Հրամանատարը, ով իր քաջարի զինակիցների հետ 3000 և ավելի մետր բարձրության լեռնագագաթներին հսկում է հայոց սրբազան սահմանները

26.12.2022 12:01
3653

Հայոց ազգային բանակում քիչ չեն երիտասարդ, բայց արդեն մարտական ծանրակշիռ ճանապարհ անցած (2016 թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022 թ. սեպտեմբեր 13-14-ի պատերազմներ) սպայական բարձր կոչումներ ունեցող զինվորականները: Նրանցից մեկը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է:

Այցեքարտի փոխարեն. Արամ Գևորգյանը ծնվել է 1985 թ. Կապանում, ավարտել է թիվ 27 գիշերօթիկ դպրոցը, այնուհետև զինվորական կրթություն ստացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ավարտելուց հետո ծառայությունն անց է կացրել մի շարք զորամասերում: Փոխգնդապետի կոչման համար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մասնակցել է դասընթացների: Ներկայումս N զորամասի հրամանատարն է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Փոխգնդապետ Արամ Գևորգյանը որդեգրել է մի սկզբունք. զինվորից ոչ մի մետր չկտրվել, զինվորի կյանքով ապրել. «20 տարուց ավելի ծառայում եմ, իմ ապրած օրն առանց զինվորի չեմ պատկերացնում: Մարտական գործողությունների ժամանակ զինվորը տեսել է ինձ իր կողքին, դրանից ավելի է գոտեպնդվել: Երբեմն ասել են՝ հրամանատար, քո տեղն այստեղ չէ, կարծում ես՝ չե՞նք կռվելու: Ես էլ ասել եմ, որ իրենց հետ ավելի ապահով եմ զգում, քան իրենցից մի քանի կիլոմետր հեռու: Իմ համոզմամբ՝ զինվորի առօրյայով, հոգսերով ապրող հրամանատարը չի կարող հեղինակություն չվայելել, հարգված չլինել: Երկու արու զավակ ունեմ, կերազեմ, որ զինծառայության զորակոչվելով՝ նրանք ինձ պես հրամանատար ունենան: Պարտաճանաչ զինվոր կա, դժվար դաստիարակվող, ինքնասածի, կարգազանց զինվոր էլ, պիտի բոլորին էլ հասկանաս, օրինակելի ծառայության դաշտ բերես: Սա է հրամանատարի ամենակարևոր առաքելությունը»:  

Փոխգնդապետը ներկայացնում է վերջին շրջանում իրենց կատարած գործերը՝ մարտական դիրքեր են տեղադրել, գետնատնակներ կահավորել, զինվորների և սպաների համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Այս համատեքստում երախտագիտություն է հայտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ) և «Աժդանակ» ՍՊ ընկերությանը, (տնօրեն՝ Գարիկ Ղազարյան):

Փոխգնդապետի հրամանատարությամբ զորամասը 44-օրյա պատերազմում տասը զոհ է տվել, 27 ծանր ու թեթև վիրավորներ: Այժմ զորամասի տարածքում խաչքար են կանգնեցնում նահատակված մարտական ընկերների հիշատակը հավերժացնելու համար…

Այժմ նրա հրամանատարությամբ զորամասի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում Սյունիքի արևմտյան սահմանում: Դիրքեր կան, որոնք ծովի մակարդակից 3000-3500 մետր բարձրության վրա են, որտեղ ձմռանը ձյան շերտի հաստությունը անցնում է երկու-երեք մետրից…

Ի դեպ, զորամասի տարածքում հանդիպեցինք զինվորի ծնողի: Որդու ծննդյան տարեդարձի առիթով ժամանել էր Գյումրիից: Կարճ զրույց ունեցանք զինվորի հոր հետ: Տպավորված էր թե՛ զորամասի հրամանատարության վերաբերմունքից, թե՛ որդու զինծառայության պայմաններից և ընդհանրապես զորամասում տիրող կարգապահությունից, զինվորների՝ սննդով ապահովվածությունից:

