ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆ. «Իմ հպարտությունն իմ հզոր հայոց պետականությունն է»

28.02.2013 17:06
4450

Հարցազրույց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի հետ

Մեծ սպորտի հաջողությունը սկսվում է մարզադպրոցից

- Պարոն Ասրյան, Դուք սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն եք, արդյո՞ք հոգեհարազատ է Ձեզ այդ բնագավառը:

- 2007թ. հուլիսի 14-ին` այն ժամանակվա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար: Հինգուկես տարուց ավելի է, ինչ համակարգում եմ նախարարության մասսայական սպորտի տարածման եւ առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացները հանրապետությունում, որը, միանշանակ, ինձ հոգեհարազատ է, քանզի միշտ սպորտն իմ կյանքում ծանրակշիռ տեղ ու դեր է ունեցել եւ այժմ էլ ունի, եւ նաեւ այն համոզմունքն ունեմ, որ «Առողջ մարմնում` առողջ հոգի» ձեւակերպումը բնավ էլ դատարկ տեղում չի ծնվել:

- Կուզեինք ներկայացնել մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի դրվածքը մեր հանրապետությունում, ի՞նչ միջոցառումներ են իրականացվում, բավարարո՞ւմ է Ձեզ դրանց արդյունավետությունը:

- Ընդհանրապես մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներով հանրապետությունում զբաղվում է ինչպես սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` ընդամենն իր ենթակայության տակ գտնվող 25 մարզադպրոցով, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները եւ տարածքային կառավարման մարմինները` ի դեմս մարզպետարանների, քաղաքապետարանների եւ գյուղապետարանների: Կոնկրետ իմ համակարգած ոլորտում պետական միջոցներով յուրաքանչյուր տարի իրականացվում է մեկ տասնյակից ավելի միջոցառում ՀՀ մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ֆիզկուլտուրայի դերի բարձրացման եւ մասսայական սպորտի զարգացումը խթանելու նպատակով ամեն տարի ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվում են «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, ինչպես նաեւ «Լավագույն մարզական բակ», «Լավագույն մարզական քաղաքային համայնք», «Լավագույն մարզական գյուղական համայնք» ստուգատեսները, իսկ «Ռազմամարզական խաղեր» ստուգատեսը միտված է նախազինակոչային տարիքի պատանիների` հայոց ազգային բանակում ծառայելու նախապատրաստելուն եւ անցկացվում է չորս փուլով: Զանգվածային միջոցառումների շարքում կուզեի առանձնացնել վերջին չորս տարում անընդմեջ անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը, որին բացառապես մասնակցում են պետական կառավարման մարմինների` նախարարությունների, կառավարությանն առընթեր կոմիտեների հավաքական թիմերը: Փաստը, որ վարչապետի գավաթի խաղարկությանը թիմերը նախապատրաստվում են ամիսներ առաջ, վկայում է այն մասին, որ մասնակիցները լրջորեն են մոտենում մրցաշարին, որն` իրոք, միշտ անցնում է անհաշտ պայքարում: Այս մրցաշարով փաստորեն մասսայական սպորտն ու առողջ ապրելակերպը մուտք են գործում պետական կառավարման մարմիններ: Ամփոփելով վերը շարադրվածը` կարող եմ ասել, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որդեգրել է «Մարդու առողջությունը բարձրագույն արժեք է» կարգախոսը եւ ըստ ամենայնի հետամուտ է բնակչության ֆիզիկական պատրաստականության բարելավմանը, բնակչության բոլոր շերտերում առողջ ապրելակերպի արմատավորմանը: Տեսադաշտից դուրս չեն մնում հաշմանդամային սպորտին առնչվող հիմնախնդիրները: Նաեւ չպիտի մոռանանք, որ մեծ սպորտում օլիմպիական բարձունքների հասած շատ մարզիկներ խոստովանում են, որ մարզական առաջին մկրտությունը ստացել են հենց մարզադպրոցում, այսինքն` մասսայական, այդ թվում նաեւ մանկապատանեկան սպորտին են պարտական իրենց նվաճումների համար:

- Ի դեպ, Ձեզ կարելի է հանդիպել հեռուստաէկրանին` լավագույն մարզական ընտանիք մրցույթի մրցանակակիրներին պարգեւատրելիս, նաեւ այն տպավորությունն ունեմ, որ մրցույթը տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը, բացի դրանից, ավելանում է մասնակիցների թիվը:

- Ճիշտ եք նկատել, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը սկզբնավորվել է 2004 թվականին: Հիմնադրման տարում մասնակցել է 54 ընտանիք: Հաջորդ տարիներին 80, 86, 106 ընտանիք: Իմ պաշտոնավարման առաջին տարում` 2007-ի հուլիսին մասնակցեց 126 ընտանիք, հաջորդ տարիներին 171, 345, 1122 ընտանիք, իսկ 2012-ին մրցույթի առաջին փուլի ժամանակ մրցման մեջ մտավ 1475 ընտանեկան թիմ: Բացի դրանից, ինչպես նշեցիք, զգալիորեն ընդլայնվել է մասնակից թիմերի աշխարհագրությունը: Գոհունակությամբ ուզում եմ նշել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին Սյունիքի մասնակցության մասին: Եվ հատկապես նշել, որ Արշամ Սարգսյանի ընտանիքն ինը տարի շարունակ ակտիվ մասնակցել է միջոցառմանը, նաեւ մրցանակային տեղեր շահել: Իսկ «Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում 2011 թվականին Կապան համայնքը, 2012 թվականին Քաջարան համայնքը ճանաչվել են լավագույնը` արժանանալով դրամական մրցանակի: Թվարկածս միջոցառումները լուրջ խթան են բնակչության տարբեր խավերի մեջ զանգվածային սպորտի տարածման եւ առողջ ապրելակերպի արմատավորման գործում, հատկապես պատանիների եւ երիտասարդության շրջանում, քանզի ինքս եմ կազմակերպում միջոցառումները եւ, ինչպես տեսաք, ականատես լինում դրանց մասնակիցների քանակական աճին:

- Շատ պատկերավոր ներկայացրիք արվածը, այնուամենայնիվ, ի՞նչ խնդիրներ են կուտակված զանգվածային սպորտի ոլորտում, արդեն քաջատեղյակ եք այդ խոհանոցում կատարվող տեղաշարժերին:

- Խոհանոցն այդ փակ չէ: Խոհանոցը բաց է, որովհետեւ նախարարությունը, նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմը որդեգրել են թափանցիկ աշխատանքի գործելակերպ, բոլոր հիմնախնդիրները` առնչվող ե՛ւ մասսայական սպորտին, ե՛ւ երիտասարդությանը, ե՛ւ բնակչության առողջ ապրելակերպին, ե՛ւ մեծ սպորտին, ե՛ւ հաշմանդամային սպորտին, բարձրացնել ջրի երես, քննարկել եւ նոր միայն լուծումներ տալ այդ հիմնախնդիրներին: Ինչ վերաբերում է մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի արմատավորման եւ տարածման հիմնահարցերին, նախ` կարեւորում ենք նախադպրոցական հիմնարկներում մարմնակրթական գործի ճիշտ կազմակերպումը, այնուհետեւ` հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության առարկայի ըստ ամենայնի պատշաճ դասավանդումը, մեր տեսադաշտում են միջին-մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզդաստիարակության ամբիոնների արդյունավետության բարձրացման խնդիրները:

Բայց նաեւ պիտի փաստեմ, որ իմ պաշտոնավարման հինգուկես տարում բախվում եմ ոլորտում առկա խնդիրներին: Կարող եմ ասել, որ շատ տեղերում նույնիսկ անտեսվում են մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումները: Բացի դրանից` մարզադահլիճների նորոգման խնդիրներ կան, երբեմն գլուխ է բարձրացնում մարզագույքի սակավությունը, առանձին դեպքերում մտահոգում է ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների եւ որոշ մարզիչների մասնագիտական ցածր պատրաստականությունը: Արդարությունը ստիպում է խոստովանել, որ ցածր աշխատավարձի դեպքում նրանցից ավելին չէր էլ կարելի ակնկալել: Գոնե լավ է, որ վերջին տարիներին որոշ բարելավում է նկատվում ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ մարզադպրոցի մարզչի աշխատավարձի հարցում:

- Ճշմարիտն ասած` Ձեր ընդունարանում նաեւ կապանցիների հանդիպեցի եւ ոչ միայն: Արդյո՞ք Ձեր դռներն այդպես բաց են սյունեցիների առջեւ:

- Տեղին հարց եք ուղղում: Աշխատելով նախարարությունում` առաջին իսկ օրվանից մտերմիկ հարաբերություններ ունեմ Երեւանում բնակվող եւ աշխատող սյունեցիների հետ: Ինքնագովություն չլինի, ինքս էլ գնահատված եմ նրանց կողմից «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունում իմ հայրենանվեր աշխատանքի համար: Ինչ վերաբերում է սյունեցիների այցելությանն իմ աշխատասենյակ, ասեմ, որ շատերը կես-կատակ, կես-լուրջ, Խաչիկ Ասրյանի ընդունարանը Սյունիքի դեսպանատուն են անվանում: Որպես փոխնախարար` իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել մի սյունեցի, ով մուտք գործի իմ աշխատասենյակ եւ մերժված դուրս գա: Աջակցությունները բազմաբովանդակ են` ոմանք դիմում են ուսման վճարը մարելու խնդրանքով, ոմանք` բուժգնության, հնարավորություն եմ ստեղծում օգտակար լինել դիմողներին:

 

«Հայոց արծիվները» երեք տարեկան է

- Դուք հանրապետությունում նաեւ հայտնի եք որպես «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ: Հունվարի 27-ին լրացել է կազմակերպության երեք տարին: Կխնդրեինք ներկայացնել նրա հիմնադրման նախապատմությունը եւ նպատակները:

- Որպես այս հարցի նախաբան նշեմ, որ «Հայոց արծիվներն» ունի հարուստ նախապատմություն: Նախքան նրա հիմնադրումը` 2002թ. սեպտեմբերի 26-ին ստեղծվել է «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, նույն թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցել կազմակերպության հիմնադիր համագումարը, որով հիմք դրվեց մերօրյա անկախության համեստ ձեռքբերումներից մեկը: Յոթ տարուց ավելի Սյունիքում մեծածավալ աշխատանք է կատարվել, հայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ իրականացվել, որոնք հիմնականում միտված էին ինչպես երիտասարդությանն առնչվող հիմնախնդիրների լուծմանը, այնպես էլ հայոց ազգային բանակի տարբեր զորամասերում պատանիների եւ երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստող միջոցառումների անցկացմանը: Յոթ տարում Սյունիքում իրականացվել է երկու հազարից ավելի հայրենասիրական միջոցառում, կազմակերպության շարքերում կամավոր հիմունքներով անդամագրվել է ութ հազարից ավելի պատանի եւ երիտասարդ: 2007-ի հուլիսին նշանակվելով սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար` շատ կարճ ժամանակում շրջագայեցի հայկական բարձրավանդակի տարբեր բնակավայրերում, իսկ 2009 թվականի ավարտին, երբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվեց «Սյունյաց արծիվների» հիմնադրման տարեդարձը, իմ մեջ միտք հղացավ նրա գաղափարները տարածել ամբողջ հայկական բարձրավանդակի վրա: 2010թ. հունվարի 27-ին «Հայոց արծիվների» 13 նվիրյալ անդամներով ստեղծեցինք կազմակերպությունը, որ գրանցվեց պետռեգիստրում: Իսկ հունվարի 29-ին Եռաբլուր պանթեոնում` եկեղեցու առջեւ, Արցախյան հերոսամարտում նահատակված ազատամարտիկների շիրիմների հարեւանությամբ 1000-ից ավելի համախոհներով հիմք դրվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժմանը: Եռաբլուր պանթեոնում էլ «Հայոց արծիվները» որդեգրեցին ազգային, պետական, հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը` որպես եռամիասնության արժեքային համակարգ: Եռաբլուրում «Հայոց արծիվները» երդում տվեցին անվերապահորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, թե՛ խաղաղության, եւ թե՛ պատերազմի ժամանակ: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, համախմբվելով միասնության տանիքի` հայոց պետականության, ազգային բանակի, հայոց նախագահի շուրջը, այն համոզմունքն ունի, որ այսօր, քան երբեւէ, կլինի ավելի ուժեղ, հզոր եւ միասնական: Ինչպես նշված է կազմակերպության ուղերձի մեջ, ժամանակակից հայ մարդը պետք է առաջնորդվի ցեղակրոնի հիմնարար երկու դրույթով. «Մեր բոլոր դժբախտությունների համար, նախեւառաջ, մեղավոր ենք մենք» եւ «Մեզ անհրաժեշտ ուժը փնտրենք մեր մեջ»:

- Որքանով տեղյակ ենք ««Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը երկու տարեկան է» բուկլետից, կազմակերպությունը գրասենյակ-մասնաճյուղերի տեսքով իր ներկայությունն է ապահովել հանրապետության բոլոր մարզերում:

- Ծանրաբեռնված լինելով պետական գործերով` այնուամենայնիվ, ժամանակ եմ գտել (եւ գտնում) հիմնականում շաբաթ-կիրակի օրերին, շրջագայել հանրապետության մոտ հինգ հարյուր բնակավայրով: Դրա գործնական արդյունքն այն է, որ 300 բնակավայրում հիմնադրվել է 300 մասնաճյուղ, «Հայոց արծիվներին» կամավոր հիմունքներով անդամագրվել է 30 հազար 188 քաղաքացի, որոնց տարիքը տատանվում է 16-ից 80-ի սահմաններում: «Հայոց արծիվների» եռամյա գործունեությունը համարում եմ «Անհնարինը` ակնհայտ» բանաձեւի լիարժեք իրականացում: Այդ ընթացքում 503 միջոցառում ենք անցկացրել տարբեր գյուղական եւ քաղաքային համայնքներում, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կան «Հայոց արծիվների» կայք-էջում, ինչպես նաեւ արտացոլված են բուկլետների եւ տեսաֆիլմերի տեսքով: Ցանկանում եմ փաստել մի հանգամանք. կազմակերպությունը 300 համայնքում մասնաճյուղ հիմնադրելով 300 կոմպլեկտ մարզագույք է տրամադրել այդ համայնքների դպրոցներին` ֆիզկուլտուրայի դասերին օգտագործելու համար: Այս ամսին 300 օդամղիչ հրացան կհատկացնենք հանրապետության համայնքների դպրոցների ռազմագիտության կաբինետներին: Ընդ որում այդ ամենը ձեռք է բերվել կազմակերպության հայթայթած միջոցներով:

- Ինչպես երեւում է կազմակերպության քարոզչական նյութերից, սերտ են «Հայոց արծիվների» հարաբերություններն ազգային բանակի հետ:

- Ինչ վերաբերում է ազգային բանակի հետ փոխհարաբերություններին, կազմակերպությունն ի սկզբանե որդեգրել է բանակ-հասարակություն կապը շարունակաբար ամրապնդելու, նաեւ հայրենիքի պաշտպանության դիրքերում հայ սպայի, հայ զինվորի ոգին բարձր պահելու քաղաքականություն: Մասնավորապես, նաեւ նրա մեջ ջանում ենք սերմանել այն գաղափարը, որ ինքը պաշտպանում է ոչ միայն խրամատը, այլեւ խրամատի հետեւում գտնվող մի ժողովուրդ, ինչի համար պետք է հպարտ լինի: Պարբերաբար այցելություններ են կատարվում զորամասեր, որտեղ նախազինակոչային տարիքի պատանիները ծանոթանում են բանակային առօրյային, կրակային պատրաստություն ստանում, տեղի են ունենում ռազմահայրենասիրական ֆիլմերի ցուցադրումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, մարզական խաղեր, ազգագրական-հայրենասիրական համերգներ: Աչքի ընկած սպաներին հանձնում ենք «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալ, զինվորներին` անվանական նվերներ: Այս ամենը, ինչ խոսք, բարձրացնում է սպաների եւ զինվորների տրամադրությունը: Բայց այս ամենի մեջ առավել կարեւորում եմ այն, որ նախազինակոչային տարիքի պատանիները եւ աղջիկները հինգ-տասը փամփուշտ կրակում են ինքնաձիգից, զգում վառոդի հոտը:

- Նաեւ կողքից ակնարկներ են հնչում, թե իբր սակավ մասնակցություն ունեք հանրապետության ներքաղաքական գործընթացներին:

- Եվ ճիշտ են նկատել: Կազմակերպության նպատակը ներքաղաքական բանսարկություններին մասնակցելը չէ: Կազմակերպության յուրաքանչյուր անդամ գիտակցում է մեր երկրին նետված մարտահրավերները` կապված նրա աշխարհաքաղաքական դիրքի հետ, շատ հստակ գիտակցում է, թե օտարածին բարքերը եւ քայքայիչ աղանդներն ինչ ավերածություններ կարող են գործել երիտասարդների, բնակչության հոգիներում: Եվ գիտակցելով այդ ամենը` «Հայոց արծիվները» յուրաքանչյուր համայնքում համերաշխության եւ միասնության կոչ է անում, նաեւ հաշվի առնելով հարեւան հորինված հանրապետության ղեկավարի կողմից ամենօրյա հնչող պատերազմը վերսկսելու սպառնալիքներն ու ռազմատենչ կոչերը:

- Ցանկանում եմ Ձեր կարծիքն իմանալ հասարակական կազմակերպությունների մասին: Շատերը պարզապես գոյություն չունե՞ն միայն թղթի վրա:

- Շատ լավ հարց տվեցիք: Իմ կարծիքը հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների մասին բնավ էլ նպաստավոր չէ, եթե չասենք` բացասական: Որովհետեւ դրանք քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում լուրջ դերակատարություն պիտի ունենան, ինչը, ցավոք սրտի, բացակայում է: Եվ եթե մարդիկ, մարդկանց որեւէ խումբ որոշում են հասարակական գործունեություն ծավալել, նրանք չպիտի ձեռքները ծալած նստեն` աչքները գցելով ինչ-որ դրամաշնորհների: Քանզի բոլորս քաջատեղյակ ենք դրանց ծագման մասին, եւ թե դրանք ինչ նպատակներով են տրվում: Դա վարձատրվող աշխատանքի է նմանվում, մանավանդ երբ օտարերկրյա կազմակերպությունների կողմից են տրամադրվում: «Հայոց արծիվները», ինչպես վերը նշեցի, հասարակական հիմունքներով ծառայում է մեր պետությանը, ընդ որում` ինչպես համոզվեցինք, նրա ողջ տարածքով մեկ: Իմ տվյալներով` հանրապետությունում 5 հազարից ավելի գրանցված հասարակական կազմակերպություն կա, եւ խորհուրդ կտայի պետռեգիստրում գրանցված հասարակական կազմակերպություններին, որոնք իրականում ստեղծվել են դրամաշնորհներ ձեռք գցելով եւ իրենց գրասենյակները վերանորոգելով ու շքեղացնելով, անհապաղ լուծարվել: Դրանք չեն ընդունվում հասարակության կողմից: Իսկ այն ՀԿ-ները, որոնք իրականում լուրջ ծրագրեր են իրականացնում, անկախ նրանից` դրամաշնորհ կլինի՞, թե՞ ոչ, նրանց գործունեությունը միայն ողջունելի է:

- Ձեր ղեկավարած կազմակերպության մասին, ի՞նչ կարեւոր հարց չտրվեց:

- «Հայոց արծիվները» շահույթ չհետապնդող կազմակերպություն է, այսինքն` այն բիզնես նախագիծ չէ, բայց կազմակերպությունն ունի համակիրներ, նվիրյալներ, ովքեր աչքի առաջ ունենալով նրա իրականացրած գործերը, աջակցություն են ցուցաբերում, նրա գործունեությունն ընդլայնելու ու ակտիվացնելու նպատակով: Առանձնահատուկ ուզում եմ նշել գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ դերակատարությունը կազմակերպության կայացման եւ հզորացման գործում` նրա հիմնադրման օրվանից մինչեւ այսօր: Էլի կան շատ լուրջ անհատներ` պետական եւ քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր օժանդակություն են դրսեւորել եւ դրսեւորում են` կազմակերպության հետ պահպանելով սերտ ու անշահախնդիր հարաբերություններ: Ուղղակի ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլորին, նրանց, ովքեր գեթ մի անգամ, մի քանի անգամ, միշտ աջակցել ու աջակցում են «Հայոց արծիվներին»:

 

Կարճ հարց ու պատասխան

- Ինչպե՞ս կուզենայիք վերնագրել մեր զրույցը:

- Մեր զրույցը, շատ կուզենայի, որ որպես վերնագիր կրեր իմ կոչերից, պատգամներից մեկը` իմ հպարտությունն իմ հզոր հայոց պետականությունն է:

- Ի՞նչն է վշտացնում Խաչիկ Ասրյանին առօրյա կյանքում:

- Ինձ ավելի շատ վշտացնում է նախարարության իմ ենթակաների եւ «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամների` իմ կողմից տրված հանձնարարությունների թերի կատարումը:

- Ազատ ժամանակ ունենո՞ւմ է Խաչիկ Ասրյանը, եթե այո, ապա ինչո՞վ է զբաղվում:

- Ազատ ժամանակ, որպես այդպիսին, եթե լինում է, տրամադրում եմ սպորտին, շատ լուրջ սպորտով եմ զբաղվել եւ զբաղվում եմ:

- Ցեղակրոն ուսմունքից ո՞ր դրույթն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

- Ցեղակրոն ուսմունքից ամենահոգեհարազատը Գարեգին Նժդեհի պատգամներն են, չէի առանձնացնի որեւէ մեկը, որոնցով միշտ ձգտել եմ առաջնորդվել եւ առաջնորդվում եմ:

- Այն ի՞նչն է, որ կյանքում ոչ մի բանի հետ չես փոխի:

- Աստծո, ընտանիքիս, ազգիս, հայրենիքիս, իմ պետության հանդեպ հավատարմությունն ու պատասխանատվությունը:

- Ի՞նչն եք ավելի շատ գնահատում մարդու մեջ եւ ի՞նչն է առավել արգահատելին Ձեզ համար:

- Մարդու մեջ առավել գնահատում եմ անկեղծությունը, շիտակությունը, աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը եւ արդարությունը: Ինձ համար արգահատելի են դավաճանությունը, կեղծիքն ու սուտը:

- Եթե կրկին սկսեիք Ձեր կյանքը, ո՞ր բացթողումը կշտկեիք, ի՞նչ սխալ կսրբագրեիք:

- Անկեղծ ասած` եթե մի անգամ էլ Աստծո կողմից տրվեր ապրելու իրավունք, ես կանեի այն, ինչ հիմա եմ անում` առանց որեւէ վերապահումի եւ բացառության:

Աստված բոլորիս պահապան:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հայտնի է` ովքեր են Երևանից Բաքու մեկնել չարտերային չվերթով

11.12.2024 21:30

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

11.12.2024 21:20

Ադրբեջանում ուժեղացել են քաղհասարակության և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները. ԱՄՆ պետքարտուղարություն

11.12.2024 20:45

Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից

11.12.2024 19:12

ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ․ Փաշինյան

11.12.2024 16:23

«Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին»․ Ֆիդան

11.12.2024 16:22

Իսրայելը հաղորդել է սիրիական նավատորմի ոչնչացման մասին

11.12.2024 16:14

Մոսկվան կործանիչներ է առաջարկում Փհենյանին զինվորների դիմաց․ Eurasian Times

11.12.2024 16:12

ՌԴ-ն օրենքով արգելեց ռուսերենին չտիրապետող երեխաներին դպրոց ընդունվել

11.12.2024 16:09

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ՝ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ՝ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

11.12.2024 15:40

Այս իրավիճակում Հայաստանը պետք է շատ գիտակից ու նուրբ դիվանագիտություն ունենա, ինչը միշտ չէ, որ ունի․ Վիգեն Չըթըրյան

11.12.2024 14:42

Հերթական ծառատունկը՝ Ողջի գետի երկայնքով

11.12.2024 14:07