ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ 1921Թ. ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ (հայացք 100 տարի անց)

16.03.2021 10:32
1251

1920 թ. թուրք-հայկական պատերազմը։ 1920 թ. ապրիլից միջազգային մթնոլորտը սկսեց էապես փոխվել։ Դա պայմանավորված էր Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններով։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո այն մասնատելու հաղթանակած Անտանտի երկրների քաղաքականությունը դժգոհություն առաջացրեց թուրք ազգայնական շրջաններում։ Համախմբվելով Մուստաֆա Քեմալի շուրջը՝ նրանք դեռ 1919 թ. հաստատվեցին Անկարայում և, չճանաչելով սուլթանական կառավարությանը, շարժում ծավալեցին Թուրքիան մասնատումից փրկելու ուղղությամբ։ 1920 թ. հետզհետե ամրապնդվեց Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական իրավիճակը։ Վերջինս հաղթանակներ տանելով Դենիկինի և Կոլչակի դեմ՝ մոտեցավ Անդրկովկասի սահմաններին։ «Սոցիալիստական» հեղափոխությունը սկսեց արտահանվել դեպի Արևելքի երկրներ՝ ռազմական ճանապարհով։ Դրան սկսեցին նպաստել Անդրկովկասի բոլշևիկները, որոնք իրենց երկրների փրկությունը տեսնում էին խորհրդայնացման մեջ։ Անդրկովկասի երկրների խորհրդայնացման հարցում Քեմալը փորձեց Լենինի կառավարությանը առաջարկել իր ծառայությունները՝ իր հերթին հույս ունենալով ստանալ Ռուսաստանի աջակցությունը Անտանտի դեմ պայքարում։ Խորհրդային ղեկավարությունն իր կողմից Անտանտի երկրներին համարում էր սոցիալիստական հեղափոխության և Ռուսաստանի թշնամիներ, ուստի չհապաղեց դաշնակցել քեմալականների հետ։ Արդեն 1920 թ. ապրիլի 28-ին Քեմալի բավական գործուն աջակցությամբ մուսավաթական Ադրբեջանն առանց դիմադրության ընդունեց 11-րդ կարմիր բանակին և խորհրդայնացավ։ Ռուս-քեմալական համագործակցությունն սկսեց ընդունել ավելի գործուն ձևեր։ Լենինի կառավարությունը 1920 թ. Թուրքիային տրամադրեց 200 կգ ձուլածո ոսկի, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձեց Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Մոսկվա ուղարկվեց հատուկ պատվիրակություն Լևոն Շանթի ղեկավարությամբ։ Հայ-ռուսական բանակցություններն ընթանում էին բավական հաջող։ Սակայն քեմալականներն ու խորհրդայնացած Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում էին հայ-ռուսական բարեկամական պայմանագրի ստորագրմանը։ Մայիսին սկսված բանակցություններն ի վերջո ընդհատվեցին՝ Երևանում շարունակելու որոշմամբ։

1920թ. մայիսին կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, իսկ օգոստոսին՝ Նախիջևան։ Հայկական բանակը չխոչընդոտեց։ Օգոստոսի 10-ին՝ նույն Սևրի դաշնագրի կնքման օրը, Թիֆլիսում կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը համաձայնվում էր վերոհիշյալ 3 գավառների ժամանակավոր գրավմանը ռուսների կողմից իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների։

1920 թ. օգոստոսի 24-ին Մոսկվայում համաձայնեցվեց ռուս-թուրքական «Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ամբողջականությունը, այդ թվում՝ Կարս, Արդահան և Բաթում քաղաքներով, այսինքն՝ 1877 թ. սահմաններով։ Ըստ էության օգոստոսի 24-ի համաձայնագիրը ուղղված էր Հայաստանի դեմ։ Պատահական չէ, որ շուտով՝ սեպտեմբերի 1-7-ը Բաքվում կոմինտեռնի նախաձեռնությամբ հրավիրված «Արևելքի ժողովուրդների համագումարում» ավելի ընդգծվեց քեմալականների ու բոլշևիկների գործակցությունը և այդ համագործակցության հակահայկական ուղղվածությունը։ Համագումարին ներկա էր նաև հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Էնվեր փաշան։ Արևելքի մուսուլման ժողովուրդներին կոչ արվեց դուրս գալու «սրբազան պատերազմի»՝ ընդդեմ անհավատների, սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու համար։ Ուշագրավ է, որ համագումարում Ադրբեջանը, որն արդեն խորհրդային էր, համարվում էր միջազգային պրոլետարիատի միջնաբերդ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ իմպերիալիզմի որջ։ Վերջինս ջախջախելու և այնտեղ խորհրդային կարգեր հաստատելու համար նախատեսվում էր օգտագործել քեմալական թուրքերի ռազմական ուժերը։ Այս հակահայկական համագումարից մի քանի օր անց, խորհրդային կառավարության թողտվությամբ և աջակցությամբ, քեմալականները ներխուժեցին Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ցավալի է, որ Բաքվի այդ համագումարում ներկա գտնվող հայ բոլշևիկների մի մասը ևս հավանություն տվեց թուրքերի միջոցով հանրապետությունը տապալելու և բռնությամբ խորհրդայնացնելու ծրագրին։

