Հայաստանի ազգային գրադարանը՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության պահպանման ու զարգացման կենտրոն

30.05.2023 10:12
955

Հայերեն գրականության ամենախոշոր պահոցն աշխարհում Հայաստանի ազգային գրադարանն է, որը հիմնադրվել և պետական կարգավիճակ է ստացել 1919 թ. հուլիսի 4-ին, իսկ սկզբնավորման ակունքները հասնում են մինչև 1832 թվականը:

Խնդիր ունենալով «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի առանձին համարով լուսաբանել Սյունիքի մարզի գրադարանների անցյալն ու ներկան, նպատակահարմար գտանք ներկայացնել Հայաստանի ազգային գրադարանը ևս՝ նկատի ունենալով նաև, որ մարզի բազմաթիվ ընթերցողների հետաքրքրությունը չի կարող բավարարվել առանց Հայաստանի ազգային գրադարանի:

Այդ նպատակով էլ զրուցեցինք Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանի հետ:

***

- Տիկին Ղազարյան, «Սյունյաց երկիր» թերթը քսանամյա պատմության ընթացքում (հերթական համարներից զատ) մի քանի տասնյակ հատուկ կամ բացառիկ համարներ է հրատարակել: Եվ բոլոր դեպքերում Հայաստանի ազգային գրադարանից պատշաճ աջակցություն ենք ստացել, երբ դրա կարիքը եղել է:

Եվ այսօր, օգտվելով պատեհությունից, ուզում ենք նախևառաջ մեր խմբագրակազմի երախտագիտությունը հայտնել Հայաստանի ազգային գրադարանի կոլեկտիվին և անձամբ Ձեզ՝ այդ ամենի համար: Նաև համոզմունք ենք հայտնում, որ համագործակցությունը շարունակություն կունենա:

- Հայաստանի ազգային գրադարանը հայ ժողովրդի մշակութային հիշողության պահպանման, շարունակման, զարգացման ու հանրահռչակման առաքելություն իրականացնող հաստատություն է, նրա հավաքածուները հանրային օգտագործման համար բաց են և հասանելի: Անշուշտ, մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ:

- Սյունիքի մարզի և ծագումով սյունեցի մեր ազգային երևելիների հանդեպ Ազգային գրադարանի ուշադրությունը միշտ էլ նկատել ենք:

Մի քանի անգամ պատիվ ենք ունեցել մասնակցել Ազգային գրադարանում կազմակերպված միջոցառումներին:

Հիշարժան են հատկապես Ակսել Բակունցին և Համո Սահյանին նվիրված միջոցառումները:

Որքան հիշում ենք՝ Ազգային գրադարանում Ակսել Բակունցի անունով ընթերցասրահ կոչելու, հայ արձակի մեծագույն ներկայացուցչի կիսանդրին այնտեղ տեղադրելու նախաձեռնություն կար ժամանակին, ի՞նչ ավարտ ունեցավ այդ մտադրությունը:

- Բակունցի կիսանդրին տեղադրված է մամուլի ընթերցասրահում:

- 2021 թվականից մեր խմբագրակազմը «Սյունյաց երկրից» բացի հրատարակում է նաև «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հրատարակվող հանդեսի հերթական համարը նվիրում ենք Սյունիքի գրադարաններին:

Բայց, օգտվելով առիթից, ուզում ենք ծանոթանալ մեր մայր գրադարանին՝ Հայաստանի ազգային գրադարանին: Խնդրեմ...

- Մեր հաստատությունն աշխարհում հայերեն տպագիր արտադրանքի խոշորագույն պահոց է, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական կարևորագույն կենտրոն: Նրա հիմնադրման տարեթիվը համարվում է 1832 թ., երբ բացվել է Երևանի գավառական գիմնազիայի գրադարանը, որն Էջմիածնի Մատենադարանից հետո երկրորդ խոշոր հանրային գրադարանն էր Արևելյան Հայաստանում, ուներ պետական ֆինանսավորում, շենքային պայմաններ, թարմացվող և համալրվող հավաքածուներ, գրանցամատյան, քարտային գրացուցակներ և այլն: Այն իրականացրել է ոչ միայն դպրոցական գրադարանի գործառույթներ, այլև ծառայել որպես հանրային գրադարան ու մշակութային-կրթական կենտրոն: 1843 թ. Խաչատուր Աբովյանի՝ գիմնազիայի տեսուչ նշանակվելու հետ է կապված գրադարանի ֆոնդերի ձևավորման և նպատակային համալրման նկատելի առաջընթացը, Կովկասագիտական կաբինետի հիմնադրումը:

1917 թ. Թիֆլիսում ձևավորված Հայկազյան ընկերության հիմնադիր ժողովում (անդամներն էին Հ. Թումանյանը, Ստ. Մալխասյանը, Փ. Թերլեմեզյանը, Ալ. Շիրվանզադեն) առաջ էր քաշվել Հայկազյան գրադարան ստեղծելու գաղափարը, որտեղ կհավաքվեին հայ ժողովրդի մշակութային, պատմական հիշողության գոհարները: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, և եկավ այդ գաղափարն իրագործելու ժամանակը: Պետականաշինության հաջող ընթացքն ապահովող բաղադրիչներից մեկն էլ գրավոր մշակութային արժեքների ամբարումը, պահպանումը և նպատակային օգտագործումն է. սա լավ էին հասկանում ժամանակի մտավորականները և, հակառակ ծանր սոցիալ-տնտեսական ու պատմական-քաղաքական հանգամանքներին, 1919 թ. հուլիսի 4-ին հաստատվում է  Հայաստանի առաջին հանրապետության կարևորագույն օրենքներից մեկը՝ «Պետական հանրային մատենադարանի մասին», բացվում է գրադարանը, որի հավաքածուի հիմքը դարձավ Երևանի գավառական գիմնազիայի 18000 միավոր գրականությունը: 1920 թ. նոյեմբերին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: 1921 թ. գրադարանը վերանվանվեց Պետական հանրային գրադարան: Խորհրդային առաջին տարիների դժվարագույն պայմաններում հանրային գրադարանը, իր փոքրաթիվ աշխատակազմով, շենքային անբարենպաստ պայմաններով սկսում է կայացման առաջին, բայց հաստատուն քայլերը:

Հայաստանի ազգային գրադարանն իր չորս մասնաշենքով գտնվում է Երևանի կենտրոնում, Տերյան 72 հասցեում, ունի մոտ յոթ միլիոն միավոր գրականություն (գիրք, պարբերական, քարտեզ և այլն), օրական սպասարկում է մոտ 800 ընթերցողի:

- Ազգային գրադարանի հավաքածուների թվայնացման, նաև գրադարանային աշխատանքների ավտոմատացման ընթացքի մասին կուզենայինք իմանալ:

- Հավաքածուների թվայնացմամբ երկու կարևոր խնդիր է լուծվում՝ գրադարանային հավաքածուի թղթե կրիչների երկարաժամկետ պահպանություն և դրանց էլեկտրոնային պատճեններով սպասարակման կազմակերպում: Աշխարհում 1512 թվականից մինչև մեր օրերը հրատարակվել է հայերեն մոտ 130000 անուն գիրք, 6000-ից ավելի անուն պարբերական և այլն: Հայաստանի ազգային գրադարանում թվայնացման աշխատանքները սկսվել են 2012 թվականից: 2014 թ. Ազգային գրադարանի Հայ գիրք և Հայ մամուլ շտեմարանների ձևավորումն ընդգրկվեց ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունների ցանկում։ Մշակվեց թվայնացման գործընթացների հայեցակարգ, գրադարանավարները վերապատրաստվեցին, աշխատանքները լայն ընթացք ստացան, միացան նաև Երևանի, մարզային ու համայնքային գրադարանների աշխատակիցները, արտերկրի մեր գործընկերները։ Ներկայում երկու շտեմարանում գրքի և մամուլի ավելի քան 12 միլիոն թվայնացված էջ կա։ Դա հնարավորություն է տալիս օգտվողներին շուրջօրյա ռեժիմով օգտվել հավաքածուներից՝ աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կա համացանց։ Այսօր ընթանում են թվային էջերի նշաճանաչման աշխատանքները, ինչի շնորհիվ թվային տեքստը դառնում է որոնելի։ Արդեն Հայ մամուլ շտեմարանում առկա է նշաճանաչված ավելի քան մեկ միլիոն էջ։

