Իշխանությունները պետք է գնան իրադարձությունների առջեւից եւ ոչ թե...

25.07.2013 18:15
2593

ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ք.Գորիս


Մեր երկրի ու ժողովրդի ամբողջ ընթացքում ամենանպաստավոր ժամանակամիջոցը՝ ապրելու եւ զարգանալու համար, հիմա է՝ պայմանավորված անկախ պետականությամբ: Հետ գնանք երեք հազար տարի ու թերթենք մեր ժողովրդի պատմությունը եւ կտեսնենք, որ պատերազմները, ավերումները դարեր շարունակ անհամար զրկանքներ են պատճառել մեր ժողովրդին: Չնայած Տիգրան Մեծի, Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակներում երկիրն ու ժողովուրդը մի քիչ շնչելու հնարավորություն ունեցան, այնուհանդերձ այն ժամանակներում էլ անչափ շատ են եղել վտանգներն ու ծանր պայմանները:

Այդ ո՞ր դարում է Հայաստանը եղել միջազգային իրավունքի այսպես լիարժեք եւ լիիրավ սուբյեկտ, ինչպես հիմա է: Այդ ե՞րբ ենք կարողացել այսքան բազմապիսի եւ լայն ու խորը հարաբերություններ ունենալ աշխարհի երկրների, միջազգային կազմակերպությունների հետ, որ հիմա ունենք: Այդ ե՞րբ է աշխարհն այսպես պարզ ու որոշակի տեսել Հայաստանը, ինչպես հիմա: Կարելի է այս հարցերի եւ համեմատությունների թվարկումը շարունակել, բայց, կարծում եմ, այսքանը բավական է համոզվելու, որ ներկա ժամանակը, իրոք, մեր երկրի համար ամենանպաստավորն է:

Հիմա կհարցնեք. իսկ շրջափակո՞ւմը, պաշտպանական ծախսե՞րը, համաշխարհային ճգնաժա՞մը… Կասեմ՝ վերը նշված առավելությունները, գումարած նաեւ չթվարկվածները, բազմիցս գերազանցում են դրանց եւ մեր գոյության սկզբից մինչեւ այսօր լավագույն պայմաններն են ստեղծում՝ վստահ ու հաստատուն առաջընթացի ապահովման, նաեւ թվարկած խոչընդոտների չեզոքացման համար: Առավել լավ ժամանակների սպասելն ինքնախաբեություն է եւ կործանարար:

Իսկ ո՞րն է այն ուղին, որ կարող է ապահովել զարգացում ու առաջընթաց երկրի ու ժողովրդի համար: Շատերի հետ համակարծիք լինելով, ասում եմ, որ առաջընթաց կապահովվի միայն այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները, հատկապես օրենսդիր եւ գործադիր, ընթանան մեզանում տեղի ունեցող իրադարձությունների (հասարակական, տնտեսական, պետական շինարարություն եւ այլն) առջեւից, այսինքն, վստահորեն եւ համոզված կարողանան ուղղորդել մեր ազգային ու պետական ընթացքը: Մինչդեռ արդեն երկար տարիներ է՝ նրանք ոչ միայն չեն կարողանում դա անել, այլ նույնիսկ չեն հասնում ծավալվող իրադարձությունների հետեւից: Նշածս սկզբունքը գործել եւ ներկայումս էլ գործում է աշխարհի առաջատար բոլոր երկրներում. հարկ չկա անուններ թվարկել: Մինչեւ այս բանաձեւն իր հաստատումը չգտնի մեր երկրում, մենք հաջողություն չենք ունենալու: Այլ ճանապարհ չկա:

Հիմա ցույց տանք, որ, իսկապես, լավագույն դեպքում միայն որոշ ոլորտներում ենք կարողանում կրնկակոխ հետեւել զարգացող իրադարձություններին, իսկ մեծամասամբ դրանցից շատ ու շատ հետ ենք մնում: Ամեն մի երկիր, պետություն կենդանի օրգանիզմ է՝ իր առանձնահատկություններով, բայց նաեւ պարտադիր կենսական մարմնամասերով՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, սպասարկումներ, գիտություն եւ կրթություն, առողջապահություն, բանակ-պաշտպանություն եւ այլն: Խոսքը չի վերաբերում Վատիկանին, Լիխտեյնշտեյնին եւ նման մի քանի սիմվոլիկ պետական միավորներին, այլ դասական իմաստով պետություններին, իսկ Հայաստանը, որ այդ շարքում է, որեւէ կասկած չկա: Հետեւապես՝ մեր պետությունը, որպեսզի առողջ լինի եւ լիարյուն գործի, պետք է ունենա այդ չափանիշին անհրաժեշտ բոլոր մարմնամասերը, եւ, որ շատ կարեւոր է, դրանք լինեն առողջ, միանգամայն կենսունակ ու կազմեն մի կուռ միասնություն: Մեր բանակը, ինչ-որ չափով նաեւ արտաքին գործերի գերատեսչությունը, այսօր մոտավոր չափով փորձում են ապահովել այդ պահանջների կատարումը, եւ ինչ-որ տեղ դա նրանց հաջողվում է: Ինչ վերաբերում է պետական, հասարակական-տնտեսական մեխանիզմի մյուս մասերին, ապա դրանք ոչ միայն լուրջ հիվանդ են, այլ նաեւ այդ արատներն անցել են քրոնիկական ընթացքի, որոնց ապաքինման համար հիմա շատ ավելի մեծ ծախսեր ու ջանքեր են պահանջվում:

Ծայրահեղ անհուսալի է արդյունաբերությունը. ուղղակի այն չկա: Հանքարդյունաբերության մի քանի ձեռնարկություն լուծում է միայն մասնավոր անձանց հարցեր եւ էականորեն չի էլ նպաստում երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Իսկ սննդարդյունաբերության ձեռնարկությունները, որոնց գործարկման եւ ծավալման ուղղությամբ որոշ աշխատանքներ տարվում են, չեն կարող ապահովել արդյունաբերության կողմից պետական օրգանիզմին մատուցվելիք ծառայությունը. խոսքը վերաբերում է մեծաքանակ աշխատատեղերի բացմանը, բնակչության զբաղվածության եւ նյութական վիճակի բարելավմանը, ի վերջո արտագաղթի կանխմանը: 15-20 կամ 50 աշխատատեղ ստեղծելով գյուղմթերք մշակող արտադրությունում՝ ոչնչի չենք հասնի, եւ մեր կառավարիչները պետք է ձեռնպահ մնան այդ տրամաչափի արտադրամասեր այցելելուց, ամոթալի այդ թվերով ժողովրդին կերակրելուց: Մինչդեռ այդպես էլ չի գտնվում Երեւանի «Նաիրիտը», Վանաձորի քիմկոմբինատը եւ նման բազմաթիվ ձեռնարկությունները գործարկելու կամ նորերը բացելու բանալին, որով պետք է առաջին հերթին զբաղվեն կառավարությունում: Ու հետ ենք մնում, եւ որքան ժամանակն անցնում է, այդ անջրպետն ավելի է մեծանում, մեր վիճակն ավելի ծանրանում: Մի՞թե պարզ չէ, որ զբոսաշրջությունը Հայաստանի համար վճռորոշ ճյուղ չի կարող լինել, լավագույն դեպքում կարող է միայն օժանդակ ճյուղ լինել: Իսկ լուրջ արդյունաբերություն ունենալը մեզ համար կենսական է՝ հաշվի առնելով եւ ներքին, եւ առավել եւս՝ արտաքին մարտահրավերները:

Եթե 2000-2008թթ. շինարարությունում առողջացման նշաններ կային, հետագա տարիներին դրանք լիովին անհետացան, եւ բնագավառը ոչ միայն ավելի վատացավ, այլ հոգեվարք է ապրում: Բանն առավել ծանրանում է նրանով, որ նկատելի հեռանկարում տեսանելի չէ այդ խորտակման առաջն առնելու հնարը: Գյուղատնտեսությունում շարունակում են ապավինել Աստծո տվածին: Ճիշտ է, որոշ մասնավոր քայլեր արվում են, սակայն դրանք գյուղատնտեսության կազմակերպման եւ վարման վրա երբեք էլ էական ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ այդպիսի նպատակ չեն հետապնդում, հետեւապես, հաստատուն, բարձր արդյունքների ապահովումն անհնար է լինելու: Վարելահողերը չեն մշակվում, հազարավոր հեկտար ալպիական արոտները չեն օգտագործվում, կարկուտը, տեղատարափ անձրեւները փչացնում են ցանքերը, ու չենք իմանում՝ ինչ անել: Տոհմային գործ չի կազմակերպվում, երկրագործության առաջադիմական եղանակներ ներ չեն դրվում, հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվում, անգամ մարդիկ են սիբիրյան խոցով տառապում, մինչդեռ ասում ենք՝ իրադրությունը վերահսկվում է: Օրերս խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ.Սահակյանը «Երկիր մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպես էր արտահայտվում. «Հանրապետականը մեղավո՞ր է, որ կարկուտ է տեղացել Արմավիրում եւ փչացրել ցանքերը»: Այ սիրելիս, մի՞թե տեղյակ չես, որ կարկուտ էլ է լինում, ջրհեղեղ էլ եւ այլն, բա դու չպիտի՞ պատրաստվես եւ հնարավոր չափով մեղմես հետեւանքները, նաեւ անհրաժեշտության դեպքում հատուցում տաս: Սա՝ օրինակի համար, եւ ինչքան այսպիսի խնդիրներ ասես, որ չկան մեզանում:

