Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը

09.09.2024 16:46
557

Կանոնակարգ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի nւ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը ստեղծվել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացնելու նպատակով,

Նշելով, որ Հանձնաժողովները կհիմնվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին),

Պայմանավորվեցին հետևյալի մասին.

Հոդված 1

  1. Սույն Կանոնակարգով կարգավորվում է Հանձնաժողովների համատեղ գործունեությունը։ Հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կարգը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Կառավարությունների կողմից հաստատված Աշխատակարգով:
  2. Ելնելով անհրաժեշտությունից՝ Հանձնաժողովներն իրենց աշխատանքներում ներգրավում են փորձագետների և մասնագետների։

Հոդված 2

1. Սահմանազատման գործընթացում Հանձնաժողովներն օգտագործում են բոլոր վերաբերելի քարտեզագրական փաստաթղթերը, ինչպես նաև բոլոր նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերը:

2. Հանձնաժողովները համաձայնեցված կազմակերպում և վերահսկում են տիեզերալուսանկարահանման և օդալուսանկարահանման, գեոդեզիական, կադաստրային և քարտեզագրական աշխատանքների իրականացումը, տեղանքում սահմանագծի անցման հատվածների տեղազննման եւ հետազոտման աշխատանքների կատարումը, ինչպես նաև սահմանազատման իրականացման հետ կապված այլ աշխատանքների կատարումը (այսուհետ` սահմանազատման աշխատանքներ):

3. Սահմանազատման աշխատանքների կատարման ընթացքում Հանձնաժողովների միջև ազգային օրենսդրություններով սահմանված կարգով իրականացվում համապատասխան տիեզերալուսանկարահանման օդալուսանկարահանման, քարտեզագրական եւ գեոդեզիական նյութերի փոխանակում՝ սույն Կանոնակարգի 5-րդ հոդվածով սահմանված պետական սահմանի սահմանազատման քարտեզի (այսուհետ՝ սահմանազատման քարտեզ) ստեղծման նպատակով։

4. Հանձնաժողովները մշակում, համաձայնեցնում և ընդունում են հետևյալ փաստաթղթերը՝

1) սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը.

2) սահմանազատման քարտեզի ստեղծման մասին ուղեցույցը.

3) սահմանազատման քարտեզի վրա հայկական աշխարհագրական անվանումներն ադրբեջաներենով և ադրբեջանական աշխարհագրական անվանումներն հայերենով արտացոլելու կարգի մասին ուղեցույցը.

4) պետական սահմանագծի անցման արձանագրություն-նկարագրություն կազմելու կարգի մասին ուղեցույցը.

5) սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը։

5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերի ճշգրիտ անվանումները կհամաձայնեցվեն Հանձնաժողովների աշխատանքի ընթացքում։

6. Անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողովների համաձայնությամբ, ի լրումն նշված փաստաթղթերի կազմվում են այլ ուղեցույցներ և կանոններ:

Հոդված 3

1. Սահմանազատման ընթացքում Հանձնաժողովները՝

1) ձևավորում են սահմանազատման փորձագիտական խմբեր, որոնք տեղանքում իրականացնում են սահմանազատման համալիր միջոցառումներ, և աշխատանքների արդյունքներով կազմվում են փաստաթղթեր՝ Հանձնաժողովներին ներկայացնելու համար.

2) իրականացնում են սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության ղեկավարումն ու վերահսկողությունը.

3) ուսումնասիրում, ստուգում եւ ընդունում են սահմանազատման փորձագիտական խմբերի կողմից ներկայացրած փաստաթղթերը.

4) իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնում են սույն Կանոնակարգի պատշաճ կատարումն ապահովելու համար անհրաժեշտ այլ լիազորություններ:

2. Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են պարիտետային հիմունքներով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր Հանձնաժողով ծախսերը հոգում է ինքնուրույն։ Հատուկ դեպքերում ծախսերի հարցը ենթակա է առանձին համաձայնեցման։

Հոդված 4

Սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս Հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ և համաձայնեցնել գործընթացի չափանիշներն ու ձևերը հետևյալ նպատակներով՝

1) սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովում.

2) սահմանամերձ տարածքների բնակիչների համար իրենց ավանդական տնտեսական գործունեության համար պայմանների ստեղծում.

3) ինժեներական, էներգետիկ, տրանսպորտային, մելիորացիոն և այլ ենթակառուցվածքների անդրսահմանային օբյեկտների, արգելոցների, ազգային պարկերի գործունեության ապահովում, էկոլոգիական և բնապահպանական գործունեության պահպանում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործում.

4) պաշտամունքային նշանակության օբյեկտների, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանություն.

5) ոլորապտույտ գծերի ուղղում.

6) սահմանագծի անցում բնական աշխարհագրական օբյեկտներով և ռելիեֆի տարրերով։

Հոդված 5

1. Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։ Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված։

2. Սահմանազատման համալիր աշխատանքների կատարման արդյունքներով Հանձնաժողովները կազմում են ամբողջ պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրությունը և դրան կից հետևյալ փաստաթղթերը՝

1) 1:25000 մասշտաբի սահմանազատման քարտեզը (փոխադարձ համաձայնությամբ սահմանագծի որոշ հատվածների համար՝ հնարավոր է 1:10000 մասշտաբի և ավելի խոշոր մասշտաբի սահմանազատման քարտեզի ստեղծումը).

2) համաձայնեցված սահմանազատման քարտեզի վրա արտացոլված սահմանագծին համապատասխան կազմված՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագծի անցման անալիտիկ կոորդինատների կատալոգը.

3) Հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ եզրափակիչ արձանագրությունը։

3. Պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրությունը, ինչպես նաև դրա հավելվածները կազմվում են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն ու ստորագրվում Հանձնաժողովների նախագահների կողմից։

4. Պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրությունը և դրա հավելվածները՝ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի բաղկացուցիչ մասը, ուժի մեջ են մտնում այդպիսի պայմանագրի ստորագրումից և դրա անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո։

5. Անհրաժեշտության դեպքում, ի լրումն սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթերի, կարող են ավելացվել նաև սահմանազատման համալիր աշխատանքների կատարման ընթացքում պատրաստված այլ նյութեր:

Հոդված 6

Փոխադարձ համաձայնությամբ սույն Կանոնակարգում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Կանոնակարգի անբաժանելի մասը կազմող արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Կանոնակարգի 7-րդ հոդվածին համապատասխան:

Հոդված 7

Սույն Կանոնակարգն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը և գործում է մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը։

Ստորագրված է 30.08.2024 թվականի, երկու բնօրինակից՝ յուրաքանչյուրը՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։ Սույն Կանոնակարգի մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում կիրառվում է ռուսերենով կազմված տեքստը։

 

Հայաստանի Հանրապետության և                          Ադրբեջանի Հանրապետության և

Ադրբեջանի Հանրապետության                            Հայաստանի Հանրապետության միջև

միջև պետական սահմանի                                    պետական սահմանի սահմանազատման

սահմանազատման և սահմանային                        պետական հանձնաժողովի նախագահ

անվտանգության հարցերով

հանձնաժողովի նախագահ                                                                         

                                             

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34