Իսկ մարզի գյուղացիները տարիներ շարունակ չեն կարողանում իրացնել կուտակած բուրդը

15.05.2014 18:20
3208

 

Անցած դարի 70-ականներին տողերիս հեղինակը դեպի Տաթեւ է ուղեկցել ֆրանսահայ բանաստեղծ, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ Ռուբեն Մելիքին: Տաթեւից վերադառնալու ճանապարհին շրջանի ղեկավարներն ի պատիվ մեր մեծ հայրենակցի Հալիձորի անտառում ճոխ սեղան էին բացել՝ մեր հող ու ջրի առատ, համ ու հոտով բարիքներով: Նրան հատկապես դուր էր եկել Որոտանի խորոված կարմրախայտը, Հալիձորի կարմիր գինին: Բանաստեղծի կողմից գինու գովասանքը լսելուց հետո երջանկահիշատակ Սաշիկ Հարությունյանը, ով այն ժամանակ Հալիձորի պետական տնտեսության տնօրենն էր, ծոցագրպանից հանեց քառածալ մի թուղթ ու մեկնեց բանաստեղծին: Նա զարմացած վերցրեց այն ու սկսեց բացել: Բազում անգամ ծալվել-բացվելուց թուղթը համարյա չորս կտորի էր բաժանվել: Հեռվից նկատելի էր ոսկետառ տեքստը: Բանաստեղծը հայերեն դժվարությամբ էր խոսում, բայց ի զարմանս մեզ՝ հընթացս թարգմանեց: Վկայագիր էր՝ 1913 թվականին Փարիզում անցկացված գինիների մրցույթի մասին: Այն ի լուր աշխարհի հայտնում էր, որ գեղեցկության, մոդայի, սիրո, ոգելիչ խմիչքների համաշխարհային մայրաքաղաքում անցկացված մրցույթում Հալիձոր փոքրիկ գյուղից ուղարկված գինին շահել է գլխավոր մրցանակը:

Չեմ ցանկանում ծավալվել: Բանաստեղծը տասնյակ անգամ լուսանկարեց վկայագիրը, իսկ մենք այնքան էինք ոգեւորվել, որ կարծես մեր պապերի արածի մեջ ներդրում ունենք:

Փառք ու պատիվ մեր սերնդին, որ կարողացավ բազում արհավիրքների դիմակայել: Այսօր էլ խաղողի այդ տեսակն էնդեմիկ է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր տարածաշրջանում:

Իսկ հիմա բուն ասելիքի մասին:

Մայիսի 3-ին նախաձեռնող, հայրենասեր մարդկանց, կազմակերպությունների շնորհիվ սովորականից մարդաշատ էր «Տաթեւեր» ճոպանուղու Հալիձորի տեղամասի տարածքը: Տոնական տրամադրությունը համակում է մարդկանց արդեն գլխավոր մայրուղու ու Տաթեւի խաչմերուկից: Ճամփեզրի գովազդային վահանակները հիշեցնում են առջեւում սպասվող հաճելի հանդիպման մասին: Իսկ այստեղ, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա. Որոտանի կիրճի ութ համայնքի ներկայացուցիչներին միացել են հարյուրավոր հյուրեր մարզի մեծ ու փոքր համայնքներից, մայրաքաղաքից: Բազմաթիվ են օտարերկրացի հյուրերը: Եկել են աշխարհի չորս ծագերից, եկել են տեսնելու մեր մարդկանց աշխատանքը, համտեսելու նրանց, նաեւ բնության ստեղծած բարիքները, որ հետո գնան ու իրենց երկրներում պատմեն այն հրաշքի մասին, որ կրում է Հայաստան անունը:

Տարածքի ութ համայնքի նախաձեռնող բնակիչներն առատ սեղաներ են բացել: Կերակրատեսակների մեծ մասը նույնիսկ տեղյակներիս շատերի համար է էկզոտիկ. կաթնով է, թանապուր՝ խնոցու թանով ու նաեւ չորաթանով, փլավ, խնոցու կարագ՝ դեռ թանի կաթիլներով թաթախված: Սեղաններին հատուկ շուք են տալիս անտառի բարիքները՝ չոր հաղարջ, սեզն, սալոր, քոլի տանձի չիր, մոշի, վայրի մորու մուրաբաներ, հյութեր….