Առավել անմխիթար է սպասարկումների վիճակը: Փոխանակ պահանջվող չափանիշներն օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերով սահմանելու եւ դրանք կյանքում կիրառելու, չգիտես ինչու բանը բանից անցնելուց հետո են միայն պետական համապատասխան մարմինները «ստուգում» իրականացնում, մի քանի դրամ տուգանք կիրառում կամ «վնաս վերականգնում», բայց նորից շարունակվում է նույն բարձիթողի վիճակը: Սա հատկապես առեւտրի, սննդի սպասարկման, սննդարդյունաբերության բնագավառներում, որը եւ պետական անվտանգության, եւ մարդկանց առողջության ու իրավունքների գերակա խնդիր է: Ընդհանրապես այսպիսի ախտն առկա է մեր իրականության բոլոր բնագավառներում: Եվ ինչու նյութական, դրամական միջոցների ծախսման ընթացքին, մասնավորապես արտադրությանը եւ սննդի անվտանգությանը մեր կառավարիչները չեն հետեւում՝ եզրահանգում կարելի է անել… Էլ ինչպե՞ս առողջանա պետությունը, երբ այդ կառավարիչներն էլ, խոսքը վերաբերում է բարձր կառավարողներին՝ վարչապետ, փոխվարչապետ, նախարար, փոխնախարար, թողտվության համար պատասխանատվության չեն կանչվում: Այսինքն, ինչպես սկզբում նշել եմ, նախընտրում են ընթանալ հետեւից, որովհետեւ այդպես հեշտ է, երբեք չեն էլ փորձում իրադարձությունների առջեւից գնալ, կամ գուցե ի վիճակի չեն, այդպիսի խնդիր լուծելը նրանց հնարավորություններից վեր է: Դա պարզ երեւաց նաեւ վերջերս խորհրդարանում 2012թ. բյուջեի կատարման եւ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ:

Նույնը կատարվում է գիտության, կրթության ոլորտներում: Անընդհատ խոսում ենք մեր հզոր գիտական ներուժի մասին, բայց գիտենք՝ ինչպիսի նյութական խղճուկ վիճակում է մեր գիտական միտքը, ինչից էլ բխում են այսօրվա արդյունքները: Ինչպիսի՜ հզոր հետընթաց է ապրում մեր կրթության համակարգը, չնայած անընդհատ խոսվում է բարեփոխումների մասին: Սրանց արդյունքներն ամենակարճ ժամանակում մեզ կհասցնեն չափազանց տխուր հետեւանքների, եթե արդեն չեն հասցրել:

Առողջապահության որոշ ուղղություններում նկատելիորեն ներ են դրվել շատ ցանկալի միջոցառումներ` սրտանոթային խանգարումների, չարորակ ուռուցքների եւ ուրիշ հիվանդությունների բուժման, կանխարգելիչ բուժհետազոտությունների կատարման նպատակով: Սակայն հաշվի չի առնվում, թե մեր բնակչության որ մասը կարող է օգտվել դրանցից, եւ ինչ պետք է արվի մյուս՝ շատ ավելի մեծ մասին այդ հնարավորությունն ընձեռելու համար:

Արդյունքում՝ հիվանդը չի գնում հիվանդանոց… Դարձյալ հետեւից ենք գնում: Այսպես է գործերի վիճակը նաեւ հարկային համակարգում եւ մյուս բնագավառներում: Իսկ որ ընդունած օրենսդրական ակտը 3-4 ամիս հետո (ոչ պիտանի լինելու պատճառով) օրենսդիր մարմինը ստիպված է լինում վերացնել, եւ վարչապետն էլ պատճառաբանում է՝ թե ուրախ չե՞ք, որ մենք մեր սխալն ուղղում ենք, ապա, ինչպես ասում են, խոսելու տեղ չի մնում:

Բազմաթիվ են նաեւ ու բազմազան քաղաքական համակարգի խոցերը. հները գնալով խորանում են, նորերն անընդհատ առաջ գալիս, ու այսպես շարունակ:

Դե տեսեք, այսպիսի առողջական խնդիրներով մարմնամասերը կարո՞ղ են կազմել առողջ օրգանիզմ. իհարկե ոչ: Կաղ ոտքերով, թույլ որովայնով, պարալիզված թեւերով, սուր գլխացավով եւ բազում այլ ախտերով այս մարմինն ի՞նչ տեղ ու դեր կունենա ընդհանուր ընթացքի մեջ եւ ի՞նչ հեռանկար կարող է ապահովել իր ժողովրդի ու երկրի համար: Ես վատատես չեմ: Ամենափոքր հաջողությունն անգամ, որ մեր երկրում արձանագրվում է, ինձ մեծ ուրախություն է պատճառում: Այդ զգացումն է ինձ ստիպում գրել այս տողերը: Ցավալի է սակայն, որ տխրելու բաներն այսօր գերակշռում են, իսկ դա մեր ընդհանուր մթնոլորտը հիվանդ է դարձնում եւ անտանելի:

Անհրաժեշտ է օր առաջ դուրս գալ այս վիճակից, եւ դա հնարավոր է երկրին, մեր հայրենիքին անմնացորդ նվիրվելով, որը պետք է գա վերեւից ու ծառայի որպես օրինակ բոլորիս համար: Սա ոչ թե ռոմանտիկա է, այլ առաջընթացի իրական ճանապարհ, որն իրականացնելու համար երկիրն ունի եւ հնարավորություններ, եւ անհրաժեշտ ուժեր:

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10