Խելահեղ օրերի մասնակիցն ու վկան

27.02.2018 15:03
2396

Ղարաբաղյան շարժումը ժամանակի մեջ ժամանակի նոր հաշվարկ սկսեց: Եվ հրապարակ դուրս եկան ազգի նվիրյալները: Գորիսը, որ Ղարաբաղի դրկիցն է,  ի նշան ղարաբաղցիների հետ համերաշխության, նույնպես հրապարակ դուրս եկավ: Սակայն պարզվեց, որ միացում գոչելով, կոչերով, միտինգներով կորսվածը հետ չես բերի: Որովհետեւ ազերին ժամանակի անարդարության դեմ պայքարի ելածներին զենքով պատասխանեց:  Նա հարձակվում-հրետակոծում էր գյուղերը, առեւանգում-սպանում  էր անմեղ հովիվներն, անասնապահներին: Հարկավոր էր գործել ակն ընդ ական սկզբունքով: Եվ Գորիսի բոլոր թաղամասերում ջոկատներ կազմվեցին: Նրանք գործում էին անջատ-անջատ: Հարկավոր էր ցախավելի տրամաբանությամբ գործել` հաջողության հասնելու համար, այսինքն, միավորել բոլոր ջոկատները: Այդ նպատակով Գորիսում ստեղծվեց 15 հոգուց բաղկացած ինքնապաշտպանության խորհուրդ, որի մեջ ընդգրկվեցին  կռվող տղաներ, որոշ հիմնարկ-ձեռնարկությունների  ղեկավարներ:

- Ժողովուրդն այդ խորհուրդն անվանեց դիրեկտորների խորհուրդ,- ասում է Հայկ Մանուչարյանը,- բայց դա արտաքուստ էր  այդպես, այդ դիրեկտորների ձեռքին տնտեսական հզոր պոտենցիալ կար, իսկ դրա անհրաժեշտությունը խիստ էր զգացվում այդ ժամանակ: Այդ բազայի շնորհիվ մենք նույնիսկ թնդանոթ ենք պատրաստել, էլ չեմ խոսում զենք գնելու մասին: Եվ ժողովուրդը հասկացավ, որ դիրեկտորներին խորհրդի կազմում ընդգրկելը ճիշտ քայլ էր, նրանք որոշակի աշխատանք կատարեցին շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում:  

Խորհրդի անդամներից էր նաեւ զրուցակիցս՝ Հայկ Մանուչարյանը, ով ավարտել էր նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան  համալսարանը, տարածաշրջանում հայտնի մանկավարժ-դասախոս-մտավորական էր: Նա շարժման հենց առաջին օրերից զգաց, որ իր տեղն այն  հզոր տղերքի շարքում է, որ ելել են վերջ դնելու պատմական անարդարությանը:

- Համլետ Մկրտչյանը, ով ինքնապաշտպանության խորհրդի նախագահն էր, կարողացավ համախմբել տղաներին եւ բոլորի ուժերը նպատակամղել շրջանի ինքնապաշտպանության կազմակերպմանը,- ասում է Հայկ Մանուչարյանը: 

Եվ Հայկ Մանուչարյանը հետ տանելով տարիների  30-ամյա  վարագույրը, հիշում է անցած-գնացած,  պատմություն դարձած  օրերը: Ու խոսում է միայն մենք-ի անունից, երբեք  չի ասում՝ ես այս արեցի, այն արեցի: Դա հատուկ չէ նրան: Հայկ Մանուչարյանի կողմից շարժմանը միանալը ժողովրդի համար վստահության եւս մի քվե էր շարժման նկատմամբ: 

- Երբ կոռնիձորցի հովիվներին ազերիներն առեւանգեցին, մենք հովիվների նկարները փակցրեցինք քաղաքի տների պատերին: Ու գիտե՞ք ինչքան մարդ միացավ  մեզ՝ ասելով՝ մենք ձեզ հետ ենք: 

