Իմպերիայի վախճանը

25.07.2014 15:41
5902

ՓԱԿՎՈՂ ԷՊՈԽԱ


Այն, ինչ տեղի ունեցավ 2014թ. հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օրերին Սյունիքում, հիրավի, շրջադարձային, նույնիսկ դարակազմիկ նշանակության իրադարձություն կարելի է համարել:

Տեղի ունեցածը, մինչդեռ, օրինաչափ էր ու վաղուց սպասված: Պարզապես չէր կարելի մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնել ե՛ւ մարզի տնտեսության մոտ 80 տոկոսը, ե՛ւ տարածքային իշխանությունը, ե՛ւ որոշ համայնքների իշխանություն, մանավանդ որ այդ կլանը չուներ ո՛չ ինտելեկտուալ անհրաժեշտ ռեսուրս, ո՛չ բարոյական, հասարակական-քաղաքական ներուժ, ո՛չ էլ պետական ու քաղաքացիական առողջ մտածելակերպ: Կարելի էր, իհարկե, եւ բացառություն անել ժամանակավորապես` որոշ սուբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով, ինչպես եւ արվեց: Այդ դեպքում, սակայն, տվյալ իշխանության կրողները պետք է առավելագույնս չափ դնեին իրենց տիեզերական ախորժակի վրա, դրսեւորեին ողջախոհ զգուշավորություն, բոլորին հարգելու, մարզում համերաշխություն հաստատելու կամք եւ վճռականություն: Մինչդեռ… Իշխող կլանը գնաց միանգամայն հակառակ ուղղությամբ եւ կարճ ժամանակում վերածվեց լրջագույն սպառնալիքի` մարզի սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, կրթական եւ մշակութային ոլորտների համար: Եվ ավազի վրա կառուցված իմպերիայի կազմաքանդումը դարձավ հրամայական պահանջ Սյունիքում:

Հուլիսի 24-ին Երեւանում տեղի ունեցավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետերերի ժողով, որը եւ պաշտոնանկ արեց ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ժողովին մասնակցում էր նաեւ «Քրոնիմետ մայնինգ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկին:

Հոգեվարքի մեկ տարին

Ուղիղ մեկ տարի առաջ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելն ի սկզբանե ընկալվեց իբրեւ Մաքսիմ Հակոբյանի տրիումֆ: Մինչդեռ հենց այդ օրերից նրա` մեկուկես տասնամյակում ստեղծած իմպերիայի ջլատմանը միտված քաղաքականությունը թեւակոխեց վճռորոշ փուլ: Միգուցե պատահաբար զուգադիպեցին նոր մարզպետի նշանակումն ու հակամաքսիմյան արշավի ակտիվացումը, բայց զուգադիպեցին, ինչը դժվար թե պատահականություն լիներ:

Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելուց հետո, նախեւառաջ, մի քանի ստուգումներ անցկացվեցին Քաջարանի կոմբինատում, որոնք, ի վերջո, ֆինանսական ծանր հետևանքներ ունեցան ընկերության համար:

Առհասարակ կոմբինատի վերջին մեկ տարվա հետընթացն ապշեցնող էր: Ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության` միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, 2013-ի նույն ժամանակի համեմատությամբ, պետությանը պակաս վճարվեց 462 մլն 557 հազար դրամ, 2012-ի նույն ժամանակի համեմատությամբ` 2 մլրդ 248 մլն 628 հազար 900 դրամ: Եվ դա այն դեպքում, երբ կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ ընդերքից հանվող հանքանյութի ծավալները գրեթե կրկնապատկվել էին (կոմբինատի նախագծային հզորությունների համեմատ):

Այդ ընթացքում աստիճանաբար, բայց հետեւողականորեն սահմանափակվեցին գլխավոր տնօրենի իրավասությունները դրսից նշանակված տնօրեն-վերահսկիչների միջոցով:

Արգելվեց նրա կողմից կոմբինատի զարգացմանն առնչվող ծրագրային երկարաժամկետ փաստաթղթերի ու պայմանագրերի ստորագրումը:

Մաքսիմ Հակոբյանի ձեռամբ պաշտոնանկ արվեց իր իսկ հարազատ եղբայրն ու իր թիկունքի թիվ 1 պահապան-հրեշտակը` Մեջլում Հակոբյանը, ով անսահմանափակ լիազորություններով տարիներ շարունակ վերահսկում էր կոմբինատի ֆինանսական հոսքերը:

Անցած մեկ տարում նվազագույնի հասան կոմբինատի սոցիալական ծրագրերը եւ մարզի համայնքներին ավանդաբար ցուցաբերվող օգնությունները:

Կրճատվեցին «արբանյակ» ձեռնարկություններին տարիներ ի վեր տրվող պատվերները: Անձեռնմխելիության մանդատը պահպանեցին միայն կլանի անդամներին ու նրանց սպասավորներին պատկանող ՍՊԸ-ները:

Այդպիսով մեկ տարվա ընթացքում վերջնականապես ակնհայտ դարձավ, որ Մաքսիմ Հակոբյանն այլեւս անցանկալի անձնավորություն է Քաջարանի կոմբինատում, որ նա այլեւս ի վիճակի չէ կառավարելու այդ ընկերությունը, որ նա լրջագույն խոչընդոտ է ընկերության զարգացման ճանապարհին:

Ինչու, այնուամենայնիվ, Մաքսիմ Հակոբյանը դարձավ ավելորդ

Մաքսիմ Հակոբյանի պաշտոնանկության իրական ու խորքային պատճառների մասին, իհարկե, վաղ է խոսել: Բայց նման պատճառներ իրոք եղել են, ինչը չի հերքում նաեւ նրա թիմը: Այդ թիմն էր, որ հունիսի 11-ին հայտարարեց. «Իրականում պատճառները շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից, եւ բոլորովին էլ այնքան պարզունակ չեն»: Բավականին լուրջ այդ խոստովանությունը, սակայն, չցրեց խնդրո առարկային պատած մշուշը:

Իսկ պաշտոնանկության պատճառների մասին շրջանառվող վարկածներից մի քանիսը, այնուամենայնիվ, արժե հիշատակել:

Առաջին: Մաքսիմ Հակոբյանը վաղուց առողջական լուրջ խնդիրներ ուներ եւ ի վիճակի չէր նորմալ կարգով աշխատանքի հաճախել, ղեկավարել ենթականերին: Ասել է թե` կոմբինատի գործունեությունը դուրս էր եկել նրա վերահսկողությունից: Իսկ գլխավոր տնօրենի շրջապատում տեղ էին գտել առաջին հայացքից զոմբիի տպավորություն թողնող, բայց, իրականում, պրոֆեսիոնալ գանձագողեր, կարիերիստներ, մոր ծիծ կտրողներ, ովքեր ոչ միայն վարկաբեկում էին տնօրենին, այլեւ ամբողջ կոմբինատին ու Հայաստանի հանքարդյունաբերությունն առհասարակ:

Երկրորդ: Վերջին տարիներին համապետական կամ տեղական նշանակության քաղաքական միջոցառումները ցույց տվեցին, որ Մաքսիմյան իմպերիան այլեւս քաղաքական գործոն չէ Սյունիքում: Իսկ եթե օլիգարխը դադարում է քաղաքական գործոն լինել, դադարում է եւ պահանջված լինել մեզանում:

Հատկապես 2012-ի ՏԻՄ ընտրությունները եւ մասնավորապես Կապանի քաղաքապետի ընտրությունն ու դրան նախորդած անցուդարձը ցույց տվեցին, որ մարզպետարանն ու տեղական օլիգարխը միասին, համատեղ ուժերով ի վիճակի չեն ապահովել Կապանի քաղաքապետի իշխանական թեկնածուի հաղթանակը: Եվ ամենավայրագ մեթոդներով ընտրապայքարից հանվեց Կապանի քաղաքապետի հիմնական ու արժանավոր թեկնածուն` Արտուր Աթայանը, ինչի շուրջ բարձրացած աղմուկը մինչեւ օրս չի հանդարտվում: Իսկ իրավիճակին տիրապետող օլիգարխը պետք է կարողանար խաղաղ ճանապարհով (առանց իշխանություններին վարկաբեկելու) ապահովել իշխանական թեկնածուի հաղթանակը:

Մաքսիմյան իմպերիայի քաղաքական ու բարոյական սնանկությունն առավել ցայտուն երեւաց 2013թ. նախագահական ընտրության ժամանակ: Եթե գլխավոր տնօրենը նույն ջանասիրությամբ լծվեր ՀՀ գործող նախագահի վերընտրությանը, ինչպիսի ջանասիրությամբ ու սրտացավությամբ 2012-ին կազմակերպել էր որդու ընտրապայքարն ԱԺ ընտրություններում, ապա Սերժ Սարգսյանը Կապանում եւ մերձակա մի քանի գյուղում պարտություն չէր կրի: Օլիգարխիկ կլանը գոնե Քաջարանում պետք է ապահովեր Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակը:

Քաղաքական առումով ամոթալի պարտությունների շրջափուլ դարձավ ընթացիկ տարվա առաջին կիսամյակը: Նախ` կլանը պարտվեց իշխող կուսակցության տեղական կառույցներն իր ձեռքը վերցնելու համար մղվող պայքարում, ապա ծիծաղելի վիճակում հայտնվեց Գորիսի քաղաքապետի ընտրության ժամանակ: Իսկ Գորիսի քաղաքապետի ընտրությունը սովորական միջոցառում չէր: Գորիսի մատույցներում, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, վճռվում էր հայր եւ որդի Հակոբյանների քաղաքական ճակատագիրը:

Երրորդ: Պատճառներից մեկն էլ, ըստ շրջանառվող խոսակցությունների, կոմբինատի բաժնեմասերի քարտեզի վրա տեղի ունեցած էական փոփոխությունն է: Այս վարկածը, ի դեպ, շրջանառվում է վաղուց: Բաժնեմասերի մոտ 20 տոկոսի երբեմնի տիրակալը, իբր, միայն 7-8 տոկոսին է հիմա տիրապետում (թե ինչ հանգամանքների արդյունքում է այդ ամենը տեղի ունեցել, խոսակցության այլ նյութ է):

Իհարկե, ժամանակ առ ժամանակ պաշտոնապես ասվում է, թե տնտեսվարող որ սուբյեկտը բաժնեմասերի քանի տոկոսին է տիրապետում («Քրոնիմետ մայնինգ»` 60 տոկոս, «Մաքուր երկաթի գործարան»` 15 տոկոս, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն»` 12.5 տոկոս, «Զանգեզուր մայնինգ»` 12.5 տոկոս): Բայց երբեք չի ասվել ու չի ասվում, թե ովքեր են տնտեսվարող այդ սուբյեկտների բաժնետերերը (եւ որքան բաժնեմասով):

