացիաների վերականգնման ծրագրերը։ Այս բոլոր ծրագրերի նպատակը կենսաբազմազանության պահպանության այնպիսի մոդելի ձևավորումն է, որտեղ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, գիտահեն մոնիթորինգը, տեսակների վերականգնումը և համայնքների կայուն զարգացումը դիտարկվում են որպես մեկ միասնական գործընթաց։

Արդյո՞ք ոլորտի ֆինանսավորումը բավարար է։

Կենսաբազմազանության ոլորտում ֆինանսավորման կարիքները, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, սովորաբար ավելի մեծ են, քան առկա ռեսուրսները։ Դա պայմանավորված է նրանով, որ այս ոլորտը պահանջում է երկարաժամկետ և շարունակական ներդրումներ՝ պահպանվող տարածքների կառավարման, անտառների և էկոհամակարգերի վերականգնման, մոնիթորինգի, գիտական ուսումնասիրությունների, տեխնիկական կարողությունների և համայնքային մասնակցության ապահովման համար։

Այնուամենայնիվ, կարևոր է ֆինանսավորումը դիտարկել ոչ թե միայն որպես ուղղակի ծախս, այլ որպես ներդրում երկրի բնական անվտանգության, կլիմայական դիմակայունության, ջրային և հողային ռեսուրսների պահպանության, ինչպես նաև բնակչության կյանքի որակի բարելավման համար։ Եթե այսօր բավարար միջոցներ չուղղվեն կենսաբազմազանության պահպանությանը, վաղը դրա կորուստների վերականգնումը կարող է պահանջել շատ ավելի մեծ ֆինանսական, սոցիալական և բնապահպանական ռեսուրսներ։

Վերջին տարիներին Հայաստանը կարողացել է ներգրավել բավականաչափ միջազգային աջակցություն՝ բնության հատուկ պահպանվող տարածքների և պետական անտառների կառավարման, էկոհամակարգերի վերականգնման, Սևանա լճի էկոհամակարգի բարելավման և համայնքային կայուն զարգացման ուղղություններով։ Այս առումով կարևոր են Գերմանիայի զարգացման բանկի, Եվրոպական միության, Կովկասի բնության հիմնադրամի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի և այլ գործընկերների հետ իրականացվող ծրագրերը։

Միաժամանակ մեր խնդիրը միայն լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելը չէ, այլ նաև ֆինանսավորման կայուն և բազմաղբյուր համակարգ ձևավորելը։ Դա ենթադրում է պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում, միջազգային ծրագրերի նպատակային ներգրավում, կենսաբազմազանության ֆինանսավորման նոր գործիքների զարգացում, ինչպես նաև մասնավոր հատվածի և համայնքների մասնակցության խրախուսում։

Որքանո՞վ են           համայնքները ներգրավված կենսաբազմազանության պահպանության գործընթացում։

Համայնքների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում ունի առանցքային նշանակություն, քանի որ բնության պահպանությունն արդյունավետ չի կարող լինել առանց տեղական բնակչության մասնակցության և վստահության, քանի որ հենց համայնքներն են գտնվում բնական միջավայրի հետ ամենօրյա շփման մեջ, հետևաբար՝ վերջիններիս մասնակցությունը կարևոր է ինչպես պահպանության միջոցառումների իրականացման, այնպես էլ ռիսկերի վաղ հայտնաբերման, մոնիթորինգի և կայուն օգտագործման մշակույթի ձևավորման տեսանկյունից։

Մեր մոտեցումն այն է, որ կենսաբազմազանության պահպանումը պետք է համայնքների համար ստեղծի նաև սոցիալ-տնտեսական հնարավորություններ՝ զբաղվածություն, եկամտի այլընտրանքային աղբյուրներ, էկոտուրիզմի զարգացում, էներգախնայող լուծումներ, ենթակառուցվածքների բարելավում և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման նոր մոդելներ։ Կարծում եմ՝ միայն այս դեպքում բնության պահպանությունը համայնքի համար չի ընկալվի որպես միայն սահմանափակում, այլ կդառնա նաև երկարաժամկետ զարգացման հնարավորություն։