Ժողովրդի ինքնաբուխ արձագանքը մեր ուսերին նոր բեռ դրեց. մենք պետք է «հորով-մորով» անեինք նրանց վստահությունը, հուսախաբ չանեինք նրանց:  Հանձինս մեզ ժողովուրդը պիտի հուսալի պատվար ունենար, իսկ  դա խելամիտ  բազմաքայլ կոմբինացիա էր պահանջում: Տղաները գետնի տակից էլ զենք էին գտնում: Գորիսեցի մի տարեց կին այն օրերին մոտեցավ մեզ, թե՝ գիտի որտեղ են Գարեգին Նժդեհի զենքերը: Նա մեզ տարավ Շորին ձորի  քարանձավներից մեկը, ասելով՝ Նժդեհն այստեղ է զենքերը թաքցրել՝ զգուշացնելով՝ հայ ազգի պատերազմը դեռ նոր է սկսվելու: 1914-15 թթ. արտադրության էին զենքերը: Նժդեհն ու նրա զինակիցները դրանք հատուկ նյութով էին պատել, որ շարքից դուրս չգան: Հետագայում Նժդեհի  թաքցրած զենքերի նոր պահոցներ գտանք:

Մենք «գրադ» կայանք էլ ունեցանք: Այն առաջին անգամ օգտագործեցինք Կոռնիձորի  կռիվների ժամանակ: Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը մեզ հետ էր: Սեփական արտադրության թնդանոթ էլ ունեցանք: Երբ կրակում էինք՝ ուռռա էինք գոչում: Այդ օրը պիտի կրակեինք Լաչինի վրա:  Եվ կրակեցինք: Երեկոյան ռուսական «Վրեմյա» լրատվական ծրագրից իմանում ենք, որ հայերը կրակել են Լաչինի հեռավոր գյուղերից մեկի վրա եւ մի տուն է ավերվել: Փաստորեն, դրա «հեղինակը» մենք էինք, ու մեր թնդանոթի արձակած  արկն  ընկել էր   ոչ թե Լաչինի վրա, այլ ավելի հեռու էր գնացել: Այստեղ կարեւորն այն էր, որ այն նպատակային է օգտագործվել: 

Պատահել է նաեւ այսպես. Խանածախի մոտ թուրքի  գյուղ կար:  Մեզ կենդանի թուրք էր պետք: Թնդանոթով կրակեցինք: Պարզվեց՝ թուրքի վրա չենք կրակել: Մենք պատահականությամբ կենդանի մնացինք: Փաստորեն մենք «սեփական դարպասին ենք գոլ խփել»: 

Շուռնուխ գյուղը պաշտպանում էին Գորիսի Մերգելյանի անվան ինստիտուտի գիտաշխատողները: Ռուսների օգնությամբ ազերիները գերեվարեցին պաշտպաններից 21 հոգու, որոնցից երկուսն աղջիկ էին: Ինքնապաշտպանության խորհուրդը չէր կարող ձեռքերը ծալած նստել: Գործի անցանք: Գերեվարվածներին ազերիները տարել էին Կուբաթլիի ոստիկանատուն: Երբ  մոտեցանք ոստիկանակատանը, մերոնք երգում էին՝ «Խեղճ մշեցին...»:   Այսինքն՝ մերոնք չէին ընկճվել, նրանց ոգին բարձր էր: 

Առհասարակ, հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ Գորիսում եւ շրջանի գյուղերում ոչ մի կրթօջախ, հիմնարկ-ձեռնարկություն չէր դադարեցրել աշխատանքը. դա նաեւ ինքնապաշտպանության խորհրդի որոշումն էր: Շրջանը հրետակոծվում էր, սակայն ամենուր աշխատանք էր, զանգի ղողանջ: Իսկ միայն Գորիսի վրա թուրքերը 9 կետից էին կրակում: Գորիսեցիները քայլող հերոսներ էին: 

