«Հայֆիլմ»-ը ազգային բրենդ. մասնավորն ու պետությունը վստահ են՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը

26.02.2019 10:39
739

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել «Հայֆիլմ» ազգային բրենդ՝ հին ավանդույթներով, բայց ժամանակակից գաղափարներով և մտածողությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեն էլ վստահ է՝ ներդրումները կարող են փրկել հայկական կինոարտադրությունը:

Համո Բեկնազարյանի անվան գեղարվեստական ֆիլմերի «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Հայֆիլմի վերածնունդ»  նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

Հայկ Բաբայանը խոսեց իրենց նպատակների, անելիքների և պաշտոնյաների հետ հանդիպումներից ստացված եզրահանգումների մասին: «Մեր երկրում «Հայֆիլմ» կինոստուդիան որպես բրենդ ունենալը կարծում եմ ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն ևս շատ լուրջ հարց է լուծում, որպեսզի մենք ունենանք մեր անձնագրերից մեկը՝ կինոյի ոլորտում: Մենք մի շարք գաղափարներ ունենք, որոնք կյանքի կոչելու հնարավորություն ստանալու դեպքում կկարողանանք կինոյի ոլորտում մթնոլորտի փոփոխություն մտցնել և այն ավելի առողջ դարձնել»,- նկատեց նա:

Անդրադառնալով կինոկրթությանը՝ նա նշեց, որ իրենք շատ են կարևորում այն և կարծում, որ «Հայֆիլմ»-ում կարելի է ստեղծել կինոդպրոց, որտեղ ուսանողի համար տեսությունն ու պրակտիկ աշխատանքը համադրելու համար հնարավորություն կստեղծվի: Կինոդպրոցում պետք է սահմանվի որոշակի չափով ուսման վարձ, ինչը պետք է շատ թանկ չլինի: «Հենց այդ վարձավճարներից կարելի է ձևավորել արտաբյուջե, ինչով էլ կլրացվեն մնացած բոլոր բացերը»,- ասում է նախաձեռնության հիմնադիրը:

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները կինոստուդիայի ճակատագրի վերաբերյալ իրենց ծրագրերը մշակելու ընթացքում շատ բարդ փուլեր են անցել մինչև գտել են այն, ինչն իրականում ամենակարևորն է: Ծրագիրը կոչել են «Առաջին քայլեր»՝ նկատի ունենալով, որ իրենք չեն սահմանափակվում նրանով, որ միայն այս ծրագրի կետերը կյանքի կոչեն և վերջ: Ասում է, թե այդ ծրագրերն ունենալու են իրենց տրամաբանական շարունակությունը:

«Մի հետաքրքիր բան ենք առաջարկում պետությանը՝ մենք անում ենք 10 քայլ, ինչից հետո պետությունն իրականացնում է 2 քայլ, ինչից հետո մենք կրկին անում ենք 10 քայլ: Մեր երկրորդ 10 քայլից հետո պետությունն անում է 5 քայլ: Այսինքն՝ սա մի նախաձեռնություն է, որն աջակցում է պետությանը և միայն կառավարությանը կամ այլ պաշտոնյաներին չենք մեղադրում ամեն ինչում»,- շեշտեց  Հայկ Բաբայանն ու հավելեց, որ իրենց ներկայացրած ծրագրերի մի քանի կետ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի դարձնել պրեմիերաների, ցուցադրությունների, համաժողովների մի վայր, որը նոր շունչ կհաղորդի կառույցին:

Նրա պնդմամբ՝ պետք է այնպես անել, որպեսզի «Հայֆիլմ»-ը ծառայի կինեմատոգրաֆիային, ռեժիսորին, ժողովրդին:

«Կարծում եմ, որ «Հայֆիլմ»-ը պետք է 6 գործառույթ իրականացնի՝ նկարահանվեն ֆիլմեր, մուլտֆիլմեր, կառույցը պետք է ունենա կինոկրթական, սպասարկման, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններ: Կինոստուդիայի տարածքում մենք ցանկանում ենք ունենալ նաև միջոցառումների և ցուցադրությունների կենտրոն: Կարծում եմ, որ հնարավոր է նաև «Հայֆիլմ»-ի տարածքում գտնվող այգին «վերաբնակեցնել»՝ կազմակերպելով, օրինակ, համապետական ծառատունկ և գեղեցիկ այգի ստեղծել: Տարիներ անց, բացի նկարահանման հրապարակ լինելուց, այն կարող է դառնալ քաղաքացիների համար զբոսանքի վայր»,- ասաց Հայկը:

 

