Կապանի համառոտ ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

03.05.2024 12:44
1232

Ֆիզիկաաշխարհագրական դիրքի առումով Կապան քաղաքը գտնվում է ՀՀ հարավարեւելյան մասում` ուղիղ գծով մայրաքաղաք Երեւանից 190 կմ հեռավորության վրա: Կապանի աշխարհագրական կոորդինատներն են հս-լ 39 աստիճան 10 րոպե, հար.-լ 46 աստիճան 15 րոպե: Դա հյուսիսային մերձարեւադարձային աշխարհագրական գոտու տարածքն է: Կապանը հասարակածից հյուսիս է մոտ 4300 կմ, իսկ հյուսիսային բեւեռից հարավ` 5700 կմ: Նրա հեռավորությունը մոտակա արեւադարձից 1700 կմ է, իսկ սկզբնական միջօրեականից` 3700 կմ: Դա երրորդ ժամային գոտու տարածքն է:

Կապան քաղաքը ջրավազաններից զգալի հեռավորության վրա է: Նրանից դեպի արեւելք` մինչեւ Կասպից ծով, հեռավորությունը մոտ 200 կմ է, դեպի հյուսիս-արեւմուտք` մինչեւ Սեւ ծով` մոտ 500 կմ, դեպի հարավ-արեւմուտք` մինչեւ Միջերկրական ծով, 1000 կմ եւ դեպի հարավ` մինչեւ Պարսից ծոց` 900 կմ:

Լեռնագրական տեսակետից Կապանը Փոքր Կովկաս լեռնահամակարգի հարավարեւելյան մասում է` ՀՀ հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ եւ միջլեռնային գոգավորություններ մարզի Զանգեզուրի ենթամարզում: Դա Ողջիի գոգավորության այն հատվածն է, որտեղ Ողջի գետին են միախառնվում նրա վտակներ Վաչագանը, Կավարտը, իսկ արեւելյան եզրում էլ` Աջանանը:

Ողջիի գոգավորության միջնամասն է սա, որը նաեւ Կապանի գոգավորություն է կոչվում: Կապանի գոգավորությունը եզրավորված է Խուստուփ-Կատարի լեռնաշղթայից անջատված թմբաշարքերով: Գոգավորության հարավային մասը կազմում են Գեղանուշի, Բաղաբուրջի, Վաչագանի եւ Բեխի հյուսիսահայաց հողմակողմ եւ խոնավ, անտառատափաստանային բուսականությամբ ծածկված միջին բարձրության լեռնալանջերը` իրենց թիկունքում ունենալով Խուստուփ լեռան (3208) վեհաշունչ տեսարանը:

Կապանի գոգավորության հյուսիսային ձախափնյա մասը կազմում են Կավարտի եւ Բարաբաթումի հարավահայաց (գյունե) լեռնաչորասեր (ֆրիգանոիդ) բուսականությամբ ծածկված միջին բարձրությամբ լեռնալանջերը:

Այսպիսով Կապան քաղաքը տեղադրված է Ողջի գետի միջին հոսանքներում, նրա Վաչագան եւ Կավարտ վտակների աջափնյա ու ձախափնյա նեղ դարավանդներում, դրանց հարակից 30-40 աստիճան թեքության լեռնալանջերին, 700-1000 մ բացարձակ բարձրությունների վրա: Տարածքի ընդհանուր թեքվածությունը արեւմուտքից արեւելք է:

Երկրաբանական տեսանկյունից Կապանի գոգավորությունը, որի ցածրադիր մասերում Կապան քաղաքն է, Յուրայի դարաշրջանի (մոտ 170 մլն տարի առաջվա) հրաբխային-նստվածքային ապարաշերտերից կազմված ծալքաբեկորավոր կառուցվածքներ է: Դարավանդները ծածկված են ավելի երիտասարդ` Անթրոպոկեն ժամանակաշրջանի (մոտ 1 մլն տարի առաջվա) գետաբեկորային կուտակումներով: Հարակից լեռնալանջերում, երկրակեղեւի ճեղքերով, լեռնակազմությունների ժամանակ (30-40 մլն տարի առաջ) կատարվել են հրաբխային ներժայթքումներ: Դրանք հանգեցրել են Կավարտի, Կապանի պղնձի եւ Շահումյանի բազմամետաղային հանքավայրերի առաջացմանը:

Ըստ երկրաշարժավտանգության` Կապան քաղաքն ընկած է չափավոր 7-8 բալ ուժգնության սեյսմիկ գոտում:

Կապանն ունի չափավոր շոգ վերընթաց տիպի կլիմա: Դա պայմանավորված է նրա` մերձարեւադարձային գոտում գտնվելով, ոչ մեծ բացարձակ բարձրություններով (700-800) եւ ծովափերից ունեցած զգալի հեռավորություններով: Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է 24,5 աստիճանից (դեկտեմբերի 22-ի կեսօրից) մինչեւ 74,5 աստիճան (հունիսի 22-ի կեսօրին): Դա ձմեռվա համար ցածր չէ, իսկ ամառվա համար զգալի է: Արեւի ճառագայթների անկման անկյան փոփոխման հետ կապված` տարվա ընթացքում փոփոխվում է նաեւ գիշեր-ցերեկվա տեւողությունը: Ամենաերկար ցերեկը հունիսի 22-ին է` տեւելով 15 ժամ 30 րոպե, որը նաեւ ամենակարճ գիշերն է` 8 ժամ 30 րոպե: Կապանում ամենակարճ ցերեկը դեկտեմբերի 22-ին է` 9 ժամ 30 րոպե: Սա նաեւ ամենաերկար գիշերն է` 14 ժամ 30 րոպե տեւողությամբ:

Կապանը ամպամած օրերի թվով (տարեկան մոտ 60 օր) ՀՀ քաղաքներից զիջում է միայն Իջեւանին: Այդ պատճառով արեւափայլի միջին տարեկան մեծությունը բարձր չէ (2450 ժամ/ տարի):

Տարվա եղանակները Կապանում լավ են արտահայտված: Դրանք իրենց օրացուցային պահից 10-15 օրով ետ են ընկնում: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +12 աստիճան C:

Ամառը Կապանում համեմատաբար երկարատեւ է, չափավոր չոր ու շոգ, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին: Առանձին տարիների տեւական շոգ եւ չոր երաշտային եղանակները կարող են ընդմիջվել որոտով ու կայծակով, տեղատարափ անձրեւներով, երբեմն էլ կարկտահարությամբ: Տարվա ամենատաք պահերը Կապանում հուլիս եւ օգոստոս ամիսներն են, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը բարձրանում է +23 աստիճան C-ից, իսկ երբեւիցե դիտարկված առավելագույն ջերմաստիճանը 39 աստիճան C է: Ամառային չոր, շոգ ու փոշոտ եղանակները պայմանավորված են հարավից` Իրանական բարձրավանդակից ներթափանցող արեւադարձային ցամաքային օդային զանգվածներով:

Ձմեռը Կապանում մեղմ է, թույլ եւ անկայուն ձնածածկույթով: Առաջին ցրտերը երբեմն պատահում են նոյեմբերի սկզբներին, բայց իրական ձմեռը հունվար-փետրվար ամիսներին է, երբ օդի միջին ջերմաստիճանը մոտենում է 0 աստիճան C-ի: Երբեւիցե գրանցված նվազագույն ջերմաստիճանը -27 աստիճան C է: Ի տարբերություն ամառային կայուն եղանակների` ձմեռը Կապանում փոփոխական է. արեւոտ օրերին հերթափոխում են մառախլապատ, ցուրտ եւ ձնառատ օրերը: Դա պայմանավորված է Կենտրոնական Ասիական օդի բարձր ճնշման մարզի (անտիցիկլոն) եւ միջերկրածովյան ու արեւմտաեվրոպական օդի ցածր ճնշման մարզի (ցիկլոն) փոփոխական ազդեցություններով:

Գարունը տեւական է, ամպամած, հաճախ մառախլապատ ու խոնավ: Գարնան սկիզբը ցուրտ է: Վերջին գարնանային ցրտահարությունները լինում են մարտի վերջից ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Առավել խոնավ են մայիս-հունիս ամիսները: Անձրեւներն այդ ժամանակ տեւական են ու հորդառատ:

Կապանի աշունը հաճելիորեն տեւական է ու տաք: Առաջին աշնանային ցրտահարությունները կարող են լինել հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Անսառնամանիք օրերի թիվը տարվա մեջ տատանվում է 164-238-ի միջեւ: Ուշ գարնանային եւ վաղ աշնանային ցրտահարությունները զգալի վնասներ կարող են հասցնել գյուղացիական տնտեսություններին:

Տեղումների միջին տարեկան քանակը Կապանում 550-600մմ է: Դրանք առավելապես անձրեւային տեսք ունեն, որոնք լինում են գարնանը եւ աշնանը, իսկ նվազագույնը ձմռանն է` ոչ մեծաքանակ եւ ոչ էլ տեւական ձնածածկույթով: Ողջիի ձախափնյա հատվածում տեղացած ձյունը 1-2 օրից հալվում է, բայց աջափնյա մասում այն կարող է ավելի տեւական լինել: Գարնան վերջին եւ ամռանը թափվող տեղումները հաճախ տեղատարափ բնույթ են կրում, ինչը հանգեցնում է ուժեղ հեղեղումների եւ սելավների առաջացմանը: Դրանք մեկ անգամ չէ, որ ավերածություններ են պատճառել Կապանի ճանապարհներին, շինություններին եւ շրջակա հողատարածքներին: Այդ պատճառով հիշարժան են 1960 թ., 1968 թ., 2006 թ. սելավային ցեխաջրահոսքերը Ողջի, Կավարտ, Վաչագան եւ Աջանան գետավազաններում:

Կապանում տեղումների զգալի մասը պայմանավորված է մի կողմից ամբողջ տարին տիրապետող օդային զանգվածների արեւմտյան հոսքով, իսկ մյուս կողմից գարնանն ու աշնանը դրանց գումարվող Կասպից ծովից փչող օդային հոսանքներով: Վերջիններիս խոնավաբեր ազդեցությունը զգալի է միայն ՀՀ հյուսիսային եւ հարավարեւելյան մասերի հողմահայաց լեռնալանջերին:

Ջրագրական տեսակետից Կապան քաղաքը տեղադրված է Արաքսի ձախակողմյան առաջին կարգի վտակ Ողջիի եւ նրա վտակներ Վաչագան, Կավարտ ու Աջանան գետերի գետախառնուրդի շրջակայքում: Այս գետերն ունեն խառը սնում` ձնհալք անձրեւային սնման գերազանցությամբ: Հոսքի ռեժիմն այլ գետերում անկայուն է, հորդացումները պարբերաբար կրկնվում են ապրիլ-հունիս ժամանակահատվածում, իսկ սակավաջրությունը` ամռանն ու ձմռանը: Քանի որ արագահոս են այս գետերը (ունեն հունի մեծ թեքություն), ակտիվ է նրանց էրոզիոն գործունեությունը: Հատկապես հորդացումների ժամանակ նրանց տղմուտությունը բարձր է, հասնելով 200-250գ/ մ-ի, իսկ Ողջիի տարեկան կարծր հոսքը հասնում է մոտ 70 հազ.տ:

Ըստ ջրառատության` Ողջին 2,5 անգամ զիջում է Որոտանին եւ մոտ 4 անգամ ՀՀ ամենաջրառատ գետ Դեբեդին: Կապան քաղաքի տարածքում Ողջի գետի միջին տարեկան ծախսը կազմում է 9,6 խոր.մ/վրկ: Գետը ոռոգիչ, էներգետիկ եւ տեխնիկական ջրամատակարարման դեր ունի:

Ստորգետնյա ներծծումը զգալիորեն զիջում է մակերեւութային հոսքին: Դրա պատճառը մի կողմից մեծ թեքություններն են, իսկ մյուս կողմից` ծալքաբեկորավոր ռելիեֆում ջրամերժ ապարաշերտերի գերազանցումը: Վերջին փաստը նպաստում է քաղաքի հարավային մասում սողանքային երեւույթների ակտիվացմանը:

Ողջի գետահովտի մաս կազմող ափամերձ դարավանդներում գետնաջրերի մակարդակը հատկապես գարնանն ու աշնանը զգալիորեն բարձրանում է: Դա հանգեցնում է այդտեղ կառուցված շինությունների նկուղային հարկերի ողողմանը:

Քաղաքի մերձակա տարածքներում քիչ թե շատ նշանակալից աղբյուրային ելքերը բացակայում են, իսկ որոշ սակավաջուր աղբյուրներ էլ ժամանակի ընթացքում մնացել են ճանապարհների եւ շինությունների տակ, մասնավորապես՝ Կապանի կենտրոնում գտնվող հին աղբյուրը:

Լանդշաֆտային տեսանկյունից Կապանի տարածքը չոր լեռնատափաստանային եւ լեռնանտառային վերընթաց գոտիների սահմանն է: Քաղաքի մերձակայքի հողերը հիմնականում լեռնանտառային գորշ եւ դարչնագույն հողեր են, իսկ ավելի ցածրադիր մասերում նաեւ լեռնաշագանակագույն հողեր կան: Սրանք զգալի հումուս պարունակող եւ ոռոգման դեպքում բարձր բերք ապահովող հողեր են, որոնց վրա մշակվում են հացահատիկ, բանջարաբոստանային մշակաբույսեր, անասնակեր, խոտաբույսեր, նաեւ խաղող ու ջերմասեր պտղատուներ` թթենի, ընկուզենի, թզենի եւ այլն:

Կապանի հարավային մասում ձգվող լեռների լանջերն անտառածածկ են: Ավելի ցածրադիր մասերում անտառը վերափոխված է վարելահողերի, խոտհարքների եւ արոտավայրերի: Գետահովիտների ամենացածրադիր մասերը զբաղեցված են բանջարանոցներով, այգիներով, մոշուտներով:

Համեմատաբար ավելի աղքատ է Ողջի գետի ձախափնյա մասի բուսածածկը: Այն ներկայացված է լեռնաչորասեր (ֆրիգանոիդ) բուսականությամբ, որը տեղ-տեղ վերածվում է փշոտ մացառուտների` կազմված մասրենու, մոշի, գաչի, սզնու եւ այլ թփերից: Գարնանը ժողովրդի կողմից «գյունե» կոչվող այդ լեռնալանջերին տարածվում են կարճակյաց խոտաբույսեր, բազմատեսակ ծաղիկներ, որոնց մեծ մասը շոգից ամառվա սկզբին չորանում է:

Լեռնային լանդշաֆտներին բնորոշ նյութի միգրացիայի եւ կուտակման բնույթի տեսանկյունից Կապան քաղաքի տարածքն ընդգրկում է տարանցիկ գոտու ցածրադիր մասը: Այն մի կողմից կրում է ավելի վեր տարածվող ինքնավար լանդշաֆտների ազդեցությունը, որովհետեւ հոսող ջրերի, օդային զանգվածների ծանրության ուժերի ազդեցությամբ անընդհատ վերից վար նյութի տեղաշարժ է կատարվում: Բայց մյուս կողմից էլ այս տարածքն իր ազդեցության տակ է պահում ավելի ցածրադիր` ենթակա գոտու լանդշաֆտներին, որովհետեւ տեղափոխվող նյութերի մի մասը ժամանակի ընթացքում շարունակում է իր շարժը` իրեն միացնելով նաեւ տեղում առաջացած նյութերը:

Կապանի` նման տարանցիկ գոտում գտնվելը պայմանավորում է քաղաքի մի շարք տնտեսական եւ բնապահպանական խնդիրներ, որոնց լուծման համար կարեւոր է նաեւ վերոհիշյալ առանձնահատկությունների հաշվի առնելը:

Հայկ Հակոբյան

«Սյունյաց երկիր» թերթ,

№ 24-25 (160-161),

10 սեպտեմբերի 2008 թ.

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25