ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

16.02.2014 18:10
2158

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ղարաբաղյան ազատագրական շարժման սկսվելու պահից արդեն քառորդ դար է անցել: Ղարաբաղն այսօր` ազատագրված, իր պատմական տարածքների վրա բարգավաճող, հայկական չնաշխարհիկ մի ոստան է` անկախ պետականությամբ: Ազատագրված եւ անկախություն նվաճած Արցախն այդ քսանհինգ տարվա ընթացքում անցել է պայքարի տարաբնույթ փուլերով: Ղարաբաղյան ազատագրական պայքարի այդ աստիճանական փուլերն ու շրջաններն այսօր առավել ընդգծված ու հստակ են երեւում:

Առաջին շրջանը` 80-ական թվականների վերջերից սկսած, սահմանադրական պայքարի շրջանն էր, որում հայ ժողովուրդն ազգային ինքնագիտակցության արթնացմամբ` իր պատմական անցյալին տեր կանգնելու վճռականությամբ տոգորվեց:

Երկրորդը` Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում հաղթելու, Արցախն ազատագրելու եւ թշնամուն հայոց տարածքներից դուրս շպրտելու շրջանն էր:
Երրորդը` արդեն ազատագրված Ղարաբաղը որպես պետություն կայացնելու, հզոր բանակ ստեղծելու, մեր հաղթանակն ամրապնդելու շրջանն էր:

Այսօր Ղարաբաղի պայքարն իր վերջին` միջազգային ճանաչման հանգրվանին է հասել: Ու թեեւ, իրենց քաղաքական շահերին հետամուտ, դեռ աշխարհի պետություններից ոչ մեկը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այնուամենայնիվ, բոլորին շատ վաղուց մի բան հստակորեն պարզ է` Ղարաբաղի ինքնորոշված գոյությունն այլեւս անշրջելի է:

Ոչ առանց հպարտության պետք է նշեմ, որ հենց մեր սերունդն օրակարգ բերեց Արցախի ազատագրության հարցը, ու այդ սերունդն էլ հիմնականում իրականություն դարձրեց այն:
Ղարաբաղյան շարժման համար նպաստավոր իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավար Միխայիլ Գորբաչովը հռչակեց խորհրդային լճացած համակարգը ժողովրդավարության եւ հրապարակայնության սկզբունքների կիրառմամբ վերակառուցելու իր քաղաքական կարգախոսը:

Բոլշեւիկների կեղծ գաղափարախոսությամբ ժամանակին Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն առաջինն արձագանքեց Գորբաչովի հռչակած ժողովրդավարությանը: 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների խորհուրդը, օգտվելով ազգերի ինքնորոշման սահմանադրական իրավունքից, որոշում կայացրեց դուրս գալ Ադրբեջանի կազմից եւ միանալ Մայր Հայաստանին: Առաջին հայացքից թվաց, թե եկել է ողջ հայության եւ հատկապես Ղարաբաղի ժողովրդի տասնյակ տարիների երազանքն իրականության մեջ տեսնելու պահը: Բայց շատ կարճ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ դա մեր հավատավոր ժողովրդի հերթական պատմական պատրանքն էր…

Մենք` գորիսեցիներս, սերտորեն կապված լինելով մեզ հարեւան հայկական այդ երկրամասի հետ, բնականաբար, առաջինն իմացանք Ղարաբաղի հայ ազգաբնակչության կամքն արտահայտող այդ պատմական որոշման մասին ու առաջինն էլ արձագանքեցինք ղարաբաղցիների որոշմանը: Գոյություն ունեցող այն կարծիքը, թե ղարաբաղյան ազատագրական շարժումը Հայաստանում սկսվել է Երեւանի հանրահավաքներով, ամենեւին էլ ճիշտ չէ: Համենայնդեպս Գորիսի դեպքում դա այդպես չէ:

Անշուշտ, մայրաքաղաքն է եղել ղարաբաղյան ազատագրական շարժման կենտրոնը: Պայքարի հիմնական ծանրությունը Երեւանն է իր ուսերին առել: Այնտեղ են տեղի ունեցել բազմահազարանոց հզոր ցույցերն ու հանրահավաքները` օրինակ դառնալով ողջ Հայաստանի համար: Սակայն հանուն ճշմարտության պիտի ասել, որ Գորիսն առանց մայրաքաղաքի ազդեցության է սատար կանգնել ղարաբաղցիներին:

