Կարծիքներ Դավիթ Գասպարյանի մասին (Դավիթ Գասպարյան-70)

20.09.2017 16:04
1868

Հովհաննես Շիրազ


Նոր գրականագետներից Շիրազը շատ էր հավանում Դավիթ Գասպարյանին: Հաճախակի էր խոսում Դավիթի ինքնատիպ, տաղանդավոր, բնածին գրական հոտառության մասին: Օրինակ էր բերում ու հիշեցնում Սուրեն Աղաբաբյանի կարծիքը՝ ասված իր մոտ Դավիթի մասին, որ ինքը՝ Աղաբաբյանը, հանգիստ կարող է լինել, իրենից հետո կա, թողնում է Դավիթ Գասպարյանին:


-Դավիթի ազնվությանը ես չեմ կասկածում, մեր երկրում անհնար է արդար քննադատության ծնունդը (Դավիթը բացառություն է), արդարության խոսքը ոչ միայն վերեւում է գոցվում, այլեւ հենց ցածում… միջակությանց սրտով է այս ամենը:


Արարատ լեռան քուրմը, Հուշապատում, Ե., 2002, էջ 71-73:

Համո Սահյան


Եթե ասպարեզ են եկել Դավիթ Գասպարյանի նման քննադատներ, ապա քսպեները բան չունեն անելու:

Ուրեմն եւ` 37-ի կրկնվելու վտանգն էլ չկա: Մնում է Չարենցը իր ապագայի եւ իր հավատի հետ:

Էդքան բան: Ամեն ինչ ասված է: Թող հասկանան:


«Սովետական Հայաստան», 1988, թիվ, 237, 20 սեպտեմբեր:


Գրականագետների՞ց: Ասե՛մ: Էն օրը Դավթի մասին խոսեցինք: Դավիթ Գասպարյանի. հրաշալիների մեջ է: Իմաստուն, ազնիվ տղա է: Գնում է դեպի ճշմարտությունը` դեպի իր եւ իր ազգի բաց վերքը:

Էնտեղից է գալիս ու էնտեղ գնում: Մի խոսքով, նվիրյալ է: Իսկ նվիրյալը իրեն զոհել գիտի:


Խոսում է Համո Սահյանը: Զրույցներ, Ե., 1992, էջ 55:

Պողոս Սնապյան (Բեյրութ)


«Ողբերգական Չարենցը» պարզապէս պատկառանք կազդե թե՛ փաստեր հայտնաբերելու, թե՛ զանոնք առավելագոյն չափով մը արժեւորելու կրկնակ արժանիքներուդ համար: Նաեւ քաջութեանդ համար, ա՛յն քաջութեան, որ մահագուշակ այդ մթնոլորտին մէջ մխրճուած ատենդ սիրտդ չէ պայթած… Իցիվ թէ մեր կեանքը ի վերջոյ մտնէր բնականոն հունի մը մէջ եւ առաջուան պէս նաեւ լայն հասարակութիւնը կարենար հաղորդվիլ նման կենսական աշխատանքներու: Ես, ինչպես ինծի պես տասնեակ հազարավոր մարդիկ, անձկութեամբ կը սպասեն նաեւ «Ողբերգական Բակունցին», որուն մասին կատարած ուսումնասիրութիւնէդ կարդացած եմ մէկ-երկու հատուած «Գրական թերթ»-ին եւ «Ավանգարդ»-ին մէջ:

Հատված նամակից, 1990:


Դավիթ Գասպարյան օրինակելի հանդգնությամբ մը բացավ փակ դռներուն ոմանք, վերցուց բավական թվով փականքներ ու ընդարձակ էջերու վրա խմբագրեց ընթերցողեն այնքան խնամքով պահված 37 թվականներու սահմռկեցուցիչ իրադարձությունները: Քննադատի արդար անուն մը ուներ Դավիթ Գասպարյան, տեր էր նույնպես հրապարակագրական վաստակի մը, այս վերջին տարիներուն լույս ընծայած իր գիրքերունու հոդվածներու մեջ ցույց տված ակնբախ արժանիքներուն շնորհիվ առաջին երկու հանգամանքներուն վրա կավելնար ահավասիկ երրորդ գիծ մը, վարքը պատմիչի մը, որ ճշմարտության իր ծարավին, համբերատար աշխատանքին, լայն շունչին ու կառուցող բնազդին բերումով նվաճեց ընթերցողին խոր համարումը:

 «Բագին», 1993, թիվ 1-2, էջ 79:


Վաստակաւոր մտավորական Դավիթ Գասպարեանի մասին յաճախ խօսք եղած է այս էջերունու անպայման պիտի ըլլայ նաեւ այսուհետեւ, որովհետեւ ան գրականագիտական մարզի այն դէմքերէն է ան, որիր անհանդարտ բնավորութեան թելադրանքին տակ կատարած ընդգրկումներով, մատնած շունչով, արդարադատութեան բնազդով ու անպակաս արութեամբ կրնայ միշտ փնտռուած ու մեծարժէք նորութիւններու առջեւ դնել ընթերցողը:


Կը համարձակինք ըսել, որ նոյնիսկ Հայաստանի ընթերցողը չէր կրնար այնքան ամբողջական ընկալումով հասու դառնալ, օրինակ, մուրճ ու մանգաղին ներքեւ կատարւած հայ գրականութեան երկրորդ սպանդին, եթէ Դավիթ Գասպարեան չմխրճուէր այդ քաոսին մէջու ճշմարտութիւնները յայտնաբերելու տանջալից առաքելութեան չլծէր ինքզինք: Պիտի ըսել տակաւին, որ զոհերու ողբերգութիւնը ստուգելու գործով չբաւարարւեցավ ան, այլ հսկայ ժամանակ ու ավիւն տրամադրեց անոնց վերարժեւորման հոլովոյթին, ու այսօր առանց հաշուի առնելու իր յայտնութիւնները, անկարելի էր խօսիլ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Տիկին Զապել Եսաեանի, Լեռ Կամսարի, Մահարիի եւ այս շողշողուն դէմքերուն հետ անճիտուած տասնեակ անաւարտ տաղանդներուն մասին:


Գրականութեան պատմութիւնը շնորհակալ է Դավիթ Գասպարեանին նաեւ այն պատճառով, որ այդ դէմքերուն ողբերգութեան ուղղակի մասնակից յանցապարտները անարգութեան սիւնին գամած ըլլալու յանդգնութեամբ ձեռնպահ պիղատոսները իրենց անունով կոչելու քաջութեան համար: Իր մերկացումներուն ու գրական ամուր չափանիշներուն հիմամբ կատարած արժեւորումներուն համար ծաղկեփունջով չդիմաւորուեցավ հարկավ ան, 37-ի մեղսակիցները, անոնց պարագաներն ու բարեկամները տեւաբար հալածեցին զինք եւ ուրիշներ կրնան նոյն նիզակները ուղղել իր կուրծքին, բայց ինք, անսալով խղճմտանքի իր ձայնին ու ճշմարտութիւնները լոյսին հանելու այրող սկզբունքներուն, երբեք կանգ չառաւ չարախօսներու կազմած պարիսպներուն առջեւ ու պիտի շարունակէ անպայման նոյն ուղին, որովհետեւ ինք խառնուածքի այն տեսակն է, որ չի կրնար հաշուի առնել ձրի շնորհուած հանգամանքներն ու արուեստական առասպելները:


«Ազդակ» գրական - «Ազդակ» արուեստի, Բեյրութ, 2011, թիվ 9:

Վարագ Առաքելյան


Վերջին 5 տարում այսպիսի բազմաբովանդակ եւ քաղաքական ու ազգային դրական ուղղություն ունեցող ոչ մի գիրք լույս չէր տեսել: Սա մեր գրական կյանքի 70-ամյա չարաղետ պատմությունն է, որ գրված է հմուտ գրապատմաբանի եւ գրականագետի գրչով: Ավելի քան 70 տարի «Փակ դռների գաղտնիքները» իրենց զարհուրելի խորհրդատվությամբ հրդեհել են սերունդների միտքն ու երեւակայությունը, սակայն սերունդները մեռել կամ նրանց կյանքը վերածվել է «Փակ դռների գաղտնիքի», բայց ծանոթ չեղան այդ գաղտնիքներին, իսկ այսօր մեզ բախտ վիճակվեց տեղեկանալ դրանց:


«Լրագիր - Օր», 1996, թիվ 8, 25 հունվար:

Ռեգինա Ղազարյան


Չարենցի ժառանգության ուսումնասիրության շնորհակալ գործով վերջին տարիներին զբաղվում է բանասիրության դոկտոր, հրաշալի գրականագետ Դավիթ Գասպարյանը: Առանց հուզմունքի հնարավոր չէ թերթել նրա «Ողբերգական Չարենցը», «Փակ դռների գաղտնիքը», «Եղիշե Չարենց. Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» գրքերը: Իսկ նրա աշխատասիրությամբ լույս տեսած Չարենցի «Նորահայտ էջեր» հատորը անփոխարինելի նվեր է մեծագույն բանաստեղծի 100-ամյակին:

Շնորհակալություն լրջմիտ ու ծանրակշիռ գիտնականին` Դավիթ Գասպարյանին, Չարենցին վերաբերող նրա բոլոր աշխատությունների համար, այն բանի համար, որ նա վերադարձրեց ժողովրդին Չարենցի ամբողջական կերպարը: Դա մեծ վաստակ է` արժանի համաժողովրդական գնահատականի:


«Հայք», 1997, թիվ 67, 15 ապրիլ:

Գեւորգ Էմին


Ես կուզենայի ընթերցողների ուշադրությանը հանձնել մեր այսօրվա լավագույն գրականագետ-քննադատներից մեկի` Դավիթ Գասպարյանի «Փակ դռների գաղտնիքը» ստվարածավալ գիրքը… Դավիթ Գասպարյանը մեր այսօրվա ամենից կրքոտ ու եռանդուն գրականագետներից մեկն է, բայց դա նրա միակ առաքինությունն ու առավելությունը չէ: Բանն այն է, որ մենք այսօր, ավելի քան երբեւէ, կարիք ունենք ո՛չ այնքան գրականագիտության, ինչքան քննադատության, իսկ քննադատությունը, մանավանդ ժամանակակից գրականության քննադատությունը, ոչ միայն անաչառություն, այլեւ մեծ քաջությո՛ւն է պահանջում: Այդ խիզախներից մեկն էլ Դավիթ Գասպարյանն է… Արժանին մատուցելով նրա այդ առաքինությանը, ասենք, որ նա, բացի այդ, մեր նշանավոր չարենցագետներից մեկն է, որը տասնյակ տարիներ զբաղվել է Չարենցով ու նրա գրքերով, ոչ միայն որպես գրականագետ ու քննադատ, այլեւ… որպես աղբյուրագետ, ցարդ անհայտ ու անմատչելի նյութերով հարստացնելով չարենցագիտությունը…


Այդպիսի գրքերից են նրա «Ողբերգական Չարենցը» եւ «Փակ դռների գաղտնիքը», որոնց մեջ նա բազմաթիվ, ցարդ անհայտ ու ընթերցողին անմատչելի նյութեր է շրջանառության մեջ դրել ու վերծանել ո՛չ միայն Չարենցի, այլեւ 1937թ. եղեռնի զոհ գնացած հայ այնպիսի նշանավոր գրողների մասին, ինչպես Բակունցը, Մահարին, Թոթովենցը, Զապել Եսայանը, Պողոս Մակինցյանը, Կարեն Միքայելյանը, Լեռ Կամսարը, Ալազանը եւ շատ ուրիշներ:


Դավիթ Գասպարյանի այս գիրքը կարեւոր է նաեւ նրանով, որ սկիզբը, եւ բավականին լուրջ սկիզբն է այդ կարեւոր ու անհրաժեշտ գործի, քանզի ներկայացնում է 1937թ. բռնադատված հայ բազմաթիվ մտավորականների տառապանքի վավերական պատմությունը կամ Ոդիսականը: Դավիթ Գասպարյանի այս խիստ կարեւոր եւ արխիվային նյութերով հարուստ գիրքը բռնադատումներից ու «Փակ դռների գաղտնիքներից» բացի, ըստ էության նաեւ հայ խորհրդային գրականության 1920-40-ական թթ. վավերական պատմությունն է… Ես առայժմ ի սրտե հանձնարարում եւ հորդորում եմ ընթերցողներին ձեռք բերել (եթե կարո՛ղ են) այս կարեւոր եւ հետաքրքրությամբ ընթերցվող գիրքը, հուսալով, որ նա կարժանանա գրողների եւ մանավանդ գրականագետների ու քննադատների լուրջ ուշադրությանն ու անաչառ գնահատանքին:


«Գրական թերթ», Ե., 1997, թիվ 9, 11 մարտ:


Վահե Օշական (Սիդնեյ)


Դավիթ Գասպարյան մեր օրերու ամենեն հմուտ չարենցագետներեն է և իր խոսքը կշիռ ունի մեր այժմու բանասիրության մեջ: Բանաստեղծություն մը անշուշտ բնավ մեկ մեկնաբանություն չ’ունենար, սակայն Գասպարյանի բացատրությունները միշտ համոզիչ ու լուսաբանիչ բնույթ մը ունին: «Չարենցյան ասույթներ» (Պեյրութ, 1997, 176 էջ) գիրք մը, որ մեծ բանաստեղծն ավելի եւս կը մոտեցնե ժողովրդին  սրտին:


«Ասպարեզ», 1998, թիվ 10859/90, 7 նոյեմբեր:

Պեպո Սիմոնյան (Բեյրութ)


Գրականագիտական բազմարդյան վաստակի տեր հայրենի մտավորական Դավիթ Գասպարյանի «Պարույր Սեւակ: Կյանքը եւ ստեղծագործությունը» մենագրությունը բառին բովանդակ իմաստով համապարփակ ընդգրկումով լայնածավալ ուսումնասիրություն մըն է: Ուսումնասիրություն մը, որ սպառիչ կերպով եւ բանաստեղծին արժեքին հանդեպ մեծ սիրով եւ հիացումով վերլուծած է անոր բազմակողմանի երեսներուն յուրահատկությունները, որոնք կը վերհանեն Պարույր Սեւակի ազգային եւ միջազգային գրականություններու հետ առնչություններով հայ բանաստեղծության բերած նպաստներն ու զարգացման համար ուղենշած ճանապարհները: Գիրքը իր ամբողջության մեջ դադրիլ ըլլալէ գիտահետազոտական բարեխիղճ աշխատություն մը՝ գեղագիտական մոտեցումի ուրույն թափանցումներով, բանաստեղծին աշխարհը բացահայտող սուզումներով: Սեւակի բնութագրող հետեւյալ տողերը գրականագետին ինքնաբնութագրում է միաժամանակ. «Եվ մի՞թե գիտության չէ մարդու հույզերի եւ խոհերի փակ աշխարհի բացահայտումը, որ կատարում է ամեն մի ճշմարիտ գրող եւ այդ ճշմարիտների մեջ՝ նաեւ Պ.Սեւակը»:

«Արարատ», 2002, Բեյրութ, թիվ 53, 20-26 դեկտեմբեր:

Մելանյա Աբովյան (Լոս Անջելես)


Հարգարժան Դավիթ Գասպարյան, բավական ուշացումով ձեռքս ընկավ Ձեր հեղինակած «Չարենցյան ասույթներ» գիրքը (տպագրված 1997թ.): Այնքան ցնցող էր եւ տպավորիչ, որ բուռն ցանկություն առաջացավ Ձեզ հետ կիսել հիացմունքս:


Հարգելի Դավիթ, տարիներ ի վեր հետեւել եմ Ձեր աշխատանքներին, բայց այս մեկը գլուխգործոց է: Այստեղ Դուք ինքներդ Ձեզ գերազանցել եք, եւ ինչ զգայացունց նրբության է հասել Չարենցի աշխարհը մտնելու Ձեր տաղանդը: Տաղանդ եմ ասում, որովհետեւ Դուք Չարենցի հոգու տխրության եւ կարոտի մեջ մխրճվելով, արժանի ձեւով բացահայտել եք նրա անկրկնելիությունը եւ Ձեր զգայարաններով մտել նրա զգայարանների մեջ:


Մյուս աշխատություններում Դուք նախանձախնդիր պրպտող եք, հմուտ գիտնական եւ հիանալի մեկնաբան, բայց ա՛յս գրքում Դուք ավելի անկաշկանդ եք մտել նրա ցավի եւ անկառավարելի սիրո տրոփյունի մեջ: «Ողբերգական Չարենցն» էլ հանդիսացավ իր օրերի Քրիստոսը: Ի՛ր ազգի, եւ ազգի միջոցով համայն մարդկության ազատության գաղափարի համար խոշտանգեցին եւ խաչեցին: Բայց նա պետք է հարություն առներ` հարություն առավ չարենցասերների եւ հիմնականում` Ձեր շնորհիվ: Դուք, բոլոր կենցաղային դժվարություններից վեր կանգնելով, անդավաճան Չարենցի հանճարին, աշխատում եք վառ պահել Չարենցի ջահը եւ վառվող ջահն ուզում եք փոխանցել հետագա սերունդներին:


Ինչպես Մոցարտի երաժշտությունն է (թվացյալ հեշտ ըմբռնելի), որի մեջ այնքան վեհություն եւ խորություն կա, եւ նրա անհատակ խորությանը դեռեւս քչերն են մոտեցել, այնպես էլ Չարենցի զգացական աշխարհին մոտենալու համար հավելյալ ջիղ, կիրք, խորություն եւ բանիմացություն է հարկավոր: Ու կարծես մի անտեսանելի գիծ կա երկու հանճարների ասելիքի թափի ու սլացքի մեջ:
Ե՛վ Մոցարտի, ե՛ւ Չարենցի մոտ կյանքը, աշխարհը մարդկայնացնել ցանկանալու ճիգը եւ այդ ցանկության հեռավորության ցավն այնքան խոր է, որ ամեն մահկանացու չի կարող հասնել այդ տխրության եւ ցավի խորությանը: Նրանց խինդի մեջ ավելի լաց կա, քան լացի մեջ` լաց:


Թերեւս հանճարը սպասեր իր «ժամանակին», բայց ահա Ձեր բարեբեր ծնունդով, ազնիվ գիտնականի ջանքերով ու աշխատասիրությամբ Չարենցը գտավ իր արժանի մեկնաբանին: Հարգելի Դավիթ, թույլտվեք հայտնելու երախտագիտությունս գերագույն վայելքի համար, շնորհավորել հրաշալի ստեղծագործության-աշխատության համար եւ ցանկալ նորանոր ստեղծագործական վերելքներ:


Իմացե՛ք, որ լավ գործի գնահատողը քիչ է, բայց այդ «քիչը» մեծ քանակից էլ շատ ավելի մեծ է…


«Գրական թերթ», 2003, թիվ 38, 14 նոյեմբեր:  


Սարգիս Կիրակոսյան(Բեյրութ)


Ճի՛շդ ժամանակին հրատարակւած թանկարժեք, բովանդակալից, ճոխ եւ վաւերական ժողովածու մըն է հայրենի բազմաբեղուն գրականագետ, գրաքննադատ եւ կրթական մշակ Դաւիթ Գասպարեանի «Երկնային շուշան» անուն հատորը… Այո՛, «Երկնային շուշան»-ը եկաւ ճի’շդ ժամանակին: «Հայ հոգեւոր մշակոյթի եւ ազգային մշակութաբանական գաղափարախօսութեան ժամանակակից խնդիրների վերլուծութեանը» նուիրուած կոթողական հատոր մը ըլլալէ առաջ եւ վերջ, իր նպատակաուղղվածութեամբ եւ մշակութային յստակ ծրագիրով` անիկա հայ գրականութեան հիմնահարցերը ամբողջական ընթերցման ենթարկելու անյետաձգելի հրաւէր մըն է, որուն պետք է պատասխանել ամենայն լրջութեամբ եւ խորագոյն պատասխանատուութեամբ: Դաւիթ Գասպարեան հայ մշակոյթին եւ գրականութեան կը վերադարձնէ մշակութային պայքարի առաջատար ու առաջնագոյն զէնքերէն մեկը ըլլալու կոչումն ու առաքելութիւնը, քաղաքակրթական արժեքն ու իրաւունքը:


 «Ազդակ», 8 հուլիս, 2006:

Վահան Տեր-Ղազարյան


Դավիթ Գասպարյան: Հայ գրականության, գրականագիտության ականավոր անուններից մեկը… Այդ անվանը կարող ես հանդիպել բանասիրության բոլոր ոլորտներում, հայոց կրթության աշխարհում` դասագրքերում եւ այդտեղից սկսած մինչեւ միջնադարյան աշխարհ, այդտեղից էլ ծագած Չարենց, Սեւակ… Դավիթ Գասպարյանը իր հայկական բնածին ռազմատենչությամբ ու դրան համապատասխան հայերեն ամրությամբ մտածում է մեր ապագայի մասին: Նրա հոգում տաճար են կառուցել ընթացիկ եւ ապագա հայ գրականության հարցերը: Գրականությունն ինքնին բարձրագույն արարում է, եւ Տեր Աստծուն ամենամոտ կանգնածը Գրող-Բանաստեղծն է: Հենց այստեղ էլ ստեղծվում է Աստծո տաճար-պատգամատունը, որի քուրմն է Դավիթ Գասպարյանը:


«Նոյյան տապան», 2007, թիվ 25, 10 նոյեմբեր:

Մելս Սանթոյան


Երկրաշարժից առաջ, Գյումրիում, մեծն Շիրազը, դիմելով ինձ, ասաց. «Տերությո՛ւն արեք, լա՛վ նայեք այդ պատանի հանճարին»: Խոսքը գրականագետ Դավիթ Գասպարյանի մասին էր:


Բնությունը ժլատ չի եղել առ նա: Նա էլ հավասարարժեք ներդրում ունի գրականագիտության հիմնական բաժիններում: Գրականության տեսաբանը «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» աշխատությամբ կանգնեց նոր շրջանի հայ պոեզիայի տաղաչափության ու գրականության տեսության վաստակավորների կողքին: Գասպարյան գրականության պատմաբանը թարմություն բերեց հայ գրականության պատմության դասագրքերի մարզում` գրականության պատմությունը մաքրելով գաղափարական դաջվածքի կաղապարներից:


Կրքոտ ու խորքատես է գրաքննադատ Դավիթ Գասպարյանը: Արդի գրականության խնդիրներին առնչվող նրա գրաքննադատական հոդվածներն այնքան են գիտական ու լուրջ, որ դառնում են նաեւ մենագրությունների հենք: Իսկ «Փակ դռների» բացումը նորովի է ստեղծում սեւ ժամանակներում ոտնահարված հայ գրականության մի խումբ մեծերի մարդկային ու գրողական դիմանկարները:


Բեղուն է գրականագիտական գրիչը: Նրա ոգեղեն էներգիան անսպառ է, ասելիքը` որոշակի, նպատակը` հստակ, գրականության նվիրումն` անմնացորդ: Գրական նման մշակները սուղ են, ուստիեւ օրհնված է նրանց ծնունդն ու ճանապարհը` դժվարին, պարադոքսալ: Սակայն քայլում են նրանք այդ քարքարոտ ճանապարհով ու լուսավորում են այն:


«Նարցիս», 2007, թիվ 5
                                                                                                                               
Իգնատ Մամյան


1970-1980-ական թվականներին էր, որ գրականության հրապարակում կանգնեց ջահել, բայց արդեն հայտնի ու ինքնահաստատված գրականագետ Դավիթ Գասպարյանը: Ինչո՞վ էր նա առանձնանում մյուսներից: Որ երբեք չէր ներում թույլ ու սարքովի տողը, երբեք չէր ընդունում արժեքավորման որեւէ պատվեր, առաջնորդվում էր միայն իր ճշմարիտ սկզբունքներով, եւ բոլորս գիտեինք, որ անձնական հարաբերությունները ոչ մի կապ չունեին տվյալ հեղինակի ստեղծագործությունը գնահատելու հարցում:

Սկզբունքը` սկզբունք…


Դավիթ Գասպարյանը եկավ ու ներկայացրեց մեռած հանճարների հիշատակը մութ խեղաթյուրումներից մաքրելու, նրանց կործանման մեղավորներին ժամանակի դատին ներկայացնելու բացարձակ անհրաժեշտությունը: «Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» սքանչելի գործին նախորդեց «Փակ դռների գաղտնիքը» հոգիներ ալեկոծող գիրքը` լեցուն բազմաթիվ նոր փաստերով ու դրվագներով… Դա չէր կարող չհուզել նույն ոգով ու բռնաբարված ճշմարտությամբ իրենց կյանքն ապրող որոշ գրողների եւ, իհարկե, Դավիթ Գասպարյանի դեմ սկսվեց ի սկզբանե դատապարտված մի արշավանք, որն իր ներսի ամբողջ թույնով ու ատելությամբ հանդերձ չէր կարող փոխել պատմական դառն ու դաժան ճշմարտությունը: Խոսքս ավարտում եմ մի ութնյակով, որը, իմ կարծիքով, արտահայտում է նրա ներքին ապրումների ամբողջական պատկերը.

Քո խաչը ծանր է, ճանապարհը` ձիգ,


Բայց մի՛ անիծիր բախտն ու Արարչին.


Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր


Այս ճամփորդությանն ու ծանր խաչին:


Ուրեմն զսպիր հառաչդ հլու


Եվ ՍԵՐ անվանիր ցավը քեզ տանջող,


Խաչը կրում են կամ էլ չեն կրում,


Այն քարշ չեն տալիս փշերի միջով…


«Նոյյան տապան», 2007, թիվ 29, 8 դեկտեմբեր:


Վալերի Փիլոյան


Դ.Գասպարյանի նախաձեռնած «20-րդ դար: Հայ գրողներ» մատենաշարի չորրորդ գիրքն է «Ակսել Բակունց: Կյանքը եւ ստեղծագործությունը» մենագրությունը, որ ստեղծագործական մաքառումների ու պրպտումների արդյունք է: Հեղինակը համակարգել, ամբողջացրել եւ որակական նոր մակարդակի է հասցրել բակունցագիտության վաստակը` հաստատելով Բակունցի իրական ու մնայուն տեղը հայոց նորագույն գրականության մեջ: Գիրքը գրականագետի, գրականության քննադատի ու պատմաբանի, աղբյուրագետի ու արխիվագետի հավաքական ջանքի արդյունք է, հեղինակի բնութագրմամբ «փաստավավերագրական շարադրանք»: Այստեղ յուրաքանչյուր տող ու պարբերույթ շարադրվել է համառ որոնման, ճշգրտման, ճշմարտության հաստատման նպատակադրմամբ: Գասպարյանը չի դիմում խմբագրական միջամտությունների, այլ փորձում է հասնել բացարձակ ճշմարտության… Գրքի թերեւս մեծագույն արժանիքն այն է, որ ընտրված հեղինակային օբյեկտը վերաճում է ասես գրական կերպարի… «Ակսել Բակունց» մենագրությունն աչքի է ընկնում անուրանալի արժանիքներով, եւ համոզված ենք, որ առաջիկա տասնամյակներում գիտակցվելու է, որպես բակունցագիտության երեւելի ձեռքբերումը, նախընթաց տասնամյակների ընթացքում բազմաթիվ նվիրյալների վաստակի ընդհանրացումը:


«Գրական թերթ», 2011, թիվ 10, 1 ապրիլ:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25