Սյունիքի փորձն այս առումով շատ կարևոր է։ Մարզում պահպանվող տարածքները, անտառները և հարակից համայնքները փոխկապակցված են, և անհրաժեշտ արդյունք հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ պետական կառույցները, պահպանվող տարածքների կառավարող մարմինները, անտառտնտեսությունները, համայնքները և միջազգային գործընկերները գործում են համաձայնեցված։ Այդ պատճառով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններում և իրականացվող ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձվում համայնքների կարողությունների զարգացմանը և նրանց ներգրավմանը որոշումների կայացման ու իրականացման գործընթացներում։ Այլ կերպ ասած՝ համայնքները պետք է լինեն ոչ միայն պահպանության միջոցառումների շահառու, այլ նաև լիարժեք գործընկերներ։

Ո՞ր գիտական հաստատություններն առանցքային դեր ունեն Հայաստանում կենսաբազմազանության ուսումնասիրման գործում։

Հայաստանում կենսաբազմազանության ուսումնասիրության գործում առանցքային դեր ունեն գիտական և կրթական այն հաստատությունները, որոնք ձևավորում են ոլորտի համար անհրաժեշտ գիտական հենքը՝ տեսակների ուսումնասիրությունից մինչև էկոհամակարգերի վիճակի գնահատում և մոնիթորինգի մեթոդաբանությունների ձևավորում։

Առանձնահատուկ կարևորություն ունեն Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կառույցները, մասնավորապես՝ Ա.Լ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտն ու Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։ Այս կառույցներում իրականացվում են Հայաստանի բուսական և կենդանական աշխարհի, ջրային էկոհամակարգերի, հազվագյուտ և վտանգված տեսակների, ինչպես նաև բնական միջավայրերի խորքային գիտական ուսումնասիրություններ։

Կարևոր դեր ունի նաև Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, ինչպես նաև այլ բուհեր և գիտահետազոտական կենտրոններ, որոնք պատրաստում են մասնագետներ, իրականացնում են դաշտային հետազոտություններ և մասնակցում են կենսաբազմազանության վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, վերլուծությանը և գիտական գնահատմանը։

Մեզ համար կարևոր է, որ գիտական ներուժն առավել գործնականորեն կապվի պետական կառավարման հետ։ Կենսաբազմազանության ոլորտում արդյունավետ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են վստահելի տվյալներ, մշտադիտարկում, քարտեզագրում, գիտական ուսումնասիրություններ և ռիսկերի գնահատում։ Այս իմաստով գիտական հաստատություններին մենք դիտարկում ենք ոչ միայն որպես հետազոտողների, այլ նաև պետական քաղաքականության որակը բարձրացնող կարևոր գործընկերների։

Ինչպիսի՞ դեր ունեն այսօր նոր տեխնոլոգիաները կենսաբազմազանության կառավարման մեջ։

Նոր տեխնոլոգիաներն այսօր կենսաբազմազանության կառավարման անբաժանելի գործիք են։ Եթե նախկինում որոշումները հիմնվում էին առանձին ուսումնասիրությունների և դաշտային դիտարկումների վրա, ապա այսօր անհրաժեշտ է ունենալ տարածական տվյալների, թվային քարտեզագրման, հեռահար զոնդավորման, մշտադիտարկման և տվյալների վերլուծության համադրված համակարգ և համահավաք։ Սա հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ գնահատել էկոհամակարգերի վիճակը, տեսակների տարածվածությունը, բնական միջավայրերի փոփոխությունները և ռիսկային գոտիները։

