«Հռանանք վըեչ մըեր նշխարար էս ծօրան...»

20.10.2014 09:57
2079

144 տարի առաջ` 1870 թվականին, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով Գորիսը ստացավ քաղաքի կարգավիճակ

Գորիս քաղաքը հոկտեմբերի 10-ին յուրահատուկ տեսք էր ստացել. նշվում էր քաղաքի 144-ամյակը, որ հազարամյակների պատմություն ունեցող բնակավայր կարելի է համարել: Քաղաքի ամեն անկյունը շնչում էր գորիսյան ավանդական դարձած տոնակատարությամբ: Ամենուրեք ուրախ տրամադրություն էր` մանուկների պար, աշուղական երգ ու երաժշտություն, ավանդական հյուրասիրություն…

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Մխիթար Սպարապետի հրապարակից, որտեղ ներկաներին ողջունեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, բանակային առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը, Գորիսի քույր քաղաք Վիենի քաղաքապետ Տիերի Կովակսին, մեկ այլ քույր քաղաքի` բելոռուսական Նեսվիժի քաղաքային խորհրդի նախագահ Վալերի Լազյուկը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շնորհավորանքի խոսքում մասնավորապես նշեց. «Գորիսն իր բազմադարյան պատմության ընթացքում կարողացել է մաքառել թշնամու դեմ, փառքով տոնել իր հաղթանակները, սերունդներին թողնել բարձր արժեքներ: Մեր պատերազմը դեռ ավարտված չէ, եւ այն ավարտին հասցնելու համար պետք է լինենք միասնական, պատրաստ դիմակայելու բոլոր արհավիրքներին: Գորիսը պիտի սերունդներին փոխանցենք այնպիսին, ինչպես մեր պապերն են մեզ ավանդել»:

Տոնին իր հայրապետական օրհնությունն էր բերել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը. «Գորիսը մեզ համար ոչ թե մայրաքաղաք է, սովորական բնակավայր, այլ այն միշտ էլ եղել եւ մնում է թշնամու դեմ պայքարող վահան: Թող Աստված օրհնի Գորիսը, Սուրբ հոգու խաղաղությունը բերի տեղի բնակիչներին: Աստծո սերը, շնորհն` ամենքիս վրա, եւ թող Աստված բազում հնարավորություններ տա, որ մենք միասին կարողանանք այս մեր փոքրիկ, գեղեցիկ բնօրրանի տոնկատարությունն ավելի շքեղությամբ նշել»:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը նշեց, որ գորիսյան նմանատիպ տոները եւս մեկ անգամ ապացուցում են, որ մենք ունենք դարերով մեզ հասած հիանալի մշակույթ ու ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին:

Առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը հատկապես շեշտեց գորիսեցիների անկոտրում կամքի, բոլոր ժամանակներում հայ ազգի հաղթանակների եւ դրանց կերտման ճանապարհին գորիսեցիների ունեցած դերակատարության մասին:

Քույր քաղաքների ղեկավարները հատկապես կարեւորեցին քաղաքների համագործակցությունը` գորիսեցիներին մաղթելով նորանոր հաջողություններ ու բարեկեցություն:

Շնորհավորական ուղերձներից հետո տոնի մասնակիցներն այցելեցին Հին Գորիս` Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնուհետեւ` Ամֆիթատրոնի տարածք: Այստեղ մասնակիցները մի պահ մտովի տեղափոխվեցին վաղնջական Գորիս` Կյորես` ականջալուր լինելով հնացող ու մաշվող, բայց օրեցօր ավելի շքեղացող Կյորեսի լեզվին: Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնի ու Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ուսանողները ներկայացրին հատվածներ Ակ.Բակունցի «Կյորես» վիպակից` վերջում ներկաներին ավանդական մատաղի համտեսի հրավիրելով: Գորիսի Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաները կատարեցին գեղեցիկ ժողովրդական երգեր:

Հաջորդ կանգառը Սերո Խանզադյանի անվան N 6 հիմնական դպրոցն էր, որտեղ եռագույնի «տեղատարափ» էր. աշակերտներն աղուհացով դիմավորեցին հյուրերին: Սերո Խանզադյանի արձանին ծաղիկներ դնելուց հետո հյուրերին երգ ու պարով ողջունեցին դպրոցի աշակերտները, իսկ վերջում դպրոցի տնօրենը միասնության շուրջպարի հրավիրեց հյուրերին:

Գետափնյա թաղամասի շենքերի խաղահրապարակն այդ օրը սովորականից ավելի մարդաշատ էր: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, «Որոտան հէկերի համակարգ» ՓԲ ընկերության տնօրեն Սասուն Խաչատրյանի, Գորիսի ավագանու անդամ Գոռ Տիգրանյանի, ինչպես նաեւ գորիսեցի բարերարների միջոցներով գեղեցիկ հրապարակ էր կառուցվել, որի բացման պատիվը տրվեց «Որոտան հէկերի համակարգ»-ի տնօրեն Սասուն Խաչատրյանին: Նշենք, որ մանկական խաղահրապարակի սարքավորումները տրամադրել է «Փյունիկ» հիմնադրամը (տնօրեն` Լեւոն Սարգսյան): Քաղաքապետը շեշտեց, որ այսուհետ համայնքի այն թաղամասը, որն ավելի ակտիվ կմասնակցի Գորիսի բարեկարգմանը, մաքուր կպահի իր շրջակայքը, կխրախուսվի նմանատիպ խաղահրապարակ ունենալով: N 3 նախակրթական ուսումնական հաստատության փոքրիկ սաներն իրենց աշխույժ պարով հիացրին` ներկաներին պարտավորեցնելով մեր վաղվա օրվա համար ստեղծել համապատասխան պայմաններ:

Գորիսի խորհրդանիշներից մեկն Ակսել Բակունցն է, ում տուն-թանգարանը տոնակատարության հաջորդ հանգրվանն էր: Տուն-թանգարանի «Միրհավ» գրական խմբակի (ձեւավորվել է 2013թ.) անդամները մի պահ բակունցյան հրաշագեղ աշխարհ տեղափոխեցին ներկաներին. «Միրհավ», «Ալպիական մանուշակ» պատմվածքներից` հաճելի մեղեդիների ուղեկցությամբ հատվածներ ընթերցելով` եւս մեկ անգամ ամրապնդեցին մեծ արձակագրի` հայ ժողովրդի հավերժական ընթացքի ուղեկիցը լինելու դերը:

«Միրհավ» գրական խմբակի ղեկավար Թեհմինա Մարությանը ներկայացրեց տուն-թանգարանի, գրական ակումբի եւ քաղաքապետարանի կողմից հայտարարված ««Միրհավը» ընթերցելուց հետո» վերնագրով դպրոցականների շարադրության արդյունքները: Մրցույթին մասնակցել էին թե՛ քաղաքային, թե՛ գյուղական դպրոցների աշակերտներ: Քաղաքապետ Վաչագան Ադունցն առաջին երեք մրցանակային տեղ գրավածներին պարգեւատրեց դիպլոմներով` Ակ.Բակունցի ծննդյան 115-ամյակին եւ Գորիսի 144-ամյակին նվիրված ««Միրհավը» ընթերցելուց հետո» շարադրության մրցույթին մասնակցելու համար: Իսկ ոչ մրցանակային տեղ զբաղեցրած աշակերտներն արժանացան շնորհակալագրերի: Առաջին կարգի դիպլոմի արժանացավ Գորիսի N 3 հիմնական դպրոցի աշակերտուհի Ջուլիետա Բաղդասարյանը, երկրորդ կարգի` Կորյուն Դաջունցը, երրորդ կարգի` Հերմինե Թոխսանցը:

Գորիսեցիները հայտնի են իրենց առանձնահատուկ հյուրասիրությամբ, որ մեր օրերում շատ վայրերում կարծես մոռացության է մատնվում: Բայց գորիսեցիները շարունակում են պահել հնագույն ու բարի այդ ավանդույթը: Տոնական օրն ամեն գորիսեցու տան առաջ առատ սեղան էր բացվել. հյուրերը, բաժակ բարձրացնելով, միմյանց շնորհավորում էին տոնի կապակցությամբ` քաղաքին մաղթելով խաղաղություն եւ բարեկեցություն: Գորիսյան հյուրասիրությունը ոգեւորել էր նաեւ քաղաքի օտարերկրացի հյուրերին. մասնավորապես Վիենի քաղաքապետը նշեց, որ Գորիսից կուզենար տանել նրա բնակիչների հյուրասիրությունն ու բարյացակամ վերաբերմունքը:

Հոկտեբերի 10-ի նախօրեին Վիենի եւ Նեսվիժի պատվիրակությունների անդամներն այցելել էին քույր քաղաքների համագործակցության ոլորտ ընդգրկված կազմակերպություններ` Գորիսի բժշկական կենտրոն, N 5 ՆՈՒՀ: Հյուրերի համար կազմակերպվել էին հետաքրքիր միջոցառումներ:

Գորիսի ցերեկային խնամքի կենտրոն հաճախում է 100 հաշմանդամ երեխա, ովքեր հյուրերին դիմավորեցին իրենց կատարումներով: Կենտրոնում գործող կավագործության խմբակի սաներն իրենց ձեռքով պատրաստած իրերը նվիրեցին հյուրերին:

Մխիթար Սպարապետի հրապարակում մշակութային իրարանցում էր: Մի հատվածում բացվել էին արվեստի դպրոցի, Գորիսի տարբեր արվեստագետների, կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, մյուս մասում հնչում էին երաժշտական դպրոցների սաների կատարումները, ընթանում` շախմատային խաղեր:

Գորիսի մարզադաշտում Գորիսի եւ Կապանի պատանիների ֆուտբոլային հանդիպում տեղի ունեցավ:

Տոնական տրամադրությունն ամբողջացրին Գուսան Աշոտի անվան ժողգործիքների եւ «Սյունիք» պարային համույթների կատարումները:

Վերջում երկնակամարում առկայծող լույսերը մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Գուսան Աշոտի սրբազան պատվիրանը. «Հռանանք վըեչ մըեր նշխարար էս ծօրան…»։

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31