Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանն այլևս իրողություն է

16.05.2025 15:58
695

2024 թ. դեկտեմբերի 4-ին՝ վաղամեռիկ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի ծննդյան օրը, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսը: Հանդիսության ժամանակ հայտարարվեց, որ 2025 թ. գարնանը նախատեսվում է բացել Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանը՝ Սմբատ Մելիք-Ստեփանյան 10 հասցեում, որտեղ նա ստեղծագործել է մոտ 30 տարի, և կապանցիների համար արդեն իսկ հոգեհարազատ ու սիրված վայր էր դարձել:

Եվ ահա տուն-թանգարանն իրողություն է: Մայիսի 10-ին մարդաշատ էր Սմբատ Մելիք- Ստեփանյան թիվ 10 շենքի մերձակայքը: Տուն-թանգարանի բացմանը մասնակցում էին հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, գեղանկարչի արվեստագետ գործընկերներ, տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ, հյուրեր: Միջոցառումը ներածական խոսքով բացեց Հրանտ Դանիելյանի Արամ որդին, նշելով, որ դեռևս իր հայրիկի կենդանության օրոք արվեստանոցը վերածվել էր թանգարանի, որտեղ բազմաթիվ մարդիկ էին լինում, հաղորդակցվում նրա գեղանկարչական արվեստին: Նա նաև հայտնեց, որ բազմաբնակարան շենքի տեղում խորհրդային շրջանում եղել է իրենց պապական տունը: Այն Կապանի կառուցապատման ընթացքում քանդվեց, և կառուցվող շենքի առաջին հարկում Հրանտ Դանիելյանին արվեստանոց հատկացվեց, որ այսուհետ կգործի որպես տուն-թանգարան:

Հաջորդիվ ելույթ ունեցավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը. «Այսօր շատ հուզական օր է, որովհետև գտնվում ենք մի վայրում, որտեղ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը  կյանքի մինչև վերջին օրն այստեղ է անցկացրել, ստեղծագործել, մտորել, արարել, կյանք տվել կտավներին, կյանքով լցրել իր արվեստանոցը: Կա մի ասույթ, որ նկարչի մահով մահանում է նաև արվեստանոցը: Բայց սա այդ դեպքը չէ, որովհետև Հրանտ Դանիելյանի ժառանգներն արեցին ամեն հնարավորը, որ արվեստանոցը վերածնվի, վերապրի, դառնա թանգարան: Եվ ես վստահ եմ, որ այս թանգարանը չի ծառայելու լոկ որպես Հրանտ Դանիելյանի արվեստի, նրա անձնական իրերի ցուցադրության վայր, այլ դառնալու է մի մշակութային կարևոր օջախ Կապան քաղաքում՝ իր դռները բացելով կարողանալու է հյուրընկալել բազում արվեստասեր մարդկանց թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Եվ  ճանաչելով նրա ժառանգներին՝ վստահաբար կարող եմ ասել, որ այս թանգարանը դառնալու է կրթական օջախ, որովհետև այստեղ իրականացվելու են տարբեր նախագծեր, մշակութային միջոցառումներ, որոնք կծառայեն ի նպաստ հայ ժողովրդի և մեր մատաղ սերնդի: Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ և թանգարանին մաղթում բարի ընթացք»:

Հանրային խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը համոզմունք հայտնեց, որ թանգարանը գալիս է հարստացնելու Կապան քաղաքի մշակութային դիմագիծը: Նաև հայտնեց, որ ընկերություն է անում Դանիելյան եղբայրների հետ և հետևելով նրանց գործունեությանը՝ թե՛ պատգամավորական առաքելության մեջ, թե՛ կրթական ծրագրերում, թե՛ մասնավոր հատվածում, չի կասկածում, որ բացվող թանգարանը լինելու է կենդանի և շնչող կառույց, և ինքը Դանիելյան եղբայրների հետ զրուցել է Մատենադարանի հետ կրթական ծրագրեր իրականացնելու շուրջ:

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը, երախտագիտություն հայտնելով միջոցառման մասնակիցներին, մասնավորապես ասաց, որ արվեստանոցում հայրը ստեղծագործել է 1987 թվականից, հետո եղավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, մոտակա բարձունքներից Կապանը հրետակոծվում էր, և արվեստանոցը վերածվել էր ապաստարանի, որտեղ մարդիկ պատսպարվում էին արկերի պայթյուններից. «Այդ դժվարությունների միջով անցնելով՝ հայրս և շատ կապանցիներ չեն ընկրկել և շարունակել են իրենց գործը: Հայրս հավատարիմ մնալով իր կոչմանը, թողեց մի ժառանգություն, որ այսօր կարողանանք ստեղծել տուն-թանգարան, ինչի համար բոլորիս շնորհավորում եմ և համոզմունք եմ հայտնում, որ այն մի փոքրիկ այցեքարտ կլինի Կապանի համար»:

Ելույթներից հետո տեղի ունեցավ Հրանտ Դանիելյանի հուշատախտակի բացումը՝ «Այս տանը 1987-2021 թթ. ապրել և ստեղծագործել է անվանի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանը» և մարդիկ մուտք գործեցին տուն-թանգարան՝ ծանոթանալու արվեստագետի գեղանկարչական աշխատանքներին և անձնական իրերի ցուցադրանքին:

 

***

Եվ այսպես՝ մարզկենտրոն Կապանը մշակութային նոր հասցե ունի՝ Սմբատ Մելիք-Ստեփանյան–10, որտեղ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանն է բացվել, որտեղ արվեստագետն իր մանկությունը, պատանեկությունը, ընդհանրապես ողջ գիտակցական կյանքն է անցկացրել։ 1987 թվականից արվեստագետն այստեղ ստեղծագործել է, Արցախյան պատերազմի օրերին շենքի բնակիչների համար երբեմնի արվեստանոցը ծառայել ապաստարան։ Գեղանկարիչը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 2021 թվականին։ Եվ ահա նրա երեք որդիների մտահղացմամբ և ջանքերով արվեստանոցը վեր է ածվել տուն-թանգարանի, ասել է թե՝ նոր կյանք ու շունչ է առել...

Գարնանային գորշ ու անհրապույր եղանակը թողնելով հետևում՝ մտնում ենք նորաբաց տուն-թանգարանը և միանգամից հայտնվում գույների վառվռուն, անիմանալի աշխարհում։ Ամեն ինչ նույնն է, ինչ Հրանտի կենդանության օրոք, նույնիսկ մոխրամանում նրա ծխած վերջին գլանակների կոթուկներն են, կախիչին՝ բաճկոնները: Թվում է՝ արվեստանոցից նոր է դուրս եկել: Եվ ուր որ է՝ ներս կմտնի: Փոքրիկ մի արվեստանոց է, բայց տեղովը մեկ՝ կոլորիտ: Իսկույն աչքի է զարնում Խուստուփի բնապատկերով գեղանկարը: Ասենք՝ յուրաքանչյուր կապանցի իր մտապատկերում ունի Խուստուփը: Դիցական լեռը յուրովի մարմնավորումներ, արտահայտչաձևեր է ստանում Հրանտ Դանիելյանի գեղանկարներում: Կարելի է ասել՝  գեղանկարչի ուղին նա սկսեց Խուստուփով և ավարտեց Խուստուփով: Աչք են շոյում նաև ծաղիկներով նատյուրմորտները, դիմանկարները:

Հաջորդը, որ ուշադրություն է գրավում՝ հոր և մոր դիմանկարներն են: Ի դեպ, հայրը՝ Արամայիս Դանիելյանը, ոչ դյուրին կենսագրություն է ունեցել. ստալինյան հալածանքների տարիներին բռնադատվել է, տասը տարի անցկացրել սիբիրյան աքսորում: Հետաքրքրական շատ մարդկանց է հանդիպել՝ գրողներ, արվեստագետներ, որոնցից մեկը արձակագիր Գուրգեն Մահարին էր: Թանգարանում ցուցադրված է Մահարու՝ Արամայիս Դանիելյանին ուղղված նամակի բնօրինակը՝ թանգարանային եզակի մի նմուշ:

Տուն-թանգարանը նաև երկրորդ հարկ ունի, ճիշտ է, տարածքով շատ ավելի փոքր, բայց չափազանց կոլորիտային: Անկյունում նվագարկիչն է՝ ձայնասկավառակով: Թանգարանի աշխատակցուհի Լուսինե Հարությունյանը միացնում է այն, և տարածվում են Վլադիմիր Վիսոցկու երգի ելևէջները: Իմանում ենք, որ սիրում էր նկարել Վիսոցկու երգերի «ուղեկցությամբ»:

Զանազան հնաոճ առարկաներ կան այստեղ, ինչից կարելի է եզրակացնել, որ Հրանտը հին առարկաներ հավաքելու նախասիրություն է ունեցել: Այդ առարկաները՝ պապենական տրեխներ, կուլա, կժեր, մետաղյա ամաններ ու զանազան անոթներ արտացոլումն են գտել նրա նատյուրմորտներում, ինչի շնորհիվ նկարի կոլորիտը, անկասկած, ապահովված է:

Ընդհանրապես Հրանտը մեր պատմական անցյալին անդրադառնալու, հին հիշատակները սրբորեն պահպանելու հակում է ունեցել: Վկան՝ իրենց տոհմը ներկայացնող լուսանկարները և նախնիներին պատկանող անձնական իրերը: Տեսնում ենք նաև մի տակառիկ: Իմանում ենք, որ կոնյակով հյուրասիրում էր թանգարանի այցելուներին, քաղցրավենիքի ու շոկոլադի  հետ: Այստեղ նաև մի երգիծանկար կա, իր ընկերական շրջապատն է, ընկերներից ոմանք, ինչպես և ինքը, ավա՜ղ, արդեն հանգուցյալ:

Թանգարանում կա ալբոմ, որում ամփոփված են նրա ցուցահանդեսների մասին պատմող հրապարակումներ՝ «Պղնձի համար» շրջանային, «Սովետական դպրոց» հանրապետական, «Սյունիք», «Սյունյաց աշխարհ», «Սյունյաց երկիր» մարզային պարբերականներ, նաև շրջանային թերթից կտրված մի փոքրիկ հրապարակում կա, որ պատմում է խորհրդային բանակում նրա օրինակելի ծառայության մասին:

Տուն-թանգարանում Հրանտի ստեղծագործությունների՝ նատյուրմորտներ, դիմանկարներ, գծանկարներ, մի փոքր մասն է ներկայացված, բայց դրանք հնարավորություն են ընձեռում պատկերացում կազմել արվեստագետի նախասիրությունների, ստեղծագործական ընկալումների մասին:

Ինչպես նշեցին որդիները բացման արարողության ժամանակ, տուն-թանգարանն այլևս Դանիելյան ընտանիքին չի պատկանում, այլ կապանցիներին ու Կապան այցելող հյուրերին: Տուն-թանգարան առաջին այցելողները Կապանի արվեստի պետական քոլեջի սովորողներն են եղել, ովքեր անմիջական գրառում են թողել տուն-թանգարանի տպավորությունների մատյանում: Ի դեպ, այդ քոլեջում ժամանակին դասավանդել է Հրանտ Դանիելյանը, և հիմա նրա սաներից ոմանք են արվեստի լեզուն հասու դարձնում նոր սերնդին…

Վահրամ Օրբելյան

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00