Լուր տարածվեց, թե թուրքերը հարձակվել են Քարահունջի վրա: Ես այդ ժամանակ Կոռնիձորում էի: Երբ հասա քաղաք եւ ուզում էի գնալ Քարահունջ, անհնարին էր: Գորիսի քրեակատարողական հիմնարկության շենքի կողքից այլեւս հնարավոր չէր առաջ գնալ:   Գորիսը գնում էր պաշտպանելու Քարահունջը, որի ձեռքին զենք էր, որի ձեռքին՝ խորովածի շիշ, մյուսն էլ սովորական շիշ էր վերցրել  կամ բահ:  Ասես Ավարայր էին գնում գորիսեցիները՝ ով ինչպես կարող էր: Հետո պարզվեց, որ կովերն են հանդից գալիս.  մութ էր, եւ թանձր մթության մեջ մարդիկ  քայլող սեւ կետեր էին նշմարել: Իսկ  քայլող այդ կետերը մարդիկ  թուրքի տեղ էին դրել: 

Մեզ ահազանգեցին՝ Բազարչայից ազերիները հովիվների են տարել: Գնացինք, Սիսիանից մեզ միացավ Մինասյան Աշոտը՝ իր տղերքով: Պարզվեց, որ թուրքերը կովեր են տարել եւ ոչ թե հովիվներին:  Մի բան պիտի անեինք: Հարձակվեցինք մոտակայքում գտնվող ազերիների ֆերմայի վրա: 4000 գլուխ ոչխար բերեցինք, ձիեր, կովեր: Այդ օրը ես թալան տեսա առաջին անգամ: Ոչխարների մի մասը Սիսիանը տարավ, 1900 գլուխ էլ մենք բերեցինք: Դրանք վաճառեցինք ու զենք գնեցինք: 

Այն օրերին հայ ժողովուրդն օր-օրի ավելի էր հերոսանում: Եվ դա էր մեր հաղթաթուղթը: Խոզնավարից զանգեցին, թե՝ ազերիները հարձակվել են, հասեք: Ազգը շտապեց օգնության: Ազգ եմ ասում, որովհետեւ Երեւանից աշակերտներ եկան մեզ մոտ՝ զենք տվեք, մենք պիտի կռվենք:

Պատկերացնում եք՝ աշակերտները եկել են մեզ օգնության՝ գիտակցելով, որ  հայրենիքը սկսվում է նաեւ Խոզնավարից: Բնականաբար, մենք նրանց մարտադաշտ չթողեցինք  մտնել: Մկրտչյան Համլետը թե՝ կռվող տղերքին՝  առաջին գիծ, իսկ աշակերտներին տարեք շատ հեռու կանգնեցրեք, թող վառոդի հոտը զգան: Երբ  աշակերտական նստարանը թողնում եւ աշակերտն է  գալիս մարտադաշտ, այդ ազգին մահ չկա, ամբողջ ազգն է  մահապարտ: Դրա համար մենք հաղթեցինք ու միշտ հաղթելու ենք: Վկան՝ 2016-ի ապրիլյան պատերազմը, երբ 18-20 տարեկան  մեր զինվորները կանգնեցրին ազերիների  հատուկ ջոկատայինների առաջխաղացումը: Իսկ օգնության հասած իրենց հայրերին ու պապերին  նրանք ասացին՝ դուք մեզ միայն զինամթերք հասցրեք, մնացածի հետ գործ չունեք:

.… Ես լսում եմ նրան եւ մտածում. Աստված իմ, այս ինչ խենթեր են ծառայում բանակում: Սա խելահեղություն է, մասսայական հերոսություն: Ազգի ոգին երբեք չի քնում, պայքարի ոգին միշտ արթուն է ազգիս մոտ: Երեւի դրա համար է Գարեգին Նժդեհն ասել՝ փոքր ազգերն ավելի հայրենասեր պետք է լինեն: Եվ Հայկի ու մնացած տղաների ցանածն է, որ այսօր  հայոց բանակն ունի  առյուծաձեւ Մհեր-ներ: 

Հպարտ-հպարտ  Հայկ Մանուչարյանը շարունակում է պատմելը: Սակայն քիչ անց նրա դեմքին տխրություն է երեւում: Լռում է, լռեց, լռեց... Հետո թե՝ մենք միայն մեկ անգամ պարտվեցինք, այն էլ Լալազարի կամրջի կռիվն էր, անօգնական, շիվար կանգնած էինք... Ի՜նչ տղաներ էին Կարենը, Մուշեղը, Քյամանչան... Առյուծ էին նրանք, որոնց դիմաց կանգնած էին հազարից ավել թուրքեր: Կռիվն անհավասար էր:  Վիրավոր, արյունաքամ Կարենին թուրքերը տարան... 

Ու ես հիշում եմ այդ օրերի Գորիսը: Գորիսն ասես կուչ էր եկել, մի բուռ դարձել: Դա՝ արտաքուստ: Մարդիկ հավաքվեցին, միախմբվեցին՝ ակն ընդ ական... Կարեն Բաղդասարյանն ապրում էր իմ տնից մի շենք ներքեւ: Գեղեցիկ աչք-ունքով, խանդավառ, մարդասեր ու մարդամոտ  մի մարդ էր նա: Երկու չքնաղ երեխա ուներ, մի աղջիկ ու մի տղա: Հիմա նրա Անդրանիկ տղան  զինվորական է, ավարտել է Երեւանի Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Նա պաշտպանում է հայոց սահմանները: Եվ վայ այն ազերուն, ով կփորձի խախտել հայոց սահմանը: Անդրանիկը վրեժ ունի... 

- Առանց ժողովրդի աջակցության մենք ոչինչ էինք,- ասում է Հայկ Մանուչարյանը,-ժողովուրդը ոտքի կանգնեց եւ պաշտպանեց իր հողը, իսկ այդ օրերին  ոստիկանությունը մեր կողքին էր, նա սատարեց  պայքարին՝ հաճախ  վտանգելով իր կյանքը: Այն օրերին ամեն մի հայ իր կենսագրությունում փառավոր էջեր գրեց: Եվ դա ոչ միայն կռվող տղերքը, այլեւ թիկունքի մարդիկ. նրանց կողմից հարազատ ոստանը չլքելն ուժ էր տալիս կռվողներին, նրանք իրենց մնալով ամուր պահեցին կռվող տղերքի թիկունքը: Եթե թիկունքումդ շունչ ես զգում, ուրեմն, գիտես, թե ինչի համար ես պայքարում եւ զոհվում: Զոհվեց նաեւ Անդրանիկ Մարտիրոսյանը: Նա ցերեկը զենք էր պատրաստում, իսկ գիշերը պոստում էր: Թոխունց Վլադիկին ինչպես մոռանանք, անձնուրաց այդ մարդը վերջերս մահացավ, ո՞վ հիշեց նրա  արածը, ոչ ոք: Ասելս այն է, որ կռված տղաներին պետք է գնահատել, նրանց կերպարը հանրությանը ներկայացնել, որ այսօրվա, վաղվա սերունդն իմանա, ոգեշնչվի: Բայց.... 

Այդ բայցը շատ բան ունի իր մեջ պահած, ուրեմն մենք՝ բոլորս, դեռ անելիք ունենք, մեր խոսքը պիտի ասենք այդ տղաների մասին: 

30 տարվա խելահեղ ու հերոսական օրերի ակտիվ մասնակից-զրուցակիցս, որքան էլ զարմանալի է, բայց փաստ՝ երբեք չփոխեց «Երկրապահ զորամիավորումներ» վերտառությամբ  իր տոմսը՝ Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ: Ախր Վազգենի տվածն է, Վազգենի ստորագրությունն է, ստորագրություն, որ Հայկ Մանուչարյանի համար սուրբ է, որը նրա համար պայքարի, հաղթանակների խորհրդանիշ է: 

Հայկ Մանուչարյանը նաեւ խաղաղ օրերում է  իր կենսագրությունում գեղեցիկ էջեր գրել ու գրում: Դասախոս-մանկավարժ- մտավորականի կերպարը նրա ուսանողների համար ոգեշնչման աղբյուր է: Նա դասավանդում է Գորիսի պետական համալսարանում: Եվ հաճախ մաթեմատիկայի ժամերն ուսանողներն օգտագործում են անցած-գնացած օրերի իրական պատմությունն իմանալու համար, գիտեն, որ  սիրելի դասախոսը միայն ճշմարտությունն է ասելու: 

Հայկ Մանուչարյանը  գիտական 9 հոդվածի հեղինակ  է, քանիցս հաղթող է ճանաչվել մասնագիտական մրցույթներում: 

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25