Տեղացիները ցուցադրել էին նաեւ իրենց ձեռքի աշխատանքները, որոնք առնչվում էին գյուղի, մասնավորապես ոչխարաբուծության հետ. տարբեր տեսակի բրդյա գուլպաներ, գործվածքներ, թելեր եւ այլն: Հյուրերը հատկապես երկար էին կանգնում կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի տաղավարի մոտ:

Առաջ անցնելով ասենք, որ ստեղծվում էր տպավորություն, որ կազմակերպվածը ոչ թե ցուցահանդես-վաճառք է, այլ ցուցահանդես-հյուրասիրություն: Ասում են՝ լավը մոռացված հինը վերհիշելն է:

Ավագները լավ են հիշում, որ խորհրդային տարիներին պարբերաբար կազմակերպվում էին կթի, ոչխարի խուզի մրցումներ: Այս միջոցառման ծրագրի շրջանակներում ոչխարի խուզի մրցումներին մասնակցում էին Հալիձորի, Խոտի եւ Տաթեւի համայնքների ներկայացուցիչները: Մինչեւ մրցումների սկիզբը հարյուրավոր երկրպագուների ուրախ գոռում-գոչյունների, ծափերի տակ տեղացի ոչխարաբույծներից ոչխարի խուզի վարպետության դաս է առնում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հետո լսվում է մրցավարի հետհաշվարկի ձայնը՝ երեք, երկու, մեկ, եւ մրցումները սկսված են: Մի պահ լռություն է տիրում: Լսվում է, թե ինչպես են խրթխրթում ծիծեռնակաթեւ մկրատները: Ու նորից մրցակիցների հեւոցը խլանում է երկրպագուների խրախուսող աղմուկի մեջ: Առաջինը բրդից ու ոտքերի կապից ազատված ոտքի է ցատկում Տաթեւի համայնքի ներկայացուցիչ Բորիս Քոլյանի ոչխարը՝ ութ րոպեից քիչ ավելի ժամանակ անց: Երկրորդը Ռաֆիկ Խաչատրյանն է՝ Հալիձորից, 9 րոպե 5 վայրկյան, իսկ երրորդը` Հրանտ Գալստյանը` 9 րոպե 25 վայրկյան: Հաղթողը պարգեւատրվեց գլխավոր մրցանակով եւ ոսկե մկրատով:

Մնում է ավելացնել, որ այդ հրաշալի միջոցառումը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ ու ֆինանսավորմամբ: Իսկ նպատակն էր` նպաստել Գորիսի եւ Սիսիանի շրջաններում անասնապահության ոլորտի զարգացմանը եւ ծրագրում ընդգրկված գյուղական համայնքների բնակչության եկամուտների աճին: Ծրագրի երրորդ փուլը ներառում է Սիսիանի եւ Գորիսի 40 թիրախային գյուղական համայնք՝ 30,000 ընդհանուր բնակչությամբ:

Դրա եւ կազմակերպված լավ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, ավելացնենք, որ մարզի (եւ ոչ միայն մարզի) հարյուրավոր ֆերմերներ տասնյակ տարիներ չեն կարողանում ամենաչնչին գնով անգամ իրացնել կուտակված տոննաներով բուրդը: Երբեմն այն ուղղակի ոչնչացնում են: Իսկ համաշխարհային շուկայում 1կգ բուրդն արժե 6-12 ԱՄՆ դոլար:

Կնպաստի՞ արդյոք այդ փառատոնը ոչխարաբուծության զարգացմանը, բրդի իրացմանը, թե՞…

****

Չնայած ամբոխի առաջացրած ժխորին, Որոտանի կիրճում ամեն ինչ ընթանում էր իր հունով. այստեղ տեր ու տնօրեն էր ամենակարող արեւը: Այն լցվել էր ձորը, սիրահարվել ջրերին: Ջրերն այդ սիրուց խենթացած՝ մշուշի ձեւով քսվելով քարափի ծառերին, թփերին, ապաստան էին փնտրում անտառի ստվերներում:

Հեռու-հեռվում` Գյազբելի ձյունածածկ գագաթից ցած, նրա լանջին է փարվել ձյան նման ճերմակ մի մեծ ամպակտոր: Երեւի երեկ է բարձրացել ձորից: Հենց որ այն ամբողջովին ծածկի Գյազբելի գագաթը՝ անձրեւ կգա: Իսկ մայիսի անձրեւն առատ բերքի նշան է:

Սպասենք աշնան առատ բերքին…

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱԿ-ը համագումար է անցկացնում

14.03.2026 13:14

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48