«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն»

11.02.2016 17:07
2249

Դեռեւս 2006 թվականին հանրապետության կառավարությունը որոշել էր Մեղրու բժշկական կենտրոնը եւ Ագարակի հիվանդանոցը միավորել՝ ստեղծելով «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Որոշումը տարբեր խոսակցությունների տեղիք տվեց, մարդկանց մեջ մտավախություն կար, թե մի հիվանդանոցը նորմալ կարո՞ղ է սպասարկել տարածաշրջանի ողջ բնակչությանը: Այս ամենն արդեն սոսկ հիշողություն է, շարք է մտել ժամանակակից մի բժշկական կենտրոն՝ արդիական կահավորմամբ եւ բժշկական հետազոտություններ իրականացնող նորագույն բուժսարքավորումներով հագեցած:

Նախկին այգիների տեղում՝ Արաքսի հարեւանությամբ, խստահայաց լեռների խորապատկերի վրա երկհարկանի ակնահաճո կառույցն է, որ փետրվարի 6-ին բացեց դռները, ավելի ստույգ՝ տեղի ունեցավ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Հիշարժան միջոցառմանը մասնակցում էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզի բուժհաստատությունների ղեկավարներ, հյուրեր:

- Գորիսի, Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնների հետ համատեղ այս կենտրոնը համալրեց Սյունիքի առողջապահական համակարգը: Կարող ենք արձանագրել, որ էնդոսկոպիկ վիրաբուժական հագեցվածությամբ Սյունիքի մարզն ամենաառաջատարն է հանրապետությունում: Հաշված ամիսներ անց Սյունիքի մարզը կհամալրվի համակարգչային տոմոգրաֆով, որը կտեղադրվի Գորիսի բժշկական կենտրոնում, - ներկաներին իրազեկեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Երկու հիվանդանոցի միաձուլումով կրճատումներ չեն եղել: Կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունները տեղավորվել են նախկին պոլիկլինիկայի շենքի երեք հարկում, իսկ այս բժշկական կենտրոնում միաժամանակ ստացիոնար բուժում կստանա 45 հոգի. այդքան մահճակալ է նախատեսված:

Մեկ տարուց քիչ ավելի ժամանակ պահանջվեց Մեղրու «Ճանապարհների շինարարության եւ շահագործման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շինարարներից, որ կառույցը շահագործման հանձնեն: Իսկ կենտրոնի շինարարությանը ձեռնամուխ եղան 2014-ի դեկտեմբերին՝ ենթակապալառուի կարգավիճակով: Շինարարությունը սկսել էր «Պառեքս-գազ» ընկերությունը 2013-ին, կառույցի հստակ վերջնաժամկետ էր նշված, եւ շինարարության ընթացքը հսկվում էր հանրապետության ղեկավարության կողմից: Աշխատանքային մի այցի ժամանակ հանրապետության նախագահը եղել էր կառույցի շինարարությունում, հետաքրքրվել գործերի ընթացքով:

«Ժամկետը կարճ էր, խնդիրները՝ շատ, պատասխանատվությունը՝ մեծ, բայց Սյունիքի մարզպետի առաջարկով ստանձնեցի գործը, առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի միջնորդությամբ շարունակեցի շինարարությունը: Եվ մարզպետարանը, եւ ծրագրերի իրականացման գրասենյակը մինչեւ վերջ կանգնեցին իմ կողքին, ինչի շնորհիվ կարողացա ավարտել շինարարությունը: Ֆինանսական եւ այլ բնույթի խնդիրներ ծագեցին կառուցման ընթացքում, բայց, փառք Աստծո, ամեն ինչ հարթվեց», - պատմում է ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը: Նրա փոխանցմամբ՝ իր կենսագրության մեջ բժշկական կենտրոնը բացառիկ կառույց էր, բնականաբար, լրացուցիչ ուժեր էլ էին ներգրավվել շինարարության մեջ, ճանապարհաշինության հետ առնչություն չունեցող՝ ծեփագործներ, պատշարներ, ատաղձագործներ, մեխանիզատորներ, միայն կենտրոնի շինարարությունում 70-80 մարդ էր աշխատում:

«Այնպես ստացվեց, որ անցյալ ձմռանը ստանձնեցինք հիվանդանոցի շինարարությունը եւ այս ձմռանն էլ ավարտին հասցրինք, որակի հետ կապված խնդիրներ չունեցանք, քանի որ բետոնի բաղադրության մեջ հավելանյութեր օգտագործեցինք: Լուրջ ուշադրություն էինք դարձնում վիրահատարանների, ծնարանի վրա, նաեւ նորության հետ շփվեցինք, ռենտգեն կաբինետի ծեփի մեջ օգտագործեցինք բարիտ կոչվող նյութը, որ ռադիոակտիվությունը մեկուսացնող հատկություն ունի, - մանրամասնում է մեր զրուցակիցն ու ավելացնում, - կառույցն ընդունվեց 2015-ի հոկտեմբերին, բայց որոշակի թերություններ շտկելու հետ կապված ժամկետը երկարաձգվեց, ինչը պայմանավորված էր սարքավորումների տեղադրման հետ, եւ ամենակարեւորը՝ հիվանդանոցի ծածկը շատ ամուր է կառուցված, ջրահեռացմանն էլ (խոսքը տարածքի մասին է, խմբ.) շատ ճիշտ լուծում է տրված»:

…«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն»: Վազգեն Առաջին կաթողիկոսի ձեւակերպումն է: Հայրենիք ստեղծեցինք: Քառորդ դարով է չափվում մեր նորանկախ պետության ճանապարհը: Մեր երկիրը դեռեւս շենացնելու շատ կարիք ունի: Բայց լավ է, որ կան մարդիկ, ովքեր իրենց գործով նպաստում են երկրի շենացմանը, որոնցից մեկն Ազատ Գասպարյանն է: Ծննդավայրն Ապարանի շրջանի Արագած գյուղն է, որտեղ միջնակարգ կրթություն է ստացել: Երեւանի Կարլ Մաքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Ավտոմոբիլային ճանապարհներ» բաժինն ավարտելուց հետո գործուղվել է Մեղրի, աշխատել ճանապարհաշինարարական վարչությունում նախ՝ վարպետ, հետո՝ աշխղեկ, արտադրության բաժնի ճարտարագետ, արտադրության բաժնի պետ, վարչության փոխտնօրեն, 1996 թվականի մայիսից՝ տնօրեն: Երբ ստանձնեց կոլեկտիվի ղեկավարությունը, իր խոսքով՝ ասֆալտի գործարանից կմախքն էր մնացել, բետոնի հանգույցի մասին խոսք լինել չէր կարող: Ոչ միայն ոտքի կանգնեցրեց արտադրությունը, այլեւ ահա երկու տասնամյակ ոչ միայն նոր ճանապարհներ է կառուցում, այլեւ բարեկարգ ու նորոգ է պահում եղածը՝ բարեխղճությամբ տանելով տարածաշրջանի ճանապարհների ձմեռային եւ ամառային սպասարկման գործը: 2001 թվականին նրան շնորհվել է Մեղրի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:

Ազատ Գասպարյանը գործի մարդ է եւ շարունակում է իր ուղին:

Իսկ անելիքներ շատ կան 2016-ին: Թեպետ բոլոր խաղաքարտերը չի բացում, դեռ մրցույթներ պիտի լինեն, բայց, այնուամենայնիվ, մեկ-երկուսը թվարկում է. նախատեսվում է կամուրջ կառուցել N2 միջպետական ճանապարհի երկու գետի միախառնման տեղում: Նախկին կամուրջը վթարային էր, շրջադարձի շառավիղը՝ շատ փոքր, հատկապես ձմռանը դժվար էր մեքենան կառավարելը», - նշում է մեր զրուցակիցը: Այս տարում ավարտին կհասցվի Ագարակի գնդի զորանոցի շինարարությունը, Ագարակի եւ Մեղրու դպրոցների նորոգումները կշարունակվեն:

Վերակառուցման աշխատանքներ պիտի կատարեն Քաջարան-Մեղրի ճանապարհի 332 կմ հատվածում: Փլվածք էր առաջացել, անցյալ ձմռանը ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար որոշակի աշխատանքներ են կատարվել, այս տարի հիմնովին կավարտեն գործը:

Անցած տարում բացի բժշկական կենտրոնից, վերակառուցել են Մեղրի-Քաջարան մայրուղու 4,3 կմ ճանապարհահատվածը, հիմնանորոգել, որ ներառում է նաեւ Դիբագի լեռնանցքը: Ընկերության շինարարները նախորդ տարում կատարել են նաեւ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի ճանապարհների նշագծման աշխատանքներ:

Զրույցի ընթացքում մի չափազանց հուսադրող լուր հաղորդեց Ազատ Գասպարյանը: Մայիսից, ամենայն հավանականությամբ, Մեղրու տարածաշրջանից մեկնարկելու է Հյուսիս-Հարավ ճանապարհը: «Որ սկսվեց, Մեղրու ճանապարհաշինարարների մեծ մասնակցությունը կլինի, այսինքն՝ կունենան աշխատանքային շա՜տ մեծ ճակատ», - ասում է:

Բացի ճանապարհաշինարարությունից եւ քաղաքացիական շինարարությունից՝ Ազատ Գասպարյանը օգնության ձեռք է մեկնում բանակին: Ավազ, խիճ, աղ է հատկացնում, անհրաժեշտության դեպքում տեխնիկա տրամադրում ժամանակավոր ճանապարհներ բացելու համար: Օրինակելի ավտոհավաքակայան է կառուցել, զորանոց է կառուցում: Եվ խրախուսանքը չուշացավ: Հունվարի 22-ին արժանացել է «Վազգեն Սարգսյան» մեդալի՝ բանակաշինության գործին նպաստելու համար, որ Ագարակում նրան հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Այնուամենայնիվ, իրեն գնահատված մարդ զգո՞ւմ է երկարամյա շինարարը: Դրական է պատասխանում հարցին, հիմնավորելով նրանով, որ մշտապես աշխատանքի պակաս չի ունեցել ընկերությունը. «1996 թվականից մինչեւ այսօր ոչ մի տարի չենք կանգնել, մեզ միշտ վստահել են եւ ապահովել աշխատանքային ճակատով: Դա ամենամեծ վարձատրությունն է»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հ.Գ.

Երբ նյութը պատրաստվում էր տպագրության, նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման առթիվ շնորհավորեցինք նրա տնօրեն Լուսինե Վարդանյանին եւ որոշ տվյալներ ցանկացանք իմանալ նոր բուժհիմնարկի՝ կադրերով ապահովվածության մասին: Նրա փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ կենտրոնում 22 բժիշկ է աշխատում, իսկ ընդհանուր առմամբ ունեն նեղ մասնագիտացումներով բժիշկների՝ ռենտգեն-ռադիոլոգի, բժիշկ-լաբորանտի, վիրահատող գինեկոլոգի, ինչպես նաեւ մեկ ընտանեկան բժշկի կարիք: Կենտրոնում իտալական ռենտգեն սարքարավորում կա, որի տեղադրումը եւ կարգաբերումն իտալացի մասնագետն է կատարել, ով բացի դրանից տեղացի մասնագետների համար թրեյնինգներ է կազմակերպել:  Բացի դրանից բժշկական կենտրոնի մասնագետները մայրաքաղաքի համալսարանական կլինիկայում վերապատրաստում եւ վերամասնագիտացում են անցել, բժշկական կենտրոնում տեղադրված նոր տեխնոլոգիաներին տիրապետելու եւ գործնականում կիրառելու համար:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25