Հեղափոխության ներքին վտանգները. տնտեսական սաբոտաժի ուրվականը

10.07.2018 17:07
1267

Ունի՞ արդյոք նոր կառավարությունը տնտեսական քաղաքականություն, արդյոք տնտեսական ոլորտում կառավարության իրականացրած քայլերը բխո՞ւմ են հայեցակարգային, ռազմավարական մոտեցումներից, ի՞նչ տնտեսական մոդել է դրված կառավարության քաղաքականության հիմքում։ Այս և տնտեսական քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցեր տակավին պատասխաններ չունեն։ Չունեն, որովհետև կառավարությունն ինքը չի տալիս այդ և հայեցակարգային բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ, չի տալիս իր գործողություններով ու քայլերով։

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ կառավարությունն առայժմ զբաղված է միայն տնտեսության օպերատիվ կառավարմամբ և դեռևս լուծում է միայն ընթացիկ խնդիրներ՝ պետական կառավարման համակարգերի բնականոն գործունեությունն ապահովելու ու քաոսային իրավիճակներից խուսափելու համար։ Դա, իհարկե, ունի օբյեկտիվ հիմք, քանի որ ո՛չ իրավիճակն է ստանդարտ, ո՛չ կառավարությունն է ձևավորվել ստանդարտ ընթացակարգերով։ Սա հեղափոխական կառավարություն է, որի անդամներն իշխանության են եկել հեղափոխության արդյունքում՝ առանց ընտրությունների։ Հասարակությունը նրանց տվել է ոչ թե ընտրական վստահության քվե, այլ հեղափոխական նպատակներն իրականացնելու մանդատ։ Իսկ դրանք սկզբունքորեն տարբեր կատեգորիաներ են։

Ընտրական քվեն՝ հատկապես պառլամենտական կառավարման երկրներում, տրվում է ոչ թե անձին կամ անձերին, այլ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին, որոնք էլ հետագայում դառնում են հաղթող ուժի ձևավորած կառավարության ծրագրի հիմք՝ առնվազն հայեցակարգային դրույթների ու ուղղությունների մասով։ Հեղափոխությունը, ի տարբերություն ընտրությունների, չունի ծրագիր։ Հեղափոխության ծրագիրը վատ իշխանություններին հեռացնելն ու «լավ երկիր կառուցելն է», որը, սակայն, ոչ թե ծրագիր է, այլ հանրահավաքային կարգախոս։

Եվ ահա տպավորություն է, որ հեղափոխական կառավարությունը դեռևս աշխատում է հենց այդ՝ կարգախոսային հայեցակարգով, առանց հստակ ռազմավարական ծրագրի։ Իհարկե, կարելի է ասվածին հակադրել այն, որ կառավարությունն աշխատում է ընդամենը երկու ամիս, որ դա բավարար ժամանակ չէ ռազմավարական ծրագիր մշակելու համար և այլն։ Բայց դրանք ընդամենն արդարացումներ են. եթե որևէ անհատ կամ քաղաքական թիմ հավակնում է իշխանության ու վերցնում է իշխանությունը, պետք է ունենա դրա իրացման ռազմավարական հենքը։ Եթե անգամ չունի, ապա թիմը պետք է ձևավորի այնպիսի սկզբունքներով ու այնպիսի անհատներով, որոնք կապահովեն այդ ռազմավարական, հայեցակարգային բացը։ Գործող կառավարության պարագայում մենք չենք տեսնում թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Իսկ դա հղի է չափազանց լուրջ վտանգներով, տնտեսական կյանքին սպառնացող վտանգներով։

Խնդիրն այն է, որ նախկինում, անգամ վատ կառավարության, կոռումպացված իշխանության պայմաններում՝ լավ կամ վատ, ֆորմալ կամ ոչ ֆորմալ, գործել են խաղի կանոններ, որոնցով աշխատել է հատկապես խոշոր ու գերխոշոր բիզնեսը։ Այդ կանոնների լավ կամ վատ լինելը, օրինական կամ անօրինական լինելը քննարկման այլ նյութ է. խնդիրը կանոնի առկայությունն է, որը եղել է նախկինում, եթե անգամ այդ կանոնը ենթադրել է վճարումներ ոչ թե պետական բյուջեին, այլ ստվերային «օբշչյակին»։ Հիմա փոխվել է կառավարությունը, դադարել են գործել նաև նախկին կանոնները, տնտեսությունն ապրում է ըստ էության առանց խաղի կանոնների։ Զուգահեռաբար խստացվել է հարկային վարչարարությունը՝ երբեմն հասնելով ընդհուպ հարկային տեռորի աստիճանի։