- Ձեր օգնությամբ կուզենայինք ճշտել՝ անկախության տարիներին Սյունիքում հրատարակված պարբերական մամուլից ի՞նչ ունենք Ազգային գրադարանում, և արդյո՞ք դրանք թվայնացված են:

- Ազգային գրադարանի մամուլի հարուստ հավաքածուում ներառված են այդ ժամանակաշրջանում հրատարակված` Սիսիանի տարածաշրջանի «Որոտան», «Այլընտրանք», Գորիսի տարածաշրջանի «Փերի» մանկապատանեկան պարբերականը, Գորիսի համալսարանի «Լրատու», «Սյունիք» գիտական հանդեսները, խորհրդային շրջանում հրատարակված և անկախության առաջին տարիներին շարունակվող Մեղրիի «Արաքս»-ը: Դրանց մի մասը թվայնացված է և հասանելի: Իսկ մարզային «Սյունյաց երկիր» պարբերականը մեր լավագույն բարեկամն է և ՀՀ մարզային պարբերականների մեջ առանձնանում է թե՛ ձևի, թե՛ բովանդակության բարձր որակով, բացառիկ համարների փաստագրական, արխիվային, հետազոտական, վավերական նյութերով, լեռնաշխարհի պատմության, կրթամշակութային հաստատությունների, հասարակական-քաղաքական, հանրային նշանավոր անձանց և իրադարձությունների  մասին պատմող հոդվածներով:

- Թվայնացման հետ կապված մեր զրույցը շարունակենք... Խորհրդային տարիներին Սյունիքի մարզն ընդգրկող շրջաններում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում և Սիսիանում, հրատարակվել են թերթեր, արդյո՞ք դրանք նույնպես թվայնացվել են և հասանելի են ընթերցողներին:

- Ամբողջապես թվայնացված է Մեղրիի «Արաքս» (1967-1995), Կապանի «Պայքար պղնձի համար» (1930-1935), Սիսիանի «Կոմունիզմի ուղեգիր» (1940-1962), մասնակիորեն թվայնացված են «Պղնձի համար» (1936-1979), «Քաջարան» (1957-1990) լրագրերը, Գորիսի «Կարմիր Զանգեզուր» (1934-1938), «Ստալինյան դրոշով» (1938-1956) պարբերականները: Տարածաշրջանի նախասովետական պարբերական մամուլի առաջնեկը Գորիսի «Գաւառ» լրագիրն է (1909-1910)։ Այն գավառական մամուլի լավագույն ու բացառիկ նմուշներից է։ Հետազոտողներին ու հետաքրքրվողներին հասանելի են Սյունիքի հանրային կյանքի չափազանց հետաքրքիր այդ պարբերականի թվայնացված համարները։

- Տեղյակ ենք՝ գրքափոխանակությունն Ազգային գրադարանի կարևոր գործառույթներից է:

Այդ մասին կուզենայինք իմանալ: Եվ, իհարկե, Սյունիքի մարզի գրադարանների հետ գրքափոխանակության մասին:

- Հայաստանի ազգային գրադարանն իրականացնում է տեղական/հանրապետական և միջազգային գրքափոխանակություն անհատների և կազմակերպությունների հետ։ Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները շարժական գրադարանով՝ Բիբլիոբուսով, տարեկան հինգ այցելություն են կատարում մարզեր և անհատույց գրականություն տրամադրում ոչ միայն մարզային, այլև տվյալ մարզի վարչական տարածքում գտնվող ու տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա համայնքային գրադարաններին։ Հաճախ համայնքային գրադարաններն ընթերցողների կողմից պահանջված գրականությամբ իրենց ֆոնդերը համալրելու խնդրանքով դիմում են Ազգային գրադարանին։ Այդ խնդրանքը բավարարվում է հնարավորության սահմաններում։

- Ազգային գրադարանն ունի անձեռնմխելի գրականության բաժին...

