Հայ դպրության մեջ Սյունիքը հազար հինգ հարյուր տարի հերոսանում էր, դավաճանում էր, իմաստնանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ եւ սակայն մնում էր հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը։ Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, եւ այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ եւ արդար մարդկանց մի մեծ բազմությամբ. – Դիլան դայու երկար կյանքի համար միջնասյուն է դարձել եղած, անցած-գնացած մի կին, դարձել է, որովհետեւ եղել է միակը, եւ նրա ապրած այդ միակ օրը շաղախված է արյամբ. որսորդ Ավու հուշերի հովիտներում ապրում է կյանքի դաժան հրճվանքը՝ մի կապուկ ցախի համար կռիվը արջի հետ. Սաքանը քաղաքաբնակ կնոջ մերկ ազդր է տեսել եւ այլեւս չի տեսնելու. Վանդունց Բադին մի անգամ հպարտացավ որդիով, գրեթե խրոխտացավ եւ ահա դարձյալ մտել է փայտի շալակի տակ, որդուն սպանել են. ծառի՛ պես, խոտի՛ պես, անմռունչ անասունի՛ պես հողից աճեց Պետին, մի անգամ թաքուն հրճվեց՝ երբ տուն ու կին ունենալու միտքը խլրտաց նրա երակներում, եւ ահա որպես հնձած խոտ անշշուկ ընկել է եւ իր ավիշն ու ոսկորները վերադարձնում է հողին, իսկ Խոնարհ աղջիկը գրեթե մեղսավոր է, քանի որ ուսուցիչը կպել է նրա ձեռքին եւ ասել «Խոնարհս...», եւ գյուղից հեռանալիս ուսուցիչը ձորի գլխից ձեռքով է արել դեպի արտը, ուր Խոնարհը կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր կակաչ եւ մոլախոտի մի կապ. «Խոնարհն իսկույն կռացավ արտի վրա». հետո անցավ տասներկու տարի, «դպրոցի բակում հավաքվել էին գյուղացիները։ Խոսում էին հողի մասին, գանգատվում էին, որ հողը առաջվա բերքը չի տալիս։ Այս տարվա ժանտախտից էին խոսում։ Շատ կովեր են սատկել, ոմանք ցել անելու եզ չունեն։ Հետո ինձ մոտեցավ մի կին, ցնցոտիների մեջ, ոտքերը բոբիկ, ոտքերի կաշին ճաքճքած։ Կնոջ փեշերից կախվել էին երեք կիսամերկ երեխա։ Նրանք մերթ ինձ էին նայում, մերթ մորը։
Կինն արցունքն աչքերին չորս փութ ցորեն էր խնդրում, մինչեւ հունձը։
- Հետո մի ճար կլինի, - ասաց։
Ամուսինն անցյալ տարի էր մեռել։ ժանտախտից սատկել էր նրանց միակ կովը։ Իսկ տանն ուրիշ աշխատող չկա։
Ես ճանաչեցի Խոնարհին։ Բայց չգիտեմ նա ինձ ճանաչե՞ց...»։
Չճանաչեց։ Բակունցյան հերոսները մեկ անգամ են «ճանաչում»։
Եվ ակսելյան աշխարհի այս բոլոր բնակիչների ճակատին գրած է. ճաշակելով ճաշակեցի զսակավ մի մեղր եւ ահա մեռանիցեմ։
Նա գյուղատնտես էր եւ լրագրող. ուսուցանում էր, թե ինչպես է հարկավոր խնամել վիկի ցանքսը եւ համրում էր, թե քանի մարդ ու գյուղ է մնացել հին խաչքարերի ու մատուռների երկրում եղեռնից ու քաղաքացիական կռիվներից հետո, նրա ակնարկները երբեմն ֆոտոմեղադրանքներ էին, երբեմն օգնության կանչեր, հաճախ՝ կծու ֆելիետոններ եւ նրանցում կարծես թե չկար ինքնանկարող արվեստագետը։ «Զսակավ մի մեղրը» ոչ թե գեղագիտական սկզբունք էր, այլ ժամանակի իրականության ճշգրիտ պատկեր։ Դժվար կյանք - լավի կարոտ-դժվար կյանք-խորտակված կարոտ փշալարն իր մեջ էր հավաքել բնորդների մի մեծ բազմություն, որ իր ժամանակագրին ու կենսագրին պարտադրում էր իր կյանքի վերուվարների հետագիծը։ «Զսակավ մի մեղրի» գեղագիտական «շատությունը» վրա