1920թ. սեպտեմբերի 23-ին քեմալական բանակը Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։

Հայաստանի կառավարությունը օրենք ընդունեց ամբողջ երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին։ Կատարվեց զինակոչ։ Խստագույն պատիժներ սահմանվեցին դասալիքների, դավաճանների նկատմամբ, ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»։ Բացի կոմունիստներից, բոլոր քաղաքական կուսակցությունները հանդես եկան հայրենիքի պաշտպանության կոչով։ Հայ բոլշևիկները պատերազմական վիճակը նպաստավոր էին համարում Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու համար։ Ցավոք, նրանց մի մասը նույնիսկ կոչ էր անում չդիմադրել թուրքերին՝ որպես ռուսների դաշնակիցների և հայ ժողովրդի ազատարարների։ Դժբախտաբար, այս քարոզչությունը վատ ազդեցություն թողեց ռազմիկների մարտունակության վրա։

Թշնամին արագորեն հասավ Սարիղամիշին և սեպտեմբերի 29-ին առանց դժվարության գրավեց այն։ Նույն օրը թուրքերը գրավեցին նաև Կաղզվանը։

Հոկտեմբերի 29-ին թշնամին մոտեցավ Կարսին։ Այդ օրհասական օրերին Հայաստանի կառավարության դիմումները Անտանտի երկրների ներկայացուցիչներին օգնության մասին, մնացին անպատասխան։ Սևրի պայմանագիրը ստորագրած պետությունները, Ազգերի լիգան ոչ մի ջանք չգործադրեցին թուրքերի ու Խորհրդային Ռուսաստանի դեմ միայնակ հայտնված Հայաստանը փրկելու ուղղությամբ։ Զարմանալիորեն բավական արագությամբ հայկական բանակը բարոյալքվեց, սկսվեց զանգվածային դասալքություն։ Պատահական չէ, որ հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, թշնամուն հանձնվեց ռազմավարական մեծ կարևորություն ներկայացնող Կարսի բերդը։ Շուրջ 3 հազ. հայ զինվորներ գերի ընկան, այդ թվում՝ 120 սպա, գեներալներ Դ.Բեկ-Փիրումյանը, Ք.Արարատյանը և ուրիշներ։ Օգտվելով հայերի ծանր վիճակից՝ վրացիները, որոնց հետ համաձայնեցված էր քեմալական հարձակումը, գրավեցին Արդահանը։ Նույն ժամանակ կարմիր բանակը ռազմակալած էր պահում Ղարաբաղը, Զանգեզուրը։

Կարսի անկումից հետո թուրքերը արագորեն հասան Ալեքսանդրապոլի մատույցներին և նոյեմբերի 5-ին կնքված զինադադարով, մտան քաղաք։ Ուշագրավ է, որ նրանք այնտեղ նոյեմբերի 6-ին տեղի որոշ հայ բոլշևիկների աջակցությամբ, գավառում «հայտարարեցին» խորհրդային իշխանություն, իսկ նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 3-րդ տարեդարձի օրը, կազմակերպեցին շքերթ։ Վրացիները չհապաղեցին այժմ էլ պահանջել Լոռին։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի հետ ձեռք բերած համաձայնությամբ՝ նրանք բռնազավթեցին Լոռու Չեզոք գոտին։ Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունեց թուրքերի առաջարկած զինադադարը և ռազմական գործողությունները դադարեցին։ Հայտնվելով դիվանագիտական և ռազմական մեկուսացման մեջ՝ Հայաստանը պարտություն կրեց։

