ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին (Երեւան 077, Մարշալ Բաղրամյան պողոտա 26)

22.09.2017 17:18
2036

Հարգելի՛ տիկին Սահակյան


Ձեզ ենք ուղարկում Արթուր Օրբելյանի հեղինակած եւ syuniacyerkir.am կայքէջում հրապարակված հետեւյալ հոդվածները՝ «Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի առկայության մասին» (19 սեպտեմբերի 2017թ.), ««Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ. ի՞նչ կապ ունի այդ ընկերությունը Վահե Հակոբյանի, Մհեր Պոլոսկովի հետ եւ ինչո՞վ է իրականում այն զբաղվում» (28 հունիսի 2017թ.):
Ուղարկում ենք նաեւ «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հարցումը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին (22 օգոստոսի 2017թ.) եւ այդ հարցման պատասխանը՝ ուղարկված մարզպետի խոսնակի բլանկի վրա՝ առանց ստորագրության (8 սեպտեմբերի 2017թ.):
Խնդրում եմ ընդունել ի գիտություն եւ ընթացք տալ այդ հրապարակումներին ու փաստաթղթերին:
Նշված հրապարակումների ու փաստաթղթերի պատճենները կցվում են:
«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով ուղարկում ենք նաեւ սույն գրության եւ փաստաթղթերի պատճենների թղթային տարբերակները:

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր


Վահե Հակոբյանը ստել է. հայտարարագրում նշված տեղեկությունները եւ նրա ֆինանսական հոսքերն իրար չեն համընկնում, ինչը վկայում է հնարավոր կոռուպցիայի առկայության մասին

Սույն հոդվածում մենք ուսումնասիրում ենք Վահե Հակոբյանի եւ նրա տիկնոջ եկամտի հաշվետվությունները, ինչպես նաեւ հրապարակայնորեն հասանելի այլ տվյալներ, ինչը բերում է հետաքրքիր բացահայտումների՝ սխալ տեղեկատվություն, դրամական միջոցների մասին տեղեկության չհամընկնում, հնարավոր կոռուպցիա:

1) Երբ համադրում ենք 2016 թ. հունվարի 1-ի եւ 2016 թ. հոկտեմբերի 21-ի տվյալները՝ ներառյալ ձեռքբերումները, օտարումները եւ ֆինանսական շարժը, ստացվում է առնվազն 5 մլն դրամի տարբերություն: Ստորեւ աղյուսակում ներկայացված են հայտարարագրում նշված գումարները, որին ավելացվում են ստացված եկամուտները (աշխատավարձ, վարկ) եւ նվազեցվել են ձեռքբերված գույքի (բնակարան Իսպանիայում եւ ավտոմեքենա) ձեռքբերման գինն ու տրված փոխառությունները: Եթե ընդունենք, որ Վահե Հակոբյանը չի սնվել, չի հագնվել, չի ճամփորդել, որեւէ այլ ծախս չի ունեցել, միեւնույն է, ստացված արդյունքն առվնազն 5 մլն դրամով ավելի քիչ է, քան հոկտեմբերի 21-ին հայտարարագրված մնացորդը:

 2) Հիմա անդրադառնանք Վահե Հակոբյանի անշարժ գույքին: Հայտարարագրում Վահե Հակոբյանը պաշտոնը զբաղեցնելիս ու տարեվերջին հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան Իսպանիայում ու հողամաս: Եվ վերջինը, ըստ հայտարարագրի, պաշտոնը զբաղեցնելուց հետո վաճառել է։ Այնինչ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին ուղղված մեր հարցմանն ի պատասխան ստացանք պատասխան առ այն, որ 2017թ. հուլիսի 11-ի դրությամբ Ղափանցյան փողոց 95/3 հասցեով հողատարածքը՝ գնված 31 հուլիսի 2015 թվականին, դեռ նրան է պատկանում, եւ հետեւապես 2016թ. ընթացքում դա չի վաճառվել։ Իսկ դա նշանակում է, որ եւ 2016թ. տարեվերջյան հայտարարագրում, եւ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածության համար հանձնած հայտարարագրերում նա ստել է (այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ 3 տարբեր նկարները շատ մանրակրկիտ նկարագրված են որպես 1 ջրանկար, 1 յուղանկար ու 1 նկար):
3) Հիմա 1-ին կետում բերված նույն հաշվարկը կատարենք ամբողջ տարվա համար (1-ին կետում հաշվարկվել էր տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 21 եւ միայն Վահե Հակոբյանի համար), իհարկե հաշվի առնելով, որ 2016 թվականի ընթացքում նա 55 մլն դրամով չի օտարել անշարժ գույք, ինչպես որ ինքն է պնդում իր հայտարարագրում, եւ ինչը հերքվում է կադաստրի տեղեկատվությամբ: Արդյունքում ստացվում է, որ Հակոբյան-Պետրոսյան ընտանիքի ամբողջ տարվա մեջ չհայտարարագրվող ծախսերը կազմել են 17.8 մլն ՀՀ դրամ: Բավականին մեծ գումար՝ հաշվի առնելով ՀՀ միջին աշխատավարձը եւ ընտանիքների մեծամասնության տարեկան բյուջեները:

Սակայն այստեղ նույնպես տեղ է գտնում ակնհայտ անհամապատասխանություն, այն է՝ սուտ: Նրանք այդ գումարի մեջ պետք է տեղավորեին՝ 1) տան գնման նպատակով դեպի Իսպանիա ճանապարհորդություններն ու տան միջնորդավճարները, 2) Իսպանիայի տան կահավորումը, 3) մեքենայի գնման նպատակով դեպի Ռուսաստան ճանապարհորդությունը, 4) Տերյան 50 շենքի, 22/2 հասցեով տան շինարարական աշխատանքների վճարները (մանրամասները՝ ստորեւ), 5) բազմակի այլ ճանապարհորդությունները եւ 6) առօրյա ու այլ ծախսերը։
Վահե Հակոբյանի կնոջն Արտյոմ Արտակի Չաքմիշյանը 2016թ. փետրվարի 6-ին նվիրել է Տերյան փողոց 50 շենքի 22/2 բնակարանը, եւ 2016թ. ընթացքում նրանք նախաձեռնել ու կառուցել են ձեղնահարկ։ Դա Երեւանի Կենտրոնի թաղապետարանի դիմացի շենքն է, որը շատերը նկատած կլինեն։ Նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով տվյալ հարկի շինարարական աշխատանքների գինը չէր կարող 20 մլն դրամից նվազ լինել (ինչը պետք է բացառել 5 հատ 8մլն դրամը գերազանցող ժամացույց եւ Այվազովսկու բնօրինակ նկար ունեցող անձի դեպքում): Նույնիսկ միայն այդ գումարը չի տեղավորվում 17.8մլն դրամի մեջ, որքանից ավելին չպետք է ծախսած լինեին 2016թ.։ Այդ ամենը հաշվի առնելով՝ հիմնավոր կասկածներ են առաջանում չհայտարագրված եկամուտների առկայության վերաբերյալ, հետեւաբար հիմք ունենք պնդել, որ առկա է կոռուպցիա։

