Հայաստանի կառավարությունը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սցենար չի դիտարկում` միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ռիսկերը կառավարելի են: Այս մասին «ՍիվիլՆեթ բիզնեսին» տված հարցազրույցում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք սցենար չունենք, որ ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս»,- ընդգծել է Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ կառավարությունը համապարփակ վերլուծել է Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ արտահանման ծավալները՝ հաշվարկելով բոլոր հնարավոր սցենարներն ու տնտեսական ազդեցությունները։ Ըստ մակրոտնտեսական գնահատականների՝ դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 3%-ը։
Անդրադառնալով վերջին շրջանում ռուսական շուկայում ի հայտ եկած առևտրային խոչընդոտներին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ ռիսկային գոտում հայտնված Հայաստանի արտահանման ծավալներն իրականում շատ ավելի փոքր են։ Նա հիշեցրել է Կենտրոնական բանկի նախագահի դիտարկումը, ըստ որի՝ սահմանափակումների ազդեցության տակ հայտնված շրջանառությունը կազմում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 2%, մինչդեռ Ֆինանսների նախարարության հաշվարկներով այն կազմում է մոտ 1,8%։
«Սա մի բան է, որը մենք կարող ենք կառավարել, և դա կկառավարվի նրանով, որ մենք աջակցության ծրագրեր կանենք: Մենք կօգնենք մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք կարճաժամկետ խնդիրներ չունենան, իսկ միջնաժամկետ հատվածում մենք կօգնենք նրանց, որպեսզի նրանք այլ շուկաներ գնան»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը։
Նախարար Հովհաննիսյանը հատուկ շեշտել է նաև, որ ռուսական շուկայում արտահանման հնարավոր խոչընդոտները տնտեսվարողների համար չեն ենթադրում եկամուտների վերջնական կորուստ։
«Եթե մենք ասում ենք, որ սա վերաբերում է ՀՆԱ-ի 1,8%-ին, դա չի նշանակում, որ այդ 1,8%-ը մենք կորցրեցինք, որովհետև մենք դա կվաճառենք ուրիշ տեղ, մինչև քաղաքական մակարդակում կամ ապրանքների որակի հետ կապված տարբեր խնդիրներ քննարկենք և լուծենք»,- եզրափակել է Հովհաննիսյանը։
***
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Այս լարվածության ֆոնին, նախօրեին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միխայիլ Միշուստինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։
Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով։ Մոսկվայի դժգոհությունը հատկապես հայտեց մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։
Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել է 2025-ի մարտին, սակայն Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշել է նախընտրական այս օրերին։
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։