Գործնական առումով կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի տվյալների ազգային հարթակը՝ էկոպորտալը, որտեղ համադրվում են շրջակա միջավայրի վերաբերյալ քարտեզները, ցուցիչները, վերլուծական նյութերը և ջրային ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվությունը։ Ոչ պակաս կարևորություն ունի նաև Ազգային գեոպորտալը, որը հնարավորություն է տալիս դիտել Հայաստանի քարտեզը, մուտք գործել տարածական տվյալների շտեմարան, օգտվել մետատվյալների կատալոգից և ներբեռնել անհրաժեշտ տեղեկատվություն։ Այն ներառում է բազային քարտեզագրական շերտեր, այդ թվում՝ կադաստրային քարտեզներ, հողօգտագործման, հասցեների, աշխարհագրական անվանումների, օրթոֆոտոհատակագծերի և ռելիեֆի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև թեմատիկ քարտեզագրական շերտեր, այդ թվում՝ հողատիպերի, անտառաների, բնության հատուկ պահպանվող տարածքների, մակերևութային ջրերի և այլ համապատասխան քարտեզագրական շերտեր:

Բնության հատուկ պահպանվող տարածքների և պետական անտառների կառավարման տեսանկյունից Ազգային գեոպորտալը կարևոր է հատկապես տարածքների սահմանների հստակեցման, հողերի նպատակային և գործառնական նշանակության համադրման, ռիսկային գոտիների բացահայտման, տարածական պլանավորման և տարբեր պետական մարմինների միջև տվյալների փոխանակման համար։ Սա նաև համահունչ է Կառավարության կողմից որդեգրված թվայնացման օրակարգին, քանի որ բնապահպանական որոշումները պետք է հիմնվեն ոչ միայն իրավական կարգավորումների, այլ նաև ճշգրիտ, համադրելի և հասանելի տարածական տվյալների վրա։

Կենսաբազմազանության կառավարման մեջ մեծանում է նաև արբանյակային տվյալների, անօդաչու թռչող սարքերի, ֆոտոթակարդների, գեոինֆորմացիոն համակարգերի և դաշտային թվային գործիքների դերը։ Դրանք կարող են կիրառվել պահպանվող տարածքների սահմանների հստակեցման, անտառների վիճակի գնահատման, ապօրինի ճնշումների հայտնաբերման, վայրի կենդանիների մոնիթորինգի և ջրային էկոհամակարգերի փոփոխությունների գնահատման համար։

Այս ամենի հիմնական նպատակը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կենսաբազմազանության կառավարումն ավելի գիտահեն, թափանցիկ և կանխատեսելի դարձնելն է։ Ժամանակակից թվային գործիքները թույլ են տալիս խնդիրներին տալ արագ արձագանք, պահպանության միջոցառումները պլանավորել առավել արդյունավետ և ապահովել, որ պետության որոշումները հիմնված լինեն ճշգրիտ տվյալների վրա։

Ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար COP17-ի հյուրընկալումը։

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալումը Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է՝ մեր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու որպես կենսաբազմազանության պահպանության օրակարգում պատասխանատու, նախաձեռնող և վստահելի գործընկեր։ Այն հնարավորություն է տալիս ավելի տեսանելի դարձնել Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը, ձևավորել նոր համագործակցություններ` ներգրավելով ֆինանսական, գիտական և տեխնոլոգիական ռեսուրսներ, ինչպես նաև ներկայացնել մեր երկրի բնական ժառանգությունը, գիտական ներուժը և պահպանվող տարածքների համակարգը։

Միևնույն ժամանակ COP17-ը կարևոր խթան է ներքին բարեփոխումների համար։ Այն մեզ հնարավորություն է տալիս արագացնել կենսաբազմազանության ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, ամրապնդել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, զարգացնել մոնիթորինգի և տվյալահեն որոշումների համակարգը, ինչպես նաև ավելի ակտիվ ներգրավել համայնքներին, գիտական կառույցներին և մասնավոր հատվածին։

