Հովիկ Ազոյանի անունն ու գործը՝ անձեռակերտ հուշարձաններ

10.07.2013 21:00
4823

Վաղուց ավարտվել է գարնան կանաչ հեքիաթը, իսկ ամառն իր հորինած երգն է սփռում ամենուր:
Իմ առջեւ մեղմորեն բացվող հերթական օրն է: Մի պայծառ ճամփա, մի զվարթ փողոց ինձ ուղեկցում են յուրաքանչյուր սիսիանցու քաջ հայտնի մի տուն՝ Ազոյանների օջախ: Տաք օրը ծվարել է Ազոյանների հարկի տակ, խաղաղ շնչում է ամեն մի անկյուն… Երանության մեջ է հոգեւոր աշխարհս, քանզի համոզված եմ, որ այդ տաքուկ անկյունում, այդ հոգեհարազատ օջախում հարաբերվելու եմ ջերմացող հոգիների հետ, ու ինքս էլ ավելի եմ ջերմանալու:

Անխռով առօրյայիդ մեջ, երբ թվում է՝ շուրջդ ոչինչ չի կատարվում, մեկեն ցանկություն ես ունենում թերթել անցյալի էջերը, հետ տալ ժամանակը, որովհետեւ ինչ-որ հարազատ գայթակղություն ստիպում է գրել լավի, բարու, գեղեցիկի մասին: Միշտ էլ նոթատետրիդ անկյունում մի թաքուն հպարտությամբ ֆիքսում ես թեմաներ, կերպարներ, որոնք պարբերաբար կյանքի ես կոչում: Այդպիսի առաքելություն ունեմ եւ այս պահին՝ յուրովի ներկայացնելու Սիսական աշխարհում հայտնի անձնավորության՝ Հովիկ Բաղդասարի Ազոյանին, ում ճանաչողներն, անշուշտ, առաջին հերթին կնշեին նրա պատվախնդիր տենչանքները, անկեղծ սիրտը, նվիրումը, աշխատասիրությունը, ժողովրդասիրությունը…

Ապագայի ճամփան անցյալի միջով է անցնում, իսկ հետ է նայում անցյալ չունեցողը: Քայլենք այդ ճամփով, Հովիկ Ազոյանի անցած ճանապարհով, որ թեեւ արդեն անցյալ է, բայց այնքան հարուստ է իրադարձություններով, հետաքրքիր է, ինքնատիպ…

Կփորձեմ ներկայացնել վերհուշներից հառնող մի իրական կերպար, ում կյանքը թեեւ շատ բան է տվել, բայց պահանջել է ավելին:

Երեւի Աստծո կամեցողությամբ էր, որ կառուցելու ձիրքը խոր արմատներ էր ձգել պատանի Հովիկի հոգում, ուստի 20-ամյա պատանին սովորեց Քաջարանի շինտեխնիկումում, հետագայում՝ Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում: Աշխատանքային կենսագրությունը սկսեց որպես շինարար՝ Սիսիանում կառուցելով բնակելի, վարչական, տնտեսական շենքեր՝ իր ուրույն շինարարական հմտությունները, կատարյալ ձեռագիրը թողնելով յուրաքանչյուր շենքի ճակատին: Հովիկ Ազոյանը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նաեւ մի շարք պատասխանատու պաշտոններ՝ Արփա-Սեւան շինվարչության հատուկ բաժնի պետ, «Գյուղշին» N6 տրեստի՝ շինվարչության պետ: Այդպես էլ ապրում, արարում, ստեղծում, կառուցում էր Հովիկ Ազոյանի համերաշխ ընտանիքը, ու երեւի թե կյանքի այս էտապը վերնագրում՝ երջանկություն: Բայց եկավ մի պահ, երբ նորոգ երջանկության ճանապարհները պատվեցին սեւ ու մութ ամպերով… Աղետը տագնապի փող հնչեցրեց, իսկ հետո Արցախ աշխարհի ափերը քանդեց մարդասպան պատերազմը:
Պատերա՜զմը… Ականի պես պայթեց շատերի, այդ թվում՝ Հովիկ Ազոյանի հոգու մեջ:

Բնության բազում սերերի շարքում կա մի սեր եւս, այդ մարդու սերն է առ հայրենիք, եւ Աստված պարբերաբար փորձության է ենթարկում, որպեսզի պարզի՝ ինչ է հայրենիք ասվածը:

Հետո սկսվեց Հովիկ Ազոյանի՝ Հայաստան հայրենիքի, նրա անբաժան մասնիկի՝ Արցախ աշխարհի նկատմամբ ամբարած, ի վերուստ տրված անսահման սիրո արտահայտման ժամանակը: Եկել էր պահը ու պիտի առներ նաեւ վրեժը, բասենցի պապերի վրեժը՝ կռվելով, հաղթելով, ապրելով, համառ ապրելով, հազարապատիկ ապրելով…

Ղարաբաղյան շարժման հենց առաջին իսկ օրերից Հովիկ Ազոյանը որդեգրեց հայրենի եզերքի պաշտպանության սուրբ գործը:

Միշտ զարմացել եմ՝ ինչ անիմանալի ուժ է, որ ընտրյալներին մղում է սխրագործության, հերոսության…

Երեւի թե պատասխանատվություն, սեր, հավատ, պայքար, հույս է անունն այդ առաջ մղող ուժի, որն էլ անվարան առաջ է տանում, տանում դեպի նպատակակետեր…

Եվ քանի որ նա՝ Հովիկ Ազոյանը եւս ընտրյալներից էր, ուստի չգնալ չէր կարող, քանի որ առջեւում հեծկլտացող երկիրն էր, մխացող եւ ծխացող քաղաքներ եւ գյուղեր, տեղահանված հայրենակիցներ, խոցող փամփուշտներ, զոհված ընկերներ…

Գնաց այն հաստատ համոզմամբ, որ եթե անգամ արտասուք կա երկրի աչքերում, զինվորի սիրտը չունի արտասուք, որովհետեւ քաջ գիտակցում էր՝ լացով չեն հաղթում չարին, ոսոխ չեն խեղդում, ոսոխի արյա՛մբ պետք է մկրտել զենքը, ոչ թե արցունքով, խիստ սրտով ու զենքով հաղթել թշնամուն:

Նրա իսկ նախաձեռնությամբ ստեղծվեց «Սիսական» կամավորական ջոկատը՝ ընտրվելով ջոկատի ղեկավար: Միավորելով մյուս կամավորական խմբերը՝ ստանձնեց նրանց ղեկավարությունը եւս: Իսկ 1990-94թթ. «Սիսական» ջոկատն ակտիվ գործունեություն ծավալեց Գորիսում, Վայքում, Սիսիանում, Կապանում, մասնակցեց Դրմբոնի ու Հաթերքի, Ուդումլուի ու Ֆիզուլի-Հորադիզի եւ այլ շրջանների ազատագրմանն ու պաշտպանությանը՝ ամենուր ցուցադրելով սյունեցու հերոսական ոգին, ուժը, զենքի զորությունը… Քանի՜-քանի՜ անգամ նրա ազնիվ սիրտը մղվեց դեպի գրոհ, դեպի սխրանք՝ վարակելով նաեւ մյուս՝ ազնիվ, հայրենասեր ոգիներին… Նա համոզված էր, որ նրանցով՝ զինվորյալներով է աշխարհը դառնում հայրենիք…

Այո՛, անչափելի է Հովիկ Ազոյանի ու զինակից ընկերների մարտական ուղու «աշխարհագրությունը», որը հայրենասիրության, արիության, անօրինակ սխրանքների բաց դաս է ապագա սերունդների համար:

Հետո հաղթ ու հաղթական հնչեցին խաղաղության կոչնակները, ու տուն դարձան քաջորդիները՝ հավատի եւ ուրախության, լույսի եւ ազատության, հույսի եւ երջանկության սերմնացանները:
Պատվով ու արժանապատվությամբ է փակում Հովիկ Ազոյանը նաեւ կենսագրության այս հաղթական էջը՝ արժանանալով կառավարական բարձր պարգեւների, բայց, թերեւս, ամենամեծ պարգեւն Արցախ աշխարհի ազատագրում էր, Հայաստանի սահմանների անխոցելիությունն ու ցանկալի խաղաղությունը:

1994թ. Հովիկ Ազոյանը նշանակվում է նոր կազմավորված N 60913 զորամասի (մոտոհրաձգային գունդ) հրամանատար եւ այն ղեկավարում մինչեւ 2003թ.: Նա լավ գիտեր՝ ինչ չարիք է պատերազմը, որ միշտ պետք է պատրաստ լինել, իսկ դրա համար անհրաժեշտ էր ստեղծել կայուն, մարտական բանակ:

Հիշում եմ՝ Հովիկ Ազոյանի հրամանատարության տարիներին որքան ծնողներ էին երազում, որ իրենց որդիները ծառայության անցնեն եւ զինվորական մկրտություն ստանան հենց Հովիկ Ազոյանի զորամասում:

2003թ. արդեն գնդապետի կոչումով Հովիկ Ազոյանն իր կենսագրության էջերը շարունակեց գրել որպես Աժ պատգամավոր՝ ուշադրության կենտրոնում պահելով հայրենի ոստանի դպրոցաշինության, զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների օգնության, ժողովրդին հուզող սոցիալ-տնտեսական տարաբնույթ հարցեր՝ հարազատ ժողովրդի շահը մշտապես վեր դասելով ամենքից ու ամեն ինչից:

Անսկիզբ ու անվերջանալի հիշողությունների շղթան փորձեցի հյուսել Հովիկ Ազոյանի տիկնոջ՝ Նաթելայի, դստեր՝ Ֆլորայի, որդու՝ Բաղդասարի, հարսի՝ Հասմիկի պատրաստակամությամբ ու օգնությամբ:

– Հայրս ականջալուր էր յուրաքանչյուրի ցավին ու հոգսին, կարողանում էր անկեղծ ուրախանալ մարդկանց փոքրիկ, աննշան հաջողություններով անգամ, – հույզերը հազիվ զսպելով՝ պատմում է դուստրը՝ Ֆլորան:

– Անչափ կարեւորում էր աշխատանքը, մարդկանց օգնելու, սատարելու, աջակցելու մեծ ցանկություն ուներ, – ավելացնում է տիկին Նաթելան:

Իսկ հայրիկի սիրած, հաճախ կիրառվող խոսքը մեջբերելուն օգնեց որդին. «Ով ուզում է աշխատել, միջոցներ է որոնում, ով չի ուզում աշխատել, պատճառներ է հորինում»:

Երկար ու ձիգ օրերը շարունակում են փռվել մեր կյանքի անցյալ օրերի վրա: Անցնող օրերը դառնում են տարիներ, իսկ տարիներն իրենց մեջ շարունակում են պահել հույզ, սեր, կարոտ Հովիկ Ազոյան մարդու, հոր, ամուսնու, պապիկի նկատմամբ…

Իսկ Ազոյանների ընտանիքին չի լքելու այն պատրանքը, թե ահա, անցած բարի՜-բարի՜ օրերի նման, ներս կմտնի նա, կնստի իր սիրած բազմոցին, ձեռքը կառնի Բասենցի թոռան գունեղ նկարները, կունկնդրի սիրասուն թոռնուհիների՝ Նաթելայի եւ Սոնայի երգն ու նվագը եւ կխնդրի… չէ՛, կպահանջի ապրել… շարունակել ապրել…

Երբ հրաժեշտ էի տալիս Ազոյանների հյուրընկալ օջախին, մտածեցի, որ առանձնապես նոր բան չասացի Հովիկ Ազոյանի մասին, որովհետեւ համոզված եմ՝ նրա մասին շարունակելու են պատմել հարյուրավոր զինվորները, աշխատանքային ու մարտական ընկերները, հարազատները, բոլորը, անգամ այս հոդվածն ընթերցողները, պատմելու են ակնածանքով, խոնարհումով, սիրով, հիացքով ու… ափսոսանքով:

Աներկբա, նրա՝ Հովիկ Ազոյանի անունն ու գործը դառնալու են անձեռակերտ հուշարձաններ, իսկ հուշարձանները մնայուն են ու կանգուն մարդկանց հոգիներում:

ԷՎԵԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ք. Սիսիան

Մարտուն Զաքարյանի կտավների ցուցահանդեսը Քաջարանի մշակույթի պալատում, որտեղ նաև «Մսյո Ազնավուր» ֆիլմի ցուցադրությունն էր

13.12.2024 16:18

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի որոշ հատվածներ փակ են բեռնատար ավտոմեքենաների համար

13.12.2024 14:58

Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին. Պեսկով

13.12.2024 14:56

ՌԴ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան ATACMS հրթիռներով հարվածների

13.12.2024 14:53

Վերահրատարակվել է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» գիրքը

13.12.2024 14:45

Փաշինյանը մեկնել է ՌԴ

13.12.2024 11:04

ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ

13.12.2024 11:02

Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

13.12.2024 09:00

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25