Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներ. ի՞նչ է սպասվում Հայաստանին

05.11.2018 20:29
1230

ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի նկատմամբ որդեգրած ռազմավարության շրջանակներում ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ ամերիկյան ամենակոշտ պատժամիջոցները: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային պայմանագրից և սկսում է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Օգոստոսի 6-ին ուժի մեջ մտավ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը, իսկ նոյեմբերի 5-ին՝ երկրորդ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը սպառնում է երկրորդական պատժամիջոցներ կիրառել նաև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կշարունակեն համագործակցությունն Իրանի հետ՝ զգուշացնելով, որ «Իրանի հետ բիզնես անողները չեն կարող աշխատել ԱՄՆ-ի հետ»: Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցների թիրախում են հատկապես Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները:

Թրամփի քաղաքականությունն Իրանի հարցում էապես տարբերվում է նրան նախորդած Բարաք Օբամայի ռազմավարությունից: Թրամփի վարչակազմը է, որ մտադիր է կանխել միջուկային զենք և հրթիռային համակարգեր ձեռք բերելու իրանական վարչակազմի բոլոր փորձերը, ինչպես նաև չեզոքացնել Իրանի կառավարության ազդեցությունը տարածաշրջանում: Միացյալ Նահանգները Իրանին մեղադրում է նաև տարածաշրջանային երկրների գործերին «միջամտելու» և «ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Թեհրանի նկատմամբ ճնշումների համար որպես գործիք այս փուլում դիտարկվում է պատժամիջոցների վերականգնումը և նորերի սահմանումը: Ընդ որում, այս հարցում ԱՄՆ-ը պահանջում է ողջ միջազգային հանրության աջակցությունը՝ հայտարարելով, որ ակտիվացնելու է տարածաշրջանի իր դաշնակիցներին՝ Իրանի շուրջ օղակը սեղմելու համար:

Հենց սրանում էլ կայանում է գործընթացի գլխավոր մարտահրավերը: Ամերիկյան սպառնալիքները հատկապես մտահոգիչ են Իրանի հիմնական գործընկերների, ինչպես նաև հարևան տարածաշրջանների համար: Թեհրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան քաղաքականության համատեքստում Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասը, այդ թվում նաև Հայաստանը, առանձնահատուկ կարևորություն ունի: Այս մասին է փաստում նաև հոկտեմբերին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան:

Մասնավորապես, ԱՄՆ-ը մտահոգություններ ունի հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առնչությամբ, ինչը հստակ նշմարվեց ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի վերջին հայտարարություններում: Մասնավորապես, ամերիկյան կողմը Հայաստանից ակնկալում է քննադատական հայտարարություններ Իրանի հասցեին, ինչպես նաև աջակցություն տարբեր միջազգային կառույցներում Իրանին առնչվող հարցերի քվեարկության ժամանակ:

Միևնույն ժամանակ, երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան կողմի սպառնալիքները կարող են խոչընդոտներ ստեղծել հատկապես էներգետիկ և ֆինանսական ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության խորացման համար: Մյուս կողմից, ամերիկյան պատժամիջոցների փուլային վերականգնումը և դրա հետևանքով Իրանի տնտեսական ներուժի թուլացումը կարող է ազդել հայ-իրանական համագործակցության տեմպերի և համատեղ նախագծերի իրականացման վրա:

Հատկանշական է, որ այս հարցում Հայաստանը բավական բաց և թափանցիկ քաղաքականություն է վարում: Նույն Ջոն Բոլթոնի ացի շրջանակներում հայկական կողմը հստակ ներկայացրեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, և ՀՀ վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ բացառապես բխում է մեր կենսական շահերից:

Ընդ որում, նույնը չենք կարող ասել հարևան Ադրբեջանի մասին, որն, ընդհանուր առմամբ, դեմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ կախված նրանից, թե դրա դիմաց ինչ երաշխիքներ կառաջարկեն ԱՄՆ-ը և Իսրայելը: Ի դեպ, Ադրբեջանն արդեն իսկ ակտիվ քայլեր է իրականացնում այս ուղղությամբ՝ հիմնավոր կասկած առաջացնելով, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կարող է բացահայտ պլացդարմ դառնալ Իրանի դեմ առանձին գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է Իրանի տարածքով գազի ներկրումը, որն իրականացվում էր Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև պայմանավորվածության շրջանակներում:

Հաշվի առնելով նախկին պատժամիջոցների ժամանակ Իրանի հետ արդյունավետ համագործակցության փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ԱՄՆ-ը կարող է նաև բավական ճկուն գտնվել իր դիրքորոշման մեջ (օրինակ, 8 երկրների համար բացառություն է սահմանվել իրանական նավթ գնելու հարցում)՝ կարելի է հույս հայտնել, որ ճիշտ աշխատանքի պարագայում վերոնշյալ խոչընդոտները հաղթահարելի են: Հենց այս տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանը հանդես է գալիս իրանական ճգնաժամի շուտափույթ հաղթահարման օգտին՝ կարևորելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովումը և Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը:

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24