Կապույտ հրաշալիքը կարող է չարիք դառնալ

20.12.2019 10:49
1765

Հարցազրույց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման  մասնաճյուղի  տնօրեն  Վահե Հակոբյանի  հետ

- Պարոն Հակոբյան, որպես մեր զրույցի նախաբան, կուզեինք, որ ընթերցողին հիշեցնեիք, թե երբվանից եք ղեկավարում «Գազպրոմ -Արմենիա» ՓԲ ընկերության Սյունիքի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը։

-Նախ ուզում եմ շնորհակալ  լինել՝ մեր մասնաճյուղի գործունեությամբ հետաքրքրվելու համար:  Մասնաճյուղը ղեկավարում եմ 2016 թվականի նոյեմբերի 9-ից, իսկ ընդհանրապես աշխատանքային գործունեությունս սկսել եմ «Հայգազ» ՓԲ ընկերության «Սյունիքգազ» գազաբաշխման տարածքային մասնաճյուղում` վթարանորոգման ծառայության ավագ վարպետ։ 2005 թ. սեպտեմբերից մինչեւ 2006 թ. մարտ ամիսն աշխատել եմ շահագործման տեխնիկական բաժնում` ավագ ճարտարագետ։ Այնուհետեւ՝ մինչեւ 2016 թ. նոյեմբերի 9-ը` վթարավերականգնման  ծառայության պետ։ Ինչպես տեսնում եք, աշխատանքային գործունեությունս մի ոլորտում է անցել` գազիֆիկացում եւ գազամատակարարում։ Բնականաբար, նոր պաշտոնը ստանձնելուց հետո հարմարվելու խնդիր չեմ ունեցել, հիմնարկում ձեւավորված ավանդույթներին քաջատեղյակ էի եւ մտադիր եմ ոչ միայն դրանք պահպանել, այլեւ եղածին մի բան էլ ավելացնել:

- Տարին մոտենում է ավարտին, ինչո՞վ էր այն նշանավոր ձեր մասնաճյուղի համար, ի՞նչը կառանձնացնեիք:

- Ամեն մի փոքրիկ ձեռքբերում, յուրաքանչյուր խոչընդոտի հաղթահարում նշանավոր կարելի է համարել։ Բաժանորդների թվի ավելացումը կարելի է առանձնացնել, նաեւ այն, որ անցնող տարում գազամատակարարման, գազիֆիկացման անվտանգությունն ու անխափան մատակարարումն ապահովվել է, վթարներից զերծ ենք եղել։

- Այժմ քանի՞ բաժանորդ  ունի մասնաճյուղը Սյունիքում (ըստ տարածաշրջանների), 2019-ին քանիսո՞վ ավելացավ դրանց թիվը, որ՝ բնակավայրը գազիֆիկացվեց:

- Որպեսզի ավելի պատկերավոր լինի, հարցի պատասխանը կներկայացնեմ թվերով, ինչպես ցանկանում եք` ըստ տարածաշրջանների։ Տարեսկզբին մարզի կտրվածքով ունեցել ենք 25 455 բաժանորդ, տարեվերջին այն կազմել է 25 759, այսինքն՝ գազասպառողների թիվն ավելացել է 304-ով։ Կապանի տարածաշրջանում եղել է 10 309, հիմա` 10 449 (ավելացվել է 140-ով), Քաջարանում` 2180, 2219 (ավելացել է 39-ով), Գորիսի տարածաշրջանում` տարեսկզբին` 7512 , տարեվերջին 7573 (ավելացել է 61-ով), Սիսիանում` տարեսկզբին 5454, տարեվերջին` 5518 (ավելացել է 64-ով)։ Դրանից զատ` կատարվում է ներտնային շինմոնտաժային աշխատանքներ, գազի սպասարկման կետի փոփոխություն կամ ավելացում։ Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է 267 կետի  ավելացում կամ փոփոխություն: 2019 թվականին գազիֆիկացվել է 18 արտադրական հիմնարկ-ձեռնարկություն: Տարեսկզբին 470-նն էին, տարեվերջին՝ 488-ը: Անցնող տարում նոր բնակավայր չգազիֆիկացվեց:

- Կառանձնացնեի՞ք գազ սպառող խոշոր հիմնարկ-ձեռնարկությունները։

- Խնդրեմ, Կապանի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցը, Քաջարանի արվեստի դպրոցը, Կապանի ոստիկանության անձնագրային բաժանմունքը, Կապանի «Վայբլ» ՍՊ ընկերության կրի արտադրամասում երկու նոր վառարան է տեղադրվել, ինչը զգալիորեն ավելացրել է գազասպառումն այդ ձեռնարկությունում։ Մարզի խոշոր գազսպառողը եղել է ու կա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես արդեն նշեցի, «Վայբլ» ՍՊ ընկերությունը, այնուհետեւ ավտոգազալիցքավորման ճնշակայանները, որոնք ամսական տասը հազար խորանարդ մետրից ավելի գազ են սպառում։ Միայն Կապանում այդպիսի վեց կայան կա: Որոշակի տարեշրջանում լուրջ գազասպառողներ են ջերմոցները, ասֆալտագործարանները:

- Ինչպե՞ս է ընթանում Մեղրի քաղաքի գազիֆիկացումը.  տարօրինակ վիճակ է ստեղծվել, Իրան-Հայաստան գազատարն անցնում է Մեղրիով, բայց մեղրեցին չի օգտվում կապույտ վառելիքից: Դեռեւս 2016 թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Մեղրի եւ Ագարակ քաղաքներում  կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը, բայց… Օրերս եղաք Մեղրիում: Մեղրի բնակավայրի գազիֆիկացման մասին ահազանգ հնչեց նաեւ Ազգային ժողովում:

- Մեղրիում գազասպառման համակարգ ձեւավորված է, արտաքին գազատարը կառուցված է։ Հիմնական խնդիրն այն է, որ բնակիչների հետ որոշակի աշխատանքներ պիտի տարվեն։ Գազ սպառողները պիտի իմանան, որ ներտնային շինմոնտաժային աշխատանքները պիտի կատարվեն գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների համաձայն։ Ի՞նչպես է դա լինում: Բնակչի դիմումն ընդունելուց հետո 15 աշխատանքային  օրվա ընթացքում կնքվում է միացման պայմանագիր: Էսքիզի հիման վրա կազմվում է նախագիծ: Շինմոնտաժային  աշխատանքները կատարելու համար բնակիչը վճարում է  նախագծի 80 տոկոսը, որպես կանխավճար եւ 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է  ավարտին հասցնել բոլոր աշխատանքները: Այդ ամենից հետո բնակչի հետ կատարում ենք վերջնահաշվարկ, տեղադրվում է հաշվիչ եւ «Էյ-Ի-Ջի»- սերվիս ՍՊ ընկերության աշխատակցի հետ բնակարանի գազամատակարարման պայմանագիր է կնքվում։

Ինչ վերաբերում Է Մեղրիին, այդտեղ՝ այն շենքերում, որ գազիֆիկացվել են, դեֆլեկտորները բացակայում են: Առանց դրանց գազի շահագործումը, սպասարկումը դիտվում են որպես տեխնիկական նորմերի խախտում: Մի խոսքով, բնակիչն էլ պիտի իմանա իր անելիքներն ու

պարտականությունները: Մենք էլ պատրաստ ենք օգտակար լինել նրան, գազի շահագործման վերջին մանրուքը հասանելի դարձնել՝ սկսած մոնտաժումից ընդհուպ գազի օգտագործման կանոնները:

- Գազատարը նաեւ խնամք է պահանջում, այս առումով ի՞նչ կասեք, ինչպիսի՞ն են մարզի գազատարների վիճակը.

