«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉ Է` ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԵՏՔ Է ԱԴՐԲԵՋԱՆ ԳՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՀԵ՞Տ

20.08.2024 10:45
940

«Հրապարակի» զրուցակիցն է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ 

- Վլադիմիր Պուտինը պետական այցով Ադրբեջանում է։ Ինչպե՞ս կգնահատեք այդ այցը։ 

- Ես ոչ մի կերպ չեմ գնահատում այդ այցը, ես չեմ մասնակցում այդ հանդիպմանը, իսկ այցի մասին տեղեկատվությունը բացառապես ստանում եմ լրատվական միջոցներից, որոնք, ցավոք սրտի, ոչ միշտ են ինձ համար հասանելի, որովհետեւ ես Մոսկվայից դուրս չեմ գալիս։ Սա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցն է Ադրբեջան։ Այդքանը։ 

- Պուտինն արդեն մի քանի հայտարարություն է արել այն մասին, թե որքան հիասքանչ են Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները; Հետաքրքիր է, որ չնայած Էրդողանը մի քանի անգամ ակնարկել է Պուտինի հետ հանդիպման ցանկության մասին, սակայն Պուտինն իր ոտքով Բաքու է գնում, Թուրքիա չի գնում: Արդյո՞ք սա Էրդողանին ուղղված մեսիջ է այն մասին, որ ինքն ուղիղ Ադրբեջանի հետ է աշխատելու՝ առանց Թուրքիայի ներգրավվածության։ 

- Ես չեմ կարծում, թե խոսքն այն մասին է, որ Պուտինը պատրաստվում է հրաժարվել Էրդողանի հետ կոնտակտներից, ենթադրելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների բոլոր հարցերը հնարավոր է լուծել Ադրբեջանի միջոցով։ Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: Հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի մտերմությունը, իհարկե, ես գիտեմ դեպքեր, երբ կոնկրետ ուղերձներ, մեսիջներ Թուրքիային են փոխանցվել, հատկապես երբ հարաբերություններում լարվածություն է եղել, ինչ-որ մեսիջներ կարող են Ադրբեջանի միջոցով փոխանցվել: Կարծում եմ, որ Պուտինի այցն ինքնուրույն նշանակություն ունի, դա Թուրքիայի հետ կոնտակտների փոխարեն չէ, պարզապես այս իրավիճակում ամբողջովին բացատրելի է նախագահի ցանկությունը՝ կոնտակտի մեջ լինել հարեւանների հետ, որպեսզի նրանց հետագա գործողություններում որեւէ անսպասելի բան չլինի Ռուսաստանի նկատմամբ, նախապես իմանալու համար, թե ինչ կարելի է ակնկալել եւ ինչ պետք չէ ակնկալել: 

- Պուտինն Ալիեւի հետ քննարկել է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, կոմունիկացիաների ապաշրջափակում եւ այլն, ու այդ ամենը՝ հայկական կողմի բացակայության պայմաններում: 

- Կներեք ինձ, խնդրում եմ, եթե Պուտինը գնում է Ադրբեջան պաշտոնական այցով, դժվար թե կարելի է նրան մեղադրել դրանում: Ինչ է, նա պետք է Ադրբեջան գնա Հայաստանից թարգմանչի հե՞տ: Ես այսպես եմ կարծում. Պուտինն Ալիեւի հետ քննարկելու է ռուս-ադրբեջանական հարաբերությունները, իհարկե, հարցեր ու քննարկումներ կլինեն՝ կապված այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Արցախում, եւ խաղաղության պամանագրի ու այլ հարցերի վերաբերյալ քննարկումներ։ Այդ ամենը շատ բնական է: Ցանկացած պետական գործիչ` լինի նա Ռուսաստանից, Եվրամիությունից, թե ԱՄՆ-ից, եթե գա Ադրբեջան կամ Հայաստան, իհարկե, քննարկելու է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Պարզ է, որ Պուտինն իր պատկերացումները Հայաստանի մասին ձեւավորում է Հայաստանի հետ ունեցած իր կոնտակտներից, ոչ թե Ադրբեջանի: Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանի հետ քննարկելու է այդ հարցերը: Սակայն պատկերացնել, որ Պուտինը պիտի Հայաստանի համաձայնությունը ստանա Ադրբեջան այցելելու համար, ինձ թվում է՝ դուրս է ցանկացած ըմբռնումից: 

- Դուք նշեցիք, որ այս այցով Պուտինն ուզում է վստահ լինել, որ հարեւանների կողմից ՌԴ-ի դեմ անսպասելի կամ անցանկալի անակնկալներ չեն լինի: Այդ անակնկալները ռուս-ուկրաինական պատերազմի՞ն են վերաբերում, թե՞ Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի դեմ ծրագրերին: 

- Ուզում եմ ասել, որ մեզ միեւնույն չէ, թե ինչ է տեղի ունենում Անդրկովկասում, միեւնույն չի կարող լինել: Պուտինը, իհարկե, կոնսուլտացիաներ է ունենում բոլորի հետ, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հետ, թե հետագայում ինչ է տեղի ունենալու նրանց հարաբերություններում, եւ ինչպես Ռուսաստանը կարող է աջակցել այս երկրների միջեւ իրավիճակի հանդարտեցմանը: Կարծում եմ՝ Պուտինը հստակ գնահատական է տալիս այն հանգամանքին, որ թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Հայաստանը հիմա գերադասում են բանակցություններ վարել ոչ թե ռուսական, այլ արեւմտյան կողմում, հենց այնտեղ են պայմանավորվածություններ ունենում, հենց այնտեղ են հանդիպում: Ընդ որում, հարաբերությունները տարբեր ձեւ են դասավորվում՝ անձնական եւ պաշտոնական մակարդակներում` ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Մենք չենք կարող շրջանցել, եւ նախագահի զրուցակիցներից ոչ ոք չի շրջանցում Ուկրաինայում իրականացվող հատուկ օպերացիայի մասին խոսակցությունը, եւ նախագահ Պուտինն այդ իրավիճակի վերաբերյալ իր պատկերացման մասին կպատմի Ալիեւին: Այո, մենք փաստում ենք, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հարաբերվում են Ռուսաստանի հետ եւ զուգահեռաբար չեն նվազեցնում ու ոչ մի կերպ չեն սահմանափակում ուկրաինական կողմի հետ իրենց շփումները՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը: Վերջին շրջանում Հայաստանն ավելի ու ավելի շատ, իսկ Ադրբեջանն ավանդույթի համաձայն է դա արել միշտ, ինչպեսեւ՝ Թուրքիան: Մենք ստիպված ենք դա հաշվի առնել, եւ, իհարկե, մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ մասշտաբների է այդ համագործակցությունը, որքանով է այն ազդում առաջնագծում իրավիճակի, պատերազմի վրա եւ այլն: Սա այն ամենն է, ինչը, իմ կարծիքով, քննարկվելու է Ալիեւի հետ: Սա իմ ենթադրությունն է, իմ կարծիքն է, ես Պուտինի օրակարգին ծանոթ չեմ: 

- Ռուսաստանում հայերի միությունը դիմել է Պուտինին՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը: Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն այս հարցը կքննարկի՞ Ալիեւի հետ: 

- Ես դրա հույսն ունեմ, եւ ինքս կողմ եմ այն քայլին, որ մենք այդ հարցը դնենք ադրբեջանական կողմի առաջ: Ես հույս ունեմ, եւ, որքան գիտեմ, նման բան արդեն եղել է, արդեն պատահել է, բայց բավականին տարօրինակ իրավիճակ է: Այնպիսի տպավորություն է, որ հայ ռազմագերիների ճակատագիրը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների հարցը, Ռուսաստանում շատերին է հետաքրքրում, բայց ոչ մի կերպ չի հետաքրքրում Հայաստանի իշխանություններին: Ես ոչ մի անգամ չեմ լսել, որ Վարդանյանի, Սահակյանի, Ղուկասյանի եւ մյուս քաղբանտարկյալների ճակատագիրը, ովքեր առեւանգվել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված օպերացիայի ժամանակ, դառնա քննարկումների առարկա հայկական կողմի հետ: Եթե Դուք այդ մասին ինչ-որ բան գիտեք՝ ասացեք, ես ոչինչ չգիտեմ: Մյուս կողմից, անընդհատ հարց է առաջանում այն մասին, թե արդյոք ռուսական կողմն այդ հարցով զբաղվելո՞ւ է: Ես հույս ունեմ, որ կզբաղվի: Բայց կարծում եմ, որ հայկական կողմն էլ կարող էր այդ հարցով զբաղվել: 

- Ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր: 

- Այո, ճշտեմ՝ պետք է զբաղվեր, այսպիսի բաներ:

 

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46