Գորիսը լսելով Ղարաբաղի մարզխորհրդի որոշման մասին եւ չընդունելով խորհրդային իշխանությունների անորոշ պահվածքով պարուրված լռությունը, համաժողովրդական ընդվզմամբ անմիջապես արձագանքել է իրավիճակին ու իր համերաշխությունը հայտնել ղարաբաղցիներին: Երբ 1988թ. փետրվարի 20-ին՝ ուշ երեկոյան, ընդունվել է ԼՂԻՄ-ի ժողպատգամավորների խորհրդի հայտնի որոշումը, եւ Ստեփանակերտում սկսվել են զանգվածային ցույցերը, հաջորդ օրը` փետրվարի 21-ին, Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ քայլարշավով անցել են քաղաքի փողոցներով` վանկարկելով «Ղարաբա՛ղ, մենք քեզ հետ ենք» կարգախոսը: Իսկ դրա հաջորդ օրը` փետրվարի 22-ին, Գորիս քաղաքի այն ժամանակվա Լենինի անվան հրապարակն արդեն լիքն էր ցուցարարներով:

Եվ դա բոլորովին կապ չուներ մայրաքաղաքում կամ հանրապետության այլ տարածքներում եղած տրամադրությունների հետ: Մենք դեռեւս չգիտեինք, թե ինչ է տեղի ունենում Երեւանում: Ղարաբաղի մարզխորհրդի որոշմանն աջակցող գորիսյան շարժումն ինքնաբուխ էր: Դա մեր ժողովրդի երկու իրար հարեւան հատվածների պատմական դարավոր կապերի արձագանքն էր…

Սրտացավ կարեկցանքով տոգորված մեր ժողովուրդն իր առնական հոգեկերտվածքով, անշուշտ, պատրաստ էր սատարել Ղարաբաղին, բայց նրան հարկավոր էր առաջնորդել: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այդ պատասխանատվությունն իմ ուսերին ընկավ, որովհետեւ հենց սկզբից այդ պայքարում իմ կողքին կանգնած տղաներն ինձ անվերապահորեն ընդունում եւ հավատում էին, ու շարժումն առաջնորդողի առաքելությունն ակամա ինձ վրա էին թողել:

Ես այստեղ ստիպված եմ դուրս գալ համեստության շրջանակներից եւ ասել հետեւյալը, որ առաջնորդի դերն ինձ վստահելու հարցում տղաները, անշուշտ, նկատի էին ունեցել քաղաքում իմ ճանաչված լինելու հանգամանքը: Ես արդեն ձեւավորված, շատերի կողմից ընդունելի բանաստեղծ էի, երկար ժամանակ եղել էի շախմատի Գորիսի չեմպիոն: Տղաներից շատերը գիտեին յոթանասունական թվականների` իմ ուսանողական տարիների քաղաքական ակտիվության մասին: Շատերին էր հայտնի քաղաքի շենքերի վրա եռագույն դրոշների բարձրացման` մեծ աղմուկ հանած պատմությունը: Հայտնի էին քաղաքական-հասարակական իմ համոզմունքներն ու սկզբունքները, գաղափարական պատրաստվածության իմ աստիճանը, ազգային գործին նվիրվելու եւ պայքարելու փորձառությունը, հայոց լեզվի իմացությունը, բանաստեղծական-ճարտասանական իմ կարողություններն ու շնորհները: Սրանք իմ կերպարը հասարակության կողմից ընդունելի դարձնող իրողություններ էին, որ տվյալ դեպքում երեւի թե խիստ անհրաժեշտ էին շարժումը գլխավորելու համար:

Խորհրդային իրականության ողջ պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ազգային նիրհից արթնացել էին: Ժողովուրդը համակվել էր պատմական արդարությունը վերականգնելու պայքարի ոգով: Անհրաժեշտ էր տարերայինն իմաստավորելով մարդկանց համախմբել Ղարաբաղի ազատագրության գաղափարի շուրջ:

Ինձ շրջապատող տղաները պատրաստ էին կազմակերպել Ղարաբաղին սատարող ցույցերն ու հանրահավաքները` պայքարը դարձնելով համաքաղաքային: Շարժումը ղեկավարող շտաբում հավաքվել էին խիզախ, անկոտրում, իրենց կատարած ազգանպաստ գործի կարեւորությունը գիտակցող հայրենանվեր տղաներ: Գիտեին, որ իշխանություններ կան, որ Պետական անվտանգության կոմիտեի դաժան ձեռք կա, պատիժների եւ ձերբակալությունների վտանգ կա: Գիտեին, բայց պատրաստ էին պաշտպանելու մեր ազգային արժանապատվությունն ու Ղարաբաղի ազատությունը:

Այդ օրերից տարիներ անց էլ ամեն անգամ, երբ հիշում եմ 1988թ. փետրվարյան օրերն ու համաժողովրդական պոռթկմամբ գերության մեջ գտնվող Ստեփանակերտին ձեռք մեկնած իմ համաքաղաքացիների սրտոտ կեցվածքը, հոգիս անմեկնելի զգացմունքներով է լցվում…
Կրկնում եմ` Գորիսն անտեղյակ էր այդ ժամանակ մայրաքաղաքում տեղի ունեցող անցուդարձերից: Շատ հետո մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան քաղաքից սկսված բնապահպանական շարժումը (Խաչիկ Ստամբոլցյանի ղեկավարությամբ), որ հայաստանյան բնական միջավայրի մաքրության վերականգնմանն ուղղված պայքարի բնույթ ուներ, եկել ու տարածվել է Երեւան քաղաքում: Եվ մեկ-երկու օր անց միայն Իգոր Մուրադյանի ջանքերով ու ղեկավարությամբ այն վերածվել է համահայկական քաղաքական պայքարի:

Ավելի քան մեկ շաբաթ տեւած գորիսյան փետրվարյան շարժումը հենց սկզբից բոլորովին կապ չուներ մայրաքաղաքային հանրահավաքների հետ: Մենք միայն փետրվարի 23-ին իմացանք մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, երբ հերթական հանրահավաքից հետո՝ երեկոյան, «Համայնապատկեր» հեռուստատեսային լրատվական ծրագրով լսեցինք Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ելույթը, որում նա մայրաքաղաքի բնակիչներին հանդարտության էր կոչում: Թեեւ այդ ժամանակ հանրահավաքներից մի պատառիկ անգամ չէր ցուցադրվում հեռուստատեսությամբ, բայց մեզ համար պարզ ու հասկանալի դարձավ, որ Երեւանն էլ ոտքի է կանգնել: Հրճվանքը չկարողանալով զսպել` մեր ընկերներից մեկը բացականչեց. «Մալադե՛ց, Երեւանն էլ է կանգնած Ղարաբաղի թասիբին»: Այն, որ մայրաքաղաքն էլ սատարում էր Ղարաբաղի ժողովրդին` այդ ժամանակ մեզ անչափ ոգեւորեց:
Իսկ Գորիսում ամեն ինչ սկսվել էր այսպես…

Փետրվարի 21-ին՝ կեսօրից հետո, ամբողջ Գորիս քաղաքն արդեն տեղեկացված էր Ղարաբաղի մարզային խորհրդի փետրվարի 20-ի որոշման մասին: Գիտեինք նաեւ, որ Ստեփանակերտի հրապարակը լիքն է ցուցարարներով, որ Ղարաբաղի ժողովուրդը` մի բռունցք դարձած, կենտրոնական իշխանություններից մայր Հայաստանի հետ միացում է պահանջում:

Գորիսի կենտրոնում գտնվող` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող «Յոթ աղբյուր» կոչվող հուշակոթողի դիմացի հատվածում, որը խորհրդային տարիներին աշխարհի անցուդարձերը քննարկող մեր քաղաքացիների հիմնական հավաքատեղին էր, ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ` խմբերի բաժանված, Ղարաբաղի մարզխորհրդի որոշման շուրջ մտքեր էին փոխանակում ու զանազան դատողություններ անում:

Կային մարդիկ, ովքեր, խորհրդային դոնդողամտությամբ խոհուն կեցվածք ընդունած, այն ստրկամիտ կարծիքին էին, թե Ադրբեջանը չի համաձայնի, որ Ղարաբաղը միանա Հայաստանին: «Թշնամու ջրաղացին ջուր լցնող» այսպիսի տեսակետ հայտնող մարդկանց հակադրվողները, նման դիրքորոշում ունեցողների նկատմամբ բացահայտ քամահրանք ցուցադրելով, այդ խնդրի լուծման հարցում Ադրբեջանին պարզապես զիբիլ էին համարում` գտնելով, որ որոշողը Մոսկվան է: Ոմանք էլ, քաջատեղյակ մարդու վճռական տեսք ընդունած, վստահաբար պնդում էին, որ Ղարաբաղի` Հայաստանին միանալու հարցը վերեւներում արդեն վերջնականապես համաձայնեցված ու լուծված է, եւ մոտ օրերս ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը Ղարաբաղի մարզխորհրդի` Հայաստանին միանալու որոշումը կհաստատի: Այդ կարգի հայտարարություններ անողներին թերահավատորեն վերաբերվողները, եթե փորձում էին իմանալ, թե որտեղից է նրանց հայտնի այդ ստույգ տեղեկությունը` վերջիններս, որպես իրենց հայտնած լուրի հավաստիության ապացույց` հետեւյալ տրամաբանությունն էին փաստարկում, որ ղարաբաղցիները չէին կարող առանց Կրեմլի համաձայնության այդպիսի որոշում կայացնել: Խմբեր էլ կային, որոնցում Ղարաբաղն առանց այլեւայլությունների միացրել էին Հայաստանին եւ այնտեղից բերված քաղցրահամ խաղողատեսակներից արդեն գինի էին քաշում: Իսկ ծովից ծով Հայաստանի կարոտախտից ոգեշնչված երիտասարդների մի խումբ էլ արդեն պատմական Գանձակն ու Նախիջեւանն էր միացրել Մայր Հայաստանին...

Ընդհանուր առմամբ աննախադեպ տոնական տրամադրություն էր տիրում. մեր ժողովրդի նվիրական բաղձանքներից մեկի իրականացմանը միտված այդ որոշումը հեքիաթային զգացումներով ու երանավետ ապրումներով հագեցած համատարած ազգային ոգեւորության ալիք էր բարձրացրել ողջ քաղաքում:

Սակայն կեսօրվա ժամը երեքին մոտ մի ակնթարթում Ղարաբաղի` Հայաստանին միանալու հեռանկարով ներշնչված մարդկանց եթերային խանդավառությունը չքվեց: Լուր տարածվեց, որ Շուշիում հայերի ու ադրբեջանցիների միջեւ արդեն ընդհարումներ են սկսվել, որ թուրքերը հարձակվել են հայերի վրա, ծեծել մարդկանց, կանանց ու երեխաների, վառել մի քանի տուն…

Այդ պահին քաղաքի ներքին կյանքում հարգանք ու հեղինակություն վայելող տղաներով, գորիսեցիների կողմից «Վատեզի բար» անվամբ «կնքված» հատվածում հավաքված, մենք էլ Ղարաբաղի որոշման շուրջ մեր ասուլիսն էինք անում: Տղաներից մեկը, որ ժողովրդի ոգեւորությամբ համակված, անրջող հայացքով առվի եզրին պպզած` ծխում էր, չարաբաստիկ լուրը լսելուն պես, գլուխը տարուբերելով, ասաց. «Էդ բ…ի ազգն էլի իրա շակալությունը սկսե՞ց...»: Համարյա բոլորի կողմից էլ հետո ավելի կոշտ արտահայտություններ ու սիրտ հովացնող հայհոյանքներ հնչեցին: Բայց հենց սկզբից հնչած այդ մի հատիկ պարզ նախադասության մեջ երեւի թե ամբողջովին ամփոփված էր այդ քոչվոր ցեղից մեր ժողովրդի հարյուրավոր տարիների հոգնած զզվանքը…

