ՀԻՇԵՆՔ ԲՈԼՈՐԻՆ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ…

11.11.2022 10:16
5194

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ անմիջական ջանքերով, նրա ու խմբագրակազմի հեղինակությամբ լույս է տեսել թերթի 256  էջանոց հերթական համարը՝ «ՔԱՋԱԶՈՒՆՆԵՐ ՍՅՈՒՆՅԱՑ» հիշատակարան-մատյանի տեսքով, որը նվիրված է 2020-ի Արցախյան երրորդ պատերազմում զոհված 228  սյունյաց քաջ նահատակներին:

Այն մի հրաշալի ու անզուգական հուշարձան է՝ սերունդներին ու պատմությանը հանձնված, հոգու պարտք ու պատգամ՝ սյունյաց քաջորդիների անմահ հիշատակին:

Խմբագրական խոսքում Սամվել Ալեքսանյանը գրում է.

«Հիշատակարան-խոսքում փորձել ենք վերստին կարևորել 44-օրյա պատերազմում Սյունյաց աշխարհի քաջարի զավակների նահատակությունն ու անմար պահել հիշողությունը նրանց մասին:

Եվ պատշաճ համարեցինք դա անել՝ ինչ-որ առումով նրանց հետ նաև մենախոսելու ձևաչափով:

Հրի և սրի զոհ մեր եղբայրներ, արևաբույր մեր տղաներ, մեր զավակներ, նահատակությամբ սրբացած մեր քաջ զորականներ՝ ողբ ու սուգ այստեղ չենք անելու:

Ձեզանով հպարտանալու ենք, աղոթելու ենք ձեր հոգիների հանգստության համար, ձեր գործած սխրանքների հերոսապատումն ենք ներկայացնելու՝ երդվելով, որ ձեր անկատար երազներն ու իղձերը կյանքի ենք կոչելու:

Իսկ եթե նենգ թշնամին շարունակի իր սուրը ճոճել մեր գլխին, ի զեն ենք կոչելու, և սյունեցիներս ոգեղենացած ձեր գնդերի հետ, մեր սրբազան նահատակներ Սիսակ Նահապետի, Անդովկ իշխանի, Դավիթ Բեկի ու Մխիթար Սպարապետի, Զորավար Անդրանիկի ու Արսեն Շահմազյանի, Դրոյի ու Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյանի հաղթական դրոշները վեր պարզած՝ նոր սխրանքների ենք գնալու…

Դուք դարձաք ազատաբաղձ հայ ժողովրդի անպարտելի ոգու ու երազանքների խորհրդանիշը»:

Մագաղաթ-մատյանում ասես՝ ոսկեձույլ տառերով ողջ Սյունիքի ազգաբնակչության սրտի ու հոգու ճիչն է, մեր զսպված ցավը, երախտագիտության ու խնկարկումի խոսքը՝ Սյունյաց նահատակված քաջերին:

Շնորհակալություն «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, թերթի աշխատակազմին՝ հիշատակարան-մատյանը Սյունիքին պարգևելու, նրա պատմության այս մեկ էջն էլ՝ որքան ողբերգական, նույնքան էլ՝ հերոսական, սերունդներին հանձնելու, մեր հավերժելու խորհուրդն ու լինելության հավատո հանգանակը Հայոց պատմության շավիղներում անմար պահելու համար:

Շնորհակալություն համարի հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինությանը:

***

Հիշատակարան-մատյանի տասնյակ ու տասնյակ համարներ առաջինը հայտնվել են Գորիսի մշակույթի կենտրոնի գրադարանների համակարգում՝ զոհվածների ընտանիքներին խոնարհումով ու խնկարկումով նվիրելու առաքելությամբ:

Ֆոնդերի համալրման և մշակման բաժնի գրադարանավարուհիներ Մանուշակ Ալեքսանյանն ու Արմինե Սարգսյանն այս օրերին առավել մեծ լարվածությամբ ու հուզական պատասխանատվությամբ են աշխատում:

Չեն դադարում Սյունյաց քաջ նահատակների հարազատների հոսքերը՝ դեպի գրադարանի ֆոնդերի բաժին, որտեղ նրանց են հանձնվում սյունյաց քաջ նահատակերին նվիրված այս ինքնատիպ, մտքի ու արտաքին վայելուչ տեսքով հրատարակված բարձրորակ հիշատակարանները:

Այցելում են զոհերի ծնողներ, քույրեր, եղբայրներ, հարազատներ….բոլորի սրտերում հուզմունք է ու երախտագիտության մրմունջներ՝ մատյանի հրատարակման երախտավորներին՝ իրենց զավակներին այս կերպ հիշելու ու հավերժացնելու համար…

Ի դեպ, նշեմ, որ «Սյունյաց երկիր» թերթը հիշատակարան մատյանի տասնյակ օրինակներ էլ նվիրել է Սյունիքի ուժային կառույցներին, մեր փառքի սրահներում, զորաց սրտերում՝ անմահության ոսկեղենիկ անկյուններ զբաղեցնելու…

Լուսանկարում՝ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Շիրազի Մարտիրոսյանի հայրն ու հարազատներն են՝ Քարաշենից…

Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի լրատվության կայքէջը խոնարհությամբ դիմում է Գորիս քաղաքի ու նրա գյուղերի ազգաբնակչության այն հատվածին, ովքեր զավակ, եղբայր ու ծնող են կորցրել 44-օրյա պատերազմում, ներկայանան մշակույթի կենտրոն, վերը նշված բաժին, Սյունյաց մեր թանկ կորուստների հիշատակների մասին գիրքը նշխարքի պես ստանան և որպես թանկ մասունք՝ տանեն ու պահ տան գալիք սերունդների ու մեր պատմության հիշողությանը…

Անմոռանալի են Ռոբերտ Ռոժդենստվենսկու խոսքերը, ասես՝ հենց նրանց համար են գրվել՝ մեր հազարավոր զոհերի…

«Հիշենք բոլորին անուն առ անուն

Եվ հիշենք ցավով.

Դա մեռածներին պետք չէ, ես գիտեմ,

Բայց ապրողներիս շա՛տ է հարկավոր »:

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01

Ռուսական զորքերն ավելի քան 200 բենզալցակայան են ոչնչացրել Ուկրաինայում․ FT

31.07.2026 13:53