Բիզնեսը գործում է առանց խաղի կանոնների ու խստացված վարչարարության պայմաններում։ Եթե դրան գումարենք նաև այն հանգամանքը, որ բիզնեսների զգալի մասը աշխատում է վարկային կապիտալով, բավական բարձր տոկոսադրույքներով կապիտալով, պատկերն ավելի ամբողջական կդառնա։ Ու այդ պայմաններում բացարձակապես զարմանալի չեն տարբեր տեղեկություններն այն մասին, որ այս կամ այն խոշոր գործարարը կա՛մ արդեն վաճառել է բիզնեսը, կա՛մ պատրաստվում է վաճառել, որ այս կամ այն խոշոր բիզնեսում հարյուրավոր աշխատատեղեր են կրճատվում։

Խնդիրն այն չէ, որ խոշոր գործարարները համակրում էին նախկին իշխանություններին, հաճույքով էին կատարում նրանց ոչ ֆորմալ հրահանգներն ու սիրով էին ստվերային մասհանումներ կատարում իշխանության ներկայացուցիչներին, իսկ հիմա չեն սիրում նոր իշխանությանը։ Ամենևին, խնդիրն այն է, որ խոշոր բիզնեսը նախկինում գործել է թեկուզև վատ, թեկուզև անօրինական, բայց կանոնների դաշտում, ինչը հիմա բացակայում է։ Փոխարենը հիմա առկա է անորոշության շատ մեծ դաշտ, ինչը ստիպում է հատկապես խոշոր գործարարներին մտածել կապիտալը Հայաստանից դուրս հանելու մասին։ Այդպիսի դեպքեր արդեն կան և այսպես շարունակվելու դեպքում վստահաբար լինելու են նաև առաջիկայում։

Անորոշության մթնոլորտը, չնայած պաշտոնական հերքումներին ու ցուցանիշների որոշակի բարելավմանը, առկա է նաև ֆինանսական ու բանկային համակարգում, որտեղից ավանդների արտահոսքի ռիսկը դեռ պահպանվում է։ Սա, կրկնում ենք, տնտեսական քաղաքականության ռազմավարության բացակայության, նախկին կանոնների փոխարեն ընդամենը հարկային վարչարարությունը խստացնելու, բիզնեսին որոշակիության ու կանխատեսելիության ազդակներ չհաղորդելու հետևանք է։ Մինչդեռ նախկին կանոնների փոխարեն՝ նոր իշխանությունը պետք է առաջարկեր նոր, համակարգային, ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք և՛խոշոր, և՛ միջին ու մանր բիզնեսի համար կապահովեին որոշակիություն ու խաղի հաստատուն կանոններ։ Դա չի արվում, չի արվել առայժմ, ինչը որոշ խոշոր գործարարների մոտ արդեն իսկ հանգեցրել է աշխատատեղերի էական կրճատման ու շրջանառության ծավալների զգալի անկման, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին նվազելու են նաև այդպիսինների հարկային վճարումները, և հարկային հավաքագրումները կարող են լրջագույն խնդիր դառնալ։

Կառավարությունն իր այս գործելաոճով խրախուսում է իրական սաբոտաժը, որը ոչ թե հակահեղափոխությունը կամ ռևանշիզմը սպասարկող սաբոտաժ է, այլ սաբոտաժ՝ ընդդեմ տնտեսական քաղաքականության և հայեցակարգային լուծումների բացակայության։

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ որևէ արդյունքի չհանգեցրեց Ամուլսարի խնդրի լուծման հարցում։ Իսկ դա լրջագույն խնդիր է, որը շոշափում է պետության տնտեսական քաղաքականության, պետություն-խոշոր գործարարություն, պետություն-օտարերկրյա բիզնես հարաբերությունների ու բազմաթիվ այլ հայեցակարգային շերտեր, դրանցում առկա խնդիրներ, որոնց լուծումները կառավարությունը դեռևս չունի։ Ամուլսարը միակը չէ, և առաջիկայում ոչ, իհարկե, միևնույն բնույթի, բայց խնդիրները ոչ թե նվազելու, այլ ավելանալու են։

Նոր իշխանությունը պետք է նոր, հայեցակարգային, ինստիտուցիոնալ ու համակարգային լուծումներ առաջարկի, այլապես կարող է տեղի ունենալ կապիտալի ոչ թե արտահոսք, այլ փախուստ Հայաստանից։ Ավելի մեծ հարված հեղափոխությանը, քան տնտեսության հնարավոր կոլապսը, չեն կարող հասցնել ո՛չ հակահեղափոխականները, ոչ էլ ռևանշիստները։

www.1in.am

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46