Կապանի կոմբինատում գործադուլ է, նաեւ հացադուլ, իսկ տնօրեն Դմիտրի Ուշկովը ոչ միայն հրաժարվում է քննարկել հանքագործների պահանջը, այլեւ սպառնում է կրճատումներով

29.05.2018 11:06
1448

Մայիսի 25-ի ժամը 14-ից սկսած Կապանի լեռնահարստացման կոմբինատում գործադուլ է:

Աշխատանքը նախ դադարեցրել են ստորգետնյա հանքի բանվորները, որոնց ավելի ուշ միացել են ձեռնարկության մյուս օղակների աշխատողները:

Գործադուլին նախորդել էր հանքագործների մեկ շաբաթ տեւած սպասումը:

Ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը խոստացել էր «Պոլիմետալի» ղեկավարության հետ (այդ ընկերության մեջ է մտնում Կապանի կոմբինատը) քննարկել Կապանի ձեռնարկությունում ստեղծված վիճակը եւ մասնավորապես աշխատավարձը բարձրացնելու պահանջը:

Մեկ շաբաթ անց, սակայն, տնօրենը լեռնագործներին է ներկայացել ձեռնունայն՝ հայտարարելով, թե աշխատավարձերի վերանայում կարող է կատարել միայն 2018-ի հոկտեմբերից, այն էլ՝ հինգ տոկոսով:

Ուշկովի անլուրջ եւ չփաստարկված պատասխանն էլ պատճառ է դարձել, որ հանքի բանվորները դադարեցնեն աշխատանքն ու անժամկետ գործադուլ հայտարարեն:

Հիշեցնենք, որ Կապանի կոմբինատի գործող հանքը, ի տարբերություն մարզի հանքարդյունաբերական մյուս ձեռնարկությունների մետաղական հանքերի, ստորգետնյա է եւ ունի աշխատանքի անհամեմատ ծանր պայմաններ, նաեւ՝ ռիսկեր հանքափորների կյանքի եւ առողջության համար:

Գործադուլ հայտարարած հանքագործները պահանջում են աշխատավարձի բարձրացում 40 տոկոսով:

Գործադուլը, ըստ էության, առիթ է դարձել, որ լեռնագործները բարձրաձայնեն իրենց մի քանի այլ հոգսերի մասին նույնպես:

Հանքագործներին, նախեւառաջ, զայրացնում է գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի անհոգի, իմիջիայլոց վերաբերմունքը բանվորների հոգսերի հանդեպ:Մեկ տասնյակ միլիոն դրամից ավել «աշխատավարձ» ստացող տնօրենը չբարեհաճեց նույնիսկ դուրս գալ իր աշխատասենյակից եւ նորմալ զրուցել մարդկանց հետ:

Հանքագործները կեղծիք են համարում թմբկահարվող ցուցանիշը, թե իբր կոմբինատում ամսական միջին աշխատավարձը 320 հազար դրամ է:

-Դա մեծ սուտ է, -մեզ բացատրում էր հանքագործներից մեկը, - ես ստորգետնյա հանքում ստանում եմ 160 հազար դրամ, իրենք՝ 10 միլիոնից ավել կամ մի քիչ պակաս, եւ այդ երկու թվի համադրումից միջին են հորինում եւ ցուցանում, ինչը սովորական աչքակապություն է:

Ըստ հանքագործների՝ տնօրենը պարբերաբար ծառայողական մեքենա է ձեռք բերում, ամեն մի մեքենան՝ 70-80 հազար դոլարից ոչ պակաս արժողությամբ, բայց ասում է՝ միջոցներ չկան, երբ խոսքը հասնում է բանվորի կարիքներին:

Որքանո՞վ է բանվորների վիճակին համահունչ տնօրենի նման շվայտաբարո պահվածքը:

Խոսակցության առանձին առարկա է երկրաբանական-հետախուզական ծառայության (այսպես կոչված «ռազվեդկայի») ոլորտում հաստատված կարգը:

-Այդտեղ աշխատողների կեսից ավելին Ռուսաստանից բերված «գաստարբայտերներ» են, ովքեր մասնագիտական կարողություններով զգալիորեն զիջում են տեղացիներին, երբեմն նույնիսկ աչքի ընկնում կուսական բթությամբ, բայց տեղացի մասնագետներից հինգ-վեց անգամ ավելի աշխատավարձ են ստանում, - ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Հանքագործներին մտահոգում է պահեստամասերի մատակարարման ձախողված վիճակը. «Դուք չեք հավատա, եթե ասենք՝ մինչեւ հիմա Հրաչ Ջաբրայանի ժամանակներում ձեռք բերված պահեստամասերն ենք օգտագործել, դա էլ վերջացել է, իսկ ղեկավարությունը չի հասկանում մեքենասարքավորումների պահեստամասերի նորմալ մատակարարման կարեւորությունը»:

Ստորգետնյա հանքի էլեկտրիկներից մեկն էլ ուղղակի դիտողություն արեց մեզ՝ «Դուք երբեւէ իջե՞լ եք ստորգետնյա հանք: Դուք երեւի չեք պատկերացնում, թե մեր կյանքի համար ինչ ռիսկեր է պարունակում գետնի տակ աշխատելը: Ամեն օր հանք իջնելով մեզ չի լքում միտքը, որ կարող է եւ չվերադառնանք այնտեղից. քանի-քանի մարդիկ են հանքում զոհվել: Անվտանգության ոչ ապահով համակարգ, օդափոխության անմխիթար վիճակ... Եվ, այդքանից հետո, ապահովագրված չէ հողի տակ աշխատող մարդու կյանքը, իսկ Ուշկովը դա չի հասկանում կամ էլ թքած ունի հանքագործների կյանքի ու առողջության վրա»:

Եվ նման բազմաթիվ հարցեր...

Ու բոլոր այդ հարցերին գումարվում է գլխավորը՝ ցածր աշխատավարձ, ոչ արժանապատիվ վերաբերմունք բանվորի հանդեպ, բանվորի շահերը նախկինում շատ թե քիչ պաշտպանած արհմիության փաստացի վերացում...

Թե ինչ լուծում կտրվի առաջադրված հարցերին՝ դժվար է հիմա ասել. հանքագործները պահանջում են աշխատավարձի 40 տոկոս բարձրացում, իսկ Ուշկովը պատրաստ է միայն հինգ տոկոսով բարձրացման, այն էլ՝ ամիսներ հետո:
                                                       

                                                              *** 

Երկու օր առաջ Կապանի լեռնահանքային կոմբինատում մեկնարկած գործադուլը շարունակվել է երեկ, նաեւ այսօր՝ մայիսի 27-ին:

Փաստորեն վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է մարզկենտրոնի մայր ձեռնարկությունում. չի գործում հարստացուցիչ ֆաբրիկան, լեռնագործները չեն իջնում ստորգետնյա հանք, չեն գործում սպասարկող արտադրամասերը, որոնք սովորաբար աշխատում են նաեւ հանգստյան ու տոնական օրերին:

Գործադուլավորների ներակայացուցիչները, ընկերության արհկոմի նախագահ Արսեն Հայրապետյանի գլխավորությամբ, շարունակում են հանդիպում-բանակցությունները կոմբինատի գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի հետ, ով, սակայն, նախապես հայտարարած պայմաններից նահանջելու մտադրություն չունի: Իսկ նրա պայմանները հետեւյալ բովանդակությունն ունեն՝ հունիսին վերանայել հավելավճարների համակարգը, հոկտեմբերից հինգ տոկոսով բարձրացնել աշխատավարձը:

Նախապես առաջադրած պահանջներից չեն հրաժարվում նաեւ հանքագործները:

Միաժամանակ՝ գործադուլավորները մայիսի 26-ին հավանություն են տվել «Պոլիմետալի» գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսին ուղարկվող դիմումի տեքստին՝ ստորագրված ընկերության արհմիության նախագահի կողմից: Արսեն Հայրապետյանը դիմումով կողմերին ողջամիտ փոխզիջումների կոչ է արել:

Սակայն Դմիտրի Ուշկովը, չսպասելով «Պոլիմետալի» գլխավոր տնօրենի պաշտոնական պատասխանին, սպառնում է կրճատել աշխատողներին. եթե հանքագործները մայիսի 29-ին չվերադառնան աշխատատեղեր, ապա ինքը մարդկանց բացակայությունը կգնահատի իբրեւ գործալքություն եւ կձեռնարկի 200 հոգու կրճատման գործընթաց:

Գործադուլավորներն էլ իրենց հերթին են սպառնում. եթե երեք օրվա ընթացքում ընկերության ղեկավարությունն իրենց պահանջները չբավարարի, ապա իրենք օրակարգի գլխավոր հարցը կդարձնեն Դմիտրի Ուշկովի անհապաղ հրաժարականի պահանջը:
                                                         

                                                           ***

Մայիսի 28-ը պատմական օր է հայոց մեջ. հարյուր տարի առաջ վերականգնվեց մեր կորսված պետականությունը:

Չնայած դրան, մթնոլորտը տոնական չէր Կապանի լեռնագործների ձեռնարկությունում:

Հանքագործների գործադուլը, որ մեկնարկել էր մայիսի 25-ին, շարունակվեց նաեւ այսօր:

Միեւնույն ժամանակ ընթանում էին բանակցություններ ընկերության ադմինիստրացիայի եւ գործադուլավորների միջեւ, որոնք որեւէ դրական արդյունքի չհանգեցրին:

Ուշկովն իր ասածն է պնդում՝ հինգ տոկոսով աշխատավարձերի բարձրացում ս.թ. հոկտեմբերից, իսկ հունիսին արտադրամասերի վնասակարության աստիճանի որոշում հատուկ աուդիտի եւ փորձաքննության միջոցով ու դրա հիման վրա վնասակարության համար տրվող վճարների վերանայում. նախկինում դա կազմում էր աշխատավարձերի 50 տոկոսը, իսկ հիմա, կախված փորձաքննության արդյունքներից, կարող է եւ նվազել:

Իրենց պահանջն են պնդում գործադուլավորները՝ 40 տոկոսով աշխատավարձերի բարձրացում:

Դմիտրի Ուշկովը մայիսի 29-ի ժամը 10-ը գործադուլավորների համար համարել է վերջնաժամկետ՝ աշխատանքի վերադառնալու համար, այլապես ինքը գործադուլավոր հանքագործներին պաշտոնապես կծանուցի կրճատումների մասին՝ գործադուլի օրերը համարելով անհարգելի բացակայություն աշխատանքից: Եվ չի բացառվում, որ ծանուցվող հանքագործների թիվը կհասնի 200-ի:

Գործադուլավորների շարքերում, մինչդեռ, երկփեղկվածություն է առաջացել այն բանից հետո, երբ Ուշկովն աշխատանքի վերադառնալու կոչ արեց՝ զուգորդված կրճատումների սպառնալիքով:

Լեռնագործներից ոմանք գտնում են, որ պետք է դադարեցնել գործադուլը, վերադառնալ աշխատանքի եւ զուգահեռաբար շարունակել բանակցությունը ղեկավարության հետ: Մի մասն էլ պնդում է, որ պետք է գնալ մինչեւ վերջ եւ ստիպել ղեկավարությանը՝ կատարելու պահանջները:

Գործադուլավորների դիրքորոշման երկփեղկումին նպաստեց Ուշկովի մեկ այլ հայտարարություն եւս՝ իբր գործադուլավոր հանքագործներին կրճատելուն զուգահեռ կսկսի ազատվող (թափուր) տեղերի համար նոր աշխատողների ընդունումը:

Իրավիճակի առանձնահատկությունն այն չէ միայն, որ տնօրենը զիջումների գնալու մտադրություն չունի: Հանրապետության պատկան մարմիններն էլ, ըստ երեւույթին, աչք են փակում Կապանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Մարզպետարանի եւ համայնքապետարանի մասին խոսելն այս իրավիճակում ավելորդ է: Այսօր առավոտյան մի խումբ գործադուլավորներ հավաքվել են մարզպետարանի, ապա համայնքապետարանի առջեւ, բայց այդ հիմնարկներում որեւէ շնչավոր չեն գտել՝ իրենց խնդիրների մասին իշխանության տեղական մարմիններին իրազեկելու համար, ուստի եւ վերադարձել են իրենց հավաքատեղի:

Լռում է նաեւ «Պոլիմետալի» ղեկավարությունը, թեեւ վերջինիս դիրքորոշումը կարելի է տեսնել Դմիտրի Ուշկովի գործողությունների մեջ:

Շատ թե քիչ ակտիվ դեր են ստանձնել ընկերության արհկոմը (նախագահ՝ Արսեն Հայրապետյան) եւ հանքագործների արհմիության հանրապետական խորհուրդը: Սակայն նրանց կոչը՝ գնալ ողջամիտ փոխզիջումների, կողմերն առայժմ չեն ընդունում:

Ստեղծված իրավիճակը փակուղային համարելով եւ ուրիշ ելք չտեսնելով՝ վեց գործադուլավոր այսօր ժամը 15-ին իջել են ստորգետնյա հանք եւ այնտեղ հացադուլ սկսել. հացադուլավորների անունները փորձում ենք ճշտել:

Տնօրենը ստորգետնյա հանքում հայտարարված հացադուլի վրա է հրավիրել ԱԻՆ-ի տեղական կառույցի ուշադրությունը՝ փորձելով միաժամանակ պարզել, թե ինչպես են լեռնագործները հայտնվել ստորգետնյա հանքում, որտեղ ելումուտ չկար չորս օր շարունակ:

Օրվա վերջին մեզ չհաջողվեց տեղեկություններ ստանալ մոտ 300 մետր խորությամբ հանքում հացադուլի նստած մարդկանց դրության մասին:

Պարզվում է մինչդեռ, որ կապանցի լեռնագործների գործադուլի հետ կապված նաեւ իրավական կնճիռներ կան: Ըստ էության հանքագործների գործադուլն ինքնաբուխ է սկիզբ առել եւ նախապես չեն ձեռնարկվել ՀՀ աշխատանքային օրենսդրությունից բխող քայլեր, ինչն էլ արձակում է Դմիտրի Ուշկովի ձեռքերը՝ գնալու խոստացած սպառնալիքների, այդ թվում՝ աշխատողների կրճատման ճանապարհով:

Ինչեւէ, մայիսի 29-ը վճռորոշ օր է լինելու Կապանի կոմբինատում. կամ գործադուլը շարունակվելու է՝ նաեւ գլխավոր տնօրենի հրաժարականը պահանջելով, կամ Դմիտրի Ուշկովը սկսելու է իր սպառնալիքներն ի կատար ածելու գործընթացը:

Տեսնենք...

Հ.Գ.

Ըստ քիչ առաջ ստացած տեղեկությունների՝ հանքագործների մի պատվիրակություն է այսօր այցելել Երեւան՝ մայիսի 29-ին հանդիպելու բարձր իշխանության ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով Կապանում տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել նրանց ուշադրությունը: Սպասվող հանդիպումը, սակայն, առայժմ լավատեսության տեղիք չի տալիս, քանզի պետական համապատասխան կառույցներում այնքան էլ տրամադրված չեն մտնելու սեփականատիրոջ իրավասությունների տիրույթ:

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25