-Գազատարները մեր ոլորտի սնուցող երակներն են: Դրանք երկու տեսակի են՝ ստորգետնյա եւ վերգետնյա: Որոշակի ժամանակահատվաածի կտրվածքով նախատեսվում են շահագործման, սպասարկման եւ ընթացիկ նորոգման ծախսեր, որոնք բաժանում ենք ըստ ամիսների եւ կատարում համապատասխան աշխատանքներ:  Դրանք միտված են գազատարները ստուգելուն՝  հենարաններից սկսած մինչեւ դրանց տեխնիկական վիճակը: Դա՝ վերգետնյա գազատարներին առնչվող: Իսկ ստորգետնյա գազատարները երկու տարին մեկ անգամ տեխնիկաշահագործման բաժնի աշխատակիցներն այց են կատարում ու ստուգում  գազատարների վերին ծածկույթի  տեխնիկական վիճակը:  Ստորգետնյա գազատարների մեծ մասը Սիսիանի տարածաշրջանում է:

Իսկ վերգետնյա գազատարների առնչությամբ մասնաճյուղի փականագործները պարբերաբար այցեր են կատարում:

-Մասնաճյուղի տեխնիկական  զինվածության, կադրերով ապահովվածության առումով ի՞նչ կփոխանցեք:

-Նման խնդիր չունենք: Համապատասխան մեքենասարքավորումներ ունենք, մասնագետները վերապատրաստում են անցել,  նրանց պարբերաբար այցերի շնորհիվ, պիտի փաստեմ, որ զերծ ենք մնացել վթարներից: Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերում վթարները հաճախադեպ են՝ հավանաբար պայմանավորված  եղանակային  պայմաններով: Այս մասին տեղեկանում են խորհրդակցությունների ժամանակ: Իմ՝ երեք տարվա պաշտոնավարման  ժամանակ խոշոր  վթար չի եղել՝  կոռոզիայի կամ մեկուսիչ շերտի ոչ ճիշտ ուսումնասիրությունից:

- Վերջերս շատ է խոսվում գազի սակագնի մասին: Խնդրո առարկայի  առնչությամբ ի՞նչ կփոխանցեք ընթերցողին, թե՞ իրավասու չեք այդ հարցին պատասխանել:

-Իրավասու լինեմ, թե չլինեմ, հարցի առնչությամբ կպատասխանեմ, որ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲ ընկերության  եւ ՀՀ կառավարության միջեւ բանակցություններ են ընթանում, եւ որքան հայտնի է՝ մինչեւ ապրիլ գազի սակագնի փոփոխություն չի նախատեսվում՝ նշված երկու կողմի ձեռք բերած որոշակի պայմանավորվածությունների շնորհիվ:

- Ի՞նչ է պարտավոր անել բնակիչը (գազ սպառողը),  ընդհանրապես բնական գազից օգտվելու առումով ի՞նչ կփոխանցեիք բնակչությանը եւ հիմնարկ-ձեռնարկություններին:

-Բնակիչներին հորդորում եմ՝ ներտնային գազասպառման համակարգում դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանել կենցաղում կապույտ վառելիքից անվտանգ օգտվելու կանոնները: Ի դեպ, դժբախտ պատահարների 80-90 տոկոսը տեղի է ունենում բնակչի մեղքով: Նախ՝ առանց հսկողության չթողնել անվտանգության ավտոմատ համակարգեր չունեցող գազասարքերը: Երկրորդ կարեւորագույն պահանջն այն է, որ էլեկտրաանջատիչից չանջատել գազասպառման անվտանգության ձայնաազդանշանային ավտոմատ համակարգը: Երբ այդ համակարգը սկսում է ազդանշան տալ, գազասպառողը  1 .04 (շուրջօրյա գործող գազի վթարային ծառայություն) զանգելու փոխարեն՝ պարզապես հարմար է համարում, այն անջատել սնուցումից: Կարելի է ասել՝ գլխացավանքից պրծնելու համար, դրանով մեծապես վտանգի տակ դնելով իր եւ ընտանիքի անդամների կյանքը:

Նաեւ մարդկանց մեջ թյուր պատկերացում է ձեւավորվել, որ այդ սարքն ահագին հոսանք է օգտագործում, բայց ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, դրա տարեկան էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է ընդամենը 8,6 կիլովոլտ՝ մոտ 400 դրամ:

Մեծ վտանգ է պարունակում այն հանգամանքը, երբ գազօջախներն օգտագործում են բնակարանը տաքացնելու նպատակով: Շմոլ գազն աստիճանաբար կուտակվում է փակ տարածքում, թթվածինը պակասում է, թթվածնի քաղց է առաջանում, ինչը կարող է ողբերգության պատճառ դառնալ, ինչպես վերջերս տեղի ունեցավ Նոր Հաճն բնակավայրում,  երբ մի ընտանիքից չորսը շմոլ գազի  թունավորումից զրկվեց կյանքից: Կապույտ վառելիքը  բարիք է, բայց կարող է նաեւ չարիք դառնալ:

 Չի թույլատրվում փոխարինել, նորոգել եւ տեղափոխել գազասարքերը: Արգելվում է օգտվել գազասարքից, եթե գազասարքն անսարք է, գազն այրվում է դեղնակարմրագույն բոցով կամ այն կտրվում է այրիչից:

Անհրաժեշտ է առատ ձյուն տեղալու եւ ուժեղ քամիների դեպքում հաճախակի ստուգել ծխատար խողովակի արտաքին մասի ամբողջականությունը եւ մաքրել գլխամասը:

- Օրեր առաջ  մայրաքաղաքում խորհրդակցությունում էիք, ի՞նչ հարցեր քննարկվեցին՝ եւ մասնավորապես Սյունիքին վերաբերող:

-Նման խորհրդակցություններ պարբերաբար են անցկացվում, քննարկվում են հաշվետու ժամանակաշրջանում բնական գազի կորուստների չափաքանակները, իրացված բնական գազի դիմաց վճարների հավաքումը եւ այլ խնդիրներ ու տրվում են հանձնարարականներ: Այս անգամ, մասնավորապես, հանձնարարական տրվեց «Էյ-Ի-Ջի» ծառայության հետ համատեղ ստուգայց կազմակերպել ձայնային ազդանշանային համակարգերի որակը ստուգելու ուղղությամբ եւ արդյունքները ներկայացնել ընկերությանը: Սա նաեւ պայմանավորված է Նոր Հաճն բնակավայրում տեղի ունեցած ողբերգությամբ:

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին, որպես զրույցի վերջաբան:

-Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոներին մարդիկ հիմնականում տանն են լինելու, ավելի շատ են օգտվելու գազասարքերից՝  գազօջախ, վառարան,  ջրատաքացուցիչ:  Խորհուրդս է՝ լինել առավել ուշադիր եւ զգոն, ազդանշանային սարքի միացման դեպքում զանգահարել 1.04, որպեսզի զերծ մնալ դժբախտ պատահարից:

- Ամանորի Ձեր մաղթանքը սյունեցիներին եւ հայ ժողովրդին,  ղեկավարածդ կոլեկտիվի աշխատակիցներին:

-Պատերազմ տեսած Սյունիքի ժողովրդին, նախեւառաջ, մաղթում եմ խաղաղություն, նրանց օջախներին՝ ընտանեկան ջերմություն, սեր, համերաշխություն, համախմբվածություն: Հայ ժողովուրդը դառնություններ շատ է տեսել, լավ օրի է արժանի: Իսկ իմ կոլեկտիվի անդամներին ցանկանում եմ առողջություն, ուժ ու եռանդ, անփորձանք ու անխափան աշխատանք:

 

Զրույցը՝  Վահրամ Օրբելյանի

 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57