4) Բազմիցս գրվել է, որ մարզպետն ուղղաթիռով է տեղաշարժվում: Մարզպետարանի պաշտոնական պատասխանով  տեղեկացվում է, որ ուղղաթիռի համար վճարում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ԶՊՄԿ)։ Իհարկե, մարզպետը պնդում է նաեւ, որ օգտվում է ուղղաթիռից աշխատանքային գրաֆիկի համընկնման դեպքում: Սակայն, գոնե սեպտեմբերի 6-ին ուղղաթիռի կանգառը քաղաք Սիսիանում կատարվել է անձամբ մարզպետի համար։ Ավելին, նույնիսկ գրաֆիկի համընկնումը որակապես բան չէր փոխի, քանզի նրան այդ առավելությունը տրվում է՝ ըստ պաշտոնի։ Ուղղաթիռի մեկ ուղղությամբ Երեւան-Կապան թռիչքն արժե 750.000 դրամ: Իմ հաշվարկով՝ մարզպետն առնվազն 7 անգամ օգտվել է այդ ծառայությունից: Այսինքն, մարզպետին տրամադրվել է առնվազն 5.250.000 դրամ արժեքի ծառայություն։ Ավելին, մարզպետը Սյունիքի մարզում բնակվում է ԶՊՄԿ-ին պատկանող պանսիոնատում։ Պանսիոնատ, որը փակ է հանրության համար։ Ու վերոնշյալը հաշվի առնելով՝ ակնհայտ է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը։ Մասնավոր ընկերությունը մարզպետին ակնհայտորեն առավելություն է տրամադրում, որի արդյունքում առնվազն էականորեն բարելավվել է մարզպետի անձնական իրավիճակը։

5) «Սյունյաց երկրի» աղբյուրից տեղեկացա՝ մարզպետը սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ Սիսիանի համայնքապետի թեկնածու Արթուր Սարգսյանի թիկունքին ԶՊՄԿ-ն է։ ԶՊՄԿ-ի կողմից պաշտոնապես չհերքման պարագայում, ու իմանալով մարզպետի՝ նախկինում ԶՊՄԿ-ում բարձր պաշտոն զբաղեցնելու փաստը, կարելի է հիմնավոր ենթադրությունը անել, որ ասվածը համապատասխանում է իրականությանը։

6) 2017թ․ մայիսի 31-ի դրությամբ մարզպետն ու նրա նոր կինը դարձել են տխրահռչակ Դեմիրճյան 1 հասցեում 2 բնակարանի (176 ք/մ բնակարան N3 ու 133 ք/մ բնակարան N34) եւ 3 ավտոկայանատեղերի (N28, N29 ու N37) սեփականատեր։ Սեփականություն, որի արժեքը մոտավոր գնահատականով 250մլն դրամ է, ու ինչը գնված է հիփոթեքով։ Հիփոթեքով. ու այստեղ ժամանակն է հիշել «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ն, որտեղ Վահե Հակոբյանին էր պատկանում 10% մասնաբաժին, նա զգալի աշխատավարձ էր ստանում։ Ընկերություն, որն անհասկանալի գործառույթ էր իրականացնում, ու առանց որի առկայության մինչ այդ ողջ արժեքի ստեղծման շղթան աշխատում էր: Սա այն ընկերությունն է, որը, էական շահութահարկ չվճարելով (առավելագույն հնարավորը՝ 2015թ․ 22մլն դրամ, 2014թ՝ 3մլն դրամ), զգալի եկամտային հարկ էր վճարում (2015թ՝ 306մլն դրամ, 2014թ՝ 169մլն դրամ)։ Այս ամենի նպատակահարմարությունը խնդրահարույց էր, քանզի ՀՀ-ում եկամտային հարկի դրույքն ավելի բարձր է, քան շահութահարկինը։ Առաջին հայացքից ոչ խելամիտ գործունեությունը միանգամից իմաստավորվում է, երբ հաշվի ենք առնում հիփոթեքը․ ՀՀ-ում կառուցապատողից հիփոթեքով գնված անշարժ գույքի տոկոսները փոխհատուցվում են վճարված եկամտային հարկի չափով։ Այսինքն, պետությունը ոչինչ չի ստանում, մի կողմից եկամտային հարկ է վճարվում, մյուս կողմից հետ ստացվում՝ որպես հիփոթեքի տոկոսների փոխհատուցում։