COP17-ը Հայաստանի համար միայն մեկանգամյա միջոցառում չէ, այլ երկարաժամկետ հնարավորություն՝ ամրապնդել երկրի դերը գլոբալ բնապահպանական օրակարգում և ցույց տալ, որ նաև փոքր երկրները կարող են հանդես գալ կարևոր նախաձեռնություններով և նպաստել միջազգային ջանքերի համադրմանը։ Այս համաժողովի հյուրընկալմամբ Երևանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ միջազգային երկխոսությունը կվերածվի գործնական համագործակցության, իսկ կենսաբազմազանության պահպանությունը՝ ապագա սերունդների հանդեպ ընդհանուր պատասխանատվության։

Ի՞նչ հիմնական ուղերձ կցանկանայիք փոխանցել հանրությանը կենսաբազմազանության պահպանության կարևորության վերաբերյալ։

Կենսաբազմազանության կարևորության մասին կարելի է երկար խոսել, քանի որ այն առնչվում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։ Սակայն իմ հիմնական ուղերձը թերևս հետևյալն է. կենսաբազմազանության պահպանությունը միայն բնապահպանական խնդիր չէ, այն մեր առողջության, կյանքի որակի, պարենային և ջրային անվտանգության, կլիմայական դիմակայունության և երկրի երկարաժամկետ զարգացման հիմքերից է։

Շրջակա միջավայրի ցանկացած փոփոխություն ազդում է յուրաքանչյուրիս կյանքի որակի վրա՝ մաքուր օդից ու ջրից մինչև հողի բերրիություն, գյուղատնտեսության կայունություն և բնական աղետների նկատմամբ դիմադրողականություն։ Կենսաբազմազանության կորուստը միայն որևէ տեսակի կամ էկոհամակարգի կորուստ չէ, այն բնական հավասարակշռության խախտում է, որի հետևանքները վաղ թե ուշ անդրադառնում են մարդու, համայնքի և պետության վրա։

Մենք պետք է բնությունը դիտարկենք որպես ազգային հարստություն և կենսական արժեք, որը պետք է ոչ միայն պահպանել, այլև խելամիտ և պատասխանատու կերպով կառավարել։ Այս հարցում պետությունը, գիտական ոլորտը, համայնքները, մասնավոր հատվածը և յուրաքանչյուր քաղաքացի ունի իր դերը։

Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ոչ միայն պահպանել այն բնական ժառանգությունը, որը մենք ունենք, այլ փոխանցել այն ապագա սերունդներին ավելի կայուն, առողջ և կենսունակ։ Կենսաբազմազանության պահպանումը պատասխանատվություն է բնության, այլև մեր և մեր երկրի ապագայի նկատմամբ։

– Պարոն Մաթևոսյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

Որ ուժն ինչ վարկանիշ ունի. հարցման արդյունքներ

22.05.2026 15:55

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը

22.05.2026 15:50

Ո՞ւմ է խրախուսել մոսկվայաբնակ բիրդանաղան՝ Գորիսի քոլեջի տնօրենի աթոռը «վարձակալելու» համար

22.05.2026 15:44

Հարցազրույց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ

22.05.2026 15:35

Ռոսսելխոզնադզորը հայտարարել է ՀՀ-ից բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին

22.05.2026 14:26

Արման Թաթոյանն ամփոփում է նախընտրական քարոզարշավի 2 շաբաթները

22.05.2026 14:22

Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այնտեղ․ Փաշինյանը՝ Տիգրանաշենի ադրբեջաներեն անվան մասին

22.05.2026 14:16

Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում. Վոլոդին

22.05.2026 14:11

«Վերջին զանգ»․ 49 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք, 27-ի ղեկին եղել են անչափահասներ

22.05.2026 14:09

Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

22.05.2026 12:43

Դեպի նոր հաջողություններ․ ԶՊՄԿ-ի ուղերձը շրջանավարտներին

22.05.2026 12:11

Պետական դավաճանության մեղադրանք Անդրանիկ Թևանյանին՝ Փաշինյանի հայտարարությունից հետո

22.05.2026 11:11