1920 թ. նոյեմբերի 29-ին հայհեղկոմը 11-րդ բանակի օգնությամբ Ադրբեջանից մտավ Իջևան և հայտարարեց երկրում խորհրդային իշխանություն։ Դեկտեմբերի 2-ին Երևանում դաշնակցությունը խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնեց։ Նույն օրը՝ դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքվեց հայ-թուրքական պայմանագիր, որով պատերազմն ավարտվում էր։

Ալեքսանդրապոլի հաշտությամբ հայ-թուրքական սահմանագիծն անցնելու էր Ախուրյան-Արաքս գծով (ինչպես այսօր), երբեք Թուրքիայի կազմում չեղած Սուրմալուի գավառն անցնում էր Թուրքիային, Նախիջևանում մտցվելու էր հատուկ կառավարում՝ թուրքերի հսկողությամբ։ Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, ունենալու էր միայն 1500 հոգանոց զորք։ Չնայած Շիրակը մնալու էր Հայաստանին, սակայն թուրքերը դեռ չշտապեցին այնտեղից դուրս գալ։

Այսպես, քեմալաբոլշևիկյան գործակցության արդյունքում կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Հայաստանի խորհրդայնացումը։ 1920 թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո 11-րդ կարմիր բանակը մտավ Ղարաբաղ, Զանգեզուր և Նախիջևան։ Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ քեմալականներն ամրապնդեցին իրենց բանակը և բոլշևիկների համաձայնությամբ 1920 թ. սեպտեմբերին ներխուժեցին Հայաստան։Հայ բոլշևիկները չհապաղեցին օգտվել երկրի համար ստեղծված ծանր իրավիճակից՝ այնտեղ խորհրդային կարգեր հաստատելու համար։ 1920 թ. նոյեմբերի կեսերին Բաքվում Հայաստանի կոմկուսի անդամներից կազմվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե՝ Սարգիս Կասյանի նախագահությամբ։ Այն ժամանեց Ղազախ՝ այնտեղից Քարվանսարա (Իջևան) անցնելու և Հայաս֊տանում խորհրդային իշխանության համար պայքար ծավալելու նպատակով։

Մայիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին միայն հոկտեմբերին։ Խորհրդային կառավարությունը Երևան ուղարկեց Բ. Լեգրանի պատվիրակությանը, որին հանձնարարված էր հասնել խաղաղ ճանապարհով Հայաստանի խորհրդայնացմանը և նրա տարածքով դեպի Թուրքիա զինամթերք տեղափոխելուն։ Հայաստանն էլ ձգտում էր Ռուսաստանի կողմից իր ճանաչմանը և ռուսների միջոցով թուրքական ագրեսիայի դադարեցմանը։ Հոկտեմբերի 28-ին Թիֆլիսում Լեգրանը առաջարկեց Հայաստանին թույլատրել ռազմամթերք տեղափոխելու Թուրքիա հայկական երկաթուղով՝ փոխարենը խոստանալով Զանգեզուրի և Նախիջևանի միացումը Հայաստանին։ Հոկտեմբերի 28-ին կնքվեց հայ-ռուսական համաձայնագիր վերոհիշյալ պայմաններով։ Սակայն շուտով Ադրբեջանը խիստ դժգոհություն հայտնեց Զանգեզուրի և Նախիջևանի կապակցությամբ և ջանք չխնայեց հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու համար։ Դրանից հետո Երևանում Լեգրանի հետ բանակցություններն ընթացան ավելի դժվարին պայ֊մաններում։ Չմոռանանք, որ մյուս կողմից Ռուսաստանի վրա ճնշում էր բանեցնում նրա դաշնակից Թուրքիան՝ չհանդուրժելով հայ-ռուսական մերձեցումը։

1920 թ. նոյեմբերի 19-ին Բ. Լեգրանին ընդունեցին ՀՀ վարչապետ Հ.Օհան֊ջանյանը և զինվորական նախարար Ռ.Տեր-Մինասյանը, որտեղ ռուսական կողմը ուղղակիորեն դրեց Հայաստանը ռուսական բանակի միջոցով խորհրդայնացնելու պահանջը։ Հայկական կողմը այդ պահանջն ընդունեց պայմանով, որ Ռուսաստանը երաշխավորի ապագա Խորհրդային Հայաստանի սահմանները 1914 թ. վիճակով, այսինքն՝ Կարսի մարզի հետ միասին։ Բացի այդ քայլից, դաշնակցությունը երկիրը փրկելու մեկ այլ քայլ կատարեց. նոյեմբերի 23-24-ին Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց։ Կազմվեց նոր կառավարություն ձախ-դաշնակցականներից և էսեռներից։ Վարչապետի պաշ֊տոնը տրվեց Սիմոն Վրացյանին, որի կաբինետին վիճակված էր կառավա֊րելու ընդամենը 10 օր։