ԱՐԹՈւՐ ՕՐԲԵԼՅԱՆ


«Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ. ի՞նչ կապ ունի այդ ընկերությունը Վահե Հակոբյանի, Մհեր Պոլոսկովի հետ եւ ինչո՞վ է իրականում այդ ընկերությունը զբաղվում


Նախորդ հոդվածում անդրադարձել էի Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի եկամուտների հայտարարագրին, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց: Մասնավորապես զարմանահրաշ էր միաժամանակ երեք պաշտոն զբաղեցնելու փաստը, այն էլ՝ ամսական միջինը 11 մլն դրամ աշխատավարձով: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր ընկերություններն են այդքան առատաձեռն եւ ինչի՞ համար են այդպես վճարում: Ուսումնասիրության արդյունքում բախվեցինք մի ընկերության, որն ունի մոտ 1 միլիարդ դրամ աշխատավարձի ֆոնդ, բայց ինչի համար է ծախսվում այդ գումարը, անհասկանալի է: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ահռելի աշխատավարձ են ստանում ուղղակի նրա համար, որ իրենք գոյություն ունեն: Ինչպես ժողովուրդը կասեր՝ «սիրուն աչքերի համար»:
 Այժմ՝ ավելի հանգամանալից: ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Վահե Հակոբյանը մինչ մարզպետ դառնալը 2016թ․ աշխատել է չորս գործատուի մոտ՝
1. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (այսուհետ՝ ԶՊՄԿ)՝ որպես  ադմինիստրատիվ տնօրեն, այնուհետեւ՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,
2. «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ՝ որպես կոմերցիոն տնօրեն,
3. «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊ ընկերության տնօրեն,
4. ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում մոնիթորինգի ծառայության մասնագետ:
Եթե ԶՊՄԿ-ն ներկայացնելու կարիք չկա, իսկ պետական ՊՈԱԿ-ում դժվար թե այդպիսի բարձր վարձատրություն լինի, ապա մյուս երկուսը բավականին հետաքրքրաշարժ են: Նրանք ստեղծվել են մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ սկսվել է Վահե Հակոբյանի պաշտոնական հարստության կառուցումը: Հարկային տեղեկատվությունից պարզ է դառնում, որ «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ-ն հաջողություն չունեցավ:
Ստորեւ՝ քաղվածք մյուս ընկերության վերաբերյալ:

Ընկերություն՝                                            «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ
Գրառման ամսաթիվ՝                                  2012թ. հոկտեմբերի 5
Իրավաբանական հասցե՝                             Երեւան, Այգեստան 5փ., 15, 0047
Գործունեության հասցե    , Երեւան՝             Սայաթ-Նովա 35-1, 0025
Տնօրեն՝ գրանցման պահին՝                         Մհեր Պոլոսկով
Տնօրեն՝ այս պահին՝                                   Լուսինե Խաչատրյան (2015թ․ սեպտեմբեր 18-ից)

«ՀՀ պետական բյուջե երեք մլն դրամ եւ ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ հաշվետվություն»-ից ու «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների» հաշվետվությունների համադրումից հետաքրքրաշարժ իրողություններ ենք պարզում: 2014թ․ եւ 2015թ․ պետական բյուջե վճարված հարկերը ներկայացված են ստորեւ՝

հազար դրամ                      2014թ․հարկային                         2015թ.  հարկային
                                     մարմինների կողմից                  մարմինների կողմից
                                              հավաքված                                 հավաքված
Ուղղակի հարկեր         
- եկամտային հարկ               169,449                                         306,616
- այլ ուղղակի հարկեր           22,893                                          3,813
Անուղղակի հարկեր                   -                                              270,073
Այլ  հարկեր                         1,447                                            503
Ընդամենը                            193,789                                         581,005
 
