Խաղաղ ու համերաշխ Կապանում տոնի կազմակերպումն անհրաժեշտություն էր. համայնքը դուրս է գալիս հետպատերազմյան անորոշությունից

23.08.2021 17:40
4911

Օգոստոսի 21-ին Կապանի տոնը նշվեց «Ապահով Կապան, հուսո հանգրվան» խորագրով և սկսվեց համաքաղաքային կրոսավազքով: Մարզական միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ՝ տարիքային երկու խմբով: Արամ Մանուկյան փողոցից («Կապան-մոլ» հանրախանութի մատույց) մեկնարկած կրոսավազքն ավարտվեց Շահումյանի հրապարակում, որտեղ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը պարգևների արժանացրեց մրցանակային տեղեր գրավածներին:

Տոնակատարության հաջորդ կանգառը Ճակատեն գյուղ տանող  ճանապարհի հարակից բարձունքն էր: Այդտեղ փողփողում էր Հայոց եռագույը, որի շուրջ միասնական շուրջպար բռնեցին տարբեր տարիքի և զբաղմունքի կապանցիներ:

Տափարակի վրա Կապան խոշորացված համայնքի բնակավայրերն իրենց տաղավարն  էին կազմակերպել՝  ծանրաբեռ աշնանային (և ոչ միայն) բարիքներով: Յուրաքանչյուրն իր հյուրասիրությունն էր առաջարկում: Կապանի համայնքապետը, տոնակատարության հյուրերը մոտենում էին սեղաններին, բարեմաղթանքի խոսքեր հղում, որևէ բան ճաշակում...

Այդտեղից տոնակատարության մասնակիցներն ուղղություն վերցրեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան երեք պատերազմների մասնակից կապանցի նահատակների հիշատակին:

Կեսօրից հետո օրվա խորհրդին պատշաճող հանդիսավոր նիստ տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Իրենց շնորհավորանքում Կապան քաղաքի օրն արժևորեցին և ներկաներին ողջերթի խոսքեր հղեցին Կապանի պատվավոր քաղաքացի Լիաննա Հակոբյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Իսկ մինչ այդ ներկայացվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար Վարդապետ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որն ընթերցեց Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը:

44-օրյա պատերազմի օրերին դրսևորած նվիրումի և պատրաստակամության համար մի ստվար խումբ անձինք համայնքապետի կողմից արժանացան պատվոգրի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամի:

Հանդիսականի համար ելույթ ունեցան Կապանի մշակույթի կենտրոնի ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Վիգեն Հովհաննիսյան), մենակատարներ՝ Հասմիկ Մարտիրոսյան և Էմիլ Հարությունյան: Հանդես եկան նաև պարային կոլեկտիվներ՝ «Զանգեզուր» ժողովրդական պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան), «Դայմոնդ» պարային խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Աղուն Հովհաննիսյան): Կապանցիներին տոնի առթիվ մայրաքաղաքից շնորհավորելու էր եկել «Վալենս» ժողովրդական պարի համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գասպարյան,պարուսույց՝ Խաչատուր Չորչողլյան):

Տոնական օրը ցուցադրություններ էին կազմակերպվել Կապանի երկրագիտական և Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարաններում:

 Քաղաքի օրը նաև կարմիր ժապավեն կտրվեց. այդ իրավունքը վերապահվեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին: Իր դռները բացեց Կապանի արվեստի թանգարանը, որի տնօրեն Բորիկ Մինասյանը հակիրճ ներկայացրեց թանգարանի հիմնադրման պատմությունը, այն երախտավորներին, ովքեր նպաստել են մշակութային  այդ օջախի կայացմանը: Արվեստի սիրահարներին հարուստ ցուցադրանք էր ներկայացված. թանգարանի մի սրահում ներկայացված էին նրա ֆոնդում պահպանվող գեղանկարիչների գործերից, իսկ հիմնականում կապանցի տարբեր սերունդների ստեղծագործողների (նաև արտերկրում բնակվող) աշխատանքներն էին, որոնք որոշակի պատկերացում տվեցին նրանց ստեղծագործական նախասիրությունների մասին:

Արվեստին  առնչվող միջոցառումներն այսքանով չսահմանափակվեցին:

Կապանցիներին երաժշտական տոն էր սպասվում Կապանի արվեստի պետական  քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան վերանորոգված և նոր շուք ստացած դահլիճում, որտեղ հանդես եկավ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան պետական լարային քառյակը: Այս հանրաճանաչ կամերային անսամբլը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել մեր քաղաքում: Հանդիսականները ջերմ ծափողջույններով դիմավորեցին քառյակի անդամներին. առաջին ջութակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան, երկրորդ ջութակ՝ միջազգային մրցույթների դափնեկիր Սյուզի Երիցյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյան (ալտ), հանրապետական մրցույթների դափնեկիր Անժելա Սարգսյան (թավջութակ): Նախ հնչեց Առնո Բաբաջանյանի լարային կվարտետը, այնուհետև՝ Կոմիտասի մանրանվագները՝ քառյակի անդրանիկ կազմի թավջութակահար Սարգիս Ասլամազյանի մշակմամբ: Մանրանվագների շարքից համերգի ավարտին հնչեց «Վաղարշապատ» պարը:

 Տոնը շարունակվում էր Գարեգին Նժդեհի հրապարակում. ցուցադրություն-վաճառք էր կազմակերպվել, մարզկենտրոնի կազմակերպությունները և անհատ ստեղծագործողները ներկայացրել էին իրենց աշխատանքները:

Հրապարակում հավաքված մարդիկ սպասում էին գալա-համերգին, որը տեղի ունեցավ սպասված հյուրերի՝  Արթուր Բեսթի, Արծվիկ Հարությունյանի, Գևորգ Հարությունյանի մասնակցությամբ:

Տոնակատարությունը եզրափակվեց բացօթյա դիսկոտեկով և հրավառությամբ:

Վահրամ Օրբելյան

Իրանը առանց Լիբանանում hրադադարի չի անցնի բանակցությունների հաջորդ փուլին. Բաղայի

21.06.2026 14:33

Վաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

20.06.2026 22:36

Թեհրանը չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև

20.06.2026 13:41

7 քաղաքական ուժի դիմումը ՍԴ աննախադեպ իրողություն է և վկայում է, որ հետընտրական գործընթացը վերածվել է իրավական, քաղաքական լեգիտիմության լուրջ փորձության․ Սուրեն Սուրենյանց

20.06.2026 00:30

ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական վերջին զարգացումների մասին

19.06.2026 20:48

ՆԳՆ–ն անգործություն է ցուցաբերել. դատարանը բավարարել է եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության

19.06.2026 20:08

Եվս 4 քաղաքական ուժ ՍԴ է դիմել խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

19.06.2026 17:56

CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով

19.06.2026 17:45

«Հայաստան» դաշինքը ևս դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու համար

19.06.2026 17:40

ՍԴ ներկայացված դիմումը 84 էջից է, միջնորդելու ենք, որ որոշ դատավորներ չմասնակցեն քննությանը. Արամ Վարդևանյան (Տեսանյութ)

19.06.2026 15:57

Նոր ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ. Ռտիշչև

19.06.2026 15:52

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

19.06.2026 15:11