Վրացյանի կառավարությունը նոյեմբերի 24-ին Խատիսյանի ղեկավա֊րությամբ Ալեքսանդրապոլ ուղարկեց պատվիրակություն՝ թուրքերի հետ հաշտություն կնքելու համար։

Նոյեմբերի 29-ին հայհեղկոմը 11-րդ կարմիր բանակի զորամասերի ուղեկցությամբ Ղազախից մտավ Քարվանսարա և այնտեղ շինծու բանվորագյուղացիական ապստամբության անունից, Հայաստանում հայտարարեց օրինական իշխանության տապալման և խորհրդային իշխանության հաստատման մասին։ Հեղկոմի հրապարակած հատուկ դեկլարացիայով Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Հայկական բանակը դիմադրություն ցույց չտվեց։ Դա ոչ թե խորհրդային իշխանության նկատմամբ հավատի արդյունք էր, այլ ռուսական կողմնորոշման։ Շատերը իրավամբ երկիրը փրկելու միակ միջոցը տեսնում էին Ռուսաստանին միանալու մեջ։

Ստանալով Քարվանսարայում հեղկոմի ընդունած հայտարարության լուրը՝ Լեգրանը դեկտեմբերի 1-ին վարչապետ Վրացյանին առաջարկեց հրաժարական տալ հօգուտ հեղկոմի։ Նույն օրը դաշնակցության բյուրոն, պառլամենտի դաշնակցական խմբակցությունը, որոշեցին ընդունել «կարմիրների առաջարկը խորհրդայնացման մասին»։

1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնություն Ռուսաստանի ներկայացուցիչ Բ.Լեգրանի և Հայաստանի կառավարության լիազորներ Դրոյի և Հ. Տերտերյանի ստորագրությամբ։ Համաձայնագիրը բաղկացած էր 8 կետից և պարունակում էր շատ կարևոր կետեր։ Առաջին կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվում է իշխանությունից և այն ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնում կարմիր բանակի հրամանատարությանը՝ Դրոյի և Ռուսաստանի կոմիսար Սիլինի ղեկավարությամբ։ Հեղկոմի կազմի մեջ պետք է մտնեին 5 բոլշևիկներ և 2 դաշնակցականներ (Դրոն և Վրացյանը, ընդ որում Դրոն ստանձնելու էր բանակի հրամանատարությունը)։ Հաջորդ կետերով Ռուսաստանը և հայհեղկոմը պարտավորվում էին բռնություններ չգործադրել նախկին կառավարության անդամների ու նրա համակիրների, դաշնակցականների նկատմամբ։ Երևանի համաձայնագրով Խորհրդային կառավարությունը պարտա֊վորվում էր մտնել բանակցությունների մեջ Թուրքիայի հետ և սահմանների հարցում պաշտպանել Հայաստանին ։

Այսպես, խորհրդաքեմալական համագործակցության հետևանքով 1920 թ. դեկտեմբերի 2-ին կործանվեց Հայաստանի առաջին հանրապե֊տությունը, որը գոյություն ուներ 1918 թ. մայիսի 28-ից։ Դաշնակցությունը խոհեմ գտնվեց և իշխանությունը հանձնեց անարյուն։ Թեև ընկավ հանրա֊պետությունը, սակայն նրա գոյությունը անհետևանք չմնաց։ Նրա հիմքի վրա բոլշևիկները պարտավորված ստեղծեցին նոր հանրապետություն՝ Խորհրդային Հայաստանը, որի 70-ամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդն ապրեց տնտեսական ու մշակութային խոշոր առաջընթաց։

Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Ադրբեջանին։ Շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի հետ ռազմական համագործակցու֊թյան, քեմալականները զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը և հսկողություն սահմանեցին Թուրքիայի մի զգալի հատվածի վրա։ 1921 թ. փետրվար-մարտին, երբ Հայաստանում բռնկվել էր ժողովրդական ապստամբություն բոլշևիկների դեմ, նրանք Մոսկվայում բանակցություններ սկսեցին խորհրդային ղեկավարության հետ։ Խորհրդային Հայաստանից կոնֆերանսին ուղարկվեց Ալ. Բեկզադյանի պատվիրակությունը։ Սակայն թուրքական կողմը շատ խորամանկորեն օգտագործեց այն հանգամանքը, որ փետրվարի 18-ին Երևանում տապալվել է հեղկոմը, ուստի նրա ներկայացուցիչ Բեկզադյանը լիազորված չէ ներկայացնելու Հայաստանի շահերը։ Արդյունքում ստացվեց այնպես, որ Բեկզադյանին արգելեցին մտնել կոնֆերանսի դահլիճ։ Այսպես 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց խորհրդաթուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Այն կնքվեց առանց հայ ժողովրդի կենսական շահերը հաշվի առնելու և առանց հայերի մասնակցության։ Պայմանագիրն իր սուր ծայրով ուղղված էր Հայաստանի դեմ։ Այս ամոթալի պայմանագրի կնքման գործում իրենց մասնակցությունն ունեցան խորհրդային Ադրբեջանի ղեկավարները և ազգությունների ժողկոմ Ի.Ստալինը։ Պատահական չէ, որ թուրքական պատվիրակությունը Մոսկվա գալու ճանապարհին մի քանի օր հանգրվանել էր Բաքվում և կնքվելիք պայմանագրի տեքստը համաձայնեցրել ադրբեջանցիների հետ։ Ինչ վերաբերում է Ստալինին, որը հայտնի էր իր հակահայկական կեցվածքով, ջանք չխնայեց, որպեսզի Ռուսաստանի արտգործնախարար Չիչերինը հրաժարվի իր հայամետ դիրքորոշումից և կոնֆերանսում մեծ զիջումներ կատարի թուրքերին։ Իզուր չէ, որ վերջինիս տեղակալ, հայազգի Լեոն Կարախանը չմտցվեց խորհրդային պատվիրակության կազմի մեջ։ Փաստորեն Մոսկվայի կոնֆերանսում հաղթանակեց Ստալինի այն թեզը, թե հանուն համաշխարհային հեղափոխության «հայ ժողովուրդը պետք է հրաժարվի ոչ միայն դաշնակցականների մեծ Հայաստանի գաղափարից, այլև հայկական համարվող հողերի միավորման համեստ ցանկությունից»։ Ավելին, կոնֆերանսի նախօրյակին, ընդունելով թուրքական պատվիրակությանը Ստալինն ասել էր, թե հարկ չկա անհանգստանալու կոնֆերանսում հայկական հարցի խնդրով, քանի որ «Դուք այն լուծել եք։ Եթե դեռևս մնացել են չլուծված հարցեր՝ վճռեք մինչև վերջ»։

Մարտի 16-ի պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ամբողջականությունը և նրա իրավունքները նաև Կարսի մարզի նկատմամբ։ Թուրք-հայկական սահմանագիծն անցնելու էր Ախուրյան-Արաքս գծով։ Ռուսաստանը ստանում էր Բաթում նավահանգիստը՝ փոխարենը Թուրքիային զիջելով երբեք նրա կազմում չեղած հայկական Սուրմալուի գավառը։ Քեմալականները պարտավորվում էին ազատել Ալեքսանդրապոլի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալությամբ, պայմանով, որ այդ իրավունքը նա մեկ այլ երրորդ պետության զիջել չէր կարող (հոդված 3)։ Պարզ է, որ խոսքը գնում էր Հայաստանին չզիջելու մասին։ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միացյալ հանձնաժողովը կատարելու էր շտկում Նախիջևանի և Հայաստանի սահմանի մի հատվածում։ Թուրքիան պարտավոր էր ազատել նաև Ալեքսանդրապոլ-Նախիջևան երկաթգիծը։ Խորհրդային Ռուսաստանը պայմանագրով պարտավորվում էր նաև ջանքեր գործադրել նմանօրինակ պայմանագիր Անդրկովկասի խորհրդային երեք հանրապետությունների և Թուր֊քիայի միջև կնքելու համար։

