ՀՊՃՀ-ի Կապանի մասնաճյուղի գիտական գործունեությունը

18.09.2013 17:14
4698

ՍԵՅՐԱՆ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղի
տնօրենի գիտական աշխատանքների գծով
տեղակալ, տ.գ.թ., դոցենտ


Արդիական բուհին բնորոշ կարեւոր գործառույթներից են գիտահետազոտական գործունեությունը եւ միջազգային համագործակցությունը: Հենց այդ գործառույթներն են, որ հստակորեն տարբերում են լիարժեք բուհն այլ ուսումնական հաստատություններից:

Իր կազմավորման սկզբից ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը գիտական գործունեություն է ծավալել աշխատակիցների թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների շրջանակում:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (Մոսկվա) ֆինանսավորմամբ առաջին լուրջ գիտահետազոտական նախագիծը (A 395) Գյումրիի մասնաճյուղի եւ երեւանյան կրթահամալիրի գիտական խմբերի հետ համատեղ Կապանի մասնաճյուղի գիտական խումբը (գիտական ղեկավար տ.գ.թ., դոց. Ս.Բալասանյան) իրականացրել է 2001-2003թթ.: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են միջազգային եւ հանրապետական հանդեսներում ու զեկուցվել գիտաժողովներում: Նախագծի արդյունքներով պաշտպանել են մեկ թեկնածուական (երեւանյան կրթահամալիրից) եւ երեք մագիստրոսական ատենախոսություն (մեկը` Կապանի մասնաճյուղից): Հետագա տասը տարիներին (2002-2012 թթ.) մասնաճյուղը շարունակել է արդյունավետ գիտական գործունեություն թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների շրջանակում` օգտագործելով գիտական հայցորդի եւ ասպիրանտուրայի կառույցները: Արդյունքում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել մասնաճյուղի մեկ դոցենտ (Վ.Եփրեմյան), իսկ թեկնածուական ատենախոսություն` 5 դասախոս (դոցենտներ Տ.Աղամյան, Ա.Եղիազարյան, Ա.Սարգսյան, Ա.Այվազյան, ասիստենտ Մ.Շմավոնյան): ՀՊՃՀ ասպիրանտուրան ընդունված մասնաճյուղի 7 շրջանավարտից 5-ը հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, որից երկուսն աշխատում է մասնաճյուղում (դոցենտներ Թ.Ավագյան, Ա.Աղայան):

2011 թվականին, ընդառաջելով մասնաճյուղից ներկայացված հայտին, «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը մասնաճյուղի հետ կնքել է իր կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական նախագծի վերաբերյալ թիվ 01-Գ/2010 պայմանագիրը «Մոլիբդենային հանքանյութի ֆլոտացման տեխնոլոգիական գործընթացի հավանականային կառավարման նմանակային մոդելի մշակում» թեմայով (թեմայի գիտական ղեկավար` մասնաճյուղի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Ս.Բալասանյան): Նախագծի կատարմանը, որը սկսվել է իրականացվել 2012թ. հունվարից, մասնակցում են մասնաճյուղի 3 դասախոս, 3 ուսանող: Նախագծի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 18 մլն դրամ, որից 4 մլն դրամը նախատեսվում է գիտական նպատակներով օգտագործվող քոմփյութերային եւ այլ տեխնիկայի ձեռք բերման համար: Նախագծի կատարման արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում եւ զեկուցվել միջազգային ու ՀՊՃՀ տարեկան գիտաժողովներում: ՀՊՃՀ-ում 2011-2012թթ. հրապարակված լավագույն հոդվածների մրցույթում վերոհիշյալ նախագծի կատարման արդյունքներն արտացոլող հոդվածաշարն արժանացել է առաջին մրցանակի:
Նախագծի կատարման վերաբերյալ միջանկյալ 2 հաշվետվություն ընդունվել է ԶՊՄԿ-ի ղեկավարության կողմից: Ընթացիկ տարվա սեպտեմբերին կներկայացվի նախագծի 3-րդ փուլի վերաբերյալ հաշվետվությունը:

Ներկայումս մասնաճյուղում աշխատում է մեկ գիտության դոկտոր (Լ.Պետրոսյան) եւ գիտության 10 թեկնածու: Մասնաճյուղի աշխատակիցներից երեքը հայցորդ է, մեկը` ասպիրանտ: Թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների շրջանակներում մասնաճյուղում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ չորս գիտական ուղղությունով, որից երկուսը հանրապետությունում հայտարարված է որպես գերակա: Դրանց արդյունքները պարբերաբար ներկայացվում են մասնաճյուղային գիտամեթոդական սեմինարներում, ՀՊՃՀ տարեկան եւ միջազգային գիտաժողովներում, հրապարակվում արտերկրի ու հանրապետական գիտական հանդեսներում: 2012 թ. մասնաճյուղի աշխատակիցների կողմից հրապարակվել է 25 գիտական աշխատանք:

2013թ. հուլիսին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել մասնաճյուղի մեկ դասախոս, իսկ մինչեւ 2016թ. պաշտպանության կներկայացվի մեկ դոկտորական եւ առնվազն երեք թեկնածուական ատենախոսություն:

Մասնաճյուղի գիտական գործունեության եւ ներուժի հետագա զարգացումն ապահովելու նպատակով 2012թ. ՀՀ ԿԳ նախարարությանը հայտեր են ներկայացվել մասնաճյուղում պետական բյուջեից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական գործընթացների մոդելավորման» եւ մետալուրգիայի ուղղվածությամբ բազային լաբորատորիաների ստեղծման համար: Հարցին դրական ընթացք տալու դեպքում այն կֆինանսավորվի պետբյուջեից տարեկան 6 մլն դրամ գումարի չափով` գիտական աշխատանք կատարելու հնարավորություն ընձեռելով մասնաճյուղի 7 աշխատակցի:

Մասնաճյուղում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների պատշաճ մակարդակի մասին է վկայում այն հանգամանքը, որ 2013թ. ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կառավարման բնագավառում պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների մրցույթի փորձագետ է ընտրել մասնաճյուղի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալին:

Մասնաճյուղը միջազգային գործունեություն սկսել է ծավալել 1999 թ. սեպտեմբերից TEMPUS-TACIS «Համալսարան-արդյունաբերություն փոխկապակցություն» (ՀԱՓ) միջազգային նախագծի շրջանակներում, որն իրականացնում էին ՀՊՃՀ-ն, Աթենքի ազգային տեխնիկական համալսարանը (Հունաստան) եւ Մարսելի բարձրագույն ճարտարագիտական դպրոցը (ԲՃԴ, Ֆրանսիա): Նախագծի իրականացման ընթացքում ստեղծվել է ՀՊՃՀ-ի ՀԱՓ կենտրոնի Կապանի տարածաշրջանային գրասենյակը, որի հիմնական առաքելությունը մասնաճյուղ-արդյունաբերություն կրթական եւ գործընկերային կապերի ստեղծումը, մասնաճյուղում կատարվող հետազոտական աշխատանքների արդյունքների եւ առաջարկվող ծառայությունների առեւտրայնացումն է:

Մասնաճյուղը մասնակցել է նաեւ հիշյալ ծրագրի շարունակությունը կազմող TEMPUS 2000 նախագծի կատարմանը (2001/03 թթ.), որն իրականացվում էր ՀՊՃՀ-ի եւ Մարսելի ԲՃԴ-ի մասնակցությամբ ու Լունդի համալսարանի (Շվեդիա) համակարգմամբ: Նախագծի կատարման ընթացքում ստեղծվել է ՀՊՃՀ-ի կարիերայի ուսանողական ծառայությունների կենտրոնի Կապանի տարածաշրջանային գրասենյակը, որի հիմնական առաքելությունը մասնաճյուղի եւ աշխատուժի շուկայի փոխգործողությանը նպաստելն է:

Վերոնշյալ նախագծերի շրջանակներում Աթենքում, Մարսելում եւ Լունդում վերապատրաստման դասընթացներ է անցել մասնաճյուղի երեք աշխատակից:

Մասնաճյուղը հաջողությամբ մասնակցել է նաեւ 2006-2008թթ. ՀՊՃՀ-ի կողմից իրականացվող «Բուհի ռազմավարական պլանավորում» միջազգային ծրագրին, որի արդյունքում ստեղծվեց մասնաճյուղի 2007-2011թթ. առաջին ռազմավարական ծրագիրը:

Հաշվի առնելով մասնաճյուղի միջազգային համագործակցության դրական փորձը` TEMPUS նախագծի ղեկավարությունը դրականորեն արձագանքեց 2012թ. մասնաճյուղի ներկայացրած հայտին, եւ մասնաճյուղն առաջին անգամ որպես ինքնուրույն կատարող ընդգրկվեց Իլմենաուի (Գերմանիա) տեխնիկական համալսարանի (ԻՏՀ) համակարգմամբ, եվրոպական երկրների 9 բուհի եւ 13 ընկերության մասնակցությամբ, շուրջ 1 մլն եվրո ֆինանսավորմամբ իրականացվող TEMPUS «Արտադրական համագործակցություն եւ հեռավար ու վիրտուալ գործիքամիջոցների վրա հիմնված ստեղծագործ ճարտարագիտական կրթություն» նախագծում: Եռամյա տեւողությամբ այս նախագծի կատարման արդյունքում կստեղծվի հեռավար լաբորատորիաների ցանց, որոնցից կարող են օգտվել ինչպես մասնաճյուղի, այնպես էլ նախագծի մասնակից բուհերի ուսանողները: Այդ նպատակով մասնաճյուղում տեղադրվելիք` Իլմենաուի համալսարանի կողմից մշակված շուրջ 27000 եվրո արժողությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածության հիբրիդային լաբորատորիան, անշուշտ, էականորեն կօժանդակի ուսանողների մասնագիտական կարողությունների եւ գործնական հմտությունների ձեռք բերմանը: Նախագծի տեղական համակարգողն է մասնաճյուղի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Ս. Բալասանյանը, մասնակիցներն են` մասնաճյուղի տնօրեն Լ.Պետրոսյանը, տնօրենի ՈՒՄԱ գծով տեղակալ Ա. Սարգսյանն ու դասախոսներ Հ.Գեւորգյանը եւ Հ.Սահակյանը:

Նախագծի կատարման ընթացքում Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտի ղեկավարությամբ մշակված հարցաթերթիկների միջոցով դասախոսների, շրջանավարտների եւ գործատուների շրջանում կատարված հարցումների արդյունքների հիման վրա իրականացվել է Կապանի ու տարածաշրջանի ճարտարագիտական մասնագիտությունների աշխատաշուկայի առկա վիճակի վերլուծություն եւ ապագա ճարտարագետներին անհրաժեշտ կոմպետենցիաների կազմի որոշում: Վերջինիս հիման վրա Իլմենաուի եւ Դեուստոյի (Իսպանիա) համալսարանները մասնաճյուղի համար պետք է մշակեն ուսումնական մոդուլներ:

Նախագծի շրջանակում հեռավար եւ վիրտուալ լաբորատորիաների կիրառությամբ ուսուցման ոլորտում եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու նպատակով ս.թ. մայիսին Ռումինիայի Բրաշով քաղաքում գտնվող Տրանսիլվանիայի համալսարան են գործուղվել մասնաճյուղի երկու հիշյալ դասախոսները: Նրանք ուսումնասիրել են «National Instruments» հանրահայտ ընկերության կողմից մշակված NI ELVIS լաբորատոր սարքավորումը եւ գործնական հմտություններ ձեռք բերել այն ուսումնական գործընթացում կիրառելու համար:

Այս տարվա հունիսին Խարկովում կայացած նախագծի համակարգողների խորհրդակցությանը ութամսյա ժամանակահատվածում նախագծի կատարման արդյունքների վերաբերյալ մասնաճյուղի տեղական համակարգողի կողմից ներկայացված հաշվետվությունն արժանացել է նախագծի համակարգողի (ԻՏՀ, Գերմանիա) հավանությանը:

Նախագծի հետագա փուլերում նախատեսվում է ԻՏՀ-ի կողմից մշակված լաբորատորիայի տեղադրում մասնաճյուղում, ուսանողների փորձառության եւ դասախոսական կազմի վերապատրաստման կազմակերպում եվրոպական առաջատար բուհերում ու նրանց կողմից մշակված նոր ուսումնական մոդուլների ներդրում մասնաճյուղում, ինչը, անշուշտ, կնպաստի ուսանողների ուսումնառության որակի բարձրացմանը:

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34