ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանի ծննդյան 85-ամյակի առթիվ

15.11.2024 12:30
210

Հայագիտությունը ոգեկոչում է կարևոր հոբելյան, որը հայ իրականության երկար տարիների ու տասնամյակների ազնվաշունչ ոգին է մարմնավորում իր մեջ։

Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բազմաշնորհ խմբագիր, հրապարակագիր և հետազոտող Ալբերտ  Արմենակի Խառատյանը թևակոխում է իր կյանքի ութևկես տասնամյակի շեմը։ Եվ թևակոխում է վաստակած տարիների արժանապատվությամբ, համաժողովրդական ճանաչումով ու հարգանքով։

Ա Խառատյանը  ծնվել է 1939 թ օգոստոսի 24-ին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ ուսումառությունը ստացել է հայրենի քաղաքում՝ ավարտելով մայրաքաղաքի թիվ 14 դպրոցը՝ բարձր գնահատականներով։ Ապա գալիս են համալսարանական տքնաջան ուսումնառության տարիները։ 1959 թ ընդունվում և 1964 թ ավարտում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝  «Հայ գրականություն և լեզու» ու «Հայ մամուլի և հասարակական–քաղաքական մտքի պատմություն» մասնագիտացումներով։ Համալսարանական բարձր կրթությամբ երիտասարդ մասնագետը մուտք է գործում դպրոց և մի որոշ ժամանակ մայրենի լեզու ու գրականություն դասավանդում Խորհրդային Հայաստանի հեռավոր շրջանների դպրոցներում։

Այնուհետև տեղափոխվում է աշխատանքի՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն՝ վարելով մամուլի պատմության սրբագրիչի, ապա՝ խմբագրի պաշտոնները։

Սակայն նրա իրական առաքելությունն ու կոչումը գիտությանն անխոնջ ու անշահադետ կերպով ծառայելն էր։ Եվ նա ուժերի ներածին չափով ծառայեց հայագիտությանը՝ արդեն բավական երկար տասնամյակներ անընդմեջ։ Հայագիտությանը նրա նվիրումն ու մինչև օրս անսակարկ ծառայությունը ՀՀ ԳԱԱ-ի համակարգում է տեղի ունեցել, նրա կամարների ներքո և պատերի ներսում։ 1972 թվականին մեծ հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Զմյուռնիայի հայ պարբերական մամուլը (19-րդ դարի 60-ական թթ) թեմայով», իսկ 1986 թվականին կայացել է դոկտորական ատենախոսության պաշտպանությունը «Հասարակական միտքը Զմյուռնիայի հայ պարբերական մամուլում (1840-1900թթ)»։

Հայ պատմագիտության ոլորտում Ալբերտ Խառատյան գիտնական հետազոտողի ունեցած վիթխարի ներդրումն անսակարկելի է և անուրանալի։ Հենց վերոնշյալ մեծ ներդրման և անկասկածելի վաստակի համար 2010 թ արժանավորապես ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։

Շնորհիվ նրա անընդմեջ բազմաբեղուն գործունեության, հայ պատմագիտական և հասարակական-քաղաքական միտքը տասնամյակներ շարունակ հարստացավ  գիտական կոթողային հիմնարար աշխատություններով։

1989 թ Երևանում լույս է տեսել Ա Խառատյանի «Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը օսմանյան  Թուրքիայում  (1857-1908)» մենագրությունը, որը թարմ խոսք էր հայ պատմագիտական մտքի անդաստանում։

Իսկ մինչ այդ՝ դեռևս 1984 թ․, հրատարակվել էր գիտնականի մեկ այլ գործ «Օսմանյան գրաքննությունը և արևմտահայ մամուլը վավերագրական նյութեր և ծանոթագրություններ» գիտաինֆորմացիոն բյուլետենը, որտեղ ևս ամփոփված էին վավերագրական եզակի նյութեր։ Սակայն պետք է նշել, որ Ա. Խառատյանի անդրանիկ աշխատանքը՝ «Արևմտահայ հասարակական մտքի և հրապարակախոսության պատմությունից» վերնագրով, լույս է տեսել  1980 թվականին:           

