Հայցադիմումի պատասխան

24.08.2015 21:23
4154

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍԴ 3/0254/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Սասուն Մանուկյանի ընդդեմ Կարեն Լազարյանի՝ հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտող տեղեկությունները հերքելու, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Գտնում ենք, որ Հայցվորի պահանջներն անհիմն են եւ ամբողջությամբ ենթակա են մերժման:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Հոդված 95-ի՝ ուղարկում ենք հայցադիմումի պատասխանը:

Մեր հեղինակած հոդվածի հրապարակման դրդապատճառը

2015թ. ապրիլի 29-ին News.am կայքը հրապարակել է մի անոնիմկա՝ «Գողություն. Գորիսի պետական քոլեջի ուսանողների սիրտը հավ էր ուզում» վերնագրով:

Հոդվածը կատարված գողությունն ամբողջական ներկայացնելու խնդիր չի ունեցել: Հոդվածի նպատակը եղել է (դա ակնհայտորեն երեւում է ե՛ւ վերնագրից, ե՛ւ տեքստից) Գորիսի պետական քոլեջի վարկաբեկումը:

Հոդվածը, ինչպես նշեցինք, անստորագիր էր, որն էլ ավելի ցայտուն է դարձնում հոդվածագրի եւ լրատվամիջոցի ոչ ազնիվ նպատակը:

Հոդվածին հաջորդել են (ֆեյսբուքյան ցանցում) տասնյակ գրառումներ՝ բոլորը գրեթե նույն ոճով, անհայտ մարդկանց՝ ասել է թե՝ կեղծ ստորագրություններով: Բոլոր գրառումները նույն նպատակն են հետապնդել՝ վարկաբեկել քոլեջը, անվանարկել քոլեջի տնօրենին, որ ինքս եմ:

Կարելի էր այդ ամենին ուշադրություն չդարձնել: Սակայն դա մոտ մեկուկես տարի շարունակ քոլեջի եւ նրա տնօրենի դեմ կատարվող վայրահաչության, զրպարտությունների հեղեղի հերթական դրսեւորումն էր:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մասշտաբներ ու հետեւողականություն է եղել անբարո այդ արշավում՝ բերենք մի քանի օրինակ:

2014թ. հունվարի 20-ին մայրաքաղաքային կայքերից մեկում, կեղծ ստորագրությամբ, նյութ է հրապարակվում՝ ընդդեմ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի, ով իմ հայրն է: Հոդվածում, սակայն, խմբագրին ավելի շատ խոցելու եւ ցավ պատճառելու նպատակով վարկաբեկիչ ու զրպարտչական արտահայտություններ են արվում նաեւ իմ հասցեին ու իմ կողմից գլխավորվող քոլեջի հասցեին:

Թերթի խմբագիրը պատասխան հոդված է հրապարակում «Սյունյաց երկրի» կայքում 2014թ. հունվարի 28-ին, վերնագիրը՝ «Ծպտյալները, ովքեր ստանձնել են օլիգարխիկ կլանի ներքնաշորերը լվալու վսեմ գործը»:

Օրեր անց խմբագրություն է զանգահարում ոմն Մ. Լեւոնյան եւ խմբագրին տեղեկացնում, որ ինքն է նյութի հեղինակը, բայց տեղեկություններն իրեն տրամադրել են Կապանից՝ հրաժարվելով տալ զրպարտչական տեղեկություններ տրամադրողի անունը: Ինչեւէ, կեղծ ստորագրությամբ հեղինակն ափսոսանք է հայտնում… Եվ մենք բավարարվում ենք դրանով ու հետամուտ չենք լինում տեղեկատվության սկզբնաղբյուրի բացահայտմանը:

Սակայն, 2014թ. մայիս ամսից սկսած՝ Գորիսի քաղաքապետի ընտրության նախապատրաստման ու անցկացման շրջանում, նոր չափերի են հասնում անանուն եւ կեղծ ստորագրությամբ հոդվածները՝ մայրաքաղաքային կայքերում հրապարակվող: Դրանց մի զգալի մասն ուղղված են լինում դարձյալ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրին ու խմբագրի ընտանիքի անդամներին, այդ թվում՝ ինձ եւ իմ ղեկավարած կոլեկտիվին:

Մասնավորապես՝ երկու հոդված հրապարակվում է henaran.am կայքում (03.06.2014թ. եւ 05.06.2014թ.)՝ անհայտ Հայկ Միրզոյան ստորագրությամբ:

Մեկ հոդված էլ հրապարակվեց ararum.am կայքում (05.06.2014թ.)՝ անհայտ Վիգեն Վանյան ստորագրությամբ:

Մեկ ուրիշ անոնիմկա էլ հրապարակում է haynews.am կայքը (05.06.2014թ.):

Դրանից հետո՝ 2014թ. հունիսի 26-ին, լույս է տեսնում եւս մեկ անոնիմկա:

Եվ նշված ամեն մի զրպարտագրի հաջորդել են ֆեյսբուքյան գրառումներ՝ գրեթե նույն բովանդակությամբ, գրեթե նույն ոճով. կարծեք միեւնույն մարդկանց կողմից գրված նյութեր են:

Մենք փորձել ենք պարզել այդ հոդվածների հողինակներին, բայց ոչ մի դեպքում չի հաջողվել:

Մասնավորապես՝ հայրս՝ Սամվել Ալեքսանյանը, նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին («Սյունյաց երկիր», N16, 2014թ.)՝ Արմեն Դավթյան անուն-ազգանունով անձնավորության կողմից մայրաքաղաքային կայքերից մեկին կատարած առաջարկության մասին՝ 600 հազար դրամով մեր ընտանիքի վերաբերյալ վարկաբեկիչ հոդված հրապարակելու (կեղծ ստորագրությամբ) համար:

Նամակ է հղվել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին (11 հունիսի 2014թ.)՝ նրա ընտանիքին պատկանող henaran.am կայքում մեր ընտանիքի անդամների (այդ թվում՝ իմ) մասին հրապարակված կեղծ ստորագրություններով նյութերի հեղինակին պարզելու համար:

Փորձ ենք արել գտնել ararum.am կայքի հիմնադրին, խմբագրին եւ այդ կայքում՝ դարձյալ կեղծ ստորագրությամբ տպագրված զրպարտչական հոդվածի հեղինակին: Այդ նպատակով նույնիսկ նամակ ենք հղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին (12 հունիսի 2014թ.):

Ծպտված զրպարտիչներին եւ անոնիմկաների հեղնակներին բացահայտելու հույսով դիմել ենք նաեւ դատական ատյաններ:

Առաջին հայցադիմումն ուղղել ենք Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ ararum.am կայքում հրապարակված նյութի հեղինակին բացահայտելու համար (գործի համարը՝ ԵԱՔԴ/2525/02/14):

Եվ ոչ մի հաջողություն զրպարտչին հայտնաբերելու հարցում:

Կայքին մոտ կանգնած աղբյուրները միայն մի բան են ասում՝ նյութը Կապանից են բերել:

Երկրորդ հայցը գրվել է ընդդեմ lratvutyun.am կայքի հիմնադիր (սեփականատեր) «Արցախ-Հայ մամուլի ակումբ»-ի: Հայցն ուղղվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին (գործի համարը՝ ԵԿԴ/259/02/14): Դարձյալ ոչ մի հաջողություն: Դարձյալ նույն պատասխանը՝ նյութն ուղարկվել է Կապանից:

Երրորդ հայցը նույնպես ուղղվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին (գործի համարը՝ ԵԿԴ/2593/02/14): Վերստին ոչ մի պատասխան: Նորից շշուկներ՝ նյութն ուղարկվել է Կապանից:

Կրկնում ենք՝ բոլոր այդ հոդվածները եւ դրանց ֆեյսբուքյան գրառում-արձագանքները (որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում) միեւնույն ոճն են ունեցել, նույն բառապաշարը, նույն հայհոյանքներն ու վիրավորանքները, զրպարտչական նույն արտահայտությունները:

Դատական ճանապարհով փնտրտուքին զուգահեռ փորձել ենք պարզել այդ արշավի հեղինակներին, եւ կանգ ենք առել մոտ հինգ-վեց հոգու վրա, որոնք, ըստ մեզ, կարող էին լինել այդ անբարոյականության հեղինակը:

Բայց քանի որ ստույգ ու անհերքելի ապացույցներ չունեինք, չենք հրապարակել նրանց անունները եւ նրանց դեմ քայլեր չենք ձեռնարկել. այսօր էլ շարունակում ենք հավատարիմ մնալ այդ սկզբունքին:

Եվ ահա՝ այդ ամենից հետո, ինչպես արդեն նշեցինք, 2015թ. ապրիլի 29-ին news.am կայքում հրապարակվում է եւս մեկ անոնիմկա՝ Գորիսի պետական քոլեջի ուսանողներին առնչվող: Դրան հաջորդում է ֆեյսբուքյան գրառումների նոր տեղատարափ՝ քոլեջի տնօրենին եւ քոլեջին վարկաբեկող՝ դարձյալ հայտնի ոճով, հայտնի բառապաշարով:

Ստիպված ենք լինում արձագանքել այդ հոդվածին ու դրա ֆեյսբուքյան արձագանքներին: Ծնվում է մեր արձագանքը՝ «Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը» վերնագրով հոդվածը, որը հրապարակվում է «Սյունյաց երկրի» կայքում:

Հոդվածը ստույգ հասցե չունի, քանի որ մեզ հայտնի չեն բոլոր անոնիմկաների կամ կեղծ ստորագրությամբ նյութերի (վերը նշված) հեղինակները: Հոդվածն ունի թիրախ. դա ծպտյալների ենթադրվող շարքն է, որը մեկուկես տարի շարունակ անանուն կամ կեղծ ստորագրությամբ նյութերով զրպարտչական եւ վարկաբեկիչ տեղեկություններ է սփռել ու սփռում մեր ընտանիքի անդամների, այդ թվում՝ իմ եւ իմ ղեկավարած կոլեկտիվի մասին:

Եվ թիրախին (հնարավոր հեղինակներին) հիշեցրել ենք իրենց խոցելի տեղերն ու բարոյազուրկ վիճակը՝ նպատակ ունենալով կանգնեցնել զրպարտությունների հեղեղը:

Մեր քայլը (մեր կողմից նման հոդվածի հրապարակումը) լիովին համապատասխանում է միջազգային պրակտիկայում ձեւավորված «ողջամիտ հրապարակում» հասկացողությանը: Եվ համոզված ենք, որ դատարանը մեծ կարեւորության կտա մեր հեղինակած հոդվածի հրապարակման դրդապատճառներին:

Իսկ թե ովքեր են իրենց կերպարը նույնացնում կամ նմանեցնում մեր իսկ բնութագրումներին, գնահատումներին, ապա դա մեր գործը չէ եւ մենք չէ, որ պետք է մտահոգվենք նման մարդկանց ենթադրությունների ու երեւակայության համար:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու անհարժեշտությունը

Մեր հեղինակած եւ վեճի առարկա դարձած հոդվածի հրապարակման դրդապատճառները ցույց են տալիս, որ զրպարտիչների եւ ծպտյալների այդ արշավն ի սկզբանե ուղղված է եղել «Սյունյաց երկիր» թերթի եւ նրա խմբագրի ու նրա ընտանիքի անդամների դեմ:

Զրպարտչական հոդվածների եւ անոնիմկաների վերաբերյալ դատական ատյաններ եւ իշխանական մարմիններ է դիմել թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը: Նա է պատասխան հոդվածներ հրապարակել մի քանի դեպքում:

Ավելին, եթե դատարանը բավարարի Հայցվորի պահանջը եւ «Սյունյաց երկրում» մեր հոդվածը հրապարակավ հերքելու պահանջ առաջադրի (ուրիշ լրատվամիջոցում հրապարակելու տարբերակ չկա), ապա դա չենք կարող իրականացնել, քանի որ հոդվածի հեղինակի եւ թերթի միջեւ նման պայմանավորվածություն եւ պարտավորվածություն չկա:

Ելնելով վերը շարադրվածից եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Հոդված 34-ով եւ Հոդված 35-ով՝ խնդրում ենք «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին ներգրավել սույն վեճի մեջ՝ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձ: Դա կնպաստի նաեւ օբյեկտիվ քննության ապահովմանն ու ճշմարտության բացահայտմանը:

Սասուն Մանուկյանը նշված հրապարակման առումով չի կարող լինել պատշաճ հայցվոր

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետը շատ հստակ եւ միանշանակ սահմանում է՝ «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան… »:

Ինչպե՞ս հասկանալ «անձ» արտահայտությունը 1087.1-րդ հոդվածի իմաստով:

1087.1-րդ հոդվածի իմաստով խոսքը ֆիզիկական կամ իրավաբանական կոնկրետ անձնավորության մասին է եւ չի կարող անձը լինել վերացական, ենթադրական:

ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. ապրիլի 27-ի որոշման 7-րդ էջում (ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կանոնակարգումները) նշված է՝ «Տուժողը (զրպարտության կամ վիրավորանքի ենթարկված անձը) այն ֆիզիկական անձն է, ում պատիվը կամ արժանապատվությունը կամ անհատ գործարարի կամ իրավաբանական անձի գործարար համբավն արատավորել է մեկ այլ անձ… »:

Մինչդեռ վեճի առարկա հրապարակման մեջ չի մատնանշվում անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է:

Այսինքն՝ հայտնի չէ, թե ով է վիրավորանքի եւ զրպարտության ենթարկված անձը:

Հայցվորը չի կարողացել ապացուցել, որ ինքն է տուժողը, որ ինքն է վիրավորանքի կամ զրպարտության ենթարկված անձը:

Գտնում ենք՝ այս հարցը ելակետային նշանակություն ունի գործի քննության համար:

Անշուշտ, կարելի է ենթադրություններ անել եւ հոդվածում տեղ գտած արտահայտությունների մի մասը կամ ամբողջը մտովի վերագրել մի քանի տասնյակ մարդկանց:

Բայց ահա հայտնվում է մեկը եւ հայտարարում՝ այդ հրապարակումն իմ մասին է:

Այդ մարդը մեր Հայցվորն է:

Հետեւյալը կարող ենք ասել՝ եթե ինքը մեր հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունների, բնութագրումների ու իր բարոյական նկարագրի միջեւ նույնություն, նմանություն, համընկնող դրվագներ է տեսնում, ապա դա իր գործն է եւ մենք չենք կարող խոչընդոտ լինել նրա երեւակայությանը:

Գտնում ենք՝ Հայցվորն առաջնորդվում է բացառապես երեւակայությամբ, ենթադրություններով, անորոշ ու անհստակ դատողություններով, որը բավականին կասկածելի ու մտահոգիչ ախտանիշ է:

Հիշեցնում ենք ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. ապրիլի 27-ի որոշման եզրահանգումներից մեկը՝ «Հրապարկումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը եւ կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որեւիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախը» (որոշման 12-րդ էջ):

Ասվածը հաստատում է նաեւ միջազգային դատական պրակտիկան: Նախադեպային մի որոշում ենք ուզում հիշեցնել, որ հայտնի է որպես Դյուլդին եւ Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007թ. վճիռ (կետ 44):

Եվրոպական դատարանի այդ վճիռը կցվում է սույն փաստաթղթին:

Հայտարարում ենք՝ վեճի առարկա հրապարակումը Հայցվորի հետ որեւէ կապ չունի: Եթե նա լիներ մեզ դեմ մեկուկես տարի շարունակ զրպարտչական արշավ իրականացնողների ենթադրվող ցանկում ու մենք ունենայինք կոնկրետ, հիմնավոր փաստեր՝ մեր ենթադրությունները հաստատող, ապա նրա մասին հասցեական ու անվանական խոսք կհնչեցնեինք կամ կդիմեինք դատարան:

Հետեւաբար՝ Սասուն Մանուկյանը չի կարող լինել պատշաճ Հայցվոր տվյալ հրապարակման եւ ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով:

Իսկ եթե ինքը, կրկնում ենք, մեր հրապարակման մեջ տեղ գտած արտահայտությունների, բնութագրումների ու իր բարոյական նկարագրի միջեւ նույնություն, նմանություն է նկատել, ապա դա իր գործն է:

Մենք նրա հետ քննարկելու, նրան ինչ-որ բան ապացուցելու եւ ինչ-որ արտահայտություններ հերքելու խնդիր չունենք:

Այնպես որ՝ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը, եւ ուրեմն Հայցվորը պետք է փոխարինվի պատշաճ հայցվորով:

Հայցի իրավական սնանկության եւս մի քանի ապացույց

Ահա թե ինչպես է Հայցվորը ենթադրում, որ մեր հեղինակած հոդվածն իր մասին է. «Վերը նշված հոդվածն ուղղված է ինձ… Հոդվածում բացակայում է կոնկրետ իմ անունը, սակայն դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ այն իբր թե արձագանք է ֆեյսբուքյան իմ էջում, իմ կողմից տեսադրված մեկնաբանությանը: Սրա ապացույցն է հանդիսանում… հոդվածի առաջին պարբերությունը, քանի որ պատասխանողն իր հոդվածում պնդում է, որ իր ղեկավարած քոլեջի ուսանողների կողմից կատարված գողության առթիվ հրապարակված հոդվածի մի ինչ-որ գրառում է տեսել, որպիսին ես էի կատարել իմ ֆեյսբուքյան էջում: Իսկ երրորդ պարբերությունում արծարծվում է արդեն իմ կողմից Գորիսի քոլեջի տնօրենին ֆիզկուլտուրնիկ անվանելու հանգամանքը: Ապացույց է հանդիսանում նաեւ այն, որ 04.05.2015թ. էլեկտրոնային տարբերակում լույս տեսած հոդվածի մեկնաբանություններում հիմնականում շեշտադրվում է իմ անուն ազգանունը, ուղեկցվելով վիրավորական տեղեկություններով»:

Որքանով տեղյակ ենք՝ մեր Հայցվորը տարիներ շարունակ ներկայանում է իբրեւ լրագրող, իբրեւ խմբագիր: Եվ չենք կարծում, որ նա լիովին չի տիրապետում մայրենի լեզվին կամ չի հասկանում, օրինակ, «իբր թե» արտահայտության իմաստը:

Եվ ահա նա՝ իր իսկ ձեռքով, հերքում է իր իսկ վկայակոչած առաջին «ապացույցը» եւ տարակույս հայտնում, որ իմ հրապարակումը գրված է ֆեյսբուքյան իր գրառումի հիման վրա: Վերստին ընթերցենք Հայցվորի թիվ մեկ ապացույցը. «… Հոդվածում բացակայում է կոնկրետ իմ անունը, սակայն դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ այն իբր թե արձագանք է ֆեյսբուքյան իմ էջում, իմ կողմից տեղադրված մեկնաբանությանը»:

Հայցվորին հիշեցնենք՝ ըստ մեսրոպյան լեզվի ստույգ հասկացությունների՝ «իբր թե» բառակապակցությունն արտահայտում է կասկած, տարակուսանք, անհավանականություն կամ նույնը՝ ժխտման երանգով (այս բացատրությունը կարելի է հանդիպել բացատրական բոլոր բառարաններում):

Այսինքն՝ Սասուն Մանուկյանը ժխտում է կամ առնվազն անհավանական է համարում, որ մեր հեղինակած հոդվածը գրվել է որպես ֆեյսբուքյան իր գրառման արձագանք:

Հայցվորի երկրորդ «ապացույցը», կարելի է ասել, ազնիվ խոստովանություն է: Տեսեք, թե ինչ է խոստովանում նա. «Հոդվածում բացակայում է իմ անունը», բայց վերլուծությունից հասկանալի է դառնում, որ հոդվածն… ոչ թե իր մասին է, այլ իբր թե գրվել է իր ֆեյսբուքյան գրառման ազդեցության տակ: Այսինքն՝ ըստ Հայցվորի՝ մեր հեղինակած հոդվածն իր մասին չէ, բայց իբր թե գրվել է իր գրառումներից մեկի հիման վրա: Այսինքն՝ Հայցվորը չի էլ ասում կամ պնդում, որ հոդվածն իր մասին է:

Հայցվորի երրորդ «ապացույցը»: Ըստ Ս.Մ.-ի՝ Պատասխանողն իր հոդվածում վկայում է, որ ինչ-որ գրառում է տեսել… Եվ Հայցվորը գուշակում է, որ հավանաբար դա իր գրառումն է եղել քոլեջի ուսանողների կողմից կատարված գողության մասին:

Հայցվորին ստիպված ենք հիսաթափեցնել՝ այո, մենք շատ գրառումներ ենք տեսել այդ գողության վերաբերյալ հրապարակման առիթով, բայց Ս.Մ.-ի որեւէ գրառման չենք հանդիպել: Եթե անգամ Ս.Մ.-ն գրառում է ունեցել, ապա դա մեզ վրա որեւէ տպավորություն չի թողել, ինչի համար եւ չենք հիշում:

Հայցվորի չորրորդ «ապացույցը»: Ըստ նրա՝ ինքը քոլեջի տնօրենին անվանել է ֆիզկուլտուրնիկ, իսկ Պատասխանողն արձագանքել է իր՝ ֆիզկուլտուրնիկ լինելուն:

Իմ ֆիզկուլտուրնիկ լինելը, որ պատիվ կարող է բերել ամեն մի ոչ հիվանդ ու տկար մարդու, ինչպես եւ իմ կրթության հարցն անցած մեկուկես տարում արծարծվել է եւս մի քանի հրապարակումներում, որոնք եղել են անանուն կամ կեղծ ստորագրությամբ: Եվ մենք անդրադարձել ենք հենց այդ ակնարկներին (այդ հոդվածներից մի քանիսը պահպանվում է):

Հայցվորի հինգերորդ «ապացույցը»: Ս.Մ.-ն լացում է՝ «… 04.05.2015թ. էլեկտրոնային տարբերակով լույս տեսած հոդվածի մեկնաբանություններում հիմնականում շեշտադրվում է իմ անուն ազգանունը, ուղեկցվելով վիրավորական տեղեկություններով»:

Ցավում ենք, իրոք, որ ընթերցողների մի մասը մեր հեղինակած հոդվածի մեջ պարունակող բնութագրումներն ու որակումները նույնացրել է Սասուն Մանուկյանի բարոյական նկարագրին: Դրանում Պատասխանողը մեղավոր լինել չի կարող:

Սասուն Մանուկյանը, եթե իսկապես ունի արժանապատվության տարրական զգացում, ապա պետք է այդ գրառումների հեղինակներին դատի տա, մանավանդ որ դատական գործեր հրահրելու եւ դատարան դիմելու անզուգական փորձ ունի:

Մենք, վերը գրվածից ելնելով, հայտարարում ենք՝ Հայցվորը գոնե մեկ հիմնավոր, ողջամիտ, անհերքելի փաստ (ապացույց) չի բերել, որ կարող է հաստատել (ապացուցել) իր ենթադրությունը՝ իբր հոդվածն իր մասին է:

Ապացուցման բեռը պետք է փոխանցվի Հայցվորին

Ս.Մ.-ն, չհիմնավորելով իր՝ պատշաճ Հայցվոր լինելը, չհիմնավորելով իր ենթադրությունը՝ մեր հեղինակած հոդվածն իրեն հասցեագրված լինելու մասին, առաջ է անցնում եւ մեր հրապարակման մեջ տեղ գտած որակումները, գնահատությունները (բաժանելով վիրավորանքի ու զրպարտության) համարում իր անձը վիրավորելուն եւ զրպարտելուն ուղղված արտահայտություններ:

Նման ենթադրությունները հիմնավորելու եւ քննարկելու համար նախեւառաջ պետք է ապացուցել, որ մեր հեղինակած հոդվածն Հայցվորի մասին է: Հայցվորը, մինչդեռ, չի կարողացել ապացուցել իր ենթադրությունը, որն այս դեպքում սկզբունքային նշանակություն ունի:

Եվ մի շարք արտահայտություններ ենթադրաբար համարում է իր անձին ուղղված վիրավորանք: Ահա՝ «ստուկաչ», տգետ, «գողություն, անբարոյականություն ասվածն այնքան էլ խորթ երեւույթ չէ այդ տղայի համար», ունայնություն, տկարամիտ, փուչիկաձեւ եւ ողորմելի, խեղկատակ, վնգստացող:

Մի շարք արտահայտություններ էլ Հայցվորը համարում է զրպարտող: Ահա՝ ա) առնվազն մեկ անգամ գողության համար Հայցվորին իբր հեռացրել են աշխատանքից, բ) իբր Հայցվորի կինը մաքուր է դուրս պրծել մեկ տարի առաջ Կապանում բացահայտված գողությունից, գ) իբր Հայցվորը մի քանի կուսակցության անդամ է, դ) իբր Հայցվորը սյունիքյան թեմաներով միլիոնավոր անոնիմկաների հեղինակ է եւ ընտանիքը պահում է բանսարկության հաշվին, ե) իբր Հայցվորն իր մոր շնորհիվ Քաջարանի կոմբինատից միջոցներ է ստացել:

Հայցվորը, սակայն, գոնե մեկ հիմնավորմամբ չի ապացուցում, որ այդ որակումներն ու գնահատություններն իրեն են վերաբերվում: Կրկնում ենք՝ միգուցե այդ գնահատությունների, որակումների եւ իր նկարագրի միջեւ նմանություն, նույնություն է տեսնում, բայց դա իր գործն է: Ուրիշներն էլ կարող են իրենց նկարագիրն ամբողջովին կամ մասամբ նույնացնել, նմանեցնել մեր հրապարակման հակահերոսի հետ:

Հայցվորի երեւակայությունը, իսկապես, սահման չի ճանաչում:

Ինչո՞ւ է նա կարծում, որ «ստուկաչ» անունով բակային հեղինակությունը, օրինակ, ինքն է: Մի՞թե որեւէ մեկը (մինչ այդ) նրան անվանարկել է նման բառով: Մի՞թե Կապանում ուրիշ մեկին չի կարելի անվանել «ստուկաչ», եթե նա դրան համահունչ արարքներ է թույլ տվել:

Կամ՝ մենք ծանոթ չենք նրա կնոջը եւ չենք կարող ասել, որ նա մաքուր է պրծել մեկ տարի առաջ Կապանում բացահայտված գողությունից: Ինքը պետք է ասի՝ կինը որտեղ է աշխատում եւ այդ ինչ գողություն է բացահայտվել, որից դուրս է պրծել իր կինը:

Մենք չենք ճանաչում նաեւ Հայցվորի մորը եւ որեւէ բառ ասել չէինք կարող այդ տիկնոջ մասին:

Եվ այսպես՝ շարունակ:

Հացվորը, չհիմնավորելով իր ենթադրությունները, գրում է՝ «Հոդվածագիրն ստիպված կլինի ապացույցներ բերել դատարանին վերը հիշատակված տեղեկություններն ու պնդումները հաստատելու համար, հակառակ դեպքում ակնհայտ է, որ դրանք եւս զրպարտանք են»:

Իսկապես անսովոր վիճակ է: Ինչ-որ մեկը գտնում է, որ մեր հեղինակած հոդվածն իր մասին է, որ այդ հոդվածում տեղ գտած արտահայտություններն իր մասին են:

Ինքը դա չի ապացուցում, ինքը միայն ենթադրում է: Բայց եւ ուզում է, որ իր ենթադրությունները մենք ընդունենք եւ նույնիսկ ապացուցենք:

Այսինքն՝ Պատասխանողից՝ ապացուցման առումով, պահանջվում են ոչ ողջամիտ գործողություններ:

Հայցվորի նման պահանջի վերաբերյալ ուզում ենք դատարանին հիշեցնել ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետը՝ «Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին»:

Այդ խնդիրը քննարկվել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ի հայտնի ակտի մեջ՝ նշելով. «Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետեւյալը. զրպարտության վերաբերյալ գործերի քննության ընթացքում գործում է այն կանխավարկածը, որ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու ապացուցման բեռը կրում է պատասխանողը: Այս ընդհանուր կանոնից բացառություն է հանդիսանում միայն այն դեպքը, երբ ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր: Այս պարագայում ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը» (էջ 14-15):

Հետեւաբար՝ ապացուցման բեռն այս դեպքում պետք է փոխանցվի Հայցվորին:

Մենք նրան չենք վիրավորել, չենք զրպարտել: Ինքն է ենթադրում, որ վերոհիշյալ արտահայտություններն իրեն են վերաբերվում: Ուրեմն ինքն էլ պետք է ապացուցի, թե ինչու է գտնում, որ «ստուկաչը» հենց ինքն է, որ իր կինը դուրս է պրծել Կապանում բացահայտված գողությունից եւ այլն: Կրկնում ենք՝ ապացուցման պարտականությունը պետք է փոխանցվի Հայցվորին, այլապես հնարավոր չէ քննարկել նրա երեւակայության դրսեւորումները:

Սասուն Մանուկյանին փող է պետք, շատ փող, բայց…

Հայցադիմումը, հիմնված Ս.Մ.-ի ֆանտազիայի ու ենթադրությունների վրա, վերջում հանգում է տրամաբանական ավարտին՝ մարդը 3 մլն դրամ է ուզում:

Մենք փորձում ենք հասկանալ Հայցվորին, բայց չենք կարողանում:

Եթե նա պարտքեր ունի Կապանում եւ ընտանիքը պահելու խնդրի առջեւ է կանգնած, ապա կարող ենք հանգանակություն կազմակերպել եւ նրան դրամական օգնություն ցույց տալ:

Ուրիշ կերպ, անկեղծորեն, չենք հասկանում այդ տղայի ֆինանսական հավակնությունները:

Իսկ եթե Հայցվորն իրոք փոխհատուցում է պահանջում իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց, ապա պետք է նախեւառաջ պարզել, թե ինչպիսի պատվով, արժանապատվությամբ կամ գործարար համբավով է օժտված նա իր ծննդավայր Կապանում:

Սակայն Հայցվորի պատվի, արժանապատվության, գործարար համբավի աստիճանը պարզելուց առաջ ուզում ենք հարգելի դատարանին գործող օրենսդրությունից հիշեցնել մի քանի իրավական դրվագ՝ խնդրո առարկային առնչվող:

Նախ՝ դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման գումարը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը պատճառված վնասին:

Այնուհետեւ՝ հայաստանյան դատական պրակտիկայում տուգանքի (փոխհատուցման) սահմանված վերին շեմը երբեք չի կիրառվել: Կան նախադեպեր, երբ դատարանը սահմանել է 200 հազար դրամ եւ ոչ ավելի:Հայցվորը տեղյակ չէ, որ «օրենսդիրի կողմից ոչ թե փոխհատուցման չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչեւ որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը» (ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշում, էջ 28):