Չորրորդ: 2004թ. դեկտեմբերից ի վեր շրջանառվող վարկածը, որ «Քրոնիմետ մայնինգին» պատկանող մոտ 60 տոկոս բաժնեմասի իրական սեփականատերը Ռոբերտ Քոչարյանն է, ոչ ոք դեռեւս չի հերքել կամ հաստատել: Այդ տեղեկատվության համապատկերի վրա է, անշուշտ, կառուցված վարկածը, թե իբր 2-րդ նախագահն այլեւս չէր վստահում Մաքսիմ Հակոբյանին: Իբր Ռոբերտ Քոչարյանն աններելի սխալ է համարել «Լեռ-Էքսը» գնելու գործարքը եւ այդ ամենից հետո մանրացված հանքաքարը Քաջարանի կոմբինատից «Լեռ-Էքս» տեղափոխելու վերջին ամիսների գործողությունները: Իբր Ռոբերտ Քոչարյանին զայրացրել է նաեւ գլխավոր տնօրենի անխոհեմ հայտարարությունը` կենսաթոշակային կուտակային ֆոնդի պարտադիր բաղադրիչի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ:

Հինգերորդ: Հեքիաթային հարստություն դիզելուց հետո Մաքսիմ Հակոբյանն ընկել էր գլխապտույտի մեջ եւ ժամանակ առ ժամանակ անխոհեմ, չմտածված հայտարարություններ էր անում` պետական բարձրագույն իշխանությանն առնչվող: Օրինակ, մեկ տարի առաջ, երբ որդին նշանակվեց Սյունիքի մարզպետ, նա հայտարարեց, որ ինքը կուզենար Վահեին տեսնել ՀՀ նախագահի աթոռին: Առաջին հայացքից շուլուխի տպավորություն թողնող այդ խոսքը (եթե նույնիսկ կատակով է ասել), սակայն, ցեխ էր շպրտում մեր պետության նախագահական ինստիտուտին առհասարակ: Մաքսիմ Հակոբյանն այդպես էլ չէր հասկացել, որ այլ բան է փող ունենալը, մեկ այլ բան` նման շուլուխներ անելը: Նա այդպես էլ չէր հասկացել` այն, ինչ կարելի է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, չի կարելի իրեն:

Մի քանի ամիս առաջ էլ, երբ ձեւավորվում էր հանրապետության նոր կառավարությունը, Վահեի հայտնի սպասավորները շրջանառության մեջ դրեցին իրենց «բոսսին»` Վահե Հակոբյանին ՀՀ փոխվարչապետ նշանակելու մասին ասեկոսեն:

Այդ հայտարարությունները հավելյալ անգամ կասկածի տակ դրեցին մարզում իշխող կլանի լրջությունը:

Մաքսիմ Հակոբյանի պաշտոնանկության վերաբերյալ շրջանառվում են այլ վարկածներ եւս, բայց բավարարվենք վերոգրյալով:

Վրիպումներ ու սխալներ, որոնց մի մասը վաղեմության ժամկետ չունի

Մաքսիմ Հակոբյանը 1998-ից ի վեր, երբ Ռոման Նավասարդյանի ու Սուրեն Աբրահամյանի առաջարկությամբ նշանակվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրեն, քիչ գործեր չարեց հանուն Սյունիքի մարզի զարգացման: Այդ մասին, սակայն, հիմա ոչ ոք չի խոսում հրապարակավ: Անգամ նրա կողմից տարիներ շարունակ ֆինանսավորվող լրատվամիջոցներն ու լրագրողները չկամեցան կամ ի վիճակի չեղան ամփոփելու նրա 16-ամյա գործունեության պոզիտիվ մասը: Միգուցե մենք երբեւէ լրացնենք այդ բացը:

Դրական գործունեությանը զուգահեռ Մաքսիմ Հակոբյանը տարիների ընթացքում, հատկապես ձեռնարկության մասնավորեցումից ու ձեռնարկության բաժնետերերից մեկը դառնալուց հետո, թույլ տվեց բազում սխալներ ու վրիպումներ, որոնց մի մասը, ցավոք, վաղեմության ժամկետ չունի:

Այդ սխալներն ու վրիպումներն ինչ-որ չափով հետեւանքներ ունեցան ամբողջ մարզի համար: Ասել է թե` դրանք ամենեւին էլ անձնական բնույթի հարցեր չէին, ուստի եւ որոշ վրիպումներ ու սխալներ անպայման պետք է հիշատակել:

2004թ. նրա ձեռքով (նրա ակտիվ մասնակցությամբ) գլուխ բերվեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցումը, որի ընթացքում ծագած ու կասկած հարուցած հարցերի պատասխանը մինչեւ հիմա հայ հանրությունը չի ստացել: Նրա ակտիվ մասնակցությամբ կոմբինատի բաժնեմասերի 20 տոկոսը, հակառակ գործող օրենքի, չտրվեց հանքագործների կոլեկտիվին: Եվ այդ ամենի արդյունքում տնօրենի ընտանիքը տիրացավ բաժնեմասերի մոտ 20 տոկոսին:

Նա չդիմացավ 2004-ի դեկտեմբերին ձեռք բերած նոր կարգավիճակի եւ փողի գայթակղությանն ու դարձավ միանգամայն նոր մարդ` իրեն շրջապատող աշխարհի հանդեպ ունեցած վերաբերմունքով:

Մաքսիմ Հակոբյանի կերպափոխությունն այդքան արագ եւ ակնհայտ տեղի չէր ունենա, եթե կենդանի լիներ նրա կողակիցը` տիկին Լաուրան, ով, իսկապես, ողջախոհության կրող եւ ամուսնուն ծայրահեղություններից զերծ պահող անձնավորություն էր:

Նոր կարգավիճակում տնօրենը չափից ավելի իշխանություն տվեց իր մերձավորներին ու մարդկանց մի խմբի, ովքեր, ի վերջո, դարձան պրոֆեսիոնալ գանձագողեր` բնության մեջ հազվադեպ հանդիպող, ովքեր առաջացնում էին հանրության եւ հատկապես քաջարանցիների զզվանքը:

Մաքսիմ Հակոբյանն աստիճանաբար կտրվեց հանրությունից, անգամ իր քաղաքի մարդկանցից ու իր կոլեկտիվի անդամներից:

Մաքսիմ Հակոբյանի սխալներից մեկն էլ, որ հիշվելու է դարեդար, Քաջարան գյուղի տարածքը վերցնելուն եւ հանքարդյունաբերությանը ծառայեցնելուն միտված բուռն ձգտումն էր:

Մեծ ունեցվածքի տիրանալուց հետո պարզվեց, որ տնօրենը բացառիկ քինախնդրության կրող է: Իր մտածելակերպին հակառակ մտածելակերպ (վարքագիծ) ունեցող բոլոր մարդկանց նա հայտարարում էր թշնամի եւ իրենից կախված ամեն ինչ անում նրանց սնանկացնելու ու տնտեսապես ոչնչացնելու համար:

Մաքսիմյան իմպերիայի քաղաքական դիմանկարի ուշագրավ շտրիխներից մեկը լրատվության ոլորտում որդեգրած քաղաքականությունն էր: Միայն մեկ օրինակ. դեռեւս 2008թ. աշնանը խնդիր դրեց փակել «Սյունյաց երկիր» մարզային միակ պարբերականը: Այդ հարցով քննարկումներ արեց նույնիսկ ՀՀ նախագահի աշխատակազմում: Լրատվամիջոցի դեմ պայքարը նոր թափ առավ 2013թ. ամռանը, երբ Սյունիքը մարզպետ դարձավ իր քինախնդրությամբ հորը գերազանցող Վահե Հակոբյանը: Վերջինս խնդիր դրեց հանրակրթական դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների առջեւ չբաժանորդագրվել «Սյունյաց երկիր», չհամագործակցել այդ թերթի խմբագրության հետ: Ավելին, նոր մարզպետը, ընդառաջ գնալով իր ստահակ պալատականների հորդորին, միջոցառումներ ձեռնարկեց թերթի խմբագրի ու նրա ընտանիքի անդամների վարկաբեկման ուղղությամբ, ինչը շարունակվում է մինչեւ օրս:

Հայր եւ որդի Հակոբյանների տիրապետության օրերում, Սյունիքի բազմադարյան պատմության մեջ առաջին անգամ, դատական «ռազբորկաների» մեջ ներքաշվեցին մարզի լրատվամիջոցները, որի վերջը չի երեւում:

Տարիներ շարունակ բլոկադայի ենթարկվեց մարզի տարածքն ընդգրկող մեծամասնական ընտրատարածքներից առնվազն մեկը, ինչի արդյունքում Ազգային ժողովում չունեցանք շատ թե քիչ նորմալ պատգամավոր: Այդ քաղաքականության վերջին ու ամոթալի հանգրվանը եղավ 2013-ի սեպտեմբերյան ընտրությունը թիվ 38 ընտրատարածքում, ինչի արդյունքում դարձյալ խորհրդարան ուղարկվեց օրենսդրական աշխատանքի համար բացարձակապես ոչ պիտանի անձնավորություն:

Լուրջ փորձության ենթարկվեց ազգային արժեքային համակարգը: Բանը հասավ այնտեղ, որ 2013-ին, հանուն սեփական բիզնեսի, հերթական ձեռնարկությունն օլիգարխիկ կլանը գործարկեց մոլլայի օգնությամբ եւ Շարիաթի օրենքով:

Առաջին հայացքից նա զարկ տվեց փոքր ու միջին բիզնեսին, սակայն փոքր ու միջին բիզնեսի մեծ մասը, հատկապես Քաջարանում ու Կապանում, կենտրոնացրեց իր ընտանիքին, իր հարազատներին ու մերձավորներին պատկանող մարդկանց ձեռքում: Փոքր ու միջին բիզնեսի ոլորտում տեղ չէին գտնում նրանք, ովքեր նրա գաղափարակիցը չէին, ովքեր նրան մարգարե կամ առաքյալ չէին համարում:

Առհասարակ վերջին տարիներին Քաջարանի կոմբինատը, որ անցել էր տասնամյակների փառավոր ճանապարհ, դարձել էր քաղաքական մահակ: Առաջին հայացքից թվում էր, թե այդ մահակը ծառայեցվում է ի նպաստ մեր տերության: Իրականում այն ծառայեցվում էր սեփական իմպերիայի հզորացմանը:

Զարմանալիորեն վերացվեց Քաջարանի կոմբինատի հովանու ներքո տասնամյակներ շարունակ գործած պիոներ-դպրոցականների հիանալի ճամբարը, որի համբավը չէր զիջում Ծաղկաձորի նմանատիպ ճամբարների համբավին: Անգամ 1994թ. զինադադարից երկու տարի անց այդ ճամբարը վերաբացվեց եւ, կարծեք, ավետեց նոր ու խաղաղ ժամանակների սկիզբը: Բայց…

Մաքսիմ Հակոբյանի մեծագույն վրիպումը, այդ բոլորով հանդերձ, իր որդուն Սյունիքի մարզպետ դարձնելն էր: Վերջինս ոչ միայն ծանրացրեց հոր բարոյական ու հասարակական-քաղաքական դրությունը, այլեւ մեկ տարվա ընթացքում կարողացավ կասկածի տակ դնել մարզպետական ինստիտուտի լրջությունը ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում: Վահե Հակոբյանը, անշուշտ, կարող էր դառնալ լավ մարզպետ (այդ մասին ասել ենք նաեւ մեկ տարի առաջ), եթե ինքը լիներ բոլոր սյունեցիների (եւ ոչ թե մի քանի հոգու) մարզպետը եւ կամովին չհայտնվեր իր իսկ հնարած պալատական ներքինիների ու նաժիշտների ափերի մեջ:

Բոլոր այդ վրիպումներն ու սխալները (եւ ոչ միայն դրանք) ժամանակի ընթացքում որակ կազմեցին ու էական դեր խաղացին մաքսիմյան իմպերիայի թուլացման ու վարկաբեկման գործում:

Տրագիկոմեդիա կամ մշտնջենականության քարոզ

Իմպերիայի փլուզումը տեղի ունեցավ ողբերգական ու կատակերգական տարրերով միահյուսված արարներով:

Նախ` Մաքսիմ Հակոբյանը մինչեւ վերջին ակնթարթը պայքարում էր իր աթոռը կրտսեր որդուն կամ գոնե կրտսեր եղբորը փոխանցելու համար, բայց` ապարդյուն: Մինչեւ վերջին ակնթարթը պայքարում էր իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար, ինչը եւս դրական արդյունք չունեցավ:

Ստեղծվել էր խճճված ու հակասական մի վիճակ: Ինքը շատ լավ էր գիտակցում` կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը կորցնելու դեպքում խիստ երերուն կդառնա որդու` առանց այդ էլ երերուն աթոռը, եւ լուրջ սպառնալիքի մշուշը կկախվի տարիների ընթացքում կուտակած հարստության վրա:

Եվ նման իրավիճակում (հատկապես վերջին ամիսներին) ամենեւին էլ պատահական չէր, որ Մաքսիմ Հակոբյանն իրարամերժ, հակասական, երբեմն տարօրինակ հայտարարություններ էր անում: Հունիսի 7-ին, օրինակ, հայտարարեց. «Իրականում բանակցում ենք ներդնողների հետ, զարգացման ծրագրեր ենք քննարկում»: Մի քանի օր անց, սակայն, տեսնելով, որ հնարավոր չէ իրավիճակը շտկել կամ թաքցնել, խոստովանեց. «Այո՛, հուլիսի 1-ից ես չեմ լինելու կոմբինատի գլխավոր տնօրեն»:

Այս պայմաններում Մաքսիմ Հակոբյանի վարկանիշը (հեղինակությունը) փրկելու համար ընտրվեց նրա մշտնջենականության (հավիտենականության) մասին քարոզը: Նախ ասացին, որ պաշտոնանկությունից հետո լինելու է «ընկերության խորհրդի նախագահների նախագահ» (բնության մեջ նման պաշտոն գոյություն չունի): Տեսնելով, որ դա լուրջ տպավորություն չի թողնում շարքային սյունեցիների վրա, գրեցին. «Մաքսիմ Հակոբյանը լինելու է շեֆերի շեֆ»: Այդ ձեւակերպումը նույնպես մարդկանց վրա տպավորություն չթողեց: Եվ շրջանառության մեջ դրվեց ավելի «ազդեցիկ» եւ բնության մեջ գոյություն չունեցող պաշտոնների վարկած` «պրեզիդենտ», «պրեզիդենտների պրեզիդենտ»… Բայց քանի որ այդ խոսքերն էլ մարդիկ քմծիծաղով ընդունեցին, սկսեցին հիշեցնել նրա «արածների» մասին` 1 մլրդ դոլլար է բերել Հայաստան: Դա էլ լուրջ չընդունվեց, քանի որ չասացին, թե որտեղից է բերել այդ գումարը (եթե, իհարկե, բերել է) եւ ինչ է արել այդ գումարը:

Հետո սկսեցին խոստումները` Մաքսիմ Հակոբյանը հազարից ավելի աշխատատեղ է ստեղծելու Ախթալայում, նա չի թողնելու, որ Քաջարանի նոր ղեկավարությունն աշխատատեղեր կրճատի, ինչը նույնպես ծիծաղ առաջացրեց:

Հետո էլ բացվեց շառլատանության ժանգոտած զինանոցը. Մաքսիմ Հակոբյանը բարոյական արժեք է, նրա արձանը պետք է կանգնեցնել Քրքի արձանի կողքին…

