Իլհամ Ալիեւը բռունցք է ճոճում Սյունիք-Զանգեզուրի ուղղությամբ, իսկ Հայաստանի բարձր իշխանությունը ծպուտ չի հանում. ինչպե՞ս հասկանալ

11.03.2021 11:33
148323

Ճակատագրական ժամանակներ ենք ապրում։ Հայաստանյան քաղաքական դաշտում չկա մի գործիչ, որ որեւէ հարցով ելույթ ունենա ու չհիշատակի Սյունիք-Զանգեզուրին սպառնացող վտանգների մասին։

Չկա մի օր, որ Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում անհանգստացնող մի նոր հանգամանք ի հայտ չգա։

Ու այդ ամենից հետո, որքան էլ զարմանալի է, ռիսկերը ոչ թե նվազում են, այլ ահագնանում, սաստկանում․․․

Վերջին օրերին տեղի է ունեցել առնվազն երկու իրադարձություն, որոնք ավելի առարկայական են դարձնում Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վտանգավորությունը։

Ահա, թե ինչ հայտարարեց Իլհամ Ալիեւը Տնտեսական համագործակցության գագաթնաժողովում․ «․․․Նոր միջանցքը, որ անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, եւ Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ, տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծելու։ Մենք հրավիրում ենք Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ Զանգեզուրի միջանցքը շահագործելու»։

Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաեւ «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարում՝ ասելիքը շաղախելով սպառնալիքով․  «Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Սակայն դա նրանց չի հաջողվի։ Մենք նրանց կստիպենք։ Պատերազմի հետեւանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել։ Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է։ Այն փաստը, որ հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ՝ մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է։ Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ․․․, եւ դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»։

Եթե ընդհանրացնենք Ադրբեջանի նախագահի երկու հայտարարությունը՝ ուզած-չուզած հանգում ենք չափազանց մտահոգող եզրակացության։

Նախ՝ Սյունիք-Զանգեզուրը որերորդ անգամ հայտարարվում է Ադրբեջանի պատմական տարածք։

Երկրորդ՝ Զանգեզուրի միջանցքի մասին խոսվում է այնպիսի վստահությամբ, ինչպիսի վստահությամբ սովորաբար խոսվում է արդեն կայացած ու վիճարկման ոչ ենթակա փաստի մասին։

Ադրբեջանը վերջին հարյուր տարում մշտապես ձգտել է Նախիջեւանի եւ իր արեւմտյան շրջանների միջեւ միջանցք ստեղծել Մեղրու տարածքով, բայց չի հաջողել։ Ու հիմա հնարավորություն է ստացել, ինչի համար հրճվանք է ապրում եւ կատարվածը պատմական հաջողություն համարում։ Ու Զանգեզուրի մասին խոսում է տիրոջ իրավունքով եւ այնպիսի վստահությամբ, որ, կարծես, երկրամասը կապ չունի Հայաստանի հետ, որ Հայաստանը չի կարող ասելիք ունենալ այդ հարցի շուրջ։

Երրորդ՝ հերթական անգամ Ադրբեջանի նախագահը հաթաթա է տալիս մեզ՝ «Մենք նրանց կստիպենք»․ այդպես սովորաբար խոսում են ծնկաչոք վիճակում գտնվողի մասին։

Բայց իրավիճակի ողբերգականությունը դրանով չի ավարտվում․․․

Հայաստանի դեռեւս գործող կառավարությունը համառորեն դիրքորոշում չի հայտնում Իլհամ Ալիեւի հայտարարությունների կապակցությամբ, թեեւ ակնհայտորեն գործ ունենք իրողությունների, մարտահրավերների ու սպառնալիքների այնպիսի դրսեւորումների հետ, որոնք որոշակիորեն հարցականի տակ են դնում մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինչպես եւ  Հայոց պետականության (ինքնիշխանության) գոյությունն առհասարակ։

Սակայն դա «դիրքորոշում չհայտնելու» շարքային դեպք չէ։

Ստեղծված իրավիճակում դիրքորոշում չհայտնելը, որքան էլ զուսպ լինենք եզրակացությունների ու գնահատականների մեջ, Ադրբեջանի հետ համաձայն լինելու տպավորություն է թողնում։

Եւ մարդիկ ողջամիտ մտահոգություն են հայտնում՝ իսկ միգուցե 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող մի նոր  հուշագիր կամ հավելվա՞ծ գոյություն ունի, որ դեռեւս չի գաղտնազերծվել, ինչն էլ Ալիեւին հոխորտալու հիմք է տալիս։ 

Բերանը ջուր է առել Հայաստանի Հանրապետության նախագահ կոչվածը, ով, ուզենք-չուզենք, հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորներից է, չնայած շատ ամոթ է Արմեն Սարգսյանի հետ որեւէ հույս կապելը։

Մեծագույն ամոթ է եւ անլրջություն Ազգային ժողով կոչվածից որեւէ ակնկալիք ունենալը, քանզի գործող խորհրդարանը քանիցս ապացուցել է, որ ինքն ինքնուրույն դիրքորոշում չի կարող ունենալ եւ հայտնել, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի պահպանման, Արցախի լինելիության հետ  կապ չունի։

Մեծագույն անպատվություն է մեր երկրամասը ներկայացնող պատգամավորներից սյունիքանպաստ ինչ-որ նախաձեռնություն սպասելը։

Ակնկալիք չունենք խորհրդարանի այսպես կոչված ընդդիմադիր խմբակցություններից։

Զինված ուժերի ղեկավարությունն էլ, հատկապես վերջին խայտառակ ցնցումներից հետո, կարծեք, ասելիք չունի։

Ընդդիմությունը․․․ Անշուշտ (որերորդ անգամ նշենք) Վազգեն Մանուկյան փորձառու առաջնորդը հավատ է ներշնչում, բայց Սյունիքին սպառնացող վտանգների մասին միայն խոսքեր ենք լսում։

Կուսակցությունները․․․ Ըստ էության սպասում են ալիեւյան լիբրետոյի հաղթական վերջաբանին, որից հետո Սյունիքի մասին երգեր կհյուսեն եւ Սյունիքի ամբողջականության վերականգնմանը միտված «ծրագրեր» կկազմեն հերթական ամեն մի ընտրությունից առաջ։

Մինչդեռ գնահատանքի արժանի է Մարդու իրավունքների պաշտպանի հետեւողականությունը՝ սյունիքյան մարտահրավերները բացահայտելու եւ լուծման ուղիներ ցուցանելու հարցում, բայց նրա ողջամիտ նկատառումներն էլ մնում են ձայն բարբառո հանապատի:

Եւ ուրեմն՝ ի՞նչ անել:

Մինչեւ ե՞րբ եւ մինչեւ ո՞ւր այսպես՝ անտեր ու անհովիվ:

Ի վերջո հայոց պետականությունը (թեկուզ եւ ծնկաչոք ու նվաստացած) կա՞, թե՞ չկա: Բոլորը խոսում են պետության եւ սահմանադրության անունից, բայց ոչ պետություն թողեցինք, ոչ էլ՝ սահմանադրություն:

Ոչ սովորական այդ հարցերի պատասխանն է, որ ուզում է ստանալ ճակատագրական օրեր ապրող Սյունիքը։

Իսկ ժամանակ քիչ ունենք, քանզի Սյունիքի երկնակամարում կուտակված սեւ ամպերն ու մերձակայքի մուժը օրեցօր խտանալով՝ շանթ ու որոտ են խոստանում...

 

Սամվել Ալեքսանյան

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06