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս կարելի է նման գրականությունից օգտվել:

- Գրադարանի հավաքածուի կարևորագույն բաղադրիչը համարվում է հայերեն հնատիպ գրականության արժեքավոր հավաքածուն: Այստեղ են գտնվում հայ գրատպության առաջնեկները՝ «Ուրբաթագիրքը» (գիրք, Վենետիկ, 1512), «Ազդարարը» (պարբերական, Մադրաս, 1794-1796), «Համատարած աշխարհացույցը» (քարտեզ, Ամստերդամ, 1695), առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666-1668): Պահպանվում են նաև այլ լեզուներով հնատիպ գրքեր, հազվագյուտ, հայագիտական, պատմական, մշակութային և թանգարանային արժեք ներկայացնող հրատարակություններ՝ անկախ տպագրման վայրից և ժամանակից, ինչպես նաև հայ նշանավոր գործիչների՝ Լեոյի, Արղությանի, Ղորղանյանի, Մյասնիկյանի, մշակութային հաստատությունների գրադարանային հավաքածուները՝ շուրջ երեք տասնյակ: Անձեռնմխելի հավաքածուում պահպանվող 1512-1920 թթ. գրականությունը՝ գիրք և պարբերական հրատարակություն, գրեթե ամբողջությամբ թվայնացված է ու հասանելի Հայ գիրք և Հայ մամուլ շտեմարաններում։ Նշված ժամանակաշրջանի հրատարակությունները սպասարկվում են միայն թվային պատճեններով։ Ընթացքի մեջ են խորհրդային և անկախության շրջանի գրականության սկանավորման և թվայնացման աշխատանքները՝ անշուշտ, հաշվի առնելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի սահմանափակումները։ Հեղինակների կամ իրավատերերի ցանկության դեպքում նրանց հետ համաձայնագիր է կնքվում, գրքերը թվայնացվում և հասանելի են դառնում ընթերցողների լայն շրջանակին։

- Հետաքրքիր է ծանոթանալ գրադարանի համալրման գործընթացին, ինչպե՞ս է կատարվում գրադարանային ֆոնդի համալրումը:

- Գրադարանային հավաքածուները համալրվում են պարտադիր օրինակով, գնում-բաժանորդագրությամբ, գրքափոխանակությամբ, նվիրատվությամբ։ Համալրվող միավորների 60-70 տոկոսը կազմում են նվիրատվությունները։ ՀԱԳ հավաքածուների համալրման հայեցակարգով սահմանված են գրադարանի առաջնահերթությունները։ Հայաստանի Հանրապետությունում տարեկան տպագրվում է 2000-2500 անուն վավերագիր։ Յուրաքանչյուր անունից 2-ական օրինակ «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքի համաձայն տրամադրվում է Ազգային գրադարանին՝ ազգային գրադարանային և անձեռնմխելի հավաքածուներում պահպանելու համար։ Լրացուցիչ օրինակների անհրաժեշտ քանակները ձեռք են բերվում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով։ Ազգային գրադարանը շատ կարևոր աշխատանք է տանում աշխարհի տարբեր վայրերում տպագրվող հայագիտական գրականությունը ձեռք բերելու ուղղությամբ։ Դրանք համալրում են Արմենիկա հավաքածուն։

- Համալրմանն առնչվող մի հարց ևս՝ մարզերից, բացի պարբերական մամուլի օրինակներից, ուրիշ ի՞նչ եք ստանում ոչ գրքային հրատարակություններից, որոնք նույնպես պահվում են գրադարանի հավաքածուներում:

- Մի քանի մարզերում, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում գործում են հրատարակչություններ և տպարաններ, գրքեր ու պարբերականներ են տպագրվում, որոնք նույնպես նույն ընթացակարգով հանձնվում են Ազգային գրադարան։

- ՀԳՄ-ն Սյունիքում էլ բաժանմունք ունի, և սյունեցի մերօրյա գրողները կամ բանաստեղծները ժամանակ առ ժամանակ գրքեր են հրատարակում:

Երբ զրուցում ենք նրանց հետ՝ դժգոհում են իրենց հեղինակած գրքերի հանրահռչակումից:

Իհարկե, Ազգային գրադարանը ֆիզիկապես անգամ չի հասցնի հանրահռչակել հրատարակվող ամբողջ գրականությունը: Եվ, այդուհանդերձ, ի՞նչ սկզբունքներով եք իրականացնում նոր լույս տեսած գրքերի հանրահռչակումը:

- Ինչպես ցանկացած պետությունում, այնպես էլ ՀՀ-ում կազմվում է պետական մատենագիտություն։ Յուրաքանչյուր տպագրվող միավորի տրվում է միջազգային հաշվառանիշ. այդ գործառույթն իրականացնում է Ազգային գրադարանը։ Հրատարակվելուց հետո պարտադիր օրինակը հանգրվանում է Ազգային գրադարանում, հենց այստեղ էլ կազմվում է պետական (ազգային) մատենագիտություն, որի մեջ ընդգրկվում է տվյալ հրատարակությունը։ Գրադարանի կայքէջում հրապարակվող նոր ստացումների ամենամսյա ցանկում ներառվում է տվյալ հրատարակությունը։ Հեղինակի (իրավատեր) հետ ցանկության դեպքում կնքվում է համաձայնագիր, և գրքի թվային տարրբերակը դառնում է հասանելի աշխարհի ցանկացած մասում։ Ինչպես տեսնում եք, գրքերի հանրահռչակման բոլոր ճանապարհները բերում են Հայաստանի ազգային գրադարան։

- Տեղեկատու-մատենագիտությանն անդրադառնանք...

Ընթերցողը կարո՞ղ է տեղեկատու-մատենագիտության միջոցով իմանալ, թե ինչ ունենք Ազգային գրադարանի հավաքածուում, էլեկտրոնային շտեմարանում:

- Տեղեկատու-մատենագիտական սպասարկումը ցանկացած գրադարանի առանցքային գործառույթներից է։ Ձեր հարցերի պատասխանները կարող եք ստանալ Հայաստանի գրադարանների համահավաք, Հայ գիրք և Հայ մամուլ գրացուցակներում՝ սովորական և խորացված փնտրումների արդյունքում, ինչպես նաև տեղեկատու մատենագիտական ժողովածուներում։ Նկատի ունենք «Հայ տպագրության տարեգիր», «Գիրքը Հայաստանի Հանրապետությունում» հրատարակությունների որոնելի թվային պատճենները։ Շուտով ամբողջ գործիքակազմով գործարկվելու է մեր նոր՝ ժամանակակից, եռալեզու (հայերեն՝ արևմտահայերեն, արևելահայերեն տարբերակներով, ռուսերեն, անգլերեն) կայքէջը, որտեղ նախատեսվում է նաև «Հարցրու գրադարանավարին» պատուհանը։ Անհրաժեշտության դեպքում առկա կապի միջոցներով օգտվողների հետ իրականացվում է հետադարձ կապը։ Գրադարանում իրականացվում է օգտվողների առցանց գրանցում, էլեկտրոնային պատվերի ծառայություն, ինչը ժամանակակից գրադարանային աշխարհում վաղուց կայացած իրողություն է։

- Մեզ հետաքրքրում է, անշուշտ, համագործակցությունն աշխարհի խոշորագույն գրադարանների և, իհարկե, աշխարհի ճանաչված հայկական գրադարանների հետ՝ Երուսաղեմի ձեռագրատուն, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններ, Փարիզի Նուպարյան մատենադարան:

- Նշված հաստատությունները մեր գրավոր ժառանգության պահպանման կարևորագույն օջախներն են: Համագործակցում ենք Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի մատենադարանների, Նոր Ջուղայի Ներսես Շնորհալի, Կ. Պոլսի Պատրիարքարանի Օրմանյան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գրադարանների, Բեյրութի Հայկազյան Հայագիտական համալսարանի, Փարիզի Նուպարյան մատենադարանի հետ: Մեր գործընկերներն են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ազգային և պետական գրադարանները, Բրիտանական թանգարանը, Վրաստանի պառլամենտական ազգային, համալսարանական գրադարաններ և բազմաթիվ այլ հաստատություններ: Նրանց հետ միջգրադարանային բաժնույթով գրքափոխանակություն ենք իրականացնում, նրանցից ստանում ենք ՀՀ գրադարաններում բացակայող հնատիպ և վաղ շրջանի գրքերի ու պարբերականների թվային պատճենները:

Հայաստանի ազգային գրադարանը նաև գիտական կարևոր հաստատություն է։ 2012, 2014, 2016 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի հետ համատեղ կազմակերպված «Անցյալի պահպանություն հանուն ապագայի», 2019 թ. «Ազդարար»-ի 225-ամյակին նվիրված «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» միջազգային գրադարանային գիտաժողովները հայկական գրատպության պատմության փաստերի բացահայտման, նոր նախաձեռնությունների, համագործակցությունների մեկնարկի հարթակներ դարձան՝ ի նպաստ հայ գրավոր ժառանգության և համաշխարհային մշակույթի պատմության մեջ նրա ունեցած անառարկելի դերի ու նշանակության հանրահռչակման։ Իսկ 2022 թ. սեպտեմբերի 29-30-ին «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովն աննախադեպ իրադարձություն էր հայկական գրադարանային աշխարհում։ Մասնակցում էին ոչ միայն ՀՀ և Սփյուռքի հայ մասնագետները, այլև միջազգային գրադարանային հանրության ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Գիտաժողովին գլխավոր խոսնակը IFLA-ի նախագահ Բարբարա Լիզոնն էր։

Հայաստանի ազգային գրադարանն անդամակցում է IFLA, CENL, БАЕ միջազգային գրադարանային հեղինակավոր կազմակերպություններին։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը БАЕ-ի փոխնախագահն է։ Մեր գրադարանավարները ելույթներով հանդես են գալիս միջազգային գիտաժողովներում, աշխատաժողովներում, մասնակցում են տարբեր վերապատրաստման դասընթացների և փորձի փոխանակման ծրագրերի, ստացած գիտելիքները հայկական գրադարանային միջավայրում կիրառելի դարձնելու հնարավորություններ փնտրում։

- Հայաստանի ազգային գրադարանում է գտնվում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը՝ 2017 թվականից:

Մեր ընթերցողը հաճույքով կուզենար իմանալ Գրատպության թանգարանի մասին:

- Արխիվային վավերագրերը հավաստում են, որ գրքի թանգարանի ստեղծման գաղափարը միշտ եղել է: 2012 թ. Հայկական գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու հետ այդ գաղափարն իրականացնելու գործնական քայլեր ձեռնարկվեցին: 2017 թ. սեպտեմբերի 25-ին հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գրատպության թանգարանի բացումը: Թանգարանի վեց սրահում ներկայացված են հայկական գրատպության անցած ճանապարհը, աշխարհում հայ գրատպության նշանավոր կենտրոնները, ՀՀ տարածքում  գրահրատարակչության սկզբնավորման, կրթության որակի բարձրացման, ընթերցանության խթանման գործում պետական հոգածության փաստերն ու իրողությունները: Թանգարանը ոչ միայն տպագիր վավերագրերի հանրայնացման կենտրոն է, այլև ոչ ֆորմալ կրթության հարթակ: Այստեղ այցելողները մասնակցում են կրթական ծրագրերին, անցկացվող հանրային դասախոսություններին, թանգարանային միջոցառումներին: Դե իսկ Գրատպության թանգարանի առաջին առցանց հավաքածուն՝ հայ գրատպության առաջնեկները, GoogleArts & Culture հարթակում ներկայացնում է հայ գրատպության անցած ուղին։

- Հայաստանի ազգային գրադարանը գործառույթներ ունի՞ մարզային, համայնքային գրադարաններին աջակցելու ուղղությամբ՝ խորհրդատվություն, մեթոդական օգնություն, առաջավոր փորձի ներդրում։

- Ազգային գրադարանը գրադարանագիտության մեթոդական կենտրոն է: Այստեղ կազմակերպվում և անցկացվում են մարզային ու համայնքային գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ առկա և հեռավար ձևաչափերով: Դասընթացները վերաբերում են համահավաք գրացուցակում գրառումների օրինակելի ձևաչափերին, էլեկտրոնային սպասարկմանն ու էլեկտրոնային պատվերի գրանցմանը, գրադարանային փաստաթղթերի հաշվառմանը, հավաքածուների պահպանությանը: Բոլոր մարզային գրադարանները մասնակցում են հայաստանյան գրադարանների միասնական գրացուցակում հավաքածուների մուտքագրման, ինչպես նաև «Հայ մամուլ» շտեմարանի ձևավորման աշխատանքներին: Աշխատակիցները վերապատրաստվել են Ազգային գրադարանում և արդեն մաքրում, մշակում են մամուլի էջերը. ի դեպ, այդ գործընթացի առաջատարներից է Սյունիքի մարզային գրադարանը: Ազգային գրադարանի ստորաբաժանումներից մեկը համայնքային գրադարանների հետ համագործակցություն է իրականացնում, խորհրդատվություն է իրականացնում գրադարանային գործառույթների արդյունավետ կազմակերպման, հաշվետվությունների կազմման, հավաքածուի էլեկտրոնային ցուցակների պատրաստման, գրանցման և այլ հարցերում:

- Զարգացման ծրագրերի մասին, ինչպիսի՞ն եք պատկերացնում Ազգային գրադարանի վաղվա օրը, արդյո՞ք շատ եք տարբերվում աշխարհի լավագույն գրադարաններից:

- Ժամանակակից գրադարանները ոչ միայն գրքերի պահպանության, սպասարկման հաստատություններ են: Գրադարանները նաև հանրության սոցիալական շփումների հարթակ են: Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում գործող դահլիճներում, ընթերցասրահներում ստեղծված են գրավիչ պայմաններ ոչ միայն ընթերցանության, այլև հանրային դասախոսությունների, շնորհանդեսների, հանրային քննարկումների, գիտաժողովների կազմակերպման և պատշաճ մակարդակով անցկացման համար։ Շատ մեծ աշխատանքներ են տարվում տարածքների կահավորման, տեղաշարժի խնդիրներ ունեցող շահառուների խնդիրների լուծման ուղղությամբ։ Գրադարանի աշխատակազմը, բոլոր ստորաբաժանումներն ամեն ինչ անում են որակյալ սպասարկում ապահովելու համար։ Գրադարանային գործընթացներում ավտոմատացման, արհեստական բանականության կիրառման պայմաններում անգամ բարեկիրթ, գիտական, մասնագիտական ունակություններով զինված գրադարանավարները միշտ պահանջված են։

- Արտերկրում կա՞ հետաքրքրություն մեր Ազգային գրադարանի հավաքածուների հանդեպ:

Նկատի ունենք ոչ միայն սփյուռքահայերին:

- Իհարկե, կա։ Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով բավարարում ենք նմանատիպ հարցումները, գրավոր կամ բանավոր տեղեկանքներ, նյութեր ենք տրամադրում թե՛ կազմակերպություններին, թե՛ անհատ հետազոտողներին։

- Քաղաքական համակարգի փոփոխությանը զուգահեռ, ինչպես և պետք էր սպասել, բազմաթիվ գրքեր դառնում են չպահանջված... Մեր սերունդն ականատես եղավ խորհրդային-կոմունիստական էպոխայի ավարտին, այսօր էլ արժեքային համակարգում ինչ-ինչ փոփոխությունների միտում ենք տեսնում: Ազգային գրադարանում ի՞նչ քաղաքականություն է վարվում՝ այսպես կոչված «իրենց դարն ապրած» գրքերի հանդեպ, թեև գրքերի առումով նման տարբերակում մտցնելն այնքան էլ ողջամիտ չէ:

- Ազգային գրադարանի ամենաառաջնային գործառույթը հայերեն հրատարակությունների հավաքումը, հաշվառումը, մշակումը, պահպանությունը, սպասարկումը, հանրահռչակումն է։ Անկախության առաջին տարիներին որոշ կուսակցական-գաղափարախոսական հրատարակություններ ֆոնդերից հանելու, «իրենց դարն ապրած» համարելու միտում կար։ Միայն հիվանդ, ֆիզիկապես անօգտագործելի գիրքը կարելի է համարել այդպիսին։ Ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է նման գիրքը օտարել՝ հավաքածուի մյուս միավորների ֆիզիկական վիճակը չվտանգելու համար, իհարկե, համապատասխան մասնագետի եզրակացությունից հետո միայն։ Առհասարակ ինձ համար անընդունելի է որևէ հրատարակություն որակել «արդիականությունը կորցրած»։ Հետազոտության օբյեկտ հանդիսացող հրատարակության արդիականության խնդիրը քննության առարկա չպետք է լինի։ Ազգային գրադարանում ոչ միայն պահպանվում են այդպիսի հրատարակությունները, այլև ձեռք են բերվում օտարալեզու՝ հաճախ ոչ հայանպաստ, պատմական փաստերը խեղաթյուրող հրատարակություններ՝ դրանք մասնագետներին տրամադրելու և գիտական հիմնավոր հակադարձումներ կատարելու համար։

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

 

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31