Նախաձեռնության հիմնադիրը, անդրադառնալով կինոստուդիայի հին լոգոյին, նշեց, որ իրենց կարծիքով «Հայֆիլմ»-ի հին լոգոն, որտեղ Սասունցի Դավիթն է պատկերված, պետք է լինի շենքի ճակատային հատվածում: Տեղադրման ժամանակ, ըստ նրա, պետք է մի միջոցառում կազմակերպել, ինչը գուցե մարդկանց մոտ մեծ ոգևորություն կառաջացնի:

Հայկ Բաբայանը և նախաձեռնության մյուս անդամներն իրենց ծրագրերը ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանին:

Վարազդատ Կարապետյանը՝ Հայկ Բաբայանին և նրա ընկերներին, խորհուրդ է տվել նախաձեռնությունը դարձնել հասարակական կազմակերպություն, քանի որ ՀԿ լինելով ավելի հեշտ կկարողանան ծրագրերը ներկայացնել կառավարություն:

Նարեկ Բաբայանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախաձեռնության բոլոր ծրագրերը, որոնք կարելի է կյանքի կոչել, սակայն Հայ Բաբայանի կարծիքով՝ պետությունը կարծես թե «Հայֆիլմ»-ին նայում է որպես ուղղակի գույք և ոչ ազգային բրենդ դարձնելու պոտենցիալ կառույց:

«Մենք թողել ենք ծրագրերը պարոն Բաբայանի մոտ, ով դեռևս պետք է ավելի մանրամասն ուսումնասիրի դրանք: Մենք նրանից լավ նորությունների ենք սպասում և ակնկալում համագործակցության առաջարկ»,- նշեց «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախաձեռնության անդամների առաջարկներում շատ հետաքրքիր կետեր կան, որոնք կարող են կյանքի կոչվել:

«Մեծ հաշվով, որպեսզի հնարավոր լինի լուրջ հաջողությունների հասնել, պետք է բարելավվի ֆինանսական վիճակը: Այս պահին, ֆինանսական առումով, մենք բացասական միտումներ ունենք, քանի որ «Հայֆիլմ» ՓԲԸ-ն պարտքեր է կուտակում: Նրանց առաջարկներում բավական հետաքրքիր գաղափարներ կան, սակայն «Հայֆիլմ»-ը պետք է շնչի, զարգանա, որպեսզի հնարավոր լինի իրագործել այդ կետերից որոշները: Նախաձեռնության անդամները կարծում են, որ «Հայֆիլմ»-ը պետք է կինոստուդիա լինի ու ֆիլմ նկարի՝ ինչպես եղել է Խորհրդային միության ժամանակ»,- նկատեց ՊԳԿ-ի նախագահը և հավելեց, որ պետությունը չի պատվիրելու ֆիլմ նկարել, թեև Մշակույթի նախարարության միջոցով Կինոկենտրոնը մրցույթներ է իրականացնում ամեն տարի և տարբեր ռեժիսորներ հաղթում են ու ֆիլմեր նկարում:  

Նրա խոսքով՝ Խորհրդային միության ժամանակ եղել է այդ գաղափարախոսությունը, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ ֆիլմեր նկարահանվեն՝ պրոպագանդիստական ուղղությամբ, սակայն այսօր այդպես չի կարող լինել:

«Այսօր, չեմ կարծում, որ դա նպատակահարմար է: «Հայֆիլմ»-ն այսօր խոշոր պարտքեր չունի, սակայն աշխատավարձերի և կոմունալ վարձերի մի քանի ամսվա պարտք կա: «Հայֆիլմ»-ի եկամուտները, որոնք ստացվում էին կինոցուցադրություններից՝ Մշակույթի նախարարության որոշմամբ անցել են Կինոկենտրոնին: Այդ ամենի պատճառով «Հայֆիլմ»-ի եկամուտները զգալիորեն նվազել են: Եթե մեզ հաջողվի ներդրողների հետ կնքել պայմանագիր, ապա վստահ եմ, որ բարելավումը կշտկի իրավիճակը»,- ասաց Նարեկ Բաբայանը:

Վերջինս անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին նշեց, որ իրենք հիմա շատ ակտիվ բանակցությունների մեջ են «Հայֆիլմ»-ի տարածքի վերաբերյալ: Կա ներդրող, ով պատրաստ է վարձակալել այդ տարածքի զգալի մասը: Ըստ ՊԳԿ նախագահի, ներդրողը նախատեսում է այնտեղ ֆիլմարտադրությամբ զբաղվել, կինոօպերատորական դպրոց հիմնել և հիմնականում արտասահմանից ունենալ նկարահանող խմբեր, ովքեր օգտվելով այդ տարածքի հնարավորություններից՝ ֆիլմեր կնկարահանեն:

«Այդ ամենն էլ հնարավորություն կտա ֆիլմերի ավելի ցածր ինքնարժեք ստանալ, քան եթե նկարահանեն իրենց երկրներում՝ եվրոպական կամ անգամ Ռուսաստանի Դաշնությունում: Եթե մենք հաջողությամբ իրականացնենք այս նախագիծը և վարձակալության հանձնենք տարածքը, կլինեն լուրջ ներդրումներ, տարածքում աշխուժություն կլինի և այդ ամենն էլ շղթայաբար կհանգեցնի կինոստուդիայի զարգացմանը: Կբարելավվի «Հայֆիլմ» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը և կամաց-կամաց այն մտքերից ու գաղափարներից, որոնք ներկայացրել են նախաձեռնության երիտասարդները՝ հնարավոր կլինի դրանք նույնպես կյանքի կոչել: Մենք պատրաստ ենք քննարկել այդ առաջարկները և որոշակի քայլեր անել՝ իրագործելու համար, որովհետև կարծում ենք, որ կան առաջարկներ, որոնք նպատակահարմար են իրագործել: Առայժմ ամեն ինչ կախված է ֆինանսական վիճակից, ներդրողների հետ բանակցություններից»,- ընդգծեց Նարեկ Բաբայանը:

Կինոստուդիայի դիմաց կա 4 հա, իսկ հետևի հատվածում՝ 8 հա, որոնք ուղղակի ամայի հողատարածքներ են: Ինչպես Պետական գույքի կոմիտեի նախագահն է ասում՝ միգուցե հեռանկարում դրանց անհրաժեշտությունը չլինի և դա առանձին մասնավորեցվի, սակայն բուն մասնաշենքերը և այդ ամբողջ տարածքը պետք է ծառայեն կինոարտադրությանը:

«Եթե այնտեղ աշխուժություն լինի, չի բացառվում, որ ֆիլմ արտադրող տարբեր հայկական ընկերություններ ավելի նպատակահարմար գտնեն իրենց գրասենյակները տեղակայել «Հայֆիլմ»-ի տարածքում: Այդպիսով նրանք կլինեն ֆիլմարտադրության տարածքում, որը նրանց հնարավորություններն ու հարմարավետությունն ավելի կմեծացնի: Ամեն ինչ կախված է, թե ներդրողների հետ այս նախագիծն ինչպես կկարողանանք կյանքի կոչել»,- շեշտեց Բաբայանը:

Նա կողմ է, որ «Հայֆիլմը» մասնավորեցման ցանկից հանվի և քննարկվի այն տարբերակը, թե ինչ հեռանկար կա «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի, «Հայֆիլմ»-ի և Կինոկենտրոնի հետ կապված: Այս ամենից հետո, երբ պարզ կդառնա, թե պետությունն ինչպիսի քաղաքականություն է վարելու առաջիկա տարիներին, «Հայֆիլմ»-ի հետ կապված ինչ զարգացումներ կարող են լինել, ապա նոր հնարավոր կլինի ասել, այդ ամբողջ տարածքը անհրաժեշտ է, թե ոչ:

Կինոստուդիայի տարածքում ներդրում անողը մեկ ընկերություն է, որը ցանկանում է ներդրում անել և երկարաժամկետ վարձակալել այդ տարածքը՝ մոտ 15 տարով: Նախատեսվում է ներդնել 3.5 մլն եվրո, որից նախնական տվյալներով շուրջ 2 մլն պետք է հատկացվի վերանորոգման աշխատանքների, իսկ մնացածը՝ տեխնիկայի և կահավորանքի համար: «Ցանկալի է, որ այդ ամբողջ տարածքը դառնա մեկ միասնական կենտրոն, որտեղ կինոգործիչներն իրենց գործունեությունը կծավալեն»,- շեշտեց Պետական գույքի կոմիտեի նախագահը:

Նախաձեռնության անդամների հետ հստակ պայմանավորվածություններ չունեն, քանի որ նրանց առաջարկներն ավելի շատ Մշակույթի նախարարությանը վերաբերող առաջարկներ են: Այժմ, ՊԳԿ-ն Մշակույթի նախարարության հետ նույնպես քննարկումների մեջ է և, երբ վերջնական հանգրվանի հասնեն այդ քննարկումներում ու հստակ առաջարկներ ներկայացնեն կառավարությանը՝ այդ ժամանակ գուցե քննարկվեն նաև նախաձեռնության անդամների ներկայացված առաջարկները:

Հեղինակ Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25