հասավ որպես կուտակված կենսափորձի ինքնաբուխ ժայթքում՝ տեղափոխվելով բնորդների կենսագրության ոլորտից արձակագրի պոետիկայի ոլորտ։ Դա միջավայրի եւ անհատի, միջավայրի եւ «դեպքի» եթե ոչ հակադրման, ապա գոնե անհարիրության գեղագիտությունն էր՝ երբ միջավայրը իրենով, ինքնին «չուզենալով» ցայտունացնում է անհատի եւ «դեպքի» գույնը, նրանց դարձնելով կենտրոն, միակ, անկրկնելի։ Դա բացարձակ սեւ ֆոնի վրա սպիտակ կետի գեղեցկությունն է, կամ, իր բառերով՝ «մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երեւում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ»։
«Խոնարհ աղջիկը» սիրո մասին է։ Ես հավակնում եմ ընդգրկել ամբողջ այն բառամթերքը, որով շրջապատված է «մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին» նախադասությունը (այո՛, հենց նախադասությունը). ձմեռ, վիզը ծուռ որսորդ, հիշողությունը թուլացած ծերունի, ցեխ, աղբաջուր, երեխաներ, շարականի գիրք. «հայրը գնում էր առջեւից՝ չոր ցախի կապը շալակին», «մյուսների պես ճուտիկն էլ մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, ճուտիկը փաթաթվեց ծնկներիս»,- մի խոսքով՝ հին գյուղ, հին գյուղի ձմեռ, գորշություն, «ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին», եւ այդ գորշության շնորհիվ գեղեցկություն ու սեր դարձող մի Խոնարհ աղջիկ, որ «մի քիչ հեռու կանգնել էր՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին»: Շրջանառության մեջ չեն դրվել սիրել բառը եւ աղջկա նկարագրական գովքը. այդպես՝ մեր հին շինարար-վարպետները վանքերի համար ոչ թե վիթխարի ու բազում զանգեր էին անում, այլ զգայուն արձագանքիչներ. ոչ թե նախշազարդում էին վանքերն ու իջեւանատները, այլ միակ զարդը հնչեցնում էին զարդախմբերի ուժով։ Բակունցն այդ վարպետների զուգահեռ սկիզբն է մեր արձակի մեջ։
Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը, նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը, ավելին՝ վրիպած բառի ճշգրտությանը։ Հաղթահարելով բուն նյութին, կարեւորին, կենտրոնին, կորիզին կարճ ճանապարհով հասնելու խարդավանքը, նա վրիպած բառերով պատմեց երկրորդականի, կողմնակիի, քչի, ոչ էականի, արձագանքի մասին, եւ այդ պատմությունները այսօր մեզ համար երկու տասնյակի հասնող գլուխգործոցներ են, քանի որ անպտուղ չորացած կանայք պատերազմի մասին շատ ավելի են ասում, քան ինքնաթիռ-ռումբ-տոննա-բանակներ համապարփակ նկարագրությունը։ Պաուստովսկու՝ այլ գալակտիկաներից վերադարձող աստղագնացը մեր վիթխարի հողագնդից հիշում է սամիթի բույրը արեւի տակ։ Բակունցի գործերում «հիշատակվում է» ահա հենց այդ կարեւոր երկրորդականը, հենց այդ երկրորդական մնայունը։ Քչի այդ շատությունը, անշարժության այդ թափը հիշեցնում է Սանահինի կամրջի բարձրաքանդակ առյուծները, այդ առյուծները, կամրջի որձաքարե բազրիքներին, ճապաղված դարան են պահել, նրանք քար են, բայց եւ ոստյունի պատրաստ առյուծ։
Չարենցի զգայուն աչքը նրա գյուղագրության, գյուղանկարագրության, ակնարկների, թղթակցությունների, ձախողումների եւ շուրջ քսան բացարձակ գլուխգործոցների միջից առանձնացրել է այն մնայունը, ինչի համար որ մենք հիմա նրան մեծ ենք համարում.
... Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան...
«ՀԱՅԱՑՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐՍԻՑ»
Անհավատալի է, բայց փաստ, մնացորդաց միտքն ու սիրտը եղեռնից հետո կաթվածահար էին լինելու, բայց հակառակը եղավ, Բակունցն այսպիսի մի պատկեր ունի - Պետու ընկած տեղը, նրա արյան ու ոսկրածուծի վրա, խոտն ավելի փարթամ է աճել. ահա, երեկվա արյան հովիտը մշակույթ էր ծաղկում-ստեղծագործում էին բոլորը` նկարիչները, ճարտարապետները, երաժիշտները, գրողները, եւ բոլորն էլ բանաստեղծ էին, բոլորն էլ լավ էին ստեղծագործում, նույնիսկ նրանք, ովքեր ի ծնե կարծես թե պիտի որ անպտուղ լինեին, դարեւոր երազների ու իրական հայրենիքի կորուստը փոխհատուցվում էր հոգեւոր հայրենիքով։ Ահա, քանքարաշատ, գունագեղ, թեթեւաշունչ Մահարին վկայում է, որ շատ ավելի Չարենցին ջգրացնելու համար Բակունցը խոստանում էր ապրել հարյուր տարի եւ վկայաբերում էր իննսուն տարեկան իր պապին, որ ատամով դեռ ընկույզ էր ջարդում. չապրեց այդքան, նույնիսկ երկուսով՝ ինքն ու Չարենցը չապրեցին, երեքով՝ Մահարին, Բակունցը, Չարենցը` Մահարու հայտնի անհայտ տարիները հանած, գուցե թե։ Նրա ողբերգական բռնամահը, որ միայն իր մահը չէր, այլեւ վախճանն էր շատ ու շատ սկիզբների, գերեզման իջեցրեց նաեւ մեր աստեղային ճամփորդին, եւ սա սոսկ խոսք չէ հանուն նրանց հավատարիմ գործընկերության փառաբանումի - սա էություն է. իր բանսարկված, բանտարկված ընկերոջը, երբ ամեն ոք իր կաշին փրկելու մասին էր մտածում, դեռեւս դրսում գտնվող Չարենցն այսպես է բնութագրել.
...Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,—
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երկերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,—
Քո «Միրհավի» համար— և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հա՛ր աննյութեղեն,—
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև,
Շաղում է շողք ու սերմ անանձնական,—
Այս ամենի համար, — և «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, — և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու են երգեր եղբայրական,—
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար, — և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին —
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —
Երբ դեռ դու այր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ...