Ստեղծված իրավիճակում ղարաբաղցիներին ինչ-որ կերպ թեւ ու թիկունք լինելու, նրանց ոգուն պայքարի կորով ներարկելու մտադրությամբ` թուրքերի հասցեին հայհոյանքներ թափելով` սկսեցի քայլել դեպի դիմացի մայթին խմբված երիտասարդները: Շուշիում տեղի ունեցած վայրագություններից բորբոքված` մտքեր փոխանակող մարդկանց ցանկացած խմբի էլ կարող էի մոտենալ, որովհետեւ յուրաքանչյուրում էլ ինձ ծանոթ ու հոգեհարազատ մարդիկ կային: Բայց թե ինչո՞ւ որոշեցի այդ տղաներին մոտենալ` հիմա կպարզաբանեմ:

Նոր տարվա տոներից հետո ես հենց նրանցից էի լսել, որ Ղարաբաղի բոլոր շրջաններում գաղտնի ստորագրահավաք է սկսվել, որի կազմակերպիչների նպատակը ժողովրդական զանգվածների աջակցությամբ պատգամավորների մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել տալն է ու նստաշրջանի մասնակիցներին` Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին միացնող որոշում պարտադրելը: Այդ ժամանակ, երբ թերահավատորեն ընդունեցի նրանց հայտնած լուրը` ժողովրդի սրտից բխած ասեկոսե համարելով այն, նրանք իրար հետ բազմանշանակ ժպիտներ փոխանակելուց հետո, պատկառանք ներշնչող գաղտնիության եւ լրջության հանդիսավորություն հաղորդելով պահին` ինձ տեղեկացրին, որ իրենք հաճախ են հեռախոսով կապվում Ղարաբաղում ստորագրահավաք իրականացնող խմբերից մեկի ղեկավարի հետ եւ պատրաստ են երդվել, որ այդ լուրը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է:

Մինչ մեր միջեւ տեղի ունեցած խոսակցությունն էլ` քաղաքի համապատկերում երեւացող, իրար հետ ընկերություն անող այդ տղաների նկատմամբ բարեհոգաբար էի տրամադրված, բայց ստորագրահավաքի լուրը նրանցից լսելուց եւ ղարաբաղցիների նախաձեռնության հաղթական ավարտին ամենեւին չկասկածող նրանց ոգեշնչվածությունն ու նվիրական կեցվածքը տեսնելուց հետո սկսել էի այդ երիտասարդների հանդեպ վսեմ զգացմունքներում թաթախված ջերմ համակրանք տածել: Եվ Ղարաբաղի մարզխորհրդի որոշմանը նախորդած այդ վերջին ամսվա ընթացքում, երբ քաղաքի կենտրոնական մասերում ընկերներիս հետ շրջագայելիս հանդիպում էի նրանց, բարեւելուց հետո անպայման տալիս էի «Ի՞նչ կա-չկա» հարցը եւ լսելով խորհրդավոր ժպիտներով ուղեկցվող «Ամեն ինչ լավ է» նախադասությունը` անիրականանալի թվացող երազանքի կայացման խինդով ողողված հոգով` ես էլ իմ ժպիտն էի պարգեւում նրանց` պատասխանից հասկանալով, որ Ղարաբաղում սկսված գործընթացը բարեհաջող կերպով շարունակվում է:

Կարելի է ասել` Նոր տարուց հետո այդ տղաներն ինձ համար Գորիսում ղարաբաղյան զարթոնքը խորհրդանշող կերպարների էին վերածվել… Մի խոսքով` այդ երիտասարդներին մոտենալս նրանց ազգանվեր նկարագրի հանդեպ տածած իմ հավատով էր պայմանավորված: Ես համարյա համոզված էի, որ նրանք հենց այն տղաներն են, ովքեր համարձակություն կունենան իրականություն դարձնել մտադրությունս:

Մոտենալով նրանց` խնդրեցի մի պահ դադարեցնել իրենց բուռն քննարկումներն ու հայտարարեցի, որ եթե մենք իսկապես ուզում ենք ինչ-որ բանով Ղարաբաղին օգնած լինել, հարկավոր է վաղը համաքաղաքային հանրահավաք կազմակերպել, հրապարակավ մեր համերաշխությունը հայտնել ղարաբաղցիներին եւ պաշտպանել նրանց որոշումն` ի գիտություն խորհրդային գերագույն իշխանությունների, եւ դա կլինի այն իրական օգնությունը, որն այս պահին ղարաբաղցիներն ակնկալում են Հայաստանից: Հետո պատճառաբանելով առողջական վիճակս` դիմելով նրանց` ասացի, որ իրենք ամուր ու առողջ տղաներ են եւ կարող են այդ գործը կազմակերպելու ծանրությունն իրենց ուսերին վերցնել:

Խոսքիս ավարտին հաջորդած իսկ պահին ինձ համար պարզ դարձավ, որ այս երիտասարդներին ավելին էի վերագրել` իմ պատկերացումներում նրանց օժտելով չեղած հատկանիշներով:
Նայելով` իմ ասածները միայն ի գիտություն ընդունած նրանց շվարած տեսքին` ուզում էի կծու չարությամբ ասել. «Համոզվեցի՞ք, տղանե՛ր, որ պետք չէր Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալ»: Բայց իմ կողմից նման միտք արտահայտելը ոչ միայն չհիմնավորված, այլ նաեւ անարդարացի կհնչեր, քանի որ իրականում ես էի մեղավորը, եւ իմ բանաստեղծական էությունն էր հպանցիկ տպավորությունների ազդեցության տակ նրանց կերպարները գունազարդել: Անկեղծ ասած` նրանք այդ պահին ներողամտություն հայցող բարեհամբույր կեցվածք էին ընդունել` կարծես առանց բարձրաձայնելու ինձ հասկացնելով, որ ճիշտ է, հանրահավաք կազմակերպելու պատասխանատվությունն ի զորու չեն իրենց վրա վերցնել, բայց դա չի նշանակում, թե Ղարաբաղի որոշման հետագա ճակատագրով իրենք անկեղծորեն մտահոգված չեն:

Ամեն ինչ ավելի հստակ երեւակվեց, երբ նրանցից մեկը, որին կարելի էր այդ խմբի հիմնական խոսնակ համարել, առաջարկությունս անպատասխան թողնելով` բոլորովին այլ դատողությունների հարթություն տեղափոխվեց: Նա պատկերավոր արգահատանքով ներկայացրեց իմ առաջարկն իրականություն դարձնելու գաղափարն ամեն գնով ոչնչացնելու պատրաստ մեր տեղական իշխանությունների էությունը եւ սկսեց խորհրդային ժամանակների բոլոր ղեկավարների հասցեին մեղադրական խոսքեր հնչեցնել` համոզված հայտարարելով, որ նրանք ազգային հողի վրա առաջացած ոչ մի վիճահարույց հարցում արժանապատվորեն չեն պաշտպանել մեր ժողովրդի շահերը. միշտ ապազգային, կրավորական կեցվածք են ընդունել` մտահոգված միայն իրենց աթոռների ապագայով: Մեր խմբին նոր մոտեցածներից ինչ-որ մեկն էլ` ասես ամփոփելով վերջինիս ելույթը, զայրացած հայտարարեց, որ, ի տարբերություն մեր ղեկավարների, թուրք պաշտոնյան միշտ իր ժողովրդի հետ է: Եվ որպես իր ասածի թարմ ապացույց` վկայակոչեց Շուշիում տեղի ունեցածը` պնդելով, որ այնտեղ նրանց տեղական իշխանությունների գիտությամբ ու հրահանգով են հայերի դեմ ուղղված վայրագություններն իրականացվել:

Շուշիի իրադարձությունների կազմակերպումն ադրբեջանական իշխանություններին վերագրելը ես անլուրջ ենթադրություն համարեցի` իմ տեսակետը հիմնավորելով հետեւյալ տրամաբանությամբ, որ Ղարաբաղի որոշումից ընդամենը մի քանի ժամ է անցել, անորոշություններով մշուշված այս պահին, երբ ոչ ոք չգիտի, թե Մոսկվան այդ խնդրի կարգավորմանն ինչպե՞ս է արձագանքելու, մուսուլմանական շրջահայաց զգուշավորությամբ ներծծված ոչ մի թուրք ղեկավար անձ կամ պաշտոնյա իր հետագա ճակատագիրը երբեք չէր վտանգի` նման հանդուգն նախաձեռնություն իր վրա վերցնելով:

Շարունակելի

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11