1995-ին Երևանում լույս տեսավ անխոնջ հետազոտողի  «Հասարակական միտքը Զմյուռնիայի հայ պարբերական մամուլում (1840-1900)» կարևորագույն աշխատությունը, որը նորություններ և թարմություն էր բերում մի շարք առումներով։

Այնուհետև, 2007 թվականին լույս է տեսնում հայագետի նշանակալից գործերից ևս մեկը՝ «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (XV-XVII դարեր)» վերնագրով։ Այն լայն արձագանք է գտել հայաստանյան և արտերկրի գիտական հասարակայնության շրջանում։ Սույն աշխատությունն արժանացավ ՀՀ ԳԱԱ և «Ռուսաստանի հայերի միության» սահմանած «լավագույն գիտական աշխատանք»  մրցանակին։ Արևմտահայ մամուլին, հայ հասարակական – քաղաքական հոսանքներին, արևմտահայ լրագրության մտավոր և մշակութային արժեքներին նվիրված նրա նշանավոր աշխատությունը հրատարակվեց Երևանում՝ 2015 թվականին։ Այն մեր պատմությանը համահունչ խորհրդանշական վերնագիր է կրում՝ «Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին»։ Նույնքան խորհրդանշական են սույն գրքին որպես ընծայական ձոնված տողերը «Ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած հայ սերունդների, ովքեր  եղել են այս գրքում ներկայացված մամուլի ընթերցողներն ու հեղինակները»։ Այստեղ ներկայացված են արևմտահայկական վերջին պարբերականները՝ «Սուրհանդակ», «Հանրագիտակ», «Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Մանզումեի էֆքյար», «Ժամանակ», «Հայրենիք», «Մասիս», «Դաշինք», «Հայ գրականություն», «Մարմնամարզ», «Վերջին լուր», «Արագած»։ Այս աշխատության էջերում խտացված-ամփոփված է հայոց պատմության բարդ, հակասական, հերոսական ու ողբերգական՝ սույն շրջանին տիպական և բնորոշ դրամատիզմն ու ներքին հուզականությունը։

Անվանի գիտնականի ներկա պահի վերջին գիրքը լույս է տեսել 2022 թվականին՝ «Զմյուռնիայի և Էգեյանի առափնյակի հայկական այլ գաղթօջախները» վերնագրով։ Գիրքը նկարազարդ է, սև-սպիտակ, նաև գունավոր լուսանկարներով։ Գեղեցիկ ձևավորված  և պատշաճ որակով հրատարակությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հովանավորությամբ։ Բացի այս մենագրություններից, Ա Խառատյանը հեղինակ և համահեղինակ է այլ գործերի ևս։ Կազմել է «Արևելյան մամուլ» և «Մեղու» հանդեսների մատենագիտությունները, որոնցում այնքան դիտարկելի և ուսանելի նյութ կա։

Նրա նշանակալից դերակատությամբ լույս տեսան «Հայ մամուլի պատմության» երկհատորյակները։ Ընդ որում՝ առաջին հատորը լույս տեսավ Կահիրեում, 2006 թվականին՝ իր իսկ առաջաբանով ու խմբագրությամբ։ Իսկ երկրորդ հատորը հրատարակվել է Երևանում՝ 2017 թվականին։ Սույն երկհատորյակն իր ժամանակաշրջանով, ընդգրկումների խորությամբ և գիտական բարձր մակարդակով աննախադեպ երևույթ էր հայ մամուլի ուսումնասիրության տարեգրության մեջ։