Հայցվորը ծանոթ չէ ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. ապրիլի 27-ի որոշմանը, ինչպես եւ հայաստանյան դատական մյուս մարմինների նախադեպային որոշումներին:

ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 11-րդ կետն ամրագրում է, որ փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը պետք է հաշվի առնի կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ՝ տարածման շրջանակը եւ պատասխանողի գույքային դրությունը:

Տարածման շրջանակը՝ Հայցվորին վիրավորելու կամ զրպարտելու առումով, զրո է: Ինքը՝ Հայցվորն է խոստովանում (ըստ հայցադիմումի), որ միայն վերլուծությունից հետո (եւ ոչ թե ընթերցելուց հետո) է հասկանում, որ մեր հրապարակումն իր մասին է:

Եվ ողջամիտ հարց է ծագում՝ ընթերցողներից քանի՞սը կարող էին նյութը կարդալուց հետո վերլուծություններ անել եւ պարզել, թե ում է ուղղված տվյալ հոդվածը: Գրեթե բացառում ենք տարբերակը, որ օրինակ, Գորիսում, Սիսիանում, Մեղրիում, Երեւանում, Մոսկվայում, Բեռլինում եւ աշխարհի մյուս ծագերում ինչ-որ մեկը վեր է լուծել մեր հրապարակումը եւ հանգել եզրակացության, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկում իր գոյությունը վայելող Սասուն անունով մեկին:

Հայցվորը, կուրացած փողասիրությամբ, փողային իր երազանքներն արտահայտելիս հաշվի չի առել նաեւ Պատասխանողի գույքային դրությունը, փոխհատուցման վերին շեմի եւ Պատասխանողի խնամքի ներքո գտնվող մարդկանց՝ մեկ շնչին ընկնող միջոցի հարաբերակցությունը:

Նա տեղյակ չէ նաեւ դատական բարձր ատյանների երաշխավորությանը՝ թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա Պատասխանողի գործունեության համար:

Եվ, այդուհանդերձ, Ս.Մ.-ն փող է ուզում, նրան փող է պետք:

Գտնում ենք՝ Հայցվորի նյութական պահանջներն անհիմն են, մանավանդ որ մեր հեղինակած հոդվածը ոչ թե նրա մասին է, այլ այն մարդկանց մասին, ովքեր մեկուկես տարի շարունակ անստորագիր կամ կեղծ ստորագրությամբ խզբզոցներ են մոգոնել ինձ եւ ընտանիքիս անդամներին զրպարտելու, անվանարկելու համար: Եվ ի վերջո, Ս.Մ.-ն պետք է ապացուցի, որ ինքը տվյալ հրապարակման իմաստով կարող է Հայցվոր լինել:

Եզրակացություններ

- Սասուն Մանուկյանը նշված հրապարակման առումով եւ ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով չի կարող լինել պատշաճ Հայցվոր եւ չի կարող ունենալ պահանջի իրավունք: Նրա հայցը ոչ առողջ երեւակայության, ենթադրությունների դրսեւորում է, մտացածին ու անհիմն նախադասությունների շարք:

- Վեճի առարկա հրապարակման արդյունքում չի խախտվել ՀՀ սահմանադրության պահանջը՝ մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների եւ ազատությունների առումով:

- Ստեղծված իրավիճակում ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի բովանդակության ընկալման տեսակետից չի կարող խոսք լինել զրպարտության, վիրավորանքի, հետեւաբար եւ՝ դրանով պատճառաբանված վնասի մասին: Խոսք չի կարող լինել նաեւ ներողություն խնդրելու, ինչ-որ բան հերքելու, դրամական փոխհատուցում տալու մասին:

- Պատասխանողից պահանջվող գործողությունները կամ ջանքերը՝ ապացուցման առումով, ոչ ողջամիտ են: Հետեւաբար՝ ապացուցման բեռը պետք է փոխանցվի Հայցվորին՝ հիմք ընդունելով ՀՀ քաղ.օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետը:

- Անհրաժեշտ է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին ներգրավել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող կամ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, որն ավելի օբյեկտիվ կդարձնի գործի քննարկումը:

Առաջարկություն

Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Հոդված 95-ը եւ Հոդված 28-ը՝ դատարանին Խնդրում ենք Հայցվորի պահանջն ամբողջությամբ մերժել:

Պատասխանող՝ Կարեն Լազարյան

6 հուլիսի 2015թ. 

 

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13