Խոնարհում և երկրպագություն այն հողին, որ Համո Սահյան հանճարեղ զավակ է պարգևել ազգին

27.02.2024 14:30
848

...«Ի՞նչ անեմ: Աչքերս փակեմ 

Անրջեմ… ու բանամ նորից…»,

որ հետո հայտնվեմ «կապույտ վերհուշերի» աշխարհում, շտապեմ ունկնդրել Լորագետի անքննելի երգը, փարվեմ Գյազբելի հովերին, լցվեմ Տատնա ձորի խաղաղությամբ, ըմբոշխնեմ դաղձի բույրը, գերվեմ երկնակարկառ, երկնամուխ սարերի քնքշությամբ, գրկեմ  «ծիածանների ծվենները տաք», հետո պռնկեպռունկ լցվեմ տիեզերքի անհունով, շշուկս խառնեմ «նաիրական սեգ սարերի» խենթ սլացքին ու շտապեմ ներկայացնել մի մարդու, ով հետո լուսավոր օրերի շքերթ էր պարգևելու ծալ-ծալ ձորերում ծվարած այդ գողտրիկ գյուղին՝ Լորին...

Արի՛, սիրելի´ ընթերցող, ուղեկցեմ դեպի նվիրական երազանքների աշխարհ՝ Լոր, ուր հոգեզմայլ, տաք, գարնանաբույր այդ օրը՝ 1914 թվականին՝ 110 տարի առաջ, «վերքերով շատ աշխարհի մեջ» լույս աշխարհ եկավ Համո Սահյանը:

Մի պայծառ ճամփա՝ հիշողությունների արահետով մեզ կրկին տանելու է սահյանական մանկության կածաններով, նորից քայլելու ենք պոետի բանաստեղծական «ոտնահետքերով», հայտնվելու ենք կանաչ, կարմիր մի աշխարհում, ուր հյուսվել է, հնչել Սահյանի մանկության ոսկերիզ, ոսկեթել մանկության երգը, ուր ձյունագես բարձունքներից անգամ արևի հոտ է գալիս, ուր ամեն ինչ պարզ է ու պարզունակ, մաքուր է ու զուլալ իր՝ պոետի հոգու պես…

Եվ քանի որ ներկայի ճամփան անցյալի դրոշմն ունի իր վրա, և իբրև սահյանական պոեզիայի ջերմ երկրպագուներ՝ փորձելու ենք սուզվել Սահյանի պոեզիայի խորախորունկ ակունքների մեջ, որպեսզի քայլ առ քայլ բացահայտենք նրա ինքնատիպ, անչափելի պոեզիայի գոհարները, որի վերհուշներից, անշուշտ, վեր կհառնի պոետի վեհ կերպարը՝ դառնալով նրա կյանքի չքնաղ, անկրկնելի պատումը:

Երանության մեջ է հոգևոր աշխարհս, քանզի համոզված եմ, որ յուրաքանչյուր տողս թաթախված ու շաղախված է լինելու սահյանական պոեզիայի անհունով...

Հոգուս վառ ու վառվռուն գույներով եմ մշտապես ընկալել սահյանական բնության համերգը, որի մասնակիցն եմ, որքան ինձ հիշում եմ…

Երբ էր՝ զգացիր, պոե՛տ, որ զսպված զգացմունքներն առ հայրենի եզերք, առ գեղաշքեղ բնություն, առ գեղեցկության պոռթկում հանգիստ չեն տալիս քեզ՝ Սահյան-անհատին, մղում են արարելու, երկնելու, հավերժացնելու, հոգու տագնապը, սրտի խռովքն արտահայտելու Ապոլոնի լեզվով…

Եթե փորձեմ «թարգմանել» զգացածս, ահա, թե ինչ կստացվի. կուսական անտառ ու մաքրամաքուր հանդ ու դաշտ, կապտաթույր ամպեր՝ խոնավությամբ լի, երկնամերձ լեռներ ու մի խենթ քամի, բարձրուղեշ բարդի, փշոտ մասրենի, հպարտ քարափներ, քերծերից ծորացող անաղարտություն, որոնք էլ օգնել են հյուսել Զորզորաջրի, Ծիծեռնավանքի, Որոտնաբերդի, Կապուտջուղի ...պոետի ներշնչանքի այլ աղբյուրների չխամրող պատմությունները... բանաստեղծորեն:

Այսքա՜ն առարկայական, այսքա՜ն հայկական... միայն Սահյանի գրիչը կարող էր երկնել...

Մտորումներս չունեն պատասխան. այսքա՜ն հանճար, այսքա՜ն քանքար մի մարդու մե՞ջ…

Մեծ աշխարհի փոքրիկ մարդը՝ Հ.Սահյանը, ամբարած ուներ իր մեջ հավատ, սեր, կարոտ, որոնք էլ անմնացորդ  բաշխեց՝ չխնայելով բանաստեղծական ներկապնակի բազմաթույր երանգները…

Խոստովանենք՝ ինչ-որ հարազատ գայթակղություն կա Սահյանի պոեզիայում. դե իհարկե կլինի. չէ՞ որ նրա «հերոսները» մերն են,  ապրում են, շնչում հայերեն, ու ամեն ինչի հիմքը գեղեցիկն է, անապակը, անարատը, վկան՝ կարմրահամ ու կարմրաբույր մասրենին, բնության բույրերի ու գույների խաղը, կանաչ ուրախությունն ու թավշյա թախիծը, անանց կարոտը, զորավոր լույսի պայծառությունը...

