Հոբելյանական միջոցառումը՝ հայրենի քաղաքում

20.11.2017 15:12
1517

Քո ոտքերի տակ՝ աշուն,
Քո գագաթին՝ ձմեռ…
Դու ինձ ի՞նչ ես հուշում,
Օ՜, դիցական իմ լեռ…
Գագիկ Դավթյան


Եթե ուզում ես ճանաչել բանաստեղծին, պիտի գոնե մի անգամ նրա հայրենիքում  լինես: Գյոթեի այս ձեւակերպումը լեյտմոտիվն էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի ելույթի՝ նվիրված բանաստեղծ-թարգմանիչ, միջազգային գրական մրցանակների դափնեկիր Գագիկ Դավթյանի 70-ամյակին: Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում՝ մասնակցությամբ Երեւանից ժամանած այլ հյուրերի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի, Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանի: Դահլիճում Գագիկ Դավթյանի պոեզիայի երկրպագուներն էին:


… Էկրանին սահում են Գագիկ Դավթյանի հեղինակած եւ թարգմանած գրքերի շապիկների պատկերները, նրա անցած ճանապարհի ու գրական կապերի մասին պատմող բազում լուսանկարներ, հնչում է Սյունիքի օրհներգը, որը ստեղծվել է նրա գրած տեքստի հիման վրա: Հանդիսությունը վարող՝ Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նարա Մելքումյանը ներածական խոսքում հակիրճ ներկայացնում է Գագիկ Դավթյանի պոետական աշխարհը, կարծիքներ նրա մասին, մասնավորապես նշելով, որ տարիների նշանակալից աշխատանքի արգասիքն են նրա թարգմանությունները, հավելելով, որ գրողին պիտի թարգմանի գրողը, մանավանդ որ խոսքը վերաբերում է պոեզիային. «Լեզվի իմացությունը ոչինչ չարժե, եթե թարգմանիչը չի տիրապետում պոեզիայի լեզվին, որ առավել կարեւոր է եւ առանց որի ոչ մի թարգմանություն չի կարող դառնալ գրական արժեք»: Եվ պատահական չէ, որ Գագիկ Դավթյանը Բուլղարիայի եւ Վրաստանի գրողների միությունների անդամ է, թարգմանել է աշխարհի 100-ից ավելի բանաստեղծի գործեր, պոեզիայի եւ արվեստի եվրոպական «Հոմերոս» մեդալի միակ ասպետն է Հայաստանում, հայ գրականությանը ներկայացել է միջազգային մի շարք փառատոներում, նրա ստեղծագործությունները կարդում են աշխարհի 15 լեզվով:


ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով Գագիկ Դավթյանի ծննդյան 70 եւ գրական գործունեության 50-ամյակների մասին, նշեց, որ մի քանի տեղերում նշվել են այդ հոբելյանները, նախ՝ Հայաստանի գրողների միությունում, ապա՝ Թբիլիսիում. «Որովհետեւ մեզանում կան հրաշալի թարգմանիչներ, բանաստեղծներ, բայց շատերը չէ, որ իրենց ժամանակը եւ տաղանդն ի սպաս են դնում աշխարհի գրողներին թարգմանելու, այդքանը տպագրելու, տարածելու գործին: Բնականաբար, դա էլ մեր մշակութային գիտակցության մի կարեւոր մասն է՝ գնահատել աշխարհի այն լավը, դարձնել հայերեն, որպեսզի իրենք էլ աչք ածեն քո ստեղծածի, քո երկրի մշակութային ամբարին, որը հայ գրականություն է կոչվում կամ մշակույթի այլ ասպարեզ է կոչվում: Ես ուրախությամբ տեսնում եմ, որ Գագիկը ոչ միայն իր գրվածքներով, որոնք տարիներ ի վեր տպագրվել են ամսագրերում, տարբեր ալմանախներում, գրքերով, բազմաթիվ անգամ հաստատել է, որ ինքը ժամանակակից մեր բանաստեղծության մեջ ունի ուրույն գիծը: Հատկապես տարիներ առաջ մենք եկել ենք այստեղ, ինքը եղել է մեր գրականության դեսպանը Ղափանում, ընդունել է մայրաքաղաքից ժամանած պատվիրակությանը, հանդիպումներ է կազմակերպել, հիմա ինքն ապրելով Երեւանում, Կապանի դեսպանն է մայրաքաղաքում»:


«Չեմ ուզում խոսքս կառուցել գրականագիտական խնդիրների շուրջ, - ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, - պարզապես պիտի շեշտել, որ նրա բանաստեղծությունն առինքնող մի քնարերգություն է, որ մարդուն տանում է դեպի ներքին մենախոսություն: Գագիկ Դավթյանի ողջ քնարերգությունը՝ ե՛ւ բանաստեղծությունները, ե՛ւ պոեմները, իր ներքին մենախոսությունն են, իր զրույցն աշխարհի եւ իր հետ: Դավթյանը Սյունյաց Անդոկ իշխանի Բաբիկ որդու պատվախնդրությամբ ներկայացնում է հայ քնարերգությունը ողջ աշխարհում: Պատահական չէ, որ նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով, եւ անընդհատ ականատեսն ենք, թե ինչպես աշխարհի տարբեր անկյուններից կան հրավերներ, եւ Գագիկ Դավթյանը ներկայացնում է հային, հայ քնարերգությանը՝ ողջ աշխարհում»:


Գագիկ Դավթյանի հետ շփումներից դրվագներ պատմեցին, նրա գրական-թարգմանչական վաստակն արժեւորեցին Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը, Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Բորիկ Մինասյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը, Գ.Դավթյանի հայրենի գյուղի՝ Դավիթբեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիելյանը, բանասեր Լեւոն Մարգարյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն, պատմաբան Գրիշա Սմբատյանը, Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը:


Կամո Արզումանյանը հոբելյարին նվիրեց մի գեղանկար՝ Գագիկ Դավթյանը՝ իր բնորոշմամբ՝ դիցական Խուստուփի ֆոնին: Կապանի թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, Նարա Մելքումյանն ասմունքեցին Գ.Դավթյանի բանաստեղծություններից: Հնչեցին երգեր, որոնց հեղինակը Գ.Դավթյանն է, երաժշտությունը՝ կապանցի երգահան Վահան Մանուկյանի:


Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց Գագիկ Դավթյանը. «Ամեն տեղ հպարտացել եմ, որ այս հողի ծնունդ եմ, գովաբանել եմ այս երկրամասը, նրա ժողովրդին, շնորհակալ եմ բոլորիդ մեկ առ մեկ, շնորհակալ եմ իմ գրչակից ընկերներին, ովքեր իրենց ժամանակը չխնայեցին եւ ինձ հետ միասին հաղթահարեցին այս հեռավոր ճանապարհը, այսօր ինձ հետ միասին կիսում են ինձ համար հաճելի այս օրը: Հանգամանքների բերումով իմ 60-ամյակին նվիրված հանդիսությունը տեղի ունեցավ տասը տարի առաջ՝ նոյեմբերի 18-ին՝ նույն այս օրը, մշակույթի կենտրոնում: Զարմանալի զուգադիպություն: Չգիտեմ՝ հաջորդ անգամ երբ ենք հանդիպելու, եթե 75-ին չհանդիպենք, 80-ին շատ կուզեի, որ հանդիպեինք»:


Իսկ ամենավերջում բանաստեղծն իր գրքերից՝ «Որպես լույս ու խիղճ», «Համաշխարհային պոեզիա», «Վրացական պոեզիա», ընծայագրերով բաժին հանեց ներկաներին:

    ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

25.07.2026 21:08

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

25.07.2026 21:05

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

25.07.2026 15:56

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

25.07.2026 15:43

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

25.07.2026 11:31

Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

24.07.2026 20:43

ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

24.07.2026 19:05

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

24.07.2026 17:05

Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24.07.2026 14:44

Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

24.07.2026 14:30

Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված վնասը փոխհատուցելու մասին

24.07.2026 14:15

Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

24.07.2026 13:42