ՀՐԱՉ ՋԱԲՐԱՅԱՆ. «Ընկերության վրա անհիմն ճնշումներ կան»

03.09.2013 16:00
3022

Կապանի «Դանդի Փրիշս Մեթալս-Կապան» ՓԲ ընկերության տնօրինությունը մարզկենտրոնի լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եռամսյակը մեկ հանդիպելու քաղաքականություն է որդեգրել: Բայց ընկերության տեղեկատվական կենտրոնում օգոստոսի 16-ին կայացած հանդիպումը ժամանակից շուտ տեղի ունեցավ: «Ընկերության վրա անհիմն ճնշումներ կան», - հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը եւ մանրամասնեց, թե որտեղից: Օրվա բանախոսը նախ իր սրտնեղությունը հայտնեց հանրապետության բնապահպանության նախարարությունից, մասնավորապես նախարար Արամ Հարությունյանից, ով չի ընդառաջում, որ հանդիպում կայանա «Դանդիի» տնօրենի հետ:

«Երեւի պարոն նախարարը չի ուզում ինձ հետ հանդիպել, որպեսզի ընկերությունում յոթանասունհինգօրյա ստուգումներն ավարտվեն, վերջում իր ասելիքն ասի: Բայց պիտի հստակորեն ասեմ, որ այսօր բնապահպանության նախարարությունը մի քիչ չափն անցել է: Քննիչներ է ուղարկել «Դանդիի» տարածք, որոնց պահվածքն այնպիսին է, որ կարծես եկել են կրիմինալների հետ աշխատելու: Մի կողմ դրեք ձեր այդ բյուրոկրատական պահվածքը եւ ընկերության տարածքում աշխատեք միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան», - բնապահպաներին հորդորեց Հրաչ Ջաբրայանը եւ հավելեց, որ հանրապետության կառավարության որոշ կառույցներ մարդկային արժեքներից շատ են հեռացել:

Ինչպես երեւաց, մարդկային արժեքներից հեռու են մնացել (դարձյալ բանախոսի փոխանցմամբ) ՀՀ պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները, որոնց պահվածքը եւս բացարձակ անընդունելի է, քանզի «Դանդի Փրիշս Մեթալս-Կապան» ՓԲ ընկերության տարածք են մտել զենքերով եւ դարձյալ ընկերության աշխատակիցներին վերաբերվել են որպես կրիմինալների. «Մենք հանքարդյունաբերության ընկերություն ենք, իսկ եթե իսկապես կասկած ունեք, որ մենք սխալ բան ենք անում, կանչեք այդ ձեռնարկության գլխավոր տնօրենին եւ ոչ թե Երեւանում փակ դռների հետեւում դատական նիստ գումարեք` առանց «Դանդիին» տեղյակ պահելու»: Բանն այն է, որ 2009-ին ինչ-որ սարքավորում ներմուծելով Հայաստան եւ մաքսատուրք չվճարելու փաստը հիմք ընդունելով, ՊԵԿ-ի հսկիչները զենքերով մուտք են գործել ձեռնարկության տարածք եւ առգրավել համակարգիչներ եւ հաշվեգրքեր, որոնք ընդհանրապես կապ չունեն 2009-ի միջադեպի հետ: Այս ամենին «Դանդի Փրիշս Մեթալս-Կապան» ընկերությունն, ըստ բանախոսի, հակակշիռ ունի: Այսպես շարունակվելու դեպքում անխուսափելի կլինեն կրճատումները: Իսկ կրճատվողների թիվը փոքր չի կարող լինել` մոտ 300 հոգի: Այսօր ձեռնարկությունում աշխատում է 1200 մարդ, 300 հոգի ընկերւթյունում պահվում են քաղաքի սոցիալական իրավիճակից լինելով, եւ գլխավոր տնօրենի փոխանցմամբ` ինքը «կռիվ» է հայտարարել «Դանդիի» սեփականատիրոջ գաղափարաբանության դեմ, նրան համոզելով, որ բիզնեսից բացի, նաեւ մարդկային վերաբերմունք եւ մոտեցում պիտի ունենալ:

Դժգոհության չափաբաժին հասավ նաեւ Սյունիքի դատախազությանը, որն իբր ապատեղեկատվություն է տարածել «Դանդի Փրիշս Մեթալս-Կապան» ՓԲ ընկերության դեմ քրեական գործ հարուցելու առումով: Ընկերության գլխավոր տնօրենը վիրավորանք հայտնեց այն առիթով, որ ինքը լրատվամիջոցներից է իրազեկ եղել ընկերության դեմ քրեական գործ հարուցելու մասին, ինչն իր համոզմամբ իրականությանը չի համապատասխանում: «Մինչ Կանադա լուրը հասել է, թե «Դանդիի» դեմ քրեական գործ է հարուցվել, բայց այդպիսի բան չկա», - խնդիրը եզրափակեց բանախոսը:

Հրաչ Ջաբրայանը հայտնեց, որ ինքը դիմել է հանրապետության նախագահին նրա հետ հանդիպում ունենալու խնդրանքով եւ որքանով հայտնի է, նամակը նախագահի աշխատակազմում է: Հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե տնօրենը փորձե՞լ է իրեն հուզող հարցերով դիմել հանրապետության վարչապետին: Նա բացասական պատասխան տվեց, ասելով, որ այս երկրի հայրը նախագահն է, յուրաքանչյուր որոշում նախագահն է կայացնում, ինքը նախընտրում է ուղիղ հոր հետ խոսել եւ պատասխանը նրանից ստանալ:

Հրաչ Ջաբրայանը ներկաներին հավաստիացրեց, որ ընկերությունը շարունակելու է սոցիալական լուրջ ծրագրեր իրականացնել Կապանում: Հընթացս հայտնեց, որ լավ հարաբերություններ ունի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Հանդիպելով Սյունիքի մարզպետի հետ` նա խոստացել է 500 հազար դոլար հատկացնել Կապանի օդակայանի վերակառուցման համար: Եվ ոչ միայն այդ: Եթե ավիաթռիչքներ կատարվեն մայրաքաղաքի հետ, ընկերությունը հոգալու է օդանավում չզբաղեցրած նստատեղերի ծախսը: Հր.Ջաբրայանը մարզպետին հայտնել է իր պատրաստակամությունը 2014-ին, ընկերության գործերը բարեհաջող լինելու դեպքում, Կապանում «Դանդիի» միջոցների հաշվին կառուցել նոր մանկապարտեզ (500 հազար դոլար արժողությամբ ծրագիր է): Ըստ որոշ տվյալների` Կապանում մոտ 600 երեխա մանկապարտեզ չի հաճախում, դրանցում տեղ չլինելու պատճառով: Իսկ նշյալ մանկապարտեզն անվճար հիմունքներով կարող է հաճախել մոտ 200 երեխա:

Հանդիպման ներկաները նաեւ իրենց հարցերն ուղղեցին օրվա բանախոսին: Շահումյանի բաց հանքի հնարավոր շահագործման մասին «Սյունյաց երկրի» հարցին ի պատասխան ասվեց. «Շահումյանի բաց հանքի առնչությամբ մեր անցյալ հանդիպմանը տեղյակ էի պահել, որ թերեւս սեպտեմբերին մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք: Սեպտեմբերի 6-13-ը պաշտոնական հանդիպումներ ունեմ Տորոնտոյում (Կանադա), ընկերության սեփականատիրոջ եւ ղեկավարության հետ: Ըստ իս, եթե ոչ դրանից վաղ` սեպտեմբերի 15-ին կամ 16-ին, երբ վերադառնամ, կարող ենք հայտարարությամբ հանդես գալ բաց հանքի առնչությամբ: Իսկ մինչ այդ որոշ խորհրդակցությունների ժամանակ պիտի ճշտենք մեր անելիքը: Բայց դուք նաեւ ձեզ պատկերացրեք մեր սեփականատիրոջ փոխարեն: Եթե երկրի կառավարությունը եւ նրա կառույցները նման վերաբերմունք ու կեցվածք ունենան ձեր հանդեպ, դուք այդ դեպքում երկրում ներդրումներ կանե՞ք: Հիմա իրականությունը պատկերացրեք: Եթե այստեղ բաց հանք պիտի լինի, նվազագույն ներդրումը կկազմի 80 մլն դոլար, առավելագույնը` 300 մլն: Եթե ուզում են անկեղծորեն համագործակցել մեզ հետ, պատրաստ ենք հավելյալ ներդրումներ անել Հայաստանում:

Կառավարությունը դիմել է մեզ, որ ինչ-որ բիզնես հիմնենք Կապանում, որ չի առնչվում հանքարդյունաբերության հետ: Դա երկու մլն դոլարի հասնող ծրագիր է: Ես ինչպե՞ս սեփականատիրոջը համոզեմ, որ այդ գումարը հատկացնի, ինչպե՞ս այդ ներդրումն անենք, որ ընկերության հանդեպ անհիմն ճնշումների քաղաքականություն են որդեգրել: Նույնիսկ եթե որոշում լինի Շահումյանում բաց եղանակով հանքաքար արդյունահանել, եւ այստեղի ժողովուրդը դեմ լինի դրան, դա չի իրագործվի: Ասել եմ ու նորից կրկնում եմ. որպես հայ տնօրեն` չեմ թույլատրի այստեղ բաց հանքի գոյությունը, եթե Կապանի ժողովրդի 30%-ը դեմ է դրան: Ժողովուրդն իր համաձայնությունը պիտի տա: Կարեւոր չէ` «Դանդին» ինչ կասի, կառավարությունն ինչ կասի: Կարեւորն այն է, որ ժողովուրդն ու Հրաչն ինչ կասեն: Անկեղծ եմ ասում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ընկերության հարստացուցիչ ֆաբրիկան այս օրերին աշխատո՞ւմ է: Պարզվեց, որ օգոստոսի 15-ից ֆաբրիկան կանգնեցվել է, որովհետեւ հանքաքար չկա: Եվ դա Ջաբրայանը բացատրեց նրանով, որ «հանքի աշխատակիցներն ուղղակի ծուլության տրված են: Մարդը գալիս է` արձակուրդ է պահանջում, մերժում ես, հաջորդ օրն ասում է` հիվանդաթերթիկ ունեմ, ես գնացի: Ինչպե՞ս կարող է ձեռնարկության 22 մեքենավարից 14-ը միաժամանակ հիվանդաթերթիկ ունենալ», - իր տարակուսանքը հայտնեց տնօրենը եւ հավելեց, որ ձեռնարկությունում կառուցվում է վեց տեղանոց բուժկենտրոն, որ ունենալու է ստացիոնար բժիշկ, ով էլ գլուխ կբերի կեղծ հիվանդին հայտնաբերելու գործը: «Եթե բժիշկն ինձ ասի, որ այս մարդը հիվանդաթերթիկ է ձեռք բերել, բայց հիվանդ չէ, վայը եկել է այդ մարդուն», - կես-կատակ, կես-լուրջ իր խոսքը եզրափակեց Հրաչ Ջաբրայանը եւ հավելեց, որ սեպտեմբերի 5-ից մեկ ամսով նորից պարապուրդի կմատնվի հարստացուցիչ ֆաբրիկան` դարձյալ հանքաքար չլինելու պատճառով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10