ՀՈՎԻԿ ՄԻՐԶՈՅԱՆ. «Երկիր ենք կորցնում, գյուղերը մաղվում, վերջանում են»

10.11.2014 17:00
2740

Մարզի գյուղերը


Հավատարիմ լինելով սահմանամերձ գյուղերի առօրյան ներկայացնելու` խմբագրության որդեգրած քաղաքականությանը` այս անգամ եղանք Մեղրու տարածաշրջանի Լիճք գյուղում: Հայտնվեցինք համայնքի մշակույթի կենտրոնում, որտեղ խորհրդակցություն էր, որն ավարտվելուց հետո գյուղապետ Հովիկ Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր քննարկվեցին դրանում: Պարզվեց, որ «Վիվասել-ՄՏՍ»-ը, որպես սահմանամերձ ու բարձրադիր համայնք, առաջարկել է Լիճքի գյուղապետարանին` համայնքում որեւէ ծրագիր իրականացնելու հայտ ներկայացնել: Եվ համայնքի բնակիչներով քննարկում էին, թե որ խնդիրն է առավել առաջնահերթ: Իսկ գյուղում հրատապ խնդիրներ կան` խմելու ջրագծի ներքին ցանցի նորոգում, գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, գյուղի եկեղեցու եւ մշակույթի տան տանիքների նորոգում: Քննարկումից հետո նպատակահարմար են գտել գյուղը սնուցող ջրամբարից համայնք հասնող ջրագծի եւ ներքին ցանցի նորոգումը կարեւորել, եւ այժմ առաջին պլանում նախահաշվի կազմումն է, որ ճշտվի, թե ծրագիրն իրականացնելու համար որքան գումար կպահանջվի:

Երկրորդ խնդիրը, որ քննարկվեց խորհրդակցությունում, վառելափայտի ձեռքբերումն է: Ձմեռն ավելի սառնաշունչ է լինում բարձրադիր բնակավայրերում (Լիճքը ծովի մակերեւույթից բարձր է 1780 մետր), եւ վառելիքի անհրաժեշտ քանակությամբ հայթայթումը` առաջնահերթ խնդիր: Գյուղապետարանը համաձայնության է եկել բնապահպանության մարզային տեսչության եւ «Արեւիկ» ազգային պարկի հետ` գյուղացիներին սեփականաշնորհված հողակտորների հարակից տարածքներում ծառ հատել եւ օգտագործել որպես վառելափայտ: Ընդ որում` առաջնահերթությունը տրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին` գյուղապետի փոխանցմամբ` 12-13 ընտանիքի` յուրաքանչյուրին յոթ-ութ խորանարդ մետր վառելափայտ:

«Չի եղել մի ծրագիր, որ ձեռնարկեինք ու ավարտին հասցրած չլինեինք», – հավատացնում է գյուղապետը, ում կյանքը սերտորեն կապված է իր բնօրրանի հետ: «Ինձ նախեւառաջ համարում եմ գյուղի սովորական մի բնակիչ, որովհետեւ բոլորի ցավերով ապրում եմ»:

Հովիկ Միրզոյանը ծնվել է 1954 թվականին, միջնակարգ կրթությունը ստացել է Լիճք գյուղում, երկու տարի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելուց հետո ծառայել խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո Լիճքի խորհրդային տնտեսությունում վարորդ է եղել, ինչպես ինքն է ասում, մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, այնուհետեւ զբաղվել է անհատական տնտեսությամբ, 1996-ին նշանակվել է գյուղապետի պաշտոնակատար, 1997-ին ընտրվել է Լիճքի համայնքապետ եւ մինչեւ օրս պաշտոնավարում է: Կարելի է վստահորեն արձանագրել, որ մարզի երկարակյաց գյուղապետերից է:

Բնականաբար, հետաքրքրվեցինք, թե իր ղեկավարության օրոք Լիճքում ինչ նշանակալի գործեր են կատարվել, դրանցից որն է ինքն ավելի կարեւորում: Գյուղում կառուցվել է ժամանակակից ամբուլատորիա` կահավորված բուժսարքավորումներով, 50 տեղանոց տիպային դպրոց, ձեռք է բերվել չինական ու հնդկական արտադրության երկու միավոր գյուղտեխնիկա, որից ողջ գյուղն է օգտվում: Գյուղի մշակույթի տունը նորոգվել է, բայց ահա տանիքի նորոգման խնդիրը տակավին օրակարգում է: Ամենակարեւորը` ուղիղ մեկ տարի առաջ 2.5 կմ հեռավորությունից խմելու ջուրը հասել է մինչեւ գյուղը սնուցող ջրամբարը: Ընդհանրապես համայնքը խմելու եւ ոռոգման ջրի խնդիր չունի: «Գյուղացին որ ժամին էլ ցանկանա, կարող է բահը դնել ուսին եւ գնալ իր այգին ու բանջարանոցը ջրել», – հավաստիացնում է մեր զրուցակիցը: Հիմնական եկամուտը գյուղացիները ստանում են տնամերձերից: Համայնքում մեկ հողաբաժնի չափը կազմում է մեկ հա:

Սահմանամերձ այս գյուղը, որ, համայնքապետի հավաստմամբ, 60-70 կիլոմետր երկարությամբ սահմանակից է հարեւան հանրապետությանը, ոչ մի արտոնություն չունի: Տեղական բյուջեն մոտ յոթ միլիոն դրամ է, որի կեսը պետությունից հատկացվող լրավճարն է: Տեղական բյուջեին սատար կարող է լինել այն, որ յոթ ամիս առաջ երեք տարի ժամկետով հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԱՏ մետալս» ՍՊ ընկերությանը 278.9 հա հող է հատկացվել վարձակալությամբ, քառակուսի մետրը` 96 դրամ:

Լիճք գյուղից վերեւ կան մի քանի լճեր, որի համար էլ, ըստ գյուղապետի, գյուղն անվանել են Լիճք (ք-ն հոգնակիակերտ ածանց է), այսինքն` Լճեր: Գյուղը 1781 թվականի հարկացուցակով Տաթեւի վանքին վճարում էր 3350 դահեկան պտղի հարկ: Բայց այս տարի բարենպաստ չէր պտղի արտադրության առումով: Խնձոր համարյա չկա, տանձի բերքը քիչ ավելի հուսադրող էր: Գյուղացու արտադրածը միայն իրեն է բավարարում, մթերքին փող չի տալիս, այսքանը… Անասնագլխաքանակի առումով էլ գյուղը չի «փայլում». մոտ 60 խոշոր եղջերավոր, իսկ մանր եղջերավորների տեսակը գյուղում վերացել է, համեմատաբար զարգացած է մեղվաբուծությունը` մոտ 260 մեղվաընտանիք: Ինչպես մեղվաբույծներին, այնպես էլ համայնքին (հիմնականում սերմացուով) օգնություն է ցուցաբերել գործարար Ռոզա Ծառուկյանը:

Գյուղի շրջակայքում կան պատմական հուշարձաններ, մասնավորապես, 17-րդ դարի Զվարավանք կոչվող եկեղեցին, շրջակայքում կան գյուղատեղիներ: Եվ բնական հրաշալիքները` լճերն ու ջրվեժները, եւ պատմական հուշարձանները բավարար պայման են զարգացնելու զբոսաշրջությունը: Գյուղապետի վկայությամբ առայժմ այդ խնդրում տեղաշարժ չկա, բայց ամռան ամիսներին ժողովուրդը (ոչ միայն լիճքեցիները) սիրում է հանգիստն անցկացնել գետափին (խոսքը Զվար գետի մասին է):

Լիճքում տարիներ առաջ մանկատուն է եղել, որ երկու տասնամյակ առաջ տեղափոխել եւ միացրել են Գավառի մանկատանը: Իսկ ահա գյուղի վերը հիշատակած 50 տեղանոց դպրոցում այժմ ընդամենը 11 աշակերտ է սովորում: Հովիկ Միրզոյանն ասում է, որ իր համար ցավալի է խոսել այդ թեմայով, ինքը միայն հիշում է հին, բարի ժամանակները, երբ միայն գյուղի կրթօջախում սովորելու տարիներին իրենց դասարանում 22 աշակերտ կար: «Երկիր ենք կորցնում, գյուղերը մաղվում, վերջանում են», – ասում է: Գյուղից արտագաղթ չկա, խնդիրն այն է, որ ծնունդներ չեն լինում, բայց ահա տարեկան չորս-հինգ մահ է գրանցվում: Եզրակացությունը մեկն է` Լիճքը` սահմանամերձ, սահմանապահ գյուղը, ծերացող համայնք է, ինչպես մարզի բազում համայնքներ: Եվ ժողովրդական «Մի տնից չենք, նույն հալին ենք» ձեւակերպումը այս դեպքում եւս շատ տեղին է…

Հարեւան Տաշտուն գյուղի տարածքում «ԱՏ մետալս» հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը փորձարարական ձեռնարկություն է հիմնադրել: Արդյո՞ք բնապահպանական խնդիրներ չեն ծագելու: Փորձեցինք հարցի պատասխանը իմանալ Լիճքի գյուղապետից: Վերջինս պատասխանեց, որ Մեղրասարի հանքավայրը, որտեղ կատարվելու է հանքանյութի արդյունահանում, բավականին հեռու է գյուղից, իսկ ձեռնարկության աշխատանքի հետեւանքով շրջակա միջավայրը չի տուժելու, քանի որ արտադրության արդյունքում թափոնը լինելու է կավահողը: Նաեւ նկատեց, որ Լիճքում միշտ էլ աշխատատեղեր եղել են, մանկատուն կար խորհրդային տարիներին, դպրոցի նախկին շենքը հատկացված էր զինվորականությանը, լիճքեցին ջրամատակարարման համակարգում է աշխատում:

Բայց Տաշտունում աշխատատեղ չի եղել. «Տաշտունեցին միշտ հողի հետ կռիվ է տվել, անասնապահությամբ զբաղվել, այգի մշակել, կանխիկ գումարի հետ գործ չի ունեցել, բայց փառք Աստծո, հիմա ընտանիքներ կան, որ ամսական 150-200 հազար դրամ գումար է մտնում»: Տեղեկացնենք, որ նոր հիմնադրված ձեռնարկությունում պետք է մինչեւ 80 մարդ աշխատի. «ԱՏ մետալսի» ղեկավարությունն էլ որդեգրել է մի քաղաքականություն, ըստ որի` աշխատողներ ընդունելիս նախապատվությունը տրվել է տաշտունցիներին: Աշխատում են նաեւ մարդիկ` Լիճք գյուղից:

«Իսկ գյուղում ընդդիմություն կա՞», – փորձում ենք դավադիր հարց տալ: «Ճակատս պարզ է, այսքան տարի աշխատել եմ: Գիտեք, չէ՞, գյուղաբնակի հոգեբանությունը, մի անգամ ձեռք չես մեկնում, դառնում են ընդդիմադիր: Ընդդիմություն կա, ինչն ավելի է բարձրացնում պատասխանատվության զգացումը: Սա չէ ինձ անհանգստացնում: Մեխանիզմներ կան, բայց օգտագործող չկա, սա է անչափ տխրեցնում», - հրաժեշտից առաջ ասում է գյուղապետը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34