Սահյանի պոեզիան ամրակուռ կամուրջ է հոգևոր և իրական աշխարհների միջև, ուստի անհրաժեշտ է անցնել, ստուգել, համոզվել կամրջի ամրության մեջ, իսկ մեզ ու Սահյանին կամրջողը, խոստովանենք, պոեզիան է՝ առեղծվածային ու հանելուկային, իրական ու անիրական…

Բավական է թերթել Սահյանի ցանկացած գործը, և կհամոզվենք, որ ամենևին էլ պետք չեն հոգեկան փնտրտուքներ, որ նրա գրչի փոքրիկ հպումն անգամ կարող է ստիպել «խոսել» բնության տարրերին...

Երբ անհրաժեշտ է մոռանալ ժամ ու ժամանակ, քայլել մանկության ու պատանեկության «ապուպապոտ» կածաններով, դիմում եմ Սահյանի պոեզիային, իսկ երկնածին անուրջների, վառ երազների մասին հիշելիս դարձյալ բախում եմ Սահյանի պոեզիայի դարպասները...

Բոլոր ժամանակներում մարդ-անհատի գնահատման չափանիշները նույնն են, մնում է հուսալ, որ նվիրական գործը լինի հայրենանվեր, լինի ազգօգուտ, վկան՝ սահյանաշունչ արարումները…

Հպարտությունս երբեմն կորցնում է սահմանները, հոգիս հաճախ է փառավորվում այն մտքից, որ ես ջերմ երկրպագուն, ընթերցողն ու ժամանակակիցն եմ Սահյանի, ու չեմ երկնչում թափանցել նրա պոեզիայի անհուններն ու խորխորատները, մաքրամաքուր ակունքներն ու ասել՝ շնորհակալ եմ, պոե՛տ, շնորհակալ եմ՝ ինձ՝ ձեզնով հպարտանալու առիթ ընձեռելու համար…

Երբ հերթական գարունը կրկին «հայերեն գա», ձյուները «լան ու հորդան հայերեն», ուրեմն՝ կա, ապրում է բնության հավիտենական երգիչը:

Երբ Սյունյաց գողտրիկ անկյուններից մեկում՝ Լորում, որերորդ անգամ բացվի օրը խորհրդավոր, երբ քարափների թմբից կախված մասրենիների մի ողջ համաստեղություն՝ մամուռի արցունքը, ջրվեժի ծիծաղը դառնան հեքիաթ, դարձյալ պատմելու են Սահյան բանաստեղծի հավերժող կյանքի պատմությունը:

Երբ ծաղկեն արևոտ այգիներն ու դաշտերը, ու գարունը 110-րդ անգամ հայտնի Ավետիսը՝ Համո Սահյանի աշխարհ գալու մասին, կբախվեն ժամանակը հավերժացնող ալիքները, նորեն կծաղկի սիրո ու պոեզիայի խորհուրդը, ու կհավերժի Սահյանի գարնանաբույր պոեզիան, որն իր զգլխիչ բույրով կլցնի, կզարդարի մեր՝ բանաստեղծաքաղց հոգիները...

Խոնարհում և երկրպագություն այն հողին, որը հանճար զավակ է պարգևել ազգին, որն էլ կանաչ- կարմիրով է զարդարել մեր պոեզիայի երկնակամարը, քարափների շառաչը դարձրել երգ, կյանքը հավերժող պատմություն…

Հարգարժա′ն Համո Սահյան, մեծարգո′ պոետ, համոզված արձանագրենք, որ սերունդները բազում տարիներ դեռ վայելելու են գրական «ժառանգներիդ» ընկերակցությունը, որ «զավակներիցդ» մեկը՝ «Դաղձի ծաղիկը», մեր ակութները լցնելու է իր զգլխիչ բույրով, մեր նորոգ կյանքի հավերժող պատմությունը շարունակելու է պատմել հաջորդ «զավակդ»՝ համոզմունքով, որ շարունակելու է ապրել «Հայաստանը՝ երգերի մեջ» Համո Սահյանի, իսկ ամեն անգամ երբ «Իրիկնահացի» սեղաններ բացվեն հայ օջախներում, «Քարափների երգը» անխնա կտարածի հացաբույրը ողջ Հայաստան – հայրենիքով, ու բոլորը միասին կպատմեն Համո Սահյան-անհատի, բանաստեղծի ասքը մերօրյա…

Փառաբանենք բառ ու բանի հանճարի, քարափների դեսպանի ծննդյան 110-ամյա հոբելյանը…

Զարմանալի, նախանձելի համեստությամբ գալիքից ո′չ պարտք, ո′չ հուշարձանի ակնկալիք ուներ պոետը, բայց բանաստեղծական հանճարով կառուցեց իր անձեռակերտ հուշարձանը՝ պոեզիայի խոսուն, հյութեղ, անմեռ լեզվով…

Ու քանի պտույտ էլ տան երկրագունդն ու ժամանակը, այդ պտույտների հոլովույթում դեռ երկար, շա՜տ երկար հնչելու են Համո Սահյանի անունն ու գործը, որը անձեռակերտ հուշարձան է հայ պոեզիայի երկնակամարում:

 

 

Էվելինա Թադևոսյան

Ք. Սիսիան

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01