Կառուցելը նրա կյանքի իմաստն էր

16.06.2015 11:50
2274

Սյունիքի պատմության նորագույն շրջանի կարեւոր իրադարձություններին ու երեւելի գործիչների կյանքին ու գործունեությանն անդրադառնալը շարունակում է մնալ «Սյունյաց երկրի» գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը: Նպատակը, ինչպես ասվել է քանիցս, այդ ժամանակաշրջանի պատմությանը եւ գործող անձանց նորովի ու սթափ գնահատական տալն է, ժամանակների եւ սերունդների միջեւ հաջորդականության ապահովումը:

Կապանի տարածաշրջանի վերջին տասնամյակների երախտավորներից է Վոլոդյա Աբրահամյանը, ում էլ նվիրվում է թերթի սույն համարը՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Վոլոդյա Աբրահամյան ճանաչված շինարարի ներդրումը նկատելի է Քաջարանում՝ 1968թ. երկրաշարժի հետեւանքների վերացման, ինչպես եւ Կապանի ու տարածաշրջանի մյուս բնակավայրերի կառուցապատման գործում:

Հարգանքի արժանի է Վոլոդյա Աբրահամյանի ակտիվ մասնակցությունն Արցախյան ազատամարտին եւ հայոց բանակաշինությանը:

Անցնելով երկար ճանապարհ, նվիրվելով խորհրդային, այնուհետեւ նորանկախ հայոց պետության շենացման գործին՝ նա չի մոռացել հայկական ավանդական ընտանիքի մասին, որ օրինակ կարող է ծառայել շատերի համար: Իր սկզբունքներով, աշխարհընկալմամբ, հայրենանվեր գործունեությամբ Վոլոդյա Աբրահամյանը շատ-շատերի համար կարող է ուղենիշ լինել:

Հոբելյանի առթիվ ստացված բազմաթիվ շնորհավորանքներից ու գնահատության խոսքերից մի քանիսը, ինչպես եւ նրա անցած ճանապարհի մի քանի դրվագ (նաեւ լուսանկարային), բնականաբար, ներկայացվում է ընթերցողին: Կարեւորեցինք նաեւ Վոլոդյա Աբրահամյանի հետ զրույցը, որը ներկայացնում ենք ստորեւ:


- Պարո՛ն Աբրահամյան, շինարարական ծավալուն աշխատանքներ եք կատարել Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում: Եթե հետադարձ հայացք ձգենք, երբվանի՞ց է սկսվում Ձեր շինարարական գործունեությունը:

- 1961թ. Երեւանի շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո վերադարձա Քաջարան եւ աշխատանքի անցա որպես Քաջարանի շինարարական իրերի կոմբինատի աշխղեկ: Հաշվի առնելով իմ կազմակերպչական ունակությունները՝ ընտրել են «Քաջարանշին» տրեստի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար: Աշխատանքին զուգահեռ սովորել եմ Ա.Միկոյանի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում եւ ստացել շինարար-ինժեների որակավորում, որից հետո ինձ նշանակել են 6-րդ շինվարչության տեղամասի պետ, այնուհետեւ՝ շինիրերի կոմբինատի գլխավոր ինժեներ: Իսկ հետագայում էլ ղեկավարել եմ 5-րդ շինմոնտաժային վարչությունը, 11-րդ երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, «Քաջարանշին» տրեստը:

- Ո՞րն է եղել Ձեր առաջին նշանակալի գործը: Թվարկեք ամենակարեւոր նախաձեռնությունները, որոնք իրականություն դարձան:

- Քաջարանի 1968թ. երկրաշարժի հետեւանքները վերացնող հատուկ վարչության քաջարանյան գրասենյակի պետ նշանակվելուց հետո սկսեցինք վերակառուցել քաղաքը: Արդյունքում իմ ղեկավարությամբ վերակառուցվեց Քաջարան քաղաքը: Հետագայում՝ 5-րդ շինմոնտաժային վարչության պետ աշխատելիս, հսկայածավալ շինմոնտաժային աշխատանքներ կատարեցինք Քաջարանում, Ագարակում, Մեղրիում ու հարակից գյուղերում: Իմ ղեկավարությամբ են կառուցվել Քաջարանի, Մեղրու, Ագարակի հեռուստաաշտարակները, անց կացվել տասնյակ կիլոմետրերով մալուխներ, այն էլ այնպիսի անմատչելի բարձունքների վրա, ինչպիսիք են Խուստուփի մատույցները, Տաշտունի լեռնանցքը: Կապանում կառուցեցինք Երկաթուղայինների թաղամասի 9 հարկանի, Հալիձոր, Բաղաբերդ, Շինարարների թաղամասերի որոշ շենքեր եւ մի շարք մշակութային, սոցիալ-տնտեսական հիմնարկներ: Մեղրիում կառուցվեցին մեկ 9 հարկանի, մի քանի 5 հարկանի, ինչպես նաեւ հյուրանոցի շենքերը, Ագարակում՝ կայարանի շենքը եւ այլն:

- Տարիներ շարունակ շինարարական կազմակերպություններ եք ղեկավարել, ո՞րն է այդ ոլորտում այսօրվա մեր ամենամեծ բացթողումը. պահպանվո՞ւմ են սեյսմակայունությունը, աշխատանքի որակը:

- 1968թ. Քաջարանի երկրաշարժից հետո մենք ապացուցեցինք, որ մեր շինարարները շատ որակյալ աշխատանք են կատարում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր չեղան, բայց շենքերը ճաքեցին, իսկ Հայաստանը սեյսմիկ գոտի համարվեց, եւ սկսեցին շենքեր կառուցել 9 բալ ուժգնության երկրաշարժի համար: Այդ տարիներին պետշինն ամեն ամիս գալիս, ստուգում էր շինարարական աշխատանքների որակը եւ խախտումների դեպքում տույժ-տուգանք սահմանում: Բայց այսօր լայնածավալ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, եղածի դեպքում էլ ո՞վ է ստուգողը: Իհարկե, չեմ կարող միանշանակ ասել, որ անորակ աշխատանք են կատարում, բայց մի բանում համոզված եմ. շինանյութի որակին, ինչպես նախկինում, մեծ ուշադրություն չեն դարձնում:

- Խորհրդային Միության փլուզումից հետո շրջադարձային շատ իրադարձություններ տեղի ունեցան, որոնցից մեկը (եթե ոչ գլխավորը) Արցախյան ազատամարտն էր: Ո՞րն է Ձեր դերակատարությունը Արցախյան գոյամարտի տարիներին:

- Հայաստանի կոմկուսի վերջին՝ 29-րդ համագումարին մասնակցել եմ եւ իմ ելույթում նշել, որ եթե լավ ժամանակներ լինեին, երեւի ինձ չընտրեին, ավելի ճիշտ «հերթն» ինձ չհասներ համագումարին մասնակցելու համար: Ես այն կարծիքին էի, որ Հայաստանի կոմկուսը պիտի ազատվեր իր հնամաշ գաղափարներից, մաքրեր, զտեր իր բազմանդամ շարքերը, միավորվեր ժողովրդի հետ եւ առանց նեղացածի կեցվածք ընդունելու բառիս բուն իմաստով լծվեր ինքնիշխանության հաստատման ու անկախացման գործընթացին: Բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, այդպես չեղավ. բազում փորձությունների միջով անցավ եւ դեռ շարունակում է անցնել:

Արցախյան պատերազմի տարիներին «Քաջարանշին» տրեստի կառավարիչ էի, զբաղվում էի ե՛ւ քաղաքացիական, ե՛ւ արդեն հրատապ դարձած ռազմական օբյեկտների շինարարությամբ: Այդ տարիներին Կապանի Շինարարների թաղամասում բնակելի շենք կառուցեցինք, բայց ավելի շատ լծվեցի ռազմական օբյեկտների շինարարությանը. մեկ օր անգամ ապաստարան չեմ գնացել: Երբ պատերազմը սկսվեց, դուրս եկա փողոց, հանդիպեցի մի աղջնակի, ով ինձ հարցրեց ապաստարանի տեղը (խմբ.՝ մինչեւ հիմա էլ հուզվում է այդ դեպքը պատմելիս):  Եվ այդ պահին որոշեցի մինչեւ վերջ ներդրում ունենալ պատերազմական գործողություններում: Գնում էի մարտի ամենաթեժ կետերը: Կառուցեցինք բլինդաժներ, գաղտնի ճանապարհներ, գրավյալ տարածքներում շենք-շինություններ, մասնավորապես Ջեբրաիլում՝ զինվորական հոսպիտալ, հացի փուռ, լվացքատուն, ռազմաուսումնական կենտրոն, կաթսայատուն եւ այլն: Իմ համարձակության եւ նվիրվածության համար վայելել եմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի սերն ու հարգանքը:

Պակաս կարեւոր չէր նաեւ թիկունքի ուժերի մոբլիզացումը՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Իմ նախաձեռնությամբ մարդկանց մի մասը ծխախոտ, մյուս մասը սնունդ, հագուստ էր տեղափոխում մարտի դաշտ: Պատահել է նույնիսկ, որ ինձ ասել են՝ ինչո՞ւ ես այդ տարիքում գնում մարտի դաշտ, քո ինչի՞ն է պետք: Բայց այն համոզմանն էի, որ եթե ես չգնայի, դու չգնայիր, բա ո՞վ գնար. հանուն հայրենիքի պիտի ամեն ինչ զոհաբերել: Այսօր հպարտանում եմ այդ տարիներին իմ կատարած աշխատանքով, որի համար արժանանում եմ շատերի հարգանքին: Հիշում եմ՝ սարի բարձունքին մի այնպիսի ամրություն էինք կառուցել, որ մի ամբողջ դիվիզիա կարող էր դիմագրավել: Սպարապետը, երբ տեսավ այդ կառույցը, հարցրեց, թե ինչպես եմ կարողացել իր տրամադրած 70 տոննա դիզվառելիքով կատարել այդ աշխատանքը: Հարցին այսպես պատասխանեցի. «Սպարապե՛տ, «Քաջարանշին» տրեստը մատաղ եմ արել հայոց բանակին»: Սպարապետն ասաց. «Քեզ պես նվիրյալներ շատ լինեին մեր երկրում, Հայաստանը կծաղկեր»:

- Ի՞նչ դժվարություններ եղան քաղաքացիական շինարարությունից ռազմական շինարարությանն անցնելիս:

- Գիտե՞ք ինչ, դժվարին ժամանակների հետ համընկավ ռազմական շինարարության անցնելը: Նախ՝ շինանյութ չկար, հիմնականում օգտագործում էինք գրավյալ տարածքներից բերված շինանյութը: Բացի դրանից՝ նորանկախ պետությունը գումար չուներ ներդրում կատարելու համար: Բայց իմ տրամադրության տակ եղած «Քաջարանշին» տրեստի տեխնիկան, շինանյութն ամբողջովին օգտագործեցի բանակաշինության համար:

- Նշանավոր մարդիկ (պետական ու քաղաքական, հոգեւոր-մշակութային գործիչներ), որոնց հետ շփվել եւ գործ եք ունեցել… Ո՞ւմ եք համարում Ձեր ու¬սուցիչը կյանքում, շինարարության մեջ, կառավարման ոլորտում, մարդկային հարաբերություններում:

- Ծանր մանկություն եմ ունեցել, հիշում եմ, թե ինչպիսի դժվարությամբ մայրս եւ տատս մեծացրել են ինձ, եղբայրներիս ու քրոջս: Ես իմ առաջ նպատակ էի դրել մեծ մարդ դառնալ: Կյանքիս ողջ ընթացքում պատիվ եմ ունեցել հանդիպել շատ նշանավոր մարդկանց հետ: Նրանց հետ առնչվելիս սիրում էի նստել մի անկյունում եւ լսել նրանց զրույցները. չէ՞ որ նրանցից շատ բան ունեի սովորելու: Բայց իմ ուսուցիչը, կյանքիս «ուղեցույցը» եղել են «Քաջարանշին» տրեստի կառավարիչ Սարգիս Վարդանյանի կյանքն ու գործունեությունը: Նա հատուկ կրթություն չէր ստացել, բայց փորձառու եւ հեռատես մարդ էր, բնատուր խելքի տեր, ով բարձր մակարդակով ղեկավարում էր հարյուրավոր ինժեներների:

Տատս ինձ սովորեցրել է աշխատել. 80 տարեկանս եմ բոլորում, բայց դեռ շարունակում եմ աշխատել:

Իսկ իմ աշխարհայացքի ձեւավորման գործում մեծ էր քեռուս դերակատարությունը, ով չորրորդ դասարանն էր ավարտել, բայց խորագիտակ մարդ էր: Երբ պաշտոն ստացա, գնացի նրան տեսության, եւ ինձ ասաց. «Դու ամենախելացին չես, պարզապես քո բախտն է ժպտացել: Հիշի՛ր, պաշտոնը սեփականություն չէ, հիմիկվանից տրամադրվի՛ր, որ վաղն այն կարող են քո ձեռքից խլել: Եթե քեզ ինչ-որ հարցով դիմեն, պատկերացրո՛ւ, թե դու ես դիմողը. ուշադի՛ր լսիր եւ հնարավորության սահմաններում օգնի՛ր»:

- Ի՞նչ տեղ է գրավում քաղաքականությունը Ձեր կյանքում:

- Ինքս շինարար եմ եւ այդքան էլ չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց կարող եմ ասել, որ քաղաքականության մեջ հզոր անհատականություններ են պետք: Քաղաքականությունն իմ ոլորտը չէ. այն կեղծիք է, մանեւրներ, խարդավանք, աչքակապություն…

- Երկար տարիներ ղեկավար պաշտոնում աշխատելով՝ ինչպե՞ս եք կարողացել ընտանիքին անհրաժեշտ ժամանակ տրամադրել:

- Ես մանկուց աշխատել եմ, բայց նաեւ սովորել եմ հանգստանալ: Ընտանիքիս հետ տարբեր երկրներ եմ մեկնել հանգստանալու, ճիշտ է, կինս է հիմնականում զբաղվել երեխաներիս դաստիարակությամբ, երբեմն նույնիսկ «մեղադրել» եմ նրան՝ երեխաներին չափից դուրս փափուկ պահելու համար: Ձգտել եմ այնպիսի գործունեություն ծավալել, որի արդյունքում իմ երեխաները կհպարտանային ինձնով:

- 80 տարվա հեռավորությունից նայելով՝ ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը, հպարտությունը:

- Իմ հպարտությունը երեխաներս են, ովքեր այս կյանքում գտել են իրենց արժանի տեղը, ոչ մի անգամ ինձ չեն անհանգստացրել, միայն ու միայն ուրախացրել են իրենց ձեռքբերումներով: Չնայած Քաջարանում երկրաշարժի հետեւանքներն իմ ղեկավարությամբ վերացրել էինք եւ 1975թ. այն Խորհրդային Միությունում միակ քաղաքն էր, որտեղ բնակարանի խնդիր չկար, բայց իմ ամենամեծ ձեռքբերումը համարում եմ իմ մասնակցությունը հայոց բանակաշինությանը:

- Եթե կյանքը նորից սկսեիք, ո՞ր սխալը կսրբագրեիք, ո՞ր քայլը թույլ չէիք տա, կամ ո՞ր բացթողումը կշտկեիք:

- Կյանքում ճակատագրական սխալներ թույլ չեմ տվել, չեմ արել քայլեր, որոնց համար փոշմանեմ: Եթե հնարավորություն տրվեր նորից ապրել, նույն կերպ կապրեի:

- Մարդկային հարաբերություններում ի՞նչն էր առաջնային Ձեզ համար, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում:

- Մարդու մեջ ամենամեծ արժանիքը համարում եմ ճշտախոսությունը: Հիշում եմ՝ մանուկ հասակում ինչպես է տատս կրակխառնիչով ինձ ծեծել սուտ խոսելու համար եւ խրատել՝ երբեք սուտ չխոսել, քանի որ Աստված ինձ կպատժի: Բայց, ճիշտն ասած, ես աթեիստ էի եւ չէի հավատում դրան: Թեկուզ այսօր պիտի խոստովանեմ, որ Աստված միշտ ինձ պահապան է եղել. բոլոր բնագավառներում էլ միշտ հաջողություն եմ ունեցել:

Հաջորդ սկզբունքս եղել է դիմացինին հնարավորության սահմաններում օգնելը: Ողջ գործունեությանս ընթացքում մշտապես աջակցել եմ կարիքավորին, եւ այսօր դրա շնորհիվ է, որ վայելում եմ հայրենակիցներիս մեծ մասի սերն ու հարգանքը:

Ազնվությունը, բարությունն ու հայրենասիրությունն են եղել սկզբունքները, որոնցով առաջնորդվել եմ կյանքիս ընթացքում:

- Ինչպես գիտենք, «Վերին ձոր, Քաջարան» հասարակական կազմակերպության նախագահն եք: Ի՞նչ առաքելությամբ է ստեղծվել հկ-ն:

- 1999 թվականին ստեղծել եմ «Վերին ձոր, Քաջարան» հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է միավորել Քաջարանից դուրս ապրող մեր հայրենակիցներին, նրանց կապը հայրենիքի հետ կայուն պահել, անհրաժեշտության դեպքում նրանց պաշտպանել:

- Ինչպե՞ս ծնվեց «Քաջարան. Վերին ձորի երեւելի մարդիկ» գիրք գրելու միտքը:

- Ուինստոն Չերչիլն ասում է. «Նա, ով մոռանում է անցյալը, դատապարտված է այն վերապրելու նորից»:

Հիշում եմ՝ մեր գյուղի տունը գտնվում էր ջրաղացի մոտ, եւ գնացող-եկողը մտնում էր մեր տուն: Մեր մեծ վառարանի շուրջը հավաքվում էին մարդիկ եւ զանազան պատմություններ պատմում: Մեծ տատիս եղբայրը՝ աշուղ Արզումանը, որ կույր էր, շատ հեքիաթներ, պատմություններ գիտեր: Հատկապես շատ էին պատմում 1905թ. բախումների ընթացքում մերոնց ցուցաբերած քաջությունների մասին: Այդ բոլոր պատմությունները հիշելով, հետագայում նշանավոր քաջարանցիների կյանքին ծանոթանալով՝ որոշեցի գրել այդ գիրքը՝ այդ անհատներին մոռացությունից փրկելու համար: Հինգ տարի զբաղվել եմ նյութերի, լուսանկարների հավաքմամբ     եւ արդյունքում ստեղծել գիրքը, որի մեջ տեղ են գտել բոլոր նշանավոր քաջարանցիները, ովքեր մեր երկրամասի, ինչպես նաեւ երկրի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել:

- Ի՞նչ ծրագրեր ունեք:

- Նպատակ ունեմ Կապանում ստեղծել 21-րդ դարի արտադրություն: Մեր տարածաշրջանում քարի մի տեսակ կա, որից կարելի է ստանալ որակյալ ամրաններ. լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանից կարելի է նաեւ որակյալ ներկ ու բամբականման նյութ ստանալ ավելի էժան տարբերակով: Բիզնես-պլանն արդեն կազմվել է, բայց դեռեւս շատ աշխատանք կա կատարելու: Եթե կարողանամ իմ ծրագիրն իրականություն դարձնել, մոտ 1200 մարդ կապահովվի աշխատանքով: Մինչեւ կյանքիս վերջը պիտի աշխատեմ՝ եւս մեկ մնայուն կառույց իմ ժողովրդի համար թողնելու հստակ նպատակով:

- Ձեր կյանքի ամենաուրախ եւ ամենատխուր օրը:

- Կյանքիս ամենատխուր օրը հորս սեւ թուղթը ստանալու օրն էր, իսկ ամենաերջանիկը՝ առաջնեկիս՝ Վահանի ծննդյան օրը, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման ու զինադադարի օրերը:

- Պարո՛ն «ժողովրդական գեներալ», որպես վերջաբան, ի՞նչ կասեք մարդկանց:

- Մարդիկ կան, ովքեր կյանքից դժգոհում են, բայց ոչ երբեք իրենց սեփական խելքից: Մինչդեռ պիտի նախեւառաջ իրենց խելքից դժգոհեն: Երբ կյանքում ինչ-որ բան չի ստացվում, երբեք ուրիշին չպիտի մեղադրես, միայն ինքդ քեզ: Պիտի լավատես լինել, մտածել շրջապատի բարօրության մասին, եղածից բաժին հանել դիմացինին, այնպես անել, որ ճակատդ բարձր քայլես, որ մահանալուց հետո չասեն՝ էն շան տղան մահացավ, այլ՝ ափսոսանք զգան:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25