2016թ․ վերաբերյալ ՀՀ պետական բյուջե 3 մլն դրամ եւ ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ հաշվետվությունը դեռ չի հրապարակվել: Բայց հաշվի առնելով, որ 2016թ. հարկային մարմիններին վճարած 554 մլն դրամը համադրելի է 2015թ. 581 մլն դրամին, տրամաբանական է ենթադրել, որ 2016թ. պատկերը համանման է:
2015թ․ սեպտեմբերի 18-ի ամսաթվով կատարվել է տնօրենի փոփոխություն, ու Մհեր Պոլոսկովին փոխարինելու է գալիս ոմն Լուսինե Լեւոնի Խաչատրյան՝ ID 007046170, գրանցման հասցե՝ Նոր Նորք, Ն. Ստեփանյան փ., 16/1 շ., 40 բն., 0062: Համացանցում գտնում ենք Լուսինե Խաչատրյանին ու պարզում, որ նա աշխատում է նաեւ որպես ԶՊՄԿ-ի տնօրենի օգնական: Եվ ըստ կայքի՝ նա այդ աշխատանքը համարում է ավելի առաջնային, քան «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրա ծննդյան տարեթիվն է սեպտեմբերի 12, 1979թ.: Հենց այս պահին մի վայրի միտք է հղանում. Վահե Հակոբյանի նոր կինն էլ գրանցված է Նոր Նորքում՝ Նանսենի 1 նրբ. 2 19, ու 1979թ․ օգոստոսի 26-ի ծնունդ էր: Այսինքն՝ մի քանի փողոցի տարբերություն: Հավանաբար նաեւ ընկերություն են արել, միգուցե նույնիսկ միեւնույն՝ թիվ 139 միջնակարգ դպրոցն են հաճախել: Եթե ենթադրությունը ճշմարիտ է, ապա դա թույլ է տալիս ենթադրել, որ Վահե Հակոբյանն է վերահսկում, թե 1 միլիարդ դրամ աշխատավարձից ում ինչ բաժին կհասնի:
Մի ընկերություն, որն էական շահույթներ չունի, բայց ունի առնվազն 1 միլիարդ դրամ աշխատավարձային ֆոնդ (սա կարող ենք պնդել՝ ելնելով 306 մլն դրամ եկամտային հարկի վճարման փաստից): Թե ովքեր էին այնտեղից աշխատավարձ ստանում Վահե Հակոբյանից զատ, պարզ չէ, քանզի այդ ընկերությունը մինչ այս որեւէ տեղ չէր երեւացել: Սա չափազանց կասկածելի է, քանզի 1 մլրդ դրամից ավելի աշխատավարձային ֆոնդով ընկերության մասին որեւէ բան պետք է որ հայտնի լիներ հայ իրականությանը: Օրինակ՝ նույն խմբի մեկ այլ ընկերություն՝ «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ն, 2015թ․ վճարել է 477,5 միլիոն եկամտային հարկ՝ ունենալով 550-ից ավելի աշխատակից: Հետաքրքիր է՝ քանի՞ աշխատակից ունի «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ն, եւ արդյո՞ք նրանք տեղակայված են Սայաթ-Նովա 35-1 հասցեում, թե՞ իրենց մոտ ուղղակի աշխատանքի չգնալու մշակույթ է քարոզվում, ու այս ընկերության գոյության իմաստը զուտ կողմնակի աչքերից հեռու բարձր աշխատավարձ վճարելն է:
Այսպիսի ընկերության առկայությունն ահռելի կոռուպցիոն ռիսկերի կասկածներ է հարուցում: Ցանկացած պաշտոնատար անձի կնոջը կամ զավակին կարող ես աշխատանքի ընդունել բարձր աշխատավարձով ու դեմքի լուրջ արտահայտությամբ աշխատավարձ վճարել ու դա երբեք կաշառք չանվանել: Այդ է պատճառը, որ հանրությունը պետք է իմանա այդ ընկերությունում գրանցված աշխատողների անուններն ու նրանց գործառույթներն այդ ընկերությունում:
 
Ստորեւ ներկայացված են փաստարկներ՝ ի պնդում այն բանի, որ այս ընկերությունը միջադիր ընկերություն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի եւ ինչ-որ այլ կազմակերպությունների միջեւ ու իրական գործառույթներ չունի, բացի 1 մլրդ դրամ աշխատավարձը «իրացնելուց».
- «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ տնօրենը ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի օգնականն է,
- պարզ չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվում կամ ինչ արժեք է ստեղծում «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ն, եթե արտադրությունն իրականացվում է առանց իրեն, իսկ գնորդը նախապես հայտնի է: Հարկային մարմիններում որպես գործունեության տեսակ նշված է ոչինչ չասող «Տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ այլ բնագավառներում» արտահայտությունը,
- ընկերություն է, որը, ունենալով 1 մլրդ դրամը գերազանցող աշխատավարձի ֆոնդ, չունի որեւէ էական շահույթ,
- այս ընկերությունում աշխատող մեզ հայտնի երեք բարձր պաշտոն զբաղեցնող անհատներն էլ՝ Մհեր Պոլոսկով (նախկին տնօրեն), Վահե Հակոբյան (կոմերցիոն տնօրեն) եւ Լուսինե Խաչատրյան (ներկայիս տնօրեն), այնտեղ աշխատել են համատեղությամբ՝ դրանք համատեղելով նաեւ ԶՊՄԿ-ում աշխատանքի հետ,
- գերմանական «Քրոնիմետ» ընկերության կայքում «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս»-ի գործունեության վայր է նշված քաղաք Քաջարանը, այլ ոչ Երեւան, Սայաթ-Նովա 35-1, ինչպես նշված է պաշտոնական փաստաթղթերում:
Հ․Գ․ Մի փաստ էլ՝ մինչ 2016թ․ հոկտեմբերի 20-ը (դիմումը ներկայացվել է հոկտեմբերի 18-ին) Վահե Հակոբյանը հանդիսացել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ-ի տնօրենը, այսինքն՝ 2016թ․ հոկտեմբերի 6-ին նշանակվելով Սյունիքի մարզպետ՝ նա դեռ աշխատում էր առեւտրային ընկերությունում:

ԱՐԹՈՒՐ ՕՐԲԵԼՅԱՆ


ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին
Հարցում

Պաշտոնատար եւ այլ անձանց անվտանգությունն ապահովելու գործընթացը կազմակերպվում է համաձայն Հայաստանի Հանրապետության «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի: Նշված օրենքի համաձայն (օրենքի 5-րդ հոդված)՝ պետական պահպանություն տրամադրվում է՝ ա) Հայաստանի Հանրապետության նախագահին, 2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, 3) Հայաստանի Հանրապետության վարչապետին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Հայաստանի Հանրապետության նախագահի սահմանած կարգով եւ ժամկետներում։ Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը:
Միեւնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը դեռեւս 2013թ. հրապարակված տարեկան զեկույցում արձանագրել է, որ «Ոստիկանությունը շարունակում է իրականացնել իր գործառույթները եւ ընդլայնում դրանց սահմանները՝  …կարգի հրավիրելով տարատեսակ գոռոզամիտներին, ովքեր թիկնազորերով ու շարասյուներով փորձում են օրենքի եւ հասարակության հանդեպ իրենց իբր գերազանցությունը ցուցադրել…»: Թիկնազորով շրջելու անթույլատրելիությունը վերահաստատվել է ՀՀ ոստիկանության կողմից բազմաթիվ անգամ, ինչպես նաեւ վերահաստատվել է անձամբ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք գրեթե միշտ շրջում եք երկու ավտոմեքենայով, որոնցից մեկը փաստացի Ձեր թիկնազորն է, եւ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, խնդրում ենք պարզաբանել ստորեւ նշված հարցերը եւ այդ մասին տրամադրել տեղեկատվություն:
1) Ի՞նչ վտանգ է սպառնում Ձեզ, որ, ի տարբերություն բազմաթիվ նախարարների եւ Սյունիքի բազմաթիվ նախկին մարզպետների, անհրաժեշտություն է առաջացել շրջել թիկնազորով:
2) Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությամբ Ձեզ տրամադրվել է հատուկ պետական պահպանություն, եթե այո, ապա ի՞նչ ժամկետով եւ ո՞ր հանգամանքների հետ կապված: Խնդրում ենք տրամադրել նաեւ համապատասխան իրավական ակտի պատճենը:
3) Եթե Ձեզ չի տրամադրվել հատուկ պետական պահպանություն, ապա խնդրում ենք պարզաբանել՝ ի՞նչ գումարներից են վճարվում Ձեր թիկնազորի ծախսերը, ներառյալ ավտոմեքենայի, վառելիքի եւ անձնակազմի աշխատավարձի ծախսերը:
4) Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք թիկնազորը շարունակում է Ձեզ ուղեկցել նաեւ այն ժամանակ, երբ այցելում եք Երեւան, թե՞ թիկնազորն անհրաժեշտ է միայն Սյունիքի մարզում:
5) Ակնկալվող պատասխանը բնակչության կողմից առավել արժանահավատ դարձնելու նպատակով խնդրում եմ տրամադրել համապատասխան ապացույցներ՝ ներառյալ Ձեր ծառայողական ավտոմեքենայի եւ թիկնազորի ավտոմեքենայի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները, որտեղ կերեւա, թե ո՞վ է հանդիսանում դրանց սեփականատերը, թիկնապահների աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի պատճենները, որտեղ կերեւան համապատասխան պատվիրատուն (վճարող կողմը), ինչպես նաեւ վճարի չափը:
Նաեւ հաշվի առնելով պետական բյուջեն խնայողաբար եւ նպատակային ծախսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու ՀՀ համապատասխան օրենսդրության պահանջը, կարեւորելով պետական ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը եւ նշված հարցում հանրային հետաքրքրությունը, խնդրում ենք պարզաբանել նաեւ՝
6) ո՞րքան է կազմում Ձեր կողմից ուղղաթիռով Կապան եւ ԼՂՀ ճամփորդելու, ուղղաթիռն ամբողջ օրով Կապանում ենթադրաբար պահելու եւ վերադարձի գինը,
7) ո՞վ եւ ի՞նչ աղբյուրներից է վճարում նշված ուղեւորություննեի գումարը,
8) ինչո՞վ է պայմանավորված հենց ուղղաթիռով ճամփորդելու անհրաժեշտությունը (մանավանդ որ ուղղաթիռով ժամանելուն զուգահեռ Ձեր ավտոմեքենաները վարորդների հետ նույնպես ժամանում են Կապան՝ օդանավակայանում Ձեզ դիմավորելու նպատակով),
9) այս դեպքում նույնպես խնդրում ենք տրամադրել ուղղաթիռային փոխադրման պայմանագրի պատճեն եւ վճարումը հավաստող փաստաթղթերը,
10) եւ վերջապես խնդրում ենք հայտնել՝ ո՞ւմ միջոցների հաշվին եւ որտե՞ղ եք բնակվում Սյունիքի մարզում, քանի որ՝ մեր տեղեկություններով, Սյունիքի մարզում չունեք անշարժ գույք, ինչպես նաեւ վարձակալած բնակարան, ո՞վ եւ որքա՞ն է վճարում Ձեր բնակարանի կամ տան համար,
11) բացի Ձեզնից՝ ովքե՞ր են նաեւ բնակվում նույն հասցեում:
Նշված վերջին հարցի վերաբերյալ հավելյալ պարզաբանում ենք՝ առաջադրված հարցը պայմանավորված չէ զուտ անձնական հետաքրքրությամբ, այլ պայմանավորված է պոտենցիալ կոռուպցիայի հնարավոր առկայության վերաբերյալ կասկածները հաստատելուն կամ փարատելուն:
Այս դեպքում նույնպես խնդրում ենք տրամադրել համապատասխան պայմանագրերը (եւ քանի որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի վարձակալության, օգտագործման կամ առուվաճառքի պայմանագրերը կնքված են համարվում նշված իրավունքների պետական գրանցման պահից՝ խնդրում ենք նաեւ տրամադրել պետական գրանցման վկայականի պատճենը կամ քաղվածք գրանցամատյանից այդ մասին):
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու համար:
Հիշեցնում ենք միաժամանակ՝ բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրելը, ինչպես նաեւ սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով ամրագրված պատասխանատվություն:
Հնգօրյա ժամկետում (հարցման թղթային տարբերակն ուղարկում ենք փոստով) սպասում ենք հարցման պատասխանին կամ մերժման հիմքերին՝ հակառակ դեպքում լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան բողոքարկելու համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
                               «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր


                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ

                                   ՔԱՐՏՈՒՂԱՐ





Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, 3301, ք. Կապան, Գ. Նժդեհի 1.                  Հեռ. (+374 60)  517822, Կայք` http://syunik.mtad.am                                                             (+374 285)  4 4291
Էլ.փոստ` [email protected]                                                   Ֆաքս. (+374 60) 517830
                                                                                                                    
Պարոն Ալեքսանյան,


Ի պատասխան ՀՀ Սյունիքի մարզպետարան ուղարկված Ձեր գրության-հարցման՝ տեղեկացնում ենք.
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չունի և երբևէ չի ունեցել թիկնազոր։ Հարցման մեջ տեղ գտած տեղեկությունները հիմնված են բացառապես Ձեր ենթադրությունների վրա և իրականության հետ չունեն աղերսներ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կարևորելով պետական ֆինանսական միջոցներն արդյունավետ ծախսելու հանգամանքը՝ ուղղաթիռի ծախսերը չեն փոխ¬հատուցվում և չեն էլ կարող փոխհատուցվել ՀՀ պետական բյուջեով ՀՀ Սյունիքի մարզպետարանին հատկացված միջոցներից (առավել մանրամասն տե՛ս ,ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքը):
Երևանից Կապան և հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։ Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում մարզպետ Վ. Հակոբյանն օգտվում է ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ և հակառակ ուղղությամբ չվերթերից։
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի բնակության վայրի և նրա հետ բնակվող անձանց մասին տեղեկատվություն ստանալու Ձեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բնակարանը համարվում է անձի մասնավոր տարածք, իսկ դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ:  16.12.2016 թվականի ՀՕ-244-Ն օրենքով ,Անձնական տվյալների պաշտպանության մասինե Հայաստանի Հանրա¬պետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչելով՝ վերացվեց անձնական տվյալներ մշակելու և հրապարակելու՝ լրատվամիջոցներին ընձեռված հնարավորոթյունը և, հիմք ընդունելով օրենսդրական պահանջն առ այն, որ անձնական տվյալները մշակելու համար անհրաժեշտ է անձի թույլտվությունը, չենք տրամադրի բնակության վայրի վերաբերյալ հայցվող տեղեկատվությունը՝ հետագայում դրա վերաբերյալ հրապարակումներում սույն հարցման պատասխանը, որպես տրված թույլտվություն, չշահարկելու համար։
Եվս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանն աշխատում է թա¬փանցիկ և մշտապես բաց է ու պատրաստակամ՝ տրամադրելու ցանկացած տեղեկատվություն, որի պահանջը ներկայացվում է լրագրողական էթիկայի (Ժուռ¬նալիստների միջազգային ֆեդերացիայի ժուռնալիստների վարքագծի սկզբունքների հռչակագիր, Ժուռնալիստների բրիտանական ազգային միության վարքագծի կանոններ․․․) սահմաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հարգանքով՝
                                                                                                                                       Վ․Սաղաթելյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25