Մոսկվայի կոնֆերանսից հետո Ալ. Բեկզադյանը բողոք ներկայացրեց խորհրդային կառավարությանը իր պատվիրակությանը մասնակցությունից զրկելու և հակահայկական պայմանագիր ստորագրելու համար։ Սակայն այդ բողոքը ոչ մի գործնական նշանակություն չունեցավ։ Պայմանագրի ստորագրումից հետո էլ թուրքերը չշտապեցին հեռանալ Ալեքսանդրապոլի գավառից, որը մնալու էր Հայաստանին։ Այն ազատվեց միայն ապրիլի 22-ին՝ այնտեղ իրականացված կոտորածներից ու թալանից հետո։ Խորհրդային Ռուսաստանը օգտագործեց Հայաստանի թուլությունը՝ նրան ևս այս պայմանագիրը պարտադրելու համար։

1921 թ. մայիսի 7-ին Բաքվում հավաքվեցին անդրկովկասյան խորհրդային երեք հանրապետությունների պատվիրակությունները՝ Թուրքիայի հետ Մոսկվայի պայմանագրից բխող պայմանագրեր կնքելու համար։ Մշակվեց ընդհանուր մոտեցում, որի համաձայն Թուրքիայի հետ բանակցություններում երեք հանրապետությունները պետք է հանդես գային միասնաբար: Նախատեսվում էր հիմնականում պահպանելով Մոսկվայի պայմանագրի կետերը, որոշ ճշտումներ մտցնել, որոնք բխում էին Հայաստանի շահերից. հասնել Սուրմալուի գավառի Կողբի աղահանքերից Հայաստանի օգտվելու իրավունքի շնորհմանը։ Հայաստանը ձգտում էր նաև ձեռք բերել Նախիջևանի նկատ֊մամբ հովանա֊վորության իրավունքը և այլն։

Անդրկովկասյան երեք հանրապետությունների և Թուրքիայի միջև կոնֆերանսը հրավիրվեց 1921 թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակության կազմում էին Ասքանազ Մռավյանը (նախագահ) և Պողոս Մակինցյանը։ Թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Քյազիմ Կարաբեքիրը, որը թուրք-հայկական պատերազմի ժամանակ աչքի էր ընկել իր հակահայկական դիմագծով։ Խորհրդային Ռուսաստանը ներկայացնում էր Յակով Գանեցկին։ Հայկական պատվիրակությունը փորձեց հօգուտ Հայաստանի որոշ ճշտումներ մտցնել Մոսկվայի պայմանագրի մեջ։ Մռավյանը թուր֊քա֊կան կողմին առաջարկեց Հայաստանին հանձնել Ախուրյանի աջ ափին մնացող պատմական Անի մայրաքաղաքի ավերակների շրջանը, իրավունք շնորհել Սուրմալուի գավառի Կողբի աղահանքերից օգտվելու համար, վերադարձնել Ալեքսանդրապոլի դեպոյից թուրքերի բռնագրաված գույքը։

Քյազիմ Կարաբեքիրը շողոքորթ ելույթ ունեցավ՝ ասելով, թե Թուրքիան չի խուսափում հօգուտ «եղբայրական» հայ ժողովրդի զիջելու վերոհիշյալ շրջան֊ները։ Սակայն ինքը լիազորված չէ Մոսկվայի պայմանագրով նախատեսված սահմանագծում փոփոխություններ կատարել։ Պայմանագրի կնքումից հետո նա այդ մասին տեղյակ կպահի իր կառավարությանը և հուսով է, որ մերժում չի ստանա։ Պայմանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 13-ին՝ Մոսկվայի պայմանա֊գրի կետերի համեմատությամբ առանց որևէ էական փոփոխության։ Ուշագրավ է, որ Թուրքիան և Ադրբեջանը նորից գործում էին միասնաբար, մանավանդ, եթե խոսքը գնում էր Հայաստանի օգտին որևէ փոփոխության։ Պատահական չէ, որ Կարս էին ժամանել նաև Վեդիի թուրքերը, որոնք ձգտում էին հասնել իրենց շրջանը Նախիջևանին միացնելուն։ Սակայն Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մերժեցին այդ պահանջը։

Այսպես, Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ունեցավ տարածքային լուրջ կորուստներ։ Ցավալիորեն, ճիշտ հարյուր տարի անց՝ 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբերին Հայաստանի Հանարապետությունն ու Արցախը ենթարկվեցին թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի, որի արդյունքում բռնազավթեցին Արցախի Հանրապետության տարածքի մեծագույն մասը։ 

Աշոտ Մելքոնյան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

 

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04