Հերթական անգամ Քաջարանի երկինքը երփներանգվեց տոնական հրավառության գույներով

02.09.2015 12:21
3403

Ավանդույթի համաձայն՝ օգոստոսի 21-ին նշվեց Քաջարան քաղաքի տոնը՝ բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհելու 57-րդ տարեդարձը: Մինչեւ տոնակատարությունը սկսելը քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Գեւորգյանը կազմակերպել էր ընդունելություն՝ ներկայացնելու անցած մեկ տարում Քաջարանում արված գործերը, նախանշելու ծրագրերն ու անելիքները: Ընդունելությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, Քաջարանի պատվավոր քաղաքացի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ստեփանոս Գեւորգյանը, համայնքի ավագագույն անդամ Վազգեն Սահակյանը, Քաջարան քաղաքի եւ կոմբինատի զարգացմանը նպաստած անձինք, մարզկենտրոնի եւ Քաջարանի տարածաշրջանի դպրոցների տնօրեններ: Հնչեցին շնորհավորանքներ, բարեմաղթանքի խոսքեր, անկեղծ զրույց ծայր առավ քաղաքի եւ նրա մարդկանց մասին, նաեւ առաջարկ եղավ Քաջարանի փողոցներից մեկը վերանվանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաստակաշատ տնօրեն, Քաջարանի պատվավոր քաղաքացի Ֆրունզե Պետրոսյանի անվամբ:

«Ֆրունզ Հմայակիչն այն մարդն էր, ով մեծ լումա ունի թե քաղաքի, թե կոմբինատի զարգացման գործում: Իննսունականների սկզբին, երբ որոշ տաքգլուխներ պայքարում էին, որ կանգնի կոմբինատը, նա եզակի մասնագետն էր, ում կարծիքով հանրապետության արդյունաբերական ամենախոշոր ձեռնարկությունը պիտի գործի եւ չընդհատի իր ռիթմը: Իսկ երբ կոմբինատը հարկադրաբար պարապուրդի մատնվեց, նա մտահոգությունն ուներ եւ հասավ դրան, որ կոմբինատից մի հեղույս չպակասի: Իսկ երբ հետո կոմբինատը վերագործարկվեց, դա եղավ նաեւ այն բանի շնորհիվ, որ ձեռնարկության արտադրանքը քամուն չէր տրվել եւ պահեստավորվել էր, եւ դրա իրացումից գոյացած գումարով հնարավոր եղավ երկրորդ շունչ հաղորդել ձեռնարկությանը», - ասաց կոմբինատի տնօրենի նախկին տեղակալ Լեւոն Արզումանյանը:

Տոնակատարությունը սկսվեց Արցախյան գոյամարտում ընկած քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրից, որտեղ տոնի մասնակիցներին միացան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոնը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, կոմբինատի աշխատակազմի ներկայացուցիչներ, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, Արցախյան գոյամարտի քաջարանցի մասնակիցներ, տարբեր զբաղմունքի եւ տարիքի մարդիկ: Արցախյան գոյամարտում 40 քաջարանցի է զոհվել, որից 24-ի մարմինն ամփոփված է քաղաքի եղբայրական գերեզմանում: Տոնակատարության մասնակիցները ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին: Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը կատարեց հոգեհանգստյան արարողակարգ:

Այնուհետեւ տոնակատարության մասնակիցները տեղափոխվեցին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի հրապարակ, որտեղ տեղի ունեցավ քաղաքի դպրոցներում կազմակերպված բակային ճամբարների փակման արարողություն: Արդեն չորրորդ տարին է՝ Քաջարանի թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցների հիմքի վրա դպրոցականների ամառային արձակուրդի օրերին գործում են բակային ճամբարներ: Այս տարի երեք հերթափոխով ճամբարում ամառային արձակուրդն անցկացրեց 1215 դպրոցական: Օրվա խորհրդին պատշաճող խոսք ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը. «Միայն աշխատանքի վետերանները կարող են ականատեսի աչքերով պատմել, թե ինչ է կատարվել այս լեռնաշխարհում 57 տարի առաջ: Մենք միայն պատկերացնում ենք, թե մոտ վեց տասնամյակ առաջ ստեղծագործ, հայրենասեր, հայրենանվեր, լեռնագործ մարդիկ ինչպես են մաքառել այս լեռների վրա: Եվ արդյունքում այսօր ունենք գողտրիկ մի քաղաք, հայանպաստ գործունեություն իրականացնող հսկա ձեռնարկություն: Ցանկությունս է՝ հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը քարի վրա դնելով՝ ստեղծել են հսկա այդ ձեռնարկությունը: Փառք այդ աշխատավոր մարդկանց, ովքեր, ավաղ, չկան, բայց կենդանի են նրանց սերունդները, նրանց թոռները, որ այս ճամբարականներն են: Ի դեմս նրանց, վստահ եմ, որ մեր քաղաքը հուսալի ձեռքերում է: Պատեհ առիթ է երախտագիտությունս հայտնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ողջ անձնակազմին: Քաջարանցին կռվեց ոչ միայն Մեծ հայրենականի ռազմադաշտերում, այլեւ Արցախյան գոյամարտում: Հավերժ փառք Երկրորդ աշխարհամարտում եւ մերօրյա ազատամարտում ընկածների հիշատակին»:

Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը եւս իր բարեմաղթանքի խոսքը հղեց քաջարանցիներին. «Մաղթում եմ, որ ձեզ երբեւէ չլքեն քաջությունն ու արարելու կարողությունը, որով օժտված եք, որ կարողանաք ի գործ դնել ձեր բոլոր կարողություններն ու ունակությունները հայրենի քաղաքի բարօրության ու բարգավաճման գործին, որ կարողանանք Քաջարանը տեսնել ավելի գեղեցիկ, ավելի խնամված եւ ավելի լուսավոր»:

Տոնի առթիվ քաջարանցիներին շնորհավորանքի խոսք հղեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Իսկ N զորամասի հրաձգային գումարտակի զինվոր, կրտսեր սերժանտ Խաչիկ Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ ճակատագրի բերումով իրենց բախտ է վիճակվել պաշտպանել Սյունյաց լեռները, դրանց փեշերին ծվարած գողտրիկ Քաջարան քաղաքը: Նաեւ նշեց, որ քաջարանցիների ջերմ վերաբերմունքն իրենց պարտավորեցնում է ավելի աչալրջորեն կատարել ծառայողական պարտականությունները, պաշտպանել պետական սահմանը, բնակչության խաղաղ անդորրը:

Քաղաքի տոնին ճամբարականները, «Ուսանողական ամառ-2015» փառատոնի մասնակիցները, զինծառայողները հանդես եկան համերգային ծրագրով: Միջոցառման ավարտին մի խումբ դպրոցականներ, ճամբարի մանկավարժներ արժանացան շնորհակալագրի: Իսկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ Քաջարանի մարզադաշտում տեղի ունեցավ տոնական համերգ՝ Երեւանից ժամանած երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Ավելի ուշ Քաջարանի երկինքը երփներանգվեց տոնական հրավառության գույներով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Տոնակատարության մասնակիցների խոսքը

Ստեփանոս Գեւորգյան

Հայրենական մեծ պատերազմի մասնակից

Աչք եմ բացել Քաջարանում, եւ գիտակցական ողջ կյանքս անցել է այստեղ: 92 տարեկան եմ: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ այն ժամանակ, երբ երկրաբանները Գանձասարի վրա հայտնաբերել էին պղնձի եւ մոլիբդենի խոշոր հանքավայր, աշխատեցի հանքաքարի ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայում, բայց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, իմ հասակակիցների հետ մեկնեցի ռազմաճակատ, մարտերով հասա մինչեւ Բեռլին: Հաղթանակով վերադարձա եւ մտա կոմբինատ: Աշխատեցի տարբեր տեղամասերում, հետո ընտրվեցի արհկոմի նախագահ, հետո կրկին աշխատել եմ ֆաբրիկայում որպես պետի տեղակալ տնտեսական գծով եւ 1992 թվականին անցել կենսաթոշակի: Շնորհակալ եմ քաղաքապետարանին եւ կոմբինատի ղեկավարությանը, որոնք վերջերս նախաձեռնեցին եւ տոնեցին իմ 90-ամյակը: Ուրախ եմ, որ կրկին հավաքվել ենք եւ նշում ենք մեր քաղաքի 57-րդ տարեդարձը: Այսպիսի միջոցառումներով պահպանվում է սերունդների կապը:

Էլեն Համբարձումյան

ուսանողուհի

Իմ կյանքում, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը տեղի է ունեցավ: Ընդունվել եմ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: Ավարտել եմ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Կասեմ՝ դա մի կրթօջախ է, որտեղ բազում հնարավորություններ կան աշակերտների ունակությունները բացահայտելու: Այս ամռանը մասնակցել եմ «Ուսանողական ամառ-2015» փառատոնի ծրագրով անցկացված միջոցառումներին, որ նախաձեռնել եւ կազմակերպել է «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպությունը: Նաեւ շնորհակալ ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ փառատոնը հովանավորելու համար: Փառատոնի շրջանակում այցելեցինք Լեռնային Ղարաբաղ, եղանք պատմամշակութային վայրերում՝ Գանձասար վանական համալիր, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի: Գորիսում այցելեցինք Խնձորեսկի ճոճվող կամուրջ, Մխիթար Սպարապետի գերեզման, Ակսել Բակունցի տուն-թանգարան: Մի խոսքով, փառատոնի մասնակիցներիս ամառային հանգիստը հետաքրքրությամբ անցավ, եւ թարմացած, կազդուրված առաջին անգամ ոտք կդնեմ ուսանողական լսարանի շեմին:

Հովնան Իսրայելյան

ճանաչված լեռնագործ

Յուրաքանչյուր տոն, մեծ, թե փոքր, միավորում է մեզ, համախմբում, հնարավորություն ընձեռում, որ հանդիպենք իրար, մտքեր փոխանակենք, կտրվենք առօրյա հոգսերից: Իհարկե, հաճելի է տեսնել, որ այս հրապարակում հավաքվել են տարբեր սերնդի անձինք, տարբեր պաշտոնի եւ զբաղմունքի մարդիկ: Կցանկանայի ընդգծել, որ Քաջարանը հարուստ է ոչ միայն ընդերքով, այլ իր մարդկանցով՝ աշխատասեր, նվիրված իր հող ու ջրին: Ամեն ինչ չէ, որ հարթ է մեր կյանքում, հանրապետությունում դժվարություններ շատ կան: Ուրեմն նման առիթներ թող ավելի շատ լինեն, պատանիներն ու աղջիկներն ուրախանալու պահեր շատ ունենան: Նման միջոցառումների ժամանակ մարդիկ մոռանում են ցավն ու հոգսը: Ուզում եմ նշել, որ օրավուր Քաջարանն ավելի մաքուր ու կոկիկ է դառնում, ինչը պատշաճում է նման տոներ անցկացնելուն:

Արտակ Աբրահամյան

«Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպության նախագահ

Ամռան տարեշրջանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ եւ Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Ուսանողական ամառ-2015» փառատոնը, որի շրջանակում տեղի ունեցան տարաբնույթ միջոցառումներ՝ հայրենագիտական եւ ժամանցային: Համերգային ծրագրով օգոստոսի 11-ին տեղի է ունեցել փառատոնի բացումը: Երթ է կազմակերպվել զոհված ազատամարտիկների հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցվել մերօրյա նահատակների հիշատակին, մարզական օր էր հայտարարվել, նաեւ այց կազմակերպվեց N զորամաս: Կարծում եմ փառատոնի մասնակիցների հիշողության մեջ թարմ կմնան այցելությունը Լեռնային Ղարաբաղ եւ Գորիս, ծանոթությունը պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաեւ երկօրյա վրանային դեսանտը «Գանձասար» մանկապատանեկան ճամբարում: Անցկացվեց նաեւ ինքնակառավարման օր, երբ ուսանողներն իրենց ձեռքն էին վերցրել քաղաքի կառավարումը: Փառատոնի ավարտին աչքի ընկած ուսանողները կարժանանան հուշանվերների: Հաճելի է տեսնել, որ քաղաքի բնակչությունը՝ տարեց, թե մանուկ, այստեղ է, եւ միասին նշում ենք քաղաքի 57-րդ տարեդարձը: Մնում է ավելացնել, որ «Ուսանողական ամառ-2015» փառատոնին այս անգամ մասնակցեց 90-ից ավելի պատանի ու աղջիկ:

Հովիկ Մարգարյան

Արցախյան պատերազմի մասնակից

2015-ը հոբելյանական չէ մեր քաղաքի համար, բայց, ինչպես տեսնում եք, փոքրով ու մեծով նշում ենք քաղաքի օրը: Քանզի օգոստոսի 21-ին է Քաջարանը քաղաքի վկայական ստացել: Քաջարանում յուրաքանչյուր տոն թե հիշատակի օր երթը սկսվում է զոհված ազատամարտիկների հուշահամալիրից: Այսօր եւս բացառություն չէ: Այստեղ ննջում են մեր մարտական ընկերները, որոնց հիշատակը պիտի վառ պահվի: Քաջարանցի ազատամարտիկներն Արցախյան պատերազմում իրենց արժանապատվորեն դրսեւորեցին՝ նախ սահմանամերձ գյուղերում մարտական հերթապահություն իրականացնելով, հետո մասնակցելով ռազմական գործողությունների: Մերօրյա ազատամարտում Քաջարանը 40 զոհ ունեցավ, այսօր էլ եկել ենք գլուխ խոնարհելու նրանց սուրբ հիշատակի առջեւ:   

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13