Ա Խառատյանի ուսումնասիրությունները տեղ են գտել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի՝ տարիներով պատրաստած «Հայոց պատմություն» բազմահատորյակի տարբեր հատորյակներում («Հայ հասարակական – քաղաքական հոսանքներն ու շարժումները», «Զեյթունի 1862 թ ապստամբությունը և նրա համահայկական արձագանքները» ու մի շարք այլ հոդվածներ՝ նվիրված Կ Պոլսի և Զմյուռնիայի հայոց գաղթօջախներին և արևտահայ մամուլին)։ Բացի մենագրություններից, ժողովածուներից, Ա Խառատյանը Հայաստանի և արտերկրի գիտական հանդեսներում մշտապես հանդես եկող ակտիվ հեղինակներից է։ Մինչև օրս գիտական մամուլում հրապարակել է շուրջ երկու հարյուր հոդված, գիտական, հասարակական-քաղաքական մի քանի տասնյակ ժողովածուի և մենագրությունների խմբագիր է։

Պետք է նշել, որ մեծանուն գիտնականը մի քանի հեղինակավոր գիտական հանդեսների խմբագիր ու խմբագրապետ է եղել։ 1988թ ստանձնել է ՀՀ ԳԱԱ  «Լրաբեր հասարակական գիտությունների» ավագագույն հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնն ու պարտականությունները և հաջողությամբ վարել մինչև 2017 թվականը (գրեթե երեսուն տարի)։ Ապա՝ 2017-ից, ստանձնել է ԳԱԱ «Բանբեր հայագիտության» միջազգային հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները։

Իսկ 2005 թվականից մինչև 2024 թ գլխավորել է «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի հասարակագիտական բաժինը։

Այս ամենին զուգահեռ, Ա Խառատյանը շուրջ հիսուն տարի ծավալել է մանկավարժական – դասախոսական ծանրաբեռնված գործունեություն՝ դասավանդելով Երևանի պետական համալսարանում, Խ Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում և այլ բուհերում։ Տարիներ շարունակ նա եղել է վերոնշյալ բուհերի  պատմության ֆակուլտետների ավարտական քննական հանձնաժողովների նախագահ։

Գիտամանկավարժական բարձր հեղինակության և առաքինի վարքագծի շնորհիվ անվանի հայագետը բազմիցս ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների ու բարձր վարկանիշ ունեցող բուհերի գիտական խորհուրդների անդամ։

Այս ամենից զատ, անհնար է չանդրադառնալ Ալբերտ Խառատյան հայ գիտնականի մարդկային և քաղաքացիական բարձր արժանիքներ կրող կերպարին։

Մեծատառով հայ մարդ և հայ քաղաքացի, ով երբեք չի ընդունում և չի հանդուրժում սուտն ու կեղծիքը, անարդարությունն ու գռեհիկությունը, որտեղ էլ այն արտահայտվելիս լինի։

Ալբերտ Խառտատյանը վարքագծի բարձր սկզբունքներ է դրսևորում տանը, ըմտանիքում, հարազատների և բարեկամների շրջանում, դրսում՝ ընկերների, գործընկերների և լրիվ անծանոթ մարդկանց հետ հարաբերվելու ընթացքում։ Մշտապես ցուցաբերելով բարեկիրթ վարքագծի հիմունքներ ու կանոններ՝ բազմավաստակ հայագետը կենցաղային և աշխատանքային բազմապիսի հարաբերություններում ևս օրինակելի ու առաջնորդող կերպար է։

85-ամյա մեծանուն հայագետն իր անցած ճանապարհով, ձեռքբերումներով և գյուտերին, սերունդներին որպես հոգևոր ավանդ կտակած գրքերով, ուսումնասիրություններվ, հոդվածներով և դեռ ապագայում կերտվելիքով՝ շարունակում է հարստացնել և իմաստավորել մեր ժողովրդի հոգևոր-բարոյական կենսագրությունը, բազմապատկել հայ ժողովրդի ջերմ և անկեղծ նվիրյալների թիվը։

Ազգային ու համամարդկային վեհ ու վսեմ գաղափարներով և իդեալներով տոգորված, արժանիորեն բարձունքներ նվաճած հոբելյարին ցանկանք քաջ առողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ, ծանրաբեռ տարիներ և տասնամյակներ՝ ի փառս հայրենի գիտության և հայ ժողովրդի․․․․

            Արմեն Կարապետյան

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25