ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

29.04.2021 12:47
5049

Լրացավ հայ ազգային երաժշտական արվեստի երախտավոր, բազմաշնորհ ինքնուս երաժիշտ և երգահան Շամիր Բալասանի Հարությունյանի ծննդյան հարյուրամյակը:

Ծնվել է 1921թ. Ղափանի շրջանի Կաղնուտ գյուղում, դարբնի ընտանիքում: Մի գողտրիկ, գեղատեսիլ, լեռնածվար գյուղ է Կաղնուտը: Չորս բոլորը անտառ՝ լի  թռչունների երգով և դայլայլով, յուրահատուկ բնական երաժշտությամբ, որի ազդեցությամբ մանուկ Շամիրի հոգու և սրտի լարերը սկսեցին նվագել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ինը տարեկան Շամիրը պահածոյի տուփից փորձեց քամանչա սարքել և ձիու մազերից պատրաստված «սմիչոկով» նվագել: Ինքնաշեն քամանչան ձայն չէր հանում: Պարզվեց, որ աղեղին պետք է բևեկնախեժ (կանիֆոլ) քսել: Դա գործիքային երաժշտական աշխարհի գաղտնիքներից առաջինն էր: Հետո աստիճանաբար բացվեցին մյուս գաղտնիքները, որոնց տիրապետում էր Շամիրը, կատարելագործվում: Գյուղական առօրյայից հոգնած կաղնուտցիները՝ մեծ թե փոքր, զմայլվում էին դպրոցական Շամիրի նվագով և երգեցիկ ձայնով: Շուտով ինքը սկսեց իրեն նվագակցել՝ հոր առած մանդոլինը կրծքին սեղմած:

Եկավ 1937 թիվը, ու Շամիրի հորը՝ Բալասանին էլ հասավ... Հասարակ դարբնի մեղքն այն էր, որ նորոգել էր Զորավար Անդրանիկի զինվորների հրացանները և չէր հավատացել Աղասի Խանջյանի շինծու ինքնասպանությանը՝ ասել էր՝ «Բերիայի ձեռքի գործն է, Խանջյանն ինքն իրեն սպանողը չէր»: «Եռյակի» որոշմամբ «Ժողովրդի թշնամի» պիտակը կպցնելով՝ գնդակահարվել էր Գորիսում, իսկ ընտանիքի ողջ ունեցվածքը բռնագրավվել:

Չնայած դժվարին կյանքին, որը հոր մահից հետո բաժին էր հասել տասնվեցամյա Շամիրին (իր վրա էր վերցրել մոր և երեք եղբոր ու քրոջ ապրուստի հոգսը), նա իր ողջ կյանքում մնաց երաժշտության ծառան: Հարսանիքներին քամանչա նվագելով ու երգելով էր հաց վաստակում, մինչև որ մի օր պատահականորեն նրա նվագը լսեց մեր նշանավոր հայրենակից, ինքնուս երաժիշտ ու ստեղծագործող, արդեն տարիքն առած Մարտիրոս Սարգսյանը: Լսեց, հավանեց ու ընդգրկեց իր երաժշտախմբում և հետագայում էստաֆետը հանձնեց նրան:

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, և բոլորի հետ Շամիրին ևս կանչեցին զինկոմիսարիատ: Մորաքրոջ հուղարկավորության պատճառով ուշացած Շամիրը՝ ահաբեկվելով իրեն դասալիք անվանած զինկոմից, վախենալով, որ «ժողովրդի թշնամի»  հոր նման կգնդակահարեն, շուրջ ութ ամիս դարձել էր «ղաչաղ», թաքնվել անտառներում, սնվել անտառի խղճուկ բարիքներով: Երբեմն մայրը կարողանում էր  թաքուն ուտելիք տալ, և այդ օրերը տոն էին լինում Շամիրի համար: Վախենում էր ամեն ինչից, քնում կենդանիների որջերում, մարդուն համարում վայրի կենդանիներից առավել սարսափելի գիշատիչ: Քամանչան էր նրա «ղաչաղության» միակ ընկերը երկար ու ձիգ ամիսների ընթացքում, որի վրա ցածրաձայն, թաքուն նվագում էր ու երգում իր հորինած և հայտնի աշուղների երգերը: Անտառներում քամանչան նրան պահեց որպես բանական էակ՝ չթողնելով, որ խելագարվի մենակությունից և վախից:

Գարնանը տեղեկանալով զինկոմիսարատից, որ իրեն կներեն, եթե ներկայանա և մեկնի ռազմաճակատ՝ Շամիրը դողը սրտում ներկայանում է Գորիսի զինկոմիսարիատ և ուղարկվում գործող ռազմաճակատ, առաջին գիծ՝ «Մալայա Զեմլյա»: Այնտեղ էլ էր քամանչա սարքել, նվագել ու երգել՝ պատերազմական դաժան առօրյայում բնականոն կյանքի պատրանք և հույս ներարկելով ռազմիկներին: Մեկ տարի կռվելով ութերորդ գվարդիական բրիգադի կազմում, «Մալայա Զեմլյա»-ի շրջանում մղվող մարտերում 1943 թ. ծանր վիրավորվել էր,  ավիառումբի պայթյունից կոնտուզիա ստացել:  Մարտերում ցուցաբերած խիզախության համար Շամիրը պարգևատրվել է «Կարմիր աստղ», «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» մարտական շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Զորացրվելուց հետո կես տարի բուժվել հոսպիտալներում: Այնտեղ էլ էր նվագել, երգել՝ ուրախացնելով վիրավորներին և բժիշկներին: Քսաներկու տարեկանում արդեն դարձել էր աշուղ՝ աշուղ Շիրվանի. ինքն էր  իրեն այդպես անվանում իր գրած երգերում: Այդ անունով էլ Շամիրը վերադարձավ հայրենի Կաղնուտ:

Գեղեցիկ տղամարդ էր Շամիրը, բայց հաշմանդամ էր դարձել. նյարդային ցնցումներ ուներ դեմքի շրջանում, հենակներով մի կերպ էր տեղաշարժվում: Սիրահարվեց գյուղի ամենատեսքով աղջիկներից մեկին՝ Հայկանուշին, ով պատերազմը սկսվելուց հետո իններորդ դասարանից թողել էր դպրոցն ու դառնալով կոլտնտեսության պահեստապետ՝ աղջկական իր վտիտ ուսերին վերցրել բանակին պարեն մատակարարելու դժվարին հոգսը: Որոշել էր պատերազմի ավարտից հետո սովորել բուհում և ուսուցչուհի դառնալ: Սիրահարված Շամիրը լավ երգեր էր գրում, նաեւ

Հայկանուշին նվիրում.

Ցորենի արտում դու հունձ ես անում,

Հունձ ես անում, ու փունջ ես անում:

Այ սիրուն աղջիկ, հայացքովդ հուր,

Իմ ջահել ջիվան հոգին ես հանում:

 

Հաշմանդամ Շամիրի հետ ամուսնանալու Հայկանուշի մտադրությունը միանշանակ չընդունվեց համագյուղացիների կողմից: Միայն մայրն էր՝ Մարիամը, ով ասաց «Քինի բալա, տըրան ալ ա մար պերած, ուրան ալ բիդի մինը սիրի չէ՞, մարդ ա»:1944 թ. Շամիրն ու Հայկանուշը պսակվեցին առանց հարսանիքի՝ բնակություն հաստատելով անհարմարություններով լի գյուղական տանը: Հաջորդ տարի տեղափոխվեցին Ղափան:

Շամիրը կնոջ ուղեկցությամբ եղավ տարբեր առողջարաններում, այցելեց բժիշկներին, ովքեր Հայկանուշին սովորեցրին բուժական մերսումներ և առողջական վիճակի բարելավման հույս հայտնեցին՝ դրանք կանոնավոր կիրառելու և հատուկ սննդակարգ պահպանելու դեպքում: Երեք տարի հետո Հայկանուշի հոգատար վերաբերմունքի շնորհիվ 180 սմ հասակ և  42 կգ քաշով հաշմանդամ Շամիրն ապաքինվեց, քաշը հասավ 60 կգ-ի, իսկ 1951 թվականից հրաժարվեց հաշմանդամության թոշակից՝ աստիճանաբար վերադառնալով լիարժեք, գործուն կյանքի:

1944թ. սովետական բանակի ծննդյան օրվա նախօրյակին Ղափանի բանվորական ակումբում, որտեղ առաջին անգամ Շամիրին բերել էր ինքնուս երաժիշտ  Մարտիրոս Սարգսյանը, անդրանիկ համերգով հանդես եկավ Շամիրի նորաստեղծ համույթը (խումբը), որի առաջին անդամներն էին Գուրգեն Կարապետյանը, Բագրատ Կիրակոսյանը, Լուսիկ Ղազարյանը, Երմոնյա Ղոնյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Շամխալ Ավանեսյանը:  Երբեմն թվում է, թե այդ համերգում երգել կամ պարել է ամբողջ Ղափանը...

1945թ. գարնանից Շամիր Հարությունյանը ղեկավարել է Ղափանի բանվորական ակումբի ժողգործիքների համույթը, ժողովրդից ընտրել շնորհալիներին, նրանց համար կանաչ ճանապարհ հյուսել դեպի հայ ազգային արվեստ:

Բանվորական ակումբում կայացած առաջին հիշարժան համերգից մեկ տարի հետո համույթը մասնակցեց Երևանում անցկացված գուսանական երգի ստուգատեսին: Առաջին ճանաչումն էր: Համերգներ էին տալիս օրվա մեջ մի քանի անգամ, հանքերում, ստորգետնյա հանքուղում, արտադրամասերում, հարստացուցիչ ֆաբրիկայում, գյուղերում:

Հետո համույթը մասնակցեց հանրապետական և միութենական գեղարվեստական ինքնագործունեության բազում փառատոների, օլիմպիադաների ու տարբեր մրցույթների: Բազմաթիվ մրցանակներ, պատվոգրեր ու դիպլոմներ են ստացել համույթն ու նրա ղեկավարը. 1965 թվական. ինքնագործունեության փառատոն, բրոնզե մեդալ, 1967թվական արծաթե մեդալ, 1980 թվական առաջին կարգի դիպլոմ…

Շուրջ 45 տարի Շամիր Հարությունյանը գլխավորել է Ղափանի պղնձահանքային կոմբինատի մշակույթի պալատի ժողգործիքների, երգի-պարի ինքնագործ համույթները, որտեղ յուրահատուկ դպրոց են անցել ու կատարելագործվել արդեն ճանաչված նվագողներ Մարտուն Ղարախանյանը, Վոլոդյա Գրիգորյանը, Գումեդին Հարությունյանը, Գուրգեն Հովհաննիսյանը, Ռազմիկ Միրզոյանը, Ալյոշա Ավթանդիլյանը, Ալյոշա Պետրոսյանը և էլի ուրիշներ, որոնցից յուրաքանչյուրը հետագայում՝ իրենց աշխատանքի վայրում, դարձել են ինքնագործ խմբի ղեկավարներ: Ինքնուս երգիչների և երաժիշտների քանի-քանի սերունդ է անցել Շ. Հարությունյանի դպրոցով:

Ինչպես 1984 թ. գրել է մեր հայրենակից, բանաստեղծ Ավագ Եփրեմյանը, «Շամիրի խումբը» իսկապես Ղափանի մանկության խորհրդանիշներից մեկն է: Այո, կար ժամանակ, երբ, ինչպես ասում են, մի Ղափան էր, մի «Շամիրի խումբ», երբ  նրա համերգները տոն էին համաքաղաքացիների համար:

Շ. Հարությունյանը ոչ միայն կատարող էր, այլև ստեղծագործող: Նրա գործիքային «Սյուիտը», «Հնձվոր աղջիկը», ՀԽՍՀ 50-ամյա հոբելյանին նվիրված «Լուսաբաց» երաժշտական պատկերը, «Ղափանի մեղեդիները», «Երիտասարդական քայլերգը»  հաճախակի էին հաղորդվում հանրապետական ռադիոյով:

Մեծ է Շ. Հարությունյանի ավանդը հատկապես մատաղ սերնդի երաժշտական դաստիարակության ազգապահպան գործում, որին անմնացորդ նվիրվել է 1990-2008 թթ.՝ աշխատելով Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Նրա անմիջական ղեկավարությամբ հայ ազգային երաժշտական արվեստին հաղորդակից են դարձել բազմաթիվ պատանիներ և աղջիկներ, շատերին է նվագել ու երգել սովորեցրել, նրանց մեջ երաժշտության նկատմամբ սեր արթնացնելով՝ հետ պահել վատ ճանապարհի վրա հայտնվելու գայթակղությունից: Քամանչա, թառ, ուդ, մանդոլինա, քանոն, շվի, դուդուկ, կլարնետ, զուռնա, դհոլ… Ահա այն գործիքների ոչ լրիվ ցանկը, որոնցով Շ. Հարությունյանը նվագել է սովորեցրել: Աշակերտներից շատերը դարձել են հաջողակ և հայտնի երաժիշտներ:

Շ. Հարությունյանը լայն ժողովրդականություն էր վայելում ոչ միայն Կապանի, այլև ողջ Զանգեզուրի երաժշտասեր հասարակության շրջանում: Նրա արվեստը շատ բարձր էին գնահատում հատկապես համույթի անդամները: Ահավասիկ, համույթի մեներգիչ, լրագրող Մարտուն Ասասյանի՝ Շ. Հարությունյանի հոբելյանի առթիվ՝ 1996թ. գրած բանաստեղծությունը.

 

Թառը դոշիդ հիսուն տարի դու Կապանում

Քո հմայիչ նվագ-երգով հեգ սրտեր ես իրար կապում:

Ձայնարարիչ քո մատներով շունչ ես տալիս թառիդ սադափ

Ու լցնում ես սիրտ ու հոգի սիրո կրակ դու ափեափ:

Ոչ թե թառիդ, այլ քո սրտի լարերից է երգը ծորում,

Ինչպես զանգակ աղբյուրներն են խենթ կարկաչում գյուղիդ ձորում…

Թառդ՝ սրտիդ, սիրտդ՝ թառիդ կյանք են տալիս սիրողի պես,

Մեկդ մեկու համար եք դուք սեր-աշխարհում ծնվել ասես…

Քո բնատուր ձիրք ու շնորհք՝ թանկ գանձի պես շռայլորեն

Բաշխում ես դու քանի տարի մանուկներին անշահորեն:

Թառդ սերդ է բուրում ծարավ քո սաներին շնորհաշատ,

Կյանքդ երկար լինի, Շամիր, քո արվեստով միշտ լուսառատ:

Հպարտացիր և դու Կապան քո նվիրյալ մեծ վարպետով,

Ու թող միայն երգը քայլի նրա հյուսած արահետով:

 

Արդեն տասներկու տարի է՝ որ մեզ հետ չէ Շամիր Հարությունյանը՝ հայ ազգային երաժշտական ինքնագործ արվեստի նվիրյալը, Կապանի արժանավոր քաղաքացին: Սակայն կապանցիների հիշողության մեջ դեռ երկար կմնան նրա գեղեցիկ, անկրկնելի ձայնը և հայկական թառի կախարդական հնչյունները:

Ապրիլի 27-ին լրացավ պապիս՝ Շամիր Բալասանի Հարությունյանի ծննդյան հարյուրամյակը: 

Շնորհավո՛ր ծնունդդ, սիրելի՛ պապիկ, դու դեռ կենդանի ես բոլոր նրանց համար, ովքեր հիշում են քեզ:

 

Լուսինե Վայաչյան

                                                                                     Ք. Անժեր, Ֆրանսիա

                                                                                     27.04.2021թ. 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25