14. X. 1936. գիշեր, Երևան
Բանսարկված Բակունցին հիանալիորեն վեհացնող այս հրաշք ներբողը Բակունցից ավելի ներբող է առ ինքը՝ ջլուտ պղնձակոփ Չարենցը, նրա անկոտրում առնականությունը, վերահաս օրերի ողբալիության նրա ֆիզիկական շոշափելիությանն առնչվող զգացողությունը, եւ այդ եղած անցածի, բայց հետեւանքներով ամենեւին էլ չանցածի, այսօր ամեն պահի իր մեծ բացակայությունն զգացնել տվողի ծանր ողբերգականությունը չեն ցանկանա հասկանալ ոչ թե անգետները,- անգետը գրականության սրտի տեղը այդպես ճշտորեն չէր գիտենա,- ոչ, չեն ցանկանա հասկանալ մշակույթի գիտակից, թրծված թշնամիները, չար մարդիկ, այնպիսի մարդիկ, որ սպանելուց ու հորելուց հետո էլ դեռ երկար ժամանակ չարությամբ են նայում այն տեղին, ուր իրենց զոհն էր կանգնած։
Բակունցի անժամանակ բացակայումը իր եւ իր ժամանակակիցների համար ողբերգություն լինելուց ավելի ողբերգություն էր հայ գրականության նրա հետնորդներիս համար, սովետական ամբողջ գրականության համար, աշխարհի գրականության համար, քանի որ նրա բերանով մենք աշխարհին բան էինք ասելու, քանի որ այսօրվա փոխկապված, փոխշղթայված, փոխխճճված աշխարհում տաղանդը կարող է մի ժողովրդի զավակ լինել, բայց ոչ երբեք միայն մի ժողովրդի սեփականություն, եւ ինչքան աղքատ կզգայինք հայ ընթերցողներս՝ եթե չլինեին ամերիկացի Ֆոլքները, իսպանախոս Մարկեսը, եթե կայացած չլիներ Տոլստոյի վիթխարի փաստը - երեւի նույնքան աղքատ, ինչքան որ բակունցյան քարավանի զարկվելով վերոհիշյալ ժողովուրդներն են հայոց մի գեղեցիկ ու ճշմարիտ բան ունենալուց զրկվել:
Սա ավաղ չէ անժամանակ զոհված ջահելների վրա առհասարակ եւ ոչ Էլ մշակույթի թշնամիների առաջ տաղանդների վրա ձեռք չբարձրացնելու հայց, - փառք իրենց, ում վրա Էլ նրանք ձեռք են բարձրացնում, Իսպանիայում Գարսիա Լորկա կլինի թե Հայաստանում Ակսել Բակունց, ժողովուրդը նրանց շեղումներն անտեսում, բծերը սրբում ու սրբացնում Է, - սա նրա շիտակ հասակի հետ մեր կուզը շտկելու ցանկությունн է, սա խոսք է Միրհավի ու Սաբուի, Խոնարհ աղջկա ու Տիգրանուհու, Չարքի ու Գյուլբահարի, Ծիրանի փողի ու Կյորեսի, Պրովինցիայի մայրամուտի ու Աբովյան անավարտ վեպի հեղինակի մասին եւ խոր գիտակցումն այն բանի, որ այսօրվա աշխարհում պատրաստ կանգնած բանակների, բնական գիտությունների, հետախուզությունների ու տնտեսությունների գոտեմարտից ավելի մշակույթների պայքար Է, եւ վայ այն ժողովրդին, ում մշակույթը պայքարից պարտված կելնի - դրանից հետո սպասվում Է իրեն բուն ժողովրդի գլխովին ու անվերապահ անձնատրությունը: Այդ այդպես Է եւ միայն այդ ու այդպես Է, իսկ մեր մշակույթի զորավարը մեջտեղից վերացվել Է մարտի հենց սկզբում։ Մենք նրան զորավար ենք համարում ոչ թե այն պատճառով, որ տեղներս նեղ Է, տեղներս իհարկե լայն չէ, այլ որովհետեւ լեզուն ու ժողովուրդը ժամանակակիցների ու հետնորդներիս մեջ, Չարենցից բացի, եւ ոչ մեկին չի օժտել այնքան ու այնպես, ինչպես Բակունցին։
Նա աշխարհայացքային ու գեղագիտական նոր սկիզբ էր, եւ հեռանկարային շատ երեւույթներ, որոնք հետնորդներիս աչքերի առջեւ անգամ հիսուն տարի հետո դժվար էին պարզվելու, մեզանից հիսուն տարի առաջ նրա գործում արդեն շունչ ու կերպարանք էին առնում. հապա մի հիշենք կավի եւ մետաղի, քսաներորդ դարի եւ միջնադարի, ազգային ու անհատական ներփակության եւ անազգ, անանհատ ամբոխային շքերթի բախումը «Պրովինցիայի մայրամուտում» կամ այսօր փառաբանվող ֆանտասմագորիկ պատկերների շղթայական անվերջությունը «Կյորեսում» - եւ պարզ է դառնում, որ նրա համարյա թե յուրաքանչյուր գործը նոր սկիզբ էր եւ որպես այդպիսին՝ բոլորիս համար պարտադիր։
Ինչ որ ժողովուրդը տվել էր նրան ու նա վերադարձնելու էր եւ ինչ որ հասցրել է վերադարձնել՝ համեմատելու բաներ չեն, բայց եւ այդքանը, ինչ փրկվել է գյուղատնտեսի նրա զբաղվածությունից, հապշտապ փակված գործից ու կյանքից, ավիրված արխիվներից, մի խոսքով նրա ոգեւորված ժամանակակիցներից ու ժամանակից, որոնց համար կործանելն ու կառուցելը հավասարաչափ հեշտ էին երեւում, եւ մանավանդ այն, ինչ նա հասցրել է մոմիկյան իր մատներով շտկել ու խմբագրել, նրան դասում են արդիական մշակույթի խոշորագույն վարպետների շարքը, քանի որ նրա վաստակի քիչությունը լիովին փոխհատուցվում է էպոխայի եւ էպոխայինների պատկերման ճշգրտությամբ։ Մի գրողի վերաբերյալ, որ չի զորել վերջացնելու սոցիալական թշնամանքի, համաշխարհային առաջին պատերազմի, ազգամիջյան ջարդերի ու քաղաքացիական կռիվների մասին «Կարմրաքար» էպոպեան, մի գրողի՝ որ Սմոլնուց ու Դեր-Զորից հազարավոր վերստերով հեռու հայոց լեռներում հավաքում էր հեղափոխության ու եղեռնի ընդամենը հեռավոր, աղավաղված, գեղջկական արձագանքները, մի գրողի՝ ում ձեռագիրն անընդհատ հիշեցնում է հայ միջնադարյան մանրանկարչություն ու խաչքարային արվեստ,¬ էպոխային ու ճշգրիտ էպոխային ասելը անհեթեթ կհնչի նորագույն հետնորդների ականջին այն մարդկանց, ում համար ինտերնացիոնալիզմի հավերժորեն փրկարար դավանանքը բացառում էր ազգային արժանապատվության զգացումն ու դիմադրության ճիգերը եւ այսինչ կամ այնինչ օգտակար գաղափարի անվրեպ՝ հարյուրտոկոսանոց վիպային իրականացումը կենդանի - մարդկանց դարձնում էր շախմատային ֆիգուրներ, միտումնակիր այդ վեպերը` շախմատային խաղատախտակ, եւ ում համար գյուղի սոցիալիստական վերակառուցման բովանդակությունը անմնացորդ ամփոփվում էր կուսբջիջ-գյուղխորհուրդ-կոլվարչություն-ժողովուրդ քառանկյունում, նրանք իրենք էին ուզում էպոխային լինել եւ իրոք եղան, բայց միայն երկու օրով. հետո կենդանի կյանքը ուռճանալով վերափոխեց այդ իրականությունը, եւ այդ իրականությունը ճշտորեն վերարտադրող գրականությունը մնաց իր էպոխայում, չնայած կարող էր պատահել, որ իրականությունը վերանար, իրականության գրականությունը մնար, թեզային՝ մտադրութային էին եւ իրականությունը, եւ գրականությունը, եւ երկուսն էլ ետ մնացին, այնինչ Բակունցի սխալ, վրիպած, երկրորդական, կողմնակի կարեւորի մասին «Գյուլբահարը» մնաց։
Սկզբունքայնորեն նոր էր Բակունցի հայացքը մարդկանց ու երեւույթների, նոր էր այդ աշխարհայացքի բերած ոճը, նոր ու աննախադեպ էր ինքը Բակունց-գրողն ամբողջությամբ եւ որպես այդպիսին՝ հետնորդներիս համար նախանշային է, բոլոր նախորդների մեջ թերեւս ամենանախանշանայինը, ինչպես որ իր համար նախորդ բազում մեծերի մեջ նախանշանային էր Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը։ Բակունցը նոր էր ոչ թե այնպես, ինչպես յուրաքանչյուր շատ թե քիչ օժտված ստեղծագործող է աշխարհին նայում, հիանում ու հիսասթափվում, զարմանում ու զայրանում նորովի, այլ նոր էր էպոխայնորեն, այսինքն թե իրենից առաջ, ինչքան էլ խոշոր անհատականություններ լինեին, չէին կարող ու չէին էլ տեսնում աշխարհն ու երեւույթներն այնպես, ինչպես Բակունցը:
Դա՝ նրա այդ հայացքը, ազգերի զարթոնքների շրջանում իրենց խեղճ, կրոնական-սոցիալական- ազգային եռաշերտ դամբարանում թաղված ժամանակակիցների մեջ հին-հին դարերի հերոսականությունը ոգեկոչելու նախորդների հույսերից, որոնց վերքը դառն հիասթափությունն էր, հիշողություն անգամ չուներ եւ ոչ էլ սեր սիրուց այդ «խենթ- խելառների», ովքեր ժողովրդի ուժին չէին հավատում, ժողովրդի փրկության գործում նրա դերը հավասարեցնում էին զրոյի, ժողովրդին դիմազրկում ու նրա ազատության գործը իրենց կյանքի-մահվան գործն էին համարում, ինչի վերջը դարձյալ խոր հիասթափությունն էր։ Բակունցի այդ հայացքը ըստ էության հայացք էր դեպի ժողովուրդը կամ ժողովրդի վրա - դա հայացք է ժողովրդի ներսից, ասել է թե՝ նա ժողովրդին որպես մարտանյութի կամ փրկանյութի չի նայում, ժողովրդին պատրաստի ծրագրով չի մոտենում, այլ մեզ համար բացահայտում է կեցության խորհուրդը ժողովրդի մեջ, եւ այդ խորհուրդը բարի է, դարձյալ ասել է թե՝ ոչ թե նա է ժողովրդայնորեն տարազավորված խոսում ժողովրդի անունից, այլ շրջադարձորեն հակառակը՝ ժողովուրդը խոսում է նրա բերանով։ Նրա կենդանի գեղարվեստը ելնում է նրա ռեպորտաժներից ու ակնարկներից եւ չէր կարող այլ լինել, քան է - բնորդների բազմությունը նրան թույլ չի տալիս հեղինակային բռնությամբ արվող արվեստ ստեղծել, դա լինող արվեստ է, ինչը որ մեր դարի գրականության էությունն է։
Մենք երախտապարտ ենք նրան ծնող ժողովրդին, նրա ժամանակին ու նրա ժողովրդի լեզվին՝ դարի ամենախոշոր արվեստագետների կողքին հանձին նրա մեր առաքյալն ունենալու համար։
«ՆՐԱ ԺԽՏՈՒՄԸ ՎԵՐԱՃՈՒՄ ԷՐ ՀԱՍՏԱՏՈՒՄԻ»
Վաղուց անտի սկիզբ առած Արեւմուտք-Ռուսաստան գոտեմարտի, եսի եւ մենքի հավիտենական գոտեմարտի՝ ուր եսը որդեգրվեց Արեւմուտքից, իսկ մենքը ի սկզբանե ճակատագիրն էր յուրաքանչյուր արեւելցու, համայնավարության եւ անհատապաշտության իմպերիալ գաղափարախոսությունների, ազգայնականության եւ միջազգայնականության գոտեմարտի մեջ՝ ուր երկուսն էլ իրենց ուրացումներով միտում էին բռնության ու բռնակալության,¬ իրենց Հայաստան հայրենիքի հետ՝ նրանք ստիպված էին, իր Հայաստան հայրենիքի հետ Ակսել Բակունցն ստիպված էր մնալ մենքի, Ռուսաստանի, համայնավարության, Արեւելքի, միջազգայնականության ճամբարում, իրեն ստիպված էր ենթարկել հայրենիքի, հայրենաստեղծության այդ պարտադրանքին, որ պակաս բռնություն չէ որեւէ այլ բռնությունից, եւ եթե այդ ճամբարին վիճակված էր անգամ ծանր ջախջախում, մղձավանջ ու խավար, Չարենցի խոսքերով՝ ասեղնագործել հայրենի գիշերվա խավարը։
Իր հայրենիքի հետ նա իրենով իր մեջ պետք է փորձության դներ իր ժամանակի ուղղափառ ամբողջ այդ առաքելականությունը. պետք է ուրանար ինքնին, ինքնաբավ, ինքնակա կյանքը եւ տրվեր գաղափարի վերին իմպերատիվին, պետք է մերժեր եսն ու եսի երեկվա ողջ աշխարհը, եսը հանձներ հանրության զանգվածին եւ նոր աշխարհում գրողի իր աշխարհը հիմներ այդ զանգվածից ու այդ զանգվածով. իր, իր հայրենիքի եւ աշխարհի ողջ անցյալից նա պետք է հիշեր բաբելոնյան աշտարակաշինության առասպելը միայն՝ շրջանցելու համար անշրջանցելին՝ նոր աշտարակաշինության ձախողումը:
Այդ ամենը նրանք արեցին - ես եւ մենք, մարդ եւ համայնք, գաղափար եւ իրականություն, ազգայնականություն եւ միջազգայնականություն, ճնշում եւ պոռթկում,- այդ ամբողջը, իր իսկությունը փորձեց եւ ստուգեց Բակունցի գրականությամբ, փաստվեց ու հաստատվեց նրա դրոշմով, հաճախ էլ, եթե անգամ ներկայանում էր իրականության պատկերով, պատժվեց ու վտարվեց նրա գրքի սահմաններից, որովհետեւ հաճախ կեղծ է լինում հենց իրականությունը։
Ալեքսանդր Բակունցի գործով՝ մարտիկի եւ գյուղատնտեսի, նորօրյա լուսավորչի եւ գիտնականի, ազգայնականի եւ միջազզայնականի, նորօրյա աշտարակաշինության հավատավոր հիմնարկողի եւ գրողի իր կոչումով, իր իսկ հիմնարկածը տապալող գրական վաստակով ստույգ համապատկերի է գալիս առաջին համաշխարհայինի, եղեռնի, հեղափոխության, քաղաքացիական կռիվների, ամոքման ու վերածննդի ողբերգորեն հերոսական ջղուտ էպոխան, որի յուրաքանչյուր դրվագը ճկվում ու տեսք էր առնում իր բոլոր որդիների ջանքով ու տանջանքով. այդտեղ եւ՛ անեղծ ավաղն է հին աշխարհի կործանման վրա, եւ՛ մաքուր ու միամիտ հույսը` թե հառնող ու շտկվող նորը ավելի լավն է լինելու, եւ՛ չար ծիծաղը այն արատի վրա, որ կործանվողին կործանումի տարավ, ե’ւ ժպիտով ու գորովով լեցուն սերը այն ամենի ու ամենքի վրա, ովքեր կրավորական, մի տեսակ բուսական, մի տեսակ անմասնակից մասնակիցներն են այս կյանքի, ասես ինքը երկիրը, ինքը հողն ու հերկն են եւ ոչ անգամ հերկողը։
Հավատավոր որպես առաջին քրիստոնյաները` մաքրակրոնի հավատավոր շիտակությամբ նա պետք է իր եւ իր հայրենիքի անցյալը զատեր, անցյալը վտարեր ներկայից։ Բայց նրա ժխտումը վերաճում էր հաստատումի, նրա նորացումը երդում էր դառնում, նրա վանումը դառնում էր մերձեցումի հրավեր, իր երկրի ներկան նա լցնում էր անցյալով,¬ հենց ժխտումով, հենց մերժումով, հենց թեկուզ սոսկ հիշատակությամբ նա լիիրավ, նրանք լիիրավ քաղաքացիություն էին շնորհում իրենց ու իրենց հայրենիքի երեկվա օրվան։ Հար եւ նման մի բան իրենից ու իրենցից երկու հազարամյակ առաջ էր եղել` աստծուն հարություն ու հավիտենություն էին տվել սպանելով։