Երբ հրամանատարի հետ զրուցում էինք, նրա աշխատասենյակ ելումուտ էին անում նրա տեղակալները, զինակից ընկերները:

Ականջալուր եղանք հրամանատարի մասին ասված կարծիքներին:

Մայոր Արթուր Խաչատրյան (զորամասի շտաբի պետ):

Մեծ կամքի և ուժի տեր անձնավորություն է Գևորգյանը՝ օժտված հրամանատարական ընդգծված ունակություններով: Միշտ պատրաստ է իր առջև դրված մարտական առաջադրանքները կատարել, ինչն արտահայտվեց նաև ռազմական գործողությունների ժամանակ: Նրա հրամանատարությամբ զորամասում տիրող կարգ ու կանոնը պատշաճ մակարդակի վրա է. ռազմական գործողությունների ժամանակ ոչ մի զինվոր չի հրաժարվել իր առջև դրված առաջադրանքները կատարելուց: Իսկ առօրյայում փոխգնդապետ Գևորգյանն ընտանեկան օջախը պաշտող մարդ է, ընկերասեր անձնավորություն և իրավամբ հարգանք է վայելում թե՛ իր ենթակաների, թե՛ ընդհանրապես շրջապատի մարդկանց կողմից:

Մայոր Տիգրան Միրզոյան (հրամանատարի տեղակալ)

Մոսկվայի բարձրագույն հրամանատարական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել եմ Կարմրաքարի զորամասի հետախուզական դասակի հրամանատար: Վաշտի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն էր, միասին ծառայել ենք մինչև 2019 թվականը: Դրանից հետո տեղափոխվել եմ հատուկ նշանակության բրիգադ՝ «սպեցնազ», այնուհետև ծառայությունս շարունակել այս զորամասում: Արամ Գևորգյանը, որպես զինվորական, ունի առաջնորդի հատկանիշներ, միշտ ուսուցանել է կրտսեր ծառայակիցներին, թե՛ ծառայողական, թե՛ մեր ընտանիքների վերաբերյալ հարցերում միշտ օժանդակել է մեզ: Առօրյա կյանքում եղել է անշահախնդիր, միշտ պահել հավասարությունը: Սոցիալապես անապահով ընտանիքներից զորակոչված զինվորները միշտ իր տեսադաշտում են եղել: Մշտապես ամենածանր պահին ձեռք է մեկնել ծառայակցին: Սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված պատերազմի ժամանակ զբաղեցրել էինք մեր պաշտպանական շրջանները, հրամանատար Ա. Գևորգյանը, նկատելով, որ մեր զբաղեցրած հենակետերի առջև մարտական գործողություններ չկան, նախաձեռնություն է դրսևորել և դիմել վերադաս հրամանատարությանը՝ հնարավորության սահմաններում մեզ այնպիսի տարածք ուղարկելու, որտեղ իրադրությունն ավելի լարված է: Թող ինքնագովություն չլինի, մեր զորամասում, որի հրամանատարը փոխգնդապետ Արամ Գևորգյանն է, մարտական ոգին միշտ բարձր է: Իսկ դա արդյունք է այն բանի, որ մարտական պատրաստության պարապմունքները բարձր մակարդակով են անցկացվում:

Մայոր Ասլանյան (զորամասի թիկունքի պետ)

Մեր հրամանատարը զուսպ, աչալուրջ անձնավորություն է: Յուրաքանչյուր սպայի, զինվորի, պայմանագրայինի հոգեբանությանը խորամուխ, նրանց կարիքներին իրազեկ: Քաջատեղյակ է ամեն ինչից, լինի անձնական հարց, թե ծառայողական: Եթե մեկը նրան դիմում է որևէ հարցով, բացառված է, որ ասի՝ իրավասու չեմ այդ խնդիրը լուծել կամ իմ գործառույթների մեջ չի մտնում: Անում է ամեն ինչ, որ զինվորի ծառայությունը լիարժեք լինի: Զորամասի զինվորները մարտական հերթապահություն են անցկացնում բարձրադիր դիրքերում, որտեղ եղանակը դաժան է լինում ձմռան ամիսներին, և այս համատեքստում կասեմ՝  զինվորն ապահովված է ամեն ինչով՝ սկսած կոշիկներից, վերջացրած տաք գուլպաներով, հագուստով և գլխարկով: Զինվորների ծնողներն էլ այցելելով զորամաս՝ համոզվել են, թե իրենց որդիներն ինչպիսի սնունդ են ստանում և ինչ համազգեստով են գնում մարտական հերթապահության՝ դիրքեր:

N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Փափագ Հովհաննիսյան

- Մարտական ընկերոջս՝ փոխգնդապետ Գևորգյանին ճանաչում եմ 2007-2008 թվականներից: Իրար հետ անցել ենք մարտական երկար ուղի: Կասեմ, որ առօրյա կյանքում հարևաններ ենք, մտերիմ-ընկերական հարաբերություններ ունենք, մոտ ենք ընտանիքներով: Ընտանիքի օրինակելի հայր ու ամուսին է: Քանի որ Նոր տարվա շեմին ենք, փոխգնդապետ Գևորգյանին մաղթում եմ քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, Աստված պահապան լինի իր բարեպաշտ ընտանիքին. շնորհավոր լինի նրա և նրա մերձավորների, նրա ենթակայությամբ ծառայող զինվորականության Ամանորն ու Սուրբ ծնունդը, նրան և նրա ենթակայությամբ ծառայող սպաներին և զինվորներին՝ խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Մեր մեծերն են ասում՝ նայիր արմատին: Արամ Գևորգյանը սերում է Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից ծնողներից: Տարիներ առաջ «Սյունյաց աշխարհ» թերթում (9-ը մարտի 2001 թ.) «Կոչումը՝ գթության քույր» խորագրով ակնարկ եմ գրել նրա մոր, այն ժամանակ Կապանում տեղակայված զորամասի բուժքույր Մելանյա Գևորգյանի մասին, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, շատ ու շատ զինվորների, վիրավորների վերքերին սպեղանի դրել… Հոգին խաղաղվել է, երբ զինվորի մշուշված աչքերը բացվել են, նա իրեն լավ է զգացել:

Ամուսինը հայ-ադրբեջանական հակամարտության օրերից զենքը ձեռքին էր, 1992-ի հունիսին ծանր վիրավորվեց «Տրիցատի» կոչվող կիսակայարանում, ութ ամիս գամված է եղել անկողնուն… Խնամելով ամուսնուն՝ հարազատության զգացում ծնվեց մեջը՝ կռվող տղաների հանդեպ, և երբ Կապանում ձևավորվեց Հայոց ազգային բանակի զորամասերից մեկը, անդամագրվեց նրան որպես բուժքույր: Տողերիս հեղինակի համար հաճելի էր նորից վերընթերցել այդ հրապարակումը, որտեղ ուշագրավ փաստեր կան Արցախյան առաջին պատերազմից, բուժքույր Մելանյա Գևորգյան կին զինծառայողի մարտական առօրյայից:

… Երբ հրաժեշտ էինք տալիս հրամանատարին, ականատես եղանք զորամասի տարածքում իրականացվող շինաշխատանքներին: Փոխգնդապետ Արամ Գևորգյանը մոտեցավ շինարարներին: Երևաց՝ ինչ-որ ցուցումներ էր տալիս, ինչ-որ բաներ ճշտում: Կնշանակի, որ նրա տեսադաշտում ոչ միայն զինվորական գործերն են…

Իսկ ամենավերջում հրամանատարը խնդրեց Նոր տարվա կապակցությամբ իր մաղթանքները հաղորդել «Սյունյաց երկրի» ընթերցողներին. «Շնորհավուրում եմ հայ ժողովրդի Ամանորը մայր հայրենիքում և ի սփյուռս համայն աշխարհի: Թող խաղաղ բացվեն առավոտները հայ շինականի, զինվորի, մտավորականի, բոլոր-բոլորի համար:

Աստված բոլորիս պահապան»:

Վահրամ Օրբելյան

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34