Հետո բանը հասավ իրերն իրենց անունով կոչելուն: Քանի որ այդ քարոզի կազմակերպիչները բացառապես ստամոքսով մտածողներ էին, ասվեց ճշմարտությունը. «Մաքսիմ Հակոբյանը, բացի կոմբինատի բաժնետեր լինելուց, հսկայական հողատարածքներ ունի Սյունիքում, ֆերմաներ, մսի ու կաթի մշակման ձեռնարկություն եւ այլ ունեցվածք: Այնպես որ, եթե անգամ որդին մարզպետ չլինի, իր սերունդները կարող են հանգիստ վայելել դրանք` թոռից-թոռ»:

Հարգանք մեր քարոզիչներին` ի վերջո պարզ ասացին, որ գլխավոր տնօրենի ամբողջ գործունեությունն ուղղված է եղել իր սերունդների համար վայելքների պայմաններ ստեղծելուն: Թե չէ ոմանք նրա արած-չարածը փորձում էին նենգափոխել ու կապել մեր նոր պետականության հզորացման հետ:

Տրագիկոմեդիան, սակայն, շարունակվում է: Քաջարանում լուրեր են շրջանառվում Հակոբյան եղբայրների եւ Մաքսիմ Հակոբյանի գանձագող օգնականների միջեւ տեղի ունեցած «ռազբորկաների» մասին, որոնք նույնիսկ ամոթալի դրսեւորումներ են ունեցել:

Թե ինչպես էին հեռանալուց առաջ ականապատում դաշտը

Իմպերիայի սպասավորները հեռանալուց առաջ փորձեցին ականապատել դաշտը, որտեղ պետք է իր վրանը խփեր «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության նոր ղեկավարությունը:

Մինչեւ հուլիսի 1-ը` մինչեւ նոր թիմի Քաջարան հասնելը, ամենատարբեր բնույթի ասեկոսեներ տարածվեցին` նոր թիմին վարկաբեկելու նպատակով:

Այսպես` «Հրապարակը» հունիսի 21-ին գրեց, որ նոր տնօրենի հետ եկող տեղակալներն ու 20 հոգանոց թիմը, ըստ լուրերի, ֆանտաստիկ աշխատավարձեր են ստանալու, մինչդեռ նախկիններն ստանում էին առավելագույնը 3-5 հազար դոլլար:

Նույն թերթը նշված համարի մեջ, չնշելով տեղեկատվության աղբյուրը, գրեց. «Գերմանացի փայատերը դժգոհ է ուռճացված աշխատակազմից` այսօր կոմբինատում 3200 մարդ է աշխատում, եւ խիստ տնտեսվարման դեպքում հանգիստ կարելի է մոտ 1000 հոգի կրճատել, ու դրանից աշխատանքը չի տուժի»: Վերահաս կրճատումների մասին տարածվող խոսակցությունների համապատկերի վրա գրվեց. «….Տեղացի տնօրենը ոչ այնքան եկամտի, որքան իր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու մասին է մտածել, իսկ հիմա ոչ տեղացի տնօրեն է եւ դժվար թե մտածի մեր հայրենակիցների մասին»:

Այնուհետեւ` նշված հրապարակման մեջ խուճապի եւ անհանգստության վիրուս շպրտվեց մեկ այլ ոլորտ. «Կոմբինատը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում մարզում` սկսած ասֆալտապատումից, նորոգումներից, տարբեր նախագծեր հովանավորելուց, վերջացրած հիվանդների բուժման եւ երեխաների կրթության ծախսերը հոգալով: Բնականաբար, ո՛չ գերմանացին, ո՛չ ավստրալացին նման խնդիրներ իրենց առջեւ չեն դնի»:

Եվ որպես եզրակացություն գրվեց. «….Քաջարանը ոչ միայն տագնապած է, այլեւ կազմ-պատրաստ փողոց դուրս գալու, եթե նոր եկողները կրճատումներ անեն եւ իրեն զրկեն եկամտի միակ աղբյուրից…. Նրանք անգամ սպառնում են հասնել Երեւան եւ նախագահականի մոտ բողոքի ակցիաներ անել»:

Ինչ-որ կեղծանունով ծպտված մի գոյություն էլ newsbook.am-ում հունիսի 16-ին գրեց. «Հայաստան են գալիս նոր սեփականատերերը, որոնք իրենց տեսլականներն ու մոտեցումներն ունեն, նրանք արդեն հրահանգել են մոտ 300 աշխատողի աշխատանքից ազատվելու դիմում գրել.... Մաքսիմ Հակոբյանը կարողանում էր պահել մարդկանց....»:

Բողոքի վերահաս ցույցերի, կրճատումների եւ այլ թեմաներով ասեկոսեները երկու նպատակ ունեին եւ ունեն: Նախ` ցույց տալ, որ Մաքսիմ Հակոբյանը մի ղեկավար էր, ով կարողանում էր զոհողություններ անել` հանուն իր հայրենակիցների: Երկրորդ` ցույց տալ, որ նոր թիմը, դեռ Քաջարան չհասած, թշնամաբար է տրամադրված հանքագործների եւ կոմբինատի գործընկերների հանդեպ, որոնց կարելի է եւ ցույցերով դիմավորել:

Իրականում, մինչդեռ, մի քանի օրը բավական եղավ, որ նոր ղեկավարությունն ապացուցի (գլխավոր տնօրեն Նիլ Ստիվենսոն, գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Ամբարյան, վարչական տնօրեն Վահե Հակոբյան) այդ խոսակցությունների ստահոդությունը եւ դրանց հեղինակների այլասերվածությունը: Ավելին, մի քանի օրվա ընթացքում նոր ղեկավարությունը լուրջ հավատ ներշնչեց կոմբինատի աշխատակիցներին եւ լուրջ գործընկերոջ համբավ ձեռք բերեց:

Նախ` կոմբինատի գլխավոր արժեք հայտարարվեց շարքային հանքագործը:

Լուծվեց թոշակառուների հարցը, որը ձգձգվում էր վեց ամիս շարունակ: Եվ չէին լուծում` ապագայում նրանց իբրեւ ական նոր թիմի դեմ օգտագործելու նպատակով:

Գլխավոր տնօրենը եւ մյուս երկու տնօրենը դարձան մատչելի բոլորի համար: Ձրիակերների մի ամողջ խումբ, որ իբր անվտանգություն էր ապահովում, լուսանցք մղվեց:

Քայլեր ձեռնարկվեցին հանքագործների աշխատավարձը բարձրացնելու եւ հանգիստը կազմակերպելու նպատակով:

Մեծ թվով մեռած հոգիներ հարություն առան, ովքեր մինչ այդ կոմբինատում ընդհանրապես չէին երեւում:

Վերահսկողություն սահմանվեց ֆինանսական հոսքերի եւ հատկապես կլանի անդամներին պատկանող ՍՊԸ-ներին պարբերաբար կատարվող դրամական փոխանցումների նկատմամբ:

Նոր զարգացումների սպասելիս

Ախթալայի հետ կապված ծրագիրը, կարծեք, այնքան էլ հեշտ չի լինելու իրագործել, եթե, իհարկե, նման ծրագիր գոյություն ունի (Ըստ slaq.am-ի` Մաքսիմ Հակոբյանն ամիսներ առաջ է գնել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը): Ըստ «Հրապարակի»` Մաքսիմ Հակոբյանը հոգնել է ու հիասթափվել` ոչ միայն նոր վարչապետն ու նրա հետ աշխատելն իր սրտով չէ, այլեւ հոգնել է այս իշխանությունների «մուրացկանությունից», որոնք ուղղակի «կթում» էին կոմբինատը:

Հանրապետության բարձր ղեկավարության հանդեպ նման վերաբերմունք ունեցող մարդը, կարծում ենք, դժվար թե 100 մլն դոլար արժեցող ծրագիր իրականացնի Ախթալայում, մանավանդ որ կարող է այդ գումարի ծագման մասին պարզագույն հարց առաջադրվել:

Ստեղծված իրավիճակում ծագած եւ ծագող հարցերից գլխավորը, իհարկե, Վահե Հակոբյանի քաղաքական ճակատագիրն է: Սյունիքի մարզպետի պաշտոնում ի սկզբանե ձախողված այդ պարոնի մոտալուտ հրաժարականի մասին ամեն օր նորանոր տեղեկություններ են հոսում մարզպետարանի իր գործընկերներից: Բանն այն է, որ Վահե Հակոբյանի պաշտոնավարումը, ոչ առանց հիմքի, ֆինանսական լուրջ ակնկալիքներ էր առաջ բերել մարզի գրեթե բոլոր քաղաքապետարաններում եւ գյուղապետարաններում: Եվ նրա իշխանության հանդուրժումը հենված էր բացառապես այդ ակնկալիքի վրա: Հիմա այդ ակնկալիքը, դեռ չիրականացված, հօդս է ցնդում: Սակայն մենք պետք է խնդրենք ՀՀ բարձր իշխանությանը հանդուրժել Վահեի հետագա պաշտոնավարումը: Պետք է թողնել, որ նա, կյանքում առաջին անգամ, գործունեություն ծավալի առանց հայրիկի եւ կոմբինատի աջակցության: Պետք է տեսնել, թե նա էլ ինչ փորձություններ է բերում մարզի ու մարզպետարանի գլխին: Պետք է տեսնել, թե բանսարկուների ու ստահակների փաղանգը մինչեւ ուր է գլորում Սյունիքի մարզպետին:

Մեռնող իմպերիայի համար ոչ պակաս մտահոգիչ է ձեռք բերած ունեցվածքի պահպանումը:

Հիմա արդեն հանքագործները հարց են բարձրացրել կասեցնել կլանին պատկանող ՍՊԸ-ներից երշիկի եւ մյուս սննդամթերքների մատակարարումը կոմբինատի աշխատակիցներին (իրենց կամքին հակառակ սեփական աշխատավարձից համապատասխան գումար պահելու հաշվին):

Հանքագործները հարց են բարձրացրել կասեցնել «Լեռնահայաստան» հիմնադրամին կատարվող ֆինանսական ներարկումները` նկատի ունենալով, որ այդ հիմնադրամը որոշ դեպքերում կասկածելի անձանց ձեռքով կասկածելի առաքելություն է իրականացնում: Եթե կոմբինատը կամենում է որեւէ համայնքում կամ կազմակերպությունում ծրագրեր իրականացնել, ապա պետք է իրականացնել առանց այդ հիմնադրամի ու մարզպետարանի:

Հարց է բարձրացվել կլանի անդամներին պատկանող ՍՊԸ-ներին վերջին տարիների ու հատկապես վերջին մեկ տարում կատարած ֆինանսական հատկացումների օրինականությունը ստուգելու համար:

Օրախնդիր է դարձել կոմբինատի բոլոր պատվերների ու կոմբինատին մատուցվող ծառայությունների համար մրցույթների անցկացումը. գաղտնիք չէ, որ պատվերների ու ծառայությունների մեծ մասն առանց մրցույթի է տրվել կլանի անդամներին:

Ամփոփում. Սյունիքը մերժեց կառավարման օլիգարխիկ մոդելը

Մաքսիմյան իմպերիայի վախճանն ամենեւին էլ արտառոց երեւույթ չպետք է համարել, թեեւ այն արդեն իսկ Սյունիքի համար ունի պատմական նշանակություն:

Պլուտոկրատիայի վրա հիմնված ամեն մի իշխանություն կամ կառավարման մոդել չի կարող հարատեւել: Չի կարող երկարակյաց լինել նաեւ օլիգարխիկ (օլիգարխիական) կառավարման մոդելը: Դեռեւս մեկ տարի առաջ էինք ենթադրել («Սյունյաց երկիր», 30 հուլիսի 2013թ., Սյունիքում` նոր ստատուս քվո), որ օլիգարխիկ կառավարումը չի կարող հաջողություն ունենալ մեզանում: Մեր եզրակացությունը հիմնավորելու համար այն ժամանակ հիշեցրել էինք կառավարման այդ մոդելի հանրագիտարանային ձեւակերպումը: Իսկ հանրագիտարանային ձեւակերպումն այսպես է. «Օլիգարխիա-քչերի իշխանություն, կառավարման ձեւ, որի դեպքում պետական իշխանությունը տնօրինում է մարդկանց փոքր, որպես կանոն, տնտեսապես առավել հզոր խումբ: Տերմինն առաջին անգամ օգտագործել են Արիստոտելը, Պոլիբիոսը եւ հին աշխարհի այլ իմաստուններ: Կառավարման այդ ձեւը համարվել է պետական համակարգի այլասերման արդյունք: Օլիգարխիան կառուցվում է առավելապես ընտանեկան-դինաստիական հիմքի վրա: Օլիգարխիական կառավարման նպատակն է սեփական ունեցվածքի անձեռնմխելիության ապահովումը, քանի դեռ հնարավոր է, քանի դեռ իրենց ունեցվածքը չեն խլել ուրիշները, ինչպես իրենք են ժամանակին խլել ուրիշների ունեցվածքը»:

Այդ ամենի մեջ, սակայն, ոչ սովորական մի երեւույթ կա: Սյունիքն ավելի շուտ, ավելի արագ եւ ավելի դաժան մերժեց օլիգարխիկ կառավարման մոդելը, քան ենթադրում էինք մեկ տարի առաջ:

Հիմա, եթե ուշադիր ընթերցենք հանրագիտարանային վերոգրյալ ձեւակերպումը, եկել է սյունիքյան օլիգարխիկ կլանին ունեզրկելու ժամանակը: Դա արդեն Արիստոտելի կանխատեսումն է…

Վերջերգ կամ Արա Գեղեցիկի, Մաքսիմ Հակոբյանի եւ արալեզների մասին

Զարմանալի կին էր վավաշոտ ու անառակ Շամիրամը: Տարիներ ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին` նա ամեն ինչ արեց, որ Արան իրեն կին առնի ու բոլորի վրա թագավորի: Արա Գեղեցիկը չհամաձայնեց, ապա Շամիրամը, սաստիկ չարանալով, առավ իր զորքի բազմությունը եւ շտապեց Հայոց երկիր: Կռվի ժամանակ Արայի զորքը ջարդվեց, Արան էլ ընկավ պատերազմի դաշտում: Շամիրամն Արային գտավ մեռած քաջամարտիկների մեջ: Արային տարան ապարանքի վերնատուն: Շամիրամը չէր ուզում հավատալ, որ Արան մեռել է ու չկա այլեւս: Եվ Շամիրամն ասաց. «Ես իմ աստվածներին ու արալեզներին հրամայեցի նրա վերքերը լիզել, եւ նա կկենդանանա»: Ժամանակն անցավ, բայց կախարդական դյութությամբ անգամ Արան չկենդանացավ: Հանրությանը խաբելու համար նա իր սիրեկաններից մեկին զարդարեց ու ծածուկ պահելով` այսպիսի լուր տարածեց. «Արալեզները, Արային լիզելով ու կենդանացնելով, մեր փափագն ու ցանկությունը կատարեցին…»:

Իրականում, սակայն, Արա Գեղեցիկը վաղուց արդեն մեռած էր: Եվ ավելորդ էին Շամիրամի ու արալեզների ջանքերը…

Բայց մենք, որքան էլ տարօրինակ է, չենք ուզում հավատալ իրականությանը: Ուզում ենք հավատալ մերօրյա արալեզներին, ովքեր ասում են` Մաքսիմ Հակոբյանը շեֆերի շեֆն է, պրեզիդենտների պրեզիդենտը, նախագահների նախագահը, տնօրենների տնօրենը, կենտկոմի քարտուղարը, ովքեր ասում են` Մաքսիմ Հակոբյանը շուտով 1000 նոր աշխատատեղ է ստեղծելու, նոր ձեռնարկություններ է հիմնելու… Եվ այդպես` հավերժ: Իսկ մենք էլ նրա արձանն ենք կանգնեցնելու Քրքի արձանի կողքին: Այնպես որ, շնորհիվ նորօրյա արալեզների, Մաքսիմ Հակոբյանը եղել է, կա ու կլինի, քանի դեռ գոյություն ունի մարդկությունը, քանի դեռ